Anushik Mkrtchyan

Էջմիածնի ձեռքբերումներիցս կամ ձոն Անահիտին

Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ չի կարող ընկերություն լինել չորսից հինգ տարվա տարիքային տարբերությամբ աղջիկների միջև: Իբր նրանք չեն կարող ընդհանուր թեմա ունենալ, շփվել միմյանց հետ: Տարիքի պատճառով նրանք մի եզրահանգման չեն գա: Չեն կարող ազատ ու համարձակ կիսվել իրար հետ ու այսպիսի անիմաստ զրույցներ: Ես ձեզ եմ ներկայացնում Անահիտին՝ աղջկա, որին կուզեի նմանվել, դե, իհարկե, մայրիկից հետո:

Դեռ Էջմիածնում էինք ապրում, երբ մի օր մտա տուն, տեսա Անահիտին, որը  հյուրասենյակում եղբորս կողքին նստած օգնում էր դասերն անել: Հասկացա, որ նա այն մարդն է, ով պիտի օգներ եղբորս դասերը պատրաստել:

Անահիտն այն մարդն է, ով իմ հետ շփվելիս մոռանում է իր տարիքն ու դառնում իմ հասակակիցը:

Անահիտն այն մարդն է, ով բարկանում է, երբ ես քաղցր բամբակ եմ ուզում, ասում է, որ դա լրիվ թույն է, բայց մեկ է՝ ինձ համար կգնի:

Անահիտն այն մարդն է, ով օգնում է, որ բոլոր իրավիճակներից ճիշտ դուրս գամ:

Անահիտն այն մարդն է, ով հոգնած ինձ հետ խանութից խանութ ման կգա, որ իմ սրտով լինի այն, ինչ գնելու եմ:

Անահիտն այն մարդն է, ումից չեմ կարողանում նեղացած մնալ, անպայման ծիծաղեցնում է:

Անահիտն այն մարդն է, ում հետ նույն երգն ենք լսում, ունենք նույն ճաշակը, բայց եթե լինի մի երգ, որը ես սիրում եմ, իսկ ինքը՝ չէ, ինձ համար այդ մի երգը մի կերպ կլսի:

Անահիտն այն մարդն է, ով իմ մասին ավելի շատ է մտածում, քան իր:

Անահիտն այն մարդն է, ով երբեք չի թողնի, որ նեղվեմ:

Անահիտն այն մարդն է, ով ինձ Կորյունիկ է ասում:

Ու ես կարող եմ այնքան բան թվարկել իր մասին: Մայրիկիս բացակայության արդյունքում ինքն է ինձ սովորեցրել ու սովորեցնում ճիշտն ու սխալը, լավն ու վատը: Նա, նույնիսկ հեռախոսով խոսելիս, երբ չի տեսնում դեմքս, արդեն հասկանում է՝ ինչն ինչոց է:

Ուզում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ իր կյանքի ընթացքում հանդիպի էդ տեսակ «անահիտների»: Վստահ եմ, որ շատ բաներ իմ մեջ հենց իր շնորհիվ է փոխվել: Ես ավելի հավասարակշռված եմ, երբեմն ավելի հանգիստ: Ու հիմա ակնհայտ երևում է, որ տարիքը կապ չունի:

Եղբորս արած թերևս լավագույն գործը ինձ համար ինձ Անահիտի հետ ծանոթացնելն էր: Ու հիմա, երբ ես Էջմիածնից տեղափոխվել եմ Արագած, այսքան հեռու եմ, նա էլի ինձ հետևում է, ու ամեն անգամ նրա զանգը իմ դեմքին ժպիտ է առաջացնում:

-Կորյունիկ, ի՞նչ կա։

 

anna gasparyan aragats

Արագածը դատարկվում է

Երբ խոսք է գնում մեր՝ Արագած գյուղի և կողքի գյուղերի մասին, բոլորն ասում են, որ մեր գյուղն ամենալավն է, մեր գյուղն ունի հյուրանոց, հարսանյաց սրահներ, երկու դպրոց, արվեստի և մշակույթի տուն, մանկապարտեզ:

Այո, մեր գյուղը շատ լավն է, բայց մի վատ բան կա: Մեր գյուղը սկսել է դատարկվել: Մարդիկ բոլորը սկսում են հեռանալ և՛ գյուղից, և՛ Հայաստանից: Երբ քայլում եմ մեր գյուղի փողոցներով, նկատում եմ, որ տան դռների վրա կան կողպեքներ, ու այդ կողպեքները շատանում են օր օրի: Երկու տարվա մեջ արդեն 20 ընտանիք հեռացել է, կամ, կարելի է ասել, փախել է գյուղի տանջանքներից: Իսկ գիտե՞ք՝ ինչու: Գյուղացիների փախուստի պատճառը միայն աշխատանքն է: Ասում են, որ տարիներ առաջ գյուղում գործել է «Ալմաստ» գործարանը, և գյուղացիներից շատերն ունեցել են աշխատանք, սակայն մի որոշ ժամանակ հետո այդ գործարանը փակել են: Գյուղացիները սկսել են հեռանալ հենց այդ ժամանակվանից: Տարիներ առաջ մեր գյուղը համարվում էր Արագածոտնի մարզի խոշոր գյուղերից մեկը, իսկ հիմա դա այդպես չէ:
Գյուղում միակ աշխատանքը ուսուցչի աշխատանքն է, մյուսները զբաղվում են հողագործությամբ: Ուսուցիչներն էլ սկսել են աշխատել երկու դպրոցներում, որովհետև ստանում են խղճուկ աշխատավարձ:
Եթե այսպես շարունակվի, ու մարդիկ լքեն Արագած գյուղը, ապա օրերից մի օր Արագածը կդատարկվի, և փողոցներով քայլելիս միայն կտեսնենք փակ դռներ և ոչ թե երեխաների, որոնք խաղում են իրենց բակերում, մայրերի, որոնք դպրոցից տուն են տանում իրենց երեխաներին, տատիկների, որոնք հավաքվում և բամբասում են ինչ-որ մեկից, պապիկների, որոնք նարդի կամ շախմատ են խաղում:

Անցորդը

Մարտի 1-ին կկայանա պոետ, երգահան Վախթանգ Հարությունյանի մենահամերգը և թվով յոթերորդ, «Հարազատ ստվերներ» ձայնասկավառակի շնորհանդեսը: 

Ամեն ուրբաթ երեկոյան Թումանյան փողոցի գողտրիկ անկյուններից մեկում մեկ տանիքի տակ հավաքվում են տարբեր տարիքի, մասնագիտության և մտածողության տեր մարդիկ՝ ունկնդրելու բարդերին՝ երգող պոետներին: Այն ինձ համար էլ է դարձել հարազատ մի վայր: Ես արդեն հինգ տարի է, ինչ այդ ունկնդիրների շարքերում եմ: Բարդ երաժշտության հետ իմ ծանոթությունը կայացավ  Բարդերի ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանի շնորհիվ, ում հետ հարցազրույցը սկսվեց հետաքրքիր հարց ու պատասխանով:

-Ո՞վ է Վախթանգ Հարությունյանը:

-Անցորդ:

-Ի՞նչն է մղում ձեզ ստեղծագործելու, կամ ի՞նչը կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ:

-Առաջինը զարմանալու հնարավորություն ունենալը, երկրորդը՝ ինձանից դուրս մղելու զգացողությունը:

-Ի՞նչ է նշանակում բարդ:

-Դա անգլիական բառ է: Բարդեր, մենեստրելներ, երգող պոետներ, աշուղներ, գուսաններ, բոլորը նույն երգող պոետի տարբեր տեսակի դրսևորումներ են: Ծագումնաբանության մեջ եկել է Անգլիայից, հետո ամրապնվել է ռուսական իրականության մեջ, հետո նոր կիրառական է դարձել մեզ մոտ: Շատ հաճախ ասում են հեղինակ-կատարղներ, երգող պոետներ:

-Նպատակ ունե՞ք արդյոք Ձեր արվեստով ինչ-որ բան փոխելու:

-Եթե արվեստը, առհասարակ, չունենա այդ առաքելությունը, արդեն իմաստ չունի: Հետևաբար, եթե այդպիսի անուն կարելի է տալ ինչ-որ մի բանի` արվեստ, ապա ինքը պիտի փոփոխություն մտցնի, իսկ իմ պարագայում, եթե ես ինչ-որ բան փորձում եմ, առաջին հերթին ինձ համար:

-Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր, թե ով է Ձեր ունկնդիրը:

-Շատ կարևոր է: Ես հայացքներ եմ որսում, տեսնում, թե ինչքանով է հասկացված այն ամենը, ինչը որ ասում եմ: Կարող եմ գտնել ամբողջ դահլիճում մեկ հոգու, որի հայացքը խաչեմ և ամբողջ համերգը նվիրեմ նրան:

-Դուք նաև հանդիսանում եք «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիրը: Ի՞նչ պայմանով եք առաջնորդվում փառատոնի նախնական փուլի մասնակիցներին ընտրելիս:

-Ամեն ինչ սկսվում է նրանից, որ բանաստեղծությունը գոնե պիտի ունենա բանաստեղծական հիմք: Երիտասարդի պարագայում միգուցե այդ նիշը մի քիչ ցածր է դրվում, բայց սերմի մակարդակը այնուամենայնիվ պահպանվում է: Բանաստեղծական կալորիայի քանակը չպիտի լինի զրո և մինուս, գոնե զրոյից մի քիչ բարձր: Իսկ ինչքան ավելի բարձր, այնքան լավ: Ոչ մեկը չի ակնկալում, որ 18-ից 25 տարեկան երիտասարդը պիտի գրի խորը փիլիսոփայություն, բայց գոնե պիտի գիտակցական չափաբաժինը և բանաստեղծական ձիրքը առկա լինեն, որը խոսում է տաղանդի սերմնային վիճակի մասին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք արվեստի այս ուղին ընտրած երիտասարդներին:

-Ես առհասարակ կարծում եմ, որ 20-25 տարեկան երիտասարդներին որպես հեղինակ-կատարող կարող ենք կոչել, բայց բարդ դեռևս ոչ: Ինքը կարող է սկսել է ստեղծագործել, բայց բարդ կոչելու համար պիտի անցնի որոշակի ապրումների միջով, պիտի առաջին հերթին ծառայելու գաղափարին հանգի, իսկ երիտասարդը հիմնականում փորձում է ծառայեցնել: Այդ աստիճանը անցնելուց հետո նա պիտի կարողանա իր ներսում հաղթահարել իր հպարտության շատ կարևոր տարրեր, հետո նոր միգուցե ինչ-որ բան սկսվի ստացվել:

Sargis Melkonyan

Մենք, որ մենք ենք

Մենք, որ փողոցում քայլելիս չենք վախենում ականջները խլացնելու չափ բարձր երաժշտություն լսել ու պարել առանց մտածելու, ձեր աչքերում թվում ենք խենթ ու թեթևամիտ:

Մենք, որ մեծին հարգում ենք ոչ միայն տարիքով, այլ նաև գաղափարով, մենք, որ մեր աշխարհն ու պատկերացումներն ունենք այս աշխարհի մասին, ձեր աչքին թվում ենք հիմար լավատեսներ:

Մենք, որ արժևորում ենք ճշմարտությունը, ազնվությունն ու արդարությունը ու հաճախ վիճում ենք ձեզ հետ, դարձել ենք «մեծերին հակաճառելու համար մի հատ»:

Մենք, որ արժեքները ազգային պատկանելությունից բարձր ենք դասում, ձեր աչքերում երևում ենք ծախու դավաճաններ:

Մենք, որ մարդկանց միջև խտրականություն չենք դնում ու չենք վիրավորում ու անարգում փոքրամասնություններին, ձեր աչքերում դարձել ենք «Եվրոպայի ստվերներ»:

Մենք… Մենք մենք ենք՝ մեր սերունդը: Դուք ամենուրեք խոսում եք, որ մեր սերունդը վատն է, որ մեր մեջ չկան Թումանյաններ, Սևակներ, Մհեր Մկրտչյաններ, Արամ Խաչատրյաններ, Գոհար Գասպարյաններ… Այո, դուք ձգտում եք, որ մենք նմանվենք ձեզ, դառնանք ձեր արտացոլանքը: Մինչդեռ մենք չենք ուզում նմանվել ոչ ոքի՝ բացի մեզնից: Մենք ուզում ենք լինել նորը, մենք ուզում ենք մնալ մենք: Մենք ձեր դաստիարակության ու բացթողումների արդյունքն ենք: Մենք ձեր հատկանիշների կրողն ու փոխանցողն ենք:

Մեզ հաճախ են քննադատում: Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր խելամիտ կարծիքի, առողջ քննադատության: Ոմանք մեզ ասում են, որ մենք կկործանենք էս երկիրը, որովհետև մենք դպրոցում չենք սովորում, բուհ ընդունվում ենք ամենացածր միավորներով, որ…

Մեզ հետ հույսեր կապողներ էլ կան, որ մենք ձեր պատճառով կործանման եզրին հասած երկիրը, որ պատի տակ հնչող արտահայտություններում վաղուց դադարել է երկիր լինել, կբարեփոխենք, կշենացնենք ու կդարձնենք Երկիր:

Երբ մենք խաղաղություն ենք երազում, բարեկամություն ենք ուզում, մտածում ենք ազատ սահմանների ու տարբեր մշակույթների ու կենցաղում դրանց օգտագործման մասին, մեզ ասում են, որ մենք հայրենասեր չենք: Մեզ ստիպում են հայրենասիրությունը պատկերել շարադրությունների «պաթոսախեղդ» տողերում, հայրենիքը սիրել «պուպուշ» բառերով ու հայրենասեր համարել միայն սահմանին զոհվող զինվորին:

Մենք հայրենասիրությունը պատկերացնում ենք հայրենիքին տիրոջ հայացքով նայելով, իրավագիտակից քաղաքացի լինելով, սեփական անձը կատարելագործելով և ի շահ հայրենիքի ծառայեցնելով: Մենք հայրենասիրությունը պատկերացնում ենք ազնվության, հարգանքի, համերաշխության, իրար տակ չփորելու, իրար օգնելու, աջակցելու, գաղափարների ու արժեքների համար պայքարելու մեջ:

Մենք, որ մեր խնդիրները չենք դնում ի ցույց աշխարհի, ձեր աչքերում երջանիկ ապուշներ ենք երևում:

Դուք մեր մասին ամեն ինչ կարող եք մտածել, ասել… Իսկ մեզ համար մեկ է, թե ինչ են մտածում, ասում կամ բամբասում, որովհետև կենտրոնանում ենք ոչ թե այն բանի վրա, թե ինչ են ասում մեր մասին, այլ թե ինչպես հասնենք մեր նպատակներին…

Anushik Mkrtchyan

Մենակ դու չես

Հայրս առաքիչ էր, մայրս՝ խոհարարի օգնական, իսկ ավելի ուշ՝ վաճառողուհի։ Հորս աշխատանքը հոգնեցուցիչ էր։ Քաղաքից քաղաք գնալ, գյուղից գյուղ, ոլոր-մոլոր ճանապարհներ, երբեմն բարդ, երբեմն հեշտ, բայց, դե դա ավելի լավ էր, քան օտար երկրում լինելը։ Դեպքեր էին լինում, որ նա մեզնից շա՜տ հեռու էր լինում և աշխատանքի բերումով մի 3 օր մնում էր այնտեղ։ Այդ երեք օրերը մեզ համար լավ էին միայն նրանով, որ մայրիկի կողքին էինք քնում։ Երեքիցս մեկն ու մեկը։ Դե, հո մենք չէի՞նք ուրախանում, որ հայրիկը տանը չի լինում, այն էլ նրա համար, որ մայրիկի կողքին պառկեինք։ Իհարկե, հայրիկին կարոտում էինք ու շատ։ -Պապայի՞դ ես սիրում, թե՞ իրա բերած համով բաները,- հարցնում էին եղբորս, երբ դեռ 2-3-րդ դասարանում էր։

-Համ պապային, համ էլ համով բաները,- պատասխանում էր նա, չնայած՝ երբեմն խոստովանում էր, որ համով բաներն ավելի շատ է սիրում։

Երբ պապան երեք օրվա բացակայությունից հետո գալիս էր, ես վերջում էի նրան մոտենում ու գրկում, որ կողքից չասեին. «Անուշի՛կ, պրծի՛, մենակ դու չես կարոտել»։

Երբ հորս գործերն «անկում» ապրեցին, նա որոշեց մեկնել արտագնա աշխատանքի։ Նա չէր կարողանա ամեն օր այդ «համով բաները» բերել տուն։

Հոկտեմբերի 18։ Էս օրը ես հասկացա, որ ատում եմ օդանավակայանները, ինքնաթիռներն ու ինչու ոչ, երկիրս։ Նրանք բաժանում են մեզ մեր հարազատներից։ Երկիրն է մեղավոր, որ հեռանում են՝ ասելով, թե կվերադառնան, բայց ժամանակ չեն նշում։ Հորս վերջինը ես գրկեցի, որ չասեին «Անուշի՛կ, պրծի՛, մենք էլ պիտի գրկենք»։ Չնայած, դժվար թե ասեին։ Գնալուց առաջ ասաց՝ խելոք կմնաք։ Հայրս ամենից շատ բարկանում էր, որ սուտ էինք խոսում, ու արդյունքում ինքը ստեց՝ ասելով, որ մի տարուց կգա։

Ավելի ուշ մայրս էլ գնաց։ Ամանորից 7 օր առաջ՝ դեկտեմբերի 23-ին։ Ու արդեն մեկ տարի 4 ամիս հորս չեմ տեսել, մեկ տարի 2 ամիս՝ մորս։ Օդանավակայան չգնացի։ Չէին էլ տանի։

Մինչ մորս մեկնելը, մեկնեց հորեղբայրս, ծնունդիս օրը՝ նոյեմբերի 8-ին։ Ոչ հայրս նրան հրաժեշտ տվեց, ոչ հորեղբայրս՝ հորս։ Հորս գնալը պատահական ստացվեց։

Տատիկն ամենից շատ հորս մեկնելը ծանր տարավ։ Դե, վերջին անգամ սեպտեմբերին էր տեսել։ Նա ամեն անգամ լալիս է, երբ որդիներից մեկի ձայնն է լսում։ Ամեն օր ասում է, թե երազ է տեսել։

-Տատ, ամենածանր բանը օտարության մեջ ի՞նչն ա։

-Կարոտը, հեռավորությունը։ Ի՞նչ իմանամ, երբ կգան։ Երկուսինն էլ անորոշ է։ Առաջինը Արտյոմը (հայրս) գնաց։ Ծանր տարա։ Պատահական եղավ։ Գիշերն իմացա, որ Էջմիածնից գնում ա Ռուսաստան՝ առանց հաջող անելու, առանց տեսնելու։ Որ իրանց մանկությունն եմ հիշում, է՜հ, հուշերի գիրկն եմ ընկնում։ Կուրխնեինք, կըսեի՝ երկու տղա ունեմ, կմեծանան, թև ու թիկունք կեղնին, իսկ հիմա երկուսն էլ կողքիս չեն։ Կարոտը մի կողմից, մենակությունը՝ մյուս։ Նայում ես ուրիշներին, տղերքը կիգան, կերթան, մերը՝ չկա։ Ում հետ որ խոսում եմ, անկախ ինձնից տղեքիս անուններն եմ տալիս։ Աշխատատեղ որ էղներ, ինչի սե՞նց կեղներ։ Էս լրիվ գալիս ա երկրի վատ վիճակից։ Ըմեն էղան թափառական, պանդուխտ։ Էնքան գիրք եմ կարդացել, էտ պանդուխտներին մեղքացել, որ եկավ իմ գլխին։ Ամեն գնացողին կնախատեի, ծնողներին կմեղքայի, կըսեի՝ մա՞րդ էլ իրա հայրենի օջախից գնա։ Ըհն, եկավ գլխիս։ Երկուսն էլ գնացին մի տարվա մեջ։ Մի ամսվա տարբերությամբ։ Հովհաննեսիս տղեն Գերմանիայում ա ծնվել։ Աչքերիս չեմ հավատում։ Տենաս կգա՞ մի օր, որ «ժիվոյ» կտենամ,- ասաց տատս՝ լացելով ու անընդհատ աչքերը մաքրելով։

Հայրս ասաց, որ իր համար օտարության մեջ ամենադժվարը մենակությունն է, կարոտն ու հեռավորությունը։

-Օ՜ֆ, Անուշ։ Կարոտն ա դժվար։ Կարոտը ընտանիքիդ հանդեպ։ Երկրումդ ես, գիտես, որ քո երկիրն ա։ Ավելի ազատ ես։ Չգիտեմ, երբ կգանք, բայց հաստատ գալու ենք։ Վերադառնալ, միանշանակ վերադառնալ։ Ձեզ ուսման տալ, ապագա ստեղծել։ Հենց դրա համար էլ գնացել ենք,- ասաց մայրս։

Ուզում եմ, որ էս ամենը շուտ ավարտվի, որքան հնարավոր է շուտ։ Կարոտում ենք մեր ծնողներին։ Ես 15 տարեկան եմ, քույրս՝ 12, եղբայրս էլ՝ 11։ Դա այն տարիքն է, երբ շատ ենք զգում նրանց կարիքը։ Ինչի՞ պիտի ծնողական ժողովին մաման չգնա, ծնունդիս ինքը մոմը չվառի, պապան քաղաք չտանի, այլ ուրիշը։ Սա սխալ է։ Ճիշտ է՝ տատիկն ամեն ինչ անում է, որ մենք մեզ լավ զգանք։ Նույնիսկ ուժերից վեր բաներ է անում։ Պապիկն իր թոշակից պահում է, ու ինչ ուզում ենք՝ գնում է։ Ոչ մի բանի պակաս չունենք։ Բայց, դե մայրն ուրիշ է, տատիկն՝ ուրիշ, իրենց կատարած գործերից անկախ։

Ի վերջո, նրանք կգան։ Եղբայրս վստահ կասի, որ պապային է ավելի շատ սիրում, ոչ թե համով բաները։ Ես վերջում նրանց կգրկեմ, որ չասեն. «Անուշի՛կ, պրծի՛, մենակ դու չես կարոտել»։

anna gasparyan aragats

Դառը ապրուստ

Իմ հորեղբայրները և քեռին մեկնում են արտագնա աշխատանքի։ Հորեղբայրներս արդեն շուրջ 18 տարի է, ինչ մեկնում են։ Նրանք իրենց ընտանիքի կողքին են լինում ընդամենը 3 ամիս, իսկ մնացած 9 ամիսներին նրանք աշխատում են երկրից դուրս։ Մի հորեղբայրս էլ մահացավ հենց օտար երկրում դժբախտ պատահարից, կարոտը սրտում։ Գիտե՞ք՝ ինչ դժվար է հորը, ամուսնուն, տղային չտեսնել 5 տարի, իսկ 5 տարի հետո տեսնել նրա սառած մարմինը։ Նրա մայրը՝ Կիմա տատը, միշտ ասում էր.

-Հովեսս հենց գա, չթողիմ էլ երթա էդ անտեր Յակուտիան, թող գա տուն: Ես սոված էլ կքնիմ, մինագ թող իմ տղեն տունն եղնի, մինագ թե թող շուտ գա իմ Հովեսը։
Բայց այդպես էլ իր տղան չեկավ։ Երբ գնում ենք իրենց տուն, Կիմա տատը միշտ ասում է, որ կարոտել է իր տղային, և հայրիկիս ասում է, որ սիրում է իրեն այնպես, ինչպես իր որդուն։ Երբ տեսնում է մեզ, սկսում է լաց լինել և աչքերը սրբելով՝ հայրիկիս ասում է.
-Տիկո ջան, թե հնչի՞ ըտենց եղավ, հնչի՞ Աստված ընձի չտարավ, որ իմ տղուն տարավ, իմ տղեն հլը 40 տարեկան էլ չկար, իսկ ես տարիքս արդեն առեր իմ, բա ուր 3 մատղաշ երեխեքը մնացին անհեր։
Հայրս միշտ փոխում է թեման, որ տատը չվատանա, առողջական խնդիրներ ունի։
Մյուս հորեղբայրս աշխատում է արտերկրում արդեն 18 տարի։ Այս տարի էլ իր հետ աշխատանքի է տարել իր մեծ տղային, որ եկամուտը կրկնապատկվի։ Իսկ քեռիս 9 տարի է աշխատում, բայց այստեղ չի ապրում, իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Երբ skype-ով խոսում ենք, ես միշտ հարցնում եմ, թե չե՞ն ուզում արդյոք վերադառնալ Հայաստան, իսկ քեռիս ասում է.
-Ան ջան, գանք ի՞նչ անենք էդտեղ: Էստեղ գոնե գիտես, որ օրվա աշխատածովդ կարող ես ապրել։
Ես ինքս էլ համաձայն եմ նրա հետ, որովհետև այստեղ լիովին ապահովված կարող են ապրել միայն պաշտոնյաները, իսկ մեզ պես հասարակ գյուղացիներն ապրում են մեծ դժվարությունների միջով անցնելով։ Միակ ցանկությունս այն է, որ փոխվի ներկայիս Հայաստանի վիճակը։

zaven abrahamyan

Քուչակի բարբառը

Քուչակում այժմ բարբառով խոսում է միայն բնակչության փոքր մասը, այն էլ՝ ոչ միշտ։ Հիմնականում խոսում են «սովորական» հայերենով։ Երկար ժամանակ է՝ անընդհատ ուշադրությամբ լսում եմ գյուղացիների խոսակցությունները՝ փորձելով մի քանի բառ գտնել Քուչակի բարբառից։ Ամենահաճախ օգտագործվողը «մկա»-ն է, որը նշանակում է՝ «հիմա»։ Հաճախ լսում եմ․ «Քեզ եմ սպասում, արի մկա գնանք» կամ, օրինակ․ «Էս վի՞ աֆտոն ա», ինչը կարելի է թարգմանել․ «Սա ո՞ւմ մեքենան է»։ Կենցաղային խոսակցություններում հաճախ լսում եմ «թոնդիր» կամ «թունդիր», ինչը նշանակում է՝ թոնիր։

-Մաման որդե՞ ա։

-Հացատունը թոնդիրի մոտ հաց ա թխում։

«Որտեղ» բառին ասում են նաև «հուրդե»։

Ինադու- դիտմամբ

Փեդ- փայտ

Թինգնել- հենվել, թիկնել

Քելալ- քայլել

Փայնել- աղտոտել

Վեկալել- վերցնել

Կդրել- կտրել

Նաև մեծ ազդեցություն ունի մեր լեզվի վրա ռուսերենը։ Ամեն «խոպանչի» վերադառնալով իր հետ բերում է նոր բառեր։ Բայց կան նաև հնուց պահպանված բառեր։

Ցան- աթար

Տիլ, տլոտ- ցեխ, ցեխոտ

Հախպուր- աղբյուր

Զիբիլ-աղբ

Օխչար կամ օչխար- ոչխար

Կդե- փոքր էգ ոչխար

Մոզի- էգ հորթ

Այսքանով ավարտեմ, որովհետև՝ մկա տեղ պտի էթամ, շադ վռազն եմ։

naira mkhitaryan

Բարեկենդանի նապաստակը

Դասերն ավարտվել էին: Ես ու ընկերուհիս տուն էինք վերադառնում, սովորականի նման՝ դանդա՜ղ քայլելով, կամ չէ, այս անգամ՝ թռչկոտելով քարից-քար, որովհետև այս եղանակին մեր գյուղի ճանապարհները անանցանելի են՝ ցեխի պատճառով: Ճանապարհին հանկարծ նկատեցինք էլի քարից քար թռչկոտողի, բայց նապաստակի, կամ՝ նապաստակի դեմքով երեխայի: Զարմացանք, մեծ հետաքրքրություն առաջացավ, ու մոտեցանք նապաստակին, կամ՝ նապաստակի դեմքով երեխային: Պարզվեց՝ դասարանով Բարեկենդանի տոնն են նշում: Դասընկերներով հավաքվելու են, փոխվեն հագուստներով ու շրջեն տնից տուն: Հետաքրքրությունը կայանում է նրանում, որ փորձելու են հնարավորինս անճանաչելի լինել, այնչափ, որ սեփական ծնողները չճանաչեն: Ծնողներն էլ իրենց հերթին պիտի երեխաներին նվերներ տան, հիմնականում քաղցրեղեն: Վերջում բոլորով հավաքվելու են մի տեղ Բարեկենդանը նշելու:

Այսքանը հասցրեցի պարզել մեր նապաստակի դեմքով հերոսից, ով շնչակտուր վազում էր ընկերների մոտ՝ հանկարծ առանց իրեն տեղ չգնան, բան չուտեն:

Հա, մեկ էլ հասցրեցի իմանալ, որ այս ամենը կազմակերպել է իրենց դասղեկը, ով միևնույն ժամանակ, Հայ Եկեղեցու Պատմության ուսուցչուհին է:

Հետո ես ու ընկերուհիս շարունակեցինք ճանապարհը, դժգոհելով, որ մեծացել ենք՝ իբրև թե, ու նման բաներ կազմակերպելու ո՛չ հավես ունենք, ո՛չ էլ ժամանակ:

Ani avetisyan

Զոլավոր գիշերազգեստով մարդիկ

Պատահե՞լ է, որ մեկը կամ մի բան քեզ վերցնի իրականությունից ու  տանի՝ աշխարհի ու մարդկանց աչքից հեռու։ Ու դու դադարել ես լինել մեկը շատերից։

Իսկ վերջին հաշվով բոլորս էլ այդպիսինն ենք։

Իսկ հիմա պատկերացնել փորձիր, թե՝ այդպես՝  աշխարհից կտրվել ես ուրիշ հազարների հետ։ Ու ձեզ մի կապում է մի ընդհանուր անուն միայն ու հագուստ՝ էլի ընդհանուր, միանման։ Կար ժամանակ, երբ այդպես էր։

Դա մի ժամանակ էր, երբ մարդիկ  էին կառավարում իրենց նմանների կյանքը։ Դե, հա, շատ բան չի փոխվել։ Ուղղակի մի ժամանակ դրան մարդիկ ֆաշիզմ էին կոչում, որ ծնվել էր Իտալիայում ու հասունացել այնտեղ՝ Գերմանիայում։ Հենց այնտեղ էին ժամանակին ամենից շատ զոլավոր գիշերազգեստներով մարդիկ հավաքվել։ Նրանք, ովքեր նման չէին մյուսներին, կամ, ուղղակի կարելի էր ասել՝ հրեա էին։

Իսկ այդ սարսափելի սովորական հագուստով նրանք նմանվել էին իրար, և  այնքան, որ ոչ մի տարբերություն չմնաց նաև ճամբարների վերակացուի որդու ու հասարակ մի տղայի՝ հրեայի միջև։ Չգիտեմ, այս պատմությունն իրական է, թե չէ, բայց այն երևի ամենատպավորիչներից է նախորդ դարակեսի դեպքերի մասին պատմող գրքերից։ «Զոլավոր գիշերազգեստով տղան»՝ այսպես է Ջոն Բոյնն անվանել իր գիրքը։

Որովհետև այստեղ էլ, ինչպես Միխայիլ Ռոմի «Սովորական ֆաշիզմ» ֆիլմում, ամեն ինչ սովորական է։

Սա էլ, երբ մենք՝ մարդիկս, սովորում ենք նույնիսկ ամենասարսափելին ներկայացնել, ասես, այդպես էլ պետք է լիներ։ Կար, ուրեմն, ճիշտ էր։ Մենք էսպիսինն ենք, չէ՞։ Ու մենք երևի չենք էլ տարբերվում առանց գիշերազգեստի այն մարդկանցից։

Ֆիլմն, իրոք հաջողված է։ Հաջողված՝ սարսափի աստիճան հուզելու մարդուն  և ազդելու նրա վրա՝ թվացնել տալով, թե այն, ինչ եղավ, սովորական էր, ավելի սովորական, քան մեր ամենօրյա աշխատանքը, որովհետև, ինչ-որ մեկի համար դա ևս աշխատանք էր։ Ինչ հոգ, թե նրա ամեն աշխատանքային օրը մոխրագույն-սպիտակ զոլերի վրա կարմիր գծեր ավելացնելով էր անցնում։ Ինչ հոգ, թե այդ կարմիր գծերից մեկն էլ մի հինգ-վեց տարեկան երեխայի էր բաժին հասնում։ Իսկ ինքը դեռ չգիտեր, թե ինչ ասել է հրեա, կամ ինչու են իրենք հրեա։

Ուղղակի, այդպես էր։

Մենք էլ հայ ենք, չէ՞։

Inesa Zohrabyan aragacotn

Հավատի ու անհավատության մասին

Վերջերս իմացա, որ ընկերներիցս մեկը աթեիստ է։ Դա իմանալուց հետո, իհարկե, ոչինչ չփոխվեց իմ ու նրա միջև, այդպիսին է նրա ընտրությունը։ Ուղղակի այդ տեղեկությունը ինձ մտածելու առիթ տվեց, ու ես նրան հարցրի, թե ինչու է աթեիստ։ Նա ասաց, որ չի հավատում, որ մեկը կարող է իրեն օգնել, կառավարել կամ հսկել։ Հետո էլ հարցեր չտվեցի, բայց ինքս ընկա մտածմունքների հետևից։ Իրոք, մենք ծնվում ենք՝ իմանալով, որ քրիստոնյա ենք ու դա պահպանելու համար կենաց-մահու կռիվներ ենք մղել պատմության տարբեր ժամանակաշրջաններում։ Ես չեմ ընդունում այն, որ 5-6 տարեկան երեխան աղոթում է «Հայր մեր»-ը՝ գրեթե առանց հասկանալու։ Ես կընդունեմ, երբ այդ երեխան կաղոթի հասկանալով, կամ իր քրիստոնյա լինելը ցույց կտա իր մարդասիրությամբ ու առաքինություններով։

Մեկ-մեկ էլ մտածում եմ, որ մյուս կրոններն էլ հավասար են մեր կրոնին, ու մենք երբեք չենք կարող ասել, որ մյուսների կրոնը սխալ է ու անընդունելի, ուրիշի կրոնը ունի իր ուրույն աշխարհը, իր պատկերացումները, հավատը։ Ուղղակի կան շատ ծայրահեղական հայեր, որոնք, հա, քրիստոնյա են, բայց անում են շատ ոչ հարիր արարքներ։ Հետո էլ գալիս է մի ժամանակ, երբ որոշում են խոսել, խոսել, խոսել՝ ուղղակի, հաճոյանալու Աստծուն։

Պետք չէ քննադատել ուրիշի ընտրած կրոնը, չնայած՝ «ընտրած» ասվածն էլ այդքան իրական չէ։ Ինչպես Սևակն է ասել՝ լավագույն հավատն այն է աշխարհում, որ չի դառնում կրոն։ Հավատը քոնն է, կարող ես լինել քրիստոնյա, բայց քո հավատը լինի ուրիշ, այնքան ուրիշ, որ չես էլ կարող բացատրել, որ այդ ուրիշը էլի քրիստոնեություն է, բայց մի փոքր այլ սկզբունքերով կամ ընտրություններով։ Ինչևէ, պետք է աստվածասեր հասարակության թիվը մեծամասնություն կազմի, ոչ թե մեկը լինի քրիստոնյա պարզապես նրա համար, որ հայ ազգը քրիստոնյա է, ու այդ կրոնին չդավանելը հայկական «ստանդարտների» մեջ չի մտնում։