Անհայտ տաղանդը

Ես սովորում եմ մեր գյուղի բանաստեղծի՝ Մայուլիս պապիկի թոռնուհու հետ, և մենք շատ մտերիմ ենք: Ես հաճախ եմ լինում նրանց տանը, զրուցում Մայուլիս պապիկի հետ: 

Մայուլիս պապիկը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 5-ին Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում: Սովորել է Անգեղակոթի միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սիսիանի պրոֆտեխուսումնարանում՝ որպես տրակտորիստ-կոմբայնավար: Այնուհետև սովորել է ավտոդպրոցում, ծառայել սովետական բանակում: Ծառայությունից վերադառնալուց հետո 37 տարի աշխատել է որպես վարորդ:

Մայուլիս պապիկն ունի ստեղծագործական մեծ ձիրք: Նա գրել է բանաստեղծություններ, որոնցից շատերը, ցավոք, անտիպ են մնացել: Երբ Մայուլիս պապիկի տանն էի, որոշեցի նրան մի քանի հարց տալ:

-Ո՞ր թվականին գրեցիք Ձեր առաջին բանաստեղծությունը: 

-1967 թվականին գրեցի առաջին բանաստեղծությունը «Խաբուսիկ սեր» վերնագրով: Այնուհետև առաջացավ նորանոր բանաստեղծություններ գրելու հակում:

-Քանի՞ բանաստեղծություն եք գրել: 

-Գրել եմ 36 բանաստեղծություն, սակայն կան նաև անտիպ մնացած բանաստեղծություններ:

-Ե՞րբ են տպագրվել ձեր բանաստեղծությունները: 

-Իմ բանաստեղծությունների գիրքը տպագրվել է 2013 թվականի ամռանը: Գրքի հիմնական գաղափարը հայրենասիրությունը և մարդու էությունն են:

Նաև ասեմ, որ Մայուլիս պապիկը զբաղվում է Անգեղակոթի հուշարձանների, կոթողների պահպանմամբ ու մաքրությամբ:

arevik mkrtchyan syunik

Պաուլոն ու Չուչին

Նրանք իմ ձկնիկներն են: Մի օր, երբ վերադարձա ընկերուհուս հետ զբոսնելուց, սեղանին՝ թասի մեջ, ձկնիկներ
տեսա: Այդ ժամին բոլորը սերիալ էին նայում: Ձկնիկներին տեսնելով՝ շատ ուրախացա:
-Պապ, էս ի՞նչ ձկներ են, որտեղի՞ց:
-Սերոբ պապին ա բերել:
-Հա՜: Պապ, իսկ կլինի՞ սրանցից մեկին պահեմ:
-Հա, ինչի՞ չի լինի:
-Բայց ինչի՞ մեջ պահեմ, կլինի՞ բանկայի մեջ:
-Հա, բայց մեծ բանկայի մեջ գցիր, որ կարողանան ազատ լողալ:
Ես նրանց չէի կարողանում բռնել և գցել բանկայի մեջ: Վախենում էի: Ի վերջո բռնեցի, բայց ոչ թե մեկին, այլ
երկուսին, որովհետև դժբախտ էր ձկնիկս առանց ընկերոջ:
Ես նրանց մանրացրած չոր լավաշ տվեցի, միանգամից կերան: Խոսում էի նրանց հետ և որոշեցի նրանց անուններ
տալ. անհետաքրքիր էր առանց անունների: Ձկներիցս սևին կոչեցի Պաուլո, իսկ սպիտակին՝ Չուչի: Այսպես նրանք
դարձան իմ ընկերները, որոնց հետ ես խոսում եմ այն ժամանակ, երբ տխուր եմ լինում: Նրանք առանց շարժվելու,
շատ ուշադիր լսում են ինձ:

marta minasyan

Իմ «5-րդ դասարանը»

Ես սովորելու ընթացքում փոխել եմ չորս դասարան, որոնցից յուրաքանչյուրն էլ յուրահատուկ է եղել, սակայն այս ընթացքում ամենայուրահատուկ դասարանը եղել է «TEDxkids2017»-ի դասարանը: Հանդիպում էինք շաբաթը մեկ անգամ՝ 2-3 ժամով: Մեր «դասարանի» 80%-ը գալիս էր ամենատարբեր մարզերից: Եվ քանի որ կային նաև գյումրեցի աշակերտներ, առանց հումորի անհնար էր:

Մենք այնտեղ չէինք սովորում թվեր գումարել կամ հանել, հիշել, թե ինչ-որ մեկը ինչ սխրանք է գործել, չէինք պատրաստվում քննությունների: Մենք սովորում և հիշում էինք մեր դասարանի երեխաների մտքերը, լսում կարծիքները, հասկանում նրանց էությունը, ծիծաղում, նկարներ անում: Իսկ լանչի ժամանակ 20 րոպեով բոլոր դասարանների պես խմբվում էինք սեղանների շուրջ ու զրուցում: Բայց այդ զրույցներն այնքան լավ չէին ընթանում, ինչքան դասերի ժամանակ: Ու գիտե՞ք, ամեն լանչի ժամանակ նույն խմբով չէինք նստում, ինչպես դպրոցներում, այլ հակառակը՝ ամեն անգամ տարբեր խմբերով, տարբեր թեմաներով ու թարմ լուրերով:

Դե, այդպես երեք ամիս անցավ ու եկավ «վերջին զանգի» օրը: Բոլորս պետք է ելույթ ունենայինք մեզ հուզող խնդիրների մասին ու ցույց տայինք մեր 3 ամսվա աշխատանքը: Հերթով ամեն մեկս մեր ասելիքն ասացինք ու վերջապես ծանոթացանք ծնողների հետ: Այստեղ ուսուցիչները չէին ներկայացնում մեր աշխատանքը, այլ մենք ինքներս:

Եկավ հրաժեշտի պահը: Մեր միջի գյումրեցին վերջին րոպեին բացականչեց.

-Ո՜ւխ, պրծամ սրանցից, ես գնացի:

Ես էլ հետևից կատակը շարունակեցի՝ ասելով.

-Դավաճա՜ն:

Բոլոր դասարանների պես կապը պահում ենք ու առիթ ենք փնտրում հանդիպելու համար. կլինի դա փառատոն, համերգ կամ մի այլ բան: Ափսոս, որ հաճախ հավաքվում ենք ոչ բոլորով:

Հարսին բերեցին

Այսօր մեր թաղամասում հարսանիք էր: Երեխաներով անհամբերությամբ սպասում էինք, թե հարսին երբ են բերելու, որպեսզի ավանդույթի համաձայն, շղթա կապենք: Երբ արդեն վերադարձան, շղթա կապեցինք և փող պահանջեցինք, որ թողնենք՝ հարսին տանել ամուսնու տուն:

Այս հարսանիքին մի քիչ քիչ գումար հավաքեցինք, որը հավասար բաժանեցինք մեր՝ շղթա կապող չորս հոգու մեջ, իսկ մնացած մասով, որը խանգարում էր հավասար բաժանելուն, կոնֆետներ գնեցինք:

iza Astsatryan

Երբ աշխարհը բաժանվում է երկու մասի

Հերթական օր, հերթական ժամ ու «Էլ կլասիկո», երբ աշխարհը բաժանվում է երկու մասի, երբ քույրերով դառնում ենք մրցակիցներ, երբ ողջ մոլորակում քաոս է տիրում… Քաոս էր տիրում նաև մեր տանը. քույրս Բարսելոնային է երկրպագում, իսկ ես՝ Ռեալին: Ամեն անգամ «Էլ Կլասիկո» նայելիս մեր տանը «պատերազմ» է սկսվում: Այս անգամ խաղը հուլիսի 29-ին էր, ժամը 4:00-ին, հետաքրքիր է, տեսնես՝ ինչքա՞ն մարդ է այդ օրը անքնությամբ տառապել, կամ ինչքան մարդ է 3:30, 3:35, 3:55 զարթուցիչը միացրել խաղը դիտելու համար: Ես ու քույրս էլ էինք այդպես արել:

Մինչև ժամը 4-ը հազար անգամ անկողնու մեջ աջ-ձախ, վերև-ներքև արեցի, վերջապես խաղն սկսվեց: Տրամադրվածությունը մարտական է, չմոռանամ նշել, որ հեռախոսի լույսի վրա եկած մոծակների տրամադրվածությունն էլ ավելի մարտական էր: Ֆեյսբուքում գրառում արեցի, ու ինչքան արթուն մարդ կար, հավաքվեց՝ Ռեալի ֆաները #HalaMadrid, իսկ Բարսայի ֆաները՝ #ViscaBarca հեշթեգերով: Առաջին խաղակեսն ավարտվեց 2-2 հաշվով: Պայքարը թեժ էր, արդեն ժամը 5:15 էր, որոշեցինք դուրս գալ և պատշգամբից լուսանկարել Հալիձորի արևածագը, մի քանի լուսանկար արեցինք ու գնացինք երկրորդ խաղակեսը նայելու: Մինչև վերջին րոպեները շունչներս պահած էինք նայում, մի փոքր նյարդայնանում էի, որովհետև այդ ռուս մեկնաբաններն իրենց խոսքի մեջ ակնհայտ ցույց էին տալիս, որ իրենք Բարսելոնային են երկրպագում: Խաղն ավարտվեց ի ուրախություն Բարսելոնայի երկրպագուների. Բարսելոնան հաղթեց 3-2 հաշվով:

Արդեն ժամը 6-ն անց էր, երբ որոշեցինք գնալ և մի փոքր քնել… Հավատացեք, չկա ավելի ինքնավստահ մարդ, քան ամբողջ գիշերը չքնած ու «Էլ Կլասիկո» նայած մարդը:

Հիշում եմ, մեկ տարի առաջ, երբ պատրաստվում էի Ռեալ Մադրիդ-Բարսելոնա խաղին, որոշեցի տունը զարդարել Ռեալ Մադրիդի պաստառներով: Գիշերը զարդարեցի, առավոտյան գնացի դպրոց, իսկ երբ դպրոցից վերադարձա, տեսա, որ քույրս, որը Բարսայի ֆան է, իմ ողջ աշխատանքը «ջուրն է գցել»: Մի քիչ տխրեցի, բայց փոխարենը Ռեալը հաղթեց 2-1 հաշվով, սիրտս տեղն ընկավ: Ամեն խաղի ժամանակ նույն իրավիճակն է տանը, իսկ դպրոցում բոլոր դասաժամերին քննարկում ենք խաղը: Եթե խաղը ուշ ժամի էր լինում, մեր աչքերից երևում էր, որ դիտել ենք…

Չեմ ուզում երկար-բարակ խոսել Ռեալի մասին, միայն կասեմ՝ Hala Madrid:

nina arsutamyan portret

Արամը

Մանկուց սիրել եմ տղաների հետ խաղալ, տղաների հետ շփվել: Գիտե՞ք՝ ինչու, քանի որ տղաները քեզ ավելի լավ են հասկանում, քան աղջիկները (դե, իհարկե, բացառություններ կան):

Երևի կարդացել եք իմ նախորդ հոդվածը ճամբարի մասին: «Digicamp»-ը տարբերվեց ինձ համար: Մի օրում կարողացա գտնել իմ մոտ ընկերուհուն՝ Արմինեին: Իսկ երրորդ օրն արդեն կարողացա գտնել ինձ համար հարազատ մի մարդու՝ Արամին: Արամը 14 տարեկան է, ծնվել է Երևանում, շատ է հետաքրքրվում ծրագրավորմամբ: Արամից անգամ հարցազրույց են վերցրել այդ թեմայով:
Ինչպես մնացած երեխաները, այնպես էլ Արամը ուներ իր նախագիծը, ավելի ճիշտ՝ նախագծերը՝ «Խելացի լույս» և «Խոսող գազ»: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է՝ կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն: Նրա նախագծերն են հաղթել եզրափակչում՝ գրավել առաջին հորիզոնականը:
Անկեղծ կասեմ: Երբ սկզբից նա գնաց իր նախագիծը ներկայացնելու, առաջին իսկ հայացքից շատ հավանեցի դրանք:
Դե, հետո շատ մտերմացանք: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արամն ու իր ընկերը փորձում էին մողեսով վախեցնել ինձ: Այնտեղի մոծակներն անտանելի էին. այնքան էին խայթել, որ ոտքերս ուռել էին, և ես մի կերպ էի շարժվում: Պետք է գնայինք արշավի դեպի մի լքված եկեղեցի, որը շատ հեռու էր: Ու պետք է հաղթահարեինք սարը: Բարձրանալը հեշտ էր, խնդիրը իջնելն էր: Արամը եկավ, օգնեց ինձ, և միասին իջանք: Երբ տխուր էի, Արամն առաջին մարդն էր, որ մոտենում էր, հարցնում՝ ինչ է պատահել, ինչու եմ տխրել:

Հիմա լայն ժպտում եմ, բայց աչքերիս մեջ թախիծ կա, քանի որ կռվել ենք մի նկարի պատճառով:
Երբ իրար հետ զրուցում ենք, միշտ շեշտում եմ՝ դու ուրիշ ես: Գիտեք՝ ես նրանից երկու տարի մեծ եմ:
Է՜հ, կարոտել եմ նրան: Շատ եմ կարոտել:

shushan stepanyan portret

«Կապույտ աղջկա» որոնումներում

Երկու տաղանդավոր ընկեր ունեմ և ուզում եմ նրանց մասին պատմել: Ես նրանցից շատ եմ հավատում իրենց ուժերին ու միշտ ասում եմ, որ մեծ հաջողություններ են ունենալու:

Ընկերներս՝ Աշոտն ու Հայկը, վերջերս ստեղծել են իրենց «ՆէԲլու» երաժշտական խումբը ու արդեն հեղինակային մի քանի երգ ունեն, ինչպես նաև տարբեր երգերի cover-ներ: Հարցազրույց «ՆէԲլու» խմբի անդամներ Հայկի ու Աշոտի հետ:

-Ե՞րբ ստեղծվեց խումբը:

-Մեր խումբը ստեղծվեց մոտ երեք ամիս առաջ: Ինքներս էլ չէինք մտադրվել, որ ինչ-որ մի կոնկրետ օր խումբ պիտի ստեղծվի:

-Ի՞նչը կարող է ստեղծագործական ներշնչանք լինել երկուսիդ համար՝ նոր երգ կամ երաժշտություն գրելիս:

-Շատ տարբեր բաներ: Օրինակ՝ կարող է մեկին հիշենք, մի ինչ-որ դեպք կատարվի, թեկուզ և մեզ հետ չառնչվող, բայց մեզ հետաքրքրի, ու սկսենք ստեղծագործել:

-Ի՞նչ թեմատիկայով եք հիմնականում ստեղծագործում:

-Հիմնականում մեր երգերը սիրային են, բայց ամբողջովին ստեղծագործել զուտ այդ թեմայով չարժե: Դրա մեջ էլ փորձում ենք ռոմանտիկայից բացի՝ կյանքի փիլիսոփայություն մտցնել, իրական ասելիք: Մեր երգերը, որոնք մենք ենք գրել ու գործիքավորել, հիմնված են իրական դեպքերի վրա: Դե, cover-ներ էլ ենք անում տարբեր երգերի:

-Ինչո՞ւ հենց «ՆէԲլու»:

-Մեր երգերը, ինչպես արդեն նշեցինք, հիմնականում սիրային են, խումբն էլ ինչ-որ ձևով պետք է համապատասխաներ երգերի թեմատիկային: Մեր երազած աղջկա կերպարը կապույտ աղջկա կերպարն է, որը շատ անգամ շեշտվել է գրականության մեջ: «Նէ»-ն աղջիկն է (բառն արևմտահայերենում է գործածավել և նշանակակում է նա՝ she), իսկ «Բլու»-ն՝ կապույտը: Խումբն էլ, կարելի է ասել, կապույտ աղջիկն է, կապո՜ւյտ աղջիկը՝ մեզ համար իդեալ համարվող:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ապագան և «ՆեԲլու»-ն:

-Շո՛ւշ, եթե անկեղծ՝ չենք պատկերացնում: Մեր խմբի զարգացման ընթացքը, հետոն իրոք մեզ համար աղոտ է: Շատ անելիքներ ունենք, շատ բաներ ենք մտածում անել, ուղղակի ապագայի մասին դեռ չենք մտածել: Ճիշտ կլինի, որ դեռևս մեր ներկան հստակ լինի՝ որպես խումբ: Գուցե դա նաև նրանից է, որ մենք գործիքներ չունենք: Դե, երկու կիթառով երգը լավ որակով չի լինի, երաժշտությունը այն հնչեղությունը չի ունենա, որը լինում է տարբեր գործիքների դեպքում: Հուսանք, ամեն ինչն էլ հերթով կլինի:

-Ի՞նչ անելիքներ ունեք ներկայում:

-Նրանց, ովքեր հասցրել սիրել մեր երգերը, ասենք, որ պատրաստվում ենք երկու երգի cover տարբերակ ներկայացնել, որոնցից մեկը X-Road-ի «Թող ծարավեմ»-ն է լինելու:

Ասեմ նաև, որ ընկերներս երկուսն էլ նախընտրել են ծրագրավորումը: Կյանքում չեն երազել երաժիշտ դառնալու մասին: Պարզապես իրենց սիրած զբաղմունքը վերածել են ավելի սիրելի գործի: Իսկ ես նրանց երգերից շատ սիրում եմ «Կապույտին»-ը և ուզում եմ, որ ստեղծագործական շատ վերելքներ ունենան:

Bike Camp

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Ուզում եմ պատմել մի նախաձեռնության մասին, որը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում: Հեծանիվների մրցարշավ, որին մասնակցում էին լեռնային հեծանվորդներ, քայլարշավի գնացողներ, յոգայով զբաղվողներ և այլք: Դե, ցանկացած նախաձեռնության համար աջակցողներ են պետք, այս ծրագրին էլ աջակցել է Երիտասարդական հիմնադրամը, իսկ գումարի մնացած մասը հավաքվել է անդամավճարներով:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Ծրագրի ղեկավար Էմմա Պետրոսյանն ասում է, որ գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ինքը դարձավ «Eco Lab»-ի շրջանավարտ: «Eco Lab»-ից հետո ստացած փոքրիկ դրամաշնորհով Էմման ստեղծեց հեծանվային արահետ Վանաձորում: Արահետը կառուցելուց հետո երիտասարդների հետաքրքրվածությունը մեծ է եղել, և նա որոշել է հեծանվորդների ճամբար՝ «Boo Bike Camp» կազմակերպել, որտեղ կհավաքվեն հեծանվորդներ և կծանոթանան արահետին, կշփվեն իրար հետ, նոր գաղափարներ կծնվեն: Ճամբարի օրերը շատ հագեցած էին, և տղաներին հավասար՝ աղջիկները նույն պես լավ հեծանիվ էին վարում: Տարբեր մարդիկ՝ տարբեր տեղերից ու տարբեր մասնագիտությունների տեր, հավաքվել էին մեկ նպատակով՝ հեծանիվ վարելու:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Արմինեն ուսուուցչուհի է և սկսնակ հեծանվորդ, նա ասում է.

-Ինձ առաջին հերթին գրավեց գաղափարը՝ ունենալ լեռնահեծանվային սպորտի այգի, իսկ վայրը շատ ճիշտ էր ընտրված: Ստեղծված էր միջավայր, որտեղ հեծանվորդները կարող էին հանգիստ շփվել իրար հետ, սովորել նոր հնարքներ: Ճամբարն ինձ հնարավորություն տվեց ինքս իմ ուժերը բացահայտելու՝ առանց վախենալու սլանալ լեռներում, քանի որ վստահ էի, որ մի բան լիներ՝ ինձ ամեն կերպ կօգնեին:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Հնարավորություն տվեց տղաների հնարքները վայելելու, որոնցից տպավորված եմ: Եթե ինչ-որ բան ուզենամ, հանգիստ կարող եմ դիմել լավ հեծանվորդ տղաներին, որ օգնեն, կամ էլ հավաքվենք ու վարենք. նրանք մեզ՝ աղջիկներիս, ավելի լավ վարել կսովորեցնեն: Ամենակարևորը՝ ինքս իմ առջև նպատակ եմ դրել ամեն կերպ բարելավել իմ հեծանիվ վարելու հմտությունները, որ հաջորդ ճամբարին մասնակցեմ ու ավելի լավ արդյունք գրանցեմ: Տպավորված եմ և ուրախ, որ կա նման հնարավորություն և՛ սկսնակների, և՛ արդեն փորձառուների համար:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Իսկ եթե դու դեռ չես կարողանում հեծանիվ վարել, ապա օգտագործիր ամառային արձակուրդներդ կամ էլ հանգստյան օրերդ, գտիր մեկին, ով քեզ քշել կսովորեցնի, որովհետև հաջորդ «Bike Campin»-ին շատ քիչ ժամանակ է մնացել:

Անգեղակոթի «Նոյլու բուլաղը»

Լուսանկարը` Լիլիթ Ավետիսյանի

Լուսանկարը` Լիլիթ Ավետիսյանի

Անգեղակոթի հարավային մասում գտնվում է մի աղբյուր, որը կոչվում է «Նոյլու բուլաղ»: Պատմաբանները կարծում են, որ «նոյլու» բառը կապված է Նոյ նահապետի անվան հետ, իսկ «բուլաղը» պարսկերեն բառ է, նշանակում է աղբյուր, այսինքն՝ «Նոյյան աղբյուր»: Աղբյուրի ջուրն ունի յուրահատուկ համ և սառնություն: Այդ է պատճառը, որ տեղացիները ծարավը փորձում են հագեցնել հենց այս աղբյուրի ջրով:

Աղբյուրն ունի դարերի պատմություն: Գյուղում տարածված է մի ավանդություն. ասում են, իբրև հին ժամանակներում այդ ջրի ակունքում եղել են վիշապի արձանիկներ, որոնք ժողովրդի համար դարձել են պաշտամունքի առարկաներ: Երբ ջուրը կտրվում էր, մարդիկ մտածում էին, թե վիշապներն են զայրացել և ջուրը կտրել: Այդ պատճառով էլ պաշտում էին նրանց: Ամեն շաբաթ մենք երեխաներով գնում ենք աղբյուր, մաքրում ակունքը:

Իմ պապիկը շատ է սիրում այդ ջրի համն ու սառնությունը, քանի որ մանկուց այդ ջուրն է խմել և ուժ ու եռանդ ստացել հենց այդ ջրից:

nina arsutamyan portret

«Արմաթի» ճամբարը

2017 թվականին մեր դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որի սաներից եմ նաև ես: Իմ ինֆորմատիկայի ուսուցիչ ընկեր Ջանունցն ասաց, որ եթե ցանկանում եմ մասնակցել, ապա պետք է ունենամ մի նորարարական գաղափար: Ես շատ էի ուզում մեկնել ճամբար, ձեռք բերել նոր ընկերներ: Երեք օր մտածեցի, թե ինչ նորարարական գաղափար հորինեմ, և հանկարծ մտածեցի՝ լրագրող ռոբոտ, որը կարող է անել ցանկացած լրագրողի գործ:

Չգիտես՝ ինչու, ցանկացած ճամբար մեկնելուց առաջ սկսում եմ մտածել, որ լավ չի անցնելու: Կրկին նույն մտահոգությամբ էլ գնացի:
Գնացինք Հանքավանի «Զեփյուռ» ճամբարը: Առաջին օրն էր: Սենյակներն արդեն բաժանել էին, մեր սենյակում ինն աղջիկ էինք:
-Եկեք ծանոթանանք, երեխեք ջան, 10 օր իրար հետ ենք մնալու,- սենյակում արդեն բոլորն ընտրում էին իրենց անկողինները, իսկ ես շարունակում էի խոսել:
Ծանոթացանք: Մի օրվա մեջ ես, Արմինեն և Սոֆին դարձանք անբաժան եռյակ: 10 օրերի ընթացքում միշտ իրար կողքի էինք նստում:
Արդեն գնացինք և տեղավորվեցինք տաղավարում: Բոլոր 45 մասնակիցներն էլ ունեին իրենց նախագիծը, որն էլ ներկայացրինք: Երբ ավարտվեց 45 հոգու գաղափարների ներկայացումը, սկսվեց քվեարակությունը: 30 րոպե տևեց քվեարկության հաշվարկը: Ընտրվեցին լավագույն 7 գաղափարները, և ստեղծվեց 7 խումբ:
Ճամբարում դասընթացներ էին անցկացվում տարբեր բնագավառներից՝ «Picsart»-ից մինչև «U!com»:
Վերջին օրը առավել լավ 7 գաղափարներից ընտրվեցին լավագույն 3-ը:
Այդ ճամբարից միշտ կհիշեմ ես, թե ինչպես երկրորդ օրը երկու անգամ ջրվեցի, թե ինչպես էի ամեն օր թրջված գնում սենյակ, թե ինչպես էին տղաները գլխիս լցնում իրենց սափրվելու փրփուրը: Կարող եմ անվերջ թվել մեր չարաճճիությունները:
Մտքումս այնքան հիշողություններ կան, այնքան հետաքրքիր դեպքեր են խճճվել, որ չեմ կարողանում մտքերս լրիվ հանձնել թղթին: Չեմ կարողանում, քանի որ կարոտել եմ բոլորին: