Առանց լուսնի լույսի

Ես գրում էի: Դե, եթե դու հիմա նյութս կարդում ես, կամ թեկուզ աչքի տակով անցկացնում, հաստատ հասկանում ես, որ ինչ-որ պահի ես գրել եմ։ Ես նստած չեմ մութ սենյակում։ Պատուհանի մի փեղկը կիսաբաց չի։ Լուսնի լույն էլ սենյակ չի ներթափանցում, ու ես, տեսողությունս վտանգելով, էս նյութը չեմ գրում։ Որովհետև ինձ համար Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է, ոչ թե ռոմանտիկայի սիմվոլ։

Շատ էլ հարմար է տեղս։ Լույսն էլ նորմալ է. ի՞նչ անենք, որ լուսնի չի։ Մեծ հաշվով դա քեզ պետք է, որ չհետաքրքրի։ Բայց տեսնես, որ հինգ րոպե տրամադրես նյութիս, ի՞նչ կփոխվի։ Ես չգիտեմ՝ քո մեջ ինչ կավելանա, կպակասի կամ ոչ մի էական բան էլ չի փոխվի երևի, բայց օրինակ՝ ես, գրիչը թղթին հպելիս բացի թանաքից, նաև էներգիա եմ ծախսում։ Ծախսում եմ բացասական, անպետք, մի քիչ ինձ ջղայնացնող ու «վատ» էներգիան։ Էներգիան լինում է… Չեմ գրելու պոտենցիալ և կինետիկ։ Լինում են «լավ» ու «վատ» էներգիաներ: Երկու տեսակներից էլ բոլորիս մեջ կան։ Քանի որ ես հիմա լուսնի լույսի տակ չեմ, ես քեզ չեմ ասի՝ «Կատարյալ ոչ ոք չկա, եղիր այնպիսին, ինչպիսին կաս»։ Ես կասեմ՝ երկու տեսակներն էլ մեր մեջ կրելով, էսպես թե էնպես, երկուսն էլ պիտի ծախսենք։ Հո չե՞ն մնա էնտեղ հնանան ու փչանան:

Այ հիմա, հասանք կարևորին: Ծախսելու ձևեր կան: Եթե ասենք՝ առավոտյան ինձ պես գնում ես դասի, ու մետրոյում քեզ ողջունում է ժետոն վաճառող «պայծառաշող» կինը (էս կնոջ մասին էնքան պիտի գրեմ, մինչև դեմքի արտահայտությունը փոխի), ուրեմն, հաստատ, իր միջի «վատին» չի պահեստավորի ու մի քիչ քեզ կտա։ Դե քանի որ դու էլ այն չես պահի մինչև պիտանելիության ժամկետի լրանալը, դու էլ անպայման մեկին կտաս։ Հետո քո մեջ վատ էներգիայի տեղը կազատվի։ Մի պահ կթվա՝ «վատը» գնաց. վերջ։ Բայց չէ։ Իրականում «վատի» տեղը պիտի լցվի, որովհետև բնության մեջ ամեն բան պիտի հավասարակշռվի։ Ու ինչքան էլ փորձես վատին որոշ ժամանակ «լավով» հիմարեցնել ու բերանը փակել, մեկ է՝ տեղն ազատ է։ Օրինակ, եթե օրգանիզմդ ունի վիտամին C-ի պակաս, ու սիրտդ թթու հաղարջ է ուզում, եթե ժամերով կանգնես արևի տակ ու վիտամին D-ն ավելացնես, մեկ է, դու էլի ունես վիտամին C-ի պակաս, ու սիրտդ էլ հաղարջ է ուզում։

Գրեթե նույն սկզբունքով՝ մեր էներգիաներն են փոխանցվում։ Ու որպեսզի շղթան հավերժ չկրկնվի, ես արդյունավետ լուծում եմ առաջարկում։ Քանի որ պետք է «վիտամին C-ի պակասը լրացնես» ու ներքին բնությունդ «հավասարակշռես», միաժամանակ նաև չանես դա ինչ-որ մեկի նյարդերի հաշվին, պարզապես վատ էներգիան տուր անշունչ բաներին։
Չգիտեմ՝ հինգ րոպեն ինչ փոխեց քո մեջ, բայց օրինակ՝ ես, գրիչը թղթին հպելիս, բացի թանաքից նաև էներգիա եմ ծախսում…

arman baghdasaryan

Բրդոտ օրեր

Մեկ շաբաթ առաջ մեր տանը սկսվեց բուրդ, վերմակ ու բարձր լվանալու սեզոնը: Այդ գործով զբաղված էինք ես և տատիկս: Ես ընդհանրապես չեմ ուզում հիշել այդ բրդոտ, ավելի ճիշտ՝ փրչոտ օրերը, բայց ստիպված կհիշեմ: Տատիկս ասաց, որ գնամ ու առնեմ երկու հատ էն դեղին շատ մեծ տոպրակներից:

Հագա դուրս գնալու շորերս, այսինքն՝ բոթասներս ու դուրս եկա տանից:

Բակում, ինչպես միշտ, երեխաները ֆուտբոլ էին «տժժցնում»: Դե, ես ինչպես միշտ շեղվեցի իմ առաքելությունից և ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլասեր տղա՝ տեսա գնդակը և ասացի.

-Ճժեր, հլը պաս տվեք, մի հոգի էլ թող «վռո» կայնի:

Փոքրերը տվեցին գնդակը, և ես սկսեցի հավեսով խաղալ նրանց հետ: Հաճելի էր:

«Թո՜ւ, արա, տոպրակ պիտի առնեի»,- մտածեցի ես: Թողնելով գնդակը և երեխաներին՝ վազելով գնացի տոպրակ առնելու: Թեթև քամին փչում էր դեմքիս, և ինձ թվում էր, թե կինոյի մեջ եմ. տարօրինակ զգացողություն էր:

Հասա շուկա: Շուկայում մի սպիտակ մորուքով մարդ կա, որի անունը ես դեռ չգիտեմ: Ես ավելի ճիշտ եմ համարում տոպրակ գնել այդ մարդուց, քան «Երևան սիթիից», կամ մեր շենքի մոտի «Մեր տուն» սուպերմարկետից:

Մոտեցա այդ պապիկին, որը երիտասարդի աչքեր ու ձայն ուներ:

-Բարև ձեզ, էն մեծ դեղին տոպրակներից ունե՞ք:

-Հա, տղա ջան, ունեմ, հատը՝ 150 դրամ:

-Ինձ երկու հատ տվեք, էլի:

-Տղա ջան, ամեն ինչ արա, որ էս երկրի կառավարմանը չընտելանաս:

Ես չհասկացա, թե ինչ նկատի ուներ այդ մարդը:

-Սովորիր, տղա ջան, սովորիր, որ ապագայում մասնագիտություն ունենաս ու 300 հազար կամ 400 հազար աշխատես: Էս երկրում կամ հարուստ կա, կամ աղքատ:

-Միջին խավ չկա:

-Այ ապրես, տղա ջան: Ես բարձրագույն կրթություն եմ ստացել, ինժեներ եմ, բայց տես, տոպրակ եմ ծախում, 30 հազարը ի՞նչ փող ա տուն պահելու համար: Դրա համար, տղա ջան, հասիր քո նպատակներին, որ իմ օրի չլինես: 300 դրամ, էս էլ քո տոպրակները:

Ես վերցրի տոպրակներս, տվեցի գումարը, շնորհակալություն հայտնեցի և քայլեցի դեպի փողոց:

Ի՞նչ կլիներ, եթե բոլոր այն մարդիկ, ովքեր տաքսու վարորդ են, վուլկանիզացիայում են աշխատում, տոպրակ են վաճառում շուկայում՝ աստիճանների վրա, բայց ստացել են բարձրագույն կրթություն, աշխատեին իրենց մասնագիտությամբ և անգամ զբաղեցնեին բարձր պաշտոններ՝ անգրագետ պատգամավորների և չինովնիկների փոխարեն, ապա ի՞նչ կփոխվեր այս երկրում:

Հասա տուն, տվեցի տատիկին տոպրակները: Բոլորը գոհ էին, նույնիսկ՝ 300 դրամ աշխատած տոպրակ վաճառող ինժեները:

arxiv

Անտեղի մտքեր

-Ալլո:

-Ալլո, բարև ձեզ, Անիին կարելի՞ է:

-Մեկ րոպե,- ինձ է պատասխանում մի անծանոթ սառը ձայն, որը, թեև ինձ չգիտեր, սակայն կարծես թե սպասում էր իմ զանգին:

Սրտի թրթիռով սպասում էի, թե երբ կանցնի այդ «մեկ րոպեն»:

Վերջապես:

-Անին զբաղված է, մի քիչ հետո զանգահարիր, հա՞:

-Լա՛վ, ներեցեք:

Դե լավ, Անի՛, չուզեցիր, հա՞, պատասխանել: Նոր ընկերուհի ես գտել, հա՞, բայց նա քեզ ի՞նչ ընկերուհի, միայն նրա համար, որ մի քանի կցմցած լո՞ւր է քեզ պատմում: Քեզ հարկավոր չեն նրա կցմցած լուրերը, ո՛չ էլ նրա լարած «դավերին» ուշադրություն դարձրու: Այսինքն, չգիտեմ, քո գործն է: Ավելի լավ է դաս անեմ:

Արդեն 10 րոպե անցել է, միգուցե նորի՞ց փորձեմ:

-Ալլո:

-Ալլո, ներեցեք, Անին չազատվե՞ց:

-Ո՞վ է հարցնում:

-Փոխանցեք, որ Մանեն է:

-Մեկ րոպե:

Հեռախոսի միջից ինձ է հասնում.

-Անի՛, Մանեն է:

-Ասա՝ ես իրեն կզանգահարեմ,- այնքան թույլ է լսվում Անիի ձայնը, որ չեմ կարող նույնիսկ գուշակել` արդյո՞ք զայրույթ կա նրա ձայնի մեջ:

Անծանոթուհու ձայնը դարձյալ ինձ է դիմում.

-Մանե՛, Անին քեզ կզանգահարի:

Այս անգամ հեռախոսը ցած դրեցի մի ուրիշ զգացողությամբ:

Այո, հիմա հասկանում եմ, թե ինչ է եղել: Ինձանից նեղացել ես: Ի՜նչ հիմարն ես, չէ՞ որ մի պահ տեսա քո զայրացած հայացքը: Այո, հենց դա է պատճառը: Հասկացա. երբ ես ուրախանում էի մյուս ընկերներիս հետ, այդ ժամանակ մեկը թիկունքիցս հրում էր. Անին էր: Բայց, Անի՛, եթե դու իմ ամենամտերիմ ու ամենալավ ընկերուհին լինեիր, լսափողին կմոտենայիր: Չէ՞ որ ես այսօր տխուր էի և հազիվ էի հասցրել ուրախանալ, ու դու այսպիսի «պատմություն» սարքեցիր: Էլ մի շաբաթ չես ժպտա: Լավ, քո գործն է, դու ինձ չհասկացար:

Արդեն մեկ ժամ անցել է: Դաս էլ չեմ արել: Հեռախոսը զնգաց: Տխուր-տրտում վերցրեցի լսափողը:

-Ալլո, Մանե՛ ջան, կներես, իսկապես շատ զբաղված էի: Նոր կահույք ենք գնել, իրերն էի տեղավորում,- ուրախ ձայնով վրա բերեց Անին:

Laura Manukyan

Հետհաշվարկ

-Պապ, մի նորություն եմ ասում, բայց պիտի մաղարիչ անես,- ասաց եղբայրս ինքնագոհ հայացքով:

-Է՜, այ տղա, էլի սկսեցիր, ասա` տեսնեմ,- Արմանի նեղացած հայացքը տեսնելով պապն ասաց,- կտամ, կտամ, ասելիքդ ասա:

-Պապ, հոպարն էր զանգել, ասեց, որ գալիս են:

Պապիս աչքերն արցունքով լցվեցին, երկար էր սպասել այդ պահին:

Տատս էլ էր սպասում, մինչև վերջ: Բայց այդպես էլ չտեսավ: Տատս ինձ համար ամենակարևոր մարդկանցից մեկն էր, շատ եմ կարոտում, կրում եմ հենց իր անունն ու հպարտանում: Հիմա էլ, երբ պատմում եմ, հուզմունքս չեմ կարողանում զսպել: Խոսում եմ իր հետ միշտ, պատմում ամեն ինչ, ու հա, ինքը գիտի, որ հորեղբայրս գալիս է: Ինչո՞ւ եմ միշտ տատիկիս մասին ներկայով խոսում, որովհետև ինքն ապրում է, ապրում է իմ մեջ, ինձ հետ:

Հորեղբայրս տարիներ առաջ էր հեռացել Հայաստանից ու բնակություն հաստատել ԱՄՆ-ում, մոտավորապես տասներեք տարի առաջ: Ոչ թե հորեղբայրս, այլ հորեղբայրներս, բայց մյուս հորեղբայրս ավելի վաղուց էր տեղափոխվել և անցյալ տարի եկավ հայրենիք. ոչ պակաս երկար դադարից հետո:

Ճիշտ չէ այն միտքը, թե ծնողներնն ուրախ են, որ զավակները գնում են «ավելի լավ կյանք կառուցելու», նրանք մինչև վերջ սպասում են զավակներին, ինչպես տատս:

Շուտով կլրանա պապիս ութսուներորդ տարեդարձը, իսկ տատս, տատս էլ չկա:

Որոշել ենք մեծ շուքով նշել պապիս տարեդարձը, չէ որ ընտանիքս միասին է գրեթե: Ինչու գրեթե, որովհետև տատս է պակասում:

Տատս չկա, բայց նայում է մեզ վերևից, ու ջրում ծառը՝ իր սիրուց ծնված սիրո տոհմածառը:

Հետհաշվարկ. մնաց տասնհինգ օր:

arxiv

Սուտը

Ես սկսեցի ստել։

Թե ինչպե՞ս եղավ դա, ոչ մեկին հայտնի չէ։ Դրա համար խուզարկու վարձելու կարիք չկա։ Այնպես որ, մի խառնվեք իրար։

Բայց, ախր, հասկանում եք, չէ՞, երբեմն ուղղակի անհնար է առանց ստելու։ Երբեմն էլ ճիշտ ես ասում, բայց չես կարող դիմացինին համոզել։ Սպառնալից ասում է՝ սուտ է…

Առաջին անգամ սուտ ասացի ժուռնալիստիկայի ուսուցչուհուս, բայց դա մի փոքրիկ, անմեղ սուտ էր՝ ի տարբերություն նրա, որ ասացի երեկ՝ դպրոցում։

-Աշխե՛ն, որտե՞ղ է գրականությանդ տետրը,-հարցրեց ուսուցչուհին։

-Ըը՜ը․․․,- դե արի բացատրի, որ ժամանակ չկար գրելու։

-Ես երեկ տվել էի Նարինեին, որ տնայինը արտագրի, տվել է Մարինեին, որն էլ այսօր բացակա է։

-Լավ,- ասաց նա։

Ես շունչ քաշեցի ու նստեցի։ Մի անգամ էլ ընկերուհիս ասաց․

-Աշխե՛ն, Լեոնտևի ձայներիզն ունե՞ս։

Սովորության համաձայն ասացի․

-Այո

-Վաղը կբերես, հա՞։

-Ինչպե՞ս բերեմ, որ չունեմ։

-Բա ասացիր՝ ունես։

-Ես նման բան չեմ ասել։

Ընկերուհիս ձեռքը դրեց ճակատիս, համոզվելու համար, որ ջերմություն չունեմ։

Լավ, էլ չշարունակեմ, թե չէ՝ էլի ինչ-որ սուտ կհնարեմ։

Դե, իսկ դու աշխատի՛ր սուտ չխոսել, դա լավ բան չէ։

Աշխեն Գրիգորյան, 13 տ․, 2001թ.

mariam nalbandyan

Նորից եղջերուների ու մի քիչ ավելի կարևոր բաների մասին

Հեչ մտածե՞լ ես եղջերուների մասին: Էն, որ սիրուն աչքեր ու անհավանական սիրուն եղջյուրներ ունեն: Մեծ, երկար: Կուզեի, գիտե՞ս, որ դու մտածած լինեիր եղջերուների մասին: Կասես՝ ցնդե՞լ ես, ի՞նչ մտածեմ: Կասեմ՝ քեզ ինչ, ինչ ուզում ես մտածի: Իսկ ինձ համար կարևորը եղջերուների մասին մտածելն ա:

Երևանի շոգը, գիտես, չէ՞, ինչ ա: Պատկերացրու մի 40 աստիճան, արևը վառում է, դու էլ լիքը երթուղայինով տուն ես գնում: Ու մի 40 րոպեի էլ ճանապարհ կա: Պետք ա, չէ՞ մի բանով քեզ զբաղեցնես, որ ավելի շատ չմտածես շոգի մասին: Այստեղ էլ եղջերուներն են գալիս: Կամ քույրդ ասում է՝ Սարգիս ձյաձյային հիշո՞ւմ ես: Ասում ես՝ հա, մենակ թե էդ չասես: Ասում է՝ էդ եմ ասում: Թոքերից: Մեկ էլ հիմա ես կապ հաստատում եղջերուների հետ: Եղջերուները իմ ուղեղի ինքնապաշտպանական ռեակցիան են: Երբ պահ ա գալիս, որ պետք ա մտածես, պետք ա էնքան մտածես մինչև մեռնելդ գա, պետք ա մտածես՝ ինչի՞ ա մանկությունդ փլվում առանց քեզ հարցնելու: Ո՞վ էր հարցրել ինձ՝ ուզո՞ւմ եմ, թե չէ: Այ, էդ պահին եմ մտածում եղջերուների մասին:

Չգիտեմ՝ ինձ հասկացա՞ր, թե չէ: Կարող ա տեսնես ինձ՝ ինչպես միշտ դժգոհ դեմքով, կարող ա հարցնես՝ քեզ ի՞նչ ա եղել: Կասեմ՝ քեզ ինչ: Կներես, եթե կոպիտ լինեմ, ուղղակի կզգամ, որ քեզ չի հետաքրքրում: Ուրիշ բան, եթե առանձին հարցնեիր, նայեիր աչքերիս մեջ, ու ես զգայի, որ քեզ հետաքրքիր ա: Կարող ա՝ պատմեի: Մյուսի էլ լյարդն ա: Ամենայն հավանականությամբ քիչ ա մնացել: Դե, ես արդեն հասցրել եմ ծանոթանալ էդ հիվանդության հետ: Իսկ ինքն ասում է՝ օրերը տաքանան, կլավանամ, էլի: Եթե մենակ լինեինք մի հով տեղ, մի քիչ էլ մութ լիներ, ես քեզ կպատմեի: Կպատմեի, որ նա ոչ թե իր հարազատներին ա էդպես հույս տալիս, այլ իսկապես տենց ա մտածում: Այ, այդքան միամիտ ա: Կպատմեի, եթե իհարկե աչքերիդ մեջ հետաքրքրություն տեսնեի, թե ամեն անգամ ինձ գյուղում տեսնելիս ոնց ա ուրախանում, ու ամեն անգամ ինձ նվերներ առնում, բայց հնարավորություն չունի, գիտե՞ս: Ուղղակի իմ մանկության ամենաջերմ մասն ա: Ես իրեն տատիկ եմ ասում, էդպես ենք ասում փոքր ժամանակվանից, բայց տարիքը տատիկի չի: Նորից, այս մի դեպքն էլ համակերպվելու չի:

Կպատմեի, մենակ թե դու ճիշտ հասկանաս: Հասկանաս, որ չէ, ես «դարդ» չեմ դարձել: Դու էդ, հուսով եմ, չես հասկանա, բայց հենց հետդ մի վատ բան ա լինում, բոլոր ընկերներդ, հատկապես՝ լավագույնները, էլ չեն ուզում հետդ շփվել: Մտածում են՝ «դարդ» ես դարձել, ու քո ամեն երկրորդ բառը դրանից ա լինելու: Մեկը ծնունդին չի կանչի մի հատ ստից պատճառաբանությամբ, որ չես էլ հավատա, մյուսը ընդհանրապես էլ չի խոսի հետդ: Մենակ թե դու այդպես չմտածես, հա՞: Քեզ կպատմեմ, երբ մենակ լինենք մի մութ տեղ, եթե նայես աչքերիս մեջ, ու աչքերիդ մեջ հետաքրքրություն տեսնեմ: Հետո հումորներ կանեմ, խոստանում եմ, նույնիսկ կծիծաղես: Ես էլ քո հումորների վրա կծիծաղեմ, խոստանում եմ: Ես դեռ ծիծաղել գիտեմ: Մենակ թե դու էլ չմտածես, որ մոռացել եմ: Թարսի պես էսօր գնացիր: Ես չէի ուզում:

Քայլելիս էլ երբեք վերև չեմ նայի, հիմար սովորություն էր: Կամ կնայեմ, եթե դու հետս քայլելիս լինես: Մեկ-մեկ ինձ «մեր օրերի հերոսը» կզգամ: Դու ինձ ներիր էդ մեծամտությանս համար, չէ մի, Լերմոնտովն էլ հենց ինձ ա ճանաչել: Դու ուղղակի նստիր ու հետս Ռախմանինով լսիր: Չնայած՝ եթե դու հետս լինես, կարող ա՝ «Սան-Սանս» լսելու տրամադրություն էլ լինի: Ասացի, չէ՞, ես «դարդ» չեմ: Ու եթե էսքանը կարդացիր, եթե մի մութ, հով տեղ նայեցիր աչքերիս մեջ, ու ես հետաքրքրություն տեսա, եթե լսեցիր մինչև վերջ ու չմտածեցիր, որ նվնվում եմ, ես քեզ ուղղակի շնորհակալ եմ:

arxiv

Ինչպես գնացինք կինո

Շավարշը՝ մեր  դասարանի ավագը, շատ ոգևորված տղա է և միշտ ինչ-որ բան է կազմակերպում, որը երբեք այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ցանկանում։ Մի օր նա եկավ դպրոց և ոգևորված ասաց․

-Երեկ գնացել էի կինո։

Եվ սկսեց պատմել կինոնկարի բովանդակությունը, ճիշտ է, ամեն ինչ շփոթելով, սակայն մեզ շատ դուր եկավ։ Իսկ մի քանի օր հետո Շավարշը խորհրդավոր ասաց․

-Եկեք գնանք կինո։ «Գլադիատորն» են ցուցադրում։ Շատ լավն է։ Դասերից հետո մենք գլխապատառ վազեցինք կինոթատրոն։ Մինչև Շավարշը երկար-բարակ խոսում էր տոմսավաճառի հետ, մենք նայում էինք, թե ինչ տեսաժապավեններ էին վաճառում։

-Օ՜, այ սա լավ կինոնկար է,- բացականչեց Արամը։

Ես մոտեցա նրան։

-Սա՞ է լավ կինոնկարը,- հիասթափվեցի ես, տեսնելով, որ հիմար մուլտֆիլմ է։

-Այ, «Աստղային պատերազմները» ավելի լավն է,- և մոտեցա ֆանտաստիկ ֆիլմերի բաժնին։

-Է՜, դա հիմար կինոնկար է,- վեճին խառնվեց Կարենը, որ նայում էր մուլտֆիլմերը,- Արամի ասած ֆիլմը ավելի լավն է, այնտեղ Ջեկի Չանն է գլխավոր դերակատարը,- և նա մատը օդ տնկեց,- պատկերացնո՞ւմ ես։

-Դե, Չանն ուղղակի հիմար է,- արդեն բարկացած բղավեցի ես,-իսկ այ, Բրյուս Լին ճկույթով կդնգստի նրան։

Այդ պահին եկավ կինոթատրոնի տնօրենը։ Պատկերացնո՞ւմ եք։ Եկավ  երևի, որ Կարենին ցույց տա, թե ո՞վ է ավելի ուժեղ՝ Բրյուս Լի՞ն, թե՞ Ջեքի Չանը։

-Ա՜խ, դուք խուլիգաններ,-բղավեց նա,- եկել եք, հերիք չի, մի էնպիսի աղմուկ եք բարձրացրել։ Հիմա ձեզ այնպես դուրս կնետեմ, որ այլևս հետ չեք գա։

Ես ասացի, որ մենք տոմս ենք գնում, և որ խելացի տնօրենն իր հաճախորդներին անպետք ծխախոտի տուփի նման դուրս չի նետի։ Կարծեմ հայրիկն էր այդպես ասում։ Է՜հ, դա այդքան էլ կարևոր չէ։

Տնօրենը հանկարծ փափկեց և գլուխս շոյելով ասաց, որ իմ տոմսը գնեմ և այնտեղից շուտ հեռանամ։ Այդ պահին Շավարշը վերջացրեց զրույցը և մոտեցավ մեզ։

-Վաղը «Գլադիատոր» չկա,- հանդիսավոր ասաց նա,- բայց մենք կարող ենք գալ և ուրիշ ֆիլմ նայել։ Ինչ-որ ռոմանտիկ ֆիլմ է։ Ես շատ տխրեցի և ասացի, որ ինձ այդպիսի զիզի-բիզի ֆիլմեր հարկավոր չեն։ Իսկ Արամն ավելացրեց․

-Մենակ նայիր քո ռոմանտիկ ֆիլմը։

Եվ մենք հեռացանք։ Երեկոյան Շավարշը զանգահարեց և բոլորիս համոզեց։

-Լավ, կգամ, ասացի ես։

-Չմոռանաս փոփ-քորնի փողը,- շարունակեց Շավարշը,- հինգ հարյուր։ Բուտերբրոդների համար էլ բեր յոթ հարյուր կամ,չգիտեմ՝ ինչ արժե։

Ես շտապ ասացի «ցտեսություն» և խոսափողը տեղը դրեցի։ Եթե այդպես շարունակվի, մենք կսննկանանք։ Թե՞ միայն կազմակերպություններն են սննկանում։ Է՜հ, դա կարևոր չէ։

Ես շատ բարձր տրամադրությամբ գնացի քնելու։ Ճիշտ է, այնքան էլ լավ ֆիլմ չէ, բայց դա էլ կարևոր չի։

Մյուս օրը պարզվեց, որ ոչ ոք բացի ինձնից ու Շավարշից կինո չի գալու։ Շավարշը սկսեց խնդրել խնդրել տղաներին, բայց ոչ ոք չէր ցանկանում։

Հետո սկսեց սպառնալ, բռնելով տղաներից մեկի օձիքը, բղավեց․

-Դու մեզ հետ գալի՛ս ես։

-Դե լավ, լավ,- ասաց տղան և վախեցած հեռացավ։

-Այ, այդպես հարցը կլուծեմ,- գոհ բացականչեց Շավարշը,- մի հոգի էլ գա, լավ է։

Եվ նա մատը պարզեց Արամի կողմը․

-Դու գալի՛ս ես։

-Ես այդ ֆիլմին չեմ գա,- վճռական ասաց Արամը, բայց նրա ձայնից զգացվում էր, որ ուզածդ պահին կարող է հանձնվել։

Շավարշը ցանկանում էր շարունակել, երբ մի ուրիշ տղա մոտեցավ մեզ և ասաց, որ այսօր կինոթատրոնում  «Գլադիատորն» են ցույց տալու, և ինքը գուցե գնա դիտելու։

-Ինչպե՞ս թե,- զարմացավ Շավարշը։

-Այ, այդպես։

Մենք որոշեցինք դասերից հետո գնալ կինոթատրոն և ամեն ինչ պարզել։ Այդ պահին զանգը հնչեց, և մենք դուրս թռանք դպրոցից, տոմս գնեցինք և ցանկացանք մտնել դահլիճ, երբ Կարենը հիշեց փոփ-քորնի մասին։ Շտապ հետ գնացինք, բայց Շավարշը ցանկացավ հյութ էլ գնել, և մենք վազեցինք սրճարան։ Այնտեղ երկար վիճելուց հետո գնեցինք 8 շիշ հյութ, չնայած 3 հոգով էինք։ Երբ վերջապես ուզում էինք մտնել դահլիճ, մեզ ասացին, որ հյութ ներս տանել չի կարելի։ Ստիպված դրսում թողեցինք։ Ֆիլմը սկսեց։ Սկզբում Շավարշը մի քիչ փոփ-քորն կերավ, բայց չհավանեց, գրպանից ինչ-որ համեմունք հանեց և սկսեց դրանով ուտել։ Հետո ծարավեց և Կարենի հետ դուրս եկավ հյութ խմելու։ Իսկ ինչ վերաբերում էր ինձ, ես ծարավից խեղդվում էի, բայց չէի կարող դուրս գալ, քանի որ պետք է որոշվեր, թե գլադիատորներից ով է հաղթելու։ Քիչ անց Շավարշենք հետ եկան։ Կարենը շարունակեց նայել, իսկ Շավարշը տեղում շուռումուռ էր գալիս։ Շուտով լսվեց համաչափ խռմփոց։ Շավարշն էր, լսվում էր նաև Կարենի ձայնը, որն ասես գետնի տակից էր գալիս.

-Վա՜յ, մեռա, վա՜յ, օգնեք։

-Ի՞նչ է եղել,- հարցրեցի ես։

-Վրայիցս սրան հանիր։

Ես շտապ Շավարշին մի կողմ հրեցի և շարունակեցի դիտել։ Ֆիլմի վերջին րոպեներին Շավարշը հերթական անգամ ընկավ Կարենի վրա։ Ես այլևս չդիմացա և ուժեղ հարվածեցի նրա վզակոթին։ Նա միանգամից վեր թռավ տեղից և ինքն էլ սկսեց դիտել։ 5 րոպեից ֆիլմը վերջացավ, և մենք դուրս եկանք։

-Շատ լավ ֆիլմ էր,- վերջում ասաց Շավարշը և գնաց տուն։

Գոռ Բաղդասարյան, 13 տ․, 2002

aneta baghdasaryan

Ամռան մի գիշեր

Անցած ամառ` համալսարան ընդունվելուց հետո, տատիկիս հետ որոշեցինք գնալ իրենց գյուղ հանգստանալու: Առաջ համարյա բոլոր ամառներն այնտեղ էինք անցկացնում, բայց տատիկս` առողջական խնդիրների պատճառով, արդեն երկար ժամանակ է, ինչ չէր եղել հարազատ գյուղում` Շահումյանում: Եվ քանի որ այդ տարի շուտ ավարտեցի քննություններս, տատիկիս համոզեցի ինձ հետ գալ գյուղ: Գյուղ գնացինք տատիկիս, իր քրոջ և նրա թոռների հետ: Հա, մոռացա ասել` տատիկիս ընտանիքը շատ մեծ է. ինը երեխա են` հինգ եղբայր ու չորս քույր: Եղբայրներից փոքրն ու քույրերից մեկն ապրում են գյուղում:

Երևի բոլորս էլ գոնե մեկ անգամ եղել ենք գյուղում: Պարզ է, որ այնտեղ օդը մաքուր է, բնությունն ուրիշ է, մեքենաներ չկան, միրգն ու բանջարեղենը էկոլոգիապես մաքուր են և այլն: Սա բոլորն էլ գիտեն: Ես ասում եմ` Շահումյանը գյուղ է, իսկ տատիկս միշտ հպարտորեն ասում է` ավան:

-Առաջ մեր Շահումյանը մեծ ավան էր, բալես: Էստեղ ամեն ինչ կար` կինոթատրոն, հինգից ավել դպրոց, առևտրի կենտրոն, հյուրանոց, գործարաններ: Մեր մոտ նույնիսկ Թիֆլիսից էին գալիս, որ առևտուր անեն,- պատմում էր տատիկս, որպեսզի ճանապարհին չձանձրանանք:

Երբ անցանք Վրաստանի սահմանը և մտանք գյուղ, տատիկիս դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց:

-Էհ, էս էլ մեր Շահումյանը, հասանք: Այ նայեք, Էս մեր հայրական տունն ա, էստեղ ենք մեծացել: Մարետ, հիշու՞մ ես: Էս էլ մեր դպրոցն ա, պոչտան…

-Անետ մորքուր, ո՞նց ենք ստեղից թեքվում,- հարցրեց Սպարտակը` տատիկիս քրոջ թոռը:

-Ուղիղ գնա ու թեքվի աջ, այ էն ծառի մոտից:

Դատարկ ու քարքարոտ փողոցներով վերջապես հասանք տատիկիս քրոջ տուն, ով մեր գալուց մի շաբաթ առաջ արդեն պատրաստվել էր ամեն ինչին:

-Էս խի՞ ուշացաք, րախեք:

-Ալավերդու ճանապարհները փակ էին, մորքուր, դրա համար Ստեփանավանով եկանք,- ասաց Սպարտակը:

Հանեցի սպորտային կոշիկներս ու ընկա մահճակալիս վրա:

Շահումյանի մոծակներն այնքան էին ինձ հավանել, որ չէին թողնում հանգիստ քնել: Գնացի պատշգամբ: Սարերից լսվում էր բորենիների ոռնոցը: Անկեղծ ասած, վախեցա մի քիչ: Մթությունն էլ մի կողմից: Միայն մի բան էր երևում` առաքելական եկեղեցու խաչը:

amalya harutyunyan

Մի բուռ արևի պակաս

Քայլում եմ: Դու երբեք չես իմանա, որ ես քայլում եմ այստեղ: Ես երբեք բարձրակրունկ չեմ հագնում, որ կտկտոցը չիրազեկի իմ մասին, ես երբեք չեմ բղավում փողոցում կամ բարձր չեմ ծիծաղում, դե եթե չհաշվենք բարձր մտածելը, որ հանկարծ ոչ ոք չիմանա իմ այստեղ լինելու մասին:
Ինչո՞ւ: Դե ի՞նչ իմաստ ունի ասել, որ դու այստեղ ես, երբ ամբողջ աշխարհի համար դու, կարելի է ասել, գոյություն չունես:
Ամեն օր աչքերս բացելուն պես ես հույս ունեմ, որ այսօր դուռը բացելով պետք է իմ քաղաքը դիմավորի ինձ: Բայց էդպիսի օրեր չեն լինում, կամ էլ շատ հազվադեպ:
Մեկ է` ամեն անգամ դուրս եմ գալիս տնից մեծ սպասումով ու սկսում եմ հայացքներ փնտրել: Անիմաստ է, քեզ չեն նկատում:
Օրեր էլ կան, ամբողջ ուշադրությունը քեզ վրա է, ամբողջ շենքը փորձում է լուծել այն բարդ ու տրամաբանական խնդիրը, թե արդյո՞ք 4-րդ մուտքի Արթուրի աղջիկը այսօր բարձր կստանա քննությունը, թե՞ 7-րդ մուտքի Ջուլիկ տատի թոռը:
Ու քանի որ սոցիոլոգիական հարցումները փաստում էին, որ Ամալյան չի կարող կարգին պարապել, բոլորը հակված էին նրա պարտվելուն:
Ես նույնիսկ հիշում եմ ծնողներիս ու ուսուցիչներիս տարակուսած հարցը:
-Բայց հաստատ կարո՞ղ ես, նայիր, գոնե բավարար լինի:
Ու այս չափից շատ բարդ խնդիրը լուծվեց հունիսին, անգլերենի միասնականի օրը:
Եկա քննության: Քաշեցի նստարանիս համարը, հայտնվեցի ամենադիմացը, սկսեցի լրացնել թեստս, ու մինչ ես մտածում էի, որ ես կկարողանամ լավ գրել, լսվում էր հաձնաժողովի անդամների շատ ծածուկ զրույցը:
-Այն աղջկան որ նստած է այնտեղ, կասեք` ձևաթուղթը չլրացնի, իրենը պետք է 20 լինի, մենք կգրենք իր տեղը:
Ու մինչ ես մեծ հույսերով, որ մեր շենքի կռվում պետք է հաղթի 4-րդ  մուտքը, գրում էի թեստս, մեկը մի քանի քայլ այն կողմ նստած զննում էր բոլորին ու վաստակում իր միավորը:
Ի դեպ ասեմ, որ 4-րդ մուտքը հաղթեց, այն էլ առավելագույն միավորով՝ 20 ստացա:
Այդ ժամանակ էլ մի ուրիշ հարց դրվեց օրակարգում:  Արդյո՞ք այն աղջիկը, ում կարողություններին ոչ ոք չէր հավատում, իր ուժերով է ստացել գնահատականը:
Մեծամասնությունը դեմ քվեարկեց, մի փոքր հատված` կողմ: Իսկ մյուս մասն էլ ձեռնպահ մնաց: Դե իրենց նույնիսկ այս օրերին չէր հետաքրքրում իմ գոյությունը:
Իսկ ես, ես իհարկե շարունակում եմ նույն ձև քայլել` անձայն ու աննկատ:
Մի օր  պատկերացրու, որ այն մարդիկ, ումով դու շրջապատված ես, չեն հավատում քեզ, այն մարդիկ, ովքեր քեզ չեն ճանաչում,փաստում են, որ դու չես կարող հասնել ուզածիդ:
Ընկերներդ էլ անտարբեր են, վայրէջքների ժամանակ հեռանում են, բարձունքների ժամանակ` զարմանում:
Պատկերացրու, որ միայն շողքդ է հասկանում մտքերդ, իսկ մյուսների համար դու չինարեն ես խոսում:
Պատկերացրու, որ մարդիկ քեզ անընդհատ խաբում են, ամեն անգամ ցույց տալիս կեղծ ու տարբեր վերաբերմունք:
Հա, ու մի մոռացիր, որ դու ամեն ինչին ուղղակի ժպտում ես, միացնում միջիդ արևն ու անմոռաց ժպտում: Իսկ միջիդ արևը օգնում է, որ չընկնես անտարբերության հոսանքը, որ պահես միջիդ մի փոքր բարությունը, որը, ըստ երազներիս, մյուսներին էլ պիտի բարի դարձնի:
Երևի կյանքում կան ավելի բարդ ու մեծ խնդիրներ, որոնք կհուզեն ու կհետաքրքրեն շատ-շատերին: Բայց այս պահին խճճված մտքերս դնում եմ մի կողմ ու միայն մի հարց տալիս ինքս ինձ:
-Ինչպե՞ս եմ ես պատրաստվում շարունակել ապրել այս աշխարհում, եթե այն ունի հենց այս օրենքները:
Ախ, եթե մարդիկ իրենց մեջ մի բուռ արև ունենային…