Մխոն, պահմտոցին ու հողաթափը

-Մխիթա՜ր, Գրիգո՜ր, Մանե՜, Լիլի՜թ, Արմե՜ն, տյուս եկե՜ք, հալամոլա ենք հաղ անում:

Այսպիսի սկիզբ է ունենում ամառային արձակուրդը մեր Վահան գյուղում: Մի օր հավաքվեցինք ու սկսեցինք խաղալ: Քանի որ գրասենյակի բակում թաքնվելու շատ տեղ կա, էնտեղ խաղացինք: Այնտեղ Բլոենց տան մոտ թրիքի կույտ կար, որը շուտով պետք է տանեին: Էս Մխիթարը, ինչպես միշտ, հողաթափով էր եկել: Ես թաքնվել էի, և հենց նա տեսավ ինձ, ես ընկա նրա հետևից: Մխիթարը խառնված վազեց դեպի թրիքը: Վազեց, ոտքը դրեց թրիքի մեջ ու դուրս եկավ առանց հողաթափի: Սկսեցինք փնտրել: Զարմանալին այն էր, որ գոմաղբի կույտի մեջ չէր երևում ոչ մի հետք, բայց Մխոյի ոտքը թրիքոտ էր:

-Մխո, վե՞րդե ես տրել վետդ:

-Աաայ, ընդե:

Նայում ենք` հողաթափ չկա:

-Մխո, ստե՞:

-Չէ, ընդե:

Ու այսպես մեկ էնտեղ է ցույց տալիս, մեկ` էստեղ: Հո չի լացում, հո չի լացում…

Հետո եկավ Մխոյի եղբայրը` Հայկը:

-Մխո ջան, դուխդ չգցես, ես կգտնեմ: Ի՞նչ եք ծիծաղում:

Կողքի տանից դուրս եկավ Լյուդիկ տոտան.

-Դե վեր ասեմ` վեխճար ես, կասես` ասեց: Տենում չի՞ր, վեր ղաքիտ թրիք կա:

Զարմանալի բան, մի փոքրիկ թրիքի կույտում չկարողացանք մի հողաթափ գտնել:

-Տղեք, սպասեք գնամ կոշիկ հագնեմ գամ,- ասաց Մխիթարը:

-Մխո, կոշիկ հագի, որ ոտիցդ դուրս չգա:

Մխոն գնաց և արագ վերադարձավ: Մեկ էլ տեսնենք, գնացել ու մի ուրիշ հողաթափ է հագել եկել:

Դե վեր ասեմ` վեխճար ես, կասես` ասեց:

 

Դեկտեմբեր, 2015

Mane Khachatryan

Դու կանգնիր մի պահ

Քո անձիգ հոգու նուրբ տատանումներից

Հյուսվում է աշխարհում չքնաղ ու նոր մի երգ,

Կարծես տատանվում են տխուր արտասվող ջութակի լարեր,

Ասես մի աղեղ ջութակի փոխարեն հոգիդ է սիրել։

 

Քո անեղծ մտքի նրբագույն պատկերներից

Հյուսվում են աշխարհում քնքուշ երազներ,

Կարծես բնությանն է երանելի մի երազ պատել,

Ասես մայրամուտը երկնքի փոխարեն հոգուդ է փարվել։

 

Քո խորախորհուրդ լռություններից են

Հյուսվում աշխարհում դյութող գիշերներ,

Կարծես գիշերը քո անրջային էությամբ է օծվել,

Ասես քո հոգու խաղաղ խորքերից է այն մի օր ծնվել։

 

Քո թափանցիկության չափ անկեղծ աչքերից

Ամպերից հյուսվել են հանդարտ անձրևներ,

Կարծես երկնքից քո արտասուքներն են դեպ երկիր հոսել,

Արցունքներովդ է փոշոտված աշխարհն այդքան մաքրվել։

 

Դու կանգնիր մի պահ

Դու կանգնիր մի պահ

Ու լուռ հետևիր

Քեզ հմայված նայող աչքերին՝

Անցյալ օրերից, անցած հուշերից։

 

Անխոս հետևիր

Քեզ ժպտադեմ գրկող հայացքին՝

Միշտ նվիրական, միշտ կարոտագին։

Ձեռքդ երկարիր ժամանակի միջով,

Դիպչիր այն միակ ձեռքին լուսավոր՝

Քեզ միշտ մեկնված, դեպի քեզ ձգված։

 

Դու կանգնիր մի պահ

Ու հոգուդ ներսում

Նրա հոգու հետքի

Նշմարանքը զգա։

Լռության քողով քո մտքերի ճամփաների մեջ

Անդուլ թափառողի հետագիծը զգա։

 

Դու բացիր աչքերդ

Ու կհասկանաս,

Որ կյանքիդ մրրիկը դարձել է մի օր խաղաղ մի քամի,

Մութ խավարը՝ լույս,

Թանձր գիշերը՝ հոգու արշալույս,

Սրտիդ ծանր բեռը՝ թեթև մի ծանրոց՝

Անձայն տանելի,

Մեկի գոյությամբ՝ քեզ համար գուցե

անիմանալի, անտեսանելի…

Mane Khachatryan

Այլևս մի թվա

Այլևս մի թվա

Շշնջա ականջիս

բառերն այն,

որ ամենաշատն եմ

ուզում լսել,

Ու ինձ կթվա, թե

ամենաբարձր ձայնով հնչում է

երջանկության տավիղը։

Խոսիր ինձ հետ

ամենասովորական բաներից.

Ինձ կթվա, թե

օդում հյուսվում են

ամենասիրուն պոեմները։

Անցիր կողքով իմ

ու հայացքով դիպիր դեմքիս.

Ես կկարծեմ, թե

քնքշության տաք

քամիներն են

փարվել ինձ։

Մոտեցիր ինձ դանդաղ

ու արագ հեռացիր,

Որ կարծեմ, թե ժամանակը

ծոր է տալիս

քո ներկայությունից։

Մեկնիր ձեռքդ

ու հանիր ինձ անհուսության անկումներց.

Ես կկարծեմ, թե ինձ մեկնվել է

կյանքի ալիքների փրկօղակը։

Երբեմն եղիր շուրջս

Ու թող, որ թվացյալ  չլինի

ինձնից դուրս

քեզ զգալը։

Այլեւս մի թվա,

պարզապես եղիր կողքիս։

Մեր ժայռերը

Երեխաները երանության մեջ էին: Գյուղի բլրի հետևից գլորելով դեպի վերև էին բարձրացնում ավտոմեքենայի դեն նետված անիվները ու իրենց ծիծաղի միջից ականջ դնում աշնան արևից չորացած ոսկե խոտի խշխշոցին, որ ծով ալիքի պես կատաղի գալիս  զարնում է հազարամյա ափերին, սրբում տանում ավազե հատիկները, բայց կանգուն թողնում ափը ժայռակերտ: Նրանց համար աշունը նոր չէր և նոր չէր խոտի, չորացած տերևների այրվածքի հոտը, մինչև ոտքի ճաները թաթախված ցեխի ծանրությունը  ու ձեռքերի սև մուրը: Այնտեղ բլրի գագաթին, քարերի արանքից ծակել, դուրս էր եկել մասրենին և արդեն հասցրել էր կարմրել, թոռոմել, թափվել: Երեխաների համար նոր չէր աշնան ցուրտը, պատերազմն էր նոր: Անիվները բլրից գլորվելով իջնում էին դեպի գյուղ, նրանց հետևից` երեխաները: Գյուղում Սահակ պապը ասել էր, որ անիվը տղերքին պաշտպանելու համար է, երեխաներն էլ նստել հաշվել էին գյուղի զինվորների քանակը ու ամեն մեկի համար, ոչ թե մեկ, այլ երկու անիվ ճարել:

Ինքնագոհ կատարած աշխատանքից, գյուղամեջ էին իջնում ու ամեն հանդիպած մարդու պատմում, որ իրենց գյուղի տղերքը անփորձանք տուն են գալու: Այդ մարդկանց դեմքին ժպիտ էր հայտնվում, և ամեն մեկը հոգու խորքում երազում էր, այդ տարիքում լիներ ու երազանքները բավարար լիներ ապրելու համար:

Սահակ պապը, որ գյուղի ամենաիմաստունն էր, իջնում էր երեխաների հետևից ու կռիվ տալիս աշնան մռայլ գույների հետ: Հետը ոչ ոք գլուխ չէր դնում. « Մեծ մարդ է արդեն, որ էն ժամանակ կյանքի հետ լեզու չգտավ, հիմա էլ չի գտնի»,- ասում էին ու անցնում առաջ: Սահակի թոռները բանակում են, նա վաղուց իր տաքարյուն կռիվն ավարտել էր կյանքի հետ, հիմա միայն երկխոսում է: Վաղը, մյուս օր, երբ պատերազմն ավարտվի, այլևս կարիք չի լինելու Թումանյանից իր սիրելի մեջբերումը անելու. «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Սահակի կռիվը ավելի շատ աշխարհի հիմարությունների դեմ էր ու առաջվա պես իր սովորական, չկապակցված մտքերը գլխում չէր պահում.

-Ախր, ո՞վ տվեց թուրը հիմարի ձեռքին,- հարցնում էր և ինքն էլ պատասխանում,-մենք տվեցինք, Ավետիք ջան, մենք, որ շատ կարդում ենք` քիչ հասկանում: Կեղծիքն ու սուտը հոշոտում է մեզ, մաքուր բան չի մնացել: Չնայած ոսկին ազնիվ մետաղ է, մի հատ սրբում ես` հավերժ փայլում է, էս երեխեքն էլ կգնան ձեռքերն ու դեմքը մրից կմաքրեն: Էս տարվա աշնան բերք չտվեց` տարավ, հողը մյուս տարի պարարտ կլինի, բերքը` առատ: Մռայլ աշուն է, հույսի շող չկա: Արևն էլ արդեն աշնանն է` մեռնում է դանդաղ, իսկ երազումս ծովն եկել  ոռնում էր լեռներիս վրա, ալիքի ձայնով: Թուրը ձեռքիս կռիվ էի տալիս. ալիքը շատ էր` ինձ կուլ տվեց:

Առավոտյան ավտոմեքենան անիվները բարձեց և սահման տարավ: Երեխեքը խորը շունչ քաշեցին: Մահը տղերքին ավելի շուտ հասավ, քան անիվները: Կեսօրին սար բարձրացան ու լուռ նստեցին ժայռի վրա: Իրենք հասկանում էին, որ ընդամենը մի քանի ժայռ այնկողմ պայթում են հրանոթները, բայց այնպես խաղաղ էին այս լեռները, որ ասես պատերազմը միայն իրենց երակներում էր:

Սահակ պապը գիշերը չկարողացավ քնել: Նա կրկին երազ էր տեսել, թե ինչպես է ալիքը տանում ավազահատիկները: Նա` մի բուռը ավազ, պինդ բռնել էր բռունցքի մեկը, բայց երբ ալիքը եկավ ու հարվածեց դեմքին` ձեռքից գլորվեցին հատիկները:

Արդեն չորս օր է թոռը չի զանգել, փոքր եղբայրը անհանգիստ է: Սահակը պարտադրել էր թոռան մոտ արցունք չթափել: Մայրն ու տատը գիշերն էին լացում, Սահակը նույնպես: Երեխան ամեն ինչ լսում էր:

Նա վաղուց հոգնել էր տան ճնշող լռությունից, ու պապը դա հասկացավ, նստեց կողքը ու սկսեց երգել, երեխան ձայնակցեց, հետո գլխում մի միտք ծնվեց. կայտառացավ, հագավ վերարկուն ու մեն մենակ վազեց դեպի բլուրը: Մտքով անցել էր, որ եղբոր համար անիվները քիչ են, ավելի շատ պիտի հավաքի: Սահակը նայում էր պատուհանից, թե ինչպես էր թոռը բլրի գագաթը հանում անիվները ու գլորում վար: Նրան արդեն զանգել էին` ավագ թոռը տուն չէր գալու, հավանաբար վաղը կբերեն: Ինքը հազիվ էր ոտքի վրա մնում, ասես դարբինները սրտին էր խփում, բայց նա անդադար մտածում էր, թե որքան պիտի էս երեխեքը պատմության մաշված անիվը ժայռն ի վեր գլորեն:

zarine kirakosyan

Մեր «մի կյանքը»

Ես չեմ ընկալում մի քանի հազար տարվա փորձը էլ ո՞նց պիտի ապացուցի, որ հասկանանք, որ ոչ մեկը մեզ չի գալու փրկի, ու մենակ էդ կետից կարող է սկսել փոփոխությունը:

Ուկրաինայի պատերազմում աշխարհը միաձայն է, որ Ռուսաստանն է կոնֆլիկտի մեղավորը,  դե մերը` չէ, մերը քննարկվում է, թե ով է առաջինը հարձակվել: Դե ահավոր շատ փաստերի պակաս կա, էլի, ու մեր մեծագույն խնդիրը միջազգային հանրությանը համոզելն ա, որ մենք արդար ենք, ու հենց բավարար փաստերով համոզեցինք, խնդիրը լուծվելու ա: Դե, աշխարհում հարցերը միշտ էդպես են լուծվել:

Էլ չեմ խոսում «ինթերնեյշնալ Ֆրենդներից»,  մեր սերունդը էս ամենը երրորդ անգամ ա տեսնում: Էդքա՞ն միամիտ ենք, թե՞ սրտհովություն ա` իրական պատասխանատվություն չզգալու համար: Եթե մեր ոչ «ինթերնեյշնալ»  հարևանները հայաթում անհոգ նարդի են քցում, դժվար «ինթերնեյշնալ ֆրենդները» բան փոխեն:

Շուրջբոլորը «դարի հոգեբանների» կոչերն ա, խուճապի չմատնվելու,  մեր էմոցիաները հանգիստ պահելու,  ներսը կայուն պահելու ու ինքներս մեզ չվնասելու մասին: Դե, բոլորս մարդիկ ենք, տարբեր կերպ ենք արձագանքում: Մեր ներսը չծանրացնելը կարևոր բան ա, բայց մի քիչ թիթիզության ու անարդարության զգացում չի՞ առաջացնում նրա համեմատ, ինչ կատարվում ա Ջերմուկում, Սոթքում:

Ի՞նչ խուճապ, մարդիկ իրենց համար ապրում են իրենց գործերով: Մենք երկու տարի էնպես սիրուն ինքնախաբեությամբ էինք ուզում հավատալ խաղաղության օրակարգին, որ զրոյի ենք հասցրել մեր ինքնապաշտպանական բնազդները:  Մինչև երկու մետրից  քարը գլխներիս չտան, չենք ընկալում, որ վտանգը մեզ ա սպառնում: Դե, վարչապետն էլ պատերազմին սադրանք  ա ասում, որ մարդ ես, հանկարծ ժողովուրդը չմտածի պատերազմ ա, արթնանա քնից:

Հասկանում ենք, որ մի անգամ ենք ապրում,  հեչ արդար չի էդ մի անգամը ապրել  անընդհատ մտածելով պետության խնդիրների մասին, բայց դա մենակ մեծացնում ա պատերազմի անընդհատ կրկնվելու վտանգը, հակառակորդին միշտ ձեռնտու ա գործ ունենալ պետությունից ձեռք քաշած, իր կյանքով  ապրող ժողովրդի հետ: Մենք ուզելու ենք մեր «մի կյանքը» ապրենք ու անընդհատ պատերազմի ենք բախվելու, էդպես էլ չապրելով:

zarine kirakosyan

Հայրենի’ք

Հայրենի’ք, ես էլ չեմ նայում քո աչքերին, որ մեր հայացքները չհանդիպեն,

 Նստած եմ Սարյանի պուրակում, ուր նա Կոմիտասի ու Խաչատրյանի հետ

Դատապարտված է նայել խաչմերուկի ձանձրալի երթևեկությանը,

Որ մերթընդմերթ ընդհատվում է «վկաներիդ» ցույցերով,

Իսկ ես չեմ նայում քո աչքերին, որ որոշումներ չկայացնեմ,

Հայրենիք, ես սկսել եմ քո ստվերներում քայլել, պարտքերն ուշացրածի պես։

Մոլորեցնող առօրյայի ֆոնին, ուր մենք վազվզում ենք, հաստ շերտով տխրություն է նստել,

Որ մեկ֊մեկ խառնվում է նույնիսկ ծորակից լցրած ջրին,

Իսկ մեկ֊մեկ մառախուղի պես սարերն է քաշվում, ներքև սահելու վտանգը սրտներումս թողած, արդեն ծանոթ արհավիրքի պես,

Չտեսնելու ենք տալիս, մի կարճ ժամանակ մեզ «մարդ» զգալու համար։

Վազում եմ արդեն ինչքան ժամանակ է քեզ մեջքով շրջված,

Բայց հանդիպում եմ քեզ ամեն անգամ, երբ էլի մի անհրապույր չոլի եմ

սիրահարվում հողիդ վրա,

Մինչ սկսում է մերը ուրիշ թվալ, ու սկսում է պատասխանատու թվալ «մերը» բառը,

Ես էլի վազում եմ, որ խնդիրներդ կյանքիս չխառնեմ,

Բայց դու թանձր տխրություն ես արդեն ծորակից բաժակիս մեջ լցված։