Edita Galstyan new

Շղթայված հանդիսատես

Անվերջ մտքեր։ Դու։ Կողքովդ անցնող կյանքը։

Կյանքը կողքովդ անցնում է, իսկ դու կտրված ես աշխարհից։ Մարդիկ, րոպեները, ժամերը, օրերը կողքովդ քայլում են կամ վատագույն դեպքում՝ վազում։ Իսկ դու՞… Դու միայն նայում ես նրանց,  քո աշխարհը գրկել ու բաց չես թողնում։

Կյանքը քեզ հրում է իրենից դուրս, ու դու մնում ես միայն հանդիսատեսի կարգավիճակում։

Մարդիկ քեզ չեն հասկանում, դու՝ իրենց։ Կյանքը անվերջ գնում է կողքովդ ու անգամ չի էլ բարևում։ Ու դու ստիպված մենակ նայում ես, իսկ վայրկյանները օրեր են դառնում, օրերը՝ ժամեր, ժամերը՝ շաբաթներ, շաբաթնե՞րը…

Ի տարբերություն կյանքի՝ մտքերդ երբեք քեզ չեն մոռանում։ Ո՛չ քեզ են դուրս հրում իրենցից, ո՜չ էլ դու ես կարողանում իրենցից դուրս գալ։ Ու իրենք քեզ դարձնում են իրենց գերին, ու դու շղթայված մնում ես մտքերիդ բանտում և ճաղերի միջից նայում անվերջ վազող կյանքին։

Դու պիտի դուրս գաս բանտիցդ, որը ինքդ քո մեջ ես ստեղծել, բայց իրական բանտի ճաղերը կոտրելը, շղթաները քանդելը ավելի հեշտ է,  քան թե ինքդ քո միջից դուրս գալը, շղթաներդ պոկելը, մի կերպ կյանքի հետևից վազել հասցնելդ։

Կյանքը վազում է։ Հաղթանակ է տոնում մրցավազքում։ Կկարողանա՞ս քանդել շղթաներդ…

Elena hovhannisyan

Ծանր բառեր

Երբևէ Մովսես Խորենացու «Ողբ»-ը կարդացե՞լ եք։ Եվ ի՞նչ եք զգացել առաջին անգամ կարդալիս։

Երբ կարդացի առաջին անգամ, չզգացի այն խորն ու արմատացած ցավերը ամեն մի տողում, որ գոյություն ունեին։ Ես չէի հասկանում, ինչպես կարելի էր ողբալ մի երկրի համար, եթե միևնույն ժամանակ ասում էին, որ հենց նույն երկրի ժողովուրդը միասնական է, ազնիվ, արի, շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցած։

Անցան տարիներ, ու ես ժամանակ առ ժամանակ վերընթերցել եմ «Ողբ»-ը։ Ես հասկացել եմ, որ կան տողեր, որոնք մեր առօրյան նկարագրում են ամենաիսկական ձևով։ Ու չնայած ամենաճիշտ տողերին, որ կան «Ողբ»-ում, որոնք առավել քան արդիական են, այնուամենայնիվ ես չեմ կարող համաձայնվել, որ զինվորականները անարի են կամ զենք ատող։ Ու այս տողերը իր սրտում կժխտի յուրաքանչյուր հայ հիմա՝ պատերազմից հետո։ Մենք անզոր ենք, այո՛, բայց որքան զորեղ են նրանք: Մենք անկարող ենք, այո՛, բայց որքան փորձություններ հաղթահարեցին նրանք։ Նրանք, որ նռնակներ պայթեցրեցին իրենց ձեռքերում, այդքան արիությո՞ւն։ Նրանք, որ ընկերոջը փրկելու համար, իրենք նահատակվեցին, կյանքեր փրկեցին՝ կյանքերի գնով։ Եվ ես, այս ամենը միայն լսել եմ, լսել եմ, որ չեն ունեցել զենքեր, որ շատերը հրաշքով են փրկվել, որ բոլորը գիտակցաբար են ընկել դաշտերում, որ… բայց… եթե…

Պատերազմից հետո այլևս ոչ մեկի դեմքին չկա անկեղծ ժպիտ, իսկ իրավունքը կա՞ ժպտալու։

Մորաքրոջս ամուսինը զոհվեց կռվում… Երկար օրեր անցան, երբ կարողացա խոսել մորաքրոջս հետ, ու ի՞նչ սփոփանքի խոսք կարող էր լինել, որ կարողանար սփոփել նրան։ Չկան նման խոսքեր, որովհետև իր երեքամյա որդին սպասում է հորը, ու ամեն օր մորաքրոջս հարցնում է. «Մամ, բա պապան ե՞րբ ա դիրքերից իջնելու»: Դաժան է…

Դաժան է, երբ իմանում ես, որ զոհվել է 19-ամյա համագյուղացիդ, ու դաժան է նրա հարազատների աչքերին նայելը։ Դաժան է, երբ իմանում ես, որ զոհվել է մյուս համագյուղացիդ, ու դաժան է նրա երեխաների աչքերի մեջ նայելը: Ու թեև այս ամենին,  անչափ հպարտություն կա, որ ճանաչել ես նրանց։ Դաժան է, երբ չես ճանաչում ուսուցչուհուդ որդուն, բայց իմանում ես, որ նա հերոս է  դարձել` իր քաջությունը օրինակ դարձնելով հաջորդ սերունդներին, ու դաժան է ուսուցչուհուդ աչքերին նայելը։

Պատերազմի տասներորդ օրն էր, երբ հեռուստացույցով ընկերուհուս եղբոր անունը հայտնեցին, բայց նրանից ոչ մի լուր չկար։ Ես երբեք չեմ կարող մոռանալ այն պահը, երբ ընկերուհիս ուրախ ձայնով ասաց, որ սուտ է լուրը, ու նա հաստատ կզանգի ու հաստատ կգա… Ու դաժան է այդքանից հետո 4 ամիս անց նրա դին հողին հանձնելը։ Մյուս ընկերուհիս էլ, երբ ուշանում էր եղբոր զանգը, մեռնում ու վերակենդանանում էր, երբ լսվում էր հեռախոսի այդքան սպասված զանգը։

Շատերը չէին մտածում, որ վերջին անգամ են իրենց որդուն համբուրելու, երբ ուղարկում էին բանակ։ Ուղարկո՞ւմ էին, տանո՞ւմ էին, թե կամավոր էին գնում՝ քաջերը։

Մենք պայքարում ենք ողջ կյանքում` ինչ-որ երազանքներ իրականություն դարձնելու համար, ու դաժան է գիտակցել, որ նրանք մեզ համար, իրենց նվիրական երազանքները դաջեցին սառը հողերին։ Դաժան է գիտակցել, որ ոչ ոք, ոչ ոք չի կարողանալու ետ բերել նրանց, դաժան է գիտակցել, որ մենք ոչ ոք ենք տարօրինակ աշխարհում այս։

Այս ամենը, որ 44 օր կրծեց մեր հոգին, ու շարունակում է մաշել մեզ ու մեր սրտերը, գրվելու է դասագրքերում, դառնալու է պատմություն, որը աշակերտներին սովորեցնելու են 2-3 դասաժամում, հետո ծույլերից մի քանիսը չեն հիշելու զոհերի թիվը, ու գրքերից են արտագրելու։ Այն, ինչ կործանեց շատերին, ուղղակի մնալու է գրքերում, ու պատմելու են, կարդալու են միայն, այն, ինչ մենք զգացինք ու մինչ այժմ էլ ոչինչ չի հանում այդ վիճակից…

Մովսես Խորենացու «Ողբ»-ը կարդացել եք անշուշտ: Զգացե՞լ եք ամեն բառի ու հնչյունի ծանրությունը…

Edita Galstyan new

Քաղաքի աղմկոտ փողոցները

Քաղաք։ Ավտոմեքենաներ։ Աղմուկ։

Քայլում ես քաղաքի փողոցներում, ականջիդ մեջ քաղաքի աղմուկն է, ներսումդ՝ քո։

Գնում ես ամենօրյա ճանապարհովդ. էն ճանապարհով, որ էնքան է հարազատ դարձել, որ աչքերդ էլ փակես, ոտքերդ ինքնուրույն կգնան։

Անցնում ես քաղաքիդ փողոցներով, նայում ես այս ու այն կողմ, մարդիկ տարբեր արագությամբ գնում են։ Մե՜կ շտապում են, մե՜կ վազում, մե՜կ էլ ճոճվելով հազիվ տուն են ուզում հասնել։

Դու գնում ես, քաղաքը հետդ տանում։ Մտքումդ խառը մտքեր են։ Մե՜կ ամենասովորական ամենօրյա մտքեր են պտտվում գլխումդ, մե՜կ էլ ամենատարօրինակ ու անսպասելի մտքերը, որ երբևէ ունեցել ես։

Քաղաքդ արդեն չի հասցում հետևիցդ գալ, սկսում ես արագ քայլել, ինքդ քեզ տեսնում ես խանութների մուգ ցուցափեղկերում, որոշում ես մի րոպե կանգնել, նայել՝ նման էիր վերջին անգամ տեսածդ քեզ: Հետո հանում ես հեռախոսդ, նկարվում, հետո պատուհանից տեսնում ես, որ մի տեսակ տարօրինակ են նայում քաղաքիդ մարդիկ։ Հետո հասկանում ես, որ ոչ թե իրենք են տարօրինակ նայում, այլ էստեղի միակ տարօրինակը դու ես։ Թողնում, արագ գնում ես էդտեղից, կարծես ոչ մի բան էլ չէր եղել։

Ճանապարհին տարբեր տներ ես տեսնում, մեկի լուսամուտը փոշու մեջ կորած է, մյուսինը փայլում է մաքրությունից։ Հետո հասկանում ես, որ փոշոտ պատուհանով տան մարդիկ ոչ թե փնթի են, այլ  վաղուց թողել են տունը, գնացել…

Գնում ես, փողոցը վազում է հետևիցդ, մի կերպ բռնում է քեզ։ Դանդաղեցնում ես քայլերդ, փողոցը աղմկում է, դու՝ լռում, բայց մոռանում ես քաղաքդ, էլի թողնում իրեն էլ, իր աղմուկն էլ ու ներսիդ աղմուկից վազում տուն…

Anna mkhitaryan

Լինել ուսանող

Երկար ժամանակ է, ինչ դժվարանում եմ ընկալել այն հանգամանքը, որ ես ուսանող եմ:

Բարև, ես Աննան եմ, 1-ին կուրսի ուսանողուհի…

Սա, իհարկե, ոչինչ չի կարող նշանակել շատերի համար, բայց ինձ համար մի հաստափոր գրքի պատմություն է: Ես առաջին օրվանից թերահավատորեն եմ մոտեցել այս նախադասությանը: Հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում ու փորձում հասկանալ, թե ի՞նչ է նշանակում լինել ուսանող: Լինել ուսանող նշանակում է` մի ամբողջ կիսամյակ ինքդ քեզ համոզել, որ էլ դպրոցական չես, որ էլ դպրոց չես գնալու, ու էն փաստը, որ դպրոցը ավարտել ես, որ ուսանող ես…

Լինել ուսանող նշանակում է` հասկանալ, որ գիշերը գոյություն ունի կյանք՝ լեկցիա կարդալու, մեկ օրում քննության պատրաստվելու և թղթերը գրկելով մի լավ լացելու համար: Հասկանալ, որ գիշերը ընդհանրապես քնելու համար չէ:

Լինել ուսանող նշանակում է` հեռախոսի մեջ ունենալ լեկցիայի լիքը նկարներ, բայց միևնույն է, դրանք քեզ երբեք պետք չեն  գալու:

Լինել մերօրյա ուսանող նշանակում է` ավելի շուտ սովորել «զումի» գաղտնիքները, քան մասնագիտական լեկցիաներ կարդալ: Կամ արթնանալ դասից 5 րոպե առաջ,  ներկա ստանալ ու մի ժամ էլ քնել:

Լինել ուսանող նշանակում է` կա՛մ պարապել, կա՛մ մտքում միշտ «Հայր մերը» ասել:  Կամ պատասխանել այն հարցին, որը պարապելու ժամանակ ասել ես. «Ա, լավ դե, միևնույն է, սա ինձ չի ընկնելու»:

Լինել ուսանող նշանակում է` բարձր կուրսեցիների հետ բարեկամներ լինել, որ ամեն հարց առաջինը իրենց տաս, դասախոսների մասին մի լավ հարցուփորձ անես ու կարծիք կազմած գնաս առաջին դասին:

Լինել մերօրյա ուսանող նշանակում է` իմանալ, որ հեռախոսի էկրանը կիսվում է, բայց  այնուամենայնիվ, իմ նմանները չեն կարողանալու կարդալ, որովհետև տեսողությունը վաղուց լքել է:

Դե ինչ, ողջույններս բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հավատում ուսանող լինելուն, ովքեր ամեն պահ կարոտում են դպրոցը, ովքեր երազում են մտնել համալսարանի  շենք, ովքեր իրականում մարդկանց հետ շփման կարիք ունեն:

Պատերազմ և խաղաղություն

Եթե մեկ ամիս առաջ ինձ հարցնեիք, թե ինչ են նշանակում «հայրենիք», «պատերազմ», «խաղաղություն» բառերը, կտայի ամենապարզ պատասխանները. կասեի, որ հայրենիքը այն հողն է, որի վրա ծնվել, մեծացել ես, պատերազմը կնկարագրեի այնպես, ինչպես կարդացել էի պատմության գրքերում կամ տեսել էի ֆիլմերում, իսկ խաղաղությունը կբնութագրեի երկու բառով՝ կապույտ երկինք։

Բայց այս ամենը կասեի առանց ինչ֊որ բան զգալու, առանց ասածս պատկերացնելու։ Այսօր ես փոխել եմ պատկերացումներս…

Հայրենիքը ինձ համար էլ սոսկ հողը չէ։

Հայրենիքը գերագույն արժեք է, որը պահում են կյանքի, արյան գնով, որը պահելու համար ինձնից երկու֊երեք տարի մեծ ընկերներս իրենց կյանք են զոհում՝ փրկելով իմ կյանքը։ Հայրենիքը այն արժեքն է, որի համար մեկի եղբայրը, մյուսի հայրը, մյուսի ամուսինը թողեցին իրենց նպատակները, երազանքները ու անմահացան։

Պատերազմի մասին երկար կպատմեի դեռ մի ամիս առաջ։ Բայց հիմա ես բառերով պատմել չեմ կարող։ Ասում են՝ զգացածը պատմել հնարավոր չէ, բա ես ինչպե՞ս պատմեմ այն, ինչը զգացել եմ։ Պատերազմը զգալ, պատերազմը ապրել անգամ այն դեպքում, երբ կիլոմետրերով հեռու ես ռազմաճակատից։ Զգալ ցավը, վիշտը, երբ գլխիդ վերևում արկ չի պայթել։

Թե ինչ էր խաղաղությունը, ես ընդհանրապես չգիտեի։ Երբեք չէի էլ մտածի, որ այն, ինչ լսել եմ, կարդացել, մի օր ես էլ եմ ապրելու։ Շատ հեռվում էր, թվում անցյալը ու կարծես երբեք չէր էլ կրկնվելու, բայց արի ու տես, որ կրկնվեց։

Այս պահին բոլորս կորցրել ենք այն, ինչ ունեցել ենք ու չենք էլ գնահատել։ Հիմա, երբ ամեն րոպե մտածում ենք ռազմաճակատի մասին, որ ամեն րոպե զինվորը՝ կյանքի ու մահվան միջև ընկած, ինքն իրեն մոռացած, կռիվ է տալիս, չկա խաղաղություն ո՜չ այնտեղ՝ առաջնագծում, և ո՜չ էլ այստեղ՝ մեր հոգիներում։

Այսօր բոլորս ապրում ենք պատերազմի հետ, վշտի ու ցավի, հույսի ու հավատի մթնոլորտում։ Մարդը հարմարվում է այն միջավայրին, որում ստիպված է ապրել։ Օրինակ՝ ինչպես հարմարվեցինք համավարակի հետ ապրելուն։

Մի օր այս ամենը կավարտվի, բայց այն, ինչ ապրեցինք ու զգացինք, չի մոռացվի երբեք: Սպիները չեն վերանում…

Մենք կսովորենք գնահատել այն, ինչ ունենք ու երբեք չդժգոհել։

Տղերք, չպակասեք, խնդրում եմ

Գուցե չեք նկատել, բայց աշխարհում գոյություն ունեցող բոլոր ազգերի մեջ հայը վերացող տեսակ է` լավ իմաստով։

Ինչո՞ւ, որովհետև միայն մենք ենք պատերազմ դհոլ-զուռնայով, հաղթական տրամադրությամբ ու տրամադրվածությամբ գնում:

Միայն մեր տղերքն են մայրերին խաբում, որ ընկերոջն են ճակատ ճանապարհում, բայց հաջորդ օրը մայրը հեռուստացույցով իմանում է, որ որդին ազգի հերոս է դարձել: Միայն մենք ենք խաղաղ ժամանակ քարկոծում մեր երկրին, բայց երբ խաթարվում է մեր քարկոծած երկրի անդորրը, պատրաստ ենք անգամ թշնամու կոկորդը կրծել, միայն թե իր նավթոտ ձեռքերը հեռու տանի մեր երկրի սահմաններից:

Միայն մեր երկիրն է, որ քարտեզում մի կետի չափ է նշմարվում, բայց երբ պատերազմում են նրա դեմ, ընդլայնում է իր ընդգրկվածությունը` իր ափերի մեջ առնելով համայն աշխարհում սփռված զավակներին:

Միայն մենք կարող ենք անել ամեն խենթություն, միայն թե սահմանին կանգնած զինվորին կարողանանք տաք շոր ու ուտելիք ուղարկել:

Միայն մենք կարող ենք պատերազմի ժամանակ էլ մնալ տանը, երբ օդում հրթիռներն են սավառնում, բայց միևնույն է, պետք է լույսերը վառ պահել, որ զինվորին ոգեշնչենք: Միայն մենք ենք, որ պատերազմի օրերին էլ կատակում ենք, որովհետև եթե չկատակենք, կգժվենք իսպառ…

Միայն մենք ենք, դրա համար էլ այսօր պայքարում ենք սատանայական ուժերի դեմ…

Ու հենց դրա համար մեզ հաղթել չի լինի…

Մենք կանք, եղել ենք ու դեռ պիտի շատանանք…

Տղերք, չպակասեք, խնդրում եմ…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ