hayk mantashyan

Փոփոխությունների ժամանակն է

-Զը՜նգ,- լսվում է զարթուցիչի անտանելի ու նոր օրվա սկիզբը հայտարարող ձայնը:

Արթնանում ես, գնում դասի կամ աշխատանքի: Այնտեղ հոգնում ես, դժգոհում, ձանձրանում, վիճում, հիասթափվում կամ էլ ընկնում մտքերի գիրկը: Իհարկե, միշտ չէ այդպես: Լինում են օրեր, որ ամենը լավ է ստացվում, ու կենսուրախ ժպիտով hետ ես գալիս տուն: Նստում ես հաց ուտելու, քանի որ կեսօրին հազիվ հասցրեցիր մի բրդուճ բերանդ գցել: Այնուհետև, եթե չունես հավելյալ աշխատանք կամ դաս՝ տանն անելու, անցնում ես սիրելի զբաղմունքիդ: Ոմանք նախընտրում են ֆիլմ կամ սերիալ դիտել, ոմանք տաք վերմակով, թեյը՝ ձեռքին գիրք կարդալ, ոմանք էլ ստուգում են իրենց հեռախոսները ու հուսահատվում՝ չտեսնելով այնտեղ սիրելիի այդքան սպասված հաղորդագրությունը: Այնուհետև վերջիններս աննկատ ու կրկին ընկնում են նույն մտքերի գիրկը: Նրանք սովոր են: Սովոր են ապրել մտքերով ու երազներով, անվերջ սպասելով: Սովոր են մնալ սեփական հարմարավետության գոտում ու չփորձել անգամ փոխել ինչ-որ բան: Սիրում են միայն մտածել ու պատկերացնել, թե ամեն ինչ արդեն փոխված է, այլ է ու ավելի լավը:

Հետաքրքիր է՝ արդյոք նրանք չե՞ն հոգնում նույն, միօրինակ, պարբերաբար ու անվերջ կրկնվող ցիկլը ապրելուց: Մի՞թե չեն ուզի փոխել իրենց առօրյան, դարձնել ավելի հագեցած՝ հաճելի տարօրինակություններով ու անսպասելի իրավիճակներով:

Փոփոխությունների ժամանակն է: Ժամանակն է ոչ միայն հասկանալ ու գիտակցել, որ ժամանակդ քիչ է ու սահմանափակ, այլ նաև դրանից ելնելով՝ գնահատել այն ու զբաղվել նրանով, ինչը քեզ իրապես երջանկացնում է: Չէ՞ որ կյանքը կարճ է անվերջ բողոքելու, տխրելու ու մտահոգվելու համար:

Ժամանակն է չվախենալ սեփական ցանկություններից, երազանքներից, այլ դրանք վերածել նպատակների ու ամեն օր պուճուր-պուճուր քայլերով, երբեմն ընկնելով, բայց կրկին վեր կենալով առաջանալ, գնալ դեպի դրանց իրականացումը: Այդժամ դու կզգաս մի մեծ բավականություն ու սեր, կփոխես քեզ ու վերաբերմունքդ շրջակա աշխարհի հանդեպ: Երբ դադարես զուր բողոքել, ուղեղդ ժամանակ կունենա մտածելու խնդրի լուծման, այլ ոչ թե նոր բողոք հնարելու մասին:

ժամանակն է խենթությունների: Երկար մտածելու փոխարեն կարող ես անմիջապես, առանց վարանելու անել այն, ինչ ուզում ես և ճիշտ ես համարում: Ու դու կգզաս, որ փոխվել ես, որ էլ նախկինը չես: Դու փոխել ես քեզ ու հետևաբար, փոխել ես ողջ աշխարհը:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Արի Ծաղկաձոր

mariam nalbandyan

Բացարձակապես ոչ այդ բանի մասին

Այսօր գրելու եմ նյութ, որի մեջ ընդհանրապես չեմ խոսեու այդ բանի մասին։ Ու քանի որ այդ բանի մասին ես չեմ խոսելու, ուրեմն այդ բանի անունն էլ չեմ տա, կանվանեմ դրան X, կամ էլ կաշխատեմ չանվանել։

Լրանում  էր արդեն երկրորդ ժամը, ինչ մեզնից յուրաքանչյուրը նստած էր իր բազկաթոռին։ Բոլորիս գլխում մի հարց էր պտտվում, որը վերջապես մեզնից մեկը չդիմացավ ու գրեց ընդհանուր չատում․

-Իսկ հիմա ի՞նչ․․․

Մենք մոլորված էինք։

Մոլորված էինք նաև հաջորդ առավոտը։

-Հիմա ես ի՞նչ պարապեմ․․․

-Սուս մնա, դրա մասին էլ չենք խոսոմ։

Էդպես էլ ամբողջ օրը փորձում էինք չխոսել այդ բանի մասին, չհամեմատել մեր անցած տարվա ու այս տարվա արդյունքները, չկանխատեսել մյուս տարվա արդյունքները։ Դե, հո իզուր չենք սովորել հազար տեսակ կանխատեսումները, մի բան պիտի կանխատեսենք, չէ՞։

Բայց այսօր իմ նյութը ընդհանրապես դրա մասին չէ։ Թե ինչի մասին է՝ դեռ չեմ մտածել, բայց հաստատ ոչ դրա։ Ընդհանրապես՝ երբ ուրախ ես, ամեն ինչից էլ կարելի է խոսել։ Իսկ ես այսօր ուրախ եմ, ու ուրախ էլ լինելու եմ մինչև հաջորդ X-ը։

***

-Մարիամ, հլը նայի,- քույրս նստեց կողքիս ու հեռախոսը մտցրեց աչքս։

-Միկրոն վատ եմ գրել, իսկ միկրոյի կրեդիտը երեք ա, որպեսզի միկրոյի վատ գրածը կոմպենսացվի, ինձ անհրաժեշտ ա, որ PR-ից բարձր ստանամ․․․

-Նայի ամուսիններ են բաժանված, իբր, հանդիպել են, անձայն խոսում են․․․

-Բայց ես PR-ն էլ էդքան էլ լավ չեմ գրել ու անկանխատեսելի ա, թե ինչ կստանամ։ Դրան գումարած՝ ֆրանսն եմ էս տարի քանդել․․․

-КВН-ի ամենախնդալու վիդեոներից էր։

-Հա, շատ խնդալու էր։ Իսկ ֆրանսը էս տարի կարևոր էր բարձր ստանալը մյուս տարվա համար։

***

-Ի՞նչ եք անում։

-Ոչ։ Մի։ Բան։ Վայելում եմ ոչ մի բան չանելս։

-Ինչ-որ բան հաստատ պետք ա պարապել, ուղղակի մոռացել ենք։

Հա, ինչ եմ է պատմում, նյութս դրա մասին չէր։ Ուզում էի ասել՝ երբեմն ձեր հետ լինո՞ւմ է, որ բացարձակապես չուզենաս խոսել, իսկ քեզ անդադար հարցեր տան։ Ու էդ ժամանակ ամենամոտիկ մարդն էլ սկսում է նյարդերիդ անասելի ազդել։ Իսկ երբ տրամադրությունդ բարձր է, կամ այնպիսի տրամադրություն ունես, որ ուզում ես պատմել, խոսել, ոչ ոք քեզ համար ժամանակ չունի, կամ էլ՝ գլուխ ես տանում, վերջացրու։ Բոլոր մարդիկ թարս են, լուրջ եմ ասում։

***

Լրանում էր արդեն երրորդ ժամը, ինչ ես նայում էի դիմացի պատին, իսկ այնտեղ այդպես էլ չէր հայտնվում ընկերուհուս հարցի պատասխանը՝ հիմա ես ի՞նչ պարապեմ։

Երբ վերջին 10 օրը եղել են կյանքիդ ամենաերկար 13 օրը, որի ընթացքում պլանավորած ռոբոտի նման արթնացել, պարապել, քնել ես, արթնացել պարապել, գնացել X-ի, եկել տուն, քնել, արթնացել, պարապել ու էսպես՝ 6 հատ, դրանից հետո շատ դժվար է կյանքի հին ռիթմին վերադառնալը։ Հատկապես, երբ ունես ընդամենը մի ազատ շաբաթ, ու խոշոր հաշվով, վերջին ամբողջ մի ամիսն ես այդպես ապրել, ուղղակի՝ տասը օրը խտացված։

Ու երբ արդեն քսան րոպե ընկերոջս գլուխը տանում էի՝ դուստր և կախյալ ընկերությունների մասին պատմելով, հասկացա, որ ամեն X-աշրջանից հետո պետք է իմ կյանքում արժեքների վերադասավորում անեմ, ու ինձ՝ ֆորմատ։ Որ պատրաստ լինեմ նոր կիսամյակի ինֆորմացիան մեջս լցնելուն։

Իսկ եկող կիսամյակ երկու ֆրանսիացի դասախոս եմ ունենալու։ Բայց նյութս ընդհանրապես դրա մասին չէր։

Ինչի՞ն եմ ես հավատում (մաս 2)

2009- 2019… Այս օրերին սոցիալական ցանցերը ողողել են տասը տարի առաջ արված լուսանկարներով, ինչպիսին էին տասը տարի առաջ օգտատերերը: Դե, մենք էլ որոշեցինք միանալ այս հետաքրքիր նախաձեռնությանը: Միայն թե լուսանկարների փոխարեն տեղադրում ենք «Մանանա» կենտրոնի սաների տասը տարի առաջ գրված նյութերը: Եվ այսպես, ովքեր կգտնեն իրենց, ուրախ կլինենք լսել նրանց նոր պատմությունները, թե ինչին են հավատում այժմ` տասը տարի անց:304027_180031815408550_141708636_n

Զնգում է զարթուցիչը: «Էլի, էլի դպրոց, դասեր, ստուգողականներ, դժվար վարժություններ ու միգուցե ցածր գնահատականներ, հետո հոգնած կգամ տուն ու օրս կանցնի շատ տխուր»,- մտածում էի ես արթնանալուց:

Հասա տուն, և քանի որ իմ ժամացույցը երկու րոպե հետ էր, և ժամը սխալ գիտեի, մի քիչ ուշացա:

-Մանե՛, դու գիտես, որ չի կարելի ուշանալ, դո՛ւրս արի դասարանից:

Առաջին դասը չնստեցի: Երկրորդ դասը պատմություն էր` այն դասը, որը լավ էի սովորել և անթերի պատասխանեցի: Միայն այն պատճառով, որ ուսուցիչը տարեթվերը սխալ էր լսել և կարծելով, թե սխալ եմ ասել, ինձ ցածր գնահատեց: Հանրահաշվի ուսուցչուհին էլ մատյանը լրացնելուց երրորդ համարը շփոթեց երկրորդ համարի հետ և վատ գնահատականն ինձ նշանակեց, այնինչ ես այդքան աշխատել էի, ու «ինն» էի ստացել:

-Մանե՛ ջան, կներես, բայց մատյանում չեմ կարող ջնջում անել. նկատողություն կանեն: Ոչինչ, քառորդիդ վրա չի ազդի:

Բայց, միևնույն է, իմ անվան դիմաց գրանցվեց «վեց» գնահատականը, որը ես չէի ստացել: Անարդար էր: Գնացի տուն և մտածեցի. «Ճիշտ էի մտածում, օրս անցավ անիմաստ ու տխուր»:

Հաջորդ օրն արթնանում եմ և մտածում. «Այսօր ամեն ինչ լավ է լինելու, ու երեկվա տհաճ օրը չի կրկնվելու, ես այսօր տուն եմ վերադառնալու շատ երջանիկ»,- ներշնչեցի ինքս ինձ:

Գնացի դպրոց ժամանակին:

-Մանե՛ ջան, ես քո երեկվա «վեցի» կողքին երկու հատ «ինն» եմ ավելացրել, և հիմա հաստատ չի ազդի քո քառորդի վրա, կարող ես չմտածել:

Նախորդ օրն այնքան հոգնած ու բարկացած էի, որ դասերս չէի սովորել: Սակայն, բախտի բերմամբ թե պատահմամբ, ոչ մի ուսուցիչ ինձ դաս չհարցրեց:

Գնացի տուն. մայրիկիս տրամադրությունը լավ էր և թույլ տվեց բակում շատ ժամանակ անցկացնել, այնինչ սովորաբար շատ քիչ էր թողնում: Իսկ երեկոյան եկավ տուն հայրիկս. նա գնել էր կինոյի տոմս, և մենք ընտանիքով գնացինք կինոթատրոն:

Քնելուց ես գոհ էի և համարում էի, որ օրս անցավ շատ հաջող:

Պատահականություն չէ այս ամենը: Ես կարծում եմ` մարդու թե՛ դժբախտությունը և թե՛ երջանկությունը գալիս է ներշնչումից: Եթե մարդ տրամադրված է դրական, նրա համար ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե ամեն ինչին նայի վատատեսորեն, այդպես էլ կլինի:

Մանե Արշակյան, 14 տարեկան

***

Ես ունեմ մի ընկեր: Նրա անունը Հայկ է: Նա երբեք ինձ չի դավաճանում, ինչպես իմ առաջվա ընկեր, բայց հիմա թշնամի Հրանտը: Օրինակ` մի անգամ ես Հրանտին տեսա Կիմի, Վարազդատի, Կիմի եղբոր և 12 տարեկան մի տղայի հետ, այսինքն` իմ թշնամիների հետ: Ես քար գցեցի, Վարազդատը վազում էր, քարն ընկավ նրա կողքը, նա հատուկ ընկավ և լացեց: 12 տարեկան տղան ինձ վրա գոռաց: Բայց իմ ընկեր Հայկը դեռ ինձ պաշտպանում էր, իսկ Հրանտը վախից, որ հանկարծ իր վրա էլ չգոռան, գնաց իրենց կողմից դարձավ: Նրանք գոռալով գնացին, և ես նկատեցի, որ Հրանտը վերջից ասաց.

-Եղավ:

Ու գնացին: Ես շատ էի բարկացել, ուզում էի գնայի և մի լավ դաս տայի նրանց: Բայց իմ ընկեր Հայկը չթողեց: Հաջորդ օրը նրանք առանց 12 տարեկան տղայի, բայց փայտերով, եկել էին իմ հետևից:

-Հայկո՜,- վազելով կանչեցի ես:

-Ի՞նչ է եղել,- գոռաց նա:

-Օգնի՜:

-Հիմա, հիմա:

Ես դեռ մի քայլ չէի արել, երբ նա իջավ:

-Ո՞վ է Նաիրիին նեղացրել,- հարցրեց նա:

-Այս երեքը,- ասացի ես:

-Ի՞նչ է եղել:

Եվ այդ պահին մայրիկս դուրս եկավ մուտքից: Մենք համարյա կռվում էինք, բայց հենց մայրիկս եկավ, ամեն ինչ իրար խառնվեց: Հետո Հայկն ասաց.

-Նաիրի՛, մի հետաքրքիր խաղ:

-Ի՞նչ,- ասացի ես:

-Դա կոչվում է «ցրվում ենք տներով»:

Ես ամեն օր համոզվում եմ, որ ես ու իմ ընկեր Հայկը երբեք չենք կռվի:

Նաիրի Արեգ Հացպանյան, 8 տարեկան304166_180032185408513_939863918_n

***

Ինչ վախենալու կինո եմ տեսնում հեռուստացույցով, միանգամից պատկերացնում եմ, որ իմ շուրջն է: Մի անգամ ես հեռուստացույցով տեսել էի «Օտարները» կինոն: Շատ էի վախեցել, այն աստիճանի, որ ինչ ձեռքս ընկնում էր, բռնում էի ու բաց չէի թողնում: Մտածում էի. «Եթե գան, պաշտպանվեմ»: Նստել էի և սպասում էի օտարներին: Բայց տենց էլ չեկան: Վախով, որ նրանք գիշերը կգան, ես բոլոր խաղալիքներս բերեցի և շարեցի անկողնուս մեջ, նույնիսկ վրաս, որ չնկատեն ինձ: Այդպես ես պաշտպանվում էի: Ես հավատում էի, որ հետևիցս անպայման գալու են:

Գիշերն արթնացա, տեսնում եմ` ոչ մի խաղալիք կողքս չէ: Եվ մտածեցի. «Դե, վերջ, խաղալիքներս տարան էդ օտարները, իսկ ինձ` չէ: Վա՜յ, բա արջուկս, խոզուկս, իրենց էլ տարան»:

-Մամա՜, արի՛ մոտս,- վախեցած կանչեցի ես:

Ոչ ոք ձայն չհանեց:

«Վայ, իմ փոխարեն մամայիս տարան, ի՞նչ անեմ»,- մտածում էի ես: Այնքան մտածեցի, մտածեցի, որ հոգնածությունից քնեցի: Մայրս էլ, որ խաղալիքները տարել էր, իսկ ես չգիտեի, մի հատը` ահավոր դեմքով, վախենալու տիկնիկը, դրել էր աթոռի վրա: Երբ արթնացա, բարձրաձայն ճչացի: Էլ չեմ մտածում օտարների մասին, բայց շատ եմ վախենում խաղալիքիցս: Ես հավատում եմ կինոնկարների սարսափներին:

Մարիա Զաքարյան, 11 տարեկան

***

Ես հավատում եմ, որ երբ մեծանամ, կդառնամ համակարգչային մասնագետ: Դա իմ նպատակն է: Իմ գերագույն նպատակն է դառնալ համակարգչի լավ մասնագետ, ունենալ լավ աշխատանք: Ես դանդաղ, բայց արդեն մոտենում եմ իմ երազանքի իրագործմանը:

Մի անգամ ընկերոջս` Վարազդատի համակարգիչը փչացել էր: Նա փորձել էր ինքնուրույն միանալ ինտերնետին, բայց չէր կարողացել: Երբ ես տեսա նրա համակարգչի վիճակը, սկսեցի ծիծաղել.

-Վրո՛, դե, որ չես կարողանում, մի՛ փչացրու:

-Արմա՛ն, երբ եկա քեզ կանչելու, տանը չէիր, ես էլ որոշեցի ինքնուրույն գործել,- ասաց նա:

-Գոնե գիտե՞ս ինչն ես փչացրել:

-Ի՞նչը:

-Էկրանը:

Դա առաջին անգամ էր, երբ ես սարքեցի ուրիշի համակարգիչ:

Արման Արշակյան, 12 տարեկան

***

-Գավրի՛կ, արի՛ այստեղ, ինձնից մի՛ հեռացիր,- ասում էր քույրս` սենյակում վազվզելով:

Ես զարմացած հետևում էի նրան` մտածելով, թե նա նորից իբր թե մարզվում է:

-Պանի՛, հիմա դու աչքերդ փակի՛ր, որ ես ու Գավրիկը թաքնվենք,- շունչը կտրելով ասաց նա:

Ես նորից նայեցի նրան ու շարունակեցի դաս անել: Քիչ անց դուռը թակեցին: Ես վազելով գնացի, որ բացեմ: Հանկարծ քույրս բղավեց.

-Զգո՛ւյշ, դու տրորեցիր Գավրիկի ոտքը,- ասաց նա և վազեց իմ մոտ` փորձելով թաշկինակով ինչ-որ բան փաթաթել:

-Ի՞նչ է պատահել,- զարմացած հարցրեցի ես:

-Դու տրորեցիր նրա թաթը,- նվնվալով ասաց նա:

-Դու գիժ ես,- ասացի ես և գնացի դուռը բացելու:

Քիչ անց, երբ ես նորից մտա սենյակ, հասկացա, որ Գավրիկն ու Պանին նրա երևակայական ընկերներն էին: Հետո նա ինձ պատմեց իր ընկերների մասին:

-Գավրիկն իմ շունն է: Տե՛ս, թե նա ինչ սպիտակ ու գեղեցիկ է: Սա էլ Պանին է, նա իմ ամենամտերիմ ընկերուհին է: Ես նրանց հետ ծանոթացել եմ Մոսկվայում,- ասաց նա և միացրեց մուլտֆիլմը:304289_180032665408465_1885610445_n

-Լա՜վ,- ասացի ես և շարունակեցի դասերս:

Մի՞թե բոլոր մանուկներն ունեն երևակայական ընկերներ:

Իմ քույրը` Քրիստինեն, ունի նաև բարձ, որի անունը «բարձ մամա» է: Նա այդ բարձի հետ այնքան է կապված, որ նրանից չի բաժանվում թե՛ հաց ուտելուց, թե՛ դաս անելուց, և հատկապես, երբ մեզնից նեղացած է լինում: Մի անգամ նա կոտրել էր մայրիկի ամենասիրած ծաղկամանը:

-Քրիստինե՛, ինչի՞ ես կոտրել ծաղկամանը,- բղավեց մայրս:

-Մա՛մ, այդ ես չէի: Ես ու բարձ մամաս խաղում էինք, երբ նա հանկարծ կպավ ծաղկամանին, և այն ընկավ,- ասաց նա և մտավ սեղանի տակ:

-Այդ ժամանակ ես կծեծեմ քո բարձ մամային,- ասաց մայրս մի քիչ ծիծաղելով:

-Ո՛չ, ո՛չ, ես եմ կոտրել, ծեծի՛ր ինձ, ոչ թե նրան,- ասաց քույրս լացելով:

-Լավ, հանգստացի՛ր,- ասաց մայրս և հեռացավ:

Սակայն հիմա քույրս թե դպրոցում, թե բակում ունի շատ ընկերուհիներ և մոռացել է իր երևակայական ընկերների մասին: Կամ էլ նա արդեն մեծ է` երևակայական ընկերներ ունենալու համար:

Հայաստան Ապրեսյան, 15 տարեկան

***

Ես հավատում եմ, որ բարի մարդկանց երազանքները կատարվում են, և նրանք երբեք ոչ մի փորձանքի մեջ չեն ընկնում: Ես քանի որ բարի եմ ու հասկացող, հավատում եմ, որ մի օր մայրիկս ու հայրիկս ինձ կհասկանան և եղբորս կասեն.

-Վահե՛, գիտե՞ս, Ալիսն արդեն մեծ է: Սրանից հետո քրոջդ կլսե՛ս ու կանե՛ս նրա ասածները:

Իմ երազանքներից մեկն էլ շուն ունենալն է, բայց մայրիկս ասում է, որ մեր տանը երկու հատ շուն կա` ես և եղբայրս, դա իրեն հերիք է: Մեծանամ, անպայման շուն կգնեմ և նրա անունը կդնեմ Ռեքս, ես նրան շատ կսիրեմ և գիտեմ, որ նա էլ ինձ կսիրի: Մարդկանց նախասիրությունները փոխվում են մեծանալիս, բայց ես հավատում եմ, որ իմը չի փոխվի, և ես շուն կունենամ:

Ալիսա Չախալյան, 10 տարեկան

***

Ես հավատում եմ իմ ուզած բաներին: Շատ եմ ուզում, որ այդպես լինի, բայց միշտ չէ, որ այդպես է լինում: Օրինակ` մի անգամ հավատում էի, որ գնալու եմ տուն, հետո գնալու եմ ֆուտբոլի, գոլ եմ խփելու, բայց հետո հակառակը եղավ. գնացի պարապմունքի, տղերքով սպասեցինք, պարապմունք չեղավ, ասացին` չկա պարապմունք: Մի անգամ էլ ուրախ-ուրախ գնացի տուն ու սկսեցի ֆուտբոլ դիտել հեռուստացույցով: Ինքս ինձ ասացի.

-«Աթլետիկո Մադրիդը» 4-0 պիտի կրի:

Վերջին րոպեին նրանք չորրորդ գոլը խփեցին:

Մի անգամ էլ ես գնում էի դասի ու հենց տնից դուրս եկա, մտածում էի, որ դաս չի լինի: Հասա դպրոց, բարձրացա դասարան, ինչպես միշտ` ուշացած: Դասարանում մարդ չկար: Հավաքարարն ասաց` դաս չի լինելու: Երբ հաջորդ օրն էլ եկա դպրոց, չգիտես ինչու, այդ ժամանակ էլ էի ուզում, որ դաս չլինի, բայց հակառակը եղավ. դաս արեցինք, դեռ մի բան էլ ավելի` վերջին ժամին հանրահաշվից ստուգողական գրեցինք, ուսուցչը սովորականից երկար պահեց չվերջացրածներին, նրանց մեջ էի նաև ես: Հիմա չգիտեմ` ինչին հավատամ, ինչին չհավատամ:

Արին Չուլաքյան, 10 տարեկան

***

Մի անգամ ես նամակ էի գրել Ձմեռ պապիկին. «Ձմե՛ռ պապիկ, արի՛ մեր տուն: Ես խնդրում եմ մի մեծ արջ, մեկ էլ մի մեծ նապաստակ»:

Ես նամակը տվեցի մայրիկիս, որ տա Ձմեռ պապիկին: Բայց Ձմեռ պապիկն ինձ ոչինչ էլ չբերեց: Մայրիկն ասաց, որ ես ունեմ արջ էլ, նապաստակ էլ:

Իսկ հաջորդ տարի Ձմեռ պապիկն առանց հրավիրելու եկավ և նվերը թողեց դռան մոտ: Ես շատ ուրախացա, բայց մի քիչ էլ վախեցա, որովհետև ինձ թվում էր, թե Ձմեռ պապիկը թաքնված է նվերի տոպրակի մեջ և ուր որ է դուրս է թռչելու այնտեղից: Բայց իրականում Ձմեռ պապիկն արդեն գնացել էր:

Այդ օրվանից ես հավատում եմ, որ Ձմեռ պապիկ կա:

Լևոն Առաքելյան, 7 տարեկան318572_180032102075188_2110335080_n

***

Ես հավատում եմ, որ կենդանիները խելացի են: Մի անգամ ես ու տատիկս գնացել էինք հյուր: Այնտեղ շուն կար: Նա մեզ լպստում-լպստում էր: Նրա տերը հրամայեց նստել: Նա, ինչպես մարդ, նստեց բազմոցին: Ես զարմացած նայում էի: Դրա համար ես մայրիկիս խնդրում եմ, որ ինձ շուն նվիրի: Ես հավատում եմ, որ իմ շունն ամենախելացին կլինի: Ես նրան կսովորեցնեմ նստել, վազել, կանգնել և մարդուն լսել:

Արամ Մնացականյան, 7 տարեկան

***

Ես փոքր տարիքում նայում էի «Ռենջերներ» հեռուստասերիալը: Ես շատ էի սիրում այդ հեռուստասերիալը և ամեն անգամ սրտի թրթիռով էի սպասում, թե երբ կգա իմ սիրելի ժամը: Չգիտեմ ինչու, այդ ժամը միշտ ուշ էր գալիս: Երբ սկսվում էր «Ռենջերները», ես մի կողմ էի դնում իմ խաղալիքները` տիկնիկները, նստում էի հեռուստացույցի առջև և կլանված նայում, ապրում ամեն մի հերոսի կյանքով: Ես հավատում էի, որ մի օր էլ ես կլինեմ նրանց նման` կփրկեմ աշխարհը:

Ուզում էի նմանվել կապույտ ռենջերին` Մեդիսոնին: Ես կարծում էի, որ նա աշխարհի ամենագեղեցիկ և ամենաուժեղ աղջիկն է: Մեդիսոնը գեղեցիկ էր: Նա միշտ կապույտ հագուստ էր հագնում, և ես այնքան էի սիրում նրան, որ մայրիկիս խնդրում էի ինձ համար կապույտ հագուստ գնել: Մեդիսոնն ուներ ուղիղ, բաց գույնի մազեր, և ես միշտ ցանկանում էի, որ իմ մազերն էլ նրան նման լինեին:

Մի անգամ, երբ ես բակ էի իջել, ինձ զգալով ռենջեր` սկսեցի ոտքով հարվածել պատերին, ասես կռվում էի չար ուժերի դեմ: Բայց ես չէի նկատել, որ հարվածում եմ մեր բակի ամենակռվարար տատիկի` Կիմա տատիկի տան պատին: Նա նայեց պատուհանից և ասաց.

-Մարիա՛մ, էդ ի՞նչ ես անում:

-Վայ, կներե՛ք:

-Ի՞նչ կներեք: Գիտեք` եթե ներողություն եք խնդրում, բոլոր հարցերը լուծվո՞ւմ են: Դե, գնա՛, աչքիս չերևա՛ս:

Բայց երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ դա ընդամենն իմ երևակայությունն է, և ես երբեք ռենջեր չեմ լինի: Դրանից հետո իմ հավատը կորավ ամեն ինչի հանդեպ: Բայց հիմա հասկանում եմ, որ առանց ռենջեր լինելու էլ կարող եմ շատ բարի գործեր անել, և կարծում եմ, որ երբ մեծանամ, կդառնամ աշխարհին պիտանի մարդ:

Մարիամ Թումանյան, 12 տարեկան

***

Ես մի քանի շաբաթ շարունակ պարապում էի մի քննության համար, որն ինձ հնարավորություն կտար սովորելու արտասահմանում: Գիտեմ, շատ պատանիների երազանքն է սովորել այնպիսի արտասահմանյան համալսարաններում, ինչպիսիք են Օքսֆորդը, Քեմբրիջը: Բայց հարկավոր են բարձր գիտելիքներ, որին շատ դժվար է հասնել հանրակրթական դպրոցներում: Եվ ես համարում եմ, որ մի օր այնքան լավ կլինի, որ ամեն ոք կկարողանա սովորել արտասահմանյան համալսարաններում: Իսկ առայժմ մեզ համար արտասահման մեկնելը շատ բարդ է: Խանգարում են փակ սահմանները:  Հարկավոր է աշխարհի երեսից ջնջել բոլոր սահմանները, և ես հավատում եմ, որ դա կլինի: Ես հավատում եմ, որ մի օր Երկիր մոլորակը կդառնա երկնային համաստեղության ամենախաղաղ մոլորակը, ուր մարդիկ կապրեն երջանիկ ու անհոգ: Մեր մոլորակում չեն լինի կրոնական ու ազգամիջյան խնդիրներ: Ես հավատում եմ, որ մի օր բոլորի գերխնդիրը կդառնա փայփայել ու պահպանել մեր մոլորակը: Նախ, չի լինի մարդկանց իրարից բաժանող այդ սահման կոչված գիծը, և ես կարող եմ ապրել ու աշխատել իմ նախապապերի երկրում` Մուշում, ու ոչ մի բան ինձ հեռու չի պահի Երկիր մոլորակի լիարժեք բնակիչը լինելուց: Ես հավատում եմ, որ ինձ համար այդքան ցանկալի օրն անպայման գալու է, ու մենք կապրենք մի երկրում` Երկիր մոլորակում: Եվ ես ազատ, առանց երկար-բարակ մտածելու կարող եմ գրել իմ հետադարձ հասցեն. «Երկիր մոլորակ, ք. Երևան, Մանանա կենտրոն»:

Գայանե Մարտիրոսյան, 14 տարեկան

***

Ես գիտեմ, որ մի օր ամեն ինչ կփոխվի իմ կյանքում, և այդ ամենը կլինի իմ հավատի շնորհիվ: Ես հավատում եմ, որ մի օր մենք կապրենք մի ուրիշ մոլորակի վրա, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ տեխնիկան լավ զարգացած կլինի:

Հավատում եմ ծնողներիս և քրոջս: Ծնողներիս հավատում եմ, քանի որ բացի նրանցից ինձ ոչ ոք չի կարող տալ այն, ինչ ես ցանկանում եմ: Քույրս շատ հավատարիմ, գաղտնապահ մարդ է, և ես կարող եմ իմ բոլոր գաղտնիքները վստահել նրան: Ես դրանում համոզվեցի այն օրը, երբ պատմեցի նրան իմ գաղտնիքը: Մտա տուն, շատ բարկացած էի, ուզում էի ինչ-որ մեկի հետ խոսել, և քույրս հանդիպեց: Ես սկսեցի պատմել, թե ինչու եմ բարկացել.

-Ինձ ընկերուհիս մատնել ա, գիտե՞ս:

-Ի՞նչ ես արել:

-Դասերից փախել էինք, դասղեկը ջղայնացած էր, ու ոչ մեկը չէր կարողանում խոսել: Մենակ Էլենն ասաց, որ ես եմ արել, բոլորին համոզել եմ, որ փախնենք:

Պատմելուց հետո ես հանկարծակի գաղտնիքս ասացի, ու մինչև հիմա ինքը ոչ ոքի չի ասել, ու համոզված եմ, որ չի էլ ասի:

Մի բան էլ կա, որին ես իրոք հավատում եմ. դա իմ բախտն է: Եթե մարդ բախտ չունենա, ապա ապահովված չի լինի իր ողջ կյանքը: Իսկ եթե ունենա խելք, ապա կունենա նաև բախտ և ապահովված կյանք:

Հռիփսիմե Ահարոնյան, 13 տարեկան321058_180032015408530_1921825341_n

***

Ես վառ երևակայություն ունեմ և հավատում եմ, դրան: Իմ երևակայության մեջ ես միշտ լավն եմ, երբեք սխալներ չեմ գործում, բոլորից լավ եմ սովորում: Երբեմն երևակայությունս ինձ օգնում է լավ շարադրություններ և պատմություններ գրել: Ուրբաթ օրը երաժշտականի դասարանով գնացել էինք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Մեզ հանձնարարված էր գրել մեր տպավորությունների մասին: Ես պատկերացնում էի, որ կգրեմ, թե ինձ ամեն ինչ դուր է եկել: Բայց հետո մտածեցի. «Ինչո՞ւ ստել, ինձ ամեն ինչ չի, որ դուր է եկել»: Եվ ես գրեցի անկեղծ: Դասարանում կարդալուց հետո բոլորը ծափահարեցին: Ես շատ ուրախացա:

Այս դեպքից հետո ես ավելի շատ եմ հավատում երևակայությանս` հուսալով, որ այն ինձ կօգնի դառնալ իմ երազանքների Մարիամը:

Մարիամ Նալբանդյան, 10 տարեկան

***

Հավատում եմ հրաշքներին: Հավատում եմ հաջողությանը: Հավատում եմ իսկական ընկերությանը: Չէ՞ որ իրական ընկերը չի դավաճանի: Նրան կարելի է վստահել բոլոր գաղտնիքները և վստահ լինել, որ նա ոչ ոքի ոչինչ չի ասի: Իրական ընկերը կօգնի դժվարության պահին: Նա կարող է լսել քեզ: Իսկ դա այնքա՜ն կարևոր է: Ես հավատում եմ իմ լավագույն ընկերուհուն: Հավատում եմ, որ նա երբեք չի դավաճանի և չի խաբի ինձ: Իմ շատ ընկերներ հիասթափեցրել են ինձ: Ես նրանց համարում էի ինձ շատ մտերիմ և վստահում էի իմ գաղտնիքները: Իսկ նրանք ուղղակի պատմում էին դրանք բոլորին և հետն էլ բամբասում ինձանից: Իսկ Աննան պաշտպանում էր ինձ: Նա հերքում էր բոլոր բամբասանքները, միշտ աջակցում էր ինձ: Հիմա էլ է աջակցում: Ես շատ շնորհակալ եմ նրան դրա համար: Լավ է, երբ կա մեկը, ում կարող ես ամբողջությամբ վստահել:

Հիմա մի քիչ փոխվել է իրական ընկերություն հասկացությունը: Շատերն իրենց ընկերներին ընտրում են հիմնվելով ոչ թե նրա ներաշխարհի վրա, այլ գրպանի: Օրինակ` Մոսկվայում ես ունեի մի ընկերուհի: Նա դասարանում բոլորից լավ էր սովորում: Եվ մի աղջիկ, նույնիսկ ոչ այնքան այդ աղջիկը, որքան նրա մայրիկը, անընդհատ շողոքորթում էր Պոլինային, ցանկանալով, այսպես ասած, «ընկերանալ» հետը: Եվ գիտե՞ք հանուն ինչի: Կասեք` հանուն ընկերությա՞ն: Ո՛չ: Հանուն լավ գնահատականների:

Բայց, այնուամենայնիվ, ես հավատում եմ իրական ընկերությանը: Ես դրանում համոզվել եմ իմ ծնողների, տատիկների ու պապիկների, նրանց ընկերների օրինակի վրա: Նրանք տարիներով ընկերություն են անում և պատրաստ են ցանկացած պահի օգնել ու աջակցել միմյանց: Արդյո՞ք հենց դա չէ իրական ընկերության էությունը:

Վիկտորյա Անանյան, 13 տարեկան

 

Լուսանկարները` «Մանանա» կենտրոնի արխիվից, 1999-2009թ.

Ինչի՞ն եմ ես հավատում

315906_180031988741866_2064483284_n
2009- 2019… Այս օրերին սոցիալական ցանցերը ողողել են տասը տարի առաջ արված լուսանկարներով, ինչպիսին էին տասը տարի առաջ օգտատերերը: Դե, մենք էլ որոշեցինք միանալ այս հետաքրքիր նախաձեռնությանը: Միայն թե լուսանկարների փոխարեն տեղադրում ենք «Մանանա» կենտրոնի սաների տասը տարի առաջ գրված նյութերը: Եվ այսպես, ովքեր կգտնեն իրենց, ուրախ կլինենք լսել նրանց նոր պատմությունները, թե ինչին են հավատում այժմ` տասը տարի անց:

321213_180032638741801_1199040838_n

Ես հավատում եմ մեծերի խոստումներին: Երբ մեր համակարգիչը տուն բերեցին, եղբայրս ասաց.

-Եկե՛ք իմ սենյակում դնենք:

-Չէ՛,- ասացի ես,- գիտեմ, եթե այնտեղ դնենք, դու չես թողնի, որ միացնեմ:

-Չէ՛, չէ՛, ի՞նչ ես ասում, խոստանում եմ` երբ ու ինչքան ուզես, կարող ես միացնել:

Ճիշտ է, ես այնքան էլ չէի հավատում, բայց համաձայնեցի: Անցավ որոշ ժամանակ: Ես կարողանում էի միացնել համակարգիչը և օգտվել, ինչքան ցանկանում էի: Բայց մի անգամ էլ, երբ մոտեցա, որ միացնեմ, եղբայրս վազելով եկավ կողքի սենյակից և չթողեց միացնեմ:

-Էս քո սենյա՞կն է, որ եկել ես, դուրս արի, էլ առանց հարցնելու չմոտենաս, ու եթե ես ասեմ` չէ՛, դու չմտնես այստեղ:

-Բայց…

-Ոչ մի «բայց», դո՛ւրս արի այստեղից:

Մինչև այդ ես հավատում էի մեծերի խոստումներին, ինչ էլ որ նրանք ասեին: Իսկ դրանից հետո ես հիասթափվեցի նրանից, որ նա չկատարեց իր խոստումը, և երբ նույնիսկ ծնողներս ինչ-որ բան էին խոստանում, ես ձեռքս թափ էի տալիս և գնում` մտածելով, որ նրանք էլ եղբորս նման չեն կատարի իրենց խոստումը:

Մի քանի օր հետո մայրս մոտեցավ ինձ և նվիրեց իր խոստացած ժամացույցը, որի մասին ես արդեն մոռացել էի` մտածելով, որ մայրս եղբորս նման չի կատարի իր խոստումը: Ես, տեսնելով իր ձեռքին ժամացույցը, առաջին պահին շատ զարմացա, բայց հետո շատ ուրախացա: Այդ ժամանակ եկավ եղբայրս և ասաց.

-Ես իմ գործերը համակարգչով արդեն վերջացրել եմ, կարող ես միացնել, օգտվել համակարգչից:

Եվ ես այդ օրվանից հավատում եմ, որ եթե ինչ-որ մեկն իր խոստումը առաջին օրը չի կատարում, ուրեմն պատճառ ունի և ժամանակի ընթացքում ուղղում է իր սխալը:

Սիրան Մանուկյան

12 տարեկան

296521_180032678741797_1183787913_n

Ես զզվում եմ մաթեմից` համախումբ, համակարգ, անհավասարում, հավասարում… Ատում եմ… Սակայն ուսուցչուհիս հաստատ գրավորը ստուգելիս այդ ամենը հաշվի չէր առնում և… (Նույնիսկ ամաչում եմ ասել): Երբ դասարանում ասում էինք գնահատականները, որպեսզի ուսուցիչն անցկացնի մատյան, երբ ես իմն էի ասում, բոլորը զարմացած ինձ էին նայում ու ասում.

-Վեներա՛, քեզ չի սազում:

Իսկ ես, վատ զգալով, սկսում էի կատակել: Գնալով ավելի շատ էի ամաչում: Եվ ամոթով էլ ավարտեցի ուսումնական տարին: Ամռան ընթացքում շատ էի աշխատում, որոշել էի նոր ուսումնական տարում ավելի լավ սովորել:

Եկավ նոր ուսումնական տարին: Ամեն ինչ լավ էր ստացվում, մինչև ուսուցչուհին ասաց, որ ինքնուրույն աշխատանք պետք է գրենք մաթեմատիկայից: Մտածելով իմ ապագա գնահատականի մասին` ես սարսափեցի… Որոշեցի մաթեմատիկա սովորել: Բացում էի գիրքը, տեսնում իրար հետևից շարված թվեր, x-եր և y-ներ…Հնչում էր հեռախոսի զանգը, ես չեմ սիրում հեռախոսով երկար խոսել, բայց հիշելով, որ զրույցս ավարտելուց հետո պետք է մաթեմ սովորեմ, երկարացնում էի զրույցս, հետո մի քիչ ինտերնետ էի մտնում, մի քիչ էլ հաց էի ուտում, մի քիչ էլ հայելու դիմաց կապիկություն էի անում, դե, մի փոքր էլ քրոջս հետ էի կռվում և որոշում, որ այսօր շատ հոգնած եմ և պետք է շուտ քնեմ, իսկ մաթեմիս հավասարումը կլուծեմ երևի երազումս: Սկզբից չէի հավատում, որ ես կարող եմ լուծել այդ թվերի «հորձանուտը», հետո սկսեցի ինքս ինձ տրամադրել, որ դա այնքան էլ դժվար բան չէ, և կարծես թե ստացվեց: Առաջ, երբ ընկերուհիս ինձ բակ էր կանչում, միանգամից համաձայնվում էի, առանց մտածելու տնային հանձնարարությունների մասին: Հետո, երբ տուն էի վերադառնում, ինձ սպասում էր հավասարումների մի ամբողջ շարք, իսկ ես անիմաստ ժամանակ էի վատնած լինում բակում: Մի կողմից ինձ կանչում էին հավասարումները` խոստանալով, որ իրենք հեշտ են, և կարող եմ լուծել, իսկ մյուս կողմից` ընկերուհիս հավաստիացնում էր, որ հավասարումները հաստատ ինձ ապագա չեն:

Ինչքան շատ եմ մաթենատիկա ուսումնասիրում ու խնդիրներ լուծում, այնքան ավելի շատ է այն ինձ հետաքրքրում, և ավելի շատ եմ համոզվում, որ ընկերուհիս սխալ է: Եվ գուցե կգա մի օր, որ ես մաթեմատիկոս դառնամ: Ես հավատում եմ, որ մի օր ամեն ինչ կստացվի:

Վեներա Գրիշյան

13 տարեկան

298584_180031838741881_2133809825_n

Տարօրինակ բան, ես հավատում եմ մայրիկիս արած կանխատեսումներին և խրատներին: Սովորաբար, երբ մայրիկս ինչ-որ բան է ասում, ես նրա հետ համաձայն չեմ լինում ու չեմ լսում նրան: Սակայն վերջում համոզվում եմ, որ նա ճիշտ էր, բայց արդեն ուշ է լինում:

Մայրիկս ասում էր.

-Իննա՛, լա՜վ, էլի, այդ Մարիամի հետ մի՛ շփվիր, նա քեզ ընկերուհի չի…

-Չէ՛, մամա՛, ինքը լավ աղջիկ ա, ինձ լավ ա վերաբերվում, ու ես հետը շատ մոտիկ եմ:

Մի քանի ամիս հետո.

-Մա՜մ,- ամոթից կարմրած դեմքով ասացի ես,- Մարիամի հետ եմ կռվել…

-Որ ասում էի` մի՛ շփվիր: Տեսա՞ր:

-Է՜, դե… Անպայման պիտի էնպես անես, որ ինձ վատ զգա՞մ,- պատասխանեցի ես:

-Լավ, ասա՛, ի՞նչ ա եղել:

-Ի՛, լրիվ գժվել ա, դեմքս կարմրել էր, ասում ա` կարմրաթշիկ գեղցի… Հետո էլ ինտերնետով իրար վիրավորել ենք վերջին խոսքերով:

-Է՜խ, Իննա՛, Իննա՛…

Նույն բանը կրկնվեց մեր դասարանի Մարիի հետ: Ու, իմ կարծիքով, ուզում է կրկնվել Լաուրայի հետ:

Մի դեպք էլ պատմեմ: Մորաքույրս պետք է երեխա ունենար, իսկ ես ու մայրիկս գրազ էինք եկել: Ես ասում էի, որ աղջիկ է ծնվելու, իսկ մայրիկս ասում էր` տղա: Ի վերջո տղա ծնվեց` Տիգրան անունով:

Եվ ընդհանրապես, շատ դեպքերում մայրիկս ճիշտ է լինում: Ես հավատում եմ նրա կանխատեսումներին ու խրատներին:

Չգիտեմ, որ մի չգրված օրենքով, ես պետք է այս ամենից դաս քաղեի ու միշտ հավատայի մայրիկիս ասածներին: Սակայն ես համառ եմ ու մինչև ինքս իմ կաշվի վրա չզգամ, մինչև չընկնեմ անհարմար ու վատ դրության մեջ, մայրիկիս խոսքերը չեմ հիշի: Ու ի՞նչ իմանամ, միգուցե այսօր էլ լիքը սխալ բաներ եմ անում, որոնց համար մայրիկս զգուշացնում էր, ու միգուցե օրերից մի օր սրանց համար էլ զղջալու եմ…

Իննա Ազնաուրյան

14 տարեկան

293909_180031858741879_64461088_n

Ես, ընդհանրապես, ամեն ինչին հավատում եմ: Ինձ շատ հեշտ է համոզել և նույնիսկ խաբել: Իմ մայրիկն ու հայրիկը հաճախ են ինձ հետ կատակներ անում` իմանալով իմ այդ բնավորությունը: Մի օր ցերեկը ես պառկել էի քնելու: Ես շատ երկար էի քնել, և մայրիկս չգիտեր, թե ինձ ինչպես արթնացներ: Արդեն երեկոյան ժամը ութն էր: Սկսել էր մթնել: Մայրիկս նստեց կողքիս և շշուկով ասաց.

-Դավի՛թ, վե՛ր կաց, ժամը ութն ա, դասից արդեն ուշանում ես:

Ես միանգամից վեր կացա, նայեցի ժամացույցին, հետո պատուհանից դուրս նայեցի: Ինձ թվաց, թե առավոտվա ժամը ութն է, և նոր է սկսում լուսանալ: Ես սկսեցի արագ-արագ հագնվել և չէի հասկանում, թե ինչու են մայրիկս, հայրիկս ու քույրիկս ծիծաղում: Երբ հասկացա, որ կատակ են արել, սկզբում բարկացա, բայց հետո սկսեցի ծիծաղել: Մայրիկս իրեն մեղավոր էր զգում: Նրա մտքով չէր անցնում, որ ես կհավատայի իր ասած ամեն խոսքին:

Դավիթ Սողոյան

10 տարեկան

293642_180031895408542_501976323_n

«Ուղարկի՛ր SMS 1900 համարին և ստացի՛ր հորոսկոպի քո նշանին համընկնող տեղեկատվություն: Եթե խոյ ես, ուղարկի՛ր 01, եթե…»:

Ընկերուհուս հետ այդ գովազդը լսելուց հետո ես ուղարկեցի հորոսկոպի իմ նշանին համընկնող թիվը, ուզում էի ստուգել, թե ճի՞շտ են կանխատեսում: Ինձ եկած հաղորդագրությունից հետևում էր, որ ես այդ օրը պետք է հանդիպեի կամ զրուցեի «իմ կյանքի ընկերոջ» հետ: Ես ընկա մտորումների մեջ և…

-Սո՜ւտ ա, ինքը բանակում ա,- բղավեցի ես կողքս նստած ընկերուհուս վրա` չհասկանալով, որ նա ընդհանրապես մեղավոր չէ իմ բարկության համար:

Ես, հիշելով, որ նա` «կյանքիս ընկերը», հեռու է ինձանից, շատ տխրեցի, արդեն հուզվում էի, երբ ընկերուհիս ասաց.

-Մե՛ր ջան, լա՛վ, հանգստացի՛ր, արի՛ գնանք ման գալու, մի քիչ կցրվես…

Դուրս եկանք, ահագին քայլեցինք, և ես փոքր-ինչ հանգստացա: Արդեն նույնիսկ չէի էլ հիշում հին մտքերիս մասին, չաչանակ ընկերուհիս մտածելու ժամանակ էլ չէր թողնում:

-Լսո՞ւմ ես, Մե՛ր, ես էլ հարցրի` ո՞րն էր իմաստն ինձ էդ SMS-ն ուղարկելու…,- և այսպես շարունակ:

Հանկարծ մեկն ինձ կանչեց.

-Մերի՛, բարև:

Ես շրջվեցի և…

Այդ օրվանից ինձ մոտ եղած գումարն օգտագործում եմ հեռախոսս վերալիցքավորելու համար, քանի որ ամբողջ գումարս վատնում եմ 1900 համարին SMS-ներ ուղարկելով:

Մերի Սիմոնյան

14 տարեկան

303259_180032278741837_1053895088_n

Մի օր գնացել էի տատիկիս տուն և այդ օրը մնացել էի այնտեղ: Հանկարծ գիշերը տարօրինակ ձայն լսեցի և գնացի դրա ուղղությամբ: Հայտնվեցի տատիկիս սենյակում: Նա քնած տեղը խոսում էր: Ես վախեցած ասացի.

-Տատի՛, տատի՛, արթնացի՛ր:

Իսկ նա նորից խոսում էր:

-Տատի՛, տատի՛, արթնացի՛ր,- նորից ասացի ես:

Երբ արթնացավ, հարցրեցի.

-Տատի՛, ի՞նչ ա եղել:

-Գնալու ենք Վանաձոր հարսանիքի,- ասաց տատիկս:

Հաջորդ օրը մայրիկիս զանգահարեց Դոնար տատիկը և հրավիրեց իր որդու հարսանիքին: Այդ օրվանից հետո ես սկսեցի հավատալ տատիկիս երազներին, բայց իմ երազներին` ոչ: Երբ առավոտյան արթնանում եմ, նույնիսկ չեմ հիշում` ինչ երազ եմ տեսել: Բայց երբ տատիկս իր հերթական երազն է պատմում, ուշադրությամբ նստում լսում եմ և հավատում, որ այդ ամենը կատարվելու է: Բոլորն ինձ ասում են, որ այդ ամենը հիմարություն է: Միգուցե երբ մեծանամ, այլևս չեմ հավատա երազներին, բայց մեկ-մեկ զուգադիպություններ են լինում, և երազները կատարվում են:

Տաթևիկ Դավթյան

11 տարեկան

317269_180031685408563_532814094_n

Իմ հայրիկը ջութակահար է: Մի անգամ, չորս թե հինգ տարեկանում, ես գնացի հայրիկիս համերգին: Նրանք նվագում էին մի երաժշտություն: Այնքան բարձր էին նվագում, իսկ հանդիսատեսը ծափահարում էր: Ես էլ էի ծափահարում: Ինձ շատ-շատ էր դուր եկել: Ես նստած էի առաջին շարքում: Երբ ես լսեցի ոնց էր հնչում ջութակը, ուզեցի նվագել ջութակ, բայց հայրիկս ասում էր, որ դժվար է նվագել ջութակ: Մի անգամ, երբ տատիկս տուն եկավ, հետը ջութակ բերեց, և ես շատ ուրախացա: Մի անգամ էլ ես բեմ կբարձրանամ հայրիկի փոխարեն և կնվագեմ ջութակ, ու իմ փոխարեն դահլիճում հայրիկս նստած կլինի:

Եվա Ասատրյան

7 տարեկան

311955_180032078741857_98860268_n

Ես հավատում եմ, որ եթե Աստծուց ինչ-որ բան խնդրես, քո խնդրանքը կկատարվի: Օրինակ` մի անգամ ես բնագիտությունից թեստ պետք է գրեի: Ես անընդհատ պարապում էի, բայց երբ մայրիկս հարց էր տալիս, ես չէի կարողանում պատասխանել: Դրա համար քնելուց առաջ ես միշտ աղոթում էի, որ թեստը լավ գրեմ: Եվ երբ կարդացի հարցը, որի պատասխանը միշտ մոռանում էի, թեստի օրը հիշեցի: Աղոթքներս օգնեցին: Դրա համար էլ հավատում եմ Աստծուն:

Մի դեպք էլ հիշեցի: Ես վերջերս եղբայր ունեցա: Եվ մինչ նրա ծնվելն աղոթում էի, որ նա ալերգիա չունենա իմ, եղբորս, մայրիկիս նման: Ես խնդրում էի. «Թո՛ղ, որ եղբայրս առողջ լինի»: Երբ եղբայրս ծնվեց, մայրիկն ու հայրիկը տարան նրան բժշկի: Բժիշկն ասաց, որ նա ալերգիա չունի: Տեսա՞ք, որ այստեղ էլ աղոթքներս օգնեցին:

Մարիամ Հերգնյան

9 տարեկան

304027_180031815408550_141708636_n

Ծաղիկները խոսում են մեզ հետ` հավատում եմ: Աստղերը ժպտում են ինձ` հավատում եմ: Անձրևը երջանկություն է բերում` հավատում եմ: Հարազատներս ինձ սիրում են` հավատում եմ: Հավատում եմ հեքիաթներին, հավատում եմ, եթե լավ վերջաբան են ունենում: Հավատում եմ, որ խաղալիքները նույնպես կենդանի են, այդ պատճառով լավ եմ խնամում նրանց: Հավատում եմ, որ իմ մեջ կա մի «ձայն», որը միշտ խոսում է ինձ հետ, երբ ես մենակ եմ: Նույնիսկ Ձմեռ պապիկին եմ հավատում: Եվ ամենակարևորը, հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես հավատում եմ ամեն ինչի, ինչի ուզում եմ հավատալ:

Շատերը հարցնում են` հավատո՞ւմ եմ Աստծուն կամ այլմոլորակայիններին կամ էքստրասենսներին: Ես չգիտեմ, չեմ կարող հավատալ կամ չհավատալ այն բաներին, ինչին նույնիսկ մեծերը բացատրություն չեն կարող տալ: Հասկանում եմ, որ կա մի ինչ-որ գերբնական ուժ, որի առաջ մարդ անզոր է, բայց ինչ է դա` ես չգիտեմ: Բայց ես ուզում եմ հավատալ, որ դա բարի ուժ է և կփրկի իմ հարազատներին:

Լուսինե Ղազարյան

14 տարեկան

304171_180031802075218_26955073_n

Ես հավատում եմ իմ երևակայությանը և իմ հնարած պատկերներին: Լինում են դեպքեր, երբ սարսափ գրելուց հետո նրանցից մի քանիսին տեսնում եմ խավարի մեջ: Եթե չկարողանայի օգտվել իմ երևակայությունից, ապա չէի կարողանա նրանց պատկերացնել, տեսնել, հավատալ և այդ ամենը հանձնել թղթին: Ես հավատում եմ երևույթներին, որոնք երևակայությանս վառ արդյունքներն են, բայց ես հավատում եմ դրանց այնքանով, որքանով նրանք պատկանում են ինձ: Բայց եթե չկարողանամ կառավարել նրանց, միգուցե մի օր ե՛ս նրանց պատկանեմ: Դա իմ աշխարհն է և անտեսանելի է ուրիշներին ու գոյություն ունի միայն ինձ համար: Դա իմ երևակայության աշխարհն է, որին ես հավատում եմ:

Կարեն Սուքիասյան

15 տարեկան

298650_180032245408507_451187403_n

Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր ասում են, թե իրենք ոչնչին կամ ոչ մեկին չեն հավատում, իսկ ես չեմ հավատում նրանց: Ինձ թվում է, որ չի կարելի ապրել առանց ինչ-որ բանի հավատալու: Ամեն օր մարդիկ դուրս են գալիս տանից, նրանց հետ կատարվում են տարբեր իրադարձություններ: Նրանց կյանքն ամեն օր ընթացքի մեջ է, և չհավատալ ինչ-որ մեկին նշանակում է այդ ընթացքը մենակ ապրել: Միգուցե նրանք հավատում են, բայց ամաչում են բարձրաձայնել այդ մասին: Եվ այդ հավատը կարող է ամենապարզից մինչև ամենաբարդ ու անբացատրելին լինել: Օրինակ` երբ փոքր երեխաներն արդեն պատանի են դառնում, ավելի մեծահասակ երևալու համար ասում են, թե իբր չեն հավատում Ձմեռ պապիկին, բայց սրտի խորքում նրանք, իհարկե, հավատում են նրա գոյությանը: Կարող եմ նաև իմ օրինակը բերել: Ես արդեն տասը տարուց ավելի է` ամեն կիրակի հաճախում եմ եկեղեցի և անգամ չեմ էլ հիշում, թե երբ եմ սկսել հավատալ Աստծուն: Այնպիսի տպավորություն է, որ ես Նրան հավատացել եմ ամբողջ կյանքիս ընթացքում: Բայց երբ սկսեցի դպրոց հաճախել, թաքցնում էի իմ հավատը: Ինձ թվում էր, որ ինձ կհամարեն տարօրինակ կամ ուղղակի չեն ընդունի: Բայց հետո հասկացա, որ ամաչելու ոչինչ չկա, և եթե ես հավատում եմ ինչ-որ մեկին, ուրեմն թաքցնել պետք չէ, չէ՞ որ դա իմ ընտրությունն է:

Բացի Աստծուց, ես հավատում եմ նաև իմ ծնողներին, ընկերներին և այլն: Իմ ամենամտերիմ մարդկանցից մեկն իմ քույրն է: Նա ինձ երբևէ չի խաբել, և ես վստահում եմ նրան իմ բոլոր գաղտնիքները: Ես չեմ հավատում կամ ընդունում նրա բոլոր ասածները, բայց շատ ժամանակ նրա կարծիքը համընկնում է իմ կարծիքին, և ես հավատում եմ նրան, քանի որ նա նման է ինձ: Ու բացի այդ, չէ որ նա իմ ավագ քույրն է, և երբ ես փոքր էի, առանց կասկածելու ու քննարկելու ընդունում էի նրա ասած ամեն բառը:

Շողակաթ Մուրադյան

14 տարեկան

304166_180032185408513_939863918_n

Անցյալ տարի ես քննություններ էի հանձնում, որոնք շատ բարդ էին: Սակայն ես ամենից շատ սարսափում էի անգլերեն քննությունից, որին պատրաստվելու համար ունեի ընդամենը մեկ ամիս: Ես պետք է գրեի քսան պատմություն և սովորեի պատմել տարբեր թեմաներով` Լոնդոն, Մեծ Բրիտանիա, իմ սիրած գրողը և այլն: Սկզբում ես ամբողջ դասարանով և դպրոցով ընկած փնտրում էի այդ պատմությունները, և ինձ կմնար միայն անգիր սովորել: Առաջին հերթին ես զանգահարեցի ընկերուհուս:

-Բարև, Լո՛ւս:

-Բարև:

-Լո՛ւս, կարո՞ղ ես քո պատմությունները տալ քսերոքս անեմ:

-Տա՛թ, չեմ կարող, նույնը կլինի, համ էլ, ես էլ պետք է պարապեմ:

Նրա մերժումը ստանալուց հետո զանգեցի ուրիշներին, սակայն նրանցից ամեն մեկը պատճառ էր բերում, և ես, հուսախաբ եղած, այդպես ապարդյուն վատնեցի 15 օր: Ես հասկանում էի, որ շատ քիչ ժամանակ էր մնացել ինձ, և ես այդպես փնտրելով ոչնչի չեմ հասնի: Շատ էի ուզում աշխատել ինքս ինձ վրա և սկսել գրել ու սովորել, բայց դա այնքան դժվար էր: Ես չգիտեի` որտեղից սկսել և վերջացնել: Փորձում էի իմ մեջ ուժ գտնել և գրել: Եվ սկսեցի գրել առաջին պատմությունն ու զգացի, որ դա այնքան էլ դժվար չէ, պարզապես ես էի ծուլանում: Ես հասկացա, որ սխալ եմ վարվել` հավատալով ուրիշներին, թե նրանք պետք է ինձ օգնեին: Ես քննությունս շատ  լավ հանձնեցի, քանի որ հավատացի իմ ուժերին:

Տաթև Հակոբյան

15 տարեկան

306916_180032605408471_575876949_n

-Սե՛դ, եթե քեզ ասեին, որ մի տարի դասից ընդհանրապես չպիտի բացակայես, ամեն օր բոլոր դասերդ պետք է անես, հանրն էլ հետը, ու չպիտի դասից ուշանաս, բայց քեզ մի հատ վերջին շարքերում Ջեքսոնի համերգի տոմս տան, կանեի՞ր:

-Ես հանրից լրացուցիչ վարժություններ էլ կլուծեի, մենակ մի հատ տոմս տային:

-Սե՛դ, բայց վերջին շարքի համար, որտեղից համարյա բան չի երևում, էլ ի՞նչ իմաստ ունի քո գնալը:

-Ես հետս հեռադիտակ կվերցնեի ու շատ լավ էլ կերևար,- արդեն երազանքների գիրկն ընկնելով` ասացի ես:

-Չեմ հավատում: Պատկերացնո՞ւմ ես, ամեն օր բոլոր դասերդ անես, պարապմունքներն էլ հետը, համ էլ չես հասցնի,- ամեն կերպ փորձում էր ինձ մտափոխել Մերին:

-Կհասցնեմ: Գիշերն ուշ կքնեմ, առավոտն էլ շատ շուտ կարթնանամ:

-Հա՛, բայց մի տարի՞: Չէ՛, միևնույն է, չեմ հավատում:

-Բայց ինչի՞ չես հավատում, ինչ է, դու չէի՞ր  անի:

-Ո՞ւմ համար, Ջեքսոնի՞,- զարմացած հարցրեց իմ շատ լավ դասընկերուհին` Մերին:

-Չէ՛, քո շատ սիրելի երգիչ Արամեի:

-Բայց ի՞նչ իմաստ ունի այդքան ինձ տանջեմ, ես հենց համերգ ա լինում, որտեղ Արամեն մասնակցում ա, շատ հեշտ տոմսը վերցնում եմ ու գնում, այն էլ` մեջտեղի շարքերի տոմս: Էնպես որ, դու քո մասին մտածի՛:

-Ես մտածելու բան չունեմ: Մի օր հաստատ կգնամ:

Անցավ երեք ամիս: Ես վայելում էի հունիսի քսանվեցի առավոտը ու բոլորովին չէի մտածում արթնանալու մասին: Հեռախոսս զնգաց: Ես վախեցած վերցրեցի հեռախոսը:

-Ալո,- քնած ձայնով ասացի ես:

-Սե՛դ, բարև, Մերին ա:

-Գժվե՞լ ես, ինչի՞ ես էսքան շուտ զանգել:

-Սե՛դ, ամբողջ Ամերիկան գիշերը չի քնել, իսկ դու… Հետո էլ ասում ես` ամենաշատը Ջեքսոնին եմ սիրում:

-Մե՛ր, ի՞նչ է եղել:

-Հեչ… Ուղղակի ինձ թվում ա, որ երազանքդ էլ չի կարող կատարվել, դու էլ չես կարող գնալ Ջեքսոնի համերգին, բա՜:

Առավոտյան ժամը ութն էր, երբ ես հեռուստացույցի առաջ նստած` CNN էի նայում: Ճիշտ է, ես անգլերեն այդքան էլ լավ չեմ հասկանում, դե, այսինքն` բացի «Michael Jackson dead» և ներքևում գրած «Breaking News»-ից ուրիշ ոչինչ չէի հասկանում, բայց միևնույն է, ողջ օրը CNN էի դիտում: Ես իսկապես շատ էի տխրել:

Ճիշտ է, Մայքլ Ջեքսոնը վախճանվել է, ու ես այլևս չեմ կարող մասնակցել նրա համերգին, բայց փոխարենը հավատում եմ, որ մի օր կգնամ Ամերիկա ու անպայման իր աստղի մոտ թարմ ու գեղեցիկ ծաղիկներ կդնեմ:

Սեդա Խուբլարյան

14 տարեկան

(Շարունակելի)

Լուսանկարները` «Մանանա» կենտրոնի արխիվից, 1999-2009թ.

302215_180031755408556_106200689_n

jenya yeghikyan

Լարային ջութակից մինչև ֆրանսերեն

(Ֆելիետոն)

Իմ երաժշտական ընդունակությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ լոգարանի «բեմը» սկսեց ինձ չգոհացնել։ Ծանր հիասթափություն էի ապրում լոգարանից դուրս գալուց հետո. «Դե լավ, երևի համերգի ժամը չգիտեն»,- երբ հյուրերս ուշանում էին` սփոփում էի ինձ։

Տան անդամները սիրտս կոտրում էին, ախր, չէ՞ որ ես երգում էի, ականջակալները ինչո՞ւ են ականջներդ կալել։ Լավ է երաժշտական գործիք նվագել չգիտեմ, թե չէ մեր տանը միակ լավ ձայն հանողը սեղանն է, այն էլ բացի դհոլից ուրիշ կերպ օգտագործել չի լինի։ Դե դհոլը ինձ ի՞նչ, իմը ջութակն է, որի գլխին առանց հարվածելու էլ ձայներ կհանի, այն ջութակը, որի միայն ձայնն եմ լսել:  Ջութակը, որին անգամ չեմ էլ դիպչել, հեռվից հեռու ընդամենը «օդային» եմ արել և ասել` մինչ հանդիպում։ Ասել եմ, որ իրեն կծանոթացնեմ իմ ձեռքերի հետ, շա՜տ մոտիկից, մի քիչ ընկերություն անեն, ի՞նչ իմանաս, մի օր էլ իրենց կողքին նոր գործիք կկանգնի։ Համ կնվագեմ, համ էլ կերգեմ, բա ո՞վ պարի։

Չնայած նրան, որ երեք տարի հաճախել եմ, առիթների ժամանակ տեղում կանգնած օրորվելուց բացի ուրիշ ոչինչ չեմ կարողանում: Հա, մեկ-մեկ էլ ծափ եմ տալիս, իբր դա էլ ինքնուրույն եմ սովորել, առանց պարուսույցի, ընդունակ եմ, չէ՞։

Հասկանալով, որ այդ բոլոր ասպարեզներում ես այդպես էլ ասպարեզ դուրս չեմ գա՝ սկսեցի հետաքրքրվել լեզուներով։ Ֆրանսերենը իմ տարերքն էր, և երբ ինձ հարցնում էին, թե ինչ ես ուզում դառնալ, լեզվաբա՞ն, ես ասում էի, որ արդեն դարձել եմ, ուղղակի լեզվանի, ոչ թե լեզվաբան։ Դա իմն էր, ֆրանսերենը ոտքից գլուխ իմն էր, այ հիմա կարող եմ ասել, որ ինձ զգում էի, ինչպես ձուկը ջրում։
Ես հետաքրքրվում էի բոլոր օտար լեզուներով, անգամ այն լեզուներով, որոնք օտար էին ինձ։ Քիթս շատ էի մտցնում օտար լեզուների մեջ, բայց ֆրանսերենը դեռ «էն գլխեն» իմն էր։ Արդեն հասկացա, որ ֆրանսերեն սովորելով ուրախությունից կարող եմ պարել, կերգեմ ֆրանսերեն երգեր, իսկ ջութակս էլ կսպասի։

Վերջապես բոլորը համատեղեցի։ Ամեն բան սկսվեց ֆրանսերենից, պտտվեց դրա շուրջը և ավարտվեց հենց նույն կետում։ Ես կշարունակեմ ուսումնասիրել քեզ ու ինձնով անել, ուղղակի մտքովս անցար` չհասցրի բռնել, որոշեցի հանձնել թղթին։

50120753_605435963231093_1755291544044175360_n

Անիմատորները գաղափարական մարդիկ են, ողորմություն չեն ընդունում

50644024_2299669560310579_450600635524448256_nՄեր հյուրն է ռեժիսոր-անիմատոր Նաիրա Մուրադյանը

-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ անիմատոր:

-Որովհետև նույնիսկ չեմ հիշում երբվանից` նկարում էի: Ծնողներս էլ նկարիչներ էին, ու ես չեմ զգացել, երբ եմ սկսել նկարել, միշտ նկարել եմ: Իսկ մուլտեր, երևի բոլոր երեխաներն էլ սիրում են, ու ես հասկացա, որ անիմացիան այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել: Ծնողներս լուրջ նկարիչներ էին, ու ինձ թվում էր, որ ես չեմ կարող այդպիսինը դառնալ, ու ընտրեցի իմ ուղին՝ որպես անիմատոր: Նաև սիրում էի պատմություններ հնարել: Այդ եկուսն էլ կարևոր են անիմատոր դառնալու համար:

-Որտե՞ղ եք սովորել անիմացիա:

-Անիմացիա սովորել եմ «Մուլտ ցեխ»-ում` Հայֆիլմում: Այն ժամանակ ինստիտուներում չկային առանձին բաժիններ, չկային անիմացիոն խմբակներ: Ավելի շատ խմբերով էին աշխատում, ու գալիս էին նոր մարդիկ, միամում խմբին և սկսում ամենապարզ բաներից: Այդ պարզ բաներից է ներկելը: Այն ժամանակ մուլտիպլիկատից հետո թղթի վրա գծվում էր ուրվագիծը` կոնտուրը, ու դա կատարվում էր անիմատորի կողմից: Գունավորողներն էլ ներկում էին այդ դետալները:50048225_530666694078768_5736916245379284992_n

-Ինչի՞ց է սկսում անիմացիան:

-Անիմացիան սկսվում է պատմությունից: Ինչ-որ մեկին հետաքրքրում է մի թեմա, ու ինքը որոշում է դրա հիման վրա մուլտ նկարել: Ենթադրենք կարդում ես գիրքը և մտածում, թե կարդացածը ինչպես ցույց տալ: Եթե դու ինքդ նկարիչ չես, դու մտածում ես սցենարը ու որոշում նկարելու ոճը. գունեղ ես ուզում, թե գրաֆիկա, դրա հիման վրա էլ, եթե դու ինքդ նկարիչ չես, այլ ռեժիսոր, ընտրում ես քեզ նկարիչ: Նկարչին ցույց ես տալիս որոշ նկարներ, ֆոտոներ,  այսպես ասած, նկարչին «հավեսի ես գցում»: Դրա հիման վրա նկարիչը անում է էսքիզներ: Էսքիզները մի քանի նկարներ են, որոնց վրա պատկերված են հերոսները, տան ձևավորումը և այլն: Եթե ռեժիսորը հավանում է այդ կերպարները, ապա այդ նկարները տալիս է մուլտիպլիկատորին: Մուլտիպլիկատորը շարժում է դրանք: Այսինքն, մուլտիպլիկատորը, ինչ որ իմաստով, և նկարիչ է, և դերասան: Այդ հերոսներին նայելով, նա արդեն պատկերացնում է` հերոսը արագաշարժ է, թե դանդաղաշարժ, ինչ շարժումներն են նրան հատուկ և այլն: Եթե նկարած ֆիլմ է, ինչպես Դիսնեյի, կամ նկարած ռուսական հին մուլտֆիլմերի դեպքում, այսինքն, լավ նկարած պլաստիկ շարժման դեպքում, մուլտիպլիկատորից հետո սկսում է աշխատել «ֆազովչիկը»` փուլավորողը, ով մուլտիպլիկատորի արած հիմնական շարժումների միջև նկարում է մի քանի լրացնող կադրեր: Օրինակ` մարդը կանգնած է և հետո նստեց, այդ կադրերի միջև կան միջանկյալ հինգից յոթ այլ կադրեր, որոնք նկարում է փուլավորողը: Նա թղթի վրայից նկարն անցկացնում է ցելոիդի` թափանցիկ ժապավենի վրա: Հատուկ ներկերի և գրիչների օգնությամբ նկարում է ուրվագիծը: Հետո ուրվագծի հիման վրա նկարում են լրացնող կադրերի ուրվագծերը` «ֆազովկաները»: Նկարիչը որոշում է փուլերի գույները և ուղարկում գունավորողներին:

-Անիմացիոն ի՞նչ տեխնիկաներ կան:

-Շատ են: Նկարածից բացի կա օրինակ, «պերեկլադկայի» տեխնիկա, երբ դետալներով են աշխատում` գլուխը առանձին, թաթիկները առանձին և այլն:  Այդ տեխնիկայով աշխատում է Նորշտեյնը: Դա իմ սիրած ձևն է, ուղղակի ես նույնը անում եմ համակարգիչով: Կա նաև տիկնիկային տեխնիկան, երբ դարձյալ կադր առ կադր շարժում են տիկնիկները և նկարում: Հիմա ամբողջ աշխարհը 3D-ով է անում, և հատուկենտ մարդիկ են, որ կարողանում են հասնել այնպիսի որակի, որ մուլտը ստացվի կենդանի, ոչ թե մահացած մարմիններ լինեն:

Կա նաև անիմացիա ավազով: Այն շատ հետաքրքիր է, ու կատարվում է ապակու վրա: Նաև յուղամատիտներով են անում, ածուխով, այն ամենով, ինչով հնարավոր է նկարել, ու շարժել, ցանկացած բանով կարելի է: Նույնիսկ աղով, խոհանոցում ինչ կա` կարող եք օգտագործել: Օրինակ՝ Նատալյա Միրզոյանը արել էր տարբեր թեյի խոտիկներով, բայց photoshop-ով ներկում էր:50626146_234314490832564_2148662315875041280_n

-Ե՞րբ եք նկարել ձեր առաջին ֆիլմը:

-Որպես ռեժիսոր իմ առաջին մուլտը նկարել եմ «Շողակաթ» հեռուստաընկերությունում 2000 թվականին, երբ արդեն շատ մեծ էի: Միշտ աշխատել եմ ուրիշի մոտ: Ամուսնուս` Յուբիկ Մուրադյանի մոտ նկարիչ եմ եղել: Դե այն տարիներին, երբ լույս չկար, շատ ռեժիսորներ «կորցրեցին» իրենց, չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է անիմացիա անել, եթե լույս չկա: Նաև համակարգչին չէին տիրապետում, իսկ ես շատ շուտ սովորեցի համակարգչով աշխատել և «Շողակաթ» հեռուստաընկերությունում շարք սկսեցի հայկական պոեզիայի հիման վրա… Հին ձայներ վերցրեցի ռադիոյից, օրինակ՝ Վահրամ Փափազյանն է կարդում, Հրաչյա Ներսիսյանը: Չարենց, Դուրյան, Սևակ, Լևոն Շանթ և այդպես յոթ ֆիլմ: Պոեզիայով եմ սկսել անիմացիան:

-Պոեզիա նկարելը Ձե՞ր միտքն էր:

-Այո, ես առաջարկեցի: Հավանեցին, բայց ես դեռ այդքան էլ չէի հասկանում համակարգչից, ու թղթերի վրա նկարում ու կտրտում էի: Չէի մտածել, որ կարելի է ուղղակի սքանավորել նկարները: Գրքերից, ամսագրերից կտրտում էի նկարները, քանի որ այդ անիմացիան կոլաժային էր: Անփորձությունից գրքերից տրտում էի կերպարները ու սքանավորում, այնինչ կարելի էր դա անել առանց կտրտելու: Այդպես մեկի հետ էի անում անիմացիան, հետո սկսեցի մենակ աշխատել: Շատ դժվար է մենակ աշխատել, բայց եթե գիտես անել, ավելի լավ է ինքդ անես: Ինքնուրույն սկսեցի աշխատել «Ճանապարհ» ֆիլմի վրա:

-Իսկ ինչո՞ւ է ավելի լավ մենակ աշխատելը:

-Մի կողմից լավ չէ, քանի որ քեզ «խղճում» ես ու բարդ բաներ չես անում: Իսկ հակառակ դեպքում, պետք է բացատրես, թե դու ինչ ես զգում, ինչ ես ուզում, իսկ դա այդքան էլ հեշտ չէ: Եթե մի բան անում է գործընկերդ, ու քեզ դուր չի գալիս, դժվար է նրան դա ասելը, իսկ ինքդ քեզ կարող ես:49914743_392205041346136_5812150199660838912_n

-Ձեր սիրած անիմատորը ո՞վ է:

-Խիտրուկը («Վիննի Թուխը», «Բոնիֆացիուսի արձակուրդները»), Միաձակին («Ուրվականներից քշվածները», «Քայլող ամրոցը»): Իհարկե նաև Նորշտեյնը («Ոզնին մշուշի մեջ»), ով չտեսնված ռեժիսոր է: Որպես չափանիշ այս երեքն են, որոնց կողքին դեռ ոչ ոք չկա կանգնած:

-Մեկ մուլտով մարդը կարո՞ղ է համարվել անիմատոր:

-Այո, իհարկե, եթե ֆիլմը լավն է: Օրինակ՝ Խիտրուկը 36 տարեկան էր, երբ նկարեց իր առաջին մուլտը՝  «Մի ոճրագործության պատմություն» ու դրանով նա դարձավ ամենահայտնի ռեժիսորներից մեկը: Մինչ այդ նա երկար տարիներ աշխ Ատամանովի և այլոց մոտ որպես մուլտիպլիկատոր: Հետո մեկնել է ռազմաճակատ և պատերազմից հետո դարձյալ զբաղվել է մուլտով: Խորհուրդ կտամ, որ կարդաք նրա գիրքը` «Մասնագիտությունը` անիմատոր»: Կարդացեք նաև Նորշտեյնի գիրքը` «Ձյունը խոտի վրա»:

-Ի՞նչ անձնային հատկանիշներ և մասնագիտական հմտություններ են պետք անիմատոր դառնալու համար:

-Շատ տարբեր են անիմատորները, և չես կարող ասել, թե այս որակը ունես, ուրեմն, վերջ, դու անիմատոր ես:  Կարևորը՝  նստելն է, նստելն ու գործ անելը: Խիտրուկը մի խոսք ուներ` անիմատորի չուգունե հետույքը…

Ընդհանրապես անիմատորները գաղափարական մարդիկ են, ողորմություն չեն ընդունում:

-Իսկ ի՞նչ ազդեցություն են ունենում փառատոները մուլտիպլիկացիայի զարգացման վրա:

-Փառատոն ունենալը քաղաքում շատ կարևոր բան է: Ոչ միայն ֆիլմեր նայելն է կարևոր, այլև մարդկանց հետ շփվելը: Օրինակ, ինձ շատ է դուր գալիս «Կրոկ» փառատոնը, երբ տասներկու օր նավի վրա հավաքվում են անիմատորները, և նավի անձնակազմից բացի ուրիշ մարդ չկա:

-Ըստ Ձեզ, որո՞նք են աշխարհի լավագույն անիմացիոն ստուդիաները:

-Հիմա ստուդիա հասկացությունն ձևափոխվել է: Առաջ անիմատորները հավաքվում էին խմբով ու անում իրենց աշխատանքը: Իսկ հիմա որտեղ որ էժան է մուլտի այս կամ այն պրոցեսը, ուղարկում են այնտեղ: Օրինակ` Չինաստանում անում են գունավորումը: Խմբային հասկացությունը կամաց-կամաց կորչում է, դառնում է արտադրություն: Իսկ հեղինակային ֆիլմերի դեպքում հավաքվում են մի քանի հոգի` նախկին խմբի ձևաչափով:

milena barseghyan

Վափուշիկը իմ

-Վարդ, դու քո «գժի թուղթը» որտե՞ղ ես պահել:

-Ես պահել եմ մկների թակարդի պանիրի մեջ, բա դո՞ւ:

Դպրոցից տուն գնալիս հինգերորդ դասարանում փակ քննարկվում էր էս արտահերթ խնդիրը. ոչ ոք չգիտեր, որ մենք ունենք «գժի թուղթ», ու ամեն անգամ մեր երևակայությունը գործի էինք դնում, որ ասենք, թե որտեղ ենք պահել։ Երկուսիս տատիկներն էլ աշխատում էին հոգեբուժարանում, ու մենք լավ օգտվում էինք էնտեղի բարիքներից` մասուրի հյութ ու մի բերան մեղր-կարագ:

Ամբողջ թաղը գիտեր, որ եթե Վարդուհի, ուրեմն Միլենան էլ հետը:

Ընդամենը մեկ տարեկան էի, որ ինձ մեկուկես տարեկան Վարդս օրորում էր, ու ես չէի լացում: Էդ ժամանակ ինքը Վարդ չէր, Վափուշիկ էր: Անկախ նրանից, թե ով-ինչ էր սիրում-չսիրում, միևնույնն է, մենք երկուսով նույնն էինք սիրում: Եթե Միլենան ուզում է գնալ պարի, ուրեմն Վարդն էլ է պարուհի, եթե Վարդը ուզում է գնալ նկարչության, ուրեմն Միլենան էլ լավ կնկարի, ինչո՞ւ ոչ:

Նույն վարդագույն ժակետից ունեինք ու միշտ առանց պայմանավորվելու հագնում էինք նույն օրը, գնում մարմնամարզության ու էնտեղ խառնում իրար:

Զանգում էի.

-Վարդ, Միլենն ա, կլինի՞ գամ ձեր տուն՝ խաղանք:

Չէր մերժում: Հազար անգամ նույն տուն-տունիկը, դպրոց-դպրոցը, Հաննա Մոնտանան, ճաշ եփոցին խաղում էինք: Մի օր էլ, չգիտեմ որտեղից, նոր խաղ էինք ներմուծել` «հաղորդում-հաղորդում»: Ու լիքը քեֆեր էինք կազմակերպում 200 դրամներով։

Մի օր, բակի մեր չսիրած աղջկան խաբել էինք, ծաղիկներից քամած ջուր էինք տվել հյութի տեղ: Խմեց, նեղացավ, գնաց: Մենք էլ հո ուրախ չէինք մեր իրականացրած օպերացիայի առիթով:

Վարդը, որ գալիս էր մեր տուն, տատիկս ամեն անգամ ասում էր.

-Վարդուհի ջան, բարև, դու էլ ե՞ս քո տատիկի հետ էդպես խոսում։

Դե, ես մի քիչ լեզվանի էի, տատիկս ուզում էր ճշտել ինձնից է, թե` Վարդ-Միլենա նույնությունն է: Վարդը հերքում էր, իրեն փրկում, ինձ գցում կրակը:

Մենք իրարից չէինք հոգնում, օրը քսանչորս ժամ «օդնոկլասնիկով» խոսում էինք, հեռախոսով խոսում էինք, բակում ման էինք գալիս։ Երկուսով սիրահարվել էինք նույն տղային ու կռիվ անելու փոխարեն, երկուսով հիանում էինք իրենով: Մականունը դրել էինք Դալիթա ու ազատ խոսում էինք բոլորի մոտ Մեր Դալիթայից:

Ամեն անգամ Թումո գնալուց, մզկիթի կողքով անցնելիս ավանդական հարցը`

-Վարդ, մզկիթի ներսը դո՞ւրս ա։

-Հա՛, ես չեմ եղել, բայց նկարով տեսել եմ:

Բարձր ծիծաղում էինք:

Վարդի մաման իմ մաման էր, իմ մաման` Վարդինը: Մեր տասնութ տարվա մտերմության ընթացքում մենակ մի անգամ եմ հիշում, որ կռիվ արած լինենք. չխոսեցինք մի շաբաթ, մի կերպ դիմացանք: Հետո հաշտվեցինք, որովհետեւ «բասեին» էին գնել․ Վարդի մաման կանչեց` լողալու: Շնորհակալ եմ, Քրիստ «մամա»։

Իսկ երբ Վարդին հեռախոս էին գնել, իմ ոգևորությունը աշխարհով մեկ էր, ես դեռ չունեի, բայց գիտեի` Վարդինը իմն էլ է:

Գրքույկ էի սարքել շատ փոքր ու ամեն էջին գրում էի Վարդին սիրահարված տղաների անունները ու հպարտանում, որ ես բոլորի մասին գիտեմ. իսկական ընկերուհի եմ: Նորք-Մարաշի հազար ու մի պատ գիտի` Մ+Վ=ԲՖՖ

Մենք ունենք Հեղինե (Ելենա), Սերանուշ. մեր ընկերությունից էլ չկա աշխարհում. վերացած դինոզավրիկների միություն:

Մենք իրար մասին էնքան գիտենք, որ հանգիստ, շա՜տ հանգիստ ինքն իմ կենսագրականը կարող է գրել, ես էլ` իր:

-Վարդ, ես կասեմ՝ բո, դու ասա` հը՞ն, չվախեցա՞ր:

Էս էլ մեր մյուս պլանավորած օպերացիան էր` մի ուրիշ միամիտի գլխին:

Հիմա էսպես իրարից անկախ պատմություններ եմ տեղավորել էս գրածում, թվում է, իրար չեն կապվում, բայց շա՜տ ամուր կապ կա էդ ամենում. մանկության ընկերներ լինելու համար հենց էդ կապից է պետք, որ մենք ունենք:

Բոլորի ներկայությամբ ասում եմ, Վարդ, տասնութ տարի քո տարեդարձին բոլորից շատ ես եմ սպասում, որովհետեւ գիտակցումը, որ էլի մի տարի է ավելանում. վախենալու չափ երջանկացնող է:

Շնորհակալ եմ, հունվար 16։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լույս, լույս զվարթ…