արթուր համբարձումյան

Հայրիկս ռազմական բժիշկ է

Հարցազրույց հայրիկիս՝ Ալբերտ Համբարձումյանի հետ

-Հայրիկ, ինչպե՞ս որոշեցիր, որ դառնալու ես բժիշկ:
-Քանի որ իմ ընտանիքում համարյա բոլորը բժիշկ են, այդ պատճառով ես էլ որոշեցի դառնալ բժիշկ: Բժշկական համալսարանը ավարտելուց հետո ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և այն ավարտելուց հետո ծառայեցի ՀՀ Զինված ուժերում որպես բժիշկ:

-Զորամասում բժիշկ մասնագետ լինելուց հետո որտե՞ղ շարունակեցիր քո ծառայությունը:
-Այնուհետև տեղափոխվեցի ռազմաբժշկական վարչություն, որպես բժիշկ-սպա, այնուհետև` ավագ սպա:
-Ի՞նչ գործունեությամբ է զբաղվում ռազմաբժշկական վարչությունը:
-Ռազմաբժշկական վարչությունը կազմակերպում և կառավարում է ամբողջ ԶՈՒ-ի բժշկական ծառայությունը թե զորամասային օղակում, և թե հոսպիտալային օղակում:
-Զինվորական բժիշկնե՞րն էլ են ստանում զինվորական կոչումներ:
-Այո, ես օրինակ բժշկական ծառայության մայորի կոչում ունեմ:

-Հիմա ի՞նչ գործունեությամբ ես զբաղվում:
-Ես աշխատում եմ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնում որպես դասախոս: Ռազմաբժշկական ֆակուլտետում մենք ԶՈՒ-ի համար պատրաստում ենք ապագա ռազմական բժիշկներ:

-Իսկ ինչպե՞ս եք դա անում:
-Մենք նրանց դասավանդում ենք առարկայի գիտական մասը, ինչպես նաև ներգրավում ենք պրակտիկ պարապմունքներին: Պրակտիկ պարապմունքները նրանք անցնում են զորամասերում, ինչպես նաև բժշկական զորավարության տեսքով:

-Էլ ի՞նչ առարկաներ են անցնում ապագա բժիշկները:
-Բացի «Բժշկական ծառայության կազմակերպում և մարտավարություն» առարկայից, նրանք ռազմաբժշկական ֆակուլտետում անցնում են ընդհանուր զինվորական պատրաստություն, ռազմաբժշկական թունաբանություն, ռազմադաշտային վիրաբուժություն, ռազմադաշտային թերապիա, դիմածնոտային վիրաբուժություն, ռազմական հիգիենա, ռազմական համաճարակաբանություն և արտակարգ իրավիճակներ առարկաները: Ինչպես տեսնում ես, սովորական բժիշկ լինելուց բացի նրանք պետք է կարողանան ռազմական գործողությունների ժամանակ բժշկական օգնություն ցույց տալ բոլոր իրավիճակներում:

karen janoyan

Բազմակողմանի զարգացած մարդ

«Քո հայրը դասարանում ամենալավ մաթեմատիկա իմացողն էր, դու ինչի՞ ես թույլ մաթեմից»: Շատ եմ լսում այս արտահայտությունը այն մարդկանցից, ովքեր ճանաչում են ինձ և հորս:

Հայրս եղել է դասարանում ամենալավ մաթեմատիկա իմացող աշակերտներից մեկը, սակայն ես թույլ եմ այդ առարկայից: Պատճառը այն չէ, որ չեմ սիրում մաթեմատիկան, այլ փոքր-ինչ դժվարանում եմ: Հայրս աշխատում է արտերկրում: Կարծում եմ սա է պատճառը, որ ես դժվարանում եմ այդ առարկան սովորել, քանի որ շատ ժամանակ չեմ անցկացնում հորս հետ: Միգուցե այստեղ լիներ, կօգներ, կբացատրեր, կխրախուսեր:

Ես ավելի շատ սիրում եմ հումանիտար առարկաներ՝ օտար լեզուներ և պատմություն, սակայն ավելի կարևոր եմ համարում բնագիտական առարկաների իմացությունը, քանի որ դրանք շատ են կապված առօրյա կյանքի հետ:

Իհարկե յուրաքանչյուր առարկա ունի իր կաևորությունը: Կարծում եմ, մեկ առարկայի լավ տիրապետելը քիչ է համակողմանի գիտելիքներ ունենալու համար:

Մարդիկ պետք է լինեն բազմակողմանի զարգացած և ունենան որոշակի տեղեկություններ բոլոր առարկաներից:

Ապրել արժանավայել

Ես Վարազդատ Ամիրաղյանն եմ Նոյեմբերյան քաղաքից: Բնավորությամբ շատ հանգիստ և համբերատար եմ:

21 տարեկան եմ,  ավարտել եմ Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել եմ Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտ` շախմատ մասնագիտությամբ: Շախմատի բնագավառում հասել եմ հաջողությունների, բայց վերջին մի քանի տարում չպարապելու հետևանքով առաջընթաց չունեցա:

2013 թվականին զորակոչվել եմ ՀՀ Զինված ուժեր, և 2015 թվականին ծառայությունս ավարտելուց հետո շարունակել եմ ուսումս:

Իմ կյանքում բանակից հետո շատ մեծ ու անսպասելի փոփոխություններ եղան: Ես դարձա Նոյեմբերյանի «Սուրբ Սարգիս» Երիտասարդաց Միության անդամ: Մեր միության և իմ նպատակն է` փորձել մարդկանց կյանքում աշխուժություն մտցնել: Մեր միությունից ես և ևս 2 հոգի Տավուշի Երիտասարդաց Միության կենտրոնական խորհրդի անդամ ենք: Մենք բոլորս ունենք Տահույսի Թեմի Առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությունն ու շատ մեծ աջակցությունը: Եվ Սրբազան Հոր և մեր նպատակն ու ցանկությունն է, որպեսզի մեր ժողովուրդը, հատկապես սահմանամերձ գյուղերում ապրող, ստեղծվեն լավ պայմաններ, որ ժողովուրդը չկորցնի իր հավատքը, և հույսը` ապագայի հանդեպ:

Շատ կարևոր է, որպեսզի գյուղերը չդատարկվեն, և ժողովուրդը շենացնի իր գյուղը: Այդ ամենի համար փորձում ենք մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնել:

Ես ունեմ շախմատի խմբակ, ունեմ վկայական, որի համաձայն կարող եմ դպրոցներում 3 տարի աշխատել որպես շախմատի ուսուցիչ, բայց աշխատանքի եմ անցնելու սեպտեմբերից: Այժմ խմբակի պարապմունքներն անց եմ կացնում Եկեղեցուն կից Հովվատանը, որը մենք մեր քահանայի հետ մեր ուժերով ենք վերանորոգել, և այնքան հարազատ տեղ է մեզ համար, որ այն անվանում ենք «Պապոնց տուն»: Բացի այդ ես այժմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ Կիրակնօրյա դպրոցում աշխատելու համար գնում եմ վերապատրաստման: Եզրափակումս անեմ` ասելով, որ այսպես իմ առօրյան շատ հագեցած է անցնում, և ես շատ ուրախ եմ,  որ «փոքր» մարդ լինելով կարող եմ ինչ-որ չափով օգտակար լինել ժողովրդին:

Մտածելով այն մասին, թե ինչն է ինձ հուզում, մտքիս գալիս են մի շարք հարցեր, որոնք որ լուրջ խնդիրներ են մեր ժողովրդի համար: Բայց ես այժմ կասեմ այն խնդիրներիների մասին, որոնք որ ինձ համար ավելի առաջնային են, և ես կարող եմ ինչ-որ չափով այդ խնդիրը լուծողներից մեկը լինել:

Առաջնային խնդիրը մեր սահմանամերձ գյուղերն են, որտեղ ապրողները իրենց ընտանիքը գյուղում պահել չկարողանալով, գյուղից ընտանիքով գնում են Երևան կամ Ռուսաստան` հույս ունենալով, որ այնտեղ լավ ապագա կունենան: Գյուղից հեռացողները կրակոցներից չեն վախենում և պատրաստ են գյուղում մնալ, միայն թե մի աշխատանք ունենան, որ կարողանան ընտանիքը պահել: Բայց ցանկացած գյուղի համար կարելի է քայլեր ձեռնարկել, որից հետո արտագաղթ չի լինի, և գյուղից գնացածները հետ կվերադառնան և կշենացնեն գյուղը, դրանով էլ կհզորանա մեր հայրենիքը:

Ինձ հուզող խնդիրներից է նաև երեխաների ճիշտ դաստիարակությունը, նրանց համար հետաքրքիր առօրյա ստեղծելը, որպեսզի համակարգչի առաջ նստելու և խաղեր խաղալու կամ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելու փոխարեն, հագեցած կյանքով ապրեն:

Ինձ համար առաջնային խնդիր է նաև մեր ժողովրդի մի մասի մոտ մարող հավատքի հարցը: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, և այդ ժողովուրդը պիտի իրեն պահի իսկական քրիստոնյայի պես, և սրտացավ լինի բոլորի հանդեպ: Իր պահվածքով և մտածելակերպով այնպիսին լինի, որ բոլորը իրենից օրինակ վերցնեն, ցանկանան իրեն նմանվել:

Սիսիանի բրուտանոցը

 

Արդեն 10 տարի է, ինչ իմ ծննդավայրում` Սիսիան քաղաքում, գործում է բրուտանոց: Բրուտանոցում պատրաստում են զանազան կենցաղային իրեր, որոնց օգտագործումը հաճելի է բոլոր կանանց, զարդեր աղջիկների համար, ինչպես նաև տոնածառի խաղալիքներ:

Վարպետ Վահագն Համբարձումյանն ասում է, որ Սիսիանի կավն ունի լավ որակ և հաճելի գույն: Բրուտանոցը իր ակտիվ գործունեությունը ծավալում է ամռանը, վարպետ Վահագնը ասում է` պատճառն այն է, որ ամռանն ավելի շատ զբոսաշրջիկներ կան: Վարպետը հավատարիմ է ավանդական բրուտագործությանը և պահպանում է ազգայինը: Սափորների և կուլաների արտաքինը կրկնօրինակում է պեղումներից հայտնաբերվածներից:

Չնայած վարպետ Վահագնը հավատարիմ է ավանդույթներին, սակայն չի վախենում նորամուծություններից: Նուրբ հայկական մանրանկարչության զարդանախշերի կողքին ստեղծվում են սևամորթ գեղեցկուհիները, կախազարդ ոչխարները, հորոսկոպի նշանները, ինչպես նաև ոչ ավանդական գինու սափորները, որոնց հեղինակն ինքն է:

Իր փոքրիկ արվեստանոցում նա սովորեցնում է անապահով ընտանիքների երեխաներին կավի հետ աշխատել: Պատահաբար տեսնելով, որ երեխաները դրսում ցեխի հետ խաղալիս նմանակում են իրեն, բերեց իր մոտ անվճար սովորելու:

Վարպետ Վահագը փափագում է, որ Հայաստանում զարգանա գրեթե մոռացված արվեստը: Դա է վկայում այն փաստը, որ նա Հայաստանի գրեթե բոլոր մարզերում մասնակցում է փառատոններին և ցուցադրում իր աշխատանքները, իսկ ցանկացողներին սովորեցնում կավի գաղտնիքները:

Շատերը զարմանում են, թե ինչպես է կավի մասնագիտական գաղտնիքները սովորեցնում ուրիշներին: Այդ հարցին նա ժպտալով պատասխանում է, որ իր երազանքն է հայկական բրուտագործության զարգացումը Հայաստանում և աշխարհում: Նա նաև դասավանդում է Դարբաս համայնքում և ունի իրեն արժանի սաներ: Դարբասցի Վազգենը արդեն իրենց համայնքում է սպառում իր կավե աշխատանքները:

Ես ինքս կավից պատրաստված իրերը շատ մեծ հաճույքով եմ օգտագործում և կցանկանայի, որ իմ մյուս հայրենակիցները նույնպես գնահատեն կավն ու օգտագործեն կավե իրերը: 

gohar zaqaryan

Միգրացիան փոխեց իմ կյանքը

Երկու ամիս առաջ շարադրության մրցույթ հայտարարվեց «Միգրացիան փոխեց իմ կյանքը» վերնագրով: Գրեցի և ուղարկեցի՝ հույսով, որ կհաղթեմ: Անցավ մեկ շաբաթ: Տնօրենը հրավիրեց իր սենյակ և ասաց, որ հաղթել եմ և հաջորդ օրը պետք է գնամ մրցանակաբաշխությանը մասնակցեմ: Ուրախությանս չափ ու սահման չկար

Այսօր ուզում եմ  ներկայացնել իմ շարադրությունը: Հուսով եմ ձեզ դուր կգա:

Վաղ առավոտ էր: Կիրակնօրյա այն առավոտներից մեկը, երբ մեր ամբողջ ընտանիքր լարված աշխատանքային շաբաթվանից հետո վաստակած հանգիստն էր վայելում… Սենյակում պառկած օրվա պլաններս էի կազմում ու գոհ ժպտում այն մտքից, որ այսօր դպրոց չեմ գնա: Հյուրասենյակից լսվող ձայները քիչ-քիչ բարձրացան: Ծնողներս ու պապս էին վիճում: Հայրս ինչ-որ բան էր փորձում համոզել պապիս, բայց վերջինս համառորեն իրենն էր պնդում:

-Ախր, ա՛յ պապ ջան, ասում եմ, էլի, ընկերս է, լավ մարդ է, տես` ինքն ինչ լավ է ապրում, մենք ինչո՞վ ենք պակաս նրանից:

-Հեռվից միշտ էլ ուրիշի ունեցածը լավն է թվում: Ի՞նչ գիտես, թե ինչ գնով է հասել էդ ամենին: Մեղք եք, օտար հողում ի՞նչ տուն, ի՞նչ երջանկություն, ի՛նձ լսիր, գուցե և մեծ եմ արդեն, բայց կյանքում շատ բան եմ տեսել: Պետք չի, որդի՛: Ամեն ինչ չի, որ փողով կգնես…

Ես գլուխս մտցրի վերմակի տակ. «առավոտ շուտ էլի սկսվեց»…

Արդեն քանի օր է, ընտանիքս անհասկանալի վեճերի մեջ էր: Ծնողներս որոշել էին մեկնել երկրից: «Դա դավաճանության պես մի բան է»,- ասում էր պապս:

Ես չգիտեի` ինձ համար լա՞վ էր, թե՞ վատ: Հետաքրքիր էր լինել օտար երկրում, բայց մյուս կողմից էլ՝ մեր տունը, տատը, պապը, բակի ընկերները, դպրոցը…

…Ինքնաթիռը օդում ասես ճախրում էր: Ծնողներս գոհ էին:

Իջանք ինքնաթիռից: Հայրիկս օտար մարդկանց ամեն կերպ փորձում էր համոզել, որ մենք վատ էինք ապրում…

Գլխիս մեջ պապիս խոսքերն են, որ ինձ հանգիստ չեն տալիս… Ամոթից, թե զայրույթից կարմրել եմ…

Հայրիկի նկարագրած մեծ տունը չկար, մայրիկի ասած առաջադեմ մարդիկ էլ չկային…

Դրսում տխուր էր՝ երեխաները մեզ չէին մոտենում, մարդիկ անտարբեր ու խորթ հայացքներով էին, օտար լեզուն, անհասկանալի արտահայտությունները: Ավելի լավ էր մնալ տանը… Ծնողներս միշտ լուռ էին, կամ խոսում էին առանձին, ցածրաձայն… Ես հաճախ էի հիշում պապին ու տատին… Ախր, արդեն ծեր են, ո՞վ է օգնելու նրանց:

Հայրիկը աշխատանք ուներ, նա ուշ էր տուն գալիս ու շատ շուտ գնում, նույնիսկ հաճախ չէինք տեսնում նրան: Կորել էր մեր ընտանեկան ջերմությունը:

Երկու տարի էր անցել, ինչ թողել էինք մեր երկիրը, բայց ոչ հայրս, ոչ էլ մայրս չէին գտել իրենց երազած փառահեղ կյանքը, քաղաքակիրթ միջավայրում ապրելու նրանց երազանքը այդպես էլ իրականություն չէր դարձել:

Վերջապես հայրս մի երեկո հայտարարեց.

-Գնում ենք տուն:

Ես ուզում էի ուրախությունից ճչալ, բայց չգիտես ինչու, սկսեցի լաց լինել:

Երբ երկար բաժանումից հետո ոտքս դրի իմ երկրի հողին, մի տեսակ հպարտությամբ լցվեց հոգիս, ուզում էի գրկել արաջին պատահած մեկին ու ասել, որ սիրում եմ իրեն, որ այս երկրի տերը ես եմ, որ այստեղ ես «ես» եմ:

Տատի ձեռքերը թուլացան ու խնձորը թափվեց փեշից, պապը մի պահ կարկամեց: Նրանք դողացող բազուկների մեջ առան ինձ…

Հայրս իր լայն թևերի մեջ առավ ծերացած պապիս կորացած ուսերն ու ասաց.

-Ճի՛շտ էիր, հայրի՛կ, ամեն ինչ չէ, որ փողով կառնես…

Կային ժամանակներ

Լուսանկարը` Վահե Ստեփանյանի

Լուսանկարը` Վահե Ստեփանյանի

Ես եմ: Ավելի ճիշտ, ես եմ 5 տարի առաջ: Նստած իմ գրասեղանի կողքին դաս եմ սովորում: Ի դեպ, տարիների ընթացքում ես իմ դաս սովորելու «ֆանտաստիկ» հատկությունը, չգիտես ինչու, կորցրեցի: Երևի այդ «ունակությունը» մնաց 7-րդ դասարանի դասագրքերից մեկի մեջ, և ես այնպես էլ այն հանձնեցի գրադարան: Ինչևէ: Նստած եմ գրքերի կույտի առաջ՝ գլուխ ջարդելով ինչ-որ խնդրի վրա:
Ճիշտն ասած, չեմ հիշում մեր հին հեռախոսի ձայնը: Բայց դա կարևոր չի: Այն ուղղակի «ծըլնգաց», «տուլուլուտ եղավ» կամ ուղղակի զնգաց: Ես համոզված լինելով, որ դա իմ ընկեր Մհերն է, բղավեցի քրոջս.
-Մի՛ գնա, մեկ ա ինձ են ուզելու:
Բայց քույրս արդեն վերցրեց: Մի 2 բառ խոսեց ու կանչեց.
-Վահե, արի՛, Մհերն ա:

Ու ես` «տեսա՞ր, որ ասում եմ, լսի» հայացքով նայեցի քրոջս ու վերցրի լսափողը:
-Մհեր:
-Հա, ցավ,- դե սա մեր ողջունելու ձևն էր:
-Ախպերական, մենակ չասես` մայրենիի համար ես զանգե:
-Մայրենիի համար եմ զանգե: Բանան: Երկրորդ հատորի մեջ նայի:
-Լավ կայնի` հեսա եկամ:
Հիմա կասեք` էս ինչ անիմաստ երկխոսություն էր: Ասեմ: Մեզ հանձնարարված էր բանանի մասին տեղեկություններ գրել, իսկ Մհերն ընդամենը հուշում էր, թե որ հատորում կլինի մեզ հարկավոր ինֆորմացիան: Ինչի՞ հատորում:  ՀՍՀ-ի ՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի: Հա: Էն մեծ կանաչ գրքերն էլի, որոնց մի հատը երկու կիլո ա:
Գնացի գրապահարանի կողմը: Ահա շարված են 13 հատորներն այն գրքի, որը ժամանակին շատերի «Վիկիպեդիան» էր:
Քաշեցի երկրորդ հատորը ու զգուշորեն կտրեցի գրապահարանից, որովհետև այդ ժամանակ գիրքն ինձ համար բավականին ծանր էր: Արագ թերթեցի այն ու գտա բանանի մասին ինֆորմացիան:
-Մհե՛ր, ստեղ ե՞ս:
-Հա, թելադրի:

Լուսանկարը` Վահե Ստեփանյանի

Լուսանկարը` Վահե Ստեփանյանի

Հա. ես ինձ հարուստ էի զգում, որ ունեմ այդ 13 հատորանոց գանձը: Ու ավելի հարուստ էի զգում, երբ ինձ խնդրում էին օգտվել դրանից:
Ու ես հանձն առնելով ընկերոջս օգնելու պարտավորվածությունը, շաբաթը մի քանի անգամ հեռախոսով նրան էի թելադրում մեր տնային հանձնարարությունները:
-Լավ, բոլ ա, ապրես: Վաղը կտեսնվենք, հաջող:
-Հա, ցավ,- արդեն ես «հրաժեշտի խոսքեր» ասացի նրան:
Ուզեցի գիրքը դնել տեղը, բայց հիշեցի, որ ես էլ չեմ գրել:
Ու երկու կիլոյանոց գանձը քարշ տվեցի գրասեղանիս մոտ…

Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցում

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Ջերմուկի Ձախափնյակ թաղամասում է գտնվում թիվ 2 արվեստի դպրոցը: Իմ հասակակիցներից շատերն են դասերից հետո շտապում այնտեղ: Այսօր որոշեցի ձեզ ներկայացնել մեր դպրոցըփոքրիկ հարցազրույցների և լուսանկարների միջոցով:

Հարցազրույց Ջերմուկի արվեստի դպրոցի տնօրեն Խաչիկ Ենոքյանի հետ 

-Ե՞րբ է ստեղծվել դպրոցը և ի՞նչ պատմություն ունի:

-Ջերմուկի արվեստի դպրոցը ստեղծվել է 1969 թվականին, իսկ մեր Ձախափնյակի դպրոցը առանձնացել է և գործում է 1995 թվականի սեպտեմբերից և կոչվում է Ջերմուկի արվեստի համար 2 դպրոց: Դպրոցն ունի երկար պատմություն: Կարող եմ ասել, որ դպրոցը առաջ շատ վատ պայմաններում էր գտնվում, տեղակայված էր բնակելի շենքի երկու մուտքերում՝ տարբեր բնակարաններում էինք դասերը անցկացնում, որը հարմար չէր ո՛չ ուսուցանելու համար, ո՛չ աշակերտների համար:

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

-Քանի՞ աշակերտ և ի՞նչ բաժիններ ունի դպրոցը:

-Այսօրվա դրությամբ դպրոցն ունի 196 աշակերտ: Դպրոցն ունի հիմնականում բոլոր բաժինները, թվեմ երաժշտականները՝ դաշնամուր, ջութակ, կիթառ, քանոն, շվի, դուդուկ, կլառնետ, ակարդեոն, ոկալ, դհոլ: Եվ ունենք նաև պարի և կերպարվեստի բաժիններ: Պարարվեստում դասավանդում են  դասական, հայկական, ժամանակակից, իսկ կերպարվեստում՝ համարյա նրա բոլոր ճյուղերը՝ նկարչություն, ծեփագործություն, փորագրություն և այլն:

-Հատկապես արվեստի ո՞ր ճյուղում ունեք շատ նվաճումներ:

-Ես կասեի նվաճումը այն է, որ այսօր դպրոցի ուսուցիչների գրեթե 80%-ը մեր դպրոցի շրջանավարտներն են, և ես հպարտանում եմ, որ ես էլ եմ այս դպրոցի շրջանավարտ, և առաջի՛ն շրջանավարտն եմ: Անդրադառնամ հարցին՝ նվաճումը այն է, որ հիմա ես շատ հպարտ եմ, որովհետև մեր դպրոցի շրջանավարտներից շատերը թե՛ արտերկրում, թե՛այստեղ բեմերում են հանդես գալիս: Անուններով չեմ ուզում նշել, որովհետև գեղեցիկ չի լինի, եթե մեկին նշեմ, մյուսին` մոռանամ:

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

-Առա՞ջ էին աշակերտները շատ, թե հիմա, և ինչո՞ւ:

-Իհարկե հիմա՛: Առաջ աշակերտների թիվը հասնում էր 80-85, ամենաշատը` 100, բայց հիմա, ինչպես նշեցի 196 է, և հուսով եմ, որ դեռ ավելի կշատանա:

-Իսկ մասնագետները Ջերմուկի՞ց են, թե՞ այլ տեղերից են գալիս:

-Հիմնականում Ջերմուկից են, մեր շրջանավարտներն են, բայց ունենք այլ տեղերից էլ. 24 ուսուցիչներից 3 կամ 4 մասնագետ:

Երեխաները մեծ հաճույքով են հաճախում դպրոց: Ասեմ` ինչու, որովհետև եթե հաճույքով չգան, սա վճարովի դպրոց է, ինձ թվում է, որ ոչ մի ընտանիքի մայր կամ հայր հենց այնպես գումար քամուն չեն տա, որպեսզի իր երեխան աչուզենալով գա դպրոց:

-Որպես արվեստի դպրոցի տնօրեն, ի՞նչ կառաջարկեիք անել, որպեսզի երեխաների հետաքրքրությունը դեպի արվեստը ավելի մեծանար:

-Ես արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում եմ դրա համար: Ջերմուկ քաղաքը մեկուսացած է, ծայրամաս է, և նրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Այս դեպքում ակնհայտ է, որ քաղաքը տուժում է: Երեխաները մինչև հիմա չգիտեն, չեն տեսել  մեր հայտնի երաժիշտներին ու երգիչներին, իսկ դա շատ է ազդում մեր երեխաների ճաշակի վրա: Ջերմուկում կուլտուրայի օջախ, տուն չունենք, որպեսզի մեզ մոտ էլ համերգներ կազմակերպվեն, ներկայացումներ, թատրոն գա մեզ մոտ, որպեսզի երեխաները շփվեն ժամանակակից արվեստի հետ: Նրանք Ջերմուկի միայն մի քանի տներն են տեսնում, նույն առօրյան, նույն դպրոցը… Ես չէի ուզի այդպես լիներ, որովհետև Ջերմուկում զբաղվելու տեղ շատ քիչ կա, կրկնում եմ` շա՜տ քիչ:

***

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Հարցազրույց ջութակի և կիթառի ուսուցիչ Աստղիկ Սամսոնյանի հետ 

-Ջերմուկցի երեխաները սիրո՞վ են ընտրում ջութակի բաժինը:

-Քանի որ ջութակ նվագելը շատ բարդ է, դրա համար սկզբում լավ մտածում են, բայց եթե գալիս են, ուրեմն սիրով, որովհետև եթե չսիրեն, չեն կարողանա լիարժեք տիրապետել գործիքին:

-Քանի՞ աշակերտ ունեք:

-Ունեմ ութ աշակերտ, որոնցից երեքը հաճախում են ջութակի, իսկ մնացած հինգը կիթառի բաժին:

-Ի՞նչ կասեք, երեխաները հեշտությա՞մբ են սովորում տվյալ գործիքներին տիրապետել:

-Դե, ինչպես նշեցի, ջութակ նվագելը շատ բարդ է: Այն համարվում է ազնվագույն գործիք: Կա այսպիսի մի ասացվածք. «Ջութակը գործիքների թագուհին է, իսկ դաշնամուրը՝ թագավորը, և նրանք միասին շատ գեղեցիկ են հնչում»: Կիթառը համեմատած ջութակի հետ ավելի հեշտ է նվագել: Բայց ամեն գործիք ունի իր դժվարությունները, և մենք` ուսուցիչներս, պիտի աջակցենք երեխաներին դրանք հաղթահարել և առաջ շարժվել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երեխաներին, ովքեր չկարողանալով տիրապետել գործիքին, միանգամից հուսահատվում են ու թողնում ուսուցումը:

-Բոլոր երեխաներին թվում է, թե առաջին իսկ դասից պետք է նվագեն այնպես, ինչպես լսել են հեռուստացույցով, կամ համերգների ժամանակ: Բայց երբ տեսնում են, որ չեն կարողանում, ճիշտ է, սկզբից հիասթափվում են, բայց մեր ուսուցիչների ջանքերի շնորհիվ նրանք հասկանում են, որ երկար աշխատանքից հետո անպայման կհասնեն արդյունքի:

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

-Դուք ունեցե՞լ եք այդպիսի աշակերտներ:

-Այո, ունեցել եմ: Մի երեխա եկավ ինձ մոտ կիթառի դասընթացների: Մեկ-երկու դասից հետո էլ չեկավ: Իմ կարծիքով նա ուզում էր իմանալ, թե ինչ է կիթառը:

-Նվաճումներ ունեցե՞լ եք:

-Այո, իհարկե: Քանի որ այս բաժինները դպրոցում նոր են բացվել, մենք դեռևս ունենք մեր տաղանդավոր Ալինայի և նրա ջութակի շնորհիվ վաստակած մեկ պատվոգիր: Բայց ես և իմ աշակերտները չենք հուսահատվում, և պարապում ենք, որպեսզի հասնենք նորանոր հաջողությունների:

***

Հարցազրույց պարի ուսուցիչ Արարատ Հակոբյանի հետ

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք որպես պարի ուսուցիչ, և ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:

-Որպես պարի ուսուցիչ աշխատում եմ 38 տարի: Դե, բախտի բերմամ այնպես է դասավորվել, որ շատ սիրելով պարողից դարձել եմ պարի ուսուցիչ:

-Միայն ա՞յս դպրոցում եք աշխատել:

-Ոչ, սկզբնական շրջանում աշխատել եմ Վայքի մշակույթի տանը, այնուհետև աշխատել եմ Ջերմուկի դպրոցում և դրանից հետո միայն տեղափոխվել եմ այստեղ՝ Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոց:

-Ի՞նչ տարիքի երեխաներ են հաճախում:

-Մեզ մոտ հաճախում են 6 տարեկանից և սովորում են 7 տարի, բայց կուզեինք, որ մինչև 30-40 տարեկան մարդիկ էլ հաճախեին, որովհետև ինձ թվում է, լավ չի լինի, որ տղամարդը գոնե քոչարի պարել չկարողանա:

-Կա՞ն պարային խմբեր:

-Այո՛, իհարկե, ի՞նչ պարարվեստի բաժին առանց պարային խմբերի: Մենք ունենք պարային դասարաններ: Իմ յոթերորդ դասարանը հիանալի դասարան է, մեր հինգերորդ-վեցերորդ դասարաններն էլ են լավը, ու այսօր նրանք մեր դպրոցի պարծանքն են: Ցանկացած տեղ կարող ենք գնալ մրցումների: Գնացել ենք ու շատ մեդալներ, պատվոգրեր ենք բերել: Մեր պարի և՛ խմբերը, և՛ մենակատարները շատ մեդալներ ու պատվոգրեր են ստացել, պարգևատրվել են Մշակույթի նախարարի կողմից պատվոգրով:

-Ի՞նչ պարեր են պարում ձեր սաները:

-Մենք պարում ենք ժողովրդական պարեր, ազգագրական, ժամանակակից և այլ ազգերի պարեր:

-Պարային խմբերը Հայաստանից դուրս մրցույթներ մասնակցե՞լ են:

-Ոչ, քանի որ մենք հովանավոր չունենք, իսկ այստեղից արտերկիր գնալը շատ թանկ արժե: Ունեցել ենք հրավերներ, բայց գումարի հետ խնդիրների պատճառով չենք գնացել, և ինձ թվում է, որ չենք էլ գնա, եթե հովանավոր չգտնենք:

-Հե՞շտ է աշխատել երեխաների հետ, ովքեր իրենց առաջին քայլերն են անում պարարվեստում:

-Ցանկացած մասնագետ, ցանկացած մանկավարժ, եթե լավ հասկանա երեխաների հոգեբանությունը, ուրեմն այդ ուսուցիչը շատ հեշտ կաշխատի երեխայի հետ, իսկ եթե չհասկացավ՝ ոչ մի հաջողության չի հասնի իր բնագավառում: Բայց ինձ համար շատ հեշտ է: Առանց երեխաների ես իմ օրը, ընդհանրապես ինձ չեմ պատկերացնում:

***

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Լուսանկարը` Նանե Եղիազարյանի

Հարցազրույց Արվեստի դպրոցի սաներ Դիանա Սահակյանի և Դիանա Նիկողոսյանի հետ

-Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր հաճախել երաժշտական դպրոց:

Դ.Ս. -Մի օր դպրոց եկան արվեստի դպրոցի ներկայացուցիչները և ասացին, որ պարի բաժնում ընդունելություն է սկսվել: Ես շատ ուրախացա, և երբ հասա մեր բակ, առանց տուն հասնելու դրսից մայրիկիս կանչեցի և ասացի, որ ուզում եմ գնալ պարի, իսկ նա ինձ ասաց, որ արդեն գրանցել է:

Դ.Ն. -Դպրոցում հայտարարություն էին անում, որ պարի բաժնում ընդունելություն է: Մայրիկս էլ ինձ գրանցեց, ու մինչև հիմա չեմ փոշմանել:

-Օգնո՞ւմ է ձեզ երաժշտությունը:

Դ.Ս. -Այո, իհարկե: Երբ ինչ-որ արարողության եմ գնում, ու սկսվում է պարելու ժամանակը, ես կարողանում եմ ինձ ամենալավ կողմից դրսևորել:

Դ.Ն. -Երաժշտությունը բոլորին էլ օգնում է, և ես էլ մտնում եմ բոլորի մեջ:

-Արդյո՞ք պլանավորում եք այս ուղղությամբ շարունակել ուսումը:

Դ.Ս. -Այս տարի ավարտում եմ պարս, բայց սիրողական այն կշարունակեմ, իսկ որպես մասնագիտություն՝ ոչ:

Դ.Ն. -Պարել շատ եմ սիրում, բայց իբրև մասնագիտություն չեմ ընտրի:

-Եթե հնարավորություն ունենայիք փոփոխություններ անել երաժշտական դպրոցում, ի՞նչը կփոխեիք:

Դ.Ս. -Առաջ միգուցե ինչ-որ բան փոխեի, բայց հիմա, երբ դպրոցը լիովին վերանորոգվել է, ոչինչ չեմ փոխի:

Դ.Ն. -Ինձ մեր դպրոցը շատ է դուր գալիս, և ես ոչինչ չէի փոխի:

Հարցազրույցը գրի առավ Նանե Եղիազարյանը

hasmik givargizyan

Սուրճը

Աղջիկները պետք է անեն այն ամենը, ինչ նրանց ասում կամ խնդրում են տանը, որպեսզի լավ տնային տնտեսուհիներ դառնան, և նույն կերպ դաստիարակեն իրենց երեխաներին: Ես լիովին ենթարկվում եմ այդ «Ոսկե օրենքին»:

-Հասոս, միատ կոֆե դիր` խմենք,- հիմնականում առաջինն ասում է հայրս, եթե մայրիկից շուտ է ինձ տեսնում:

-Պապ, լավ էլի, նոր եկա, կըլնի՞ Հայկանը դնի,- խեղճ աչքերով նայելով հայրիկիս, ասում եմ ես՝ փորձելով խղճահարություն առաջացնել և համոզել նրան: Բայց նայելով հայրիկի դեմքին, հասկանում եմ, որ պատասխանը իմ ցանկության հետ չի համապատասխանում:

Դե ինչ, անցնեմ գործի: Օգտվելով նրանից, որ թեյնիկը տաք է, տաք ջրով եմ պատրաստում՝ մի քանի անգամ խառնելով ու եռացնելով սուրճը (որ լավ եփվի ու համով լինի): Լցնում եմ բաժակներն ու մատուցում, բայց դեռ նոր էի սկուտեղը դատարկել, երբ դուռը բացվեց, և նոր հյուրեր եկան:

Դե, Հասմիկ ջան, նյարդերդ պինդ պահիր, էդպես էլ է պատահում: Նորից եմ սուրճ պատրաստում: Այս անգամ բախտս բերում է, ու էլ մարդ չի գալիս:

Մի անգամ տատիկս ասաց.

-Քո տրած կոֆեն քաղցրի, Հասո ջան,- այն դեպքում, երբ սուրճի մեջ բոլորովին շաքար չէի լցրել, և ես դա ընդունեցի որպես հաճոյախոսություն: Դա սուրճի հետ կապված իմ միակ լավ հիշողությունն է:

Ես օրվա մեջ միջինը 4-5 անգամ սուրճ եմ պատրաստում, այնպես որ, սիրելի աղջիկներ, դիմացեք, լավ տնային տնտեսուհի լինելու համար պետք է ամեն ինչ շատ լավ անել:

seryoja baboyan

Անձրև ի տվե

Ահա և առաջին արևոտ օրերը։ Վերջապես փողոցների ցեխային գոյացությունները և, մեր դեպքում, «ցեխալճերը» մասամբ չորացել են և չեն խանգարի մեզ ազատ տեղաշարժվել ու, ինչպես Վահեն է ասում, «պարկուրի» էլեմենտներ կիռարել։ Գյուղում կարծես կյանքը անցած լիներ իր բնականոն ընթացքին։ Փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով, բոլորի դեմքից կարծես թե վերացել էր այն սառած հայացքը, որը 15 աստիճան ցրտից էր առաջացել։ Մայրիկների ուրախությանը չափ ու սահման չկա։ Դե երևի կռահեցիք, որ այդ ցեխային գոյացությունների մասին է խոսքը։ Կյանքը եռում էր։ Կենդանիները ավելի շատ էին ուրախացել։ Հավերին հավանոցից բաց էին թողել, նրանք վայելում էին կյանքի ազատությունը։

Փողոցով քայլելիս չէի կարող անտարբեր անցնել մի կատվի կողքով։ Նա փռվել էր արևի շողերի տակ ու նայում էր հեռուներ, կամ էլ ինչ որ մի հետաքրքիր բան էր տեսել․ ո՞վ գիտի։ Ես այդ կատվին ինչ որ չափով նմանեցրի ինձ։ Ամռանը, երբ որ արևի ջերմ շողերը շոյում են գլուխս, ես համարյա թե այդպիսի տեսք եմ ունենում։ Բայց իհարկե գետնին չէ։

Բոլորը ուրախ էին, բայց․․․

Բայց այդ ուրախությունը կարճ տևեց։

Ես դպրոցից եկա, ուրախանում էի, որ այլևս պետք չէ կոշիկները մաքրել կեղտից, մտա տուն ու տատիկիս միանգամից ասացի․

- Տատ, բայց ինչ լավ ֆուտբոլ խաղալու եղանակ ա։

- Հա, տղաս, խաղը, կանոխ անձրև ի տվե։

- Ո՞նց, ո՞վ ասաց տատի, որ անձրև է գալու։

- Ի՞նչ էր է դար անունը, հա, Լիլի Հովերը։

sona zaqaryan

Լռություն և աղմուկ

Ձմռան ցրտաշունչ, բայց և ուրախ ու հաճելի օրերից մեկն է: Գյուղը խրոխտ ու հպարտ կանգնած է ձմռան ցուրտ սառնամանիքի դեմ: Ձյան փաթիլները դանդաղ իջնում են ցած: Գյուղը կարծես տխուր է, բայց ժամանակ առ ժամանակ դեմքին ժպիտ է հայտնվում, երբ տեսնում է երեխաներին, ովքեր դրսում սահում են, ձնագնդիկ խաղում և աղմկում:

-Երեխեք, եկեք սահնակով սահենք,- ասաց նրանցից մեկը:
-Հա սահենք, հետո բոլորով ձնագնդիկ խաղանք:
-Սպասեք, Սոնային էլ կանչենք:
-Սոնա~, Սոնա~:
-Հա, երեխեք:
-Չե՞ս գալիս խաղանք:
Մաման տանը չի, որ հարցնեմ, տատիկն էլ ասում ա` ցուրտ ա, կմրսես:                                                    Տասնամյա փոքրիկ Սոնան պատուհանից նայում էր ընկերներին: Ինչպիսի հրճվանքով և ուրախությամբ էին նրանք խաղում: Ինչքա~ն կցանկանար ինքն էլ խաղալ:                                                               

-Տեսնես` մաման ե՞րբ կգա,- մտածում էր նա, երբ հանկարծ տեսավ, որ մայրիկը աստիճաններով բարձրանում է: Նա ուղղակի սլացավ մայրիկի մոտ ու շնչակտուր ասաց.
–Մա~մ, մա~մ, կթողնե՞ս գնամ երեխեքի հետ խաղամ, խնդրո~ւմ եմ:
-Հա’, գնա, բայց տաք կհագնվես:
Սոնան արագ-արագ հագնվեց.
-Հեսա մի հատ մեծ ձնագնդիկ եմ սարքելու, որ երեխեքին խփեմ,- մտածեց նա:                                                

Մի քանի րոպե անց ձնագնդիկը արդեն պատրաստ էր: Սոնան ինչքան ուժ ուներ, նետեց այն, բայց վրիպեց:
-Էս ո՞վ էր:
-Սոնա~ն, երեխեք…
-Ես եկա~,- բացականչեց Սոնան և վազեց ընկերների հետ խաղալու:
Ինչպիսի~ աղմուկ էր: Ճիշտ է, տատիկներն ու պապիկները անընդհատ բարկանում էին, որովհետև երեխաները խաթարում էին նրանց հանգիստը, բայց դե երեխաները չէին հանձնվում, շարունակում էին իրենց խաղը: Գյուղը չէր կարող չժպտալ: Այնպիսի տպավորություն էր, որ նա ուզում էր ամո~ւր-ամո~ւր գրկել երեխաներին, կարծես երեխաները նրա թոռնիկները լինեին: Եվ իրոք, երեխաները նրա թոռնիկներն են, և իրենց մեծ պապիկին շատ են սիրում: Աղմուկ էր…
Արդեն հինգ տարի է անցել: Փոքրիկ Սոնան կրկին նստած է պատուհանի մոտ: Այո’, փոքրիկ, մի’ զարմացեք: Գուցե տարիքով մեծացել է, բայց հոգու խորքում նա նույն փոքրիկ Սոնան է, ինչպես հինգ տարի առաջ: Ձյան փաթիլները իջնում են ցած, և գյուղը գնալով ծերանում է: Լռություն է: Դրսում որ ոք չկա: Փոքրիկ սահնակը ջարդվել է, և այն վաղուց ոչ ոք չի նորոգում: Ա~խ, այդ լռությունը: Վաղուց հարմարվել է դրան: Ես եմ, այն նույն փոքրիկ Սոնան, որ ժամանակին հենց այդտեղ, ձյան մեջ ձնագնդիկ էր խաղում: Իսկ հիմա լռություն է տիրում: Ինչքա~ն եմ կարոտել քեզ աղմուկ, իմ մանկության ընկեր: Դու վաղուց հեռացել ես ինձնից, բայց ոչ փոքրիկ Սոնայից, նա դեռ սպասում է քեզ: Նա գիտի, որ մի օր անպայման վերադառնալու ես…