Փնտրելով հարազատ դեմքեր

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ձմեռվա վերջին ու գարնան սկզբին տրվում է առարկայական օլիմպիադաների մեկնարկը: Վերջին շրջանում դրանցից մի քանիսին մասնակցելով ու նոր միջավայր ընկնելով՝ ռեֆլեքսորեն ծանոթ դեմքեր եմ փնտրում: Այսօր էլ՝ Վանաձորում դիմացս նստողների սանրվածքները ուսումնասիրելիս, մի շատ ծանոթ սարնվածք գտա:

-Գիտե՞ս են աղջիկը ով ա՞:
-Ո՞վ :
-Սպասի անունը հիշեմ: Հա Լիլիթն ա 17-ից,Վանաձորի դասընթացին ենք եղել երկուսով:

Հետո Լիլիթին ձայն տվեցի, որ շրջվի, բնականաբար չլսեց։ Հետո կրկին ու այնքան մինչև շրջվեց: Բայց հենց, որ տեսավ տեսախցիկը պահած նկարում եմ՝ ետ շրջվեց: Ու իմ մոտ ստացվեց այս լուսանկարը, որտեղ Լիլիթը երկրորդ շարքի չորրորդ նստարանին նստած աղջիկն է: Բարեբախտաբար ինքն էլ ինձ էր ճանաչել, պայմանավորվեցինք ավարտելուց հետո դուրս գալ, խոսել, բայց ինչպես սովորաբար լինում են  բոլոր պայմանավորված բաները, չստացվեց:
Ու այսպես, ես 17-ի շնորհիվ ամեն տեղ ծանոթ դեմքեր եմ փնտրոմ ու ամեն անգամ, երբ հեռուստացույցով Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի մասին ռեպորտաժ է լինում, վազում եմ էկրանի մոտ՝ հույսով, որ ծանոթ մարդ կտեսնեմ:

seda mkhitaryan

Բառեր՝ մեր լեզվից

Բարբառները մեր լեզվի աղն են, մեր բառապաշարի հիմքը հենց բարբառային բառերն են։

Ինձ միշտ հետաքրքրել են բարբառները և մանավանդ այն մարդիկ, ովքեր խոսում են բարբառով: Նրանք կոլորիտ են ձևավորում։ Իմ գյուղում՝ Քարինջում, նույնպես բարբառ են խոսում: Ես այսօր ներկայացնում եմ ամենաազդեցիկ ու տպավորիչ բառերը։

Տհե-այդպես

Բաբաթ-նորմալ, համարյա լավ

Բալի-երանի թե, լավ կլինի որ…(օրինակ՝ բալի լըվնանա-երանի լավանա)

Խարաբ- փչացած, չաշխատող, նաև ասում են խելապակաս մարդուն

Ղսմաթ-բախտ, հաջողություն

Ղորթ-ճիշտ, ճշմարիտ

Ղայդա- ձև

Ղայիմ- ամուր, պինդ

Ղմալթի- սուր ծայրով մեծ դանակ

Քյուլփաթ-ընտանիք

Քոմագ-օգնություն

Քյասիբ- աղքատ

Սփաթ- կեպար, պատկեր

Օքմին, իսան- մարդ, անձ

Ույուղ-խրտվիլակ (դրվում է այգիներում թռչուններին վախեցնելու համար)

Դուզ-ուղիղ

Բիրդան-հանկարծակի, միանգամից

Սհաթ- պահ, վայրկյան

Հըմբարել- հաշվել

Փափաղ- գլխարկ

Ըստի- այստեղ

Ընդի- այնտեղ

Դյերիլ-բարձրանալ

Դվերիլ-իջնել

Քյոբառ- այգու ծայրամասը

Սնուռ- կից հողակտորների սահմանը զատող նշանը

Չափար-ցանկապատ

Շըհանց տալ-ցույց տալ

Սոթ տալ- սայթաքել

Մեր կըշտին – մեր մոտ

Ղոչաղ- աշխատասեր

Չայր ու չիման տեղ- կանաչ, անարատ վայր

Չիմ- բոլորը

Ջղիր- արահետ, կածան

Կոթաշաղ- բարակ, առավոտյան անձրև, ցող

Բընջըրըփըսուք – բարակ, մանր ձյուն

Ղիամաթ- սաստիկ ցուրտ

Հըլենհե – հենց այնպես

Ղըփուլ-կափարիչ

Որձակ-աքլոր

Հըլլե հըրես կգա- էսէ կգա, հենց հիմա կգա

hovik vanyan

Ես ուզում եմ դառնալ 17-ի թղթակից

«Բարև ձեզ: Ես միշտ հետևում եմ ձեր թղթակիցների նյութերին ու շատ եմ հավանում դրանք: Ես նույնպես ուզում եմ դառնալ թղթակից: Եթե դժվար չէ, կարո՞ղ եք ասել՝ ինչ պետք է անել դրա համար»:

Հենց այս խոսքերով էլ առաջին անգամ կապ հաստատեցի 17.am-ի հետ: Շատ էի լսել 17-ի մասին ու, քանի որ ապրում եմ Դսեղում, և անձամբ Երևան հասնել չէի կարող,  որոշեցի ես էլ նյութեր գրել և ուղարկել: Անկեղծ ասած, սկզբում մտածում էի, թե հեշտ գործ է լինելու: Առաջին նյութս ուղարկելուց հետո հասկացա, որ դրանք պետք է գրավիչ ու բովանդակալից լինեն: Միշտ, երբ կարդում եմ մյուս թղթակիցների նյութերը, յուրաքանչյուրից փորձում եմ ինչ-որ բան քաղել ու իմ նյութերը հետաքրքիր ձևով ներկայացնել: Ճիշտ է, այսքան ժամանակ ընդամենը 5-6 նյութ եմ ուղարկել, բայց յուրաքանչյուրի մեջ փորձել եմ պահել հետաքրքրությունը: Չգիտեմ, թե որքանով է ստացվել:

17.am-ի թղթակից լինելը շատ պատասխանատու գործ է: 17.am-ը հիանալի հարթակ է երիտասարդների ինքնազարգացման ու ինքնադրսևորման համար: Մասնավորապես՝ ինձ համար, 17-ը նաև ինքնաբացահայտման աղբյուր է, որի շնորհիվ տեսնում եմ իմ դրական և բացասական կողմերը:

marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները. մաս 4

Ահա և շարքի վերջին պատմությունը:

Նախորդ պատմություններում դեպքերը տեղի էին ունենում մեր՝ Սպիտակի շրջանում, սակայն սատանան հո միայն մեր շրջանին չի՞ հատուկ, այն պետք է որ ամենուր լինի:


Եվ հենց այս պատմությունն էլ տեղի է ունեցել Արարատի մարզում, մոտ 1962 թվին: Այն ինձ ժամանակին պատմել է մայրական տատս՝ Նվադ Այվազյանը: Բարի ու հոգատար մի կին, որին սատանան ինչ ջանք էլ թափեր, ոչինչ էլ չէր կարողանա անել: Բայց նա մոտ 17-18 տարեկան աղջիկ էր, երբ այդ դեպքը պատահեց:

-Վանաշենից-Արարատ ոտքով, կարճ ճանապարհով, մածուն էինք տանում ծախելու: Մի պահ նստել էինք հանգստանալու, հանկարծ հեռվից, ոնց որ՝ սար ու ձորերից, անորոշ մի տեղից նվագի ձայներ լսեցինք: Հիշեցինք, որ պատմում էին, թե էդ կողմերում՝ սարերի մեջ սատանաներ կան ու հարսանիքներ են անում, թե խանգարես՝ լավ չի լինի: Էդ որ հիշեցինք, թողեցինք մածունն էլ, մերանն էլ ու մինչև տուն վախը սրտներումս փախանք՝ չլինի, թե էդ անտերները տեսած լինեն ու գան հետևներիցս… Մեզ պատմում էին, թե էդտեղ սատանաներ կան, չէինք հավատում, էդ օրը հավատացինք: Համ էլ ասում էին, թե շատ տգեղ, այլակերպ արարածներ են:

Տատիս պատմած այդ արարածների հետ կապված մի կարծիք էլ կա, որ հնարավոր է նրանք ոչ թե սատանաներ, այլ ինչ-որ թուրք-քրդական խմբեր, վայրի ցեղեր են եղել: 

Ավագ ընկերներիցս Արփինե Ղազարյանն էլ պատմում է իր պապի՝ Շիրակի մարզի Շիրակավան գյուի բնակիչ Մկրտիչ Հարությունյանի պատմածը.

-Պապս պատմում էր, որ իրենց գյուղում մի ժամանակ լուրեր էին տարածվել, թե գյուղում սատանա են տեսել: Իրենց հարևանի տղան էլ մի օր դաշտից տուն գալիս ինքն իր շողքը տեսել ու վախեցել է և որոշ ժամանակ անց, այդ վախի պատճառով մահացել: Պապս պատմում էր, որ այն ժամանակներում՝ սովետի տարիներին, շատ են խոսել ու պատմել չարքերի մասին, դե այն ժամանակ գիտությունը  զարգացած չի եղել ու ինչին չեն կարողացել գիտական բացատրություն տալ, վերագրել են չարքերին:

***

Բայց ինչպես այս, այնպես էլ մյուս պատմությունների տարօրինակ արարածների ով լինելը ոչ ոք չի կարող ասել: Ժողովուրդն իմաստուն է, և նրանց անվանել է ՝ սատանա: Իսկ թե ինչ է այդ «սատանան»՝  իրական-առեղծվածային բացասական կերպար, երևակայության արդյունք, հորինված կերպար, թե ինչ՝ դա ամենքն իրենք պետք է որոշեն: Եվ ինչպես ասում են՝ սատանան այնքան վախենալու չէ, որքան նրա անունը:
Բացի այդ, ինչպես նկատեցիք, գրեթե բոլոր պատմությունները տեղի էին ուեցել ԽՍՀՄ-ի ժամանակներում: Դա որևէ կապ ունի՞, թե՞ ոչ, թողնում եմ ձեր դատին: Իսկ պատմություններից գրեթե բոլորի հերոսներն այսօր չկան, և իրենց պատմություններն ինձ են հասել նրանց սերունդների միջոցով:

Համենայն դեպս, եթե հավատում եք կամ մի օր չարքերի հետ առնչվելու առիթ ստեղծվի. հիշեք այս պատմություններն ու նրանցում առկա մանրուք թվացող փաստերը. «Սատանան մանրուքներում է»: Եվ մի մոռացեք՝ ինչպես ժողովրդի պատմություններից է երևում՝ ավելի հաճախ նույն ինքը՝ սատանան է մարդկանցից վախենում:

Ani Ghulinyan

Հոգնեցի՞ր, հանգստացիր…

Լինում են օրեր, երբ ամեն ինչից հոգնում ենք` դասերից, համակարգչից, գրքերից, ընկերներից ու ծանոթներից: Դա լինում է տրամադրության անկման դեպքում, երբ «ձախ ոտքի վրա» ենք արթնանում: Հոգնածությունն աստիճանաբար վերածվում է ալարկոտությունը թաքցնելու պատճառաբանության: Իսկ երբ ինչ-որ բան պատճառաբանված է, այն դառնում է ավելի վտանգավոր:

Լատինաամերիկացի հեղափոախական Չէ Գևարան ասում էր. «Հոգնեցի՞ր, հանգստացի՛ր, բայց այդ դեպքում երբեք առաջինը չես լինի»: Այս արտահայտությունը շատ նման է նրան, երբ մայրիկն ասում էր, թե կարելի է շատ կոնֆետ ուտել, բայց այդ դեպքում ատամները կսկսեն թափվել ու փչանալ, երբ ուսուցիչն ասում է, որ կարելի է չափազանց բարդ վարժությունը չկատարել, բայց այդ դեպքում «երկուս» կստանաք: Ափսոս, որ Չէ Գևարայի այս խոսքերը չեն երաշխավորում, որ եթե երբեք չհանգստանաս ու անընդհատ աշխատես, կարող ես լավագույնը լինել: Բայց եթե հոգնես ամեն ինչից ու ոչինչ չանես, հաստատ լավ բանի չես հասնի: Ինչ-որ բան սկսելու ու լավ անելու համար լավ տրամադրվածություն է պետք և ինչ-որ մոտիվացիա, որը կօգնի չծուլանալ: Վերջին շրջանում ցանկացած բան անելիս, հոգնելու կամ ձանձրանալու դեպքում՝ ինձ ներշնչում եմ, որ ամեն բան ինձանից է կախված, ու եթե ես այս կամ այն բանը մինչև վերջ չանեմ, մարտի ութին «Բարսա»-ն «ՊՍԺ»-ին չի հաղթի, ու դրա համար միակ մեղավորը ես կլինեմ: Մարտի ութից հետո այլ բան է պետք մտածել, որովհետև այդպես ավելի հեշտ է ու արդյունավետ:

Դուք էլ ձեզ համար որևէ «շարժիչ ուժ» գտեք ու կտեսնեք, որ ամեն ինչ ստացվում է:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Խորամանկ պապիկներս

Մի ժամանակ պապիկիս եղբայրները՝ Բաբկենն ու Վալերը, խմել շատ էին սիրում:

Մի օր էս Վալերը գալիս է մեր տուն ու Բաբկենին ասում.

-Բաբկե՛ն, արի մի բան անենք, մի զադ խմենք, հը՞:

Բաբկենն էլ մորն ասում է.

-Ա՛յ մամ, բա մի բան չունե՞ս խմելու:

-Չէ՛, ոչ մի բան էլ չունեմ, չկա՛:

-Ի՞նչ անեն, ի՞նչ անեն, բայց դե, Բաբկենն էլ հո՞ գիտի, որ մի զադ կա։ Որոշըմ են խորամանկություն անել,-պատմում է պապս,- Մի արաղի շշի մեջ ջուր են լցնըմ, Բաբկենս էլ ձեռն ա առնըմ, գալիս, Վալերն էլ, թե.

-Ա՛յ հոքիր, էս ո՞րդի էիր պահել։ Լա տես՝ ո՞նց քթանք:

Հոքիրն էլ բարկացած.

-Արա՛, չոռ ու ջհանդամ էի պըհել, էն անդեր ամբարմըն էի պըհել։ Էդ ո՞նց քթաք…

2017 թիվն էր. մտանք Ծաղկաձոր…

Լուսանկարը՝ Սարգիս Ղազարյանի

Լուսանկարը՝ Սարգիս Ղազարյանի

-Ո՞ւր կերթաք, ավտոբուսները հոս են:

Ավտոբուսները արդեն շարժվեցին. Ծաղկաձորը սպասում էր մեզ: Գնացինք…
200 ջավախքցի երիտասարդների մի հարկի տակ պատկերացնո՞ւմ եք, այն էլ Ծաղկաձորում. եթե այո, ուրեմն լավ երևակայություն ունեք:
Սկսեմ սկզբից ու պատմեմ, թե ինչպես ջավախքցիների մի մեծ խումբ որոշեց «նվաճել» Ծաղկաձորի սպորտային բազան: Բայց ինձնից լավ կպատմի նա, ով անձամբ ստանձնել էր կազմակերպման բարդ աշխատանքը: Որոշեցի մի քանի հարց տալ «Ջավախք ուսանողական միության» նախագահ, «Ջավախք հայրենակցական միության» երիտասարդական հարցերի գծով ծրագրային համակարգող Էդկար Չախոյանին, հասկանալու համար նախաձեռնության էությունը:
-Էդկա’ր, մի քիչ պատմիր գաղափարի մասին:
-Նախաձեռնությունը ենթադրում է 3–օրյա ակտիվ հանգիստ ջավախքի ուսանողների համար (փետրվարի 24-26-ը): Նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է հետաքրքիր կազմակերպելու իրենց հանգիստը և միաժամանակ նոր ընկերներ ձեռք բերել, ինչը կարևոր դեր ունի ջավախահայության միավորման գործում, քանի որ Ջավախքը ակտիվ և գիտակից երիտասարդների կարիք շատ ունի: Այս ծրագիրը իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
-Կազմակերպչական աշխատանքների հատկապես ո՞ր մասն էր դժվար իրականացնել:
-Հիմնական դժվարությունը 200 մասնակիցների՝ այն էլ ջավախքցիների, համակարգելն էր, որպեսզի հանգիստը լինի կազմակերպված, և յուրաքանչյուրը մաքսիմալ հաճույք ստանա այն ժամանակից, որ անց է կացրել այս 3 օրերի ընթացքում:
-Նման ծրագրերը շարունակական կլինե՞ն:
-Հուսանք՝ այո: Մասնակիցների հետ հանդիպման ժամանակ թե’ «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչը, թե’ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշեցին, որ նման ծրագրեր նորից կկազմակերպվեն և նոր հետաքրքիր տարբերակներ կմշակվեն: Նոր ծրագրեր կիրականացվեն նաև «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ:
Սա լրագրողական մասն էր, հիմա պատմեմ իմ սպասումների, զգացածի ու տպավորությունների մասին:
Ինձ համար հայրենիքը առաջին հերթին մարդիկ են, ովքեր իրենց ջերմությամբ կյանք են տալիս այն հողին, որի վրա ապրում են: Որևէ նոր տեղում հայտնվելով՝ տեսարժան վայրեր այցելելուն զուգահեռ չմոռանաք փորձել ճանաչել մարդկանց, ովքեր ապրում են այդտեղ: Օրինակ, ճանաչելու համար Ջավախքը պետք է ճանաչել ջավախքցուն: Ջավախքը ուրիշ ջերմությամբ եմ սիրում, ամեն այցս տոն է, նոր տպավորությունների աղբյուր: Հերթական փնտրտուքների մեջ եմ… Փնտրում եմ ջավախքցու նոր կերպարներ, որ հետս կտանեմ անցնող օրերից հետո: Կերպարներ շատ կան, մեկը մյուսից հետաքրքիր ու յուրահատուկ… Ջավախքը գունեղ է իր երիտասարդներով՝ իրարից տարբեր ու իրար շատ նման, իր անուշ բարբառով, որով խոսել ամաչում էի կամ էլ վախենում էի սխալվելուց: Բազմակետերը ավելանում են խոսքիս մեջ ու այն դարձնում կցկտուր, մտքերս մի պահից մյուսն են գնում, մի կադրը փոխվում է մյուսով, իսկ բառերը նույն արագությամբ չեն նկարագրում զգացածս:
Կհասկընա՞ք:

lolita bashoyan

Ուռուտ գյուղի հերոսը

Իմ հերոսը Սամվել պապիկս է, որի մասին իմացա մորս տատի՝ Ծաղկանուշ տատիկի հետ ունեցած հետաքրքիր զրույցի ժամանակ:

Ծաղկանուշ տատիկը պատմում էր իր եղբոր՝ Սամվել Թաթոյանի մասին:

Նախ պատմեց Սամաթի (Սամվելի) մանկության տարիներից: Սամվել պապիկը ծնվել է 1920 թվականին Ուռուտ գյուղում: Նրան մեծացրել է խորթ մայրը՝ Ծաղկանուշ տատիկի մայրը: Չնայած դրան, նա շատ է սիրել իր մայրիկին:

16426380_504678893035925_1270159484_n-Սամվելը շատ խելացի էր,- պատմում է տատիկս,- գերազանցիկ է եղել, նույնիսկ 9-10-րդ դասարաններում ժամանակ առ ժամանակ դասավանդել է ուսուցիչների փոխարեն: Իսկ 10-րդ դասարանում եղել է ակումբի վարիչ: Դպրոցը ավարտելուց հետո գյուղի տղաների հետ միասին գնացել է Երևան՝ ինստիտուտ ընդունվելու: Քննությունները հանձնելուց հետո Սամաթ պապիկն ընդունվել է համալսարան:

Ուսումը դեռ չավարտած՝ Սամվել պապիկը զորակոչվել է բանակ: Երեք տարի ծառայությունից հետո պետք է վերադառնար և շարունակեր իր ուսումը: Սակայն, երբ հաջող ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երեք ամիս, սկսվել է չարաբաստիկ պատերազմը:

Պատերազմի երկուսուկես տարիների ընթացքում Սամաթը մեծ համբավ է ձեռք բերել: Նրա մասին նույնիսկ գրել են թերթերում:

Սամվելի ուղարկած նամակներից իմացանք, որ զորաջոկատը պետք է անցներ Դնեպր գետը, որպեսզի պաշտպաներ Կրեշատիկ գյուղը: Եվ հենց այդ գյուղն էլ պաշտպանելու ժամանակ զոհվել են մեր հերոսfները:

Այդ պահին տատիկս այլևս չկարողացավ շարունակել իր խոսքը, որովհետև արցունքները խեղդեցին նրան: Նա կախեց գլուխը, իսկ ես դադարեցի հարցեր տալ: Քիչ հետո նա շարունակեց խոսել և պատմեց, որ ինքն այցելել է գերեզմանին և իր աչքերով տեսել է հերոսների անունները՝ գրված հուշաքարերին: Տատիկն ասում է, որ զինվորների ավագը եղել է Սամաթ պապիկը՝ կապիտանի կոչումով:

Տատս ասում է, որ դեպի Կրեշատիկ տանող ճանապարհը անվանել են Սամվել Թաթոյանի անվամբ: Ուռուտ գյուղի դպրոցը նախկինում կրում էր նրա անունը:

marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները. մաս 3

Սատանաների հետ կապված պատմությունների շարքի երրորդ պատմությունը: Այն տեղի է ունեցել մոտ 1958 թվականին, Լեռնավանում: 

Էն տարիներին՝ կոլխոզի ժամանակ, ոչխարի հոտերը հաճախ սարերում են պահել, գիշերներն էլ մարդիկ մեկը մյուսին հերթափոխել:

Էդ օրերից մեկն էր, ու Ճոռտոյենց Վազգենը (Պողոսյաններին Ճոռտոյենց են ասում գյուղում) հերթափոխից խոտի մի դարձ շալակին գիշերով սարերից տուն էր գալիս: Թիկնեղ մարդ էր, կոլխոզի հովիվներից, ով իր կյանքում ինչ ասես չէր տեսել, գել ու գազանից մինչև հազար տեսակ շառ ու փորձանք էր ընդունել ու ճամփու դրել: Էս մարդն եկավ հասավ Ժանգոց քար կոչված տեղին, ու մի պառավ կնոջ տեսավ:

-Այ կնի՞գ, էդ ո՞վ ես, էս ժամին հու՞ր:

-Անկինն եմ, բալա՜ ջան, գեղ կերտամ:

Վազգենը հասկանալով, որ գյուղացի է, ընկերացավ ու միասին քայլելով շարունակեցին ճամփան: Ասել-խոսելով, բավականին ճամփա եկան ու հասան Կոնդի ձորին, ուր ջրի գոլ կա, ու որը կարելի է ասել՝ գյուղի շեմքին է: Էդպես պառավի հետ խոսելով մտան ձորը: Քիչ հետո տղամարդը զգաց, որ կողքին ոչ ոք չկա, շրջվեց, այս ու այն կողմ նայեց՝ պառավը չկար. այն դեպքում, երբ մի ակնթարթ առաջ պառավը կողքին էր, ուրիշ գնալու տեղ էլ չկար: Էդտեղ երբեմնի անվախ, գել ու գազանի հետ կռիվ տվող տղամարդը վախեցավ, սիրտը դող ընկավ: Մի կերպ հասավ տուն ու պատմեց եղածը.

-Այդման էդ պառավը կորավ, ուրեմն՝ էդիգ ոճ տը մարտ էր, այլ սադանա՝ Անկինի կերբարով…

Տարիներ անց էլ նրա խնամին է նույն տեղում երկու աղջիկ տեսնում՝ Մայր Թերեզայի կույսերի կերպարանքով: Մոտենում, հարցնում է՝ ո՞վ եք: Սրանք էլ խեթ-խեթ նայում են, շրջվում ու անհետանում, էդպես էլ չբացահայտելով՝ ով լինելու առեղծվածը: