boris israyelyan

Մեկ օր զորամասում

Առաջին անգամ գնում էինք զորամաս համերգի: Առաջին անգամ շփվելու էինք զինվորների հետ: Մի փոքր կաշկանդվում, մի փոքր էլ ամաչում էինք: Երբ հասանք զորամաս, արդեն մեզ զգում էինք պատանի զինվոր, կարծես որոշ ժամանակով մտանք այլ կյանք: Սպաներն էլ, զինվորներն էլ շատ բարեհամբույր ընդունեցին մեզ, օգնեցին նախապատրաստական  աշխատանքներին: Երբ արդեն սկսում էինք համերգը, գնդապետը շարեց ամբողջ զորքին և ընկերական ասաց.

-Այն զինվորը, որ չպարեց և չուրախացավ, խստիվ պատժվելու է:

-ՈՒռա՜, ուռա՜, ուռա՜,- գոռացին զինվորները, և սկսվեց համերգը:

Բոլոր զինվորները պարում, ուրախանում էին, իսկ այն զինվոները, որոնք վերակարգի էին, ժամանակ առ ժամանակ նայում էին պատուհանից, չէին ցանկանում բաց թողնել համերգը:

Զինվորները անչափ ուրախ էին: Համերգի ավարտից հետո մոտեցանք նրանց, ծանոթացանք: Ես կարճ զրուցեցի տղաներից մեկի հետ, որն ապրում էր Գյումրիում:

–Բարև, ախպերս:
–Բարև, ապ:
–Ո՞նց ես, ախպերս:
–Լավ, ապ, դու ի՞նչխ ես:
–Լավ… Բա ի՞նչ կա բանակում:
–Ապ, շատ լավ է… Հիշի, ապ, էն տղեն, օր չծառայե իր հայրենիքին, ուրեմն հայ տղա չէ…

Հետո հրամանատարը մեկ ժամ տրամադրեց, որպեսզի շրջենք զորամասով: Մի քանի զինվոր մեզ ցույց տվեցին զորամասը: Երբ հասանք թեյարան, զինվորները մեզ հյուրասիրեցին պաղպաղակ, հյութ, քաղցր ձողիկներ:

Հետո հրամանատարը մեզ հրավիրեց ճաշարան ճաշի: Մտանք ճաշարան, լվացվեցինք և նստեցինք սեղանի շուրջ զինվորների և սպաների հետ: Սպաները շնորհակալություն հայտնեցին համերգի համար:

Երբ արդեն գնալու ժամանակն էր, բոլորս տխրեցինք, ասես զորացրվում էինք…

Մեր հայրերը, եղբայրները, մեր ընկերները

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

28-ը հունվարի 2015թվական… Օձունի թիվ 1 դպրոցի 10-11-րդ դասարանների աշակերտներ… Մենք 11-րդ դասարանի աշակերտներով կազմակերպել էինք բանակի օրվան նվիրված միջոցառում: Երբ այդ մասին տեղեկացրեցինք տնօրինությանը, նրանք առաջարկեցին կազմակերպել մեծ միջոցառում, որին հրավիրված էին նաև Վանաձորի  N զորամասի ներկայացուցիչները: Մենք այդ օրը հագել էինք զինվորական համազգեստ, ինչը մեզ ավելի էր ոգեշնչում և մի քանի ժամով մեզ զգացինք այնպես, ասես մենք ևս սահմանին կանգնած զինվորներ ենք:

Հիշում եմ, երբ մեր ջոկատի  կամ դասարանի  հումորային մանրապատումը  ներկայացնելու  ժամանակն էր, ոչ-ոք չէր պատկերացնում, որ դպրոցից դուրս են գալու 9 զինվոր: Ներկայացնեմ, թե քանի շարքային, սերժանտ ու սպա ունեինք մեր ջոկատում: Եվ այսպես, մեր ջոկատում ունեինք 7 զինվոր, 1 կրտսեր սերժանտ և 1 կրտսեր լեյտենանտ:

Մեր զինվորները նորակոչիկներ էին, ովքեր ընդամենը  մի քանի օր էր, ինչ զորակոչվել էին ծառայության: Ես այդ ջոկատի, կամ ավելի պարզ ասեմ, այդ դասակի հրամանատարն էի: Դե երևի հասկացաք, որ ես կրտսեր սերժանտն էի ու  պետք է նրանց սովորեցնեի սպային դիմելու ձևը, նրանց հետ խոսելը, շարքից դուրս գալը: Առավոտյան անվանականչի ժամանակ մեզ մոտեցավ կրտսեր լեյտենանտը, ով ստուգեց տղաների հիգիենան և նրանց դիմելաձևը: Մեր կազմակերպած հումորային ծրագիրը ներկայացնեմ նաև ձեզ, որպեսզի ավելի պարզ և հասկանալի լինի.

Եվ այսպես, կրտսեր լեյտենանտը  դիմում է լոռեցի զինվորին.

-Շարքային  Մելիքյան,- զինվորը չպատասխանեց:

Սպան 2 անգամ նրան դիմելուց հետո, հանկարծ տղան շարքից բղավեց.

-Ա դե,  ես եմ, էլի՜…

Դպրոցի աշակերտները ծիծաղեցին, բայց ինչպես մեզ էր ասված, մենք իրավունք չունեինք անգամ աննկատ ժպտալու:

Մյուս զինվորին ստուգելուց պարզվեց, որ զինվորը մազերը չէր կտրել: Սպան զինվորին.

-Զինվոր, ինչո՞ւ մազերդ կտրած չեն:

Զինվորը պատասխանեց.

- Սենց լավ ա, գլուխս չի մրսում:

Սպան հրամայեց վերացնել թերությունները, և գիտեք ի՞նչ պատասխան տվեց զինվորը կրտսեր լեյտենանտին.

Զինվորը, ով ևս լոռեցի էր, պատասխանեց.

-Ոնց ասես, ցավդ տանեմ:

Բոլոր ծիծաղում էին հումորային դրվագների վրա, սակայն մեզ համար կարևորը զինվորականների կարծիքն էր: Նրանց շատ էր դուր եկել մեր ներկայացումը, անկեղծ ծիծաղում էին, ասես մի փոքրիկ ժամանակահատվածով կտրվել էին բարդ ու լարված ծառայությունից:

Ես ուզում եմ, որ մեր բոլոր զինվորները միշտ իմանան, որ մենք միշտ իրենց կողքին ենք: Չէ որ բանակը հենց մեր եղբայրներն են, հայրերը, մեր ընկերները:

«Սասուն» ջոկատը

Այսօր Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձն է: Առանց իմ ասելու էլ գիտեք: Եվ գիտեք, լսել եք, կարդացել, որ Արցախյան հերոսամարտի առաջին տարիներին, երբ դեռ բանակը չէր ձևավորվել, իսկ թշնամին արդեն սկսել էր պատերազմը, սկսեցին կազմավորվել կամավորական ջոկատներ Հայաստանի տարբեր մարզերից: Գյուղացին ձեռքը զենք վերցրեց իր ազատությունը պահպանելու ու ինքնությունը չկորցնելու համար: Այդ կամավորական ջոկատներից մեկն էլ Հրազդան քաղաքի «Սասուն» ջոկատն էր, որի կազմում էր նաև երիտասարդ հայրս:

1989 թվականին կազմավորվեց «Սասուն» կամավորական ջոկատը: Ջոկատի հրամանատարն էր Սասուն Միքայելյանը, որը ծնվել է Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ Աթարբեկյան), զինվորական կոչումը`մայոր, հենց նա է «Սասուն» երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարը:
«Սասուն» կամավորական ջոկատը 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար) և Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի (Հաթերք, Ումուդլու, Սրխավենդ և այլն), Ասկերանի (Խոջալու), Ֆիզուլիի, Քարվաճառի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի և Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։
Հայրս` Գուրգեն Բաղդասարյանը, ծնված 1967թ. ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժմանը հիմնադրման օրից մինչև 1994 թվականը: Տեսել ու ապրել է այդ գոյամարտերի ահավոր ու սահմռկեցուցիչ, բայց և հայրենիքն ազատագրելու ու պաշտպանելու ահարկու մարտերի մանրամասները: Ջոկատի կազմում մասնակցել է Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, Երասխավանի, Ղափանի ինքնապաշտպանությանը, ԼՂՀ-ի Հաթերքի, Մարտակերտի, Ումուդլուի, Սրխավենդի, Խոջալուի, Շուշիի, Հորադիզի, Օմարի լեռնանցքի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին որպես հրաձիգ: 1993-ին պարգևատրվել է պատվոգրով և Մարշալ Բաղրամյանի մեդալով:
Պատերազմի օրերից անցել են շատ տարիներ… Հորս աչքերի առջևով ամեն առիթի կենդանանում ու կինոժապավենի պես անցնում են պատերազմի դրվագները, մարտում ընկած եղբայրների պատկերները: Նրանք իրենց կյանքը դրին բագինին, հանուն նոր ծնված մանկան, հանուն դողացող ծեր մոր ու սևաչյա հարսի կյանքի:

Հայրիկիցս շատ դժվար է պատերազմի օրերից մի բան «կորզել», կարծես գոցել է իր մեջ ու ոչ մեկին դռնից ներս չի թողնում: Ինձ մի քանի անգամ է միայն հաջողվել մի քանի բառ իմանալ նրանից, մի երկու փոքրիկ պատմություն: Երբ որևէ բան եմ հարցնում, կամ խնդրում, որ մի դեպք պատմի, հանկարծ լռում է, մռայլվում, հայացքն ուղղում հեռուն ու թաղվում դառը հուշերի մեջ: Ընկերներին կորցնելու ցավը սուր է խրում սիրտը: Մինչ օրս պահում է արդեն վաղուց մաշված համազգեստը: Գրպանում մի թուղթ կա, վրան զոհված ընկերների անուններն են: Հարցրի`ո՞ւմ արյան հետքերն են շապիկիդ, ասաց. Անդրեն էր… Ընկավ:
Ասում է, որ իրենց ու Մոնթեի ջոկատները կողք-կողքի են կռվել: «Մի անգամ էլ, հրացանս հանել եմ, որ մեջը մաքրեմ: Դե պիտի կրակես, որ չկրակած փամփուշտները դուրս գան մեջից, էլի: Ես գիտեմ` բոլորը քնած են, ավտոմատս հանեցի ու հավեսով հո չեմ կրակում կողքերս, մեկ էլ լսեմ Մոնթեն գոռում ա. «Տղեեեեեեերք, պառկեք»: Մեկ էլ եկավ, ձեռքը դրեց ուսիս, ասաց. «Եղբա’յրս, փամփուշտներդ զգույշ պահիր»,- ոգևորված հիշում է հայրս:

Մի անգամ էլ պատմեց, որ տանկի նույն արկի պայթյունից վեր շպրտվեցին հրամանատարն ու տղերքից մեկը: Ցավոք, ընկերը զոհվեց: Հրամանատարն իր հարցազրույցներից մեկում ասում է. «Շուշիի ազատագրումը առեղծված էր շատերի համար: Դա նույնն է, թե բարձրանաս շշի վրա ու գրավես այն»: Մարտը տևեց 6 ժամ, որի ընթացքում, նրա խոսքով, 107 տեղից վիրավորվեց: «Սետկա էի դառել: Մինչև հիմա էլ ասկոլկեք կան ներսումս…Բեկորներն էսօրվա իշխանություններից հարազատ են»,-ասում է Սասուն Միքայելյանը:
Եվ կռվում ընկան շատ ու շատ հայրեր ու որդիներ, բայց նրանք անմահացել են մեր սրտերում որպես ազնիվ արծիվներ, որպես կյանքը հայրենիքի ազատագրման զոհասեղանին դրած ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐ:

Այսօր, երբ նշում ենք բանակի հիմնադրման տարելիցը, պետք է հիշենք բոլոր այն հերոսներին, որոնց առողջության ու կյանքի գնով պահպանվեց մեր անկախությունը և ստեղծվեց հայոց բանակը:

Մետրոյի հոտը

Եթե առավոտը արթնանում ես ու  մտածում՝ երբ է գալու գիշերը, որպեսզի նորից քնես, եթե ստիպված տեղիցդ վեր ես կենում այն հույսով, որ վերջապես կմտնես օրվա ռիթմի մեջ, ու միևնույնն է, շարունակում ես հավես չունենալ՝
խոսելու, քայլելու, ժպտալու,  ջուր խմելու, գուլպաներդ հագնելու, հեռակառավարման վահանակը փնտրելու, հեռախոսդ լիցքավորման դնելու, խանութ իջնելու, թեյ խմելու, մտածելու, դասի գնալու, տաք բան հագնելու, որովհետև մրսում ես, սուրճ խմելու, կամ ուղղակի ապրելու, դուրս արի փողոց, խորը շունչ քաշի, մի քիչ քայլիր ու  անպայման մտիր մետրո, ու մի քանի կանգառ շրջիր. հնարավոր է մի բան փոխվի: Վերջերս էս խորհուրդը տվեցի ընկերներիցս մեկին, ու ինքը տրամաբանական հարց տվեց.

-Խի՞, մետրոն ի՞նչ պիտի փոխի:

Պատասխանեցի, որ մետրոն ուղղակի հոտ ունի, ու էդ բուժիչ ա: Լուրջ ընդունեց, ու հնարավոր է հիմա մետրոյում էդ հոտն է ման գալիս: Երևի գտնի, որովհետև աշխարհի բոլոր մետրոները ունեն էդ նույն հոտը: Հնարավոր է` ես սխալվում եմ, որ փորձում եմ աշխարհի բոլոր մետրոները համեմատել մեր՝ միայն մի քանի կանգառ ունեցող մետրոյի հետ, բայց դե, եթե ամբողջ աշխարհում նույնն է սիրո, ատելության, դատարկության, կարոտի, մենակության, հաճույքի կամ վրա հասնող մահվան հոտը, ուրեմն առանց վարանելու կարող եմ հավատալ, որ բոլոր այդ իրար նման վայրերից նույն հոտն է փչում: Փոքր տարիքում արդեն հայտնաբերել էի մետրոյի հոտը, ուղղակի էն տարբերվում էր հիմայի հոտից, որը դուրս գալով խոր գետնում տեղավորված սառնությունից, փայտի, քարերի, նստարանների ու ջահերի միջից, զբաղեցնում էր ինձ մինչ գնացքի ժամանումը: Բայց ավելի ուշ, մի օր շատ պատահականորեն, ինձ համար հայտնաբերեցի մետրոյի` գուցեև իրական հոտը: Հայտնվելով այնտեղ, որտեղ յուրաքանչյուրը սպասում է իր գնացքին, զգում ես, որ տարածության մեջ լող է տալիս մի անգույն ու անձև, ոչ մի տեղ չհայտնվող, չշրջող հոտ, որ դուրս  գալով մարդկանց քունքերից, ձեռքերից, որովայնից, աչքերի միջից, շաղ է տրվում, հպվում պատերին, փայտե նստարաններին, պտտվում ու քսվում ամենուր ու որպես փոշի մնում այդ ամենի վրա: Այն  մարդկանց իրական տրամադրությունների, զգացողությունների, առօրյան մոռանալու և ավելի եթերայինը զգալու հոտն էր: Դա այն մարդու հոտն է, այն իսկական մետրոյականի հոտը, ով ավարտելով իր դասը, գործը, հանդիպումը, քայլելը, մտնում է մետրո ու տրվում ինչ-որ սենտիմենտալ ու մելանխոլիկ զգացողության, ու հենց այդ պահին էլ յուրաքանչյուր ոք տարածության մեջ կարող է նշմարել ու հասկանալ՝ ո՞վ է մետրոյական և ով՝ պարզապես մի վայրից մյուսը արագ տեղափոխվելու ձգտումով լցված մեկը, քանի որ այդ ժամանակ մետրոյականը ակնհայտորեն վերափոխվում է ֆիլմի մի հերոսի. չէ որ այնտեղ՝ֆիլմի մետրոներում, միշտ ինչ-որ բան է կատարվում, հանդիպում ես մեկին, տեսնում ես ինչ-որ բան, մտքումդ ծագում է ինչ-որ հետաքրքիր գաղափար կամ հավանում ես ինչ-որ մեկին, ինչ-որ բան, այսինքն, ցանկության դեպքում շրջադարձային բան անպայման կատարավում է, կատարվում է մի բան, որը նոր փուլ, նոր սկիզբ, նոր արկած, նոր հույսի հիմք է հանդիսանում… Մետրոյի հոտը իրականության մեջ ֆիլմի այդ առավելությունները փնտրելու ու տեսնելու երազկոտ ու մտածկոտ մարդու հայացքի հոտն է, ով սպասելով թունելից դուրս եկող երկու լույսին, մտնում է լուսավորված վագոն ու ոչ մի տեղ չհանդիպող դեմքի արտահայտությամբ սպասում է ինչ-որ բանի… Գուցե սիրո:
…Մարդիկ աշխատում էին համահունչ գնալ եղանակին. չէին ժպտում: Դրսում երևի կգրեի նոյեմբերյան անձրև էր, բայց արտահայտությունը նման կլիներ Guns N’ Roses ռոք խմբի November Rain երգի վերնագրին, դրա համար խուսափելով այդ արտահայտությունից, ուղղակի կգրեմ, որ դրսում անձրև էր գալիս: Եվ հետո, էլ ի՞նչ կապ ունի` փետրվարյա՞ն է, թե՞ նոյեմբերյան, մեկ է, անձրևը միշտ նույն ձևով է գալիս՝ անկախ քաղաքում հոկտեմբերն է, թե՞ նոյեմբերը, աշու՞ն թե գարուն:

Մետրոյի դռները փակվեցին: Սա առաջին կանգառն էր, ու համեմատաբար մարդկանց թիվը շատ չէր ներսում: Բոլորը իրենց կողքիներին ընդօրինակելով լուռ ու անշարժ նայում էին ինչ-որ կետի, մի քանիսը` իրենց հեռախոսների էկրաներին: Հավաքվածների միօրինակությունը խախտում էին ընդամենը մի քանիսը: Մեկը վագոնի ամենավերջում նստած, որից այն կողմ գնացքն արդեն վերջանում էր, հանել էր մի տետր ու առանց գլուխը վեր բարձրացնելու, բառեր էր շարում իրար հետևից, մյուսը սև փոքր պայուսակից հանեց Բուկովսկու գիրքն ու աշխարհի ձայնը անջատած ու անտեսած, մետրոյի արագությանը համընթաց՝ աչքերով բառերը տեղավորում էր իր ներսը: Չնայած շուրթերը չէին շարժվում, բայց սկսեցի կռահել այն տոնայությունը, այն առոգանությունը, որով հավանաբար նա կարդում էր այս բանաստեղծությունը՝

«Վան Գոգը կտրեց իր ականջը ու տվեց մի պոռնիկի,
ով դեն շպրտեց ականջ խորին զզվանքով:
Վան, պոռնիկները ականջի կարիք չունեն:
Նրանք փող են ուզում,
երևի էդ պատճառով ես դու մեծ նկարիչ.
դու ուրիշ շատ բաներ չէիր հասկանում»:

Ինչո՞ւ հենց սա: Չգիտեմ, մի տեսակ մտքիս սա եկավ, գուցե դրան նպաստեց այն հայացքի փոփոխությունը, շնչառության տատանումները, նախադասության աննկատելի դադարներին աչքերում հայտնվող հիացական լույսը, որը վկայում էր բառերի ու դրանց արտահայտող իմաստի հետ չափազանց համաձայանությունը: Գուցե: Մինչև հաջորդ կանգառ փորձեցի արտասանել Բուկովսկու այն բոլոր բանաստեղծությունները, որոնք մտքիս եկան: Հաջորդ կանգառում  համեմատաբար շատ մարդիկ տեղավորվեցին, փակվեց տեսադաշտից Բուկովսկի կարդացող աղջիկը, իսկ այն մյուսը շարունակում էր դեռևս գրել: Շատ էին զույգերով մարդիկ, որոնցից մի տղա ու աղջիկ տեղավորվեցին կողքս՝ իրար ձեռք բռնած ու սկսեցին զրուցել: Մի քանի վայրկյան զրույցից հետո ականջակալները վերցրի ու թույլ տվեցի, որ երաժշտության ձայնը դառնա իմ զրուցակիցը: Իսկ կողքիններիս ձայնը հավանաբար խախտում էր մետրոյի միալար սվվոցը, որը ներխուժում էր մետրոյավարի փոքր սենյակից ու հաջորդաբար անցնելով վագոնները, հպվելով մարդկանց մազերին, ձեռքերին, շուրթերին, ստիպելով նրանց վերջինս ավելի մոտեցնել իրենց խոսակցի լսափողներին: Իսկ ձայնը, հանձնարարությունը համարելով բարվոք կատարված, գալիս ու կանգնում էր վերջին վագոնի ամենավերջին սանտիմետրի մոտ ու դուրս չէր գալիս, մինչ բոլոր վագոններում թողած իր շողքի մնացուկները հասներ ու կպչեր իրեն, իսկ հաջորդ կանգառի դադարի ժամանակ դուրս էր գալիս, իր տեղը հաջորդաբար զիջելով այդ կանգառի աղմուկին, որն էլ, ինչպես նախորդը, անցնում էր այդ նույն ճանապարհով և վերջնականապես վերջնակայանում` իր տեղը զիջում լռությանը:
Ականջակալներս հանեցի: Կողքիններս գնացել էին: Սվվոցը շարունակվում էր: Հաջորդ կանգառում կրկին շատացան մարդիկ, շատ էին ոտքի վրա կանգնողները: Ուղիղ առջևս նստեցին մայր ու աղջիկ: Առաջին վայրկյաններին շունչս տատանվեց, թվաց թե աղջիկը նախկիններիցս մեկն էր, բայց բարեբախտաբար միայն թվաց, քանի որ հայացքս փախցնելու տեղ չէր լինի, իսկ անընդհատ նայել առջևդ ու տեսնել ծանոթ աչքեր, կարծում եմ, կհամաձայնվեք, դժվար է: Համոզվելու համար մի քանի անգամ նայեցի աղջկան. գեղեցիկ էր, հնարավոր է` մի փոքր էլ երկար նայեի, բայց մոր հայացքը կանխարգելող էր: Եվս երկու կանգառ անցանք, ավելացան նորերը, իսկ հներից մեկ-երկուսը դուրս եկան, բոլոր դռների վրա, որոնց վրա գրված էր չհենվել,  հենված էին: Գրողը տանի, հանեք այդ բառերը այդտեղից, ո՞ւմ են դրանք պետք, ո՞վ է դրանց լսում, այն բացի մարդկանց ներսում ըմբոստության մոլուցք առաջացնելուց ոչինչ չի տալիս: Մարդիկ տեսնում են գրված է` չհենվել ու հենվում են, որպեսզի հակադարձեն հենց գրողին, որպեսզի ցույց տան, որ իրենց գոյության ժամանակ ինչ-որ չափով ըմբոստացել են, գործել են հակառակ օրենքի՝ հակառակվելով գրվածին: Չէ՞ որ այդ ամենը հանճարեղ զգացողություն է առաջացնում նրանց մեջ, ինչպես այդ տեսակ գրված ցանկացած բան, ամենուր գրված է՝ չհենվել, չբացել, լռել,  չծխել, չաղմկել, իսկ ի՞նչ ենք անում մենք՝ հակառակը, ու դա մեզ հաճույք է պատճառում: Մենք վերջին ժամանակների մոլուցքով ենք տարվում՝ մեզ երևակայում ենք իբրև չենթարկվողներ՝ թողած չենթարկվելու շատ այլ ավելի հետաքրքիր ու իմաստալից տարբերակներ: Դե, էդ դեպքում եկեք այդ բոլոր գրվածքներից հանենք հրամայական այդ մասնիկը, գուցե, երբ տեսնեն, որ գրված է հենվել, կամ աղմկել ու նման բաներ, մենք հենվենք ու տեսնենք, որ ինչ-որ փոփոխություն տեղի չի ունենում, աղմկենք ու հասկանանք, որ այդպես ականջների համար շատ տհաճ է, դադարենք անել այդ ամենը, դրանց մեջ այլևս հետաքրքրություն չգտնելով, ու դուրս կգա այն, որ ամբոխը կանի այն, ինչը նախնականում ուզում էին այդ ցուցանակները փակցնողները: Մարդիկ հենվելով այդ չհենվել ազդանշող տառերի վրա` ակնհայտորեն թախծում էին, իսկ մետրոյի հոտով համեմված թախիծը  չի հարցնում դու մետրոյական ես թե ոչ, միևնույն է, այն գալիս ու կպնում է քեզ: Բոլորը թախծում են, բոլորը մի տեսակ լուրջ են: Հեռացավ անգամ մետրոյի ամենաուրախ մարդը, ում հաջողվեց վաճառել 3 գրիչ 2-ի գնով ու մի տուփ մաստակ: Մետրոն մոտենում էր ամենավերջին կանգառին, իսկ մետրոյի մարդիկ, եթե իրենց՝ մի տեղից մյուսը տեղափոխվելուց զատ ունեցել էին այլ մտադրութուն, այլ բան իրենց մտքում, այլ բանի հույս ու ցանկություն,  հիմա կամ հուսահատության մեջ են կամ երանության: Այսպիսին է գրողի տարած այդ մետրոն, որից կամ կարող ես քաշել լավագույն մտքերն ու մտադրություննները, մարդկանց, արկածներ ու իրավիճակներ, կամ էլ բացի տեղափոխությունից՝ ոչինչ: Ամեն դեպքում մետրոն միշտ տալիս է քեզ այն, ինչի ձգտումով ոտքդ դնում ես այդտեղ:
Գուցե այսօր ինչ-որ մեկը գտավ մեկին, ում համար բարձրաձայն Էլիոթ կկարդար:

Իմ ժամանակների դեռահասը

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Անո՜ւշ քուն… Ու  մեկ էլ սկսում է զնգալ զարթուցիչը: Բացվում է մի աչքս, ապա մյուսը, ու ձեռքս հազիվ հասցնելով այդ դաժան սարքին, անջատում եմ անտանելի դարձած զռռոցը: Վեր կաց, լվացվիր, հագնվիր ու վազիր դպրոց, որ ուշանաս  ոչ թե 15, այլ գոնե 7 րոպե: Ճանապարհին հասցնում եմ և՛ հանգստանալ, և՛ արթնանալ՝ շնորհիվ  ականջակալներիս ու  իմ ռոք երաժշտության: Հասնում եմ դպրոց: Տեսքս… Չէի ասի, թե շլացուցիչ է, բայց լավ է՝ գզգզված մազեր, ինձանից մեծ հագուստ, իմ սիրելի տղամարդու կոշիկները ու մի քիչ էլ կարմրած աչքեր՝ մի քանի ժամ չքնելու արդյունք:

Դասերը սկսում են 09:00, իսկ ես դպրոց մտա 09:09 րոպե: Հա դե, բան չկա, ինչպես դասղեկս է կատակում՝ «Հիվանդ երեխա է, ըմբռնումով մոտեցեք»:
Առաջին ժամ. նորմալ է անցնում:
Երկրորդ, երրորդ, չորրորդ ժամերը` արդեն մի քիչ  աննորմալ:
Հինգերորդ և վեցերորդ ժամեր. ես արդեն սոված եմ գայլի պես, որովհետև մեր դպրոցում բուֆետ չկա: Հա, դե հիմա կասեք՝ է հաց տար հետդ, սոված չմնաս, ես էլ կպատասխանեմ, որ հաց տանեմ` էլ թեմաս ո՞րն է գրելու:
Յոթերորդ ժամ. ես արդեն ի վիճակի չեմ ո՛չ լսելու և ո՛չ էլ խոսելու:
Ահա դուրս եմ գալիս դպրոցից 15:30, իմ քաշին պայուսակը հազիվ քարշ տալով  հասնում իմ քարի մոտ, որին անվանել եմ «ճաշի քար»: Նստում եմ, թեթև ճաշում եմ 15 երկար ու ձիգ րոպեներ, ապա  15:45 վազում պարապմունքի՝ տևում է 2 ժամ: Ուրախ-ուրախ դուրս եմ գալիս առաջին պարապմունքից, սակայն տան ճամփան բռնելու փոխարեն բռնում եմ երկրորդ պարապմունքիս ճամփան, բայց պատկերացրեք, 20 րոպե մաքուր օդում քայլելը, այն էլ Ամասիայում, կազդուրում է  և ստիպում արթնանալ դեռևս 08:30-ի կիսատ մնացած քնից: Ահա բացվում է դուռը ուսուցչուհուս կողմից, ու մտնում եմ պարապմունքի, որը տևում է ևս 2 ու կես ժամ: Վերջին կես ժամը կանխատեսելիորեն դժվար է անցնում: Ու  20:45 բռնում եմ տան ճամփան ու`

«Սահուն քալերով,
Աննշմար
Իբրև քնքուշ մութի թև…»

մտնում եմ տուն: Միանգամից ընթրում եմ ու պառկում քնելու, բայց ընդամենը 1 կամ առավելագույնը 2 ժամ, որպեսզի հասցնեմ պատրաստել հաջորդ օրվա դասերս ու պարապմունքներս: Իսկ օրվաս այդ հատվածը ես անվանում եմ «գիշերային հերթափոխ»:

Ու ահա ես այսպես անցկացնում եմ  իմ շաբաթվա 5 օրը: Իսկ մնացած երկու օրերից մեկը՝ ամբողջ օրը քնած եմ, իսկ կիրակի, էլի դաս եմ պատրաստում:
Ինչպես նկատեցիք, ես մի քիչ ժամանակ չունեմ զվաճանալու և ուրախանալու դեռահասին վայել ձևով: Մի՞թե երբ ծնողներս խոսում են «…Երբ ես 17 էի, գիտե՞ս ինչեր կենեի…»-, այս նկատի ունեն: Այո, ես 17 եմ, հաստատ  այլ էին պատկերացումներս դեռահասության մասին: Ու երևի սա է դեռահասության համը: Ու  կարծում եմ մեր ժամանակների դեռահասին՝ ինձ, կհասկանան իմ տարեկիցների 99%-ը:

davit ayvazyan

Կարծիքս

Էլի  ես ու իմը, էլի ես ու իմ երկիրը կամ` էլի ես ու իմ քաղաքը:
Առհասարակ յուրաքանչյուր մարդ ձգտում է ունենալ իրենը, ոմանք ինչ-որ բան ունենալը ընկալում են նյութական բան, իսկ ոմանք`էլ ավելի վեհ արժեքներ:
Մի քանիսը նույնիսկ չունեն սեփական կարծիք, վերցնում են ուրիշինը կամ էլ կարծիքը փոխում են մյուսների կարծիքների հիման վրա`կորցնելով սեփական եսը, ու հենց իրենց պատճառով կորցնում են իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը` վախենալով, որ հնարավոր է`իրենց կարծիքը մյուսներին դուր չգա: Մարդկանց մեծամասնությունը չունի նաև սեփական զգացմունք, օրինակ, երբ ինչ-որ մեկին չեն ճանաչում, լսելով նրա մասին վատ կարծիք, սկսում են չսիրել նրան, բայց հետո շփվում ու հասկանում են, որ շատ հաճելի մարդ էր: Կա նաև մարդկանց տեսակ, ով չի կարող կառավարել իրեն ու սիրում է, որ միշտ ուրիշն է ասում: Եթե ինչ-որ բան ունեն անելու, չեն անում այնքան ժամանակ, մինչև որ ինչ-որ մեկը չասի`արա: Մի քանիսն էլ չեն կարողանում պահպանել ունեցածը`ասելով, որ ուրիշները խլեցին:

Ես ունեմ հայրենիք, որը իմ սրտում է, ու որը ոչ ոք չի կարող խլել, ունեմ միտք, որի շնորհիվ կարողանում եմ արտահայտել կարծիքս, ու իմ կածիքով, միայն սեփական միտք ունենալու դեպքում մարդիկ կկարողանան ունենալ սեփական ձեռքբերումներ:

Լսեք մյուսների կարծիքները, բայց մի կորցրեք ձերը ու գիտակցեք, որ եթե ինչ-որ մի բան իսկապես ձերն է, ձեր սրտում, ուրեմն, ոչ ոք չի կարող այն գողանալ:

Ձմեռային արձակուրդ

Սենց բան չէր եղել երևի: Ես մի պահ հոգնեցի արձակուրդից: Ես, որ երազիս մեջ նույնիսկ քնում եմ, հիմա հոգնել եմ արձակուրդից: Չէ, հա, արձակուրդից չի, է, ձանձրույթից ա: Ֆուհ, մի պահ ինձ վրա կասկածեցի նույնիսկ: Հա, բա կձանձրանամ` ինչ կանեմ: Եթե օրերով պառկես մահճակալիդ ու կինո նայես կամ գիրք կարդաս, կհոգնես, էլի:

Աչքերս փակ արդեն փնտրում եմ հեռախոսս: Բարձիս տակ չի հենա: Ոչ էլ իմ տակ ա: Աչքերս բացեցի: Հա, դրել եմ սեղանին: Էս սեղանն ինչ հեռու ա: Ոտքով քաշում եմ մոտս հեռախոսս, «անլոք» եմ անում, նայում ժամին: Էլի 12-ին եմ արթնացել: Հա լավ, ուշ-ուշ… Մի քիչ էլ պառկեմ: Միևնույն ա, պիտի հելնեմ ու նստեմ կոմպի առաջ, հենա` հեռախոսով կմտնեմ: Մտա ֆեյսբուք: Էսինչ-էնիչը liked your photo, էն մեկի ծնունդն ա, մյուսն էլ էլի ստատուսով Սոկրատեսի փիլիսոփայություններն ա դրել: Այսինքն, ֆեյսբուքում բան չկա: Մաման ասաց` արի հաց կեր, արդեն 2-ն ա: Հելա, կերա ու «Բարև համացանցի անթիվ անկյուններին»: Մի 2 ժամ համացանցում «սերֆինգ» անելուց հետո հասկացա, որ էլի բան չկա անելու: Մտա ու տեսա, որ «Սուփերնեյթրալը» 10-րդ սերիան ա հանել: Նայեցի, բա հետո՞: Հետո` մի քիչ գիրք: Կարդացի ինչ-որ գրական աղբ, որը գրել էր երևի մի ռուս դպրոցական, հետո Սթեյնի «կլասիկ» վախենալու պատմություններից մի 2-ը:
Արթնացա: Քնել եմ հեռախոսը ձեռքիս: Մաման նորից ասաց. «Արի հաց կեր, ժամը 12-ն ա»: Կերա ու պառկեցի:
Առավոտյան նորից Ֆեյսբուք, սերիալիս 11-րդ սերիան, մի 2 պատմվածք ու հաջորդ օրը նորից: Նորից ու նորից: Մինչև էն պահը, երբ իմ առավոտյան ֆեյսբուքի «թայմլայնի ընթերցանությունը» ընդհատեց Արմենի զանգը:
-Հել, իջի մեր յան, հավաքվում ենք տղերքով:
Ուֆ, հազիվ: Մաման զարմացավ.
-Էտ ո՞նց եղավ 12-ին տեղերիցդ հելար:
-Գնում եմ Արմենենց:
-Վահե, մի բան կեր` նոր գնա:
Ուխ, էս ինչ լավ ա: Դուրսը ափսոս ցեխ ա: Բայց չէ, մեզ համար ոչ մի բան ափսոս չի լինում. սրանք մի բան մտածել են…

gohar zaqaryan

Կարմիր թելը

Այսօր նստած մտածում էի, թե ինչ թեմայով կարելի է գրել և հանկարծ աչքիս ընկավ թևիս կարմիր թելը: Հիշեցի, թե ինչ հետաքրքիր պատմություն ունի այն և որոշեցի գրել:

Ամառային արձակուրդները վերջացան: Մտանք դասարան՝ սկսեցինք խոսել, պատմել ամառային արկածների և ուրախ արձակուրդների մասին: Հանկարծ Բորիսն ասաց.

-Յա՜, Գոհար, էս ի՞նչ կարմիր թել ես կապել թևիդ:

Եվ այդ պահին բոլոր երեխաների ուշադրությունը գրավեց իմ թևին կապված կարմիր թելը:

-Էս ի՞նչ կարմիր թել ա, է, ինչի՞ համար ա,- հարցրեց Օֆելյան:

-Դե ասում են, որ էդ կարմիր թելը կապում են ու 7 երազանք են պահում, թելը կտրվելուց հետո անպայման կատարվում են,- պատասխանեցի ես:

-Հա, բա ո՞ւմ հետ ես կապել,- հարցրեց Լիլիթը:

-Ես ու հորքուրիս աղջիկն ենք կապել ու երազանք պահել:

-Հետաքրքիր էր, Գոգ, տեսնենք կկատարվե՞ն, թե՞ չէ,- ասաց Լիլիթը:

-Տեսնենք, Լիլս,- ժպտալով ասացի ես:

Անցան օրեր,ամիսներ: Մի օր նկատեցի, որ թևիս կարմիր թելը չկա, կտրվել-ընկել է: Հաջորդ օրը գնացինք դպրոց, պատմեցի ,որ թելը կտրվել-ընկել է, և ես չեմ էլ նկատել: Եվ Լիլիթն ասաց.

-Ուզում եմ ես էլ կապեմ կարմիր թել, էն էլ չգիտեմ` ում հետ:

-Հա, Լիլ, արի երկուսով կկապենք,ես էլ անկեղծ ասած, ուզում էի ինչ-որ մեկի հետ կապել նորից:

-Դե, ավելի լավ, վաղը թելը կբերեմ, կկապենք:

Հաջորդ օրը դասամիջոցին թելը բաժանեցինք երկու մասի և կապեցինք՝ 7 երազանք պահելով: Երբ կապեցինք-վերջացրեցինք, Օֆելն ասաց.

-Էհ՜, ես էլ ուզեցի, էկեք ինձ էլ կապենք:

Օֆելի թևին էլ կապեցինք և նրա համար էլ երազանք պահեցինք: Հետո եկան տղաները, մենք ժպտալով ասացինք.

-Հը՜ն, ոնց որ դուք էլ եք ուզում կապեք, հա՞:

-Լավ, դե որ ասում եք…

Եվ այդպես մենք դասարանով կարմիր թել կապեցինք մեր ձախ թևին, և բոլորս 7 երազանք պահեցինք մեզ համար և խոստացանք, որ միշտ իրար կողքի կլինենք և հավերժ ընկերներ կմնանք: Հաջորդ երկու ժամերը մեզ մոտ ընկեր Շահբազյանն ու ընկեր Հովհաննիսյանն էին, նրանց էլ պատմեցինք այդ ամենի մասին, և վերջում այնպես ստացվեց, որ նրանք էլ կարմիր թելով դուրս եկան մեր դասարանից:

Հետաքրքիր օր էր, երբեք չեմ մոռանա:

Մնում է` երազանքները կատարվեն:

Ձանձրալի արձակուրդները

Այնքան ուրախացա, երբ արձակուրդները երկարացրեցին: Բայց այդ ուրախությունը շատ կարճ տևեց: Արդեն մեկ ամիս է, ինչ դպրոց չենք գնում: Չեք հավատա, բայց կարոտում եմ: Ես էլ եմ զարմանում ինքս ինձ վրա: Ավելի մանրամասն ներկայացնեմ…

Անցավ ևս մեկ շաբաթ: Ուրբաթ օրը արդեն հոգեպես պատրաստվում էի դասի գնալուն, այն մտքին, որ երեք օրից նորից ծանրաբեռնված եմ լինելու, հանկարծ տեղեկանում եմ, որ կրկին մեկ շաբաթ արձակուրդն է մեզ «հյուր» եկել: Այդ ժամանակ չգիտեի` տխրեի, թե ուրախանայի: Անցավ երկու օր, և ես հասկացա, որ ուզում եմ դասի գնալ, դաս անել, շփվել դասարանիս երեխաների հետ, դաս պատասխանել և լսել, թե ինչպես է ուսուցիչս դասը չսովորած երեխայի վրա բարկանում:

Այդ մեկ շաբաթն էլ անցավ: Եվ նորից վատ լուր ստացա: Ինձ թվում է, արդեն հասկացաք, թե ինչ նորության մասին է գնում խոսքը: Չգիտեի`արդեն ինչով եմ զբաղվելու ևս մեկ շաբաթ: Արդեն ձանձրացել էի տանը, անգամ համակարգչային խաղերի և սոցիալական ցանցերի հավես էլ չունեի: Ամեն անգամ, երբ ձանձրանում էի, ասում էի.

-Դասի եմ ուզում գնալ… Մամ, ինձ դասի տար:

Նման նախադասություն ես իմ կյանքում առաջին անգամ էի ասում…

astghik ghazaryan

Տարվա այդ օրը

-Աստղիկ ջան, էտա որ Ռուսաստան էինք, մի օր Վովա պապան եկավ՝ մի շիշ օղի ձեռին, թե խմենք մեր Աստղիկի կենացը, մենք էլ ասացինք՝ ի՞նչ Աստղիկ, մեր Աստղիկը երկու ամսից ա ծնվելու…

Ամեն տարի՝ ծննդյանս օրը, Անո մաման այս պատմությունն է պատմում, իսկ այսօր ես այն լսեցի տասնյոթերորդ անգամ…

Սովորաբար մարդիկ տարվա 365 օրերից ամենաշատը սիրում են մեկը՝ իրենց ծննդյան օրը: Բայց ինձ մոտ հակառակն է: Փոքր հասակից էլ չեմ սիրել ուշադրության կենտրոնում լինել, հետևաբար չեմ էլ սիրել նաև ծննդյանս օրը: Բայց մի բան կար, որ սիրում էի՝ քույրերիս ու եղբայրներս նվերը: Ամեն տարի՝ ծննդյանս նախորդող օրը, երեք քույրերս ու երեք եղբայրներս մտնում էին սենյակ ու ինձ թույլ չէին տալիս, որ մտնեմ, իսկ ես ձևացնում էի, թե չեմ հասկանում, թե ինչ են անում այնտեղ: Մենք լիքը խաղալիքներ ունեինք, դե իրականում խաղալիք ասել չի կարելի. դատարկ տուփեր էին, շպարի պարագաներ ու լիքը այլ պետքական ու անպետք իրեր, որոնց հանդեպ մեծահասակների հետաքրքրությունը սպառվել էր: Սենյակում նրանք  ընտրում ու տոպրակի մեջ լցնում էին «խաղալիքներից» լավագույնները, իսկ հաջորդ օրը նվիրում ինձ (այսպես էինք անում բոլորիս ծննդյան օրերին): Ես անհամբեր սպասում էի, թե երբ եմ տեսնելու` որոնք են ընտրել, ու որոնք են այսուհետ իմը լինելու: Իրականում դրանք կյանքումս ստացած ամնաթանկ նվերներն են եղել՝ չնայած այն բանին, որ մի թեթև կռվի պատճառով քույրս դրանք հետ էր վերցնում, իսկ եթե հետ էլ չէր վերցնում, հնարավոր էր, որ այդ նույն նվերները մի որոշ ժամանակ անց ես նվիրեի նրանցից մեկին: Բայց ես չէի տխրում, որովհետև գիտեի, որ ձևն այդպես է, ու դա բնական էր: