Ամեն ինչ մաքուր էջից

Եկա՜վ։

Եկավ ու բերեց երազանքներ, բերեց հանգստություն, բերեց մաքրություն, ու ստիպում է բոլորին ուրախ լինել։

Տները, փողոցները, ծառերը, շուրջ բոլորը ամբողջովին սպիտակ են, կարծես ձյունե հեքիաթ իջավ վերևից։ Ձյան մաքրությունը, սառնությունն ու թարմությունը ստիպում է քեզ երազել, անվերջ երազել, ստեղծել քո երևակայական ընկերոջը, ով քեզ հետ թեյ կխմի, քեզ հետ դրսում կխաղա, քեզ ամուր կգրկի ու չի թողնի, որ մրսես, քեզ հետ կքայլի երկար, վերջ չունեցող  ու սպիտակ  ձյան շերտով ծածկված փողոցներում։ Ստիպում է կարոտել մարդկանց, դեմքեր, ժպիտներ, իրադարձություններ…

Անվերջ ձյուն գար, փակեր ամեն ինչ, սխալները, կորուստները, պարտությունները, մեր ապրած ու չապրած վատ օրերը։ Ուզում եմ ձյան փայլող ու մաքուր շերտի վրա կառուցվեն ամենամաքուր հարաբերությունները, մեր նպատակները, հաղթանակները, երջանիկ օրերը։ Ձյունը թարմություն բերեց բոլորիս կյանքում։

khachik buniatyan

Շրջադարձային հանդիպում

Սովորական մի օր էր։ Ինչպես մնացած օրերը, դասերով էի զբաղված, և այդ պահին ներս մտավ մեր դպրոցի տնօրենը և ասաց․

-Դասամիջոցին բոլորը գան ինֆորմատիկայի դասասենյակ։

Արդեն պարզ էր, որ ինչ-որ մի բան պետք է տեղեկացնեն, և ահա զանգը հնչեց։ Ընկերներիս հետ միասին գնացինք նշված վայրը։ Տեսնելով անծանոթ դեմքեր, փոքր ինչ զարմացանք և նստեցինք առաջին շարքում։ Ահա արդեն կարելի է ասել ամեն ոք եկել էր, և մի կին սկսեց խոսել.

-Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ուսուցչական կազմ, մենք Հայաստանի պատանի թղթակիցների ցանցից ենք։

Եվ խաղ-հարցաշարով սկսեցին հասկանալ, թե երեխաները ինչքանով են ծանոթ լրագրողությանը, լուսանկարչությանը, կարողանո՞ւմ են արդյոք հասկանալ ֆիլմերի ուղերձները, ինչ խնդիրներ են իրենց հուզում և այլն: Ներկայացրեցին պատանի թղթակիցների աշխատանքներից:

Տուն գնացի և սկսեցի փորփրել և գտա նրանց պաշտոնական կայքը։ Հայտ ուղարկեցի, որ ես էլ եմ ցանկանում դառնալ պատանի թղթակից, բայց հույսեր չէի կապում, որ կանցնեմ և կդառնամ պատանի լրագրող։ Անցավ մի քանի օր, մտքիցս թռել էր այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մեկ էլ ինձ զանգահարեցին, տեղեկացրեցին, որ պետք է մասնակցեմ դասընթացներին։ Մեր գյուղից նույնպես մասնակիցներ կային։ Չորս օրվա դասընթացից վերցրեցի գիտելիքի այնքան պաշար, որը պասիվ կյանքում ձեռք կբերեի բազմաթիվ տարիների ընթացքում։ Եվ ահա դասընթացները ավարտվեցին։ Չորս օրվա ընթացքում շատ էի կապվել աշխատակազմի բոլոր անդամների և մնացած երեխաների հետ։ 17-ում արդեն ունեցա իմ բաժինը, որտեղ տեղադրվում էին հոդվածներս։ Ոգևորված սկսում էի գրել նյութեր և անհամբեր սպասում, թե երբ կտեղադրվի կայքում, որպեսզի տեսնեմ։ Օրերը անցնում էին, իսկ ես ակտիվ թղթակցում էի։

Մի օր տեղեկացրեցին, որ իմ ակտիվության և ջանասիրության շնորհիվ ընդգրկվել եմ ամառային մեդիա ճամբարին։ Օրերն էի հաշվում, թե երբ պետք է գնամ։ Վերջին օրը շուտ քնեցի, որպեսզի օրը շուտ անցնի, և գա այդ բաղձալի պահը, երբ արդեն պիտի գնամ ճամբար։

Հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Աղվերան` մեդիա ճամբարին։ Մեքենայում նստած էի երկու տղաների հետ, որոնք չէի էլ պատկերացնի, որ կդառնան իմ հարազատ ընկերները։

Ճանապարհը երկար էր, և մեզ այդ էլ բավական էր` դառնալ ընկերներ։ Մեկ շաբաթ ամեն օր իրար հետ ամեն պահ լինելով, դարձել էինք ընտանիք։ Հիանալի մասնագետների շնորհիվ արդեն կարևոր փորձ էինք ձեռք բերել թե լրագրության, թե լուսանկարչության, թե կինոյի ոլորտում։ Թե տխուր, թե ուրախ պահերին իրար կողքի լինելով ամեն օր ավելի ու ավելի էի համոզվում, որ կյանքումս շրջադարձ է կատարվում։ Նոր ընկերներ, նոր գիտելիքներ։

Իրարից բաժանման պահը շատ դժվար էր: Արդեն մի մեծ ընտանիք դարձած ու հարազատացած մարդկանցից բաժանվելով հետ վերադարձանք։

Նարեկը և Սերյոժան նույնպես պատանի լրագրողներ էին, ովքեր ապրում էին Մալիշկայում։ Կապն այնքան ուժեղ էր, որ վստահ էի, էլի ենք հանդիպելու։

«Մանանան» կյանքիս շրջադարձի խթան հանդիսացավ։ Մեր կապն այսուհետ անբաժան է…

mane minasyan -2

Հարցազրույց Սոնա Մխիթարյանի հետ, ով սիրում է նկարել և միշտ նկարելու է

«Նկարել ու սիրել նկարելն իրականում տարբեր բաներ են»,-մի անգամ ասաց Սոնան, ու ես որոշեցի զրուցել նրա հետ:

-Սոնա, քանի՞ տարեկանից մատիտն ու վրձինը հայտնվեցին ձեռքումդ:

-13 տարեկանից: Ընկերուհիս ասաց, որ գյուղում նկարչության մասնավոր խմբակ է բացվում, ու ինքը գնալու է: Ինձ էլ առաջարկեց, ընտանիքիս անդամների հետ զրուցեցի, ու որոշվեց, որ ես էլ եմ գնալու: Առաջին դասս հոկտեմբերի 2-ին էր:

-Նկարչությունը քեզ համար հոբբի՞ է, թե՞ արդեն ապագա մասնագիտություն:

-Եթե այս հարցը ինձ մի քանի ամիս առաջ տայիր, ապա կասեի՝ որպես մասնագիտություն, բայց հիմա դուրս եմ եկել նկարչության խմբակից, քանի որ մասնագիտությունս փոխել եմ: Լրագրությամբ եմ շարունակելու: Համատեղել չեմ հասցնում: Բայց իհարկե նկարչությունը ես երբեք չեմ թողնի… Շարունակում եմ տանն աշխատել:

-Այսքան ժամանակ որևէ նկար վաճառե՞լ ես:

-Այո, վաճառել եմ: Նաև պատվերներ եմ ընդունել: Պատվեր ընդունելուց առաջ պետք է վստահ լինես քո ուժերի վրա:

-Կա՞ նկար, որից չես ուզենա բաժանվել:

-Այո՛, կա այդպիսի նկար: Դա իմ առաջին գործն է յուղաներկով: Բնապատկեր է, բայց ես երբեք այդ նկարից չեմ հրաժարվի… Հրաժարվել կոպիտ հնչեց, դե՝ որևէ մեկին չեմ նվիրի կամ վաճառի:

-Իսկ նկարելիս ի՞նչ ես զգում:

-Երբ որևէ նկար եմ սկսում, մտնում եմ իմ սենյակ, դռները կողպում, որ ինձ ոչ ոք չխանգարի և միացնում եմ դանդաղ, մեղմ երաժշտություն: Սկսում եմ կտավի վրա գծագրել: Գծագրելուց հետո մի պահ նայում եմ կտավին ու արդեն պատկերացնում գույները: Երբ նկարում եմ, շատ հանգիստ եմ, միաժամանակ, շատ լարված: Սիրում եմ նկարել…

Angelina Karapetyan

Ապրումակցում

Լավ, մի փոքր խոսեմ ճանապարհորդությունից: 

Մարդկանց երեք տիպի վերաբերմունք կա ճանապարհորդության հանդեպ: Առաջինը` շշմած հայացքով պատուհանից նայել, սակայն զգալ միայն ականջակալներում հնչող երաժշտությանը, որը հակադարձ համեմատական է եղանակին:

Երկրորդը` կրկին պատուհանից դիտել, սակայն զգալ ամեն բան: Թե ինչ է կատարվում ծառերի, ծաղիկների, անտառների ու նույնիսկ՝ չորացած խոտերի հետ ու մտնել նրանց հոգեվիճակի մեջ: Հիմա կմտածեք, թե ի՞նչ է նշանակում մտնել նրանց հոգեվիճակի մեջ. չորանալ, կտրատվել կամ թոռոմե՞լ նրանց պես:

Հիմա կբացատրեմ, բայց խոսքս ավարտելու համար՝ ներկայացնեմ երրորդ տեսակի մարդկանց ու ասեմ, որ նրանց գործողությունը ցանակացած վաղ արթնացող մարդ երազում է կրկնել: Դե, երևի արդեն հասկացաք, որ խոսքը քնելու մասին է: Ճանապարհորդության ժամանակ քնել պատահունից եկող թեթև հովիկի տակ գերագույն հաճույք է, բայց ինձ համար՝ էմոցիաների կորուստ:

Ինձ թվում է, թե արդեն հասկանում եք՝ ինչու ճանապարհորդությունից սկսեցի:

Ես պատկանում եմ մարդկանց երկրորդ խմբին: Օրինակ, հենց զբոսնելու համ ճանապարհորդելու ժամանակ երբևէ փորձե՞լ ես նայել հին ու նոր տանիքով ու դռներով տների՝ նայելով երկինք: Իսկ ես, փորձել եմ, փորձել ու հասկացել, կամ էլ ուղղակի ենթադրել, որ հին տան երդիկից դուրս եկող ծուխն ավելի ավանդական է ու շատ ուրախություն տեսած, քան նորը: Փորձե՞լ եք մտովի ոտք դնել իրար կողք-կողք շարված տներից ցանակացածի շեմից ներս: Փորձե՛ք, ու կհասկանաք, որ տարբեր են դրանք: Այնքան տարբեր, որքան ԱՄՆ-ի քաղաքական զարգացածության մակարդակն է տարբեր Հայաստանից: Մի տեղ տիրում է սով ու համաճարակ, բայց իրար նայող ու ժպտացող երջանիկ դեմքեր: Ու հասկանում ես, որ վատ տանն ապրողներն ավելի հարուստ են, քան այն տանը, որտեղ կա ամեն ինչ, բայց կա պակաս զգացմունք`սերը, որ պետք է սնի նրանց:

Փորձե՞լ եք բնության հետ ապրել նրանց զգացածը: Եթե այդ կանաչը լեզու ու ոտքեր ունենար, ապա մեզ կտրորեր այնպես, ինչպես մենք իրեն օրական շատ անգամ:

Ձեզ հետաքրքրե՞լ է, թե բնությունն իր զգացմունքներն ինչպես է արտահայտում: Օրինակ, ցավը, երբ տասնյակ մարդիկ նստում են կանաչի վրա ու ձեռքի հետ էլ պոկում ու դեն նետում խոտերը: Ախր, չէ՞ որ հենց այդ կանաչն է ապահովում մեր մաքուր օդը:

Կարո՞ղ եք առանց ջուր խմելու գոյատևել: Չե՛ք կարող: Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, թե ծաղիկները կարող են:

Հարգելի անտառահատնե՛ր ինչո՞ւ եք կիսատ թողնում անտառում իր ընտանիքի անդամներին գտած ծառին: Հետո՞ ինչ, որ նրանք ձայն չունեն, լեզու չունեն: Չեն կարող արտասվել, պաշտպանել իրենց:

Պահեք այն, ինչը ամեն գնով պահպանում է ձեր առողջությունը:

Վերջապես Վեդին էլ սպիտակեց

Ապրելով Արարատի մարզում, ձմռան ամիսներին մի տեսակ նախանձում եմ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի ու այն մարզերի երեխաներին, որտեղ ձյունն ավելի շուտ ու առատ է գալիս, քան մեզ մոտ:

Նոյեմբեր ամսից սկսում եմ ամեն օր հետևել եղանակի տեսությանը, ամեն օր էլ ձյան սպասումով: Արդեն մեկ ամիս է` պարապմունքի գնալուց մտածում եմ. «Երանի տուն գալուց ճանապարհը սպիտակ լինի»:

Երեկ էլ սովորականի պես գնացի պարապմունքի, բայց երբ դուրս եկա, վերջապես մեր Վեդին էլ ծածկվեց ձմռան տաք վերմակով:

Մեծերն ասում են, որ ձյունը չեն սիրում: Երբ փոքր էի, մտածում էի, որ էդպես են ասում, որպեսզի դուրս չգնանք խաղալու, բայց հիմա արդեն հասկանում եմ, որ ձյունն իրոք մեծերին բերում է մի շարք խնդիրներ: Սակայն սիրելի տատիկ-պապիկներ, մայրիկներ ու հայրիկներ մեզ էլ հասկացեք, մենք ձմեռն առանց ձյուն չենք սիրում:

Եվ վերջապես, յուրաքանչյուր եղանակ ունի իր կանոնները. եկեք ձյունն ընդունենք բարով, որպեսզի նա մաքրի ու տանի 2016-ի բոլոր անհաջողությունները, և 2017-ը սկսենք այնքան մաքրությամբ, ինչպիսին է ամբողջ գիշեր տեղացած ձյան սպիտակ շերտը:

Ողջու՜յն ձյուն, ես քեզ շատ էի սպասել:

khachik buniatyan

Ճանապարհը

-Խա՛չ, այ Խաչ:

-Հա՞, մամ:

-Ժամը 7 անց 10 ա:

-Լավ։

Աչքերս բացում եմ այս խոսակցությունից հետո ու կիսաքուն գնում եմ լվացվելու։

-Խաչ, արագացրո՛ւ, ժամը 7 անց կես եղավ: Հեսա` Դվինի ավտոբուսը կգնա:

Արագ հագնվում եմ ու ոտքի վրա մի կում թեյ խմելով շտապում կանգառ։ Եվ ահա հեռվից երևում է իմ հարազատ Դվինի ավտոբուսը։

«Ուֆ, էլի կանգնած պիտի գնամ»։Դուռը բացում եմ ու տեսնում եմ արդեն ծանոթ դեմքեր, բայց անծանոթ մարդիկ։ Տատիկների խոսակցությունից սթափվելով ու իրար հրմշտելով մի կերպ տեղավորվում ենք ու շարժվում։ Քանի որ վերջին կանգառը Երևանի Կայարանի շուկան է, մեքենայի վերջին հատվածում ամբողջովին մրգերի ու բանջարեղենների արկղեր են ու վաճառական տաք հագնված տատիկներ։ Արդեն անգիր գիտեմ, թե երբ ու որտեղից ով պետք է նստի ավտոբուս։ Ահա հասանք Ջրահովիտ, ու ես մտքումս ասում եմ. «Ջան, մնաց մի հոգի ու վերջ, էլ չենք կանգնի»։

Ավտոբուսի վերջից մի երիտասարդ` թրաշով ու բամբ ձայնով գոռալով արթնացնում է կիսաքուն մարդկանց.

-Հոպար, նստող կա, ստե պահի։

Էլ մարդ չկա նստող, հիմա «ֆսսալով» կհասնենք։ Հասանք։ Ու ժողովուրդը իրար հրելով ուզում են ամենաառաջինը իջնել, իսկ ես սպասում եմ մինչև բոլորը իջնեն, որպեսզի հանգիստ իջնեմ։ Ու այդ պահին տատիկները իրենց քաղցր ձայնով գոռում են․

-Արմեն ջան, մի հատ մեկին ասա` թող հետևի դուռը բացեն։

Արմենը մեր վարորդն է, ու ասեմ` ինչու է ասում, որ հետևի դուռը բացեն, քանի որ ներսից բռնակը ջարդված է ու պիտի դրսից բացեն, որպեսզի իրենց արկղերն ու պարկերը իջեցնեն։

Հասավ իմ հերթը ու պիտի իջնեմ: Հանում եմ 150 դրամը, մի հատ էլ եմ հաշվում ու ձեռքս մեկնելով վարորդին, ասում եմ․

-Մի հատ Մրգավետից:

Իջնում եմ ու տատիկների բեռների վրայով թռչելով, հաղթահարելով այդ փուլը, հասնում եմ հաղթանակի ու հանգիստ քայլելով գնում եմ դասի։ Հասնում եմ քոլեջ: Ու միշտ առաջինը ես եմ մեր կուրսից եկած լինում։ Տեսնելով, որ դուռը փակ է, նորից երկրորդ հարկից իջնում եմ, որպեսզի բանալին վերցնեմ։ Իջնում եմ ու դռնապան տատիկին ասում․

-Մարիետ տատի, բանալին կտա՞ս առաջինի «գ»-ի:

Բացում եմ լսարանի դուռն ու նորից բանալին տանում եմ հետ:

Սկսում են դասերը։ Դասերից հետո էլ կրկնվում է նույն գործընթացը, ինչպես ասում էի սկզբում։

Նրանք, ովքեր չգիտեն, ասեմ, որ ինձ պես շատերն են առավոտյան գյուղից ամեն օր գալիս Երևան` քոլեջներում, բուհերում սովորելու: Մեր ճանապարհն ավելի երկար է, շուտ ենք արթնանում, շուտ ենք հասնում տեղ` համարյա միշտ առաջինը: Սիրում եմ իմ քոլեջը, իմ նոր ընկերներին, և չեմ ափսոսում երկար ու դժվար ճանապարհի համար:

Hripsime Vardanyan

Ես արեցի դա

Արդեն բավականին ժամանակ է, ինչ չեմ գրել: Անսովոր զգացում էր կուտակվել ներսումս: Անընդհատ ինձ թվում էր, թե տնային ինչ որ հանձնարարություն չեմ կատարել: Եվ այսօր հավաքվեցի և որոշեցի մի փոքր կիսվել իմ առօրյա անցուդարձով:

Հերթական խոսակցություններից մեկի ժամանակ, ինչպես միշտ, շոշափվեց իմ մասնագիտության ընտրության հարցը (ընթերցողներից ոչ մեկին չեմ ցանկանա այդ պահին տեսնել իմ դեմքի արտահայտությունը): Բայց այս անգամ որոշեցի՝ նստում եմ համակարգչի դիմաց, բացում արդեն հարազատ դարձած atc-ին, ընտրում մասնագիտություն և երբ վեր կենամ համակարգչի դիմացից, ես ընտրած կլինեմ մասնագիտությունս:

Դե ինչ, փորձը փորձանք չէ: Նստում եմ համակարգչի դիմաց, միացնում իմ սիրելի երգը, բացում կայքը, որով պետք է նայեմ ֆակուլտետները և սուզվում մտածմունքների մեջ: Սա չէ, սա չէ, սա էլ չէ: Բայց այս անգամ կանգ առա մեկ, այլ ոչ թե մի քանիսի վրա, ինչը շատ զարմանալի էր: Չգիտեմ, տեսա ինձ այս մասնագիտության մեջ, թե արդեն հոգնել էի այդքան փնտրտուքներից, բայց ես արեցի դա: Ես արեցի դա:

Երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ ուզում դառնալ, ես պատասխանում եմ, որ դեռ չեմ կողմնորոշվել: Հետո հարցնում են` ի՞նչ եմ սիրում, ո՞ր ոլորտում եմ ինձ տեսնում:

Որքան էլ զարմանալի լինի, ես սիրում եմ խոսել, շփվել տարբեր մարդկանց հետ: Արդեն մի քանի տարի է, հետաքրքրված էի էքսկուրսավարի մասնագիտությամբ: Բայց քանի որ կային նաև շատ այլ տարբերակներ, սրանք միշտ հետին պլան էին մղվում: Միշտ ցանկացել եմ օտար լեզուներ ուսումնասիրել, և այսօր ես կայացրեցի որոշում, որը հուսով եմ փոփոխությունների չի ենթարկվի:

Ես որոշեցի միացնել ցանկություններս ու պատկերացումներս և դառնալ լեզվաբան: Հույս ունեմ, կհասնեմ նպատակիս և լավ մասնագետ կդառնամ:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի
Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա

Չորրորդ եղանակը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի մարզերում եւ Երեւանում մեր թղթակիցները նկարել են ձմեռային օրվա իրենց հանդիպած ամենավառ պահը։

Angelina Karapetyan

Քսաներկուսից ընդամենը չորսը

Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Եփրեմ Հարությունյանը հյուրընկալվել էր Բաղրամյանի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցում՝ աշակերտների հետ հոգևոր զրույց անցկացնելու: Այս անգամ զրույցը անցկացվելու էր մեր դասարանի հետ:

Երբ իմացանք այդ մասին, անչափ ուրախացանք:

Զրույցը սկսեցինք աղոթքով: Հետո Տեր Եփրեմը բացատրեց, թե ինչ է նշանակում «եկեղեցի» բառը: Տեր հայրը մեզ հարցեր էր տալիս, մեր ուսուցչուհին էլ քաջալերում էր.

-Համարձակ եղեք, երեխանե՛ր, և ազատ արտահայտվեք:

Զրույցը շարունակվեց քրիստոնեական առակներով, Գրիգոր Լուսավորչի կյանքի պատմություններով. թե ինչու բանտարկվեց Արտաշատ քաղաքի բերդի ներքին զնդանում`Խոր Վիրապում, և ինչպես դուրս եկավ ու դարձավ հայոց առաջին կաթողիկոսը:

Այս ամենը լսելուց հետո հնչեց մի հարց.

-Երեխանե՛ր, այստեղ բոլորդ քրիստոնյա՞ եք:

Դասարանում քսաներկու հոգի ենք, բայց լսվեց կրկնակի պատասխաններ՝ բարձրաձայն ու հպարտ. «Այո´, իհարկե´, անշուշ»՝ չհասկանալով, թե Տեր Եփրեմն ինչ նկատի ուներ իր հարցով:

-Բոլորդ մկրտվա՞ծ եք,- ասաց նա:

Այստեղ հասկացանք նրա խոսքերի իմաստը: Ցավոք, քսաներկուսիցս միայն չորսն էին մկրտված:

-Երբ մկրտվում ենք, մեր հոգին ծնվում է, մաքրվում ենք ադամական մեղքից, Աստծո արքայությանն ենք արժանանում, և դառնում ենք եկեղեցու լիարժեք անդամ: Մկրտությունը քրիստոնյա լինելու կարևոր պայման է,- բացատրեց մեզ Տեր Եփրեմը:

Նրա գնալուց հետո երկար մտածում էի. միշտ հպարտ ասում ենք` մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, ավելին, ապրում ենք Խոր Վիրապին շատ մոտ, որտեղից քրիստոնեությունը տարածվեց Հայոց աշխարհում, բայց ամենակարևոր քրիստոնյա չենք, որովհետև մկրտված չենք: