Milena Sedrakyan

Դիլիջանյան մեդիա ճամբարի նախօրեն

Երեկ երեկոյան տանը նստած ձմերուկ էի ուտում, մեկ էլ մայրիկիս հեռախոսը պատահական վերցրի` մամայի աչքից հեռու խաղ խաղալու համար, ու տեսա 17-ից նամակ կա: Բացեցի ու տեսա, որ հենց այդ պահին չպատասխանեի, զրկվում էի ճամբարի հնարավորությունից: Մի խոսքով արագ ուրիշ հեռախոսահամար գրեցի ու նստած սպասում եմ, մի կողմից էլ` տնեցիներին համոզում եմ, որ թողնեն` գնամ ճամբար:

-Մամ… Խնդրում եմ` գնամ…

-Միլիկ ջան, որ գնացիր, քրոջդ ո՞վ ա պահելու:

-Մամ, լավ էլի…

-Բալիկ ջան, բա տան գործե՞րը: Գիտես, ես աշխատում եմ ու չեմ հասցնում:

-Մամա, խնդրում եմ…

-Ուֆ… Զահլես տարար: Գնա պապայիցդ հարցրու:

Հայրիկս հյուրասենյակից բղավեց.

-Թող գնա, Նառ, ես Արմինեին կկանչեմ` կգա կօգնի:

Լավ, չեմ թաքցնի այն փաստը, որ երբ մայրիկից անընդհատ մերժում էի ստանում, աչքերս լցրել էի ու նստել սենյակումս, բայց սա լսելուց հետո բերանս չի փակվում:

Հաջորդ օրը տանը նստած անհանգիստ սպասում եմ ու մտածում. «Ինչի՞ չեն գրում: Հաստատ փոշմանել են: Հենա` նամակիս էլ չեն պատասխանում: Վերջ, հույսս կտրեցի»:

Մեկ էլ մամայի ֆեյսբուքին նամակ եկավ, չգիտեմ թե ինչպես, բայց զգում էի, որ «Մանանայից» կլինի:

Ձայնը լսելուն պես հյուրասենյակից ինձ շպրտեցի համակարգչի մոտ, բացեցի, մեկ էլ տեսնեմ` ինձ ինչ որ խմբում են ներգրավել, ներսումս հանգստություն իջավ: Բայց էստեղ ճիշտ հակառակն էր: Սկսած թղթակիցներից, ուսուցիչներից ու կամավորներից բոլորը գրում են, նկարներ են տեղադրում: Հերթով տեղադրած նյութերը կարդացի, նկարները նայեցի, ասեմ` շատ ծանոթներ կան, իրենց նյութերը կարդացել եմ կայքում: Ու սկսեցի գրել իմը:

Հիմա գրում-ջնջում եմ, չգիտեմ` ոնց գրեմ: Սկսեցի, իմ հիմար սովորության համաձայն, ժարգոնով գրել ու արագ-արագ: Ամբողջը ջնջեցի, սկսեցի գրականով գեղեցիկ գրել. չնայելով անգամ տառասխալներին:

Մի խոսքով, բոլոր ծանոթներիս գրում եմ`բարև, հիշո՞ւմ ես ինձ:

Ես հիմա հպարտությամբ ասում եմ`գնում եմ ճամբար…

Ու առանց վարանելու կարող եք ինձ երանելի անվանել, քանի որ սիրտս զգում է, որ իմ կյանքի ամենահաճելի շաբաթը առջևումս է:

Ani harutyunyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. նախապատմություն

Առավոտյան գնալու էինք ճամբար: Գիշերվա ժամը երեքն էր արդեն: Մտածում էի ճանապարհի, երեխաներին իրականում տեսնելու, Դիլիջան հասնելու և աշխատանքը սկսելու մասին, ու քունս սկսում էր ավելի արագ փախչել: Ժամը արդեն չորսն էր: Մի քիչ քնեցի: Առավոտ շուտ արթնացա: 

-Վա՜յ, դեռ ծնողի համաձայնագիրը չեմ տպել:

Արագ վեր կացա, զանգեցի դպրոցի տնօրենին: Ասաց, որ դպրոցում է: Գնացի, տպեցի, եկա տուն: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր: Տան մեջ անընդհատ գնում-գալիս էի, նորից պայուսակներս ստուգում ու, բնավորությանս համաձայն, անհամբերությունից լարված սպասում էի Քրիստինեին: Զանգեցի:

-Քի՛ս, հոպարդ չեկա՞վ:

Քրիստինեի հորեղբայրը մեզ պիտի բերեր Երևան:

-Չէ, հլա, Ա՛ն:

-Կարող ա՞ չգա:

-Աղջի, գի՞ժ ես, համբերի՛:

-Ուֆ, համբերե՞լ ա լինում:

Վերջապես դուրս եկանք: Հասանք:

Հավաքվել էինք «Մանանայում»: Գրեթե բոլորին ճանաչում էի: Մի քանիսին էլ պինդ գրկեցի:   Նրանք, ովքեր չէին եղել «Մանանայում», ծանոթացան կենտրոնին, և վերջին պատրաստությունները տեսնելով՝ շարժվեցինք:

Ուրախ տրամադրությունը հենց սկզբից պատրաստ էր: Երեխեքը իրենց բարբառներով էին խոսում: Դե, իսկ Վահեի ասածներից (Մալիշկա գյուղի բարբառը) ոչինչ չէինք հասկանում:

Եկավ ավանդական պահը. երգում էինք.

-Բազմել ես լեռներին, ունես հազար շեն…

Այսպես` ասել-խոսելով, համով բաներ ուտելով՝ չհասկացանք՝ ինչպես անցավ Երևան-Դիլիջան ճանապարհը: Հասանք Դիլիջան: Բոլորս մի քիչ սոված էինք: Ճաշեցինք ու սկսեցինք մեր աշխատանքային աշխույժ առօրյան:

Մեծ անհամբերությամբ սպասում ենք նոր տպավորություններին, որով կկիսվեմ ձեզ հետ:

ani baxumyan

Եթե «ջանը» կա

Ես Անին եմ: Ապրում եմ Էջմիածնում: 16 տարեկան, բայց արդեն ուսանողուհի եմ: Այս տարի ավարտել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցը և ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կառավարման բաժին: Հաճախում եմ ֆուտբոլի. սիրում եմ սպորտով զբաղվել, չնայած այնքան էլ մեծ ժամանակ չեմ հատկացնում:

Բնավորությանս մասին դժվարանում եմ խոսել, բայց ընկերներս ինձ ճանաչում են որպես բարի ու պարզ անձնավորություն (մեկ-մեկ ասում են՝ բարությունս ինձ շատ է խանգարում): Ամեն ինչում հասարակն եմ սիրում. օրիգինալներն արդեն անասելի շատացել են: Չափազանց լավատես եմ: Սիրում եմ կյանքը, մարդկանց, սիրում եմ ժպտալ ու ժպիտ նվիրել: Ինձ համար չկան խնդիրներ, որ չլուծվեն մի բաժակ թեյով ու նվեր ստացած անկեղծ ժպիտով:

Մարդիկ չափազանց ուշ են հասկանում իրենց ունեցածի արժեքը. ահա թե ինչն է ինձ հուզում: Աշխարհում օրական քանի՜-քանի երեխաներ լույս աշխարհ չեն գալիս տարբեր պատճառներով, իսկ մեզ տրված է լույսը տեսնելու այդ հնարավորությունը: Մենք հուսահատվում ենք չնչին խնդիրներից`չհասցնելով գնահատել այն, ինչ ունենք: Աչքեր ունենք, ձեռքեր, ոտքեր, ունենք բանականություն. մենք մարդ ենք ծնվել… Ամեն ծնվողի չի տրված նման մեծ պարգև: Գիշերը նայեք երկնքին ու կզգաք, որ անծայր տիեզերքում, ժամանակի հավերժության մեջ մենք ունենք ընդամենը սպառվող ու կարճ ժամանակ` վայելելու այն, ինչ տեսնում ենք: Իսկ ի՞նչ են անում մեզնից շատերը: Սպանում են այն ժամանակը, որ տրված է իրենց, այն ժամանակը, որ կարող էր մեկ ուրիշի կյանք լցնել, մեկի համար լույսը տեսնելու հնարավորություն դառնալ:

Այս մտքերիս մեղավորը մի պապիկ էր. մի անգամ իր բերանից լսեցի. «Ինչի՞ չոռ ասենք, եթե Ջան-ը կա»:

Ինձ հուզողը հենց սա է, իրոք, մարդկանց կյանքից հենց այս Ջան-ն է պակասում:

Օշական. Քասախի կիրճում

Ամռան շոգին ամենալավ ժամանակն է վերադառնալու բնությանը, ձուլվելու գետի ու կանաչի ներդաշնակությանը: Ես էլ որոշեցի վերցնել լուսանկարչական ապարատս ու փախչել գյուղի շոգից, գնալ Քասախի կիրճ` լուսանկարելու և վայելու բնության ընկերակցությունը: 

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

milena sedrakyan

Հավես կինո, հավես նկար, հավես հոդված

Մայիս ամիսն էր: Oրը կոնկրետ չեմ հիշում սովորականի նման դպրոցում էինք, մեզ մոտ անգլերեն էր, հաջորդ ժամն էլ` պատմություն, մեր մեջ ասած, ոնց չէի ուզում անեինք, բայց դե ճարս ինչ, մեկ էլ դասղեկիս զանգ եկավ:

-Երեխեք, մյուս ժամը սեմինարի եք, անձայն շարքով գնում ենք ութի «ա», Երևանից են եկել:

Չգիտեի` ովքեր են, ինչի են եկել, բայց ուրախությանս չափ չկար: Մտքիս մեջ ասացի` ինչքան էլ վատ լինի, հաստատ դասից վատ չի լինի: Գնացինք, տեղավորվեցինք, մեկ էլ տեսա` լուսանկարչական ապարատը Դիանայի ձեռքում, ու միանգամից հետաքրքրություն առաջացավ, քանի որ շատ-շատ եմ սիրում լուսանկարել:

Հետո սկսեցին պատմել «Մանանա» կենտրոնի մասին: Ուշադրությամբ լսում էի:

Մեզ բաժանեցին «Խաբարբզիկի» համարներից, որը մինչ հիմա պահում եմ: Սիսակը հարմար պատ էր փնտրում` ֆիլմերը ցուցադրելու  համար:

Երբ ֆիլմերը վերջացան, մեզ հարցեր էին տալիս, թեև գիտեի պատասխանները, բայց չէի համարձակվում ձեռք բարձրացնել: Երբ վերջում ասացին, թե ով է ցանկանում դառնալ պատանի թղթակից, ես ձիգ պահել էի ձեռքս:

Դրանից հետո մեր ունեցած դպրոցի  երեք ժամերը այնքան արագ անցան, որ չզգացի: Արագ-արագ մտա տուն, հանեցի թերթերը ու սկսեցի պատմել մայրիկիս , միացրեցի համակարգիչը, մտա 17.am ու սկսեցի հատ առ հատ կարդալ հոդվածները և մինչև հիմա անում եմ դա:

Ի վերջո նամակ գրեցի 17-ին ու սկեցի մտածել:

-Էէ, ինչի՞ գրեցի: Ես հոդված գրո՞ղ եմ, խայտառակ եմ լինելու հաստատ:

Հետո համոզում էի ինձ, թե` չէ, հեշտ է, կարող ես:

Հետո էլի մտածում եմ.

-Բայց հավես կա՞: Նույնիսկ դասերս չեմ սիրում գրել, ուր մնաց` հոդված:

Հետո չգիտեմ թե ոնց, համոզվեցի ու սպասում էի նամակիս պատասխանին: Այն այդքան էլ չուշացավ:  Անցել էի հաջորդ փուլ ու պիտի գնայի դասընթացի:

Առավոտյան արագ-արագ հասա դպրոց:

-Այ քեզ բան, ոչ մի ծանոթ դեմք: Ի՞նչ եմ անելու:

Մեկ էլ աղջիկներից երկուսը կանչեցին, թե` արի ծանոթանում ենք: Չեք էլ պատկերացնի, թե ինչքան արագ մտերմացա երեխեքի հետ: Մեկը մեկից խելացի, մեկը մեկից խենթ, Արմավիրի մարզի տարբեր գյուղերից, քաղաքից, ավաններից, ու շատ-շատ սիրեցի բոլորին:

Ամեն օր հինգ-վեց ժամ այնտեղ էինք, չորս հագեցած օր, բայց ոնց որ հինգ-վեց րոպե լիներ: Մի խոսքով, անցան ամիսներ, ու ես ինձ համարում եմ թղթակից: Երբ մտքովս ինչ-որ հետաքրքիր բան է անցնում, արագ գրի եմ առնում, որ չմոռանամ: Դժվար եմ սկսում գրել. ջնջում, գրում, ջնջում, մինչև մի բան ստացվում է:

Միգուցե չհավատաք, բայց ես հանգստանում եմ հոդված գրելիս: Ահավոր բարկանում  եմ, երբ թվեր գրեու համար պիտի փոխեմ համակարգչի լեզուն, հետո մոռանում եմ փոխել, սկսում եմ անգլերեն տառերով գրել հայերեն նյութս… Բայց ինչ արած, կարևորը արդյունքի հասնում եմ: Անպայման պիտի նյութիս հետ նկար կցեմ, կարծում եմ առանց դրա այն կիսատ է: Մեկ՝ ես, ավելի հետաքրքրությամբ կարդում եմ նկարով հոդվածները:

Մի խոսքով, ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, որ հանդիպել է նման կազմակերպության, նման բարի հոգատար, ուրախ  ու տաղանդավոր մարդկանց:

«Մանանան» մականուն ունի դրված իմ կողմից, և գիտե՞ք որն է դա` ՀԱՎԵՍ: Համ իրենց խոսելը, համ «Մանանայի»  կազմը, համ իրենց աշխատանքին նվիրվածությունը, և բացի այդ, «հավես» բառը  իրենց ամենաշատ օգտագործվող բառն է`  հավես կինո, հավես նկար, հավես հոդված:

Մի խոսքով, հավես կազմակերպություն, ես առանց ձեզ իմ կյանքը չեմ պատկերացնում:

Տատյանա Դարբինյան

Կյանքեր փրկող մանանա

Դե ո՞վ չգիտի աստվածաշնչյան մանանայի մասին: 

Բայց էս մեկն ուրիշ ա:

Ցեղասպանությունից փրկված հայ վերապրողների մասին միլիոնավոր պատմություններ կան: Վերջերս լսեցի մեկը: Մի տատիկ պատմում էր, թե ինչպես է իր հայրը փրկվել ջարդերի ժամանակ: Պատմության ամենահետաքրքիր հատվածն այն էր, որ հայրը երկար ժամանակ՝ կարծեմ ամիսներ շարունակ, ստիպված է եղել ապրել դաշտերում՝ գայլերի, շների ու բաց երկնքի ընկերակցության պայմաններում: Եվ… Այդքան ժամանակ նա գոյատևում էր մանանայի շնորհիվ: Ո՞վ չէր ընդհատի տատիկի խոսքը՝ սա լսելով: Ի՞նչ մանանա: Դրա մասին միայն Աստվածաշնչից գիտեմ: Մի՞թե նման բան կա: Պարզվում է՝ մանանան առավոտյան բույսերի վրա կուտակվող սպիտակավուն նյութ է: Գուցե իմ իմացած ցողը կամ եղյամը… Չնայած, չէ՜: Այն նաև պիտի բավականին սննդարար լինի: Մենք դժվար էլ պատկերացնենք Արևմտյան Հայաստանի բնությունը, ծառերը, թփերը, անձրևը, արևն ու մանանան:

Փաստորեն հենց մեկ դար առաջ էլ մանանան ամենաուղիղ իմաստով թափվել է երկնքից ու կյանքեր փրկել:

anna andreasyan

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Էս ի՜նչ լավ բան ա մարզվելը: Ես առաջ մտածում էի՝ ուղղակի տանջանք ա, իսկ դրանից առաջ ուզում էի գնալ կարատեի՝ չթողեցին, իսկ կարատեից առաջ, ըմմ… Հա, կարատեից առաջ փոքր էի ու չեմ հիշում՝ ինչ էի ուզում: Բայց հիմա կարծում եմ, ավելի շուտ վստահ եմ՝ հեչ էլ տանջանք չի: Ընդհակառակը՝ հրաշալի բան ա: Մտածում էի` կամ կմոռանամ, կա´մ հարմար չի լինի, կա´մ… Լավ, խոստովանում եմ՝ ալարում էի: Բայց ինչպես մեր ժողովուրդն ա ասում. «Ով ալարի՝ ոչ դալարի»: Որոշեցի չալարել, որ դալարեմ (չնայած,  էնքան էլ ինձնից կախված չի): Ու մեկ էլ վախենում էի՝ «ժանգոտելուց»:

Մի խոսքով, երկու շաբաթ առաջ ես որոշեցի՝ պետք է զբաղվել մարմնամարզությամբ: Եվ այդպես էլ արեցի: Ի զարմանս ինձ, ես արդեն 2 շաբաթ է, ինչ մարզվում եմ: Ու ամենակարևորը՝ չեմ ալարում:

Էս ամեն ինչը ինձնից խլում ա ամենաշատը մեկ  ժամ: Արդյունքում՝  ես ինձ զգում եմ առույգ և լիարժեք: Մեկ էլ գիտե՞ք ինչ եմ նկատել: Մարզվելուց հետո մտավոր յուրաքանչյուր աշխատանք ես անում եմ ավելի հավեսով, քան առաջ:

Հ.Գ. Այնպես որ, բոլորին խորհուրդ եմ տալիս մարզվել:

hovhnannes

Բանավեճ

Ես իմ նախորդ հրապարակումներից մեկի մեջ նշել էի, որ հաճախում եմ Բանավեճի ակումբ։ Այս հրապարակմանս մեջ ցանկանում եմ մի փոքր խոսել բանավեճի մասին։ Սկզբում ասեմ, որ «բան» (խոսք) + վեճ կարող է սխալ ըմբռնում լինել, թե սա բառերով վիճելն է: Սակայն իրականում ընդհանրապես կապ չունի վեճի հետ, այլ ինչ-որ թեմայի շուրջ զրույցն է, տարբեր դիրքորոշումներով։

Կան բանավեճի մի քանի տեսակներ՝ անհատական, թիմերով, հանպատրաստից, պատրաստված։ Կոնկրետ ես մասնակցում եմ Ջինիշյան հիմնադրամի կազմակերպած բանավեճերին։ Դրա ձևաչափը հետևյալն է։ Ինչ որ թեմա է տրվում երկու թիմերի, որոնք բաղկացած են 5-ական անդամներից, բանավիճում դրա շուրջ՝ դեմ և կողմ դիրքորոշումներով։

Կարևոր է նաև նշել, որ թեման ոչ միշտ է համապատասխանում մասնակիցների դիրքորոշման հետ: Դա ըստ ինձ, շատ լավ է, քանի որ մարդկանց սովորեցնում է ինչ որ թեմայի չնայել մի տեսակետով, այլ սովորեցնում է փորձել լավ մտածել, կշռադատել։ Բանավեճը բաղկացած է մի քանի փուլերից` կառուցողական ելույթ, հարց ու պատասխան, անդրադարձ, եզրափակիչ ելույթ։ Դրանցից կառուցողական ելույթում ներկայացնում են թիմի անդամներին, տվյալ թիմի դիրքորոշումը, պնդումներ, այնուհետև այդ պնդումները ամրապնդում են փաստերով: Հարց ու պատասխանի ժամանակ արդեն պարզ է, որ հարցեր են տալիս, իսկ եզրափակիչ ելույթում ամփոփում են ամբողջ խաղը։

Ես բանավեճի ակումբում կարողացել եմ հաղթահարել դպրոցական շեմը և մասնակցել եմ մարզային փուլին, բայց հանրապետականին դեռ չեմ մասնակցել, սակայն դեռ ամեն ինչ առջևում է։

Արմավիր. հոգսեր, խնդիրներ

Ինձ հուզող հարցերից մեկը իմ քաղաքի` Արմավիրի իրավիճակն է։ Ինձ հուզում է այն փաստը, որ մեր քաղաքի պաշտոնյաները չեն մտահոգվում քաղաքի անբարենպաստ պայմաններով։ Աղտոտված փողոցներ և կիսակառույց շենքեր հանդիպում ես ամեն քայլափոխի։ Քիչ են երեխաների և պատանիների զարգացնող ուսումնական հաստատությունները։ Անբարենպաստ են նաև ժամանցի կենտրոնները։ Լինում են դեպքեր, երբ սնունդը լինում է անորակ, սպասարկումը` անբարեհամբույր։

Լուսանկարը` Աիդա Կիրակոսյանի

Լուսանկարը` Աիդա Կիրակոսյանի

Արմավիրում շատ քիչ է բուսականությունը։ Քիչ են ծառաշատ այգիները, որի պատճառով էլ օդը մաքուր չէ։ Բացակայում են աղբարկղերը։ Ճանապարհներին շատ են հանդիպում անօգնական ու թափառական կենդանիներ։ Խորդուբորդ ճանապարհների պատճառով դժվարանում է վարորդների աշխատանքը, և ավելանում եմ ավտովթարները։