Արտադրված է Հայաստանում

Հարցազրույց BEAUTY PRODUCTS բնական օճառների արտադրության հիմնադիր և տնօրեն Շանթ Խայալյանի հետ:

Սիրիահայ Շանթ Խայալյանը 3.5 տարի առաջ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան և այստեղ զբաղվում է բնական օճառների պատրաստմամբ ու արտադրությամբ: Ծնվել է Հալեպ քազաքում, մասնագիտությամբ մարկետոլոգ է: Պատերազմի պատճառով 6 ամսով տեղափոխվել է Հորդանան, ապա Հորդանանից՝ Հայաստան:

-Եթե պատերազմը ավարտվի արդյո՞ք կվերադառնաք Հալեպ:

-Ոչ ,այսքան չարչարվելուց հետո դժվար կլինի կրկին հետ վերադառնալ, չնայած որ այնտեղ եմ թողել ունեցվածքիս մեծ մասը:

-Ծնվել և ապրել եք Սիրիայում, հայրենիք համարել եք Հայաստա՞նը, թե՞ Սիրիան:

-Հայրենիք ես համարում եմ այն վայրը, որտեղ ծնվել մեծացել եմ, բայց իհարկե մտավոր և հոգևոր հայրենիքը Հայաստանն է: Չնայած շատ դժվարությունների միջով եմ անցել, բայց ես ինձ այստեղ հարազատ եմ զգում: Շատ լավ մարդիկ կան շրջապատումս, որոնք ամեն կերպ ջանում են օգնել, իհարկե վատերն էլ կան, դա բնական է:

-Անդրադառնանք Ձեր արտադրանքին. ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Արտադրանքի հիմքում ընկած է օրգանական օճառագործությունը: Ուսումնասիրելով շուկան, ընտրեցի հենց բնական օճառների պատրաստման գործը, քանի որ այստեղ այդ ուղղությունը զարգացած չէ: Կազմակերպությունը կոչվում է՝ «BEAUTY PRODUCTS», այն իր մեջ է ներառում մի քանի ապրանքանիշ՝ դրանցից մեկը արտադրում ենք «BEAUTY PRODUCTS» անվան տակ, մյուսը՝ իմ ազգանվամբ կոչվում է «Խայալյան»:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

-Վաղո՞ւց եք զբաղվում այդ աշխատանքով:

-Այո, 2010 թվականից: Սիրիայում ձիթապտղի ձեթի արտադրամաս ունեի, քիմիկոս ընկերոջս որոշ ցուցումներով սկսեցի սիրողական զբաղվել օճառագործությամբ, հետո փորձեր ու նորարարություններ անել: Երբ պատերազմը սկսվեց, տեղափոխվեցի Հորդանան, 6 ամիս մնալով մեծ հաջողությունների հասա, արտադրանքը ստացավ բարձր որակավորում: Մի դեպք հիշեցի. մասնակցում էինք բարեգործական էքսպոյի, ներկա էին նաև թագավորական ընտանիքից: Նրանք հավանել էին մեր արտադրանքը, արժանացանք քաջալերանքի, նաև առաջարկեցին մնալ Հորդանանում և շարունակել գործունեությունը, բայց ես չուզեցի և եկա Հայաստան:

-Ի՞նչ տեխնոլոգիաներով եք աշխատում:

-Աշխատում ենք շատ հին տեխնոլոգիաներով, որտեղ հիմնական աշխատանքը ձեռքի հետ է կապված: Հին համակարգով թորում ենք յուղերը, քիմիա բացարձակ չենք ավելացնում, ամեն բան բնակն է ու միայն բնական, արդյունքում՝ հիմա ունենք 20 տեսակի օճառներ, 12 տեսակի շամպուններ և 16 տեսակի յուղեր, ինչպես նաև ատամի մածուկներ, կրեմներ, լվացքի հեղուկներ և փոշիներ, շուտով կունենանք նաև նոր տեսականի:

-Կա՞ն այնպիսի բաղադիչներ, որոնք դրսից են բերվում:

-Միայն կոկոսի յուղը, մնացած ամեն բան հավաքում ենք լեռներից ու դաշտերից:

-Որքա՞ն ժամանակ է տևում օճառի ստացման ընդհանուր գործընթացը:

-Տարբեր, կան յուղեր, որ թորվում են մեկ կամ մեկուկես ամիս: Օրինակ, կոկոսի յուղը թորվում է 4-ից 4,5 ամիս, իսկ օճառը չորանում է կրկին մեկ կամ մեկուկես ամսվա ընթացքում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Արդյո՞ք սպառողները ճանաչում են Ձեր արտադրանքը:

-Դրսում այո, Հայաստանում ոչ այդքան, բացի այդ այստեղ մարդիկ չեն տարբերում բնականը արհեստականից: Կարծում են, եթե փրփուր չի առաջանում, ապա այն մաքրող նյութ չէ, բայց դա սխալ մտածելակերպ է, կամ՝ բնական շամպունը ավելի ջրիկ է, քան քիմիականը, այդ պատճառով շատ խնդիրներ ենք ունենում:

-Իսկ ի՞նչ քայլեր կուզենայիք, որ ձեռնարկվեն արտադրանքը Հայաստանում ավելի հայտնի դարձնելու համար:

-Քայլեր իհարկե արվել են ու կարվեն, մեր արտադրանքն արդեն իսկ ներկայացված է մայրաքաղաքի դեղատներում, բայց շատ լավ կլիներ, եթե լիներ մի կազմակերպություն, որը կզբաղվեր ապրանքի առաքմամբ, գործս մի քիչ կթեթևանար:

Inesa Zohrabyan aragacotn

Ես Ինեսան եմ

Բարև, ես Ինեսան եմ Արագածոտնի մարզի Արտենի գյուղից: Ես 14 տարեկան եմ, սովորում եմ 9 -րդ դասարանում և լավ եմ սովորում: Ես շատ եմ սիրում մասնակցել սեմինարների, կոնֆերանսների,  քննարկումների, բանավեճերի և համայնքային ծրագրերի: Այս տարի ավարտելու եմ հիմնական դպրոցը և դեռ չեմ կողմնորոշվել. կրթությունս շարունակել տեղի միջնակարգ դպրոցո՞ւմ, թե՞ որևէ վարժարանում: Մասնագիտություն ընտրելու հարցում արդեն կողմնորոշվել եմ. լեզվաբան եմ դառնալու: Արդեն 3 տարի է մասնակցում եմ ԻՄՓԱՔԹ ծրագրին, որի միջոցով ծրագրեր ենք իրականացնում և ազդեցություն ունենում համայնքի կյանքի վրա: Նաև ոչ ֆորմալ կրթությունն ենք ուսումնասիրում: Ասում են`գյուղի ակտիվ երեխաներից մեկն եմ. չկա որևէ միջոցառում, ծրագիր համայնքում իրականացվող, որին չեմ մասնակցել ու մասնակցում: Հաճախում եմ պարի, անգլերենի պարապմունքների: Շատ եմ սիրում զբաղվել լուսանկարչությամբ, դա իմ հոբին է: Գյուղում, նաև գյուղից դուրս, շատ ընկերներ ունեմ: Շատերի հետ ծանոթացել եմ հենց տարբեր ծրագրերի մասնակցելու շնորհիվ: Մասնակցել եմ «Արքանե» աղջիկների զարգացման ամառային դպրոցին`2015 թվականին: Դրանից հետո սկսեցի սիրել այդպիսի ծրագրերը, որոնց միջոցով, թե գիտելիք եմ ձեռք բերում, թե նոր ընկերներ:

Այս տարի էլ մասնակցեցի ՖԼԵՔՍ ծրագրին` ուժերս փորձելու, ինչու չէ, նաև հաղթելու համար: Եվ իմ շատ ընկերների 17.am-ի հոդվածները ինձ շատ ոգևորեցին, և ցանկացա ես էլ դառնալ նրա մի մասնիկը:

Սա իմ առաջին հոդվածն էր, և համոզված եմ, որ շարունակական է լինելու:

Ani avetisyan

Հայաստանս

Հիշում եմ՝ երեք տարի առաջ էր, երբ ավագ եղբորս բանակ ճանապարհեցի: Հենց այդ ժամանակ էր, որ Հայրենիքի ու հայրենասիրության մասին բոլոր ասած-լսածներս մաշկիս վրա զգացի:

Հիշում եմ նրանց զորամասի ճանապարհը, Արցախի ամենահեռու, ամենաքարոտ վայրում Ազգալդյանի հուշաքարը. «Սա Հայաստանն է, և վերջ»: Սա, այս լեռները, քարափները, Մռավի լանջի այն ձյան պատառիկը, ամեն ինչ՝ Հայաստան է: Ու թվում էր, թե դրանից այն կողմ անսահմանություն պիտի լինի, բայց չէ՜, այնտեղ էլ Հայաստանն էր, նույնը, մերը, ուղղակի գողացված: Այդ ժամանակ էր, որ հասկացա, զգացի անկախությունը: Ինձ էլ այդ անկախության պահապանը զգացի: Մի քիչ….   Զգացի, թե ինչպես Հայաստանը, Հայաստանս դադարեց նյութական, շոշափելի լինելուց, ինչպես այն դարձավ գաղափար, աշխարհայացք, դավանանք:

…Հիմա, արդեն երեք տարի  անց, հիշում եմ, թե  որքան մեծ էին երևում անկախության իրական, տասնութամյա պահապանները, եղբայրս, ովքեր գնում էին պաշտպանելու իմ, քո, Ազգալդյանի ու բոլորիս Հայրենիքը: Գնում էին, որ նյութական Հայաստան էլ երբեք չլինի, որ Մռավի լանջի ձյունի պատառիկն անգամ դադարի սառը զանգված լինելուց, որ ձուլվի գաղափարին, դառնա աշխարհայացք: Նրանք գնում էին ցույց տալու ինձ, քեզ, աշխարհին, որ սա է մեր երկիրը, որ այն ավելին է, քան աշխարհագրական տարածքը, լեռնային կղզին, ավելին է նույնիսկ, քան  արյունով ներկված եկիրը, այն այսօր անուն ունի, արյամբ ու քաջությամբ սրբագրված անուն:

Իսկ հիմա՞: Հիմա բոլոր նրանք, ովքեր տասնութ տարեկան էին երեք ու նույնիսկ երեսուն տարի առաջ, ովքեր բախտի չար խաղով տասնութ են մնալու նույնիսկ երեք հարյուր տարի անց, նրանք այսօր իմ հասակակիցներն են: Ու երևի միայն հիմա եմ զգում իրական Հայաստանը, զգում, որ սիրում եմ նրան: Հիմա եմ հասկանում, թե ինչու կես-պատահմամբ, կես-դիտավորյալ Հայրենիք բառը մեծատառ եմ գրել:

Ասում եմ, թե նրանք այնքան էլ մեծ չեն ինձանից, բայց մեկ է՝ անհասանելի են, մի տեսակ երկնային, աստվածային: Եվ հենց նրանցով է Հայաստանը՝ Հայաստան, իսկ մենք՝ մենք, նրանցով եմ հասկանում, թե որքան եմ սիրում երկիրս:

Sargis Melkonyan

Արևածագին սպասելիս

Գիշերվա 03:27:

-Ես էլ եմ սիրում նայել աստղերին…

-Վայ, աստղ ընկավ․․․

-Լավ, հերիք է ձեր աստղային թեմաներով խոսեք, եկեք «Այլ կերպ» խաղանք…

-Բայց գյուղում կա՞ «Այլ կերպ»:

-Չկա՞, կսարքենք:

-Ա՜, ինչ էլ հավես ունեք…

Ժամը 03:45:

-Երեխեք, «Այլ կերպի» 20 քարտ եմ սարքել…

-Իսկ մենք արդեն քաշել ենք ինտերնետից:

-Ասեիք` էդքան չէի տանջվի, ու՜ֆ…

-Լավ, հիմա խաղում ե՞նք, թե՞ չէ…

-Խաղում ենք, խաղում:

-Դե, եկեք խմբերի բաժանվենք:

-Ըհըն, ես, Մարիշը, Նելլին: Մելքոնը, Ջուլին, Ելենան…

Երևի այս խառնաշփոթից հասկացաք, որ մի խումբ երեխաներ գիշերվա կեսին հավաքվել են ինչ-որ վայրում ու խաղում են: Երեխեքը մենք էինք՝ ես, քույրս, եղբայրս, հորաքույրներիս աղջիկները: Հազիվ էինք իրար գլխի հավաքվել: Դե, մեծանալը լավ բան չի, էլի: Առաջ ամբողջ ամառ միասին էինք անցկացնում. պարում էինք, լողում, բակային ճամբարներ կազմակերպում, խաղաքարտային առաջնություններ, ֆուտբոլ, «գործնագործ», «շիթ», լոտո, բադմիտոն, վոլեյբոլ… Ինչ ձեր մտքով կանցնի: Իսկ հիմա՞: Հիմա Ֆեյսբուք, Ինստագրամ, Թվիթեր, դասեր, պարապմունքներ, գործեր, պրոբլեմներ, բարի գիշեր:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Ժամը 04:01:

Խոսքը բացեցի ես, որ մեր տանը հայտնի էի, որպես հավերժ սոված:

-Եկեք հաց ուտենք, սոված եմ:

-Տասներկուսին կերանք:

-Ես ավելի լավ առաջարկ ունեմ, եկեք ուտենք ու արևածագը դիմավորենք:

Ու կտրեցինք ցերեկը գնած ձմերուկն ու հացով, պանրով կերանք:

-Էս ձմերուկն ո՞վ ա առել:

-Պապան , ինչի՞, չես հավանո՞ւմ:

-Չէ, հակառակը, շատ համով ա:

-Սուս մնացեք, յա, կերեք, ձեռքներդ լվացեք, գնացեք քնեք, ի՞նչ կա մնացել եք…

-Չէ տատի, ի՞նչ քնել, հազիվ էսքան նստել ենք, ուզում ենք արևածագը դիմավորենք…

-Սաքո, հել քնի, հեսա հերդ, մերդ ու քուրդ օդանավակայանից կգան:

-Տատի, մենակ ի՞նձ տեսար: Քո մածունը սև ա` հաստատողն էլ ես էի՞:

-Ա՜ տատի, լավ էլի, հեսա լույսը կբացվի, ուզում ենք արևածագը տեսնենք…

-Դե լավ, խելոք մնացեք, ձեն չհանեք, գնում եմ քնեմ: Մի հատ բարձր ձեն եմ լսել, գալու եմ քեզ սխկեմ, Սաքո:

-Ըհ, էլի՞ ես, էստեղ ուրիշ մարդ չկա՞…

-Բարի գիշեր տատ ջան…

-Բարի, բարի…

Գիշերվա 05: 39:

-Էրեխեք, ես էլ չեմ ձգում, գնում եմ քնեմ:

-Կամաց հորանջի, մոծակը մտավ բերանդ:

-Չէ, ոչ մի քնել…

-Մնում ենք մինչև արևածագ:

-Էրեխեք, լույսը ոնց որ բացվում ա, մի հատ հեռախոս տվեք` չխկացնեմ:

-Չէ, ես էլ չեմ ձգում:

-Վա՜յ, 20 րոպեից արևը կերևա, ոչ մի քնել:

20 րոպեն դարձավ 30, 40, ու զարթուցիչ էինք դնում րոպեն մեկ, որ արևին դիմավորելիս քնած չլինենք…

-06:13, լույսը բացվեց, այ հիմա գնանք հանգիստ քնենք:

-Բարի գիշեր:

-Բարի լույս:

Պոպոքի տոնը, Պոպոքի տանը

«Մենք հավատում ենք, որ միայն հայրենադարձությամբ կարող ենք հաղթել թշնամուն, այստեղ ապրելով, այստեղ շենացնելով: Եվ հենց այստեղ փորձեցինք մի փառատոն կազմակերպել, որն էլ արդեն իր մեջ ընդգրկում է «տոն» բառը, որպեսզի մեր ժողովուրդը ուրախ լինի, մեր համաքաղաքացիները ուրախ լինեն: Եվ գոնե մեկ օր փառաբանենք Աշտարակի ամենահռչակավոր բերքը՝ ընկույզը: Բարի եկած եք և հավատացած ենք, որ ոչ թե ամեն մի հայ պետք է ասի. «Որտեղ հաց, այնտեղ կաց», և գնա օտար երկիր` չեզոքացնելով իրեն և իր ընտանիքը, այլ գա Հայաստան և ասի. «Ուր հայ, հոն` կաց»:

Եվ ահա, արդեն հինգերորդ տարին է, որ սփյուռքահայ Պիեր Բաղդասարյանի խոսքերով սկսվում է «Պոպոքի տոնը, Պոպոքի տանը» փառատոնը:

Բացատրեմ խաղի կանոնները: Խաղը բաղկացած է 5 փուլից և 8 հոգանոց խմբերից: Մասնակիցները կանգնելով, այսպես ասած, թմբուկե սեղանի շուրջը, (որի ներսում լցված են ընկույզները) աջ կողմից վերցնում են ընկույզը, մուրճով կոտրում, այնպես որ, չփշրվի, կեղևահան անում և լցնում իրենց համարի ամանի մեջ ու անցնում հաջորդ ընկույզին: Մեկ ամբողջական ընկույզը կամ պոպոքը, ճղոպուրը, կակալը (ինչ էլ ասես, իմաստը նույնն է) հաշվում են մեկ միավոր: Հաղթում է այն մասնակիցը, ով ամենաշատն է կոտրել:

Այս տարի մասնակիցներն ավելի շատ էին, քան նախորդ տարիներին: Նրանք ոչ միայն Աշտարակից էին, այլ նաև Երևանից, Օշականից, Սասունիկից և Ուշիից:

Փառատոնի ընթացքում մենք Կարմրավոր եկեղեցուց ծածանեցինք 30 մետրանոց եռագույնը, որը եղել էր բազմաթիվ այլ երկրներում և կարևոր իրադարձություններում, որի մետրերը պետք է ավելանային և ծածանվեին Արարատի գագաթում:

Ահա և եկավ սպասված պահը: Իր արագության, ժամանակը ճիշտ օգտագործելու և անկոտրունության շնորհիվ հաղթող դարձավ Արմեն Աբրահամյանը: Նա կարողացավ առավել շատ կեղևի տակ թաքնված «ուղեղներ» հանել և ստանալ 50.000 դրամ: Իսկ այս ամենը եզրափակվեց ավանդույթ դարձած երգով.

… Պոպոք է այստեղ, պոպոք է այնտեղ,

Հայի սեղանին անպակաս համեղ,

Պոպոք է այստեղ, պոպոք է այնտեղ,

Կեր ու կդառնաս բոլորից ուժեղ…

Առաջին շարքում նստած երեխաներից մեկը չդիմացավ ընկույզների գայթակղությանը ու թմբուկե սեղանից «գողացավ» մեկ պոպոք:

Sargis Melkonyan

Մոմ ենք վառում

Մինչև վերջին տարիներս մեր գյուղում «մոմ էինք վառում»: «Մոմից» միացնում էինք հեռուստացույցը, սառնարանը, լվացքի մեքենան, համակարգիչը… Ամեն ինչ, ինչը հնարավոր էր միացնել հոսանքին, կամ ինչ կա սովորական գյուղացու տանը: Ու այս սարքերից օգտվում էինք հենց մոմի պես: Թեթև քամուց կհանգե՞ր մոմը, կհանգեր, ուրեմն գյուղի լույսերն էլ կգնային: Քամին դադարելուն պես լույսերն էլ կմիանային: Մինչև վերջին տարիները ագարակցիները մուկն ու կատու էին խաղում լույսերի հետ՝ ամեն վայրկյան սպասելով, թե հեսա լույսերը կտատանվեն ու տեխնիկան կփչանա: Փող էինք տալիս, որ լույս ունենայինք, տեխնիկան էր վառվում: Կպատահեր, որ գյուղում ժամերով լույս չէր լինի, ու մութ ու ցուրտ տարիները հյուր կգային մեզ. հիշում էինք հին խաղերը, երգերը, ոտանավորները, ջերմագին զրույցները…  Լավ է, որ խնդիրը վերջին երկու տարում մեծ հաշվով գտել է իր լուծումը: Բայց դե օրեր են լինում, որ էլի «մոմ ենք վառում»:

Հուշերիս կղզին

….«Ժամը ո՞նց իմացար, այ տատ»: Մեղավոր նայում է ինձ,

նայում է վերև՝ արևին, հետո գնում է մանրաքայլ:

Իսկ մենք հաց կտրելու մեքենա էլ ենք հորինել:

Վարդգես Պետրոսյան

 

…Նստում էր պատուհանի տակ ու դուրս նայում: Դպրոցից տուն ճանապարհս միշտ ընդհատվում էր նրանց տան մոտ, նայում էի պատուհանից ներս, ժպտում, հետո վազում-նստում կողքին, ու նա ինձ պատմում էր պատմություններ, պատմում էր իր կյանքից, անցյալից ու ներկայից: Եվ հենց նա էր ինձ համար ամենալավ գրողը, բանաստեղծը, ամենալավ հեքիաթասացը: Ախր, նա ինձ պատմելու այնքան բան ուներ: Տա՜տս….

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Հուշերիս մեջ նա ամրացել է մյուսներից տարբեր, ուրիշ լույսով շաղախված, մի քիչ էլ խառնված Անանյանի գրածներին, որ էլի իրենից էի լսել: Որքան նման էին այդ պատմվածքները տատիս հեքիաթ-կյանքին, համենայնդեպս, ինձ այդպես էր թվում: Լսում էի, լսում, ու մտքերս խճճվում էին, խառնվում ու մի անքանդելի կծիկ դառնում: Հետո, մի օր էլ նույն ձևով մտքերիս կծիկը տեղավորվեց հուշերիս դարակներում, ամուր-ամուր կողպեցի սրտումս, որ էլ երբեք չբացեմ, որ չկորցնեմ նրանց: Միայն մի օր երևի կբացեմ դարակները, որ նորից կարդամ Անանյանի գրածները, քանդեմ հուշերիս կծիկն ու այն դասավորեմ այնպես, որ էլ չխճճվեն հիշողություններս, որ «Հովազաձորի գերիները» չգան-չխցկվեն տատիս հեքիաթ- կյանքի մեջ:Բայց չէ, կյանքը հեքիաթ չի, կյանքի վերջում հեքիաթների պես երկնքից երեք խնձոր չի ընկնում, տատիս կյանքի վերջում էլ չընկավ… Հա՜, նրա կյանքն էլ հեքիաթ չէր…

…Հետո գնում էինք այգի, նա վերցնում էր քաղհանն ու աչքերիս մեջ ձուլվում բնությանը, հողին ու ջրին, ամեն ծառ ու թփի հետ նա իր սրտից մի մասնիկն էր դնում. երևի հենց դա էր պատճառը, որ իր աճեցրած մրգերն ամենահամեղն էին ինձ համար, ամենալավը…. Նա էր ինձ համար ամենալավը:

Ինչ հետաքրքիր բան է, չէ՞, կյանքը, ո՞նց է ներկան այդքան արագ կարողանում հիշողություն դառնալ, իսկ հետո, հետո ուղղակի մոռացվել… Չէ՜: Հիշողությունները մեզ չեն լքի, չէ՞ որ առանց նրանց կյանքն անիմաստ պիտի լինի, դատարկ ու խավար, առանց հիշողություն կյանքն անպետք կդառնա:

Նա էլ իր հիշողություններով ապրում,ի՞նչ կլիներ, եթե նա էլ իր սրտի դարակներում ամուր չփակեր հիշողությունները, որ հազվադեպ էր բացում, միայն վերհիշելու, ինձ, քրոջս ու եղբայրներիս պատմելու համար:

…Միասին քայլում էինք, խոսում, հետո գալիս, նստում մի հին աթոռի վրա, ու նա ինձ էլի պատմում էր, պատմում էր երկար ու ամեն ինչի մասին, ինչքա՜ն բան էի սովորում նրա պատմածներից, ոնց էի հիանում նրանով, իսկ նա, նա դեռ պատմում էր, պատմում էր, մեկ-մեկ կռիվ տալով դավաճանող հիշողության հետ, մեկ-մեկ ժպտալով, բայց միշտ-միշտ թախծոտ հայացքով ու դողացող, վշտից չորացած ձայնով, իր ձեռքերի նման:

Նայում էի նրան ու զարմանում, թե մի մարդու մեջ ինչպես կարող են այդքան լավ բաներ լինել, այդքան բարություն, ջերմություն ու սեր: Ինչպես կարող է անծանոթ մարդուն ուղղված, կամ նրանից ստացած ընդամենը մի բարևն այդքան երջանկացնել մարդուն:

Այդ ինչպե՞ս… Դե հա, նրան երջանկացնում էր:

Աստված մեկը հազար անի

Արագածոտն մարզի գ.Եղիպատրուշում տեղի ունեցավ հուշասյան բացում: Հուշասյունը իր մեջ ամփոփում է տարբեր ժամանակներում,սակայն միևնույն պատճառով զոհված հայերի հիշատակը հավերժացնող հուշաքարեր: Հուշասյան հեղինակը և նախաձեռնողը Վալերի Հովհաննիսյանն է: Վ.Հովհաննիսյանը՝ գյուղի նախկին բնակիչներից է: Հուշասյան շինարարական աշխատանքները սկսվել էին մայիսից, հատկանշական և գովելի է այն փաստը, որ հեղինակ-նախաձեռնող պարոն Հովհաննիսյանը և նրա որդիները շինարարության ամբողջ ընթացքում մասնակցել են տարվող բոլոր աշխատանքներին: Նախ, կատարվել էր ծառատունկ, որի ժամանակ հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված՝ տնկվել էր նույնքան եղևնի, և ահա այսօր էլ կատարվեց հուշասյան բացումը, բացման արարողությունը սկսվեց գյուղապետի շնորհակալական խոսքով, որին հաջորդեց հուշասյան օծումը: Հուշասյունը գյուղացիները կոչում են «Խաչ », իսկ տեղանքը «Խաչի մոտ », պատճառը այն է, որ հուշասյունը ամփոփվում է խաչով: Հուշասյան տեղանքը այնպես է ընտրված, որ այն նայի գյուղի երկու եկեղեցիներին, դամբարանադաշտին և գերեզմանատանը: Վ. Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր հայրենիքին , երկրին կամ ծննդավայրին աջակցել՝ թեկուզ չնչին գործով: Բացման արարողությունից հետո ավանդական ծեսով կատարվեց մատաղ, որը տեղում հյուրասիրեցին հյուրերին և գյուղացիներին: Նշեմ, որ 700 տարուց ավել գյուղում ոչ մի հուշակոթող չէր բացվել: Այս օրը յուրահատուկ էր յուրաքանչյուր եղիպատրուշեցու համար, Աստված մեկը հազար անի…

«Ինձ ամենից շատ հետաքրքում է այսօրվա երիտասարդությունը»…

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

«Վաղը ժամը 4-ին մեզ մոտ է լինելու գրող, հրապարակախոս, նկարիչ Արևշատ Ավագյանը։ Ակնկալում եմ շատերիդ մասնակցութունը։ Պարոն Ավագյանը մեր մարզից է, ժամանակակից գրողներից է, Գրողների միության անդամ։ Տարիքով պապիկ է, ասելիք կունենա անցած ճանապարհի մասին։ Եկեք ճանաչենք մեր մարզի դեմքերին»:

Անսպասելի ստացա էսպիսի մի հաղորդագրություն «Աշտարակ» ֆեյսբուքյան խմբի Մարինեից ու չափից շատ ուրախացա, որ մեր երիտասարդական կազմակերպությունում էսպիսի մի հետաքրքիր հանդիպում է լինելու: Հիմա ոնց չուրախանամ: Մտածում եմ` ինչպես պետք է լինի, ինչ հարցեր եմ տալու, պատկերացնում եմ` ինչ հետաքրքիր է անցնելու, ու չեմ համբերում, թե երբ է լույսը բացվելու: Առավոտը արթնանում եմ, արագ-արագ դուրս գալիս տնից, գնում քոլեջ, թույլտվություն վերցնում, որ վերջին ժամին դուրս գամ: Տալիս են թույլտվությունը, ու իմ ուրախություն կրկնապատկվում է: Շտապում եմ հասնել Աշտարակ: Հասնում եմ, մտնում տուն ու արագ գնում Երիտասարդական, ու տեսնում Պարոն Ավագյանն էնտեղ նստած է: Ուշադիր նայում եմ նրան, բարևում: Սպասում ենք մինչև բոլորը հավաքվեն, որ սկսենք զրուցել: Ես ուշադրությամբ լսում էի և այսօր ձեզ եմ ներկայացնում հատվածներ այդ հանդիպումից:

-Ժամանակին մայր առուն կոչվել է Ուրարտական առու, հենց այդտեղ, որտեղ որ ես ծնել եմ` Կարմրավոր եկեղեցու մոտ էր գտնվում այդ թաղամասը: Այնտեղ կային մշեցիներ, վանեցիներ, խառը գաղթականներ: Իմ նախնիները մոկացիներ են: Ես ծնվել եմ մի ընտանիքում, որը լցված է եղել քրիստոնեական սիրով: Ամեն առավոտ և ամեն իրիկուն հայրս աղոթում էր, և ես էլ լսելով, տեսնելով հավատացել ու հավատում եմ: Եվ եթե հավատը ամրապնդված է, ապա դու կապվում ես տիեզերքի հետ: Միայն պետք է լինել մաքուր, արդար, կարգին մարդ:

Ես շատ սիրում եմ իմ ապրած կյանքը: Պառկում ու հիշում եմ մանկությունիցս սկսած: Հիշում եմ, որ ձմեռը թոնիր էինք վառում, ոտներս կախում ու նստում հեքիաթներ էին պատմում: Երբ վերջացնում էին, նրանց պատմածներից հորինում ու սարքում էի մի ուրիշ հետաքրքիր բան: Էսպես հավանում էին բոլորը իմ հորինած հեքիաթները, և ես փոքր երեխա լինելով, ամենալավ հեքիաթասացն էի դառել:

Հեքիաթների մեջ ասում էին. «Նա հանեց գրպանից հայելին և տեսավ իր սիրած աղջկա պատկերը», իսկ հիմա դա կարծես իրականություն է դարձել՝ հանում ենք հեռախոսը և կարող ենք խոսել օվկիանոսից այն կողմ գտնվող հարազատների, ընկերների հետ: Եվ դա ընդամենը հեքիաթ էր:

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Լուսանկարը` Անի Գրիգորյանի

Առաջին բանաստեղծությունս գրել եմ չորրորդ դասարանում: Պռոշյանի անվան դպրոցում էի սովորում Բերդաթաղի մոտ, գաղթականների փողոցն էր: Մայրիկս պայուսակ էր կարել ինձ համար, ու դրա մեջ գրքերս դրած դպրոց եմ գնացել: Մայրանուշ Խաչատրյանն իմ առաջին ուսուցչուհին է եղել, շատ խիստ էր: Հետագայում նրան բանաստեղծություն եմ նվիրել: 4-5-րդ դասարանում սիրում էի երկու աղջկա՝ մեկը սիրուն էր, մյուսը՝ ավելի լավ էր սովորում, որ օրը ով լավ էր պատասխանում, նրան ավելի էի սիրում: Չէի կողմնորոշվում:

…Մեր բարեկամի տանը մի տղայի տեսա, նստած էր համակարգչի առաջ ու խաղ էր խաղում: Ասացին` արի հաց կեր, նա էլ պատասխանեց` բերեք էստեղ: Ուզում եմ ասել` այնքան են ծուլացել, փոխարենը` թռվռան, խաղան, ճառագայթվում են, և այդպիսի մարդը չի կարող նորմալ մեծանալ:

Դժգոհ եմ այսօրվա հեռուստահաղորդումներից: Ոչ կրթում, ոչ էլ դաստիարակում են: Օրինակ, իմ թոռնիկները ցանկանում են նմանվել «Բանակումի» Համբարձումին, «Քարե դարդի» հերոսներին… Դրանցով կրթված մարդը չի կարող լայն մտահորիզոն ունենալ: Պետք է փնտրեք ու գտնեք ձեր միջի աստվածատուր շնորհը: Եթե մաքուր եք պահում ինքներդ ձեզ, ուրեմն դուք ձեզ հեռու եք պահում խաբվելուց, վատ մտքերից, իսկ այդ շնորհը կարող եք գտնել լավագույն բանաստեղծություններից, գրքերից, հիմա ես էլ ակտիվորեն կարդում եմ համացանցով և շատ ինֆորմացիա կա, կարող եք էդտեղից էլ շատ լավ նյութեր գտնել: Ամենակարևորը` ինքնամաքրման զգացողություն ունեցեք ձեր մեջ: Եթե ինչ-որ բան եք ուզում ասել կամ անել, մտքում որոշեք` ճի՞շտ է, թե ոչ:Երիտասարդ սերնդի առաջ պետք է դռները բացել: Ավելի լավ է ապրել ճիշտ, բաց ճակատով, գնալ ճիշտ ճանապարհով, որովհետև այդ կյանքի ճանապարհը տանում է անմահություն:

Ցանկանում եմ, որ մեր հանդիպումը հիշարժան լինի: Դա նշանակում է, որ բավարարված պետք է լինենք, հենց դա է բերում երջանկության: Երբ որ մենք որևէ բան ենք գնում, այն կշռում ենք, իսկ կան արժեքներ, որոնք գին չունեն, և որևէ մեկը չի կարող ասել իր հպարտությունը քանի դրամ արժե:

Ամեն ինչ հնարավոր կարող է լինել, որովհետև դուք ներունակությամբ եք լցված, դա պոտենցիալ ուժն է: Դուք պետք է փնտրեք ու հասնեք հաջողության:

Silvi

Մեր խաղերը

Ուրեմն, «Ռենջերները» նոր էր սկսվել, դեռ չէին հասցրել անհամացնեին, մենք ողջ դասարանով նայում էինք, ու քանի որ մենք էլ քննական դասարան էինք, գնում էինք կոնսուլտացիաների, հենց վերջացնում էինք, մենք մեր տեղը ունեինք` գնում էինք: Փոսի մեջ ապրում էին ռենջերները, իսկ մի քիչ հեռու բլուրի վրա «չարերի» տունն էր: Առաջին օրը որոշեցինք, թե ով որ ռենջերը պետք է լինի: Ես ու մեր դասարանի Նաիրան վիճեցինք, թե ով պետք է լինի կապույտ ռենջերը: Դե, քանի որ ես շատ համառ եմ, ես էլ եղա: Երբ դուրս եկանք կռվի, սկզբում իսկապես իրար ծեծում էինք, հետո խոսեցինք ու որոշեցինք ձևականորեն խփել:

Ու մենք այսօր էլ, որ անցնում ենք այդ տեղով, միշտ հիշում ենք մեր ռենջերական խաղերի շրջանը: Տեսնում ենք մեր` քարերով միմյանցից առանձնացված ննջասենյակները, հյուրասենյակը, խոհանոցը: Այնպես ենք հիշում դրվագներ, ծիծաղում, որ չենք էլ նկատում, թե ոնց ենք տուն հասնում:

Ես ինչ որ չափով կարող եմ ասել, որ ունեցել եմ մանկություն առանց ինտերնետի: Այսօրվա երեխաները համակարգչային խաղերից բացի այլ զբաղմունք չունեն: Իսկ մենք խաղում էինք «կարմիր կոճակ», «էշ միլիցա», «հալամուլա», «հավալա», «կլաս» ու նման հավես խաղեր:

Հիմա կմտածես, թե մեծ եմ, բայց չէ, ընդամենը 16 տարեկան եմ: Խորհուրդ եմ տալիս հիմա նյութս կարդաս, վերջացնես ու գնաս դուրս, ընկերներիդ հավաքես ու պահմտոցի խաղաս:

Եթե որոշես իմ խորհրդին հետևել, հոդվածի տակ մեկնաբանություն թող, տեսնեմ` գրածս գոնե մի արդյունք տվե՞ց: