Ո՞ւր ես գնում

Լուսանկարը՝ Մարիամ Ղարագյոզյանի

Լուսանկարը՝ Մարիամ Ղարագյոզյանի

Փակեց վերջին ճամպրուկը: Կանգնեց ճամպրուկների մոտ և նայեց շուրջը: Հո բան չի՞ մոռացել… Ձեռքը տարավ դեպի աչքերը: Արցունքներով էին լցված… Դժվար էր հեռանալ` թողնելով մանկությունը, հիշողությունները, լավ ու վատ օրերը:  Ուրիշ ելք չկար: Երեխաներին լավ ապագա էր պետք, իսկ գյուղում չկար դրա հնարավորությունը, ապահով չէին գյուղում: Դժվար է: Հարազատ տունը համարվում է աշխարհում ամենաապահով անկյունը, իսկ իրենց դեպքում այդպես չէր… Տունը թշնամու դիրքերի նշանառության տակ էր: Արդեն քանի անգամ վերանորոգված կտուրը չէին հասցնում փոխել, երբ թշնամու գնդակները նորից իրենց գործն էին անում:

Ինչ արած, ժամանակի հետ նոր տունն էլ կդառնա հարազատ ու ջերմ… Բայց վառարանի ջերմությունն ու նրա վրա սարքած «պլեճի» համը էլ չեն լինի, ոչ մի բանով չեն կարող փոխարինել…

Փոքրիկ աղջիկը վազվզում էր ճամպրուկների մոտ ու սպասում, թե երբ են գնալու: Չէր հասկանում, թե ինչի են սպասում, չէ որ մեքենան սպասում էր իրենց: Փոքրիկը չէր հասկանա, թե որքան դժվար է հեռանալ հարազատ տնից, որտեղ ամբողջ կյանքն են ապրել ծնողները: Ինքը գիտեր, որ նոր տան վրա չեն կրակելու, ու այնտեղ ման-կապարտեզ կա, շատ երեխաներ կան: Սպասում էր… Անհամբեր էր: Մեծ քույրը հասկանում էր ծնողների ցավը, տխրում նրանց նման: Սենյակի պատին թողել էր իր նկարած նկարները: Չէր ուզում տունը դատարկվեր: Միակ դասընկերոջը հրաժեշտ էր տվել… Կանգնել էր սենյակի դռան մոտ ու նայում էր հորը: Հայրը կանգնել էր ամուր մեխված լուսամուտի դիմաց ու լուռ ծխում էր: Նայում էր գյուղի կենտրոնին: Երեկ էր.. Ընկերներով հավաքված էին գյուղապետարանի շենքի առաջ: Խոսում էին գյուղի վիճակից: Ամենաբարձրն իր ձայնն էր՝ բարձր ու հստակ.

-Մենակ էլ մնամ` չեմ գնալու գյուղից, իմ հողն է, իմ ջուրը, կռիվ եմ տվել էս մի կտոր հողի համար, ո՞ւմ թողնեմ գնամ:

Իսկ հիմա լուռ էր, չէր խոսում: Չգնալ չէր կարող: Երեխաներն էին մեղք:

Բոլորի ցավը տանելի էր, կսովորեն: Բայց ո՞նց հարմարվեր խեղճ ծեր պապիկը, որ պետք է իր ձեռքերով սարքած տունը թողներ անտեր, որ խոնավությունից քանդվեր ու անշնչանար: Թող գնա որդու ընտանիքը, երեխաները մեծանան, կյանք տեսնեն, լավ մասնագետ դառնան, բայց իրեն ինչի՞ են տանում:

-Կմնամ իմ տանը… Տանս լույսը միշտ վառ կմնա, ծուխ կբարձրանա… Մենակ չեմ լինի. հարևանը կգա-կգնա: Ախր, կնոջ գերեզմանն էլ է էստեղ… Ո՞նց անտեր թողնեմ: Չեն հասկանում ինձ… Խեղդվում եմ ձեր քաղաքի օդից, նեղ պատերից: Բա մարդու տան դռանը այգի չլինի՞, ծառ չլինի՞, դուրս գա, ջրի, հետևի, որ ցուրտը չտանի, հետո էլ միրգը քաղի…

Լուսանկարը՝ Մարիամ Ղարագյոզյանի

Լուսանկարը՝ Մարիամ Ղարագյոզյանի

Մեքենայի ազդանշանն էր: Ուշանում էին: Սթափվեցին: Անցան սենյակներով, ստուգեցին լուսամուտների ամրությունը, պահարանները դատարկ էին, կախիչները անգործ ու բեռից ազատված կախված, սեղանի տակ մնացել էր կարի հին մեքենան: Էլ պետք չի գա… Մի անգամ էլ ստուգեց. հին ալբոմներն էլ էին վերցրել…

Ամենավերջինը պապը դուրս եկավ տնից: Որդուն ուղղված աղերսող հայացքն ասում էր. «Փեշիդ քարը թափի, թող մնամ ես իմ տանը, էստեղ եմ ուզում հանգչեմ»: Անօգուտ էր… Մեկ է, չէին հասկանում իրեն:

Բանալին պտտվեց կողպեքի մեջ: Հետո դարպասները փակեցին… Հարևաններն էին եկել ճանապարհելու.

-Մեզ չմոռանաք:

-Մեկ-մեկ կզանգեք, իմանանք` ոնց եք, ոնց տեղավորվեցիք:

-Մեր տանը լավ կնայեք… Կգանք: Կտեսնեք` շուտ-շուտ կգանք, հո մեր տունն անտեր չե՞նք թողնելու:

«Էհ, չեք գա… Գնաք, էնտեղի համը տենաք, մնացածի նման էլ չեք գա»,- մտածում էին հարևանները:

-Գնացինք-գնացինք…

Վերջին անգամ հետ նայեցին ու նստեցին մեքենայի մեջ: Պապը լաց էր լինում: Հետո ինչ, որ տարիքին չի սազում լացելը: Ցավը մեծ է: Գնացին…

«Էս էլ` հինգ… Մեկ տարվա մեջ հինգ ընտանիք: Դպրոցից երկու երեխա էլ պակասեց: Հատնում ենք, մաշվում, վերջն ի՞նչ ա լինելու, չգիտենք»,- մտածում էր հարևանը:

Լուսանկարը՝ Մարիամ Ղարագյոզյանի

Լուսանկարը՝ Մարիամ Ղարագյոզյանի

Հ. Գ.  Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում նման պատմություններով տներ ամեն քայլափոխի են:  Միայն 2015 թվականին կրակոցների պատճառով Բարեկամավանից հեռացել է հինգ ընտանիք, 5 դպրոցական և 3 նախադպրոցական երեխա:

Քիչ լուրջ, քիչ կատակ

Մտածեցի, մտածեցի ու որոշեցի սպասել դասերն սկսելուն, հաստատ մի հետաքրքիր բան կլինի գրելու համար: Ու առաջինը, որ հանդիպեց, ընկեր Արտաշյանն էր՝ ռազմագիտության ուսուցիչը: Մեկ ամիս արձակուրդից հետո նոր ոգով էինք մտնում դպրոց ու սկսում նոր կիսամյակ: Ճի՛շտ է, ռազմագիտությունը յոթերորդ դասաժամին էր, բայց մենք այդքան էլ հոգնած չէինք, և գիտեինք, որ դասաժամը ինչպես միշտ թեթև ու հետաքրքիր կանցնի: Նախորդ դասին անցել էինք ավտոմատի բաղկացուցիչ մասերը, իսկ այժմ մեզ անակնկալ էր սպասվում: Մենք պետք է սովորեինք 33 վայրկյանում այն քանդել ու հավաքել: Բաժանվել էինք երեք խմբերի ու փորձում էինք երեք ավտոմատով հերթով սովորել ու «յոլա գնալ»:Ժամանակը թռչում էր արագ և շատ հետաքրքիր էր անցնում մի պարզ պատճառով՝ մենք ուսումնասիրում էինք մեզ բացարձակ անծանոթ իր: Երբ առաջին անգամ տեսա ավտոմատը և դիպչեցի դրան՝ պատկերացրեցի սահմանին կանգնած զինվորին, ով անքուն հսկում է մեր խաղաղությունը: Հիշեցի զինվոր եղբայրներիս, պատկերացրեցի ինձ իրենց տեղը ու ինձ պարտավորված զգացի հայրենիքիս հանդեպ: Առաջին անգամ էի այդպիսի զգացողություն ունենում:

Երբ դու ուղղակի կողքից նայում էիր առաջադրանքը կատարողին, քեզ շատ պարզ ու հեշտ էր թվում: Բայց երբ հասնում էր քո հերթը, դու ժամանակին հետևելով, խուճապահար շարժում էիր մասերը՝ փորձելով որևէ մեկը տեղից հանել: Իսկ ընկեր Արտաշյանը սովորեցնելու հետ միասին անընդհատ կրկնում էր.-Արա՛, հազար եմ ասել հեռու գնա, էդ ավտոմատը շատ վտանգավոր ա:

-Աղջի՛, հեռու՛, հեռու՛, էդ շամփուրը որ մտավ աչքդ, մարդու չեն տանի:

-Մի-քիչ արագ արա, էլի, դրա մեջ ի՞նչ դժվար բան կա:

- Բութ մատդ չմտցնես դրա արանքը՝ մեջը կմնա:

Ու այսպես շարունակ: Հուսով եմ, հաջորդ դասին կսվորենք և կհասցնենք տեղավորվել ժամանակի մեջ:

Սահադաշտը ծիծաղ է և ուրախություն

Անցյալ ձմեռ Գյումրիում քրտնաջան աշխատանքի շնորհիվ սահադաշտ պատրաստվեց: Ես այդ փաստից անչափ ուրախացել էի և այն փոքրիկ հաղթանակ համարեցի իմ քաղաքի համար, որովհետև քաղաքս հետ չմնաց մյուսներից և իր սեփական սահադաշտը ունեցավ: Հիշում եմ, հաճելի եւ գեղեցիկ տեսարան էր: Այնտեղ գտնվող բոլորի դեմքին ժպիտ կար: Իսկ Գյումրիում ամենաշատը ժպիտն է պակասում:

Ահա և եկավ 2016 թվականը: Կրկին մեծ ջանքեր ու աշխատանքեր էին կատարվում, որպեսզի այս տարի ևս սահադաշտ ունենար Գյումրին: Ես շատ էի վախենում, որ այս անգամ չի հաջողվի կամ չենք հասցնի, բայց դրա հետ մեկտեղ վստահ էի, որ ամեն բան կստացվի, և օրեր անց մենք էլ կունենաք մեր սահադաշտը:

Եղանակն էլ մեր դրության մեջ մտնում էր և աջակցում էր, որովհետև նրա դերը այդ գործում մեծ է: Ես անպայման կկիսվեմ ձեզ հետ մեր սահադաշտի գալիք ճակատագրով, կունենա՞նք արդյոք այս տարի սահադաշտ, թե ոչ: Ձմռան վերջին ամիսն է:

Անցան օրեր, և ահա լուրեր տարածվեցին, որ աշխատանքները ավարտված են, ամեն բան հաջողված է, սահադաշտերը պատրաստ են: Այո, այո, սահադաշտերը: Գյումրին այս տարի մեկի փոխարեն երկու սահադաշտ ունեցավ երկու տարբեր թաղամասերում: Երջանիկ էր քաղաքը, երջանիկ էին երիտասարդները, երեխաները, երջանիկ ու հպարտ եմ ես, որ հենց այս քաղաքից եմ, թեկուզ փոքր, բայց կարևորը, ջերմ ու հարազատ քաղաքից: Թեև այդքան դժվարություններին, որի միջով անցել և շարունակում է անցնել Գյումրին: Սահադաշտը ուրախություն է, ժպիտ, ոգևորություն, ծիծաղ, ինչը այնքան շատ է պակասում մեր քաղաքին: Ձմեռը շարունակվում է, սահադաշտ այցելողները չեն պակասում:

«Ընթերցանությունը լավագույն զբոսանքն է…»

Հարցազրույց Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցի գրադարանավարուհի Գոհար Խաչատրյանի հետ


-
Պատմեք մի փոքր Ձեր մասին:

-Ինձ համար թվականը կարևոր չէ, ես ուղղակի ծնվել եմ: Ծնվել եմ անցյալ դարում, դարի ոսկե միջինում, իսկ ոսկե միջինը հիսուն թվականն է, որի համար հիմա ինձ երջանիկ եմ զգում: Ծնվել եմ սովորական, հասարակ ընտանիքում: Հայրս վարպետ էր, մայրս՝ գրասենյակային աշխատող: Ինչ վերաբերում է հորս, նա Եղեռնի ծնունդ է, եղել է իր ընտանիքի միակ տղան, ում հորեղբայրս մի կերպ փրկելով՝ հասցրել է Արևելյան Հայաստան: Փաստորեն մեր արմատները հասնում են Արևմտյան Հայաստան, ավելի ստույգ՝ Վան քաղաք: Մորական կողմս Արտամետից էր: Հայրս գիրք շատ էր սիրում, թեև ստացել էր ընդամենը չորրորդ դասարանի կրթություն, որովհետև տատս անկարող է եղել աշխատել, և ընտանիքի ամբողջ հոգսը մնացել է հորս ուսերին: Նա իր համար հատուկ գիրք գնելու օր էր ընտրել: Ամեն ուրբաթ գնում էր գրախանութ, որտեղից տուն էր վերադառնում՝ թևատակին նույնիսկ միանգամից 7-8 գիրք դրած: Նա իր ուսման պակասը լրացնում էր մեզ հետ. երբ դպրոց էինք գնում, մեզ հետ սովորում էր: Կարդում էր հիմնականում պատմական գրքեր և արտասահմանյան գրականություն: Սիրում էր նաև գրքեր նվիրել: Մարդիկ կան, որ գիրք կարդում են հենց այնպես, զբաղմունքի համար, չեն վերապրում, ոչինչ չեն քաղում, այնինչ գիրք կարդալիս հոգիդ պիտի մաքրվի, և գիրքը պիտի հետք թողնի քո մեջ: Հայրս իրենից հետո թողած լավ անունից բացի թողեց նաև հարուստ գրադարան, որը կարծես նրա հուշարձանն է: Անշունչ է այն տունը, որտեղ գրքեր չկան: Հիմա, երբ մորս տուն եմ գնում, ձեռքս եմ վերցնում մի գիրք և միանգամից հիշում…Պարտադիր չէ գնալ գերեզման, որպեսզի հիշես մարդուն, մարդը գրքերում է հիշվում:

Մեր տոհմը ուներ երկու ազգանուն. հորս կողմը Խաչատրյան է, հորեղբորս կողմը՝ Գևորգյան: Իմ Խաչատրյան ազգանունը կարծես մխիթարում է ինձ. գուցե խա՞չն է եղել, որ մեր արմատները ամուր է պահել: Ինձ միշտ գոհացրել է նաև Գոհար անունս, որն առաջացել է պարսկերեն ջոհար բառից, ինչը նշանակում է բազմաշնորհ:

Ես սովորել եմ Լեոյի անվան դպրոցում:  Դպրոցի ուսուցչական կազմը բավականին զարգացած էր: Հիմա էլ սիրով կարող եմ հիշել շատերին, հատկապես՝ առաջին ուսուցչիս: Նրանք իմ մեջ սերմանեցին սեր դեպի գրականությունը: Նրա համար, որ այսօր ես կարողանում եմ գրել և գեղեցիկ գրել, պարտական եմ դպրոցիս և իհարկե ծնողներիս:

Դպրոցն ավարտելուց հետո ցանկացա ընդունվել օտար լեզուների ինստիտուտ, բայց քանի որ անփորձ էի, չստացվեց: Մոտ հինգ տարի աշխատեցի զագսի գրասենյակում, որը մարդկային հարաբերությունների հարցում շատ բան սովորեցրեց: Այդ ընթացքում պարապեցի, շատ գրքեր կարդացի և ի վերջո ընդունվեցի ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության և մատենավարության բաժինը: Այդ ժամանակ կարդում էինք պարտադրաբար, որից ես հաճույք չէի ստանում, մտածում էի, թե ե՞րբ կունենամ ազատ ժամանակ վերընթերցելու սիրով կարդացած գրքերս: Ավարտելուց հետո ինձ հրավիրեցին աշխատանքի Խնկո Ապոր անվան գրադարանում, որտեղ աշխատեցի 1976-1994 թվականներին: Շփումը գրողների հետ շատ մեծ էր: Հանդիպել եմ Համո Սահյանին, Սերո Խանզադյանին, Վարդգես Պետրոսյանին, Վիլյամ Սարոյանին և շատ ուրիշներին: Յուրաքանչյուր հանդիպում իր մեջ կերպարներ էր ներառում: Հիմա, երբ գիրք եմ կարդում, կարծես լսում եմ գրողի ձայնը, կարծես նա հենց ինձ համար է պատմում: Խնկո Ապոր անվան գրադարանից հետո տեղափոխվեցի դպրոց, ինչը ինձ համար այնքան էլ ցանկալի չէր: Սկզբնական շրջանում դժվար էր մերվելը անձնակազմին, գրադարանին: Բայց հետո ամեն ինչ մտավ իր բնականոն հունի մեջ: Հիմա ես ինձ այստեղ էլ եմ լավ զգում, բայց միևնույնն է, ինձ համար անփոխարինելի է եղել Խնկո Ապոր գրադարանի աշխատանքը:

Երկու աղջիկ ունեմ, մեկը լոգոպետ է, մյուսը՝ էկոլոգ: Երկուսն էլ հետաքրքրված են ընթերցանությամբ, հոգատար են իմ նկատմամբ, նրանց շատ եմ սիրում:

Ինձ ասում են, որ գրադարանավարուհու աշխատանքն այնպիսին է, որ նա հաճախ մենակ է մնում: Հարցնում են՝ չե՞մ ձանձրանում արդյոք մենակ լինելուց: Այնինչ ես մենակ չեմ, ինձ հետ բազում ընթերցողներ կան և բազում գրքեր:

Յուրաքանչյուր երկիր ունի իր ներակայանալի գրողը: Երբ ասում ենք Սերվանտես, ես Իսպանիա եմ պատկերացնում, ասում ենք Դանթե՝ Իտալիա, ասում ենք Պուշկին՝ Ռուսաստան և այլն, և այլն: Հայաստան ասելիս ես Սահյան եմ պատկերացնում, պատմավիպասան ասելիս՝ Րաֆֆի, ում պատմավեպերն ավելի շատ բան են տալիս, քան պատմության դասագրքերը:

-Ի՞նչ մարդկային հատկանիշներ է պետք ունենալ գրադարանավարուհի լինելու համար  և ինչո՞վ է որոշվում լավ կամ վատ գրադարանավարը:

-Առաջին հերթին կուզեմ նշել համեստությունը: Երբ ես փողոց եմ դուրս գալիս, չեմ մտածում, որ շատ կարդացած եմ, որ մյուսներն ինձնից պակաս են: Դպրոցական գրադարանավարի աշխատանքն ավելի պատասխանատու է, քանի որ նա գործ ունի մատաղ սերդնի հետ, իսկ մատաղ սերնդին ուղղորդելը շատ ավելի բարդ է, որովհետև հնարավոր է ինչ-որ մեկը կարդա տարիքային առումով իրեն ոչ հասանելի գիրք և հիասթափվի բոլոր գրքերից, առհասարակ ընթերցանությունից: Այսինքն՝ գրադարանավարը պիտի կարողանա ընթերցողին օգնել ճիշտ ընտրություն կատարել:

Ընթերցանությունը, իմ կարծիքով, լավագույն զբոսանքն է, լավագույն հանգիստը: Երբ որևէ բան եմ կարդում, այդ նույն նկարագրության մեջ ես զբոսնում եմ, ապրում եմ: Դրանից լավ ուրիշ ի՞նչ հաճույք կա: Ինձ համար ամենից մեծ հաճույքը ընթերցանությունն է: Նույնիսկ երբ մեկնում եմ ամառանոց, ինձ հետ անպայման վերցնում եմ որևէ գիրք:

-Իսկ ինչո՞վ է կյանքում Ձեզ օգնում Ձեր մասնագիտությունը:

-Օգնում է մարդկանց ճանաչելու հարցում, ինչի համար անհրաժեշտ է շատ գրքեր կարդալ: Եթե աշակերտը ուզում է որևէ գիրք իսկապես կարդալու համար, ես կարող եմ բերել այն այլ գրադարանից, նույնիսկ մեր տանից, միայն թե այդ գիրքը հասցնեմ նրան: Դու պիտի փորձես յուրաքանչյուրի մեջ լավը տեսնել, յուրաքանչյուրին օգնել. Ի վերջո դժվար չէ գիրք տանել-բերելը:

Վերջին տարիներին ես մեծ ուշադրություն եմ դարձնում թարգմանություններին: Առաջ մենք այդքան մեծ թարգմանական գրականություն չունեինք: Սովետական տարիներին թարգմանություններ արվում էին միայն Ռուսաստանի թույլտվությամբ և հիմնականում ռուսերեն լեզվից: Եթե գիրքը ռուսերեն թարգմանություն չէր ունենում, մեզ մոտ իրավունք չունեին այն հայերեն թարգմանելու: Բայց չմոռանանք նաև, որ լեզվից լեզու թարգմանվելիս գրքի համն ու հոտը կորչում է: Օրինակ՝ հայերենում կան բառեր, որոնք չեն թարգմանվում ռուսերեն, և ոչ մի արտասահմանցի չի կարող զգալ այդ բառերը:

-Ովքե՞ր են Ձեր սիրելի գրողները և ինչո՞վ են նրանք առանձնահատուկ Ձեզ համար:

-Տարբեր տարիքներում սիրելի գրողները տարբեր են: Ես մարդու կյանքը կբաժանեի ըստ ընթերցանության տարիների: Իհարկե գրքեր կան, որոնք կարդում ենք բոլոր տարիքներում էլ, բայց այդ դեպքում փոխվում է մեր ընկալումը: Հայ գրողներից կառանձնացնեմ Վարդգես Պետրոսյանին, Րաֆֆուն, Խաչիկ Դաշտենցին, Մահարուն: Հարցնում եք՝ ինչո՞ւ: Որովհետև նրանց մեջ շինծու բան չկա, ողջ գրվածը ապրած է: Սիրում եմ կարդալ նաև Զորյան, Իսահակյան: Շատ սիրում եմ նաև պոեզիան: Պոեզիան, գիտե՞ք, կարծես մի հաճելի երաժշտություն լինի, որը ձեռքիդ տակ պիտի ունենաս մշտապես: Հայ բանաստեղծներից կառանձնացնեմ Սևակին, Չարենցին: Ռուս գրողներից շատ եմ սիրում Բունինին, Կուպրինին, Չեխովին, ումից, ի դեպ, չեմ հագենում երբեք: Մեծ հոգեբան-գրող է հատկապես Դոստոևսկին, ով ընթերցողի մեջ, կարելի է ասել, նստվածք է թողնում: Արտասահմանյան գրողներից սիրում եմ կարդալ Շեքսպիր, Բալզակ, Մոեմ, Մարկես, Ֆլոբեր, Հագարդ, Ռեմարկ, Ցվեյգ, Մորուա: Այլ կերպ ասած՝ այն տեսակի գրքեր եմ սիրում, որոնց մեջ գեղարվեստականից բացի կան նաև գիտաճանաչողական կամ պատմական շրջանին վերաբերող նյութեր:

-Կա՞ արդյոք որևէ գիրք, որը նշանակալից դեր է ունեցել Ձեր կյանքում:

-Կդժվարանամ առանձնացնել մեկը: Առաջինը մտքիս եկավ Միկլուխո Մակլայի մասին գիրքը, որի հետ կապված մի զավեշտալի պատմություն կա: Դեռ դպրոցական տարիքում ընկերուհուս հետ գնացել էինք գրադարան, որտեղ այդ գրքից ընդամենը մեկ հատ էր, ինչի պատճառով մենք, պատկերացնո՞ւմ եք, վիճեցինք, երկար ժամանակ նեղացանք իրարից: Բանն այն էր, որ միասին նստում էինք գրադարանում, նա՝ աջ կողմում, ես՝ ձախ, ձախից  դժվար էի կարդում, նա էլ արագ էջը թերթում էր, ես էլ չէի հասցնում ավարտել: Ասում էի, թե իր հետ էլ չեմ գա գրադարան, բայց նա էլ առանց ինձ չէր գնում:

Կուզեմ նշել նաև «Մուսա լեռան քառասուն օրը», որը շատ մեծ ազդեցություն ունեցավ: Վերֆելն այնպես է նկարագրել, կարծես ինքն էլ է մուսալեռցիների հետ եղել, իսկ դա օտարագիր գրողի համար շատ կարևոր է:

Վերջին շրջանում ցնցեց նաև Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», որից հետո նույնիսկ բանաստեղծություն գրեցի:

Մեծ ազդեցություն թողեցին նաև Բայրոնը, Դոն Ժուանի «Փախուստը», Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները»:

Իսկ ինչ վերաբերում է «Փոքրիկ Իշխանին», այն կարելի է անվերջ կարդալ: Ամեն օր վերջացնել, նորից սկսել: Նորից և նորից: Ամեն օր:

-Փաստորեն Խնկո Ապոր անվան գրադարանում աշխատելու տարիներին շատ եք հանդիպել գրողների: Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք այդ հանդիպումներից:

-Հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ Մարիետա Շահինյանի հետ: Շատ համեստ կին էր. Երբ դահլիճը ծափահարեց նրան, նա ասաց.

-Մի՛ ծափահարեք, այդ ես պիտի ծափահարեմ, որ ընթերցող-աշակերտներ եմ տեսնում, գրողը գրող է, ձեր ծափահարությունը այն է, որ Դուք կարդում եք, ուրիշ բան ինձ պետք չէ:

Այս խոսքերը ականջներումս են մինչ օրս:

Լավ հիշում եմ Սարոյանին: Այն օրը, երբ նա եկավ, գրադարանում տոն էր: Մի աշխատակից ունեինք, խոսքս Մանիկ Կոշկակարյանի մասին է, նա առիթը բաց չէր թողնում նշանավոր մարդկանց հրավիրելու մեզ մոտ: Մի երկու-երեք անգամ հանդիպեցինք Սարոյանին: Նա օտարագիր գրող է, ճիշտ է, բայց իր մեջ կրում է Բիթլիսի արմատները, իր աչքերում՝ հայի տխրությունը: Երբ նրան կարդում եմ, մտածում եմ, որ մենք համերկրացի ենք: Հիշում եմ՝ իրեն ծափահարում էին, ինքը զարմացած երեխայի պես նայում էր միայն: Երբ կարդացի Վահագն Դավթյանի հեղինակած հուշերը Սարոյանի մասին, պարզվեց, որ նրա մոտ էլ նույն տպավորությունն էր, ինչ որ ինձ մոտ: Սարոյանը աշխարհի գրող է, դա ես չեմ ասում, դա բոլորն են փաստում: Նույնն էլ Հեմինգուեյը, նրան էլ եմ լավ հասկանում:

Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց. «Քեզ տանելու եմ Գրողների միություն. այնքա՜ն կենդանի գրողներ տեսնես»: Ես էլ ուսանողուհի էի, դեռևս բոլորին ծանոթ չէի, դրանից կաշկանդվում էի: Այդ պատճառով սկսեցի կարդալ ժամանակակիցներին, ովքեր տպագրվում էին «Գարուն» ամսագրում, որի խմբագիրը այդ ժամանակ Վարդգես Պետրոսյանն էր: Նրան էլ, Ռազմիկ Դավոյանին էլ մի քանի անգամ բախտ վիճակվեց հանդիպել:

-Խոսենք ժամանակակիցներից: Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պիտի արվեն հպետք է անել, որ մարդիկ կարդան ժամանակակից գրականություն:

-Կարելի է հեռուստատեսությամբ ունենալ գրական ժամ, քանի որ ոչ բոլորն են կարդում «Անդին» ամսագիր կամ մի ուրիշ բան: Գրական ժամեր, գրական հանդիպումներ… Նախաձեռնությունը պիտի Գրողների միությանը լինի: Հիմա Գրողների միությունը մի փոքր պասիվ է: Այն ժամանակ հատուկ թույլտվություն էր պետք տպագրվելու համար, իսկ հիմա ցանկացածն էլ կարող է տպագրվել: Բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորը գրող են, գիրքը անպայման պիտի անցնի քննադատության միջով: Իսկ այ հանդիպումները գրախանութներում, ես կարծում եմ, ավելի շատ երևալու, վաճառքի համար են: Այդպես ընթերցողը գրողին չի ճանաչում: Իսկ եթե որոշ ժամանակ անց տվյալ գրողի գործերին ծանոթանալուց հետո նորից հանդիպում կազմակերպվի, գրողները կունենան իրենց ընթերցողական խումբը, տարիքը: Ընթերցանությունն էլ ունի որոշակի տարիք: Հիմա կարծես ինչ-ինչ պատճառներով այն մի փոքր հետ է մղվել: Մարդիկ էլի կարդում են, բայց ոչ ինչպես առաջ: Հիմա գրադարանները շատ վատ են համալրվում: Աշակերտը գա, ժամանակակից ուզի, ես ի՞նչ կարող եմ տալ, կա՞ որ տամ, չկա: Իսկ այն ժամանակ կային հատուկ նվիրատվության օրեր, երբեմն էլ նախարարությունն էր մատակարարում գրադարաններին: Իսկ ո՞ր գրադարանն է լավը. այն, որը ունի հարուստ և հատկապես գործածական ֆոնդ:

Վերջին ժամանակներում աշակերտությունն ու ծնողական կազմն է նվիրատվություն կազմակերպում, ունենք նաև անհատ նվիրատուներ:

-Շատերը այն կարծիքին են, թե ժամանակակից սերունդը այսօր չի կարդում: Որպես գրադարանավարուհի՝ ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

-Ես ամենևին էլ այդ կարծիքին չեմ: Դպրոցականների շրջանում մեծ աշխուժություն է տիրում: Չի կարելի անընդհատ ասել՝ մեր սերունդը, մեր սերունդը… Ամեն սերունդ իր հետ նորություն է բերում, բերում է ավելի խորը մտքեր, խորը մտածողություն: Ես հարստանում եմ Ձեր՝ լայն մտածողություն ունեցող սերնդով: Ձեր սերունդը շատ հրաշալի սերունդ է, պարզապես մարդիկ, երբ սերմեր են ցանում, շարունակ նայում են աճած մեկ մոլախոտին, բայց չի կարելի անտեսել մյուսներին: Այդ մի չընթերցող աշակերտով չի կարելի կարծիք ձևավորել սերնդի մասին: Երբ  որևէ աշակերտ գալիս և ուզում է մի ժամանակակից գիրք, որը գրադարանը չունի, ես անպայման նշում եմ ինձ մոտ, որպեսզի հետևողական լինեմ, գտնեմ, ինքս էլ կարդամ, որովհետև անհարմար է հետ մնալ ժամանակակիցներից: Ամենաթանկ բանը ժամանակն է, եթե անցավ, էլ ետ չես բերի:

Ընդհանրապես, եթե որևէ գիրք կարդացել ես, սակայն այն հետք չի թողել և շուտ մոռացվել է, ուրեմն այն չես կարդացել: Եվ ուրեմն մարդկանց շրջանում չպիտի ասես, թե այն կարդացել ես, որովհետև ամոթ կլինի քննարկել մի բան, որը չես հիշում: Վերջին ժամանակներում չեմ հիշում մի գիրք, որը կարդացել եմ առանց թղթի ու մատիտի: Նշումներ եմ անում, առանձնացնում լավագույն մտքերը, վերընթերցում սիրելի հատվածները:

Կյանքում գիրքը չեմ փոխի համակարգչի հետ: Թեկուզ ստեղծագործությունը համացանցում լինի, ես, մեկ է, կարդում եմ գրքով, որովհետև գիրքը պիտի շոշափես, զգաս, իսկ համակարգչով կարդալիս ինձ թվում է, թե շուտով կարդացածս կկորչի:

-Մեր երիտասարդներին ի՞նչ գրականություն է հետաքրքրում:

-Հասունացման տարիքում երիտասարդները շտապում են, ուզում են կյանքը շուտ ճանաչել, նրանց ընթերցած գրքերը հետաքրքրանում են, շրջանակը՝ լայնանում: Սիրում են կարդալ հոգեբանավերլուծական գրքեր, ավելի նեղ շրջանում՝ նաև պատմական գործեր:

-Գիտեմ, որ Դուք ևս ստեղծագործում եք: Երբևէ ցանկություն չե՞ք ունեցել գիրք գրելու:

-Ես գրում եմ որևէ գրքի, հոգեկան ապրումների ազդեցության տակ: Երբեմն ստեղծվում են տողեր, որոնք մոռացվում են: Միշտ մտածել եմ, որ ինձ մոտ չի ստացվի գիրք գրել: Այդպիսի գրողական մեծ բաներ չեն ծնվել երբևէ: Հիմնականում փոքրիկ բաներ են: Այդ բոլորը տրամադրություն են ստեղծում: Առհասարակ ես փողոցում դանդաղ եմ քայլում, կարող է պատահել, որ քայլեմ և աշնանային տերևներ հավաքեմ, ներշնչվեմ որևէ երաժշտությունից, ներկայացումից: Վերջին գիրքը կարդալիս անընդհատ երաժշտություն էի լսում. Շոպեն, Շուբերտ, Բեթհովեն: Ես ինձ գտնում էի երաժշտության ու գրքի մեջտեղում: Նման գեղեցիկ համատեղություն երբևէ չէի զգացել: Կարելի է ասել՝ ես եղանակային ընթերցող եմ:

-Եթե հնարավորություն ունենայիք, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Ես միշտ սիրել եմ այն աշխատանքը, որը աղմուկ չի բերում, բայց շփում է ունենում մարդկանց հետ: Սկզբում ուզում էի իրավաբան դառնալ, կարող էի նաև՝ արխիվի աշխատող:  Չեմ սիրում մեխանիկական աշխատանք, որը ինձ հոգով չի հարստացնում: Ես սիրում եմ մենակ մնալ, առանձնանալ իմ աշխարհում, իսկ գրքերի մեջ դա կարողանում եմ անել:

-Ի՞նչ խորհոււրդ կտաք մեզ՝ պատանիներիս:

-Մարդկային ամենամեծ հատկանիշը ազնվությունն է: Մարդ պիտի ազնիվ լինի, թե չէ ամեն ինչ կկորչի: Պիտի ձեռքդ  դնես սրտիդ ու հանգիստ լինես, որ սուտ ոչինչ չես ասում: Կարող ես ծույլ լինել, թափթփված լինել, բայց ոչ ստախոս: Ամեն վատ բան ստից է ծնվում: Երբ ասում են՝ սուտ ես ասում, նյարդայնանում եմ, գոնե դրական բառով ասեն, ասեն՝ ճիշտ չես ասում, տարբերությունը մեծ է: Իհարկե կան բարի ստեր, որոնց կարելի է շրջանցել, խոսքս դրանց մասին չէ: Երբ ինձ որևէ մեկը ճիշտ չի ասում, ես չեմ ասում նրան այդ մասին, ոչինչ, թող իմանա, թե ճիշտ ասաց, հաջորդ անգամ ես այնպես կանեմ, որ նա իսկապես ճիշտ խոսի:

Հարցազրույցը վարեց՝ Միլենա Խաչիկյանը

Չաշխատեցիր աշնանը՝ պարտքեր ունես ձմռանը

Քննաշրջանի արդյունքում բավականին մեծ թվով առաջին կուրսեցիներ ցուցաբերեցին ցածր առաջադիմություն: Պատճառը, կարծում եմ հայտնի է. չաշխատեցիր աշնանը` պարտքեր ունես ձմռանը:

Եվ այսպես, ինչպես սկսվեց այս ամենը… Հետևում մնացին ընդունելության քննությունների լարված օրերը: Բախտի բերմամբ կամ տքնաջան աշխատանքի շնորհիվ դարձար «պոլիտեխնիկցի»: Մի կողմ դրեցիր հարցաշարերը և շտեմարանները: Հիմա ուսանող ես, և քեզ այլևս գրքեր պետք չեն, տետրեր` առավել ևս: Հիմա դու պարտավոր ես ամեն օր քեզ հետ ունենալ բջջային հեռախոս (բազմաֆունկցիոնալ, լավ երգերով), մաստակ («օրբիտ» կամ «դիրոլ», ծայրահեղ դեպքում «Բիգ Բաբլ»), արևածաղկի սերմ: Ընթացքում մշակեցիր նաև համապատասխան քայլվածք` ոչինչ չանողի, ոչնչից չվախեցողի  և, որ ամենակարևորն է, ոչնչով չհետաքրքրվողի: Մի քանի ամիսը բավական էր քեզ համար յուրացնելու, թե ինչ է ՀՊՃՀ-ն, և ով է ՀՊՃՀ ուսանողը: ՀՊՃՀ` Հանդիպավայր Պարտքերից Ճողոպրողների Համար, ՀՊՃՀ  ուսանող. հիմնականում արական, երբեմն իգական սեռի ներկայացուցիչ: Ամեն առավոտ արթնացար զարթուցիչի երրորդ զանգից հետո, մի կերպ խցկվեցիր երթուղային տաքսի կամ հարյուր դրամը մի գրպանից մյուսը տեղափոխելով, վազելով հասար ՀՊՃՀ տարածք: 9:15-ից մինչև 9:30 հասցրեցիր համբուրել բոլոր հանդիպողներին` ըստ կանոնակարգի (3 համբույր մտերիմ ընկերներին, 2 համբույր` կուրսեցիներին, 1 համբույր` պարզապես ծանոթ դեմքերին): Ներկայացար 3-րդ մասնաշենք, բաց չթողեցիր ոչ մի հավաքույթ`տեղեկանալով օրակարգին, քննարկվող հարցերին, կայացած որոշումներին: Յուրաքանչյուր օր մինչև ժամը 14:00 հասցրեցիր գոնե երկու անգամ մտնել բուֆետ, վերականգնել ծախսված էներգիան, արագ աչքի անցկացնել բուֆետի ապառիկների ցուցակը:

Վերջում ամեն օր դուրս եկար բակ` հրաժեշտ տալով բոլոր հանդիպողներին (նայիր կանոնակարգին): Երբեմն ներկայացար դասերին: Վերջում մի կերպ ձեռք բերեցիր բոլոր դասախոսությունների պատճենները` մեծացված կամ փոքրացված տեսքով: Քննություններից մեկ օր առաջ իմացար ոչ միայն հանձնվելիք քննության առարկայի անունը, այլև լսարանի տեղը և դասախոսի ազգանունը: Հիշեցիր, թե տեսաժապավենների վարձույթի որ կետում ես թողել ստուգման գրքույկը, ուսանողական և ընթերցողական տոմսերը (եթե այդպիսի տոմս ունեցել ես): Արդյունքում … Արդյունքում, երբ բոլորը արդեն զբաղված են 2-րդ կիսամյակի դասերը կամ առաջադրանքները կատարելով, դու դեռ հանձնում ես առաջինի պարտքերը` անընդհատ ինքդ քեզ խոսք տալով, որ եթե բարեհաջող վերջացնես, նույնը անպայման չես կրկնի երկրորդ կիսամյակում, կհաճախես բոլոր դասերին, կհանձնես բոլոր առաջադրանքները և այլն: Հիշի’ր, որ սովորելու համար քո փոխարեն վճարում են մի դեպքում ծնողները, մյուսում` պետությունը, իսկ այդ գումարը արդյո՞ք արդյունավետ ես օգտագործում դու ողջ կիսամյակի ընթացքում:

Այս ամենի որոշ մասը իհարկե կատակի տեսքով է գրված, սակայն եթե ուսանողները այս ամենին հետևեն և հաճախեն բոլոր դասերին, ապա այդ դեպքում շատ լավ կլինի:

Մայրամուտը սիրել սովորել եմ պապիցս

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Մանկությանս ամենահիշարժան հիշողությունները կապված են Գարեգին պապիս և նրա տան հետ: Պապս ծնունդով Ախաչ կոչվող գյուղից էր, որտեղ անցել է նրա մանկությունը: Ախաչի բնակչությունը բնակավայրի անբարենպաստ պայմանների պատճառով տեղափոխվել և բնակություն էր հաստատել այժմյան Վայոց Ձորի Արտավան գյուղական համայնքում: Արտավանը գտնվում է Վայոց ձորի մարզում ` Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում: Մարզկենտրոնից մոտ 32 կմ հարավ-արևելքում, իսկ մայրուղուց մոտ տասը կիլոմետր հեռու: Մինչև 1950 թ. կոչվել է Ջուլ, իսկ 13-րդ դարում կոչվել Աջողք:
17- րդ դարում գյուղի բնակիչները տարհանվել, բռնագաղթի են ենթարկվել, իսկ այստեղ բնակություն են հաստատել օտար ազգի ներկայացուցիչներ, այդ թվում նաև ադրբեջանցիներ:
1940-ականներին խորհրդային կառավարության որոշմամբ այստեղի բնակիչները տեղահանվում են հարևան երկիր, իսկ գյուղում բնակություն են հաստատում Արտավանից 30-35 կմ հեռու գտնվող Ախաչ գյուղի բնակիչները: Ախաչի բնակիչներն էլ գյուղը վերանվանում են Արտավան: Ամառային արձակուրդներս մեծ մասամբ անց եմ կացրել այդ գյուղում`Արտավանում: Պապիս տունը գտնվում էր Արփայի վտակներից մեկի աջ ափին, որտեղից երևում էր գյուղի անտառային զարմանահրաշ բնապատկերը:
Չնայած իր մեծ տարիքին, պապս հոգով միշտ շարունակում էր երիտասարդ մնալ: Անսահման սիրում էր իր գյուղն ու նրան շրջապատող բարձրաբերձ լեռները, ուր չէիր գտնի մի անկյուն, որ պապս եղած չլիներ: Ամեն օր ժամը հինգին, իր սովորության համաձայն, պապս գնում էր տարածքում իր ամենասիրելի վայրը` բլրի գագաթին գտնվող աղբյուրի մոտ: Ամեն օր նույն հետաքրքրությամբ և մտախոհությամբ զմայլվում ու ջերմանում էր արևի վերջին շողերով, որոնք արդեն ութսունհինգ տարի շարունակ առավոտյան ողջույնով և երեկոյան լուռ թախիծով էին լցնում նրա հոգին:

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Նայելով նրա խոսուն հայացքին, զգում էիր այն անսահման սերն ու կապը առ բնություն, հարազատ տուն և հող, որտեղ անցել էին պատանեկության, երիտասարդության և ծերության ամենաերջանիկ օրերը: Շատերի մոտ հարց կառաջանա` ինչու ոչ մանկություն: Այդ հարցի պատասխանը թաքնված էր իր խոսուն հայացքի մեջ, որը միշտ նայում էր դեպի մայրամուտ` դեպի մանկություն ու հայրական տուն:

նարեկ բաբայան

Վերցնել ափի մեջ

Ընդհանրապես ես շատ եմ սիրում ամեն ինչ «վերցնել ափի մեջ»։ Հիմա բացատրեմ, թե ինչպես է դա աշխատում։ Օրինակի համար, ահա ավտոմեքենան՝ մարդկության հրաշալի գլուխգործոց։ Ոմանց համար ուղղակի փոխադրամիջոց։ Նստեցիր, գնացիր, հասար, և վերջ։ Ոմանց համար այն ավելին է, քան հասարակ փոխադրամիջոցը։ Ոմանք դրանով գումար են վաստակում, ոմանք ուղղակի վայելում են այն, ոմանց էլ բաժին է հասել մեքենան պատրաստելու կամ վերանորոգելու գործը։ Դրա համար պետք է իմանալ, թե այն ինչերից է բաղկացած, և որ մասն ինչի համար է։ Ես այնքան էլ չեմ սիրում ավտոմեքենաներ։ Մեքենաներ չսիրելուց բացի, իմ մեջ մի հատկություն էլ կա, դա՝ տարբեր իրեր, երևույթներ ու, ինչու չէ, նաև շնչավոր արարածներին հասկանալն է։ Հիմա հարց կառաջանա, թե ի՞նչ է նշանակում հասկանալ իրը կամ երևույթը։ Իրականում, ինչ-որ բան հասկանալը ամենաբարդ գործերից մեկն է։ Ինչպե՞ս է աշխատում ավտոմեքենան, ինչո՞ւ և ինչպե՞ս է համակարգիչը գրավում մարդկանց, անգամ՝ ինչո՞ւ են մարդիկ պատերազմում։ Այդպիսի հարցերի պատասխանները գտնելու համար ես մտովի դնում եմ ափի մեջ։ Ես հենց այնպես չնշեցի ավտոմեքենան։ Ինքան էլ ես չսիրեմ այն, ինձ հետաքրքրում է դրա կառուցվածքը։ Այն հասկանալու համար ես վերցրեցի ավտոմեքենան ձեռքիս մեջ։ Այսինքն՝ պատկերացրի մեքենայի փոքր տեսակը ափիս մեջ։ Ահա այն։ Սկզբից նայում եմ արտաքին տեսքին՝ հասարակ երկաթե տուփ։ Բացում եմ նրա այսպես կոչված «կապոտը» ու սկսում եմ ուսումնասիրել։ Հետո հանեցի, դրեցի, անգամ մեքենան կիսեցի երկու մասի ու մոտավորապես հասկացա նրա կառուցվածքը։ Այսպես «սքան արեցի» տարբեր իրեր, երևույթներ և այլն։ Միայն պատկերացրեք, ձեր ձեռքի մեջ մոլորակի մի հատվածն է, որի վրա ամպ է։ Դուք տեսնում եք անձրևի մինի տեսակը ձեր ձեռքի ափի մեջ։ Դրանից հաճելի բան կա՞։
Մի օր փորձեցի ուսումնասիրել մի արարածի, որն իմ կարծիքով աշխարհի ամենաբարդ ու միաժամանակ ամենապարզ բանն է։ Եվ այսպես՝ մարդ: Ի՞նչ է արել մարդն իր գոյության ընթացքում։ Պարզապես պատասխանել է իրեն հուզող հարցերի։ Ինչպե՞ս արագ տեղափոխվել, ինչպե՞ս հասնել երկինք, անգամ մեզ համար հասարակ թվացող՝ ինչպե՞ս չմրսել։ Միաժամանակ մարդն ամենաբարդ ու անկանխատեսելի արարածն է։ Ինչո՞ւ են մարդիկ ընկերանում, ինչո՞ւ են բաժանվում, դավաճանում և այլն։ Այս ամենի մասին մտածելուց հետո հասկանում եմ մի ոչ այդքան հաճելի փաստ։ Ես էլ այդ պարզունակ ու հասարակ արարածներից մեկն եմ։ Ու եթե ինձանից հարյուր անգամ խելացի գիտնականները չգիտեն այդ հարցերի պատասխանները, ապա ես դեռ շատ մեծ ճանապարհ պետք է անցնեմ դրանք իմանալու համար։

Երկու հայացք

Բեմից

-Երեխե՛ք, նստե՛ք, շարժվում ենք:

Մեր պարի համույթը նստեց ավտոմեքենան, և ուղևորվեցինք Ստեփանավան:

-Լի՛լ, արդեն շարժվել ենք, դու գալու ես չէ ՞ համերգին,- միանգամից զանգեցի նոր ընկերուհուս:

Լիլիթը Ստեփանավանից է: Հոկտեմբերին էր, երբ Պատանի թղթակիցների մեդիա ճամբարի ընթացքում ծանոթացա և մտերմացա նրա հետ: Այնպես ստացվեց, որ մենք մի շաբաթ շարունակ արթնանում էինք նույն սենյակում: Եվ ահա ճամբարից մի քանի շաբաթ հետո ես պարի համույթով գնում էի Ստեփանավան: Լիլիթին տեսնելու լավ առիթ էր, և ես որոշեցի այն բաց չթողնել ու հրավիրեցի նրան համերգի:

Ավտոմեքենան կանգնեց…
-Արդեն հասե՞լ ենք, էստե՞ղ ենք պարելու, հա՜ ճիշտ ա, էն էլ Լիլիթը,- դուրս գալով ավտոմեքենայից՝ գնացի, ավելի շուտ վազեցի Լիլիթի մոտ: Նա ինձ ընդառաջ եկավ, չէ ավելի շուտ նա էլ ինձ նման վազում էր: Այդպես գրկեցինք միմյանց ու դեռ կարոտներս չառած բաժանվեցինք իրարից, քանի որ պետք է վերադառնայի խմբի մոտ: Մեզ ուղեկցեցին հանդերձարան: Անկեղծ ասած, այն սենյակները, որտեղ զգեստափոխվում ենք մարզկենտրոններում կամ գյուղերում համերգներ տալիս, մենք կոչում ենք հանդերձարան, սակայն իրականում հանդերձարաններ համարյա ոչ մի տեղ չկան: Սենյակի կահավորումից ենթադրեցի, որ սա ինչ-որ դասասենյակ է` երևի նկարչության: Բայց մեզ համար ստեղծել էին բոլոր հարմարությունները: Կար էլեկտրական տաքացուցիչ, և սենյակը բավականին տաք էր: Հանդերձարանը համերգների, ներկայացումների ժամանակ շատ կարևոր է, սակայն դրա կարևորությունը ելույթ ունեցողներն են միայն հասկանում, իսկ դահլիճում նստածների համար դա կարևոր չէ, երևի այդ պատճառով էլ այդ մասին ուշադրություն դարձնող չկա: Գնացինք կուլիսներ` բեմը մի փոքր ուսումնասիրելու համար: Այն բավականին մեծ էր, որոշ չափով նմանվում էր Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բեմին: Ասեմ, որ սա էլ շատ կարևոր է: Երբեմն բեմն այնքան փոքր և անհարմար է լինում, որ ստիպված ես ելույթիդ մեջ որոշ սահմանափակումներ անել, փոփոխել: Եկավ մեր հերթը, հնչեց երաժշտությունը և սկսեցինք պարել: Մենք վերջինն էինք, բայց դահլիճը լիքն էր, մարդիկ դեռ չէին հեռացել: Ընդհանրապես շատ է եղել երբ վերջինն ենք պարել: Եվ հաճախ դահլիճը արդեն դատարկ է լինում, քանի որ, շատերը իրենց բարեկամների ելույթից հետո գնում են և հաջորդ համարները չեն դիտում: Իսկ այս հանգամանքը ամենավրովվեցուցիչն է: Պատկերացնո՞ւմ եք. Եկել ենք հեռու տեղից, ժամերով նախապատրաստվել ենք, սպասել մեր հերթին, իսկ երբ բեմ ենք բարձրացել, աչքի պոչով նայել դահլիճին, որպեսզի ոգեշնչվենք, բայց դահլիճը համարյա դատարկ է եղել: Ես համարյա բոլորի անունից պետք է ասեմ ու խնդրեմ. հանդիսատեսը ներկայացման կամ համերգի ամենակարևոր անձն է: Մենք ձեզ համար ենք երգում, պարում, խաղում բեմի վրա, եթե դուք չկաք, կամ չեք լսում ու դիտում, մենք հուսահատվում ենք: Անկախ բոլոր հանգամանքներից, դուք միշտ ջերմացնում եք մեզ: Չեք պատկերացնի, ինչքան հաճելի է, երբ մոտենում են և ցանկանում են նկարվել կամ հարցուփորձ են անում` թե որտեղից ենք, ով է մեր ղեկավարը, էլ ավելի են ոգևորում ծափողջյունները, որոնց պակասը Ստեփանավանում չզգացինք: Հանդիսատես դաստիարակելն էլ շատ կարևոր է: Սակայն այս անգամ Ստեփանավանում, անկախ ամեն ինչից, դահլիճը չդատարկվեց: Նրանք, ովքեր արդեն ելույթ էին ունեցել, նույնպես դիտում էին, թեև դահլիճում նստելու տեղեր չկային: Սա ինձ շատ դուր եկավ: Այս տարի բավականին շատ ենք ելույթներ ունենում Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում: Եվ մեզ միշտ շատ լավ են ընդունում: Երևի ինչ-որ բան կամաց-կամաց փոխվում է:
Պարելուց հետո գնացինք դահլիճ: Ես նստած աչքերով փնտրում էի Լիլիթին և գտա:

- Մա՛ր, շատ լավ էիք պարում, ապրեք: Հա, էս վարդն էլ քեզ,- ժպտալով դեպի ինձ ձգեց կարմիր վարդը:

Դեռ չէինք հասցրել զրուցել, ու արդեն հրաժեշտ տալու պահն էր:
Վարդը ձեռքիս արագ վազեցի դեպի ավտոմեքենան, և մենք շարժվեցինք:

Արդեն անցել է մի քանի ամիս, բայց վարդը մինչև հիմա պահում եմ: Սա շատ թանկ հիշողություն է Լիլիթից, համերգից և Ստեփանավանից:
Սա էլ մի վերջին խոստովանություն. Մենք` արվեստի մարդիկս, շատ սենտիմենտալ ենք նաև: Ձեր նվիրած ծաղիկները ելույթից հետո շատ երկար պահպանում ենք:

Մարիամ Բարսեղյան
Ք.Վանաձոր

Եվ դահլիճից

-Հա, Մար, անպայման կգամ:

Առավոտյան զանգ ստացա Մարիամից: Նա գալիս էր Ստեփանավան` փառատոնի։ Մարիամի հետ ծանոթացել և մտերմացել եմ Ծաղկաձորում կազմակերպված պատանի թղթակիցների ճամբարի ընթացքում: Մարիամը Վանաձորից է: Հաճախում է պարի, ու ի դեպ, շատ լավ է պարում: Դրանում ես համոզվեցի փառատոնին նրանց ելույթը դիտելուց հետո:
Ի դեպ, նշեմ, որ վերջերս մեր քաղաքում փառատոններ և համերգներ հաճախ են լինում։ Այս անգամ փառատոնին միայն պարի խմբեր էին մասնակցում, իսկ անցած անգամ մասնակիցները և՛ ասմունքողներ էին, և՛ պարողներ, և՛ երգողներ, բացի այդ սա ավելի շատ մրցույթ-փառատոն էր։ Համերգների և փառատոնների ժամանակ դահլիճը միշտ լիքն է լինում, չնայած միշտ չէ, որ մուտքն անվճար է։ Օրինակ փառատոնների ժամանակ անվճար է, իսկ համերգներինը` ոչ միշտ։ Ֆիլմերի ցուցադրություններն էլ են շատացել։

Փառատոնները միշտ լավ են կազմակեպվում, ինչպես և այս մեկը։ Անշուշտ ես հուզվում էի փառատոնի ժամանակ։ Անընդհատ Մարիամենց ելույթին էի սպասում։ Ըհը, վերջապես հաղորդավարը հայտարարեց Մարիամենց խմբի անունը։ Ողջ պարի ընթացքում Մարիամին էի նայում, նա շատ լավ էր պարում։ Ելույթից հետո ուզում էի, որ բոլորը բարձր ծափողջույններով ճանապարհեին Մարիամենց, ուզում էի, որ բոլորը «բրավո» գոչեն, որպեսզի նրանց խումբը ոգևորված և մեր հանդիսատեսից գոհ գնար քաղաքից։
Ասեմ, որ հեշտ է հանդիսատեսի դերում լինելը, ինչը չեմ կարող ասել ելույթ ունեցողի մասին։ Ես դա սեփական մաշկիս վրա եմ զգացել։ Ինքս բեմում և՛ պարել եմ, և՛ երգել, և՛ նվագել։ Բայց ամենից շատ հուզվել եմ դաշնամուր նվագելիս, այնքան, որ նույնիսկ մի անգամ ելույթս վերջացնելուց հետո արագ- արագ վազել եմ ետնաբեմ` չնկատելով եղբորս, որը ցանկանում էր ինձ ծաղկեփունջ նվիրել։ Վախիս ու անուշադրությանս պատճառով ես ետնաբեմում ստացա այդ ծաղկեփունջը։ Ես էլ Մարիամին մի գեղեցիկ վարդ նվիրեցի: Մենք նույնիսկ չհասցրինք նորմալ կարոտներս առնել, քանի որ նրանց գնալու ժամանակն էր արդեն։ Ես հրաժեշտ տվեցի նրան ու գնացի տուն։

Երկու ամիս էր անցել փառատոնից, և Մարիամից իմանում եմ, որ վարդը դեռ մնում է, դեռ ոչ մի թերթ վայր չի ընկել։ Ես շատ ուրախացա, որ նվիրածս վարդը այսքան ժամանակ Մարիամը դեն չի գցել, և նաև զարմացա, որ ոչ մի թերթ չի ընկել։

Լիլիթ Սուքիասյան
Ք.Ստեփանավան

«Ոտքի կանգնեք. Նա արժանի է դրան»

Աշխեն Մարգարյան` մարդ ով օրինակ պետք է ծառայի ամեն մեկի համար: Այս կյանքով լեցուն կնոջ մասին ես շատ եմ լսել, նրա մասին բոլորը գիտեն: Նա թխում է խմորեղեններ տարբեր առիթներով: Սկսել է իր գործը միայնակ, իսկ այժմ ունի արտադրամաս: Իսկ թե որն է նրա հաջողության գաղտնիքը և այլ մանրամասներ, դուք կիմանաք իմ հարցազրույցից: Կարդալով այս հարցազրույցը, դուք կունենաք տարբեր ապրումներ, որ ես եմ զգացել: Հաճելի ընթերցում:

-Մենք գիտենք, որ Դուք տարածաշրջանի լավագույն թխվածք թխողներից եք: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Իմ հաջողության գաղտնիքը իմ աշխատասիրությունն է, նպատակասլացությունը և կամքի ուժը: Ցանկացած աշխատանք պահանջում է աշխատասիրություն: Ես իմ բոլոր աշխատանքներում հոգի եմ դնում և սիրով պատրաստում: Հիմա շատ դժվար է ապրել և աշխատել: Բայց, փառք Աստծո, ոտքս անդամահատելուց հետո ես սկսել եմ աշխատել ինքնուրույն` արդեն 11-րդ տարի է: Ես, երբ որ 24 տարեկանում մտնում էի խանութ, տեսնում էի տորթերը, զարմանում էի, ինձ թվում էր, դա մարդ արարածը չի կարող պատրաստել. դրանց մեջ մի հեքիաթային բան կար: Տանը թխելով, իմ սխալների վրա սովորելով, հասել եմ այս արդյունքին: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը գնահատում է իմ աշխատանքը: Ինձ համար դա ամենակարևորն է:

-Պատմեք մի փոքր ձեր մասին: Օրինակ, ինչպիսի՞ն էիք երիտասարդ հասակում, ի՞նչ երազանքներ ունեիք և այլն:

-Իմ մանկությունը շատ արագ է անցել: Երազել եմ ունենալ մասնագիտություն: Հիմնականում ինձ ձգում էր երաժշտությունը: Ստացել եմ երաժշտական կրթություն`5 տարի նվագել եմ քանոն: Հայրս մահացել է, երբ ես երեք տարեկան էի, իսկ մայրս չի կարողացել հասցնել լիարժեք կատարել իր պարտականությունները: Ելնելով սոցիալական վիճակից, այլևս չեմ հաճախել երաժշտական դպրոց: Դժվարություններ, դժվարություններ հաղթահարելով` դպրոցն ավարտել եմ: Սիրել եմ երաժշտությունը, շա~տ եմ սիրել ու հիմա էլ եմ սիրում: Իմ հանգստի ժամին միշտ երաժշտություն է իմ կողքին լինում: Դրանից հետո զուտ սոցիալական պայմաններից ելնելով՝ չեմ շարունակել այդ ուղին: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա` աղջիկներ: Իսկ հիվանդությունս փոքր հասակից եկած հիվանդություն էր՝ տանջվելով ինձ հետ բերեցի, մինչև որ հասավ անդամահատման: Երիտասարդությունս այդքան էլ լավ և հարթ չի անցել՝ դժվարություններով և դրանք հաղթահարելով:

-Իսկ ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:

-Շա՜տ եմ սիրում կիթառ: Երազում եմ կիթառ սովորել: Լսում եմ Ռուբեն Հախվերդյանի երգերից: Մի անգամ ամուսնուս հետ գնացինք Ռուբեն Հախվերդյանի համերգին: Նա, երբ եկավ բեմ, հարցրեց. «Պատրա՞ստ եք մինչև առավոտ լսել ինձ»: Մենք բոլորս զարմացած էինք, բայց միևնույն ժամանակ, ուրախ: Լսում էինք, լսում և անդադար հիանում նրանով: Արդեն ուշ գիշեր էր: Հանկարծ այլևս ձայն չլսվեց, բոլորս տարակուսած նայեցինք միմյանց` Ռուբեն Հախվերդյանը այնքան էր հոգնել, որ քնել էր կիթառի վրա: Մենք բարձր ծափահարեցինք նրան և դուրս եկանք: Դա շատ հիշարժան օր էր ինձ համար:

-Հիշո՞ւմ եք ինչից եք սկսել ձեր գործը, ո՞րն էր ձեր առաջին պատվերը:

-Մինչև իմ հիվանդանալը կյանքով լեցուն կին եմ եղել: Ես հանգիստ չեմ ունեցել` աշխատել եմ, շարժվել եմ, որտեղ էլ որ եղել եմ, ինձ համար հարմարավետ պայմաններ եմ ստեղծել: Բայց հետո կյանքի դժվարությունները ինձ արդեն շատ կարևոր որոշման առաջ կանգնեցրին. հանկարծակի որոշվեց, որ եթե կա կյանքի ու մահվան խնդիր, ապա պետք է հեռացվի ոտքս: Ես դա չէի ընդունում: Առանց ոտքի ես չէի ուզում ապրել: Նայելով ու լսելով ընտանիքիս խնդրանքը, երեխեքս ասում էին, որ մեզ պետք ես, որոշեցի համաձայնվել անդամահատման: Իմ ոտքը անդամահատեցին: Ես չէի հարմարվում դրան ընդհանրապես. խելագարվում էի: Հետո երեխաներս ինձ էնքան ուժ տվեցին ապրելու: Հուսահատությունից անգամ ինքնասպանության փորձ եմ կատարել: Բայց հիմա արդեն շատ գոհ և երջանիկ եմ կյանքից և իմ ընտանիքից: Մի ժամանակ, որ հաշմանդամ չէի, մտածում էի՝ ոտքը կտրած մարդիկ ապրում են, էլի, ի՞նչ ա եղել: Մի ոտքի վրա մենք «կլաս» չէի՞նք խաղում, չէի՞նք թռվռում… Բայց դա այդպես չի, ես անգամ թշնամուս չեմ ցանկանա: Բայց դե կյանք ա, ոչ մեկն էլ ապահովագրված չի, թե վաղն ինչ կլինի իր հետ: Մոտ 4-5 ամիս անց վիրահատությունից, մի գեղեցիկ օր ծնվեց թոռնիկս` հոկտեմբերի 2-ին: Առավոտը ժամը 7-ին հիվանդանոցից զանգ են տալիս ինձ, և աչքալուսանք են տալիս, ու ես մոռանում եմ, որ ես հաշմանդամ եմ, որ անկողնուց դուրս չեմ եկել արդեն 4-5 ամիս: Հանկարծ զգացի մի տարօրինակ զգացում: Դուրս եմ գալիս անկողնուց, և ասում եմ. «Բերեք ինձ մոտ՝ ինչ կասեմ»: Պատրաստում եմ խմորեղեն, որպեսզի տանեն հիվանդանոց: Առավոտյան ժամը 6-ին խնդրում եմ ինձ տանել Նորավանք՝ մոմ վառելու և աղոթելու: Հարազատներս զարմացել էին: Բարեկամս ասաց.
- Դու միայն վեր կաց, ես քեզ անպայման կտանեմ:

Իմ թոռնիկը ինձ ապրեցրեց և կյանքի կոչեց: Ինձ օգնել են՝ մոմ եմ վառել և դրանից հետո եկել եմ ու սկսել եմ աշխատանքս տնից: Այնուհետև տեղափոխվել եմ այս տարածք: Բարի մարդկանց հետ շփվելով, ուսուցիչներիս խրատները հիշելով սկսել եմ աշխատել ու ապրել: Մինչև երկու տարի առաջ ես ինձ վարպետ չէի համարում: Ուսանողները հարցնում էին՝ ձեզ վարպետ ասե՞նք, իսկ ես չէի համաձայնվում: Իսկ այժմ ես կարող եմ ցանկացած աշխատանք կատարել և կրել Վարպետի լիարժեք կոչումը:

-Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր աշխատանքի առավելությունը կամ ինչո՞վ է ձեր աշխատանքը տարբերվում մյուսների աշխատանքից:

-Ես չեմ կարող ասել, որ իմ աշխատանքը տարբերվում է մնացածների աշխատանքից, քանի որ մարդ եթե ինչ-որ բան սիրով է անում, հոգի է դնում, դա լավ աշխատանք է:

-Ո՞րն է Ձեր երջանկության բանաձևը:

- Իմ երջանկությունը դա իմ ընտանիքն է` նրանց առողջ և երջանիկ տեսնելը: Ես երջանիկ եմ, որ կան այնպիսի մարդիկ, որ գնահատում են իմ աշխատանքը:

-Ունե՞ք հուզող խնդիրներ:

- Իհարկե, հուզող խնդիրներ շատ կան: Առաջին հերթին ինձ հուզում է մեր բանակի վիճակը, դիրքեր պահող և ծառայող զինվորների առողջությունը: Ինձ համար ցավալի է ամեն մի զինվորի մասին վատ լուր լսելը: Ճիշտ ա, ես տղա չեմ ունեցել, որ գնար դիրքեր, բայց ես հասկանում եմ բոլոր մայրերին:
Ես զինվորներին օգնելու և քաջալերելու համար ամեն տարի Ամանորին մեր պատրաստած խմորեղենն եմ ուղարկում, ամսի 28-ին բարձրանում ենք դիրքեր: Բոլորը արդեն գիտեն և սպասում են, որ ես ամեն տարի պետք է իմ խմորեղենով նրանց հյուր գամ, գեներալից ստացել եմ շնորհակալագիր` զինվորի կողքին լինելու և հայրենիքին օգնելու համար: Այդ պահը ինձ համար շատ հուզիչ պահ էր: Ճիշտ է, ես ուժեղ կին եմ, բայց երբ գեներալը շնորհակալագիրը հանձնելիս ասաց. «Ոտքի՛ կանգնեք, զիվորներ, նա արժանի է դրան»,-ես չկարողացա զսպել ինձ: Ես շատ եմ ուզում, որ մեր դիրքերը խաղաղ լինեն: Դա է ինձ հուզող խնդիրը:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք արտերկրում աշխատողներին: Կարելի՞ է արդյոք այսօր ապրել և գործունեություն ծավալել Հայաստանում:

-Իհարկե կարելի է: Երբ մարդը իրոք ուզենա աշխատել, կարող է ցանկացած տեղում աշխատել և ստեղծագործել: Ես, որ հաշմանդամ կին եմ և կարողացել եմ իմ արտադրամասը ստեղծել և աշխատել, ապա բոլորը կարող են: Ոչ ոք ինձ առավելություն չի տվել, որպեսզի ես աշխատեմ: Ամեն ինչ ես ինքս եմ ստեղծել` հարկային դաշտում եմ, մուծում եմ հարկեր, տարածքը ես ինքս եմ ձեռք բերել: Այս կարգավիճակում ինձ համար էլ հեշտ չի աշխատելը, բայց երբեք չեմ զանգի ինչ-որ ղեկավարի, ասեմ գիտե՞ք ինչ, ես հաշմանդամ եմ, խնդրում եմ ինձ հացի փող տվեք, դա իմ սկզբունքներին դեմ է: Մարդկանց թվում է, թե մի անգամ աշխատելով պետք է տուն կամ մեքենա գնեն… Չէ, այդպես չի լինում: Այս տորթերից մեզ գումար չի հասնում: Չեն աշխատում, համբերություն չունեն, մի դժվարության հանդիպելով ասում են՝ վերջ, չի ստացվում, և հետո էլ իբրև գործ չկա: Ամեն ինչ չի, որ պատրաստ սկուտեղի դրված է: Ծանոթներիցս մեկի դուռը թակել են, փող էին ուզել: Դե էդ կինը խղճացել էր և ասել, որ նկուղում շշեր կան դրված, վերցրեք, տարեք հանձնեք, փողը պահեք ձեզ, և ի՞նչ էին պատասխանել դռան ետևից. «Մենք հո ձեր շիշ հավաքողը չե՞նք»: Ամեն տեղ մուրացկաններ են և փող են մուրում: Աշխատանք կա, աշխատող չկա:

- Եվ վերջում, ի՞նչ կուզենայիք ավելացնել Ձեր մասին:

-Ես կուզենամ, որ իմ աշխատանքը էլ ավելի բարգավաճի, որպեսզի աշխատատեղեր տրամադրեմ բոլոր փնթփնթացողներին, ովքեր ասում են՝ աշխատանք չկա:

Տիկին Աշխենի մասին պետք է իմանան բոլորը: Նա իրոք արժանի է այդ գովասանքին: Զարմանալին այն էր, որ երդվել էր այլևս ոչ-ոքի հարցազրույց չտալ, բայց կարդալով իմ նյութերը և տեսնելով իմ տարիքը, որ ես այս տարիքում հետաքրքրվում եմ իրենով, համաձայնվեց: Ես շատ բան սովորեցի այս հարցազրույցից և տիկին Աշխենից:

Հա քիչ մնաց մոռանայի: Ինչպես նշել էր տիկին Աշխենը, ինքը շատ է սիրում կիթառ և մանկուց երազել է կիթառ նվագել, իսկ քույրս միշտ ցանկացել է խմորեղեն թխել սովորել…Դե ինչ, կարծում եմ հասկացաք՝ ինչ պատահեց հետո: Մենք եկանք փոխհամաձայնության:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ոչ բարով արագիլը

-Լաուր, վերջապես դու էլ դարձար 16 տարեկան, շնորհավոր,- Լաուրան երևի մեր դասարանի ամենափոքր աշակերտն է, և բոլորս սպասում էինք հենց նրա ծննդյան օրվան, որ վերջապես թեկուզ մի քանի օրով նա դառնա մեր տարիքին, քանի որ այդ տարի գրեթե բոլորս դառնում էինք 17 տարեկան:

-Տասնվե՜ց, տասնվե՜ց, տասնվե՜ց, չիմացանք, թե ինչպես գլորվեց…,- սկսեց երգել Լաուրան, ով ամեն անգամ 16 թիվը լսելիս սկսում էր երգել այս երգը… Նույնիսկ արդեն անտանելի էր դարձել, և բոլորս զգուշորեն, կամ թաքուն էինք ասում այդ թիվը:

-Մերոնք նոր ծնված երեխուն ոնց էլ չեն վախեցել ու տանը մենակ են թողել,- ասաց Լաուրան, ով հենց իրեն նկատի ուներ, քանի որ այնպես էր ստացվել, որ իր ծնողները այդ օրը տանը չէին լինելու, իսկ Լաուրայի ծնունդը նշելու էին հաջորդ օրը,-աղջիկներ, պարապմունքներից հետո եթե ազատ լինեք, եկեք մեր տուն «գործ» անելու, համ էլ ծննդիս օրով մենակ չեմ լինի:

Ամենամոտը Լաուրիկենց տանը ապում էինք ես, Սվետան և Մանեն: Մանեն Երևանում էր, այնպես որ ես և Սվետան երեկոյան այցելեցինք հոբելյարին: Նախ գնացինք մի քիչ առևտուր արեցինք… Մեզ հարիր առևտուր, այսինքն՝ քաղցրեղեն, հետո գնացինք տուն ու անցանք գործի… Ավելի ճիշտ, անցան գործի, քանի որ ես հիմնականում նկարում կամ խանգարում էի, բայց ինձ համար էլ գործ ճարեցին, այնպես որ ես ադիբուդի էի պատրաստում: Քանի որ մնացած մանրամասնությունները չեն հետաքրքրի, անցնեմ բուն նյութին:

Զանգ է գալիս տան հեռախոսին, Լաուրան պատրաստվում է վերցնել այն, երբ … «Բարով արագիլ, բարի արագիլ»… Չէ, երբ հիշում եմ, զգում եմ, որ այդ բառերը երգվում էին մեր համար ոչ այնքան բարով, քանի որ ձայնը գալիս էր շատ խուլ տեղից ու անընդհատ կտրտվելով, և բացի այդ հիշեցնեմ, որ այն գալիս էր հեռախոսից:

-Երեխեք, էս ի՞նչ ա, վախենում եմ,- անկեղծ ասած իրոք վախեցել էինք:

-Լավ, ինչի՞ եք վախենում, կարող ա` գլխներիս սարքում են,- փորձում էինք իրար հանգստացնել, երբ քիչ անց նորից զանգ եկավ ու նորից նույն ձայնը:

-Ո՞նց, էս ձենը հեռախոսը դեռ չվերցրած էր գալի՞ս, մամայիս եմ ուզում,-արդեն իրոք վախեցած ասացի ես, որ քիչ առաջ փորձում էի հանգստացնել:

-Լավ սպասեք, խուճապի չենք մատնվում, ամեն ինչ լավ ա, հիմա գնում ենք հեռախոսի մոտ ու հասկանում, թե ինչ ա խախտվել դրա մեջ,-փորձում էր սառնասրտությունը չկորցնել Սվետան:

Խիզախություն ենք հավաքում և նորից գնում հեռախոսի մոտ, երբ զանգում են, բաց այս անգամ սկսում է ինչ-որ տատիկ խոսել:

-Հա, երեխեք, էս հաստատ ինքնապատասխանիչն ա միացել,-ուրախացած ասաց Լաուրան ու շունչ քաշեց, բայց երբ էլի միացավ «Բարով արագիլը», երեքով վազեցինք խոհանոց ու դուռը փակեցինք:

Լաուրան որոշեց զանգել ծնողներին, իմանալու, թե երբ են գալու, և պարզվեց, որ մեքենայի միջից զանգելով տան հեռախոսին, իրոք, մի քանի զանգից ավտոպատասխանիչն է միացել, իսկ երգը ուղղակի մեքենայի միջից եկող ձայնն է եղել: Դե հանգստացանք, ու որոշեցինք, որ ես ու Լաուրան տանում ենք Սվետային ճանապարհելու:

-Սպասեք, բա ճանապարհին ինչո՞վ ենք զբաղվելու,-ասացի ես ու վերցրեցի հացամանը, որի մեջ լցնում էի ադիբուդին, որ հովանա,-այ հիմա գնացինք:

Արդեն բավականին մութ էր, այնպես որ մենք և մեր ադիբուդով լիքը հացամանը չէինք երևում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենա էր անցնում, և լույսերը ընկնում էին մեր վրա:

-Պահի էդ հացամանը, խայտառակ եղանք,-ասում էր Լաուրան, իսկ ես ծիծաղելով ասում էի.

-Վերջը…

-Չասես,-հասկանալով ինչ եմ պատրաստվում ասել, ասաց Լաուրան:

-Էսօր դարձար…

-Ասացի` չասես.: Սվետա, պահիր ինձ:

-16 տարեկան:

-Տասնվե՜ց,տասնվե՜ց, տասնվե՜ց…