Anush Jilavyan

Իմ տեսակը

Վերջապես… Այս հոդվածս ուզում եմ սկսել նախաբանով, ուզում եմ հասկանալ, թե ինչու էի այսքան ժամանակ ինձ զրկել ստեղծագործելու հաճույքից ու չէի ստեղծում այդ թանկ ժամանակը ինձ համար:Պատճառը ցավոք չեմ գտնում, բայց նորից իմ մեջ գտա գրելու ոգևորությունը, նորից ուզում եմ զգալ այն հաճույքը, որով սպասում ես, երբ կտեղադրվի հոդվածդ և ուրախությունը, երբ արդեն կայքում քո նկարի ու անվան տակ ես կարդում շարադրած մտքերդ: Պատահական չէ, որ հոդվածս հենց ոգևորության ու ոգևորվել կարողացող մարդկանց տեսակի մասին է: Այս տեսակը իրոք յուրահատուկ է…

Ախ, այդ ոգևորությունը, որից փայլում են նրանց աչքերը ու պայծառանում  հոգին: Ինձ համար ավելի հիասքանչ տեսարան չկա, քան ուշադիր վայելել այն մարդու ապրումները, որ զբաղվում է իր սիրած գործով, կամ խոսում է իրեն հետաքրքրող երևույթի կամ մարդու մասին: Այդ պահերը իրոք հրաշք են: Ոգևորությունը չի կեղծվում, այն չեն փորձում թաքցնել, այն ավելին է պատմում մարդու մասին, քան ցանկացած երկար նկարագրություններ կամ տարիների շփում: Այդ պահի մեջ ինչ-որ մոգական բան կա, կարծես խոսողը կտրվում է իրական աշխարհից ու սկսում է բարձրաձայն մտածել շատ հաճելի բանի մասին: Ոգևորությունը ինձ համար ապրելու նշան է, այն, որ մարդու գոյությունը միայն ֆիզիկական չէ:

Դուք այնքան գեղեցիկ եք, երբ նկարագրում եք ձեր սիրած գրքի հերոսին կամ պատմում եք ձեր սիրած ֆիլմի մասին: Այդ պահին բառերը միանգամից սրտից են դուրս գալիս, հաճախ խոսքը  ճիշտ ձևակերպված չի լինում, բայց այն լի է անկեղծությամբ ու ջերմությամբ: Ինձ թվում է, զրուցելիս կարելի է ոչ թե հարցնել սիրած գրքի վերնագիրը, այլ օրինակ, ինչն է հատկապես դուր եկել ստեղծագործության մեջ, կամ որ կերպարն են հավանել: Այս հարցերին միանգամից հեշտ չէ պատասխանել, բայց հավատացեք, դա ավելի շատ բան կասի ձեզ զրուցակցի մասին, քան գրքի վերնագիրը:

Նկատե՞լ եք, որ մենք կարող ենք անվերջ լսել այն մարդկանց, ովքեր խոսում են ու իրենք են հավատում ու ապրում իրենց ասած մտքերով: Թվում է, որ այդ պահը հենց ստեղծված է, որ նրանք կիսեն իրենց երջանկությունը մյուսների հետ: Եթե անգամ մեզ խոսքի էությունը չհետաքրքրի, միևնույն է, չենք կարող անտարբեր մնալ այն ոգևորության նկատմամբ, որով ներկայացվում է:

Ես սիրում եմ այդ վարակող զգացմունքը, երբ այն հետաքրքրությունը, որ կա քո մեջ, փոխանցում ես ուրիշներին, երբ նկատում ես, որ քո ինքնամոռաց խոսքը լցրել է ինչ-որ մեկի հոգին: Այդ ժամանակ հասկանում ես, որ տալով քո մի մասնիկը,  կարող ես ինքդ երջանկանալ: Եթե մարդիկ մի պահ փորձեն իրենց ու ուրիշներին չզրկել այս երջանկությունից, աշխարհը ավելի հաճելի վայր կլինի ապրելու համար: Մարդիկ մի օր գուցե կհասկանան, որ ուղղակի, հենց այնպես ապրել չի կարելի, որ կյանքը այն ամենն է, ինչը մեզ ոգևորում է, ու հանուն ինչի արժի ապրել:

syuzi kostumyan

Մտածել ցրտի՞, թե՞ սովորելու մասին

Մեր քաղաքում` Սպիտակում, կան բազմաթիվ հիմնահարցեր, որոնք ինձ և մյուս քաղաքացիներին շատ են հուզում: Այդպիսի հարցերից է ցայտաղբյուրների պակասությունը, հետիոտնի անցման գծերի բացակայությունը, լուսակիրների բացակայությունը, որոշ փողոցներում գիշերային լուսավորության բացակայությունը, մի շարք դպրոցներում՝ ջեռուցման խնդիրը և այլն: Վերջինիս հետ կապված նշեմ, որ շատ կարևոր հիմնահարց է, որովհետև երեխան պետք է կրթվի բարենպաստ պայմաններում:

Մեր դպրոցը ջեռուցվում է բավականին լավ, սակայն կան բազմաթիվ ծանոթ ընկերներ, ովքեր պատմում են, թե ինչ վատ է իրենց դպրոցը  ջեռուցվում: Մի քանի տարի առաջ, երբ ես սովորում էի մեկ այլ դպրոցում, այնտեղ ջեռուցումը թույլ էր, այդ իսկ պատճառով ես հաճույքով չէի գնում դպրոց: Նստում էինք վերարկուներով, ձեռնոցներով, քանի որ գրիչը բռնելիս անգամ դժվարություն էր առաջանում:

Իմ կարծիքով, այդ պայմաններում սովորել հնարավոր չէր: Մարդու միտքը կենտրոնանում է մրսելու, այլ ոչ թե ուսուցչի ասածները ընկալելու վրա: Ընկերներիցս մեկը մի օր ինձ պատմեց, որ իրենց դպրոցի աշակերտների կեսից ավելին չի հաճախում դպրոց ցրտի պատճառով, իսկ հիվանդություններն առավել տարածված են դարձել աշակերտների շրջանում: Այս հիմնախնդիրը կարևոր է թե՛ առողջության, և թե՛ կրթության համար:

Ani Ghulinyan

Արժեզրկված խաղաղություն

Վերջին տարիներին բոլորիս կյանքում էլ ինչ–որ բան փոխվել է, ոչ թե արտաքինում, այլ այնտեղ` ներսում: Երևի զգացմուքներն են սառել, անտարբերություն է առաջացել ամեն ինչի ու բոլորի նկատմամբ: Իսկ ինչո՞ւ: Երևի, որովհետև սկսել ենք վախենալ ամեն օր լուրերը դիտելուց, վախենում ենք լսել, որ կրկին ինքնաթիռ է ընկել, կամ սահմանին կրկին զինվոր է զոհվել։ Կարծես ամեն բան մեր նայել-չնայելուց է կախված: Լուրերն էլ, ոնց որ բոթաբեր լինեն, մատների վրա կարելի է հաշվել, թե քանի լավ նորություն ենք ստանում ամսվա ընթացքում: Իսկ վատ լուրերի քանակը հաշվելիս՝ մատների վրա հաստատ տեղ չի գտնվի:

Ու արդեն սովորական է դարձել, չէ՞, որ ամեն շաբաթ փախստականների մի նավ պիտի խորտակվի, ամեն ժամ արևելքում մի մշակութային կոթող էլ պիտի վերանա։ Երբ օրը անցնում է, ու ոչ մի սարսափազդու բան չենք լսում, սկսում ենք զարմանալ, մտածել, որ լավ է, բայց իրականում, ոչ թե լավ է, այլ պարզապես վատին արդեն շատ ենք ընտելացել, պարզապես նորմալ շատ հազվադեպ է լինում:
Ամենավատը սկզբում էր, երբ բոլոը ամեն ինչ ծանր էին տանում, իսկ հիմա կարծես պատերազմական վիճակում լինենք։ Պարտադիր չէ, որ հայտարարվի պատերազմի մասին, այն ուղղակի կա, ամենուր է` մեր քթի տակ, Եվրոպայում, Արաբական աշխարհում: Մնում է միայն հայտարարել դրա մասին: Ու ինչպես պատերազմի ժամանակ, հիմա էլ կորուստներն այնքան շատ են, որ սգալու ժամանակ չկա, պարզապես մի ախ ենք քաշում, ափսոսանքի խոսքեր ասում, մի երկու օր խոսում այդ մասին ու շարժվում առաջ: Չէ՞ որ կյանքը շարունակվում է․․․
Մի տեսակ ձևական է հնչում, երբ Ամանորին աշխարհը տակնուվրա արած անձինք (այստեղ շատ մարդկանց անուններ կարող են լինել), այդ նույն աշխարհին խաղաղություն են մաղթում: Իսկ խաղաղություն բառը, որն այնքան մաքուր է, այնքան պարզ ու թանկագին, այդ մարդկանց շուրթերից հնչելով՝ արժեզրկվում է: Բայց և նորից իմաստավորվում, բարձրանում է ու թանկարժեք դառնում, երբ լսվում է պատերազմ տեսած ու հավերժ խաղաղության ձգտած ժողովրդի կողմից․․․

Օգնենք հայ մանուկներին

Զրույց «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ֆոնդի ներկայացուցիչ Լիլիթ Էլոյանի հետ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ֆոնդը գրանցված է Հայաստանում 2011 թվականից, և արդեն 5 տարի է, ինչ օգնում է հայ մանուկներին, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվել են բարդ իրավիճակում: Ֆոնդն իր շուրջն է հավաքում ռուսաստանաբնակ հայությանը, բոլոր նրանց, ովքեր ունեն ցանկություն՝ օգնելու իրենց հայրենակիցներին: Նման բարեգործ երիտասարդներից է նաև իմ զրուցակիցը` Լիլիթը:

-Որտեղի՞ց իմացար ֆոնդի մասին և ինչպե՞ս որոշեցիր դառնալ նրա անդամներից մեկը:

-Անկեղծ ասած՝ մեծ ցանկություն ունեի ինչ-որ մեկին օգնելու: Մի քանի շաբաթ համացանցում փնտրում էի մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն, և արդյունքում գտա «Օգնենք հայ մանուկներին» ֆոնդը: Դա կես տարի առաջ էր: «Ինստագրամ» սոցիալական կայքում տեղադրված էր փոքրիկ Դավիթի նկարը, ով հիվանդ էր ՄՈՒԿ-ով (Մանկական ուղեղային կաթված՝ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է): Հետո ես այցելեցի ֆոնդի հանդիպումներից մեկին, որտեղ հստակ պատկերացում կազմեցի ֆոնդի աշխատանքի մասին և ցանկացա դառնալ նրա մի մասը:

-Ինչպե՞ս է աշխատում ֆոնդը, այսինքն, ինչպե՞ս եք որոշում, թե ում եք օգնելու:

-Ֆոնդն ունի իր առջև դրված որոշակի առաջադրանքներ` հավաքել միջոցներ հիվանդ երեխաների համար, օգնել մանկատներին և անապահով ընտանիքներին: Հաճախ հիվանդ երեխաների ծնողները և անապահով ընտանիքներն իրենք են մեզ դիմում: Մենք ընտրում ենք մի ընտանիք և մտածում, թե ինչպես հավաքել անհրաժեշտ գումարը: Այն, թե ինչպես ենք որոշում՝ ում ենք օգնելու, կախված է մեզ ուղարկված դիմումներից: Այսինքն, կան դեպքեր, երբ մեզ դիմողի երեխան ծանր հիվանդ է լինում և անհապաղ բուժման կարիք ունի: Նման դեպքերում մենք աշխատում ենք զբաղվել այդ ընտանիքով: Իսկ ընդհանրապես, մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմանում օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ինչպե՞ս եք միջոցներ ձեռք բերում:

-Բարեգործական համերգներ, ցուցահանդեսներ, մասնագիտական դասեր և այլ նման միջոցառումներ ենք կազմակերպում: Բնականաբար, այս միջոցառումներում հանդես եկող մարդիկ չեն վարձատրվում: Գումար հավաքելու շատ արդյունավետ միջոց են նաև սոցկայքերը: Հենց սոցկայքերի միջոցով մենք տեղեկացնում ենք մարդկանց` ոչ միայն օգնության կարիք ունեցողների, այլ նաև մեր բարեգործական միջոցառումների մասին: Եվ, իհարկե, միջոցներ հավաքելու մեջ մենք` ֆոնդի անդամներս, ևս մեր ներդրումն ենք ունենում:

-Համագործակցո՞ւմ եք արդյոք այլ բարեգործական կազմակերպությունների հետ:

-Այո: Ավելի հաճախ համագործակցում ենք «Հույսի թևեր» ֆոնդի հետ: Ֆոնդն օգնում է վատ պայմաններում ապրող հայերին:

՞նչ միջոցառումներ եք պատրաստվում իրականացնել մոտ ապագայում:

-Փետրվարի 11-ին «Օգնենք հայ մանուկներին» ֆոնդը «Հույսի թևեր» ֆոնդի հետ կազմակերպում է բարեգործական համերգ` Մոսկվա քաղաքի «Ասակի» ռեստորանում: Համերգի հասույթի մի մասը հատկացվելու է 2 տարեկան Մարիամի բուժմանը, ով ունի լյարդի ցիրոզ (լյարդի քրոնիկական հիվանդություն է) և Արարատում բնակվող մի կնոջ, ով ունի երեք երեխա և ապրում է վատ պայմաններում:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ովքե՞ր են ելույթ ունենալու այդ համերգի ընթացքում:

-Ուկրաինական «Голос» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանը, Արտյոմ Հարությունյանը և ուրիշներ:

«Օգնենք հայ մանուկներին» ֆոնդի ջանքերով փրկվում են բազում փոքրիկներ, անապահով ընտանիքներ: Ֆոնդը աջակցում է նաև մանկատներին և ծերանոցներին: Եկեք լինենք ավելի ուշադիր մեկս մյուսիս նկատմամբ, եկեք բոլորս մի քիչ բարեգործ լինենք…

margarita hakobjanyan

Աշխատատեղեր և նորից աշխատատեղեր

Սպիտակում շատ խնդիրներ կան, և ինձ հուզող խնդիրներից է աշխատատեղերի խնդիրը: Այն ոչ միայն Սպիտակի խնդիրն է, այլ ամբողջ Հայաստանի: Այս խնդրի պատճառով շատ ընտանիքներ են տուժում: Ոմանք՝ մենակ, ոմանք ընտանիքներով են գնում արտերկիր՝ ապահովելու իրենց ընտանիքների մինիմալ ապրուստը:

Իմ շրջապատում կան շատ այդպիսի ընտանիքներ: Կարող եմ օրինակ բերել իմ հարևանի կյանքից: Այդ ընտանիքի ժառանգը գնացել է արտերկիր՝ աշխատելու: Վերջերս նա, գալով Հայաստան, ամուսնացել է, և իր հարսանիքի ծախսերը հոգալու համար նորից գնացել է արտերկիր: Բերեմ ևս մեկ օրինակ: Կա մի ընտանիք, որտեղ ապրում են երկու երեխա: Նրանց հայրը մեկնել է արտերկիր և տարին մեկ կամ երկու անգամ է տեսնում իր երեխաներին: Իսկ ընտանիքի մայրը աշխատում է առավոտից մինչև գիշեր՝ նվազագույն աշխատավարձով: Իսկ երբ տուն է գալիս, արդեն երեխաները քնած են: Երեխաներին խնամողը իրենց ծեր տատիկն է, որին նույնպես խնամք է հարկավոր:

Այսպիսի ընտանիքների պատմությունները բազմաթիվ են Հայաստանում: Ինձ թվում է, եթե գործեին Սպիտակում ժամանակին աշխատող գործարանների գոնե կեսը, ապա այս խնդիրը այսքան տարածված չէր լինի:

margarita dilbaryan

Իմ դպրոցը

Դպրոցը դպրոց է, էլի. երկհարկանի, սովորական դպրոց, նման շատ ու շատ այլ դպրոցների: Բայց իսկական հրաշքը սկսվում է, երբ ոտք ես դնում շենքից ներս: Ուրախ ու ժպտադեմ պահակը՝ Գարուշ պապը, անկախ եղանակից, միշտ ժպտալով դիմավորում է քեզ:

Դասարանը դասարան է, էլի. քսանմեկ աշակերտանոց դասարան, նման դպրոցի մնացած շատ ու շատ դասարաններին: Ստեպ-ստեպ առօրյան հետաքրքիր դարձնելու համար տղաներից ոմանք դասի չեն նստում, ինչը որակվում է որպես «փախուստ դասից»: Գալիս է փոխտնօրենը, մի քիչ զայրանում, մի երկուսին ծիծաղելի որակումներ տալիս, ինչից մենք շատ ենք ուրախանում:

Տնօրենը… Ինձ միշտ էլ դուր է եկել կոնֆլիկտները հարթելու նրա գործելաոճը՝ արագ ու առանց ավելորդությունների:

Ոստիկանը, դե այլ ոստիկանների հետ չեմ շփվել, բայց երբ նայում եմ՝ ինչպես են զինվորների մայրերին մի մայթից մյուսը քարշ տալիս՝ ձեռքերից ու ոտքերից բռնած, կամ ինչպես են սեփական ժողովրդի վրա կրակում, մեր դպրոցինը անմեղ հրեշտակ է թվում:

Գրադարա՜նը: Մի այլ կարգի բացահայտում է: Չէ, սա նման չէ ուրիշ դպրոցների գրադարաններին, որտեղ գրական երեկոներ են կազմակերպվում, տարբեր գրողների տարելիցներ են նշում: Մեր դպրոցինը ուրիշ է, մեր գրադարանը այլ առաքելություն էլ ունի (շնորհիվ գրադարանավարուհու). հնարավորինս կուշտ ու կուռ կերակրել ողջ ուսուցչական կազմին ու աշակերտությանը, թույլ չտալ շատ օգտվել բուֆետից:

Իսկ, այ բուֆե՜տը, դա երազանքների իրականացման վայր է, ինչը շատ ու շատ աշակերտների ստիպում է դպրոց հաճախել: Սա այն վայրն է, որտեղ միախառնվում են աշակերտների երազանքներն ու գաստրոնոմիական ցանկությունները, սա դպրոցի ամենանվիրական ու ցանկալի վայրն է՝ Վիկտոր «տոտայով», իրար հրմշտող աշակերտերով, իրար գլխի վրայով փող փոխանցող ձեռքերով…

Մի քանի ամսից կավարտեմ դպրոցս, ու բազմաթիվ հուշերից ամենագունեղը բուֆետին նվիրվածը կլինի:

Օ՜ֆ, հոգնեցի:

Ani Ghulinyan

Խորհրդի նման մի բան

Բազմաթիվ թևավոր խոսքերի մեջ «Այսօրվա գործը վաղվան մի թող»-ը մեծերն ամենաշատն են սիրում: Դե մենք էլ, ինչպես միշտ ձգտելով հակառակվել նրանց, ցույց ենք տալիս, որ տարբերություն չկա ծրագրած գործը այսօր կամ վաղը կատարելու մեջ:
Ինձ հետ վերջերս մի դեպք պատահեց: Այն ճանապարհի եզրով, որով ամեն օր դպրոց եմ գնում, տների շարասյուն կա: Արևը դուրս է գալիս տների հակառակ կողմից, ստվեր գցելով այն ճանապարհի վրա, որով անցնում եմ: Բայց մի տեղ ցերեկային լուսատուի համառ շողերը ճեղքում են տների շարքը ու մի ծառի արանքից թափանցում դեպի ճանապարհ: Մինչև այս անհայտ տեսարանը ես նկատեցի հոկտեմբերյան մի օր, երբ դասի զանգից 2 րոպե էր մնացել: Դեռևս աշխատող տեսախցիկս էլ մոտս էր, մարտկոցը մինչև վերջին բիծը լցված: Բոլոր նպաստավոր պայմանները կային հաջողված լուսանկար անելու համար: Իսկ ես առանց ոչինչ անելու թողեցի ու հեռացա, պատճառաբանելով, որ դասից եմ ուշանում, բայց իրականում տեսախցիկը պայուսակից հանելու, մի քանի քայլ առաջ գնալու, նկարելու համար հարմար դիրք ընտրելու գիտակցումն էր, որ թռավ-հասավ մինչև հոգուս խորքերը, ուր ապրում է իմ ալարկոտ բնավորությունը: Բնավորություն, որը ես միշտ փորձում եմ խեղդել, ու ասեմ ստացվում է, բայց հենց զգոնությունս թուլացնում եմ, այն թափանցում է իմ բոլոր հյուսվածքների մեջ ու խանգարում է ուզածս բաները կատարել:
Դպրոցի ճանապարհին, իր ալարկոտությունը արդարացնել փորձող մարդու բնավորությամբ մտածում էի, որ վաղը կնկարեմ, որ վաղը նույնիսկ կարող է ավելի գեղեցիկ լինել, քան այսօր է: Հաջորդ օրը մոռացա տեսախցիկս, մյուս օրը մարտկոցն էր նստել, այնուհետև՝ շաբաթ-կիրակի, անձրև եկավ, ու հինգ օր արևածագը իննից հետո էր լինում, հետո ձյուն եկավ, իսկ իմ պատկերաացրած նկարում ձյուն չպիտի լիներ, հետո արձակուրդներ: Այս ընթացքում ձնագնդիկի հետ շփումից փչացավ տեսախցիկս: Էկրանի միայն մի մասն է երևում, պատկերն էլ աղավաղում է: Այս նկարի հետ կապված բոլոր հնարավոր անհաջողությունները եղան, որ ես համոզվեմ այդքան լսած, բայց երբեք բանի տեղ չդրած խոսքի իրավացիության մեջ` այսօրվա գործը վաղվան չեն թողնում:

harutyun m hovsepyan

Սպիտակի շաքարը

Ծնողներիցս լսել եմ Սպիտակի շաքարի գործարանի մասին պատմություններ: Մորս պապի պատմածով այն կառուցվել է գերմանացի ռազմագերիների մասնակցությամբ: Որպես հումք հանդիսացել է շաքարի ճակնդեղը, որը մշակվել է Սպիտակի դաշտավայրերում: Գյուղատնտեսական աշխատանքներին մասնակացել են ոչ միայն մեծահասակները, այլ նաև դպրոցականները՝ այդ թվում հայրս և մայրս: Արտադրվող մեծաքանակ շաքարն ու շաքարավազը բավարարել է ոչ միայն տեղի բնակչությանը, այլև արտահանվել է: Բոլորը ափսոսանքով են խոսում այս գործարանի մասին, որն ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ:

Եթե գործարանն աշխատեր, ապա սպիտակցիներն աշխատանք կունենային, իսկ գյուղացիները դարձյալ ճակնդեղ կմշակեին՝ համոզված լինելով, որ իրենց բերքն անպայման պահանջարկ կունենա:

Մասնագիտությունը՝ ուսուցիչ

Իմ զրուցակիցն է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սալվինե Սահակյանը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Արդեն 33 տարի է՝ աշխատում եք այս դպրոցում, պատմեք Ձեր մասնագիտության ընտրության մասին: Ի՞նչը խթան հանդիսացավ մասնագիտական կողմնորոշման գործում:

-Ես ծնվել, մեծացել եմ մանկավարժի ընտանքում, և հենց սա էր առաջին խթանը մասնագիտական կողմնորոշման հարցում: Անընդհատ իմ առօրյան կապված է եղել մանկավարժության հետ`ուսուցչի առօրյա, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններ, հավանաբար դա է եղել պատճառը, որ ընտրել եմ այս մասնագիտությունը:
Նշեմ, որ սիրել եմ մասնագիտությունս, տեսել եմ, թե ծնողներս ինչպիսի նվիրումով են աշխատում, սիրում էին իրենց աշխատանքը , իրենց աշակերտներին: Քիմիկոս-կենսաբանի մասնագիտությունը ընտրել եմ` սիրելով ուսուցչուհուս` Ռոզա Եգանյանին:

-Այսքան տարի ձեր կյանքի թելը միահյուսված է ուսուցչի աշխատանքի հետ, իսկ երբևէ մտածե՞լ եք այլ աշխատանքի մասին:

-Թերևս չեմ մտածել: Ճիշտ է, մանկավարժի աշխատանքը շատ ծանր ու բարդ է, բայց դա ինձ չի խանգարում աշխատել սիրով: Մանկավարժի աշխատանքը կարելի է համեմատել քանդակագործի աշխատանքի հետ. աշակերտը հում կավ է, ուսուցիչը ձգտում է նրանից հնարավորինս լավ քանդակ կերտել: Ասված խոսք է. մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են: Գտնում եմ, որ ի վերուստ ինձ տրված է մանկավարժ լինելու կոչումը:
Ուսուցիչը և բժիշկը ամենապատասխանատու մասնագետներն են, որովհետև երկուսն էլ գործ ունեն մարդկային կյանքի հետ: Բժիշկը գործ ունի զուտ մարդու ֆիզիկական կյանքի, իսկ ուսուցիչը մարդու կերտվածքի հետ: Աշակերտների հետ շփվելիս միշտ նրանց խորհուրդներ եմ տալիս և օգտագործում իմ կարգախոսը` «Կարող եք քիմիա լավ չիմանալ, բայց լավ մարդ լինել պարտավոր եք»: Մանկավարժը կատարելով իր աշխատանքը, աշակերտին ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլև նպաստում է երեխայի մեջ մարդ ձևավորելուն: Իհարկե, միայն ուսուցչի միջոցով դա հնարավոր չէ: Եռանկյունի է` ուսուցիչ-աշակերտ-ծնող:

-Համարո՞ւմ եք, որ ամեն դպրոցից հեռացող երեխայի մեջ դուք թողնում եք ձեր մի մասնիկը:

-Անպայման: Այս տարիների ընթացքում 33 սերունդ եմ ճանապարհել դպրոցից, և ամեն վերջին զանգի հուզվում եմ նույն չափով, որովհետև հարազատ դարձած երեխաների եմ ճանապարհում մեծ կյանք: Դպրոցից հեռացող յուրաքանչյուր սերունդ իր կնիքն է թողնում իմ կյանքում:

-Ի՞նչ հետաքրքրաշարժ դեպեր եք հիշում ձեր աշխատանքային տարիներից:

-Հետաքրքրաշարժ դեպքեր շատ են եղել: Մոտ երկու տարի առաջ տասներկուերորդ դասարանի աշակերտները անկարգություն էին արել, հաջորդ օրը գնացի ու խիստ նկատողություն արեցի, ասացի որ վատ բան են արել, և դուրս եկա դասարանից: Դրա հաջորդ օրը փետրվարի երեքն էր`իմ ծննդյան օրը, լրիվ մոռացել էի, թե ինչ օր է, ուղղակի նախորդ օրը նկատողություն էի արել, մտածեցի՝ գնամ տեսնեմ, խելքի՞ են եկել, թե՞ ոչ: Մտա դասարան, ասացի. «Հիմա իմ երեկվա ասածները հիշո՞ւմ եք»: Ամբողջ դասարանը միաձայն ասաց. «Այո, հիշում ենք»: Ասացի. «Ինձ բան չունե՞ք ասելու»: Ամբողջ դասարանով միահամուռ ասացին. «Ձեր ծննդյան օրը շնորհավոր»: Ես էլ սպասում էի, որ կասեն՝ ներողություն, էլ այդպիսի բան չենք անի:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ուսուցիչը, որ երեխայի հետ շփումն ավելի հեշտ դարձնի:

-Մանկավարժը նաև հոգեբան է: Դասարան մտնելով յուրաքանչյուր ուսուցիչ մոռանում է, թե´ իր խնդիրները, թե´ առօրյա հոգսերը, և ամբողջությամբ նվիրվում աշակերտի կրթությանը:

-Արդի կրթական համակարգում ի՞նչ փոփոխություններ կմտցնեիք:

-Ներկայիս կրթական համակարգը համեմատած Խորհրդային դպրոցի հետ շատ է փոխվել: Այսօրվա կրթական համակարգը հնարավորություն է տալիս ուսուցչին, ուսուցման մեջ օգտագործել թե ավանդական, թե այժմյան մեթոդները: Այսօրվա մեթոդները աշակերտակենտրոն են, այսինքն՝ հնարավորություն են տալիս աշակերտին աշխատել, զարգացնել տրամաբանական մտածողությունը, ստացած գիտելիքները առօրյայում կիրառելու կարողությունը:
Ժամանակակից կրթության դրական կողմերից է համագործակցային աշխատանքի առկայությունը: Այսինքն, ուսուցիչը 45 րոպեի ընթացքում աշակերտին ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլև սովորեցնում է համագործակցելու, միմյանց օգնելու նրբությունները:

-Ի՞նչն եք ամենից շատ արժեվորում մարդու մեջ:

-Դիմացինին հարգելու, գնահատելու, դիմացինի «ես»-ը ճանաչելու կարողությունը, արդարամտությունը:
Անկախ նրանից, ինչի մասին մենք խոսեցինք` մանկավարժի մասնագիտության, կրթակարգի, երջանկության բանաձևի, այս բոլորի վերևում ես մի արտահայտություն կարող եմ դնել. լավ կլինի, որ կյանքում մարդը իր դիմագիծը չկորցնի, իր մարդ կերպարը չաղտոտի, հավատարիմ մնա իր սկզբունքներին: Հիշի, որ ինքը մարդ է, գիտակից մարդ:

seda mkhitaryan

Հայ երիտասարդը կմնա Հայաստանում, եթե ունենա աշխատատեղ

Հարցազրույց Թումանյան համայնքի ավագանի Տիգրան Մխիթարյանի հետ։

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ համայնքի ավագանի: Այդ գաղափարը առաջացավ մինչև համայնքի խոշորացո՞ւմը, թե՞ դրանից հետո։

-Գաղափարն առաջացավ մինչև համայնքների խոշորացումը։ Ես, որպես գյուղի բնակիչ, ցանկացա իմ գիտելիքներն ու փորձը ներդնել համայնքիս զարգացման գործում, ցանկացա ինչ-որ բան դեպի լավը փոխել իմ համայնքում։

-Որպես ավագանի, ի՞նչ խնդիրների վրա եք հիմնականում կենտրոնացնում ձեր ուշադրությունը: 

-Ես ուշադրությունս առավելապես կենտրոնացնում եմ այն հարցի վրա, որ բյուջեն համայնքների միջև բաշխվի հավասարաչափ, համայնքները զարգանան հավասարաչափ, և որ համայնքի բնակիչները հնարավորինս մասնակցեն ՏԻՄ-ի կառավարմանը։

-Վերջերս կյանքի կոչվեց համայնքների խոշորացման ծրագիրը: Կբացատրե՞ք ծրագրի էությունը:

-Համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչվեց 2016 թվականի փետրվարի 14-ին։ Ծրագրի արդյունքում Թումանյան համայնքը միավորվեց 6 այլ համայնքների հետ և դարձավ մեկ միասնական Թումանյան համայնք։ Ծրագրի նպատակն էր և՛ կրճատել ծախսերը, և՛ տնտեսելով գումար՝ զարգացնել համայնքները։

-Կնշե՞ք մի քանի խնդիրներ, որոնց հետ գյուղացին սկսեց բախվել խոշորացման արդյունքում։

-Առաջինը՝ կտրվեց բնակիչ- ՏԻՄ կապը, բնակիչները ֆիզիկապես հնարավորություն չունեն ներկա գտնվել ավագանու նիստերին։ Բացի այդ, գյուղական համայնքի բնակիչը նախկինում կարող էր իր խնդիրը ՏԻՄ-ի հետ լուծել օրվա ցանկացած ժամի, քանի որ ճանաչում էր համայնքապետին, ինչպես ասում են՝ «մի հողի, ջրի մարդիկ էին», իսկ այժմ միայն աշխատանքային ժամերին կարող են դիմել աշխատակիցներին։ Ինչպես արդեն նշեցի՝ բյուջեի հավասարաչափ բաշխումը շատ կարևոր է, բայց ներկայումս քաղաքային բնակավայրին ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քան գյուղականին։

-Արդյոք խոշորացումը ունի՞ որևէ դրական կողմ:

-Ըստ ծրագրի մասնագետների՝ համայնքները զարգանալու էին, միջհամայնքային ճանապարհները բարեկարգվելու էին, գումարի տնտեսման արդյունքում բազմաթիվ խնդիրներ էին լուծվելու, բայց ես այդ ամենը դեռ չեմ տեսնում, և ոչ էլ պատկերացնում եմ, որ դա հնարավոր է։ Ծրագիրը արդեն մի տարի է իրականացված է, բայց ոչ մի արդյունք չկա։

-Դուք, որպես համայնքի ավագանի, գիտեմ, որ բավականին ակտիվ եք: Կնշե՞ք մի շարք հարցեր, որ հենց ձեր նախաձեռնությամբ են բարձրաձայնվել և լուծում ստացել։

-Ես բազմաթիվ և բազմապիսի առաջարկություններով եմ հանդես եկել: Բարձրացրել եմ բազմաթիվ հարցեր՝ խմելու ջրի, տրանսպորտի, ճանապարհների, քարաթափման և այլնի մասին։ Իմ նախաձեռնությամբ այժմ բոլոր համայնքները ունեն իրենց կնիքը, և գյուղացին ամեն անգամ որևէ թուղթ կնքելու համար ստիպված չէ գնալ հասնել Թումանյան: Նաև կանգառ է տեղադրվել։

-Ի՞նչ հեռանկարներ ունի մեր գյուղը, հատկապես աշխատատեղերի, երիտասարդության զբաղվածության հետ կապված: Ի՞նչը կստիպի քարինջեցի երիտասարդին մնալ գյուղում։

-Այժմյան պայմաններում ոչ մի բան չկա, որը կստիպի մնալ այստեղ, իհարկե, բացի հայրենիքում ապրելու ցանկությունը, բայց քարինջեցի և առհասարակ հայ երիտասարդը կմնա Հայաստանում, եթե ունենա աշխատատեղ, կարողանա ստեղծել օրվա հացը։ Պարտադիր չէ, որ աշխատեղը լինի հենց մեր գյուղում, օրինակ՝ եթե հարևան Թումանյանում լինի աշխատելու տեղ, ապա կգնան և այնտեղ կաշխատեն։

-Շատ հաճախ մինչև իշխանություն ստանալը ավագանին մեծ խոստումներ է տալիս ընտրողներին, բայց իշխանության գալիս, ասես, մոռանում է այդ մասին: Ի՞նչն է պատճառը: Իշխանության գալով՝ հասկանում են, որ այդ խնդիրները անլուծելի՞ են, թե՞…

-Ըստ իս, սա ունի 2 պատճառ․ առաջինն այն, որ նրանք հասկանում են, որ խնդիրը ոչ թե անլուծելի է, այլ ինքը մենակ չի կարող լուծում գտնել, և չկան մարդիկ, ովքեր կմիանան իրեն, կկազմեն թիմ ու կկարողանան լուծել խնդիրները։ Երկրորդ պատճառը ինձ ամենաշատն է հանդիպում. ավագանին, թեկնածություն առաջադրելով, առաջին հերթին ցանկանում է լուծում տալ սեփական խնդիրներին և առաջնորդվում է սեփական շահով։