lilit harutyunyan lchshen

Ի՞նչպես դարձա 17.am-ի թղթակից

Չգիտեմ ինչու, բայց իմ բոլոր ծանոթներին հետաքրքրում է, թե ինչպես դարձա 17.am-ի թղթակից: Այսօր որոշեցի պատմել:

Մի շատ սովորական օր էր, դասե՜ր-դասե՜ր ու էլի դասեր: Հայոց լեզվի ժամն էր, նոր դաս էինք սովորում, երբ դասարան մտավ ընկեր Դավթյանը և հայտնեց, որ դպրոցում սեմինար է լինելու, և մենք պետք է գնանք համակարգչային դասասենյակ: Դե իհարկե, ես մտածեցի, որ մի անհետաքրքիր բան պիտի լինի: Այդպես նաև իմ ընկերներից շատերն էին մտածում: Տխրել էինք, որ բաց ենք թողնելու դասը, և ցանկություն չկար լսելու այն սեմինարը, որը դառնալու էր ինձ համար ճակատագրական: Գնացի, տեսա, սիրեցի: Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի այդ անծանոթ, բայց հոգեհարազատ թվացող մարդիկ ասեն կանոնները, որ հայտս ուղարկեմ: Նրանց գնալուց հետո այնքան արագ եմ տուն հասել, որպեսզի շուտ ուղարկեմ հայտս: Դե իհարկե, սկզբում ծնողներիցս թույլտվություն վերցրի, նրանք սիրով համաձայնեցին…

Հիմա շատ ծանոթներ ունեմ, ովքեր ուզում են թղթակից դառնալ: Ես վստահ եմ, որ նրանք էլ հնարավորություն կստանան դառնալու մեր ընտանիքի անդամ:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Նրանք, ովքեր ցանկանում են դառնալ 17-ի թղթակից, կարող են իրենց նյութերն ուղարկել 17am.reporter@gmail.com էլ.հասցեինք: Մենք միայն ուրախ կլինենք:

diana karapetyan

Շնորհակալ եմ, Լիլիթ

Երկար ժամանակ է` չէի մտել 17.am-ի կայքը, ու ինձ մի տեսակ մեղավոր էի զգում: Ախր, այնտեղ նոր նյութեր կան, որոնք դեռ չեմ կարդացել:

Բացեցի կայքը ու սովորությանս համաձայն, սկսեցի սկզբում վերնագրերը կարդալ: Դե, եթե վերնագիրը հետաքրքրեց, ուրեմն նյութն էլ կհետաքրքրի:  Աչքս ծակեց մի նյութ` «Դիանա, սպասում եմ» վերնագրով: Մի տեսակ հետաքրքրեց, թե ում մասին է, և ինչ է այդ նյութի հեղինակը` Լիլիթը, սպասում այդ Դիանայից: Բացեցի ու սկսեցի կարդալ ու  չէի սպասում, որ այդ նյութի Դիանան ես կլինեմ, որ Լիլիթը իմ նոր նյութերին է սպասում: Աչքերս միանգամից արցունքով պատվեցին: Ես հպարտություն և ուրախություն էի զգում, ես չէի սպասում, որ կա այնպիսի մեկը, ում իմ նյութերը հոգեհարազատ են: Ոգևորվածությունս այնքան մեծ էր, որ անգամ մայրիկին ասացի, որ մի աղջիկ իմ մասին է նյութ գրել, որտեղ ասում է, որ շատ է հավանում իմ նյութերը, որ սպասում է իմ նոր նյութերին:

Լիլիթ, գիտե՞ս, ավելի ուրախացա, որ մենք նույն տարածաշրջանից ենք, ու գիտե՞ս, շնորհակալ եմ, որ կարդում ես իմ նյութերը, ու շնորհակալ եմ այդ նյութիդ համար: Այն ինձ շատ ուրախացրեց, իսկ նոր նյութեր դեռ շատ կլինեն և հուսամ, որ նրանք քեզ էլի դուր կգան:

lilit khlghatyan portret

Ջեյն, քո վզին ինչ-որ պսպղուն զարդ կա

Ամառվա շոգին` գյուղի ծայրամասից մի քանի անգամ եկա գյուղամեջ, և էլի ապարդյուն, էլի դատարկաձեռն…

Հիմա կմտածեք, թե խոսքն ինչի մասին է:

Խոսքը Ջեյն Էյրի մասին է, գիրք, որի մասին կարծիքներ, լավ կարծիքներ, լսում էի ամենուր: Չեք պատկերացնի, որքան մեծ էր ցանկությունը հենց այդ գիրքը կարդալու: Եվ ինչքան ծանր էր հիասթափությունը, երբ չէի կարողանում գտնել Ջեյնին:

Մայրս պատմեց ու ասաց, որ գիրքը վերցրել էր իրենց հարևանի գրադարանից: Ի դեպ, հարևանները հենց ընկեր Հոխիկյանենց ընտանիքն էր:

Այստեղ են ասել` հույսը վերջում է մարում, միակ հույսը մնաց Հոխիկյան Արաքսը, մի շատ բարի, խելացի և մարդամոտ անձնավորություն: Անմիջապես կապ հաստատեցի նրա հետ, և ուրախությունս մեծ էր ևս մի քանի օր, և Ջեյնը կհասներ ինձ: Եկավ այդ սպասված օրը, ուրախության գագաթնակետն էր, կարդում էի ագահաբար. անընդհատ սպասում դեպքերի նորանոր զարգացման և, իհարկե լավին: Հույսերն արդարացված էին, իսկապես հոյակապ գիրք էր, չէի ափսոսում տանջանքներիս համար:

Կարդում էի հուզված, ամեն պահը զգում էի, մտքումս արդեն պատկերացնելով Ջեյնի և Ռոչեստրի խոսակցությունը, նրանց դեմքի արտահայտությունը և շատ այլ դեպքեր: Այսպես ասած, մտել էի գրքի մեջ:

Շատ հատվածներ կային, որ չէի կարողանում զսպել արցունքներս:

Արդեն հասել էի գրքի ավարտին, ու մի խոսք ցնցեց ինձ, այս անգամ լալիս էի ու ժպտում: Այդ արցունքները ուրախության արցունքներ էին. տակնուվրա էր եղել հոգիս: Այնքան ուրախ էի այդ միավորման և Ռոչեսթրի համար: Ուզում եմ գրել այդ տողերը.

«-Ջեյն, քո վզին ինչ-որ պսպղուն զարդ կա:

Դա ոսկե շղթա էր, և ես պատասխանեցի.

-Այո:
-Եվ քո հագին բաց կապույտ շոր կա»:

Այնքան էի ոգևորվել, քիչ էր մնում ուրախությունից գժվեի: Ջեյնը իսկական սիրո և անկեղծ սիրո մարմնացում էր, այնքան պարզ և անկեղծ սիրո պատմություն: Դաստիարակչական գիրք է Ջեյն Էյրը, յուրաքանչյուր մարդու մոտ, այն կարող է շատ բաներ փոխել: Եվ ի վերջո, Ջեյն Էյրը գիրք է, որով կարող ես պատկերացում կազմել սիրո և անկեղծ սիրո մասին:

Այժմ անդրադառնամ ինձ համար ծանր երկու խնդրի:

Նախ վատ է, որ չես կարողանում գտնել գիրքը, և երկրորդ, երբ կարդում և հասնում ես գրքի գրեթե ավարտին, և ամեն անգամ, ինչ-որ բան խանգարում է գրքի ավարտին հասնելու համար: Ինչ-որ մի գործ, որ պետք է կատարվի այդ պահին, և գիրք, որն սպասում է ընթերցողին: Ծանր դեպքեր են:

Այժմ դիմում եմ այն մարդկանց, ովքեր կարդացին իմ այս նյութը, եթե մինչև այսօր Շառլոտ Բրոնտեի «Ջեյն Էյրը» չեք կարդացել, ապա կարդացեք, երբեք չեք փոշմանի գրքին տրամադրած ժամանակի կորստի համար: Եթե կարդացել եք, ապա կիսվեք ձեր կարծիքներով, ինձ հետաքրքիր են նաև ձեր տպավորությունները:

Իսկ ես արդեն երկրորդ անգամ եմ կարդում գիրքը, երկու օր առաջ, երբ նույն գիրքը ձեռքումս նստած էի, մայրիկս ասաց.

-Բայց դու կարդացել էիր «Ջեյն Էյրը»:

-Ոչինչ, մամ, մեկ ամգամ էլ կկարդամ:

Հ.Գ. այս բոլոր հույզերի համար ես պարտական եմ Հոխիկյան Արաքսին: Շնորհակալ եմ, ընկեր Հոխիկյան:

Գիրքը կվերադարձնեմ երկրորդ անգամ կարդալուց հետո:

lilit harutyunyan lchshen

Դիանա, սպասում եմ

Բոլորս էլ գիտենք, որ 17.am-ն ունի ավելի քան 700 թղթակից: Իհարկե, բոլորի նյութերը կարդալ չեմ կարող՝ ժամանակի սղության և այլ պատճառներով։ Բայց ամեն օր մտնում եմ 2-րդ ընտանիքս (խոսքը 17.am-ի մասին է) ու կարդում եմ շատերի նյութերը… Բոլորի նյութերն էլ լավն են, բայց ամենաշատը սիրում եմ Դիանա Կարապետյանի նյութերը: Դրանք ինձ հոգեհարազատ են թվում: Հետաքրքիր ու հավես ոճով է գրում: Նրա նյութերի բովանդակությունը արագ մխրճվում է գիտակցությանս մեջ: Տպավորություններիս մասին պատմել կարող եմ անվերջ: Հիշո՞ւմ եք նրա «Մի փոքր պատառիկ» նյութը, թե ինչ հուզիչ էր: Նյութս ուզում եմ ավարտել այս պատմության վերջին տողերով, որոնք շատ ճիշտ խոսքեր են. «Յուրաքանչյուր երեխայի համար դա շատ դժվար է: Չէ՞ որ ծննդավայրից լավ տեղ չկա, կապ չունի, թե որտեղ ես ծնվել, մե՛կ է, քո ծննդավայրը միշտ ձգելու է քեզ»:

Դիանա, նոր հոդվածներ գրիր, ես անհամբեր սպասում եմ:

Կյանքը

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ձյան խրթխրթոցը լսելով՝ քայլում եմ… Քայլում եմ, հանդիպում մարդկանց,  բարևում, ստանում ջերմ բարևներ։  Ջերմ բարևներ՝ ձմռանը համապատասխանող սառը ու միապաղաղ հայացքներից։ Ամեն մեկը իր սրտում իր ցավն ու հոգսը ունի, որը միայն իրենն է, միայն ու միայն իրենը։ Որդեկորույս մայրը, այրի կինը,  որբ երեխան հերթական Նոր տարին են նշում առանց իրենց հարազատների։ Հարազատներ, ովքեր կարող էին երջանկացնել նրանց ու պարգևել հրաշքներով լի Ամանոր՝ տխրադալուկ ու արցունքոտ հայացքների փոխարեն։ Կլսեին ո՛չ թե ցավակցության, այլ շնորհավորանքների խոսքեր…

Մարդիկ ամփոփում են անցած տարին։  Մտածում արած ու չարած քայլերի մասին ու խորհում նոր քայլերի մասին, որոնք պետք է արդյունքներով լի լինեն. երևի…
Որոշների համար ձեռքբերումների,  որոշների համար կորուստների տարի էր։ Մարդիկ սպասում են նոր տարվան մեծ բաղձանքով,  մտածելով,  թե Նոր տարվան կիրականանան իրենց բոլոր երազանքները։  Աշխարհի,  ինչպես նաև Հայաստանի որևէ մի անկյունում մի սոված ընտանիքի անդամներ, որոնց կողոսկրերը սովից դուրս են ցցված, սոված ու ծարավ դիմավորում են  հերթական տարին՝ սպասելով ու հավատալով ամանորյա հրաշքներին։ Նրանք սպասում են, սպասում հրաշքի…
Նրանց համբերությունը սահման չունի, սահման չունի նաև նրանց հույսը։ Այդ նրանք են իսկական հրաշքը՝ իրենց կամքի ուժով և հավատով…

Ես հավատում եմ Ամանորյա հրաշքին, և եթե յուրաքանչյուրս մեր սրտերում մի փոքրիկ աղոթք և հույս պահենք այս մարդկանց համար, ապա կկատարվի այդ հրաշքը թե՛ մեզ համար, թե՛ նրանց։ Նրանք լավատեսորեն են մոտենում կյանքին։  Ամեն գիշեր՝ քնելուց առաջ,  իրենց ցրտից կապտած շրթունքներով արտաբերում են հերթական աղոթքն առ Աստված։  Շնորհակալ են այն ամենի համար,  ինչ ունեն։ Գնահատում են իրենց ունեցածն ու չունեցածը։ Հակառակ նրանց, այն մարդիկ, ովքեր ունեն թերևս ամեն ինչ, դեռ դժգոհ են ու Աստծուն դիմում են որևէ այլ բան ունենալու խնդրանքով։ Մտածելու տեղիք է տալիս…
Փորձենք գնահատել ու շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունենք, այլ ոչ թե գնահատենք մեր ունեցածը,  որը այժմ արդեն «չունեցած» է, միայն կորցնելուց հետո…

Ստվերախաղ

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Երեկոյան ժամը տասն էր, իսկ ես դեռ ֆիզիկա էի կարդում: Այդ պահին սենյակի լույսն անջատվեց, երաժշտությունը ընդհատվեց, և մի ակնթարթ լսվեց անջատվող համակարգչի ձայնը: Պարզվեց, որ էլեկտրականությունն անջատել էին: Ես չէի ուզում դասը կարդալ, բայց ինձ ստիպելով միացրի հեռախոսի լուսարձակիչը, դրեցի դիմացս և սկսեցի կարդալ: Երկու րոպե անց աչքերս սկսեցին ցավել, ու ես նյարդայնացած փակեցի գիրքս`որոշելով չսովորել դասը:

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Շրջվելով`գլուխս հենեցի աթոռի թիկնակին և ուզում էի փակել աչքերս, երբ նկատեցի պատի վրա իմ ստվերը: Այդ ժամանակ մտքովս անցավ «ստվերախաղ» խաղալ:

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Մի քիչ ձեռքերի ճկունություն, մի փոքր էլ երևակայություն: Մինչ ես տարվել էի պատկերներ ստեղծելով, քույրիկս լուսանկարում էր դրանք:

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Լուսանկարը՝ Հեղինե Գրիգորյանի

Քիչ անց լույսերը միացրին, բայց մենք դեռ երկար խաղացինք`հատկապես տեսնելով փոքրիկ քույրիկիս մեծ հրճվանքը:

Astghik hakobyan

Վախենում եմ մթությունից

Կարդալով նյութիս վերնագիրը, գուցե շատերը «մթություն» բառը հասկանան ուղիղ իմաստով, մտածեն, որ ես վախենում եմ իսկական խավարից, անլույս տարածություններից։ Սակայն հուսով եմ նաև, որ կլինեն մարդիկ, ովքեր հենց միայն վերնագիրը կարդալով՝ կհասկանան մտքերիս իրական ուղղությունը, «մթություն» բառիս իրական իմաստը։ Կհասկանան, որ ես ոչ թե վախենում եմ գիշերը միայնակ բակ դուրս գալուց, այլ ցերեկը, այդ նույն բակում, փողոցում, ու ընդհանրապես կյանքում «մութ» մարդկանց հանդիպելուց։ Երևի դրանք կլինեն այն մարդիկ, ովքեր իրենք էլ զգում են իմ ունեցած վախը՝ վախ «մութ» մարդկանցից։

Մարդիկ կորչում են իրենց իսկ ներսում ապրող խավարում, ամբողջովին պարուրվում են նրանով՝ այլևս անտեսելով ամենայն մարդկայինն ու արժեքավորը կյանքում՝ բարությունը։ Ու ամեն օր մենք ականատես ենք լինում մի նոր ողբերգության, մի նոր մարդկային մթության։

Գումարը չվճարելու համար՝ տանտերը դուրս հանեց մորն ու զավակներին՝ անօթևան թողնելով բաց երկնքի տակ․․․ Հայրը մեկնել էր գումար վաստակելու, ու հանդիպելով փողի գայթակղությանը՝ մոռացավ նորաստեղծ ընտանիքի մասին, թողեց բախտի քմահաճույքին նրանց, ովքեր սպասում էին իրեն․․․ Բժիշկը չվիրահատեց հիվանդին, որովհետև նրա հարազատները չկարողացան նույն պահին վճարել, ու նա մահացավ: Վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, վրաերթի ենթարկեց հետիոտնին, ապա դիմեց փախուստի՝ նրան ընկած թողնելով փողոցում: Դատավորը վճիռ կայացրեց ընդդեմ անմեղի, որովհետև մեղավորն ավելի հարուստ էր: Ու էլի խավար…

Այս երևույթների աղբյուրը «մթությունն» է։ Բայց դեռ ամբողջովին չի տիրել խավարը, մենք դեռևս դիմավորում ենք այգաբացը, տեսնում ենք արևը, լույսը։ Ու «մութ» մարդկանց կողքին դեռ հանդիպում են «արևները», նրանց շնորհիվ է, որ մենք դեռևս փարատում ենք մեր վախերը։ Սխալվել կարող է յուրաքանչյուրը բայց ոչ ոք չպետք է չարանա, կրկնելով՝ թե «կյանքն է ստիպում սառը լինել»։

Բարությունը կյանք արժե, ու երջանկություն է դիմացինին օգնելն առանց շահադիտական նպատակների։ Բարին տարածելու լավագույն ճանապարհը բարություն գործելն է։

Ես վախենում եմ «մթությունից», դրա համար էլ պաշտում եմ «արևը»։

Ինչքան կարևոր եմ

 

Լուսանկարը՝ Աննա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Աննա Աբրահամյանի

Վեց տարեկան էի՝ աշխույժ, ժիր ու ծիծաղկոտ: Թաղամասում ունեի շատ ընկերներ՝ Անին, Հասմիկը, Հայկը, Լուսինեն, Արթուրը, Մարիամը: Սիրում էի ամբողջ օրս անցկացնել նրանց հետ, խաղալ պահմտոցի, հալամուլա, գնդակ և շատ ուրիշ խաղեր: Մայրս ամբողջ օրը ինձ խնդրում էր, որ գնամ տուն և ուտեմ տատիս պատրաստած համեղ կերակուրը: Սակայն ինձ համար ուտելը ամենածանր պատիժն էր: Ուտել բառը լսելով՝ կարծես իմ գլխին էր թափվում անեծքի մի ամբողջ շարան: Հաճախ ինձ բաժին է հասել «մայրական ապտակը» հենց չուտելու համար: Մի օր էլ, երբ սովորականի պես խաղում էի ընկերներիս հետ, մայրս մի քանի անգամ եկավ, որ ինձ տուն տանի, բայց բոլոր փորձերն ապարդյուն անցան: Խաղում էինք ու մեկ էլ, հոպ. Հայկը՝ Հասմիկին, Հասմիկն՝ Անիին, Անին՝ ինձ, ես էլ՝ սրածայր քարին: Քթիցս արյուն էր հոսում: Մարիամը՝ իմ սիրելի ընկերուհին, վազեց դեպի մեր տուն ու շատ վախեցած, լացակումած ասաց տատիս.

-Անին խփեց, Աննան ընկավ:

Էս տատս էլ՝ հիվանդ ու գեր մի կին, հասկացավ, թե՝ Անին խփեց, Աննան մեռավ: Թողնելով տան գործը՝ կանչեց մայրիկիս ու միանգամից թռավ ցանկապատի վրայով, միչդեռ նա երբեք այդպիսի բան չէր արել իր գերության ու թույլ լինելու պատճառով: Տատիս այդ արարքը կարելի էր համարել ռեկորդ: Նրա օրինակին հետևեց մայրս, սակայն մորս համար դա հեշտ էր: Այսպես իրար հետևից դեպքի վայր ժամանեցին բժիշկ մայրս ու ոստիկան տատս: Ինձ տեսնելով՝ տատիս դեմքին նշմարվեց հանգստություն, որը կտրուկ փոխվեց բարկության: Այս անգամ տատիս կողմից ստացա «տատական ապտակ», բայց հասկացա՝ ինչքան կարևոր եմ նրանց համար:

hranush suchyan 1317-2

Ամենախելացի Աննան՝ «Ամենախելացի» խաղից

-Սիրելի Աննա մի փոքր կպատմե՞ս քո մասին

-Ես Աննա Գասպարյանն եմ, սովորում եմ Գեղարքունիքի մարզի գ. Կարմիրգյուղի թիվ 1 միջն. Դպրոցի 8-րդ դասարանում: Գերազանցիկ եմ: Հանրակրթական դպրոցից բացի հաճախում եմ նաև Կարմիրգյուղի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին: Երգում եմ նաև երգչախմբում: Սոպրանո եմ: Ավարտել եմ պարային բաժինը: Նվագում եմ դաշնամուր և կիթառ: Ունեմ շատ հետաքրքրություններ: Իմ ամենասիրելի առարկան մաթեմատիկան է, հատկապես, երկրաչափությունը: Սիրում եմ լուծել մաթեմատիկական, տրամաբանական խնդիրներ:

Շատ եմ սիրում երաժշտությունը: Սիրում եմ նվագել կիթառի, դաշնամուրի վրա: Լսում եմ բազմատեսակ երաժշտություն, հատկապես, ժամանակակից: Գերադասում եմ համաշխարհային փոփը:

Ունեմ բազմանդամ ընտանիք՝ հայրիկս, մայրիկս, քույրիկներս, եղբայրս, տատիկս, պապիկս… Անկասկած շատ եմ սիրում իմ բոլոր հարազատներին: Հայրիկս և պապիկս բժիշկներ են, իսկ մայրիկս և տատիկս՝ ուսուցչուհիներ:       anna gasparyan -Ընտրե՞լ ես մասնագիտություն:

-Չնայած ծնողներս ունեն բժշկի և ուսուցչի մասնագիտություն, ես դառնալու եմ ծրագրավորող: Այնքան վստահ եմ դրա մեջ, որ նույնիսկ պլանավորել եմ, թե որտեղ եմ գնալու և աշխատելու: Բայց ամենակարևորը, թե որտեղ եմ սովորելու դպրոցն ավարտելուց հետո, չեմ որոշել: Կարևոր է նաև այն, որ ծնողներս կողմ են իմ ընտրությանը:

-Ի՞նչ նախասիրություններ ունես:

-Սիրում եմ լուծել բազմաթիվ գլուխկոտրուկներ, հատկապես, «կուբիկ-ռուբիկ» հավաքել: Կարելի է ասել, որ «կուբիկ-ռուբիկ» հավաքելու վարպետ եմ: Սիրում եմ հավաքել նաև փազլներ: Ռեկորդս 360 կտորից փազլ հավաքելն էր: Նմանատիպ գլուխկոտրուկներ լուծելը ինձ համար շատ հետաքրքիր է:

Շատ եմ սիրում սպորտ, հատկապես, ֆուտբոլ: Երկրպագում եմ կատալոնական «Բարսելոնա»-ին, հատկապես, Լիոնել Մեսսիին:

Սիրում եմ այն ամենը, ինչ կապված է համակարգչի հետ: Եթե ունենում եմ ազատ ժամանակ, ապա այն անցկացնում եմ համակարգչի առաջ: Այդ իսկ պատճառով ընթերցանության համար շատ քիչ ժամանակ եմ ունենում, չնայած որ շատ եմ սիրում կարդալ:

-Խոսի՛ր, խնդրում եմ երազանքներիդ, նպատակներիդ մասին:

-Ցանկանում եմ կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն և ցանոթանալ աշխարհի մի շարք երկրների մշակույթին և պատմությանը: Շատ կցանկանամ կատարել որևէ գիտական բացահայտում, օրինակ՝ ստեղծել ժամանակի մեքենա: Անցյալում շատ բաներ կուզենայի փոխել, որոնց համար մինչև հիմա ափսոսում եմ: Իմ երազանքները շատ են, և ես չեմ կարող բոլորը թվարկել: Բայց, իրոք, աշխարհում շատ բաներ կան փոխելու:

-Օրինա՞կ 

-Օրինակ, սոցիալական անհավասարությունը, էնէրգիայի անխնա սպառումը, մուրացկանների թվի ավելացումը, և այլն…

-Ես գիտեմ, որ դու շատ մրցույթների ես մասնակցել և ունեցել ես բազմաթիվ հաջողություններ: Խոսիր այդ մասին:              

-Շատ հետաքրքրասեր եմ և սիրում եմ մասնակցել տարբեր մրցույթների և օլիմպիադաների: Մինչ այսօր մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և գրավել պատվավոր տեղեր: Ստացել եմ երեք ոսկե մեդալ ՀՀ նախագահի կողմից: 2013 թ. ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթին զբաղեցրել եմ երրորդ պատվավոր տեղը և ստացել բազմաթիվ մրցանակներ: Մասնակցել եմ մեծ թվով օնլայն մրցույթների: Բազմիցս մասնակցել եմ «Կենգուրու» և «Մեղու» ամենամյա մրցույթներին և հաղթել եմ: Մասնակցել եմ նաև տարբեր օլիմպիադաների և անցել հանրապետական փուլ: Հետագայում վստահ եմ, որ ավելի շատ մրցույթների կմասնակցեմ և կունենամ ավելի շատ հաջողություններ: Ի ուրախություն ինձ, ՀՀ-ում կազմակերպվում է «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթը, և արդեն երկու տարի է, ինչ այդ մրցույթը անցկացվում է: Երկու տարի մասնակցել եմ, առաջին անգամ զբաղեցրել եմ երկրորդ տեղը, իսկ երկրորդ անգամ՝ առաջին տեղը: Մասնակցելու եմ նաև այս տարի կայանալիք «Մեղու 2016» մրցույթին: Մասնակցելով «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի հեռուստատեսային փուլին, այստեղ նույնպես ունեցա հաջողություն և անցա կիսաեզրափակիչ փուլ…

-Ի՞նչ էիր զգում դու, և ինչպե՞ս էին արձագանքում հասակակիցներդ, երբ չանցար 3-րդ փուլ:

-Հասակակիցներս գովում և ողջունում էին ինձ, չնայելով նրան, որ չեմ անցել 3-րդ փուլ: Նրանք միևնույն է, հպարտանում են, որ կարողացա հաղթահարել խաղը: Ինձ ամենաշատը ոգեշնչում է նրանց այն խոսքը, որ անկախ ամեն ինչից, ես եմ նրանց համար ամենախելացին: Իսկ այն, թե ինչ էի ես զգում, դժվար է բացատրել, բայց կփորձեմ: Ամենաառաջինը ես զգում էի ափսոսանք, որ ընդամենը մեկ միավորով չանցա 3-րդ փուլ, որ այդքան երկար պատրաստվել էի հատուկ թեմայի համար, որ շատ հարցերի պատասխաններ գիտեի, բայց չկարողացա պատասխանել լարվածության պատճառով:

-Իսկ ի՞նչ տվեց քեզ «Ամենախելացի»-ն

-Ամենախելացին ինձ համար շատ կարևոր մրցույթ է:Ես ունեցա բացառիկ հնարավորություն հայտնվել հեռուստատեսությունում և դառնալ հանրաճանաչ:Դա իմ երազանքներից մեկն էր, և այն իրականացավ:Այս մրցույթում ծանոթացա շատ բարձր մակարդակ ունեցող աշակերտների հետ:Եվ ինչու չէ, նաև ստուգեցի գիտելիքներս և նոր գիտելիքներ ձեռք բերեցի:

Anush abrahamyan

Ժամանակը, հայելին և իմ մտքերը

Մինչ ժամանակը նոր օրենքներ է մտածում` ստրկացնելու, ես նրա «վեզիր»-ի՝ ժամացույցի տակ բազկաթոռին նստած եմ: Տաք ծածկոցով չեմ փաթաթվել, ձեռքերս չեն բռնել թեյի գավաթը` տաքնալու ու երկու րոպեն մեկ բերանին մոտեցնելու համար: Դրսում անձրև չէ, այն չի  պայքարում ապակու դեմ կամ արդեն մահացած ընկնում ասֆալտին: Առհասարակ այնտեղ, որտեղ ես եմ, միակ պատուհանը պինդ ծածկված է մուգ վարագույրներով: Ես արտասուքի զարմանալի ու խորհրդավոր պատնեշի հետևից չեմ նայում շուրջս: Ամեն բան կորած է  թվացյալ անտարբերության ու սենյակի պատերի պաղության մեջ: Սենյակում այդ բազմոցն է, նրա վերևում մեծ ախորժակով մեխանիզմը, դիմացս` հայելի, որի վրա  ներկոտած մատներով ես գրել եմ ինձ, իմ բառերը: Այդ ձանձրալի սենյակն իմն է, իմ մենախոսությունների համբերատար ունկնդիրը: Այս սենյակում արձագանքում են իմ բառերը, հայելին չի վախենում արտացոլել ինձ և ամենակարևորը՝ իմ սենյակի ժամացույցը չի աշխատում: Դա ինձ ամենից շատն է դուր գալիս: Նրա միշտ նույն  «թիկ-թակերը» ինձ բարկացնում են: Փորձում եմ հասկանալ անվերջ շաղակրատող այն փիլիսոփաներին, ովքեր  իրենց արտասանած անիմաստ բառերի մեջ ջանում են որոնել պատասխանը,  բացահայտել այն, ինչ մարդկության սկզբնավորումից է կրծել մարդկանց  միտքը: Ի՞նչ ենք պատկերացնում ասելով` ժամանակ: Գուցե առեղծվածային ո՞ւժ, գուցե օրե՞նք, գուցե ճանապա՞րհ կամ էլ  դարբին, ով վարպետորեն կռում է բազմաթիվ շղթաներ: Ի՞նչ է, եթե մարդիկ չեն կարող հետ գնալ ժամանակի միջով, դա պարտությո՞ւն է: Չեմ կարծում, այն ավելի շատ հաղթանակ է: Կամ էլ եթե կանգնեցնեն ժամանակը, ուրեմն կհաղթե՞ն: Ո՛չ, ուղղակի կբռնեն ինքնաոչնչացման ճանապարհը: Իրականում եթե հնարավոր է փոխել քեզ, ապա քո առաքելությունը կատարելու ճանապարին  դու կզանազանես գույները, որոնք կախվել են քո գլխավերևում: Դու  չես   նայի չվերջացող հաղորդումները, որոնք հետո չես էլ հիշելու: Դու կհասկանաս, որ քո շուրջ կատարված փոփոխությունները ոչ թե ժամանակն է արել, այլ քո` քեզ առաջ տանող քայլերը: Մենք որոշել ենք մեր ոչ ազատ ձեռքերով հաշվել շղթաներ կռող «վարպետ»-ի տարիքը, մի մեխանիզմի, որը որոշում է, թե երբ պետք է քնել, երբ հաց ուտել, երբ հանդիպել միմյանց: Մի «թթվածին» է ընկած գիշերվա  ու ցերեկվա միջև, մի անտեսնելի «կյանք», որը մեռնում է ժամացույցի հոգնեցնող թվերի և սրածայր սլաքների  պատճառով: Դրանք անկապ իրար են սեղմում գիշերն ու ցերեկը և հազար անգամ անցնում նույն ճանապարհով` մեզ իրենց հետ տանելով, ու ամեն անգամ մենք զգում ենք, թե ճանապարը փոխվել է: Մարդիկ կվախենան ապրել առանց ժամանակի, դրա համար այն աստիճանաբար կուլ կտա բոլորին: Նրանք  ավելի հաճախ կկրկնեն` «Ես ժամանակ չունեմ», «ժամանակն է բաժանվելու», «ժամանակը փոխում է մարդուն»… Կյանքը վստահել սլաքներին պետք չէ: Եթե արևը ուզում է մայր մտել, ապա դա նրանից չէ, որ սլաքները փոխել են իրենց տեղերը, այլ նրանից, որ Երկրին է մոտեցել գիշերը: Նա չի հեռանա, քանի դեռ  չի ավարտել իր «գործը», և կապ չունի, թե սլաքները ինչ ցույց կտան: Նրանք ընդամենը «նիհար խաբեբաներ» են: Գրողը տանի, «վարպետ ժամանակը» ժամացույցի հետ ստրկացնում է մարդկանց` դարձնելով օդամղիչներ կամ տարաներ, որոնց մեջ կան իրենց գործառույթները երբեք չկատարող օրգաններ… 

Այս մտքերից հետո սենյակը կրկին արձագանքեց, հայելին չվախեցավ ինձ արատացոլելուց  ու ամենակարևորը`ժամացույցը մնաց կանգնած…