Anahit Papoyan

Երբ պատերազմը միայն հիշողություն չէ

1991 թվականն էր, երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը: Սակայն այն թեժացավ հենց այն ժամանակ, երբ հայրս ծառայում էր Ղարաբաղում՝ «Եղնիկներում»: Դա արդեն 1993 թվականի ապրիլ ամիսն էր:

Հարց տվեցի հայրիկիս.

-Ինչպիսի՞ն էր այդ օրը:
Հայրս, երկնքին նայելով, ասաց.
-Երկինքն անհանգիստ էր, այդ օրն ուրիշ օրերի նման չէր:

-Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
-Շատ հանկարծակի: Անկեղծ ասած՝ չէի մտածի, որ օրերից մի օր պատերազմ կտեսնեմ ու կզգամ սեփական մաշկիս վրա:

-Իսկ ի՞նչ նկատի ունես՝ ասելով. «կզգամ սեփական մաշկիս վրա»:
-Այդ թվականներին զինվորի ամենաուժեղ զենքը եղել է կամքը: Թշնամու հարվածներից զոհվեցին իմ ընկերներից շատերը, սպաներ և սերժանտներ: Նրանցից շատերը զոհվեցին հենց իմ կողքին, իմ ձեռքերում: Հիշում եմ, հակառակորդին ընդառաջ էինք գնում, երբ զինակից ընկերոջս ուղղությամբ նետվեց մի նռնակ: Դեպքը սարսափելի էր: Պայթյունից հետո կարծես արյան անձրև տեղար ու…

Ընդհատեցի հայրիկիս՝ չթողնելով շարունակել.
-Իսկ դու վախեցա՞ծ էիր, կա՞ր միտք այլևս չշարունակելու:
-Դու չես կարող վախենալ նման իրավիճակում, անգամ իրավունք չունես: Այդ պահին մտածել ինքդ քո մասին անհնար է: Տեսնել, թե ինչպես է ընկերդ ընկնում ու հետ գնալ՝ չես կարող:

-Իսկ դու վիրավորվե՞լ ես, ի՞նչ ապրումներ ես ունեցել:
-Վիրավորվել եմ: Այս պահին էլ մարմնիս տարբեր հատվածներում կան ռումբի պայթյունից մնացած բեկորներ, որոնց ձեռք տալու արդյունքում կարող եմ զրկվել տեսողությունից կամ, անգամ, կյանքից:

-Իսկ դա քեզ չի՞ վախեցնում:
-Պատերազմից հետո թե՛ վախը, թե՛ ցավը սառել են իմ մեջ:
Էլ չթողեցի, որ հայրս շարունակի: Չէի ուզում, որ կրկին վերապրի… Ուզում եմ, որ սա միայն հիշողություն մնա, այլևս չկրկնվի:

mariam tonoyan

Հեռախոսազանգ

Հեռախոսի զանգը հնչեց: Գիտեի, որ ինչպես միշտ, լսափողի մոտ ինձ են կանչելու: Տաք վառարանի կողքից ծուլորեն վեր կացա և լսափողը մոտեցրի ականջիս: Զոհրաբն էր` դասընկերս: 

-Կգա՞ս մեր տուն, միասին քննության համար հանրահաշիվ կպարապենք,-հարցրեց նա:

-Չէ՜, ես չեմ գա: Դո՛ւ արի:

-Ես էլ չեմ գա: Գիտե՞ս, որ հիվանդ եմ: Չլինի՞ անցած անգամ աչքդ վախեցել է:

-Ըհը, գուշակեցիր: Էլի ոտքս սահելու է, ու ընկնեմ ձեր ձորի փշոտ չիչխանի ծառերի մեջ:

Սկսեց ծիծաղել: Կծիծաղի, բա ո՞նց: Նրանց տունը գտնվում է մի հսկա բլրի վրա, որտեղից երևում է ամբողջ Գավառ քաղաքը, բայց… Ախ, այդ չարաբաստիկ «բայցը»: Բայց ճանապարհը շատ խորդուբորդ է ու դժվարանցանելի, հատկապես գարնանը, երբ ձյունը հալվում է, ամբողջ ճանապարհը ցեխի մեջ կորչում է, ու ջրափոսեր են առաջանում: Իսկ ձմռանը սառցակալում է, ու վեր բարձրանալը դառնում է անհնար: Որքան էլ ճիգեր ես գործադրում, պարզվում է, որ սահում ու նույն տեղում ես մնում: Իսկ սարսափելին էլ այն է, որ նեղ ճանապարհի մի կողմում՝ չիչխանի ծառերից այն կողմ, խորն ու վտանգավոր ձոր է:

-Բա ճանապարհը չե՞ն վերանորոգելու,- տրտնջացի ես:

-Որ մտադրություն լիներ, հիմա արդեն վաղուց վերանորոգած կլինեին,- դառնությամբ պատասխանեց Զոհրաբը:

Ինչ արած, Գավառի ծայրամասային համարյա բոլոր փողոցների ճանապարները խարխլված են:

-Է՜հ, բայց ի՞նչ կարող ենք անել: Գոնե ասֆալտապատեին, որ սեպտեմբերին դպրոց գնալիս, սպիտակ շորերը չփոշոտվեին: Երբ հանկարծ մեքենա է անցնում, փոշու ամպ է բարձրանում:

-Ես ցանկապատ էլ կկառուցեի,- ծիծաղեցի ես: -Գուցե դիմենք քաղաքապետի՞ն:

-Մի խումբ աշակերտների ձայնը երբեք լսելի չի դառնա: Ինչպես էլ մտածում եմ, հանգում եմ այն մտքին, որ հարստանալ է պետք:

-Այդ մե՞ր ձայնը լսելի չի դառնա: Դու միայն սպասիր…

hasmik vardanyan

Կանեփով քյուֆթա

Հայաստանում յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր բառն ու բանը: 

Մեր Մարտունին և հարակից գյուղերը ևս ունեն իրենց յուրահատկությունները` բարբառը և հնուց պահպանված ճաշատեսակները: Այսօր կպատմեմ մեր տարածաշրջանին բնորոշ, յուրահատուկ և զավեշտալի ճաշատեսակի մասին։

Կանեփով քյուֆթա․․․ Նախ մի փոքր ներկայացնեմ կերակրատեսակի նախապատմությունը: Կերակրատեսակը եկել է հնուց և պահպանվել մինչ օրս: Տատիկիս խոսքերով` կերակրատեսակը պատրաստել են այն ծանր տարիներին, երբ գոյությունը պահելու խնդիր է եղել: Կանեփն իր մեջ պարունակում է յուղայնություն, և այդ կերակրատեսակը պատրատել են, որպեսզի հագեցնի սովը: Եվ այդպես՝ ճաշատեսակը հորինվել և պահպանվել է: Իսկ ճաշատեսակի բաղադրությունը շատ պարզ է: Դե, ինչպես հասկացաք՝ ամենակարևոր բաղադրիչը կանեփն է: Կանեփը սկզբում բովում են, հատուկ աղացի միջոցով աղում: Աղացած կանեփին ավելացնում են տաք ջուր և ստանում կանեփի հյութը: Այնուհետև պատրաստում են խճողակը: Այն իր մեջ պարունակում է ձավար, որը ցորենի ամբողջական կամ աղացած հատիկներից պատրաստված սննդամթերք է: Ձավարին ավելացնում են կտրատած սոխ, սև և կարմիր պղպեղ, համեմ և աղ: Այդ պատրաստած խճողակը լցնում են արդեն նախատեսված, թթու դրած կաղամբի մեջ և փաթաթում: Փաթաթելուց հետո լցնում են կանեփի հյութը և դնում՝ եփվի: Այս կերակրատեսակը հիմնականում պատրաստում են ձմռանը, շատ հազվագյուտ դեպքերում՝ գարնանը:

inesa soghoyan

Իմ ազատությունը

Երբևէ մտածե՞լ եք՝ ազա՞տ եք, թե՞ ոչ: Գուցե ազատ եք, բայց միևնույն ժամանակ՝ անազատ: Ես դեռ մեկ տարի առաջ հագնում էի այն, ինչ հագնում էին բոլորը, լսում էի հասարակության կարծիքը ու ապրում էի դրանով, աշխատում էի ամեն բան անել, որ դուր գամ շրջապատիս: Կարծում էի՝ ազատ եմ ապրում: Շուտով մտածեցի, որ այդպես ճիշտ չէ, հասկացա, որ այն, ինչ ես համարում էի ազատություն, ավելի շատ անազատություն էր`շրջապատից կախվածություն: Հասկացա ու փոխեցի այն, ինչ խանգարում էր ազատ ապրել:

Այժմ սիրում եմ այն, ինչ ուզում եմ, ազատ արտահայտում եմ զգացմունքներս, լսում եմ ինձ ու հաճելի երաժշտություն, հագնվում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար, այլ ոչ թե մտերիմներիս, լսում եմ հասարակության կարծիքն ու անտեսում:

Ես հասկացել եմ՝ կյանքը մի մեծ ավտոբուս է, որտեղ պետք է նստես, եթե չես ուզում հոգնել: Երբ հասնում ես վերջին կանգառին, պետք է իջնես, բայց պետք է գոհ լինես քո ընտրած տեղից: Դա քո կամքն էր, դու կարող էիր համառություն դրսևորել և գտնել քո տեղը:
Շատերս չենք հասկանում, թե ինչպես է մեր շրջապատը ստիպում ապրել իր կարծիքով և դարձնում մեզ անազատ: Ազատությունը հեքիաթ է, որը բոլորը պետք է լսեն ու հասկանան միայն ճիշտ ձևով: Իսկ ճիշտը մեր չափորոշիչներն են:

Խմբագրության կողմից. Հետաքրքիր է լսել նաև ձեր կարծիքը: Դուք ինչպես եք պատկերացնում ազատությունը: Գրեք մեզ:

aharon sahakyan

Իմ հանճարեղ միտքը…

Մարտ ամիսն էր: Քամիաանձրևաձյունախառը մի զզվելի եղանակ: Սովորականի նման  արթնացա: Անհանգիստ էի, ինչպես սովորաբար մեծերն են ասում՝ աչքս վնասի էր: Պետք է որևէ «սխրանք» գործեի: Եվ քանի որ իմ կյանքում երբևէ արկածների պակաս չեմ ունեցել, այդ օրն էլ բացառություն չեղավ:

Չնայած անբարեհաճ եղանակին`դուրս եկա բակ: Առաջին բանը, որ նկատեցի` հարևանի հողամասից դուրս եկող ծուխն էր, իսկ երբ ավելի մոտիկից ուսումնասիրեցի, տեսա, որ խոտի մնացորդներն էին վառում: Եվ հենց այդ պահին էլ գլխումս ծագեց հանճարեղ միտքը. «Իսկ ինչո՞ւ ես էլ մեր հողամասում կրակ չվառեմ»: Առանց ժամանակ կորցնելու, գործի անցա: Հավաքեցի խոտի մնացորդները, լցրեցի առաջին իսկ պատահած ամանի մեջ։ Թաքուն մտա տուն, վերցրեցի կրակայրիչն ու դուրս թռա: Փորձեցի վառել, բայց քամին խանգարում էր: Երկար փորձելուց հետո համոզվեցի, որ հնարավոր չէ։ Որոշեցի ամանը մոտեցնել խոտի դեզին։ Դեզը բավականին բարձր էր, հետևաբար, կպաշտպաներ քամուց, ու կհասնեի նպատակիս: Այո´, ես չէի սխալվում: Կրակը վառվեց և վայրկյանների ընթացքում բարձրացավ դեզն ի վեր: Հասկացա, որ վերջ: Հրդեհ բռնկվեց: Անմիջապես տուն վազեցի: Մայրս խոհանոցում ինչ-որ գործով էր զբաղված, կրակայրիչը ինչպես, որ թաքուն վերցրել էի, նույն կերպ՝ թաքուն էլ, տեղը դրեցի և բղավեցի.

-Ի՞նչ եք կանգնե՜լ, խոտի դեզն այրվում է՜:

Մայրս դուրս թռավ, բայց ի՞նչ, այլևս ոչինչ հնարավոր չէր անել: Հարևաններն էլ միացան, փորձեցին ջրով հանգցնել, բայց ապարդյուն: Կրակի բոցերը կատաղած վեր էին բարձրանում: Շատ չանցած՝ արդեն բակում էր նաև հրշեջ մեքենան: Բարեբախտաբար նրանց հաջողվեց մարել կրակը: Բայց վնասը քիչ չէր` 500 հակ խոտ: Իսկ արդեն հաջորդ օրը մեր տուն այցելեցին ոստիկանները: Հարցաքննեցին ինձ, ես նրանց ասացի, որ ճիշտ է՝ ես եմ այրել խոտը, բայց ինձ ոգեշնչել է մեր հարևանը: Եվ ուրեմն` նա է մեղավոր, թո՛ղ պատասխան տա․․․

Anush abrahamyan

Ջրի հերթը մերն է․․․

Աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր: Ես լավատեսորեն վստահ եմ, որ ոչ մի լավ բան երբեք կանգ չի առնի… Կա մի լռություն, որ ոչ թե տխրություն է քարոզում, իր գրկի մեջ հավաքելով միայնակների վախեցած ազատությունը, արցունքները, այլ, տարածվելով օդում, թիկնոցի պես իջնում է ուսերիդ` լրացնելով քեզ: Լիության ուրվականն է դա, բախումն է քո ու էջերի, որտեղ ուզում ես պարտվել: Ամեն ինչ քաղցր քնի մեջ էր: Կարդալիս համոզվում էի,  որ դատարկությունը սպանում է այնքան, որքան զգացումները կախաղանից առաջ: Դեռ չէի ավարտել, բայց լույսը մարեց: Մութն անմիջապես կատաղած շան նման հաչեց երեսիս, թվում է՝ հիմա կմաղվեմ վախի ուժից: Օգնության կանչելով բանականությանը՝ հազիվ հասա պատուհանի մոտ: Բացեցի պատուհանը ու ձեռքս մեկնեցի՝ սպասելով, որ աստղեր կընկնեն: Հենց այդ ժամանակ երկնակամարը աքսորեց մի քանի աստղերի ու ես զգացի հրաշքի բույրը: Եվ, առհասարակ, ի՞նչ է հրաշքը: Մենք պատրաստ ենք ճչալ, որ հավատում ենք հրաշքների, բայց երբեք ի զորու չենք ճանաչել նրանց: Ես ճանաչեցի այն, թեև հազար անգամ նայել էի երկինք: Նրանցից ոչ մեկն ափիս մեջ չընկավ, եթե ընկներ էլ, միևնույն է, չէի նկատի։ Ես մոռացել էի ինքս ինձ, իրենց առաքելությունը կատարում էին միայն աչքերս: Օդը կատարյալ հանգիստ էր, ոչ մի դող չէր համարձակվում մոտենալ ինձ, մոտ մեկ ժամ չէի կարողանում կտրվել այն աշխարհից, որը ժամանակավորապես երկիր էր իջել: Գիշերվա ժամը 4-ն էր, երբ հայրս թխկոցով բացեց դուռը: Ես արագ փակեցի պատուհանը, բայց չկարողացա գլուխս կախել ու լռել, այլ սկսեցի ինձ հատուկ շատախոսությամբ նկարագրել գիշերը…

-Ջրի հերթը մերն է, մայրդ ու դու հողամասում կսպասեք, որ ջուրը գա, իսկ ես ու եղբայրդ կգնանք` ուժեղացնելու:

Բայց ես համառեցի ու, վերցնելով բահը, ճանապարհ ընկանք: Քայլում ենք, ու լուսինն ինձ համար ավելի պայծառ է դառնում: Խոսում էինք ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտությունից, երկնքից, կեղծիքից: Հանկարծ՝ մի տուն իմ  ուշադրությունը գրավեց: Գիշերվա այդ ժամին մի սենյակում լույսը դեռ վառված էր: Ինչո՞ւ ես երջանկացա այն տեսնելով, ինչո՞ւ այն ինձ այդքան խորհրդավոր թվաց: Միգուցե ես հանդիպեցի ինձ մի այլ վայրում, չէ՞ որ, հավանաբար, մեկ ուրիշի մտքում էլ է խորհրդավորությունը բնակվել, երբ անցել է իմ պատուհանի կողքով:

Մի որոշ ժամանակ անց հասանք այն վայր, որտեղ սարերից եկող ջուրը բաժանվում էր 2 գյուղի միջև: Հորիզոնը ամայի էր, ու քամին իրեն զգացնել տվեց: Մի կողմում կանաչ սարերն էին, իսկ մյուսում՝ սպիտակ երեսով լեռները: Հենց այդ ժամանակ ես նկատեցի հեռավոր սարերի լուսաբացը՝ ամենաչքնաղ լուսաբացը: Հորիզոնը թույլ կապտեց, իսկ հետո դարձավ վարդագույն, որը դանդաղ իջավ լեռներից: Հետզհետե աստղերը խամրեցին, դրան զուգակցում էր բահի ու քարի բախումից առաջացած ձայնը: Լույսը տարածում էր իր իշխանությունը, և մենք վերադառնում էինք:

Երբ հասանք տուն, եղբայրս ու մայրս հողամասն էին ջրում, ջուրը մեզնից առաջ էր ընկել: Հատկապես հետաքրքրական էր այն պահը, երբ փորձեցի հասնել մորս մոտ ու տեղ հասա ցեխոտ երեսով ու առանց կոշիկների, քանի որ կոշիկներս ցեխի պատճառով մարգերի մեջ էին խրվել, մնացել։ Տուն մտա: Վերցրի Աստվածաշունչը, որ կարդացել էի գիշերը ու, համոզվելով, որ այն, ինչ եղավ ինձ հետ գրքի պատճառով էր, մեկ անգամ ևս համոզվեցի, որ բազում հիասթափություններից հետո էլ լավը կշրջանառվի աշխարհով մեկ: Չէ՞որ աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր…

ofelya hovhannisyan

Բրազիլիայից ուղևորվեցինք դեպի Հնդկաստան

Կար մի ժամանակ, երբ բրազիլական սերիալները մեծ տարածում էին գտել Հայաստանում, և դեռ ավելին՝ բոլորը կլանված նայում էին այդ սերիալները: Սակայն 2016 թվականին, ավարտելով բրազիլական սերիալների փուլը, շրջադարձ կատարեցինք դեպի Հնդկաստան:

Ես կցանկանայի, որ հեռուստատեսությամբ այնպիսի  հաղորդումներ ցույց տային, որոնք հետաքրքիր կլինեն երեխաների համար։ Հոգեբանական հաղորդումներն էլ հաճելի կլինեն մեծերի համար: Իսկ ամենակարևորն այն է, որ մեր սերիալները չնմանվեն բրազիլական սերիալներին, քանի որ մեր ապագան կառուցող երեխաները չեն կարող դրանցից որևէ լավ բան սովորել: Սակայն այս ամենի մեջ ամենավատն այն է, որ շատ երեխաներ սկսել են նմանակել օտար ազգերի ավանդույթները, և եթե այսպես շարունակվի, իմ կարծիքով՝ մենք կսկսենք մոռանալ մեր սեփական ավանդույթները։ Դրանից խուսափելու համար պետք է մեր ավանդույթները ներկայացնող հաղորդումներ և ֆիլմեր հեռարձակենք։ Այդպես մեր ապագա սերնդի համար կարևոր գործ արած կլինենք: Լավ է, որ երեխաները, ինչո՞ւ ոչ,  նաև մեծերը տեղեկանում են օտար ազգերի ավանդութների մասին, սակայն պետք չէ նմանակել դրանք։

Ինձ թվում է, որ սա հասարակությանը հուզող հարց է, և մի օր հաստատ դրանց տված վնասները գլուխ կբարձրացնեն:

jora petrosyan

Մի պահ պատկերացրեք

Փակում ենք աչքերը։ Պատկերացնում ենք տեխնիկապես զարգացած մի հսկա քաղաք, որը շրջապատված է ապակե թաղանթով, որտեղ ամեն ինչ և բոլորը թռչում են։ Ի հայտ են եկել նոր կենդանիներ, ինչու չէ, նաև խոսող կենդանիներ։ Թռչում են ավտոմեքենաները, իսկ 10-20 հարկանի շենքերին փոխարինել են անծայրածիր երկնաքերերը։ Ամեն քայլափոխի վրա ռոբոտներ են։ Մարդկանց հետ մի մոլորակում ապրում են այլմոլորակայինները՝ երկու պոզիկներով, կանաչ մարմնով, դուրս ցցված աչքերով, 4 մատներով: Մարդիկ ծնվում են՝ իրենց վրա դաջած մահանալու ամիս-ամսաթիվը։ Դեֆորմացվել են նաև մարդիկ. արդեն ունեն կատվի աչքեր, մեծ գլուխ, համակարգչային ձայն…

Լավ, հերիք է, արդեն բացում ենք աչքերը։ Ասես դժոխք լինի, բայց բոլորը հենց դրան են ձգտում։ Վստահ եմ` մարդկությունը հասնելու է այդ օրվան։ Մոտ 10 տարի առաջ «տեսազանգը» տեսնում էինք միայն ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում, իսկ հիմա՞։ Թափանցիկ համակարգիչները նույնպես աներևակայելի բան էին, իսկ հիմա՞։ Հիմա նույնիսկ մարդու ծնվելու ժամանակ արդեն ասում են, թե երբ պիտի մահանա։ Վազում ենք, մենք ուղղակի վազում ենք ժամանակից առաջ։ Նոր հայտնագործություններ, որոնք ավելի ու ավելի են բանական մարդուն դարձնում ռոբոտ։ Ձգտում ենք միշտ քաղցր պտուղին` չիմանալով, թե քաղցր լինելով` դա արդյո՞ք վտանգավոր չէ մեզ համար։

Լճափ գյուղի ձնառատ հունվարը

Anush abrahamyan

Ձյունը փորձեց տոնել իր վերադարձը…

Մտքերից աքսորված՝ փորձում էի գրադարակը դասավորել ու շտապ դուրս գալ բավականին ցուրտ սենյակից: Հանկարծ աղջկական մի զրնգուն ծիծաղ անցավ ապակու միջով ու, լիովին չհասած ականջիս, սառեց՝ կախվելով օդում: Ինձ թվաց՝ ինչ-որ մեկը ձնագնդիկով հարվածեց ապակուս, ասես հեգնելու համար լռությունը։ Միգուցե ցանկանում էր իր ստեղծած ձայնը կախել հիշողությունի՞ցս: Բացեցի պատուհանը, բայց ի զարմանս ինձ՝ ոչ ոք չկար, վազեցի դեպի դուռը: Ձյունը մեծ թափով շարունակում էր գալ, բայց, ճեղքելով ամեն խոչընդոտ, հայացքս հնարավորություն տվեց նկատել նրանց՝ իմ մտերիմ ընկերներին՝ Հեղինեին, Անուշին ու նրանց փոքր քույրիկ Նորային։ Ձյունը նրանց էության հետ մենամարտում հաղթել էր:

-Չե՞ս ուզում ավելի մոտենալ ձմռանը․․․

Վազեցի, վերցրի վերարկուս ու դուրս թռա:

Մի լավ ձների մեջ գլորվելուց հետո մենք ամուր գրկեցինք իրար, պատկերացրեցինք, թե պետք է թռչենք մի շատ բարձր տեղից և անխոս ընկանք ձյան վրա (ստում եմ՝ դա այնքան էր անխոս չէր): Եթե դուք երբևէ թողել եք, որ դրսի եղանակը մտնի ձեր աշխարհ, ապա նկարագրելու կարիք այևս չկա: Ճիշտ է, երեկո էր, բայց սկսեցինք քայլել, հասանք մոտ երկու ոտնաչափ բարձրություն ունեցող պատին (ամբողջ ամառ նստում էինք այդ պատի վրա ու ճանապարհում արևին): Զգույշ բարձրացանք ու, անտեսելով սառնությունը, նստեցինք այնտեղ: Որոշ ժամանակ անց, երբ արդեն պատկերացրել էինք ձյունը Աֆրիկայում, ցուրտը նեղեց, ու ցած իջանք։ Ձյունը մաղվում էր, հետո թվում էր, թե այն մաղող մաղը պատռվել էր, և դա հրաշալի էր: Վաղվա նոր հանդիպումը պայմանավորվելուց հետո, նրանք հեռացան  ու ասես ձյան հետ մաղվեցին: Եթե մեկն էլ ինձ հայացքով ուղեկցեր, հավանաբար կասեր.

-Այդ խելառը, երկար ժամանակ չէր ուզում անհետանալ…