Stella Avetiqyan

Պռճկվես դու, հա՛

Ասեմ՝ ինչու անդրադարձա այս թեմային: Վերջերս ես ու Ղուլինյան Անին՝ դասընկերուհիս, նստած էինք դասի ու թղթերի վրա խզբզում էինք: Ավելի ճիշտ, փորձում էինք ամբիգրամներ ստանալ: Ու ես մի նկար նկարեցի: Հանկարծ հետևիս նստած տղան վերցրեց թուղթն ու նկարի տակ գրեց. «Պռճկվես դու, հա՛»: Անին էլ հետ վերցրեց ու նկարի տակ ավելացրեց մի այլ բարբառային արտահայտություն, և այդպես միտք ծագեց՝ թղթի վրա հերթով յուրաքանչյուրս (ես ու Անին) մեկական բարբառային արտահայտություն գրենք:

Երբեմն այնքա՜ն եմ ուզում անընդհատ խոսել մեր Լոռվա բարբառով ու ասեմ՝ հաճույք եմ ստանում, երբ որևէ տեղ պետք է լինում խոսել այդպես: Հիմա ներկայացնեմ մի քանի արտահայտություն.

Բեզարեցի, է՜- հոգնեցի

Թարգը տո՛ւր – վերջացրո՛ւ

Քոմագ չկա – օգնող ուժ չկա

Յեգին արա՛- արագացրու

Բուսդ բաց չանես – ոչ մեկին ոչինչ չասես

Ըլամաթվիլ մի՛- մի կեղտոտվի

Մի թավուր ես ըրեվըմ – տարօրինակ ես երևում

Քուլփաթիդ հետ արի – ընտանիքիդ (գերդաստանիդ) հետ արի

Պսակվեցինք – ամուսնացանք

Վռազիլ մի՛- մի շտապիր

Քու լաջիվ – հակառակ քո ցանկության

Պռճկվես դու, հա՛- այսինքն, շատ լավն է, համարժեք է զարգանալ բառին։

Ani Ghulinyan

Դյուման և ամառային արձակուրդները

Արտասահամնյան գրականությունից ես ավելի շատ սիրում եմ ֆրանսիականը, չնայած ֆրանսիացի գրողներից միայն Դյումայի գործերն եմ ուսումնասիրել:

Շատ մարդկանց համար պատմական գրականությունը կարող է անհետաքրքիր ու ձանձրալի թվալ, բայց ոչ երբեք Ալեքսանդր Դյումայի հետ:
Համաշխարհային պատմության գրքերում ֆրանսիական Վալուա արքայատոհմի մասին մեկ նախադասությունից ավելի ոչինչ չեն գրում: Դյուման վերցրել ու մի ամբողջ երեք հաստափոր գիրք է գրել այդ արքայատոհմի միայն մեկ թագավորի մասին: Եթե նրա պատմական թեմաներով գրքերից գոնե մեկը կարդացել եք, ասենք՝ «Մարգո թագուհին», ապա անպայման կտեսնեք, որ այնտեղ երբեք չի ներկայացվում ինչ-որ պատմական իրադարձության չոր ու ցամաք նկարագրությունը, այլ ուշադրություն է հրավիրում այնպիսի աննշան փաստերի վրա, որոնք կարող են հետաքրքրություն հաղորդել ձանձրալի թվացող պատմությանը:

Նրա գրքերից անպակաս են դժբախտ սիրո պատմությունները, պալատական ինտրիգները, թագավորները` իրենց բոլոր թերություններով ու առավելություններով, մարդիկ, որոնց ոչ ոք չի ճանաչում, բայց որոնցից ժամանակին ժողովուրդների ապագա է կախված եղել: «Երեք հրացանակիրների» մեջ դ’Արտանյանը մի առիթով ասում է. «Զարմանալի է, թե երբեմն տասնյակ հազարավոր մարդկանց կամ մեծ ժողովուրդների ճակատագրերը ինչ անտեսանելի թելերից են կախված լինում»: Հենց այդ անտեսանելի թելերն է, որ Դյուման ներկայացրել է իր գործերում`մարդիկ,  իրադարձություններ , որոնք անընդհատ փոփոխվող պատմության մեջ վրիպում են պատմագիրների աչքից:

Դյումայի գրքերը կարդալիս գուցե չհայտնաբերեք ամենաճշգրիտ պատմական փաստերը, բայց կգտնեք մի քիչ հումոր, մի քիչ դրամա , ու նաև հաստատ կավելացնեք պատմության ձեր գիտելիքները:
«Մարգո թագուհին», «Կոմսուհի դը Մոնսորոն» ու «45»-ը անգնահատելի պատմական գրքեր են, մի շնչով կարդացվող, կամ հնարավոր ,է միայն տվյալ ժամանակաշրջանով հետաքրքրվողների համար: Պատմականները մի կողմ, բայց  «Կոմս Մոնտե Քրիստոն» չկարդալը մեծ մեղք է:
Դե ինչ, եթե Դյումայից ոչինչ չեք կարդացել, վերցրեք  թվարկածներիցս ցանկացած մեկը ու սկսեք կարդալ, հավաստիացնում եմ. այս գրքերի բովանդակությունը լիովին  արդարացնում է այն հնարավոր ժամանակի կորուստը, որ կարող եք ունենալ դրանք կարդալիս:

Նամանավանդ արձակուրդներն սկսել են:

janna sargsyan lori

Վերջին նամակը

1941թվական, Հայրենական մեծ պատերազմ: Ինչպես գիտեք, մեծ թվով հայեր են մասնակցել պատերազմին: Միշա Գաբրիելյանը նրանցից մեկն է եղել: Միշա պապը պապիս եղբայրն է: 1942թ-ին մեկնել է ռազմադաշտ և չի  վերադարձել: Որոշ ժամանակ առաջ փորձեցի տեղեկություն փնտրել նրա մասին: Շատ փնտրտուքներից հետո գտա նրա ուղարկած նամակներից: Շատ մեծ դժվարությամբ ընթերցեցի նամակները: Դե, արդեն 74 տարի է անցել: Տառերը համարյա ջնջված էին, բայց մի քանի նամակ կարողացա կարդալ: Հիմնականում պատմում է իր առօրյայի մասին, թե ինչ են անում, որտեղ են գտնվում, բարևներ է ուղարկում քույրերին և եղբայրներին, ու ամեն անգամ նամակի վերջում կրկնում նույն նախադասությունը. «Ես հետ եմ գալու, սպասեք ինձ»: Այդպես և ամեն ամիսը մեկ անգամ կամ ավելի ուշ ուղարկել է նամակներ:

Վերջին նամակը, որ ուղարկվել է 1944 թվականին, նորից նույն բովանդակությամբ ու էլի վերջում նույն նախադասությունը. «Ես հետ եմ գալու, սպասեք ինձ»: Այդ վերջին նամակից հետո ոչ պապիս, ոչ մնացած բարեկամներիս նամակ չի ուղարկել: Պատերազմը ավարտվում է, բայց էլի ոչ մի լուր: Անցնում են օրեր, տարիներ, ամեն օրվա հետ հույսը մարում է: Ծնողներիս պատմելով պապիս մայրը միշտ սպասել է իր որդուն: Մինչև վերջին օրը այդ վերջին նամակը ձեռքին սպասելով, որ որդին հետ կվերադառնա:

Պապիկս

-Ծնունդդ շնորհավոր, պապի ջան: 

Բայց պապիկիս պատասխանի փոխարեն տեսա նրա մի կաթիլ արցունքը, որի մեջ կարծես արտացոլվեցին նրա ապրած 80 տարիները: Այնքան բարություն կար նրա աչքերի մեջ, անսահման…

Այսօր պապիկիս 80-ամյակն է: Ինչ հեշտ է, չէ°, մի վայրկյանում ասում ենք՝ 80-ամյակ, բայց այդ 80 տարիները, թե ինչպես են անցել, մենք չենք էլ կարող պատկերացնել: Դեռ փոքր տարիքից պապիկիս շատ եմ սիրել: Հիշում եմ, միշտ ուզում էի գնալ նրանց տանը մնալ` տատիկիս ու պապիկիս հետ: Ժամանակս շատ հետաքրքիր էր անցնում այնտեղ, տարբեր խաղեր էինք խաղում, հետո ինձ համար հեքիաթ էին կարդում ու չէինք էլ հասկանում, թե ինչպես օրն անցավ:

Հիմա, երբ պապիկս 80 տարեկան է, հասկանում եմ, որ նրա հետ անցկացրած ամեն մի վայրկյանս իզուր չի եղել:

seda mkhitaryan

Դե արի՝ հիմա էլ վերնագիր մտածի

Քունս չի տանում… 22:48, մտածում եմ նյութ գրեմ… Հետո, բայց ինչի՞ մասին գրեմ…

Հա, գիտեմ, որ թեմաները կարելի է գտնել, բայց հիմա էս պահին, ինչի՞ մասին կարելի է գրել…

Դե, երևի հայկականի ու հայի՞, կամ ասենք՝ տարակարծության… Երևի քրոջս մասի՞ն, հը՞ն…

Չկողմնորոշվեցի:

Մտածեցի՝ (ասում եմ, ու խաբում ինքս ինձ, որովհետև ոչ մի բան էլ չմտածեցի)։

Վաղը դասի եմ… Երևի շատերդ եք դասի: Լավ է, քնեմ։

Բայց չի ստացվում է, պիտի մի բան գրեմ: Վերջ, Սեդա կենտրոնացի, հիշի ու սկսի…

Հա, ճիշտ է, տրանսպորտ չունենք, հիշո՞ւմ եք՝ ասել եմ, որ նույնիսկ Վանաձոր հասնելու համար պիտի տաքսի վարձես, բայց վերջին մի քանի շաբաթը դա էլ հնարավոր չի: Վերջին տաքսիստը մեկնեց արտագնա աշխատանքի, ու մնացինք էսպես: Քաղաք հասնելու կամ քաղաքից գյուղ հասնելու միակ ձևը «պապուտնի»-ն է, գիտե՞ք՝ դա որն է: Գնում ես, կանգնում ճամփին ու պատահած մեքենայով հասնում տեղ: Կամ՝ կեսը դրանով ես գնում, հետո տրանսպորտը փոխում ես: Կամ հույսդ դնում ես քաղաքաբնակ համագյուղացիների վրա:

Տատիկը էս առիթով ասում ա. «Աշխարհը քանի գնըմ՝ վատանըմ ա: Մի քանի տարի առաջ մենք մեր ավտոբուսն ունեինք, նստինք, գնինք քաղաք, ժամը գիդինք, գեինք եդ՝ մեր տուն… Իսկ հըմի…»

Մի դեպք պատմեմ: Մի օր, ավելի ճիշտ, մի ուրբաթ օր (սա ուսանողների հայրենադարձության օրն է), ուսանող քույրս զանգեց, թե ուզում եմ գամ գյուղ (դե, սա ամեն ուրբաթ կրկնվում է), մաման էլ վարորդներին հերթով զանգեց: Որը զբաղված էր, որը՝ այդ շաբաթ չէր գալու, որն էլ արդեն եկել էր: Քույրս էլ որոշեց գնա կայարան, էնտեղից ավտոբուսով հասնի հարևան գյուղ, ու հետո մի ձևով գա, բայց պարզվեց այդ օրը ավտոբուս էլ չկա:

Պատկերացրեք պատմության ավարտը. հեռախոսի միջից լսվող արտասվախառն ձայն։ Լացելով հետ գնաց մորաքրոջս տուն:

Բայց լավ լուր կա՝ ասում են շուտով մեքենա կլինի, դե մենք էլ հույսներս չենք կտրում:

Շատ լավ, նյութը ստացվեց… 23:08, արդեն քունս տարավ… Հուսամ լավ ստացվեց, չնայած ավելի լավ կլիներ՝ ավտոբուս լիներ, էս նյութն էլ չգրվեր…

Թանգարանների գիշերը Դսեղում

Եթե մեր գյուղի երիտասարդների շրջանում հարցում անցկացնեք, հարցնելով, թե որն է տարվա ընթացքում իրենց ամենասիրած իրադարձությունը, ծննդյան օրվան ու Նոր տարվան գուցե հաջորդի «Թանգարանների գիշեր»-ը: Նախ, մի քիչ պատմեմ միջոցառման մասին. 2005 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

1977 թվականից ի վեր այն իր շուրջն է համախմբում  5 մայրցամաքների 30 հազար թանգարանների և կոչ անում  ամեն տարվա ընտրված խորագրով իրականացնել միջոցառումներ: Այդ օրը թանգարանները բաց են լինում մինչև կեսգիշեր, իսկ 18:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում մուտքն անվճար է: Այս տարի խորագիրը կրում էր «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» վերնագիրը, Դսեղի Թումանյանի տուն-թանգարանն էլ որպես թեմա գրողի տասներկու անդամից բաղկացած ընտանիքն էր ընտրել (նրա 4 տղաներն էլ շուտ են մահացել, մեկը կորել է Վանում, մյուսները դարձել Խորհրդային Միության ռեժիմի զոհը):
Կատարվող միջոցառումների էությունը երեխաների միմյանց հետ շփումն է, Թումանյանի մասին գիտելիքների ավելացումը, հին խաղերի վերհիշումն ու նոր խաղերը՝ հինը հիշեցնելով, ներկայացնելը: Եվ որ ամենակարևորն է, կարելի է մինչև ուշ երեկո մնալ թանագարանում  ու նրա բակում: Ես էլ ամենավերջինն եմ տուն գնում, դե թանագարանին մոտ ապրելն էլ իր առավելությունն ունի: Համաեվրոպական այս միջոցառման մեջ լավ է նաև այն, որ գործում է Եվրոպայի բոլոր հետաքրքիր թանգարաններում:

Եթե դեռ չեք եղել Դսեղում, ու չգիտեք՝ երբ գալ, ապա խորհուրդ եմ տալիս առանց մտածելու այցելության օր ընտրել «Թանգարանների գիշերը»:

meri antonyan

Սպասե՞նք որ

Մեր ծնողներն անհամբեր սպասում են, որ ծնվենք, քայլենք, խոսել սովորենք, գիտակցության գանք: Հենց որ դառնում ենք գիտակից այնքան, որ հասկանանք, թե ինչ է հարմարվելն ու սպասելը, սպասում ենք, թե շուտով կմեծանանք: Մի 10-12 տարի սպասում ենք դպրոցն ավարտելուն, մտածում ենք, թե այդպիսով մեզ համար մեր պստիկ ժամանակվա ցանկությունների իրականացումից մեզ բաժանող դուռը պիտի բացվի: 1-2 տարի մեր մտահորիզոնում տիրորեն հաստատվում է համալսարան ընդունվելու գերխնդիրը: Ավելի մեծ նպատակներ են հաստատվում մեր ներսում, որոնք հիմա կանգառում կանգնած սպասում են համալսարանն ավարտելուն:

Այդ ընթացքում, եթե բախտներս բերում է, մի քիչ ավելի խելամիտ ենք դառնում, գոնե մտքի ծայրով անց ենք կացնում, որ ոչ կախարդական փայտիկով փերի ունենք, ոչ էլ ոսկե ձկնիկ ենք բռնել, ապագայում դրա հույսը չունենք էլ, որովհետև կյանքում ձուկ բռնելու չենք գնում, ենթադրում եմ՝ հասկանում ենք, որ առանց աշխատելու մի սեփական քոսոտ շուն էլ չենք ունենա, սպասում ենք աշխատանք գտնելուն: Աշխատում ենք ու անընդհատ սպասում, թե երբ է ամեն ինչ լավ լինելու, թե երբ են միջոցներն այնքան բավականացնելու, որ կյանքի հոգսը քաշելուց հետո չվախենանք մեր երազանքների կողմը նայելուց: Երբ արդեն հուսահատ ճխլվում ենք բազմոցին ու կոկորդով մեկ հայտարարում ենք, որ հոգնել ենք սպասելուց մեր բարօրությանը, մեր սրտում սպասումը ամենևին էլ բարեխիղճ հյուր չի ձևանում ու նույնիսկ վզից բռնած դուրս շպրտելուց էլ չի հեռանում: Գիտի՝ մենք խղճից թույլ ենք, իրեն դրսում չենք թողնի:

Հիմա էլ վերսկսում ենք սպասումների ցիկլը. սկսում ենք սպասել մի նոր մարդուկի, որ մեր չարդարացած սպասումները կապենք նրա սպասումների հետ ու հիմա էլ տառապենք նրա սպասումների արդարացմանն սպասելով:

Երևի պատճառն այն է, որ նոր բան ձեռնարկելու համար ավելի շատ քաջություն, քան թե միջոցներ են պետք, իսկ մենք վախենում ենք:

Ես էլ եմ վախենում ինքնուրույն, գործնական մարդ լինելուց: Ավելի ճիշտ՝ վախենում էի: Ավելի ճիշտ՝ վախենում էի իր ինքնուրույնությունը խոստովանող մարդու առաջ կանգնող շատ խնդիրներից:

Ես արդեն 19 տարեկան եմ, բայց մինչև հիմա երազանքներս մեկին պատմելիս դեռ մեխանիկորեն ասում եմ «Ես որ մեծանամ…», կեսից հասկանում եմ ասածիս աբսուրդ էությունը, խոսքիս երրորդ վանկից ձայնս կտրուկ իջեցնում եմ, որ ոչ մեկն ասածս չլսի, ինքս իմ մեջ զարմանում եմ, թե քսանամյակիս շեմին կանգնած էլ մինչև ե՞րբ պիտի մեծանամ, որ էլ չասեմ՝ «Ես որ մեծանամ…», բայց ամեն նոր բերանիցս դուրս եկած երազանքի հետ ես նորից սպասում եմ իմ մեծանալուն: Կռիվ եմ անում հետս, թե ես մինչև երբ պիտի ինձ երազներով սնեմ ու նախապատրաստեմ մեծի կյանքին, համոզում եմ ինքս ինձ, որ արդեն բավականին ժամանակ է անցել կյանքը կողքից ուսումնասիրելու ու ապագայի ծրագրեր կազմելու համար, որ արդեն եկել է էդ ապագան ու սպասում է իմ՝ իրեն տված խոստումներս կատարելու, բայց հուսահատորեն հասկանում եմ, որ ես էլ կգիտակցեմ, որ մեծացել եմ, երբ որ ոտքս մի աստիճան բարձր դնելու համար ձեռքով հենարան կամ ուրիշի օգնությունը փնտրեմ, ու երբ ինքս ինձ հարցնեմ, թե առաջին անգամ որ օրը դա կատարվեց:

Այդ ժամանակ երևի ցավով կնկատեմ, որ արդեն անիմաստ է նոր երազանքներ գույներով հագեցնելը, ոչ էլ ուժ կա գոնե հների վրա նստած փոշին մաքրելու, կզգամ, որ դրանք արդեն անպիտան թղթեր են, որոնք գուցե և ժամանակին փայլել են իրենց ճոխ ու հագեցած գույներով, ու երևի կհասկանամ, որ էլ պարապ սպասելու ժամանակ էլ չունեմ, իսկ խելահաս դառնալուց հետո գոնե պիտի սկսեի նպատակներիս շուրջը բզբզալ՝ սպասելու փոխարեն: Անկասկած, անգործությունն արդարացնելու ամենալավ ձևը սեփական մեծանալը չտեսնելու տալն է:

Մտածում եմ՝ մի օր կդադարե՞մ կամ կդադարե՞նք մեր երազանքների իրականացումը մի տեղ ընդունվել-ավարտելու, մյուս կիսամյակի, եկող տարվա կամ հաջորդ երկուշաբթիի վրա գցելուց: Չգիտեմ, անկեղծ ասած, մեծ հույս էլ չունեմ, բայց ես արդեն որոշ բաներ փոխել եմ ու ինչ-որ մանր բաներ սկսել եմ: Երևի մենք պետք է գլխներիս խելք հայտնվելու պահից սկսենք մտածել, թե, վերջիվերջո, ինչին ենք այդքան երկար սպասում, որ գուցե եթե չի գալիս, ուրեմն կա՛մ սխալ բանի ենք սպասում, կա՛մ էլ իրեն իմաց չենք տվել, որ իրեն ենք սպասում: Բայց, այնուամենանիվ, էդ կորած-մոլորած, անհայտ անտերին սպասե՞նք որ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Չոր ու անհարմար ոտքը

Կապվածությունը հոր պապի, կամ մոր տատի հետ հաստատ այնքան ուժեղ չէ, ինչքան օրինակ հոր, մոր կամ տատ ու պապի հետ: Բայց այն օրը, երբ արդեն գիշեր էր, ու մութը իր մեռելային ծանրությամբ ընկել էր քաղաքի վրա, և երբ բոլորը քնած էին, և միայն ես էի արթուն ու քրքրում էի ընտանեկան անցած-գնացած տեսանյութեր ու նկարներ, գտա հորս պապի վիդեոն, նայելիս աչքերս թրջվեցին:

Թեև դեռ վեց տարեկան էի, երբ նա հոգին ավանդեց, և թեև արդեն տասնմեկ տարի է անցել, բայց ես հիշում եմ:

Երբեք չեմ մոռանա նրա մեծ, հաստ և կոշտացած ձեռքերը, որոնցով բռնում էր մեր՝ իմ ու եղբորս ձեռքից ու ման ածում։

Երբեք չեմ մոռանա, որ միայն մեզ էր հիշում այն ժամանակ, երբ նույնիսկ սեփական երեխաներին էր մոռացել։

Երբեք չեմ մոռանա իմ ու եղբորս կռիվները նրա իսկական ոտքի վրա նստելու համար։ Նա մի ոտքը կորցրել էր պատերազմի ժամանակ, պրոթեզ էր, հետևաբար՝ չոր ու անհարմար էր նստելը այդ ոտքին, իսկ առողջ ոտքը փափուկ էր։ Երբ նա իր ծնկներին էր նստեցնում մեզ, ես ու եղբայրս կռվում էինք առողջ ոտքի համար։ Ու միշտ հաշտվող ու խելոք Լիլիթը տեղի էր տալիս իհարկե։ Ի՞ նչ անեի. մեծը ես էի։

Հիմա նման բաների համար կռիվ չէի անի, այլ մի քիչ շատ հարցեր կտայի ու ուղղակի կլսեի նրա ձայնը՝ նստած թեկուզ պրոթեզին։

hovik vanyan dsex

Իսկ ես կարծում էի՝ չեն ճանաչում

Ապրիլի 28-ին, ինչպես 17-ի 200-ից ավելի թղթակիցներ, այնպես էլ ես, Անին, Ստելլան ու Սեդան երկար սպասումներից հետո ճանապարհ ընկանք հեռավոր Դսեղից` պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությանը մասնակցելու:

Որպեսզի ժամանակն արագ անցներ, սկսեցինք «Այլ կերպ» խաղալ: Ընկերներով ճանապարհ գնալը միշտ էլ հաճելի է լինում:

Շատ չանցած, ի զարմանս ինձ, տեղ էինք հասել:

-Անու՜շ,- տասնյակ դեմքերի միջից միայն Անուշին ու Սոնային էի ճանաչում: Գրկախառնություններից հետո փորձում էի գտնել այն ծանոթ դեմքերից, ում հոդվածները միշտ կարդում եմ: Հենց այդ պահին էր, երբ մի աղջիկ մոտեցավ ինձ, մի փոքրիկ թուղթ տվեց ու ասաց, որ մի գեղեցիկ բան գրենք 17-ի մասին: Առաջին բանը, որ մտքիս եկավ. «17.am-ը կյանքն է»…

Ամեն բան շատ հաճելի էր ու ոգեշնչող էր, միայն վատ էր, որ ընդամենը երկու հոգու էի ճանաչում: Դե, քանի որ Անին ու Ստելլան միշտ Միլենայի ու Ինեսայի հետ էին, ես էլ ծանոթացա նրանց հետ ու սելֆիներն սկսվեցին… (Լավ, էս պահը մի քիչ անցնեմ ու հասնեմ մրցանակաբաշխության պահին…)

Անկեղծ ասած, մինչև այն պահը, երբ իմ անունն էլ հայտարարեցին 100 հոգու մեջ, ես չէի էլ պատկերացնում, որ կարող եմ կամ արժանի եմ նրանց մեջ լինել, շատ անսպասելի էր: Չէ որ դասընթացի չէի մասնակցել, ճամբար չէի գնացել, այլ միայն թղթակցություններ էի ուղարկել փոստով:

-Շնորհավոր,- մի քանի կողմերից լսվեց այս հաճելի բառը:

Բայց դա չէր ինձ համար կարևորը, ես սպասում էի, թե երբ են Անիի անունը տալու, որովհետև համոզված էի, որ նա արժանի է:

-Անի Ղուլինյան,- հնչեց հաղորդավարի շուրթերից Անիի անունը, ու այդ ժամանակ արդեն սիրտս տեղն ընկավ:

Դե ինչ, հիմա միայն ինձ մնում է ավելի պարտաճանաչ դառնալ ու արդարացնել 17-ի հույսերը…

Արդեն տանը նստած ամփոփում էի հիանալի օրը, երբ Սեդա Հարությունյանը նամակ գրեց.

-Լավ հասա°ք:

-Ես Երևանում եմ մնացել… Մյուսները լավ են հասել…

-Դե լավ ա: Ափսոս չշփվեցինք, բայց շատ լավ մարդ եք երևում, ձեր նյութերն էլ կարդացել եմ, ձեզ տեսա, ասացի՝ մոտենամ, էն էլ մի քիչ ամաչեցի…

Իսկ ես կարծում էի՝ ինձ ոչ ոք չի ճանաչում: