Լուսանկարը՝ Լիլիթ Կիրակոսյանի

Ծաղկաձորյան օրագիր. Կինոարշավ Մեղրաձորում

Նարդի խաղացողները

Այսօր Մեղրաձորում մենք տեսանք մի փայտե տնակ, որի առաջ հավաքվել էին տղամարդիկ: Նրանց ողջունելով հարցրինք, թե ինչի՞ համար է այդ տնակը: Նրանք պատասխանեցին, թե. «Ծերանոց է»: Այդ պատասխանը լսելով ես մտածեցի, թե ծեր մարդիկ են ապրում այդտեղ, սակայն ներս մտնելով հասկացա, որ ծերուկները այդտեղ հավաքվել են, որպեսզի կտրվեն իրենց առօրյա հոգսերից և նարդի խաղան:
Նրանք իրենց խաղը յուրահատուկ կերպով էին մեկնաբանում. «Էս էրեխեքի խաթր պիտի կրեմ քեզ», իսկ մյուսը ասում էր. «Թոբա թե` կկրես»: Նրանցից մեկի անունը Ջամշևան էր: Նա նշեց, որ իր խաղընկերոջը անվանում են Հանգուցյալ: Պահը բաց չթողնելով՝ հարցրինք, թե ինչո՞ւ են նրան այդպես կոչում, և նա պատասխանեց. «Որովհետև մեծ է, շուտով կմեռնի», և ավելացրեց. «Ես նույնպես մեծ եմ, իմ վախտն էլ է շուտով գալու»: Այնուամենայնիվ, այդ վատ մտքերը շեղելու համար նրանք սկսեցին հումորներ անել և իրենց կյանքից զվարճալի դրվագներ պատմել: Ջամշևան պապը շատ հումորով էր: Նա պատմեց, որ սկզբում սովորել է Շենգավիթում: Երեք տարի սովորելուց հետո նրանք տեղափոխվել են Մեղրաձոր գյուղ, և նորից 7 տարի կրթություն է ստացել տեղի դպրոցում: Նա Երևանում իր սովորած տարիների մասին ասում էր. «Ինչ աղջիկ-տղա տեսնեի ինձնից փոքր, տփում էի: Էդ էր պատճառը, որ երրորդ դասարանում հեռացրին ինձ դպրոցից»:
Ինձ ոգևորեց նաև այն միտքը, որ նրանք լինելով յոթանասունն անց մարդիկ, հոգով մնում էին միշտ ուրախ պատանի:

Լիլիթ Կիրակոսյան, Հրազդան

***

Սվետան

Մեղրաձորցի մի կնոջից հարցրինք.
-Իսկ, այ էն վանքը, բա՞ց ա:
-Հա, քելեք էն դարպասից կանչեք՝ կգան կբացեն,- ասաց իր բան ու գործը թողած ու մեզ հետ զրուցող կինը:
Կրծոտելով մի ուրիշ մեղրաձորցի կնոջ տված խնձորը՝ քայլեցինք դեպի վանք: Մի աղջիկ արագ քայլելով ուզեց շրջանցել մեր խցիկներին ու մեզ, բայց չհաջողվեց:
-Էս վանքը բա՞ց է,- հարցրի ոչ այնքան վանք գնալու նկատմամբ տածած իմ հետաքրքրությունից, ինչքան նրա հետ զրույցի բռնվելու համար:
-Դե՜, ժամի դուռը փակ է: Տեր ունի,- ասաց ու քայլերն արագացնելով՝ «փախավ» մեզնից:
Մտանք վանքի բակ նկարելու համար: Ու քիչ անց տեսանք, որ այն աղջիկը եկավ: Փաստորեն «ժամի տերն» ինքն էր: Մեր հարցին, թե ինչու են վանքի բանալիները հայտնվել իր մոտ, պատասխանեց.
-Դե՜, մեր տունը մոտ ա, համ է՜լ…- Սվետան (այդ էր նրա անունը) պատասխանեց մոմավաճառի սեղանի հետևից:
-Դերասան,- պատասխանեց մեր` ինչ կուզես դառնալ հարցին:
-Բա չէի՞ր ուզի գյուղում թատերական խմբակ լիներ:
-Հա, շատ,- անկեղծ ափսոսանքով պատասխանեց Սվետան:
-Բա որ դարձար դերասան, գյուղում խմբակ կբացե՞ս:
-Չէ,- պատասխանեց գլուխը կախելով, բայց անկեղծ:
-Բա չէի՞ր ուզի ուրիշ երկրում ապրել:
-Հա, ո՞վ չի ուզի,- կիսաձայն ասաց Սվետան, բայց հետո հաստատակամ ավելացրեց,- է՜, չէ, կմնամ մեր գյուղում:
Սվետային դերասան պատկերցնելով՝ մտազբաղ դուրս եկա վանքից:
-Չէ, կդառնա,- որոշեցի նրա ճակատագիրը, ու անցանք առաջ:

Վահե Ստեփանյան, գ. Մալիշկա