nare hovhannisyan

Կյանքի արահետներն ու Արարատ-Երևան ավտոբուսը

Ուզում եմ խոսել քեզ հետ, վաղուց է, ինչ չեմ պատմել, չեմ կիսվել այն ամենի մասին, ինչն ինձ իսկապես խանգարել է: Դժար է իրականում մեր կյանքում ճիշտ և հարթ ճանապարհներ գտնել, քանի որ երբ վստահ քայլեր ես գցում կյանքի արահետներին և գիտես, որ խոչընդոտները քեզ համար ոչինչ կլինեն, այդ պահին ուղղակի ապշում ես, երբ արահետն իր ուղղությունը փոխում է, ծռվում, ճաքեր տալիս՝ ծառերի փոխարեն ճիշտ փշեր աճեցնելով։ Քեզ թվում է, որ սա ուղղակի թյուրիմացություն է և այն կչքանա, երբ դու չես էլ հասցնի բացել-փակել աչքերդ։ Փակում ես և վստահ բացում այդ հույսով: Գիտեմ՝ դժվար է հավատալ դրան: Բայց դու այս անգամ կրկին վստահ ես, արդեն չես երազում, էլ չես փակում, բացում աչքերդ, այլ հավատում ես միայն քեզ, ու առաջին քայլին ընդառաջ շարժվում ես՝ 2, 3… Ու այդ արահետին դու պահի ազդեցության տակ կորցնում ես գիտակցությունդ, զգոնությունդ, գրպաններումդ փնտրում բանականությունդ: Մտածում ես՝ մի՞թե վերջն է, մի՞թե այս արահետին կորցրիր դրանք, ուզում ես հետ դառնալ, բայց մեկ վայրկյան անց ներքին ձայնդ աղաղակում է.

-Շարժվի՛ր, քայլի՛ր առաջ: Հետ չնայես: Դու շատ բան ես կորցրել, բայց հաջորդ քայլերիդ հետ մեկտեղ դու կգտնես այն, դեռ ձեռք կբերես ավելին: Շարժվի՛ր, արահետն իր վերջը ցույց կտա: Մի՛ վարանիր:

«Միգուցե ինքնաբերաբար ստացվեց»,- մտածում ես դու: Ո՛չ, ամեն բան կարգին է, դու միայն շարժվի՛ր, մեկ տարեկան մանկիկի պես դի՛ր քայլերդ, նրա նման փոքր-ինչ անվստահ, բայց հավատով:

-Նարե, ի՞նչ պատահեց. նորից մտքերով ես տարվել: Հիմա ավտոբուսը կշարժվի, արագ տեղավորվիր, թե չէ նստելու տեղ չես գտնի:

Երկու մտքերիս հորձանուտից դուրս գալով՝ արագ վերջում գտա մի ազատ տեղ և նստեցի: Առավոտյան վստահ էի, որ վերջապես տեղ կգտնեմ ինձ համար, քանի որ շատ էի քայլելու, պետք էր, որ սկզբում մի լավ նստեի:

Եվ ահա, վարորդն էլ տեղավորվեց, նրա հետ միասին ավտոբուս բարձրացան մեծահասակները՝ ծանր-ծանր բեռնված։ Ինքնաբերաբար գլուխս կախեցի, ուզում էի նստած մնալ: Բայց ինչպե՞ս հնարավոր է, որ դաստիարակությունդ գլուխ չբարձրացնի: Այդ պահին փորձում ես վերահսկել նրան, բացատրել, որ գոնե այս անգամ դու նստած մնաս, ոչ թե ամեն անգամ վեր կենաս՝ զիջելով որևէ անծանոթի: Այնուամենայնիվ, վեր կացա:

-Նստե՛ք, տիկին:

-Շնորհակալ եմ, աղջիկ ջան:

Շարժվեց։ Սա էլ կարծես կյանքի արահետ լինի, տե՛ս, դու սկզբում ունես բազմաթիվ անծանոթ մտքեր, երազներ գլխումդ, դու հուշիկ քայլերով փորձում ես անցնել արահետը, բայց կեսից այդ սին մտքերն ու երազները իջնում և լքում են քեզ՝ թողնելով կյանքիդ արահետին մենակ: Եվ այդպես էլ դու նրանց անծանոթ ես դառնում:

-Ինչպե՞ս կարելի է, չեմ հասկանում: Դուք հազարավոր մարդկանց եք տեղափոխում ամեն օր և չեք էլ մտածում գոնե մի անգամ ստուգել շարժիչը:

-Տիկին, իջի՛, գնա՛: Բայց տոմսիդ փողը տուր: Սա քո համար ձրի չէ:

-Ես ուշանում եմ աշխատանքից, չե՞ք հասկանում, ի՞նչ է:

Ինձ թվում էր, որ ոչ ոք էլ չէր հասկանում, որ որևէ մեկը աշխատանքից, հանդիպումից կուշանա, ամեն ոք մտածում էր իջնել և որևէ ելք փնտրել, քանի որ ավտոբուսն արդեն քսան րոպե էր՝ անսարք կանգնած էր փողոցի մեջտեղում:

-Ես չեմ վճարի չորս հարյուր դրամ այս անսարք ջարդոնի համար, որն ինձ մարդավարի տեղ չհասցրեց:

-Մի՛ մտածի, դու երեք հարյուր իննսուն կտաս,- վստահ գոչեց վարորդը:

Անասելի ցավ զգացի, մի՞թե հնարավոր է ծաղրել մի մարդու, ում վերջին հույսն այդ ավտոբուսն էր: Հա, իրականում մի պահ այդ ամենն իմ աչքում ծիծաղելի էր, բայց փոքր ուշ հոգումս կարեկցանք զգացի այդ անծանոթների նկատմամբ, որոնց դեմքին նյարդային և տխուր կերպարանք էր իջել: Թվում էր՝ անհնար է մի բան ձեռնարկել, այնուամենայնիվ, այդ պահերին բարությունն ու մարդասիրությունը չի լքում մարդկանց: Մեքենաներ էին կանգնում, փորձում օգնել, ոմանք առաջարկում էին իրենց հետ մեկնել: Լավ էր, այն կինն, ով ուշանում էր աշխատանքից, բարին չկորցրած մի անծանոթի հետ մեկնեց: Վերջապես մենք էլ մեկնեցինք փոխարինող ավտոբուսով:

Այս ամենից միայն մի բան հասկացա. մարդիկ չարացել են աշխարհի նկատմամբ: Նրանք էլ իրենց կյանքի արահետներին կորցրել են բարությունը, զգոնությունը, սերն ու հավատարմությունը: Նրանք կորցրել են` չցանկանալով դրանք որոնել արահետի վերջում: Այդ արահետին պայքարելիս նրանց հոգին թաքնվել է սրտի և ստամոքսի հետևում, այն իր ուժը կորցրել է, պատվել է չարությամբ, հետո՝ մատնվել մոռացության:

Գիտե՞ք՝ վարորդին, այն տիկնոջը, որն ուշանում էր, այն ծերուկին, որը բողոքում էր, և այն մարդկանց, որոնք կյանքի արահետներ են անցել, նրանց մի բուռ քնքշություն է պակասում, մի բուռ հավատ, մի բուռ զգոնություն, մի բուռ հասկացողություն, մի բուռ հարգանք, տասը բուռ ժպիտ և հազա՜ր, հազա՜ր բուռ սեր:

Թվում էր, որ այդ օրվա ավարտն էլ լինելու էր նույնքան բռնկուն և տհաճ, որքան օրվա սկիզբն ու շարունակությունն էր: Ի ուրախություն ինձ, սխալվում էի։

-Նարե, արա՛գ, արա՛գ, հազիվ հասցնենք: Հինգն անց երեսուն շարժվում է: Եթե հասցնենք, մնում է միայն տեղ որոնել:

Վազեցինք: Եվ իհարկե, անիմաստ էր անգամ տեղ որոնել. ոչ մի ազատ տեղ: «Դե՜, լավ, կանգնեմ, մնում է մի լավ բռնվել, որ հանկարծ չընկնեմ»,- հիասթափված մտածում էի ես։

-Աղջիկ ջան, պտտվի՛ր այս կողմ,- երկրորդ նստարանին նստած տիկինն էր, որը դիմացի նստատեղից վերցրեց սեփական զենքերը (տոպրակները) և շարունակեց,- նստի՛ր, աղջիկս, դու այսօր առավոտյան տեղդ զիջեցիր ինձ, նստի՛ր:

-Շնորհակալ եմ, տիկին, անչափ շնորհակալ եմ:

Չէի կարողանում զսպել ինձ: Հոգնած դեմքիս վրա ժպիտ նկարեց այդ կինը, ում իսկապես այդ պահին չէի հիշում: Իսկ դու հիշեցի՞ր նրան: Իսկ ես ուշադիր զննելուց հետո հիշեցի. տիկնոջ շրջազգեստը ծանոթ էր: Իսկապես այն կինն էր, ում առավոտյան տեղս զիջել էի:

Եվ ուրեմն… Մենք էլ մեր կյանքում շա՜տ- շա՜տ բաներ ենք զիջում և զոհաբերում հանուն որևէ մեկի, հանուն մի չնչին ուշադրության, հանուն մի ժպիտի: Զիջում ու շարժվում ենք մեր կյանքի արահետով, ուղղակի երջանիկ սրտով, մոլորված ու երազկոտ հոգով, պատանուն հարիր միամտությամբ ու փուչ երազներով: Չպատկերացնելով, որ մի օր էլ քո կյանքի ավտոբուսում, որը քեզ անսահման հեռուն կտանի, եթե ուզես, քեզ կզիջեն և անծանոթ, բայց հաճելի ժպիտով կասեն՝ նստի՛ր, շարժվում ենք:

davitgorgoyan

Չի՛ կարելի

Առաջին դասարանում ասացին՝  «Չի՛ կարելի», ու էդպես «սովորեցինք» ինը տարի: Դպրոցը հաստատ որոշել էր, որ մեր ապագան թաքուն լափող պետության ապագան իրենք են ծնում: Իրենք գոհ էին: Մենք էլ էինք գոհ, որովհետև մեզ ասել էին. «Չի՛ կարելի»: Էդպես ճիշտ էր: Մենք պիտի՛ գնայինք դասի առավոտյան ինին, մենք պիտի՛ շախմատի ձիու պես քառասունհինգ րոպե նստեինք ու գլխով անեինք, մենք պիտի՛ միշտ համաձայնեինք ուսուցչուհու հետ, մենք պիտի՛ միշտ լռեինք, մենք պիտի’, որովհետև մեզ ասվել էր. «Չի՛ կարելի»:

Բարի աչուկներով «ձյաձյաները» ամիսը մեկ դասարաններ էին մտնում ու բոլորիս ականջին ցածր  աղաղակում, որ դպրոցը մեր երկրորդ տունն է, ուսուցչուհին՝ մեր երկրորդ մայրը, ու մենք պիտի՛ հարգենք դա: Մենք պիտի՛: Էսպես պիտիներով պիտի մեծանայինք ու մի օր նստեինք համակարգչի դիմաց գրելու, թե դպրոցը ինչպես էր ուղղակիորեն կամ անուղղակիորեն բռնաբարում մեր չձևավորված միտքը, սպանում երևակայելու ունակությունն ու գծում քառակուսի սահմաններ` դուրս չգալու պարտադրանքով:

Մենք կմեծանայինք, ու ամեն ինչ կգնար այնպես, ինչպես ծրագրված էր: Ու մենք էդպես էլ չէինք հասկանա, թե ասենք, մաթեմատիկայի ուսուցչուհին ինչո՞ւ էր լատինական այբուբենի տառերի կողքին թվեր գրում, ու ինչո՞ւ է մեկին գումարած մեկը հավասար երկուսի, այլ ոչ թե անվերջության: Չէինք հասկանա, որովհետև քառակուսի ակնոցների տակից կնճռոտ աչքերով նայող «ծյոծյան» կզայրանար, եթե հարցեր տայինք: Դրա համար 1+1=2 ու վերջ: Ես էդպես էլ էս բարդ հավասարումից բացի ոչինչ չսովորեցի, դրա համար ստիպված եմ ամեն ամիս բարի, «քաչալ» տղամարդուն գումար վճարել՝ ինձ սովորեցնելու համար, որ ես ճիշտ էի. այն անվերջին էր հավասար, մաթեմատիկան անվերջությունն է: Ստիպված եմ, որովհետև ամեն ինչ չգնաց ուղղագիծ պլանին հավասար, ու ինքնասպան եղած երազանքներս զարմանալիորեն վերակենդանացան: Հետո էդպես էլ չհասկացա, թե ինչու էր անգլերենի ուսուցչուհին երեք տարի շարունակ սովորեցնում to be բայի խոնարհումը ու իրենից վերջապես ազատվելուց հետո ինչի պիտի ստիպված լինեմ նորից գումար վճարել՝ անհատական ուսուցչի շնորհիվ երազանքս առաջ բրդելու համար: Ես միայն երեք շաբաթ առաջ վերադարձա երկրորդ Եվրոպական փորձի փոխանակման ծրագրի միջոցով 10 օր Ռումինիայում անցկացնելուց, իսկ դրանից մի ամիս առաջ Լատվիայում լինելուց հետո: Փաստորեն մեկ տարվա անհատական ուսումս ավելի արտադրողական էր, քան ութ տարի to be բայը խոնարհելը: Չէ՛, չեմ բողոքում. չի՛ կարելի:

Ութերորդ դասարանում իմացանք, որ «Իրավագիտություն» ենք անցնելու: Հաջորդ օրը պարզվեց, որ առանձնապես ոչինչ չի փոխվել, ընդամենը առարկաների թիվն է շատացել: Պիտի լսեինք ուսուցչին, գնայինք տուն ու մյուս օրը տառ առ տառ կրկնեինք նույնը: Ոչ մի բարդություն չկար, այն մեր մտքի ու սահմանների արանքում անգամ տեղ չէր գտել: Պիտի անեինք նույնը՝ ինչ-որ անում էինք մնացած դասերի ժամանակ: Ու միայն երկու տարի հետո պիտի հասկանայինք, որ «Իրավագիտություն» նշանակում է՝ «Գիտություն իրավունքների մասին», ու զարմանայինք, որ այն ավելին էր, քան ուղղակի սև տառերը պատմության սպիտակ թերթերի վրա: Հասկանայինք, որ պետք է ութերորդ դասարանի երեխուն պատկերավոր բացատրել, թե ինչ է իրավունքն ու այն կրողը, որ պետք է տնկել այն նրա ուղեղում, որ մի օր ծիլ տա ու, գրողը տանի, այն քննարկելու հնարավորություն տալ: Բայց կա ավելի՛ վատը. դպրոցում դեռ «Չի՛ կարելի»:

Ուղղակի պիտի՛ բացատրվեր, որ կյանքը իր հարմարության համար կարճ «շորտիկ» հագած ամեն աղջկա հետևից «Ախ, էս ինչ լավն ա» ասելով չի՛, որ ամեն խեղկատակ իրավունք չունի՛ ուղեղումդ խցկել իր սեփական կարծիքը, ու դու իրավունք ունես ասել «ո’չ», որովհետև դու դպրոցում երկու տարի ժամանակ ես սպանել դա սովորելու համար, որ դու իրավունք ունես ինքդ ընտրել դասընթացը, որին դու ես ուզում մասնակցել, ու քեզ չեն ստիպի հետո զղջալ, որ չստացված ապագայիդ պատճառը քառասունհինգ րոպեն ինքնակրթության վրա չծախսելդ է: Ուղղակի պիտի՛ բացատրվեր, որ չկան «Չի’ կարելի»-ներ, դրանք քո՛ սահմաններն են:

Իմ ուսուցչուհիները ամենալավն են եղել, բայց լավ մասնագետն ու լավ մանկավարժը տարբեր բաներ են:

arpine miqayelyan

Գնա՞նք կարուսել

-Մա՛մ, մա՛մ, արի՛ գնանք կարուսել, հետո կոնֆետ կուտենք: Կուզե՞ս նաև կգնանք մուլտ դիտելու, խնդրում եմ,- մեկն անընդհատ ասում էր իր մայրիկին, ով ասես նման մտադրություն չուներ:

Հետաքրքրեց, շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչ է պատահել, և նկատեցի, որ կնոջ կողքին ոչ թե փոքրիկ է, այլ բավականին մեծ աղջիկ, ով շարունակ ասում էր.

-Մա՜մ, գիտեմ, որ դու էլ քո հոգու խորքում ցանկանում ես կրկնել մանկական արկածներդ, դե, արի՛…

Կարծես երեկ էր, երբ արեցինք առաջին քայլերը, երբ մայրիկի և հայրիկի ձեռքից բռնած գնացինք մանկապարտեզ`մի վայր, որի հետ կապված հիշողությունները միշտ գունավոր են, երբ փոքրիկ քայլերով մտանք դպրոց ու նստեցինք առաջին նստարանին:

Մեծանալ դեռ չի նշանակում՝ մեծանալ: Այո՛, թվերը գումարվում են թվերին, սկսում ենք ավելի խորը մտածել, բայց այս ամենի մեջ կա մի անփոփոխ բան`մանկական երջանկությունը:

Երբ դեռ շատ փոքր էինք, ուշադիր հետևում էինք, թե ինչպես է մայրիկը քաղցրավենիք պատրաստում, բայց բնական է, որ դա անում էինք ոչ թե նրա համար, որ պարզապես հետաքրքիր էր, այլ անհամբերությամբ սպասում էինք, թե երբ վերջապես նա մեզ կհանձնի այն ամանը, որի մեջ դեռ ոչ պատրաստի քաղցրավենիքի մնացորդներ կային: Ահա, երբ վերհիշում եմ, հասկանում եմ, որ ոչինչ էլ չի փոխվել. Դե, ինչ մեղքս թաքցնեմ, կարծում եմ ինձ նման շատերը դեռ մեծ ուրախությամբ սպասում են այդ ամանի հանձման հանդիսավոր արարողությանը:

Հիշում եմ նաև այն մեծ բերկրանքը, որն ապրում էինք, երբ մեզ տանում էին կարուսել, նաև ստանում էինք քաղցր բամբակ ու պաղպաղակ… Էլի ոչինչ չի փոխվել, էլի անսահման երջանիկ ենք, երբ ունենք քաղցրավենիք ու հնարավորություն`ադրենալին հաղորդող ատրակցիոններից օգտվելու:

Երևի ավելորդ է մուլտերի մասին խոսելը, քանի որ դա այն մեծ ուրախությունն է, որը պարզապես երբեք չպետք է հեռանա մեր կյանքից, ու նույնիսկ այն մարդիկ, որոնք արտաքուստ այնքան լուրջ են թվում և պահվածքով ուզում ապացուցել, որ մանկությունը իրենց համար պարզապես վառ հիշողություն է, միևնույն է, նրանք նույնպես սիրում են մանկանալ ու դիտել իրենց սիրելի մուլտը. գուցե հենց իրենց փոքրիկի հետ`բոված եգիպտացորենի և շոկոլադե սալիկների ուղեկցությամբ:

Ասում են, թե մանկությունը գունավոր է, լուսավոր ու անհոգ. դե հա, մեծանալուն զուգընթաց ավելանում են խնդիրները, բայց դու կարող ես քո հոգում պահել մանուկ մնալու ծաղիկը, որն անդադար ծաղկում է ու լցնում ողջ ներաշխարհդ:

Anush margaryan

Հեքիաթ մոլորակի ամենապայծառ լույսի մասին

Երկրագնդում կան այնպիսի մարդիկ, առանց որոնց աշխարհը կզրկվեր բոլոր գույներից, արևն էլ չէր լինի այնպես պայծառ, ինչպես այժմ է… Առանց որոնց, թռչունները տխրությունից այլևս չէին երգի…

Եթե 100 տարեկանում մտածելիս լինեմ իմ կյանքի ամենակարևոր իրադարձության մասին, ապա այն առանց մեկ գրամ կասկածի, կլինի Կենսաբանության օլիմպիադիան… Ըը՜, ինչ վերաբերում է 100 տարի ապրելուն՝ գիտեմ, ախորժակս շատ մեծ է:

Չէ, չեմ պատրաստվում պատմել օլիմպիադայի մասին, որովհետև ինձ համար նա մի հեքիաթային մոլորակ է՝ սրտիս ձախ փորոքում գտնվող, որի մասին խոսելիս թվում է, թե շատ քիչ բառեր գիտեմ, և դրանք բավական չեն պատմելու համար այն ամենը, ինչը կա ու կատարվում է այդ մոլորակում… Գիտե՞ս, այնքան բարի ու հոգատար բնակիչներ են այնտեղ ապրում, որ կարելի է նրանցից յուրաքանչյուրի մասին անչափ բարի հեքիաթներ հորինել…Հը՜մ, բայց ես կպատմեմ բնակիչներից մեկի՝ Տաթևի մասին, ում տեսնելիս այդ մոլորակի արևն ավելի է պայծառանում…

Տաթևին երկու տարի է, որ ճանաչում եմ, բայց երկու տարին կարծես երկու հազար տարի լինի… Երկու տարի առաջ՝ օլիմպիադայի հանրապետական փուլին, երբ իմ սովորության համաձայն, հերթով զննում էի բոլորին ու փորձում ստանձնել Շերլոկ Հոլմսի դերը, նկատեցի մի աղջկա, ում մասին առաջին հայացքից մտածեցի. «Հը՜մ, այս աղջիկը, երևի, ողջ օրը միայն լուռ նստում է, ինչպե՜ս կարելի է այսքան տխուր դեմք ունենալ, ոչ երանի նրա ընկերներին»… Տա՛թ, գիտեմ, որ հիմա կկարդաս ու կծիծաղես…

Անկեղծ ասած, իմ կյանքում հանդիպած ամենալավ մարդկանց մասին առաջին անգամ հենց այդպես եմ մտածել ու հիմա, երբ ինչ-որ մեկին նայելիս այդ միտքն է գալիս, վստահ եմ, որ երկրագնդի ամենաբարի մարդկանցից է նա:

Օլիմպիադայից հետո ես ու Տաթևը միասին գնում էինք միջազգային օլիմպիադայի պարապմունքներին… Հայկական, ավանդական երգերից մեկի խոսքերը եկան մտքիս. «Պատահական չի լինում ոչ մի բան, մենք պիտի հանդիպեինք իրար»… Չէ, այնպես չէ, որ ողջ օրը դա եմ լսում, ուղղակի կան տողեր, որ պարտադիր պետք է անգիր իմանալ, չգիտեմ էլ, թե որտեղից:

Հենց առաջին օրը, երբ չէի կարողանում միացնել համակարգիչս, Տաթևն առաջարկեց օգնել ինձ ու առանց պատասխանի սպասելու միացրեց այն, ժպտաց, ու մենք ծանոթացանք: Հենց այդ օրը հասկացա, որ Շերլոկ Երկրորդը էլի սխալվել է, ու թե որքան լավն է Տաթևը: Այդ մի քանի օրերի ընթացքում մենք միշտ նույն ավտոբուսով էինք գնում, ողջ ճանապարհին շատախոսում, մյուս մասնակիցների դեմ «հատուկ գործողությունների պլաններ» մշակում (շտապեմ տեղեկացնել, որ դրանք այդպես էլ չարեցինք, հանգիստ եղեք), ու պատկերացնում մեր երազանքի իրագործումը: Ճիշտ է, երկուսիս հատուկ պլանը չիրականացավ, բայց կարևորն այն էր, որ ես գտա Տաթևին:

Տաթևը նման է ճերմակ ու ժպտերես ամպիկի, նրա խաղաղ դեմքին նայելիս այնքան է հոգիդ թեթևանում, կամ էլ Խիկար իմաստունին (երրորդ դասարանում, երբ անցնում էինք այդ դասը, որքա՜ն էի նրան սիրում): Նա գիտի ամեն բան, տալիս է խորհուրդներ: Տաթևը ոգեշնչման աղբյուր է, պատրաստ է քեզ հետ կիսել քո տխրությունը և ուրախությունը, հավատալ քո ուժերին անգամ այն դեպքում, երբ ոչ ոք չի հավատում, նա բոլորի մեջ տեսնում է գեղեցիկը, սիրում ու գնահատում այն: Նրա հետ կարող ես երազել, հավատալ հրաշքներին ու լցվել լավատեսությամբ: Տաթևը պատրաստ է հասկանալ նույնիսկ ամենաանհասկանալի մարդուն, հասկանալ քեզ, երբ նույնիսկ ինքդ քեզ չես հասկանում: Ինձ թվում է, երբ նա քայլում է փողոցում, բոլոր միմյանց հետ վիճող ծաղիկները սկսում են ժպտալ և մոռանալ վեճը, երբ երկինքը զայրանում է՝ տեսնելով Տաթևի բարի աչքերը, միանգամից խաղաղվում է:

Հա՜, գիտեմ, թե ինչ ես մտածում՝ երանի ինձ, որ Տաթևի նման ընկեր ունեմ:

Anush margaryan

Հեքիաթ պարոն Սարդի և անվերջ սահող ժամանակի մասին

Ողջո՜ւյն… Գիտե՞ս, չես հավատա, բայց կարոտել էի այս ողջույնին, կարոտել էի այն անփութությանը, որով դու, հավանաբար, կկարդաս վերնագիրը, մի քանի վայրկյան կմտածես` արժե՞ արդյոք ժամանակ վատնել ու կարդալ սա… Հա՜, ի դեպ, այդ ընթացքում` ժամանակի կորստից վախենալիս, առանց գիտակցելու` դու կկորցնես այն…

Աշխարհում միշտ է այդպես…

Օրինակ` իմ ընկեր պարոն Սարդը այնպե՜ս էր ցանկանում տեսնել լուսնի խավարումը, մի ողջ տարի նա անդադար սպասում էր, հաշվում յուրաքանչյուր վայրկյանը, նույնիսկ իր հին ընկերների հետ զրուցելու ժամանակ չուներ, որովհետև ողջ ժամանակն օգտագործում էր ժամանակի հետևից սրընթաց վազելով… Պարոն Սարդ, հուսով եմ, որ իմ հոդվածը կհայտնվի Ձեր ֆեյսբուքյան էջում և Դուք գոնե մի փոքր ժամանակ կգտնեք այն կարդալու համար։

Եթե անկեղծ լինեմ, չգիտեմ, թե ինչից սկսել զրույցս: Ա՜խր, այնքա՜ն ժամանակ է անցել (տե՛ս, էլի՜ ժամանակ. թվում է, թե առանց նրա մասին հիշատակելու մեր կյանքը կզրկվի գույներից), այնքա՜ն շատ բան է կուտակվել հոգումս: Ինձ մի պահ թվում է, որ երբեք էլ քեզ հետ չեմ խոսել, դե՜, այսօր առաջին անգամն է, ու գրելիս ձեռքերս դողում են այն առաջին դասարանցու նման, ով առաջին անգամ վերցնում է գրիչը՝ թվաբանության առաջադրանքը կատարելու համար:

Հա՜, գիտեմ պատճառը, էլի ժամանակն է մեղավոր: Բայց գիտե՞ս, մի բան եմ հասկացել: Ժամանակի տնօրենը ինքներս ենք: Այն նման է գետի, կարող է իր հետ բերել և՛ ուրախություն, և՛ տխրություն: Ամենագլխավորն այն է, որ գետից դույլերով վերցնես երջանկությունն ու ուրախությունը և չհաշվես, թե քանի դույլ ջուր կա նրանում… Այդ գետն իր ճանապարհով հավերժ հոսում է, դու չես կարող կանգնեցնել նրան կամ ստիպել, որ քո փոքրիկ տնակի կողքով անցնի երկու անգամ: Ժամանակը թռչում է մեր կողքով ու իր հետևից թողնում ստվեր: Ինքդ ես որոշում` ստվերը նման լինի Ձյունանուշին, թե նրա խորթ մայրիկին…

Քո սեփական մոլորակում դու ինքդ պետք է ստեղծես ժամանակ երազելու, երազանքներիդ հասնելու և այդ ճանապարհին կյանքիդ ամեն վայրկյանը տոն դարձնելու համար:

Մարդիկ ստեղծել են ժամացույցը և անթիվ իրեր, որոնցով կարող ես չափել ժամանակը, հաշվում են օրերը, տարիները: Ինչո՞ւ: Հըմ, որովհետև նրանք շատ են սիրում թվեր: Նրանք սիրում են հաշվել, թե քանի օր տևեց անձրևը, բայց երբեք չեն հաշվում այն երջանկությունը, որը զգաց պատանին՝ պատուհանից այն կողմ լսելով անձրևի մեղմ ձայնը, կամ անձրևանոց վաճառող բարի տատիկը, որի սիրտը ուրախությունից թրթռում է ամեն վաճառվող անձրևանոցի հետ:

Ժամանակը թվերը չեն, այլ ակնթարթները: Եթե դու սիրում ես պարել լուսնի լույսի տակ, մի՛ մտածիր ժամանակի մասին, պարի՛ր առանց ափսոսանքի: Եթե սիրում ես դիտել տերևների վրայի ցողն առավոտյան, ապա դրսում միշտ էլ անուշ եղանակ է… Ժամանակն այն է, ինչը մենք ամենից շատն ենք ուզում, բայց ինչն ամենից վատն ենք օգտագործում:

Լսիր, ինձ թվում է` ես արդեն գնամ, ժամանակն է կյանքն ավելի հեքիաթային դարձնելու: Ի դեպ, պարոն Սարդ, եթե կարդում եք սա, Ձեզ երիցուկի թեյի հրավեր եմ ուղարկում:

valentina

Ռաֆոն

Ռաֆոն 18 տարեկան է: Ավարտել է տնտեսագիտական քոլեջը, սովորում է տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսում, ինքնուրույն սովորել է ծրագրավորման լեզուն և աշխատում է որպես ծրագրավորող:

-Որ պիտի ծրագրավորող աշխատեիր, ինչի՞ ավագ դպրոցից դուրս եկար ու ընդունվեցիր քոլեջ:

-Էդ իմ կյանքի ամենամեծ սխալներից է,- միշտ ժպիտով պատասխանում է նա:

Ռաֆոն Արարատի մարզի ամենաավանդապաշտ գյուղից է՝ Դավալուից, որտեղ վխտում են կնոջ և տղամարդու մասին ծեծված, բայց չկոտրված կարծրատիպերը: Այստեղ տղային արգելված է շատ լավ սովորել, հագնել պատռված ջինս, խոսել և մտածել ստանդարտներից դուրս: Ի դեպ, եթե Աստված չանի, գյուղի «լավ» տղաները իմանում են, որ այս պապական օրենքներից մեկը խախտվել է գյուղացիների կողմից, մեղմ ասած, սկսվում է իրական շիլաշփոթ: Նրանց կանոնադրությամբ՝ լավ տղան օրական ավելի շատ հարց լուծող տղան է: Հա, չմտածեք, թե այստեղ աղջիկներին շնորհված է ազատության մեծ չափաբաժին, ուղղակի կադրերի դաժանության պատճառով չեմ անցնի լավ աղջիկների մասին նրանց պատկերացումներին, որովհետև պատմում եմ Ռաֆոյի անհատականության մասին: Դավալուում Ռաֆոյին մեղմ ասած չեն սիրում, որովհետև նա իրենց դպրոցի պատմության մեջ եղել է լավագույն աշակերտը, որը համալսարանը չավարտած՝ արդեն ունի աշխատանք, ազատ ժամանակ հարց չի լուծում, որովհետև գիրք է կարդում կամ նոր ծրագիր մտածում, և որ ամենավատն է, նա մտածում է տարբեր, ունի սեփական կարծիքը պաշտպանելու հատկություն, առողջ քննադատելու կարողություն և կարծրատիպեր կոտրելու համարձակություն:

Ռաֆոն չի լսում Թաթուլ կամ Սպիտակցի Հայկո, լսում է Pink Floyd ու Led Zeppelin: Դե հա, երևի արդեն հասկացաք, որ Ռաֆոն գյուղում ընկերներ չունի, բայց նա շարունակում է հարգել յուրաքանչյուրին` անկախ տարբեր մտածելակերպից: Ռաֆոյի միակ «խնդիրը» նրա տարբերվող մտածելակերպի մեջ է, որը հարիր չէ գյուղի «լավ» տղաներին: Հա, ի դեպ, Ռաֆոն արտաքնապես ցույց չի տալիս, որ տարբերվում է, ինչպես այժմյան տարբերվողները. նա չի ներկում մազերը, չի կրում զանազան դաջվածքներ և վեհ մտքեր չի արտահայտում աթեիզմի մասին:

-Ռաֆ, ես հավատում եմ Աստծուն, իսկ դու՝ ոչ: Փորձի՛ր համակերպվել:

-Բոլորն էլ հավատում են, չկա մոլորակի վրա մեկը, ով հավատ չունի, ուղղակի դու քո հավատին Աստված ես անվանում, մեկ ուրիշը` Բուդդա: Դրանք տարբեր են։

Այժմ նա պատրաստվում է մեկնել զինվորական ծառայության, ճիշտ է, դեմ է տարկետման իրավունքի բացակայությանը, բայց գոնե որոշել է, որ իր համար, այսպես կոչված, անիմաստ ժամանակը կլցնի գերմաներեն լեզվի ուսումնասիրությամբ: Պատրաստել է գերմաներեն գրքերի մեծ կապոց, որ հետը տանի բանակ: Երբ նրա գլուխը դեռ չէին սափրել, ես Ռաֆոյին անվանում էի Իլոն Մասկ, իսկ հիմա, երբ սափրագլուխ է, նրան կանվանեմ Գեշո:

-Վալ, լսի, դու էս տարվա իմ երկրորդ ամենամեծ ձեռքբերումն ես:

-Բա առաջինն ո՞վ ա, ա՜յ տղա:

-Մարիամը:

Մարիամը ներկայացնում է Տավուշի մարզը, նրա մասին էլ հաստատ պատմելու բան կունենամ մի քանի տարի հետո, ուղղակի եկեք չխառնենք ու չմոռանանք, որ այս նյութը Ռաֆոյի մասին է:

-Լավ, հերիք է տրտնջաս, չես մեռնում, ընդամենը բանակ ես գնում, 2 տարի մնաց, կզորացրվես կգաս:

-Ես չեմ գնում, ախր, ինձ տանում են:

Ռաֆոն չի սիրում Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»-ը ու Բլաժե Մինևսկու «Նշանը»: Ասում է` ի՜նչ տիեզերք, ի՜նչ երազանք, վառե՛ք էս գրքերը: Այո, Ռաֆոն աննորմալ է: Եղեք Ռաֆոյի պես:

valentina

Տաքսիստի օրագիր

-Աչոնիկ ջան, բա որ 17 տարեկան ես, ինչի՞ ես էսքան պուճուր, նիհար ու գունատ: Քեզ տանը հաց չեն տալի՞ս:

-Դե, պապի ջան, որ Աստված միս, հասակ ու գույն էր բաժանում, քնած էի մնացել, չհասցրի:

-Դե հա, կարևորը՝ լեզու բաժանելիս հերթի դիմացն ես կանգնել:

-Երևի, էլի:

Հերթական անգամ պարապմունքի էի գնում իմ շատ սիրելի տաքսիստ պապիկի հետ: Ես` անհաջողակս, ունեմ մի տաղանդ՝ բոլոր տաքսիստների հետ լեզու եմ գտնում: Մարիամն ասում է, որ տաքսիստների սիրելի ուղևորն եմ, ես էլ ասում եմ՝ պիտի հոդվածների նոր շարք սկսեմ  «Ինչպես հետաքրքիր զրույց վարել ճանապարհին» վերնագրով:

-Աչոնիկ, ձեր գյուղից աղջիկ են փախցրե՞լ:

-Ես ինչ իմանամ, պապի ջան, բայց վատ բան ասացիք:

-Այ բալա, ինչի՞ վատ: Ասում են` լավ էլ «քյալամ» տեղ ա ընկել:

-Ո՞նց, էդ վայրում կաղամբ շա՞տ կա: Էդ որտե՞ղ է:

-Չէ, նկատի ունեմ՝ լավ հարուստ ընտանիք է, կնայեն էդ աղջկան:

-Երևի էլի, չգիտեմ:

- Օրինակ՝ դու, չէիր ուզի՞ «քյալամ» տեղ ընկնեիր:

- Պապի ջան, գնդակ եմ, ինչ եմ, որ ընկնեմ, բայց կաղամբ շատ եմ սիրում:

- Աչքիս լեզու բաժանելուց հերթ չի եղել, հա՞, ոնց որ: Մենակ քեզ են տվել,- սկսեց կատակել պապիկը:

-Է՜, լավ էլի, պապի:

- Էս Նիկոլի Հայաստանը լավն է, շատ լավ եղավ, որ հեղափոխություն եղավ: Ես մեր երկրի նախագահին շատ եմ սիրում,- միանգամից թեման փոխեց պապիկը:

- Թե՞ վարչապետին:

- Այ բալա, դե նույնն են, էլի, ի՞նչ կապ ունի: Մեռնեմ Նիկոլի ջանին:

Լռություն:

- Տղաս շատ կուրախանար, բայց էդպես էլ չտեսավ իր երազած Հայաստանը:

- Իսկ մենք տեսնո՞ւմ ենք:

- Քո ցանկությունից է կախված, եթե ուզում ես` կարող ես տեսնել:

- Չէ, ախր, կան բաներ, որ մեզնից կախված չեն:

Լռություն։

- Լսի, դու կարո՞ղ ա հանրապետական ես:

- Ա՜, չէ, պապի,- սկսեցի բարձր ծիծաղել՝ տեսնելով պապիկի վախեցած դեմքը:

-.Լավ, լավ, մի՛ նեղացիր, ուղղակի կատակում էի:

- Իսկ ինչի՞ ձեր տղան չտեսավ իր երազած Հայաստանը:

- Ասում են՝ մահացավ,- հազիվ արցունքները զսպելով, դժվարությամբ արտաբերեց պապը:

Գրողը տանի, ինչքան ցավ կա նրա աչքերում, և ինչպես է նա կարողանում այդքան ուժեղ լինել: Ոչինչ չհարցրի, խոսելու ցանկությունս էլ կորավ, մի պահ բառերս կորցրին իրենց ճանապարհը, մի պահ դրանք դադարեցին գոյություն ունենալ:

- Բայց ուրիշ են էլի մեր ջահելները՝ համախմբված, խելացի, համարձակ: Էդ էն ա, ինչ մեզ պետք ա,- վերջապես լռությունը կոտրեց պապիկը:

- Իսկ ձեր ժամանակներում երիտասարդներն ինչպիսի՞ն էին:

- Դե, աչոն ջան, մենք էս դուխը չունեինք: Հիմա բոլորս սովորելու բան ունենք ձեզնից: Շատ դուխով եք:

- Հա, մենք ուրիշ ենք,- հպարտորեն ժպտացի ես:

-.Դե դու էլ ոնց որ իմ թոռը լինես, ամեն անգամ թեթևանում եմ քեզ հետ զրուցելով:

- Իրո՞ք, ինձ թվաց․․․

- Հա, դրա համար քեզ տանելու եմ մեր տուն հարս, կամ եթե համաձայն չես, քեզ տանելու եմ ինձ թոռնուհի, մեկ է՝ թոռնուհի չունեմ,- շարունակում էր կատակել պապիկը:

- Պապի ջան, իսկ կլինի՞ հիմա վարժարան տանեք,- ծիծաղելով պատասխանեցի ես:

- Ա՜, բայց չասացիր, է, էդ լեզու բաժանելու հերթը հաստա՞տ եղել ա:

- Է՜, պապի՜:

Լռությո՞ւն: Չէ, լռությունը դարձավ ավելի լուռ՝ փորձելով թաքցնել պապիկի խորը տխրությունը:

gohar hakobyan (ararat)

Նամակ հրեշտակիս

Բարև, հրեշտակս… Երբեք չեմ մտածել քեզ գրելու մասին, չեմ մտածել, որովհետև ոչ մի անգամ չեմ ցանկացել քեզ պատմել իմ մասին: Գիտեմ, որ ինձ ավելի լավ ես ճանաչում, քան ես ինքս:

Ես գիտեմ, որ հետս ես ամեն պահի, ամեն րոպե ու ամեն տեղ: Հիմա էլ, երբ որոշել եմ քեզ գրել, դու ես ինձ օգնում, մտքեր տալիս, հետևում շարադրանքիս:

Երևի շոյում ես գլուխս, հա, ես զգում եմ քո նուրբ քնքշանքը: Պապ, հրեշտա՛կս, աղջիկդ մեծանում է, բայց ես նույն քո էն պուճուրն եմ, որ վախենում էր սարդերից ու ամեն անգամ տեսնելիս շալակդ էր թռչում:

Պապ, դու հիմա էլ ամեն ինչում կաս, դու ուղղակի ամեն ինչ ես:

Ինձ դրսում ծանոթներդ ու ընկերներդ քո նմանությունն են տալիս: Չկա ավելի լավ զգացում քան այն, որ նման եմ քեզ:

Երջանկություն է քեզ ունենալը: Նկատեցի՞ր` ես չեմ դադարել քո մասին ներկայով խոսելը: Գիտես, պապ, հրեշտակները չեն մահանում: Ուղղակի գալիս է ժամանակ, երբ մենք ուղղակի ֆիզիկապես անորոշ ժամանակով հեռանում ենք իրարից: Մեր մտքերը, հույզերը, հույսերն ու հիշողություններն անվերջ են:

Մենք իրար տված խոստում ունենք` երբեք չհանձնվել, ինչ էլ որ լինի: Հա, գիտես, պապ, ես քեզ տված բոլոր խոստումներս կատարում եմ հերթով:

Դպրոցում շատ էին ասում, որ ափսոս, քեզ մի քիչ չեմ քաշել մաթեմատիկական խնդիրներ լուծելիս: Դպրոցս փոխել եմ, պապ, էլ չեն ասում…

Հա, ամեն ինչ լավ է դպրոցում, ընկերներ ունեմ լավ: Ինձ ոչ մեկը չի նեղացնում, պապ, բայց ես մեկ-մեկ նեղացնում եմ չհասկանալով, ներում ես, չէ՞…

Գիտե՞ս, ես հիշում եմ մեր սիրած բոլոր մուլտերի անունները, մեր ամենասիրած շոկոլադը: Բայց գիտես, էլ չկա դրանից, երևի նեղացել է մեզանից: Վաղուց միասին չենք գնացել իր հետևից ու մեր տուն բերել:

Պա՜պ, Արմենն ու Վարդանն ամուսնացել են, բալիկներ ունեն: Հոպարը տղային քո անունն է տվել, քեզ նման է շատ, պապ, համ տեսքով, համ էլ բնավորությամբ:

Պա՛պ, ես քո կարիքը շատ եմ զգում: Գիտեմ` մենք իրար շատ ենք սիրում: Ժպտում ենք իրար` ամեն անգամ երկնքին նայելիս: Պա՛պ, մեր սերն ու կապվածությունը հավերժ է…

valentina

Վերջացող ծխախոտի տուփեր

Նա լսեց, որ հեղափոխությունից հետո փոխանակման ծրագրերի միջոցով ավելի հաճախ են միջազգային կրթություն ունեցող դասախոսներ գալու և դասավանդելու համալսարաններում, ձեռքով թուլացրեց փողկապի կապը, դանդաղեցրած կադրով շարժեց ծանր գլուխը, ուրախությունից ճչաց ու հասկացավ, որ շուտով կրթությունը փոխվելու է իր երկրում, որովհետև արտասահմանից նոր շնչով, անգլերենի նրբագեղ ակցենտով ու տարօրինակ հագուկապով ջենթլմեններ (չփոխեք էլի օրիորդապնդիչ, ներվայնանում եմ էդ բառից) և լեդիներ (էս էլ թող ձևի համար մնա, որ բռնի) են ժամանելու Հայաստան: Կանգնեց հայելու առաջ, խորը շունչ քաշեց, ասաց՝ ինչ լավ է, որ դպրոցում ժամանակ չկորցրի սովորելու վրա, 2 տարի պարապեցի 3 առարկա՝ շտեմարան անգիր անելով, կարևորը հիմա համալսարանում էդ միջազգային կրթություն ստացած դասախոսների սեմինարներին կմասնակցեմ, վկայական կստանամ ու բիզնես կսկսեմ ՝դպրոց բացելով: Հագավ հոր սև կոստյումը, զգաց, որ կոստյումը շատ է սազում:

Ճիշտ է որոշել, որ պիտի բիզնեսմեն դառնա, հետո, երբ շատ դժվարությամբ աստվածային ամպիկներից ընկավ, հասկացավ, որ ուսերը լայն են, ասաց՝ կոստյու՞մն է որ պետք է գեղեցկացնի բիզնեսմենին ու թռվռալով գնաց տարեց տատիկին պատմելու նոր տեղեկության մասին:

Վազեց պատմելու, մինչդեռ իրականությունը կողքից նայելով լուռ ծխում էր, շարունակ կախում գլուխը՝ մերթընդմերթ հայացք նետելով նրան:

Գրողը տանի, ինչու՞ է իրականությունը ծխում, եթե կարող է իրեն խեղդել արնանման գինու մեջ, վերջ տալ պաթոսախեղդ արտահայտություններին, որ կրթությունը սկսում են փոխել հիմնաքարից, որոնք անլսելի են և անգամ արձագանքելու հնարավորություն չունեն ութ բլուր հեռավորության վրա գտնվող ժայռերի հետևում: Իսկ, եթե հայտնվի մեկը, հը՜մ, դե ասենք, Փոքր Մհերը, ժայռը իր բազուկներով ճեղքի, ասելով. «Իրականությունը ճիշտ էր, ես սխալվեցի» հայտնի արտահայտությունը:

Գիտե՞ք, երբ անհատը ցանկանում է տուն կառուցել, վերցնում է քարերը, ցեմենտը խառնում ավազի ու ջրի հետ, հետո քարերը իրար վրա է շարում՝ ամրացնելով արդեն պատրաստված շաղախով: Երբ ավարտում է շարել քարերը, չի բավարարվում միայն դրանով, սկսում է ստեղծել տանիք, իսկ ամենավերջում՝ վերանորոգում է տան ներսը: Դե հա, նորություն չասացի, բայց պատկերացրեք, որ մեր կրթությունը նույն շինությունն է, ուղղակի վթարային վիճակում, բայց մարդիկ աչք են փակում այդ ամենի վրա, շարունակում են նոր քարեր պատվիրել, այն էլ ՝ բազալտ, ինչու չէ՝ մարմար, գրանիտ, ֆելզիտ: Ի՜նչ շքեղ են հնչում, չէ՞: Մարդիկ շարունակ շարում են, գուցե իմանալով վերջը, որովհետև վերջը իմանալու համար պետք չէ շինարար լինել: Տան հիմնային աղյուսները միջնակարգ և ավագ դպրոցներն են: Աղյուսները ամուր չեն, որովհետև իրականում՝ չկան:

Չէ, ես չեմ եկել քար շպրտելու բոլոր ուսուցիչների վրա և բողոքելու նրանց աշխատանքից: Ուղղակի առաջարկում եմ վերանայել այն բոլոր առարկաների ծրագրերը, որոնք աշակերտը պարտավոր է սովորել: Ասում եք ֆիզկուլտուրան առողջարա՞ր է, որովհետև յուրաքանչյուր աշակերտ միտքը զարգացնելուց առաջ պիտի ունենա առողջ մարմին՝ առողջ հոգո՞ւմ: Ասում եմ, որտե՞ղ է գրված, կամ ո՞վ է ասել, որ շաբաթական 3 ժամ, 45 րոպե տևողությամբ ֆիզիկական դասը առողջարար է, եթե դասից հետո աշակերտները քրտնած վազում են մյուս դասին, որն էլ շատ հաճախ հիվանդության պատճառ է հանդիսանում: Լավ, ասում եք, որ պատմությունը կամ հայ եկեղեցու պատմությունը պիտի յուրաքանչյուր ոք անգիր իմանա, որովհետև հայրենասիրությունը սկսվում է սեփական պատմությունը իմանալուց, անկախ նրանից, դա պատկանում է իրականությանը թե ոչ, կամ, ավելի գեղեցիկ ասած, ճշգրիտ է, թե ոչ:

Եթե օրինակ, աշակերտը չունի մաթեմատիկական մտածելակերպ, կամ օրինակ, չի ցանկանում երկար պոեմներ անգիր անել, որովհետև մեկ է՝ մոռանալու է, արդյո՞ք չի կարող ունենալ ընտրության հնարավորություն: Օրինակ, Ֆինլանդիայում, եթե աշակերտը չի ցանկանում մասնակցել ֆիզկուլտուրայի կամ հայոց լեզվի դասին, իրավունք ունի դասից ազատ արձակվելու՝ պայմանով, որ այդ դասը կփոխարինի այլ դասով: Կարելի է փոփոխություններ սկսել մաթեմատիկա առարկայից: Շատ դպրոցներում աշակերտներին ստիպում են անգիր անել բանաձևեր, չհասկանալով դրանց իմաստը: Լավ, իմա՞ստը: Մեկ է, մոռանալու է, ախր, էդ առարկաները չպիտի լինեն միայն ավարտական քննությունները հանձնելու ու մոռանալու համար: Որպես հավելում, կարելի է անգլերենի դասը անցկացնել ոչ թե միայն ուսուցչի միջոցով, այլ նաև անգլալեզու դասախոսի, որը շատ լավ տիրապետում է անգլերեն ակցենտին: Շատ ավելի արդյունավետ կլինի, եթե երեխաները դպրոցում ստացած գիտելիքների միջոցով ընդունվեն համալսարան, առանց կրկնուսույցի մոտ պարապելու: Լավ, ասենք պատմության կամ անգլերենի շտեմարանը անգիր անելով ընդունվեն համալսարան, հետո դպրոցում ուսուցիչ աշխատելո՞ւց էլ պետք է բացեն շտեմարանի 3-րդ բաժնի 61-րդ հարցի 4-րդ տարբերակը, ու հիշեն Սանատրուկի գահակալման թվականները:

Շինության հիմնային քարերը շարելուց հետո, պետք է ուշադրություն դարձնել սյուներին՝ համալսարաններին ու քոլեջներին, որտեղ ավելի շատ են վխտում կոռուպցիոն ռիսկերը:

Վերջում, երբ ամեն քարը դրված կլինի, կարելի է շինությունը ծածկել ամուր տանիքով և ներսում իրականացնել նորարարություններ:

Միասին ամեն ինչ հերթականությամբ անելու ենք՝ երիտասարդական գաղափարներով ու մտքերով լեցուն, որովհետև խնդիրը միայն «վերևներինը» չէ, որ բողոքենք՝ թողնելով նրանց ուսերին, այլ բոլորինս է, քանի որ բոլորս ենք առնչվում այդ խնդրին:

Գուցե դրանից հետո իրականությունը սկսի խոսել (եթե արդեն չի սկսել) ծխելու փոխարեն