Տյառնընդառաջ

 

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Սա այն տոնն է, որը յուրովի առանձնացնում եմ տարվա բոլոր տոներից: Ավանդույթ, որը պահպանվել է մինչև օրս: Այնքան հաճելի է, երբ տեսնում ես փողոցով աճապարող երեխաներին, որոնց ձեռքերին կան աղանդերներով լի տոպրակներ: 

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Երեկ եկեղեցում ժամերգություն արեցին, իսկ ես էլ որոշեցի վերցնել լուսանկարչական ապարատս և որոշ պահեր անմահացնել: Շատ ժամանակ չունեի, տուն պիտի գնայի: Ես ու Նոնան որոշեցինք ժամանակ չկորցնել, շրջել քաղաքով. հետաքրքիր պահեր կհանդպեին՝ նկարելու համար: Հանկարծ տեսանք մի խումբ երեխաների: Նստել էին իրենց շենքի դիմաց դրված նստարաններին՝ պատրաստի տոպրակներով: Ես որոշեցի երեխաներին ոգևորել և ասացի նրանց.

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

-Էրեխե՛ք, մենք հետաքրքիր առաջարկ ունենք ձեզ: Հիմա մենք ձեզ կնկարենք, հետո դուք կարող եք հեռուստացույցով ձեզ տեսնել:

Երեխաները ոգևորված սկսեցին հարցեր տալ.

-Լու՞րջ: Կարա՞ս ուղարկես օդնոյիս: Հ1 -ի՞ց եք: Ջա՜ն, բայց կարա՞մ հելնեմ փոխվեմ, լավ-լավ հավես չկա, սենց էլ ա լավ:

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Նրանք համաձայնվեցին, իսկ մենք անցանք գործի: Մտքիս մեջ ծիծաղում էի, բայց երեխաներին չվշտացնելու համար՝ վերցրեցի նրանցից մեկի ֆեյսբուքի հասցեն, որպեսզի նյութը ուղարկեմ:

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Մեր տունը եկեղեցուց հեռու է, իսկ մութն արդեն ընկել էր: Հասա տուն. ժամանակն էր կրակը վառելու: Մոռացա ասել, որ մեր թաղում ամեն տարի այս տոնը հարևաններով ենք նշում, կրակն էլ վառում ենք մեր տան դիմաց: Բայց այս անգամ բացառություն էր. մենք վառեցինք քիչ հեռու, որովհետև հենց դռան դիմաց մեծ ջրափոս կար: 7 շրջան պտտվեցինք կրակի շուրջը ու սկսեցինք ցատկել կրակի վրայով: Հետո էլ միմյանց բարի գիշեր մաղթեցինք և ամենքս գնացինք մեր տուն: Ներս մտանք թե չէ, դուռը թակեցին: Բացեցի ու, ինչպես միշտ, ոտքերիս տակ հայտնվեց մի տոպրակ: Վերցրեցի, մտա ճաշասենյակ: Ամեն ինչից լցրեցի տոպրակի մեջ, երբ տատիկս կանչեց.

-Բե՛ր, մի երկու հատ կուտապ էլ դնենք, թող երեխաներն ուրախանան:

Լցրեցի ու դրեցի պատշգամբին: Ականջս ձայնի էր, բայց նրանք այնքան լուռ էին վերցրել ու հեռացել, որ ոչ մեկս չէր լսել:

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Սոֆյա Աբրահամյանի

Հ.Գ.

Շատ տխրեցի, որ չկարողացա իմ երազանքների կադրը նկարել. դե հասկացաք էլի, երբ որ մարդը գտնվում է ուղիղ կրակի վերևում ցատկելու պահին:

«Ակլը մարեմ, ձեր տղայի կոշիկը կարեմ…»

 

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Տյառնընդառաջը իմ սիրելի տոներից մեկն է, որին պատրաստվում ենք մեծ շուքով։ Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 13-ի երեկոյան սկսում է ժամերգությունը, որին մասնակից ենք լինում ընտանյոք հանդերձ։ Ժամերգության ավարտից հետո օրհնված ճրագ ենք տանում տուն՝ վառում մեր բակի խարույկը, և սկսվում է տոնակատարությունը։ Մայրս և տատս բերում են մեր ավանդական աղանձը՝ և այն իրար հյուրասիրելով սկսում ենք շուրջպարը։ Հետո շարունակում ենք ուրախությունը Եղեգնաձորի մշակույթի տան բակում կազմակերպած միջոցառմանը մասնակցելով։ Խարույկի մոտ երգում, պարում, ուրախանում են բոլորը։ Ըստ ավանդազրույցի, խարույկի վրայով թռչելիս մեր բոլոր հիվանդությունները թափվում են կրակի մեջ։ Ուշ երեկոյան տուն մտնելով մայրս սեղանին է դնում աղանձ, կուտապ, գաթա, որի մեջ տատս անպայման կոճակ է դնում։ Ըստ ավանդույթի, ում բաժին ընկավ կոճակը, նա կստանա Տիրոջ կողմից մեծ հաջողություն։ Որից հետո թաղի երեխաներով կերպարանափոխված գնում ենք հարևանների տները, տոպրակը գցելով արտասանում ենք հետևյալ բառերը՝ «Ակլը մարեմ, ձեր տղայի կոշիկը կարեմ»։ Նրանք այդ տոպրակի մեջ լցնում են աղանձ, չիր և այլ քաղցրավենիք։ Մենք այն թաղի երեխաներով տանում ենք նախօրոք վառած մեծ խարույկի մոտ և սկսում ենք ուտել և ուրախանալ։ Լուսաբացը դիմավորելուց հետո վերադառնում ենք տուն։ Չգիտեմ, թե ձեր մարզերում ինչպես է անցնում Տյառնընդառաջը, բայց այսօր, եթե այցելեք Եղեգնաձոր, դուք էլ մասնակից կլինեք ժողովրդական այս տոնախմբությանը։

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

 

nane eghiazaryan

Փոքրիկ եղևնու շատ կարճ կյանքը

Քայլում էի սենյակում, երբ հանկարծ, պատուհանից դուրս նայելով, մեր մուտքի դիմացի փոքրիկ արահետի հենց սկզբին մի եղևնի տեսա:Առաջին հայացքից՝ սովորական եղևնի է, էլի, բայց այդ սովորական եղևնին ինձ դեպի իրեն է ձգում: Նորից մոտեցա պատուհանին, բայց այս անգամ հատուկ եղևնուն հետևելու համար: Մի աթոռ բերեցի և նստեցի պատուհանի կողքին. դուրս էի նայում: Հանկարծ տեսա, որ մեր բակի երեխաները հավաքվել են եղևնու շուրջը և կարծես խաղում են նրա հետ: Քիչ անց երեխաները ցրվեցին, բայց շատ չանցած մի երիտասարդ ընտանիք մոտեցավ եղևնուն: Դե, ես տանը, նրանք` դրսում, ոչինչ չէր լսվում, բայց տեսնում էի, որ նրանք շատ հաճելի զրույց են վարում և այդ ընթացքում շոյում են հենց այդ նույն եղևնուն: Նրանք էլ գնացին, բայց ես մի քիչ էլ նայեցի եղևնուն, հետո ինձ կանչեցին գործ անելու: Աթոռը վերցրի պատուհանի մոտից և գնացի, բայց չգիտեմ ինչու, ամեն անգամ պատուհանի մոտից անցնելիս, դուրս էի նայում և կարծես հետևում էի եղևնուն:

Արդեն երեկո էր, բայց ես շարունակում էի թաքուն հետևել նրան: Մտածում էի` «Տեսնես ովքե՞ր են այս եղևնին այստեղ շպրտել», «Խեղճ եղևնի, հիմա սառում  է, ախր, շատ փոքր է: Նորից եղևնի են կտրել, Ամանորը նշել և տոնի ավարտից հետո դեն նետել»:

Այդ պահերին կարծես եղևնին ինձ դուրս կանչեր իր հետ խաղալու, բայց դե ես չէի գնում, և երևի նա տխրում էր: Դրանից հետո, մի որոշ պատուհանին չմոտեցա և միայն քնելուցս առաջ նորից տեսա այդ փոքրիկ, բայց իր խորհրդով շատ մեծ եղևնուն:

Արդեն հաջորդ օրն էր: Ես լրիվ մոռացել  էի եղևնու գոյության մասին, բայց ինչ-որ բան ինձ տանջում էր: Ես անընդհատ գալիս ու կանգնում էի պատուհանի մոտ, բայց ոչինչ, ոչ մի արտասովոր բան չկար: Պատուհանի մոտից հեռացա և քիչ անց հիշեցի փոքրիկ եղևնուն: Երբ նորից մոտեցա պատուհանին, նկատեցի, որ եղևնի չկա: Չդիմացա, և բարձր գոռացի, թե ուր է եղևնիս: Հաստատ ինչ-որ մեկն արդեն այն այրել է վառարանում:

Միայն մի քանի օր տանը տոնածառ ունենալու համար քանի այսպիսի փոքրիկ եղևնիներ կտրվեցին մեր ծառազուրկ երկրում ու նետվեցին աղբը…

Ձյունը

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Ամեն առավոտ արթնանում, վազում էի պատուհանի մոտ, որ տեսնեմ` ձյուն կա թե ոչ և ամեն առավոտ պատուհանի մոտ վազելիս տեսնում էի, որ ձյուն չկա… Բայց ահա երկար ժամանակ է, որ վայելում ենք այս տեսարանները: Առաջին օրը առանց երկար մտածելու և տաք  հագնվելու վազեցի դուրս… Տեսնում եմ, թե ինչպես են ձյան ճերմակ փաթիլները հատիկ-հատիկ թափվում վերևից: Դրսում շատ ցուրտ է, մտնում եմ տուն, վազում-նստում վառարանի կողքին: Հինգ րոպե անց ընկերներս կանչեցին, դուրս եկա տնից…

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

-Հը՞ն, գնա՞նք սահնակ քշելու:

-Հա, հենց դրա համար էլ եկել ենք:

Մոտ երեք ժամ սահնակ էինք քշում, ձնագնդիկ խաղում, ձնեմարդ սարքում և լավ մրսում: Բայց դա մեզ չէր խանգարում:

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Երբ գնացինք տուն, շորերս փոխեցի ու նստեցի վառարանի մոտ:

-Մամ, ոնց որ մրսել եմ:

-Բա ինչքան ժամանակ ա դրսում ես:

Առավոտյան ընկերներս նորից կանչեցին:

-Բորիս, Բորիս, գալի՞ս ես…

-Ո՞ւր…

-Արի` ձնագնդի խաղանք:

-Չեմ կարող…

-Ինչի՞…

-Հիվանդ եմ…

Այդպես հիվանդ անցկացրի շաբաթս… Կարող էի միայն լուսանկարել:

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

seryoja baboyan

Դըշ-դըշ, կամ վեճերի շարան

Մանկությանս ամենավառ հիշողությունների ցանկում չեմ կարող չառանձնացնել այս դեպքը։ Փոքր տարիքում մենք մեր փողոցի երեխաներով, ավելի ճիշտ տղաներով, միշտ սիրում էինք «Դըշ-դըշ» խաղալ։ Իսկ ինչո՞ւ տղաներով, որովհետև այդ խաղը խաղում էին տղաները, չնայած որ մյուս բոլոր խաղերն էլ մենք տղաներով էինք խաղում։ Մենք աղջիկների հետ միշտ հակամարտության մեջ էինք։ Պայքարում էինք տարածքի համար, որովհետև այդ տարածքը շատ հարմար էր խաղեր կազմակերպելու համար։

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

«Դըշ-դըշ» խաղալը մեծ արարողություն էր մեր փողոցում։ Ում տանն ինչքան խաղալիք հրացան կար, հանում էին դուրս, և այստեղից էլ սկսվում էին մեր մանկական վեճերը։

-Էս հրացանը ես եմ ուզում։

-Յա, էդ իմն ա։

-Տո՛ւր ստեղ։

Ու գնաց վեճերի առաջին փուլը։ Վիճողներին հաշտեցնելուց հետո բաժանվում էինք թիմերի, դե այստեղ էլ առանց վեճերի հնարավոր չէր։

-Չէ, ձեր թիմը ուժեղ ա։

-Ի՞նչն ա ուժեղ, հլը մեզ նայի։

-Ուրեմն, չեմ խաղում։

-Չես խաղում` մի խաղա, պա՛հ։

Էլի կոնֆլիկտ ու էլի վիճողներին հաշտեցնելու բարդ գործընթացը։ Արդեն սկսում էինք խաղալ, որպեսզի ավելորդ վեճերից խուսափեինք, բայց խաղալն էլ առանց կռվի չէր անցնում։ Վեճը սկսվում էր այսպես․

-Ես քեզ խփել եմ, դու կրվեցիր։

-Չէ՛, չի կպել, կողքովս անցավ։

-Ե՛ս ասում եմ` կպել ա։

Ի՞նչ կպնել, եթե մենք խաղում էինք երևակայությամբ, այսինքն, խաղալիք փամփուշտներ չկային, ուղղակի մենք դրանք պատկերացնում էինք։ Ու սենց, էլի վեճ ու էլի հաշտեցում։ Մինչև խաղի ավարտն այսպիսի վեճեր էլի էին լինում ու, ինչպես կարգն էր, համարյա միշտ վիճում էին այն երկու հոգին, որոնք վիճում էին հենց խաղի սկզբից։ Ու այսպես, էլի խաղ ու էլի վեճ․․․

hasmik givargizyan

Իմ առաջին «հիվանդը»

Բոլոր երեխաներին բնորոշ հատկություններից մեկն էլ այն է, որ նրանք դեռ մանկուց որոշում և երազում են, թե ինչ են դառնալու, երբ մեծանան: Ես կարող եմ մասնագիտությունների մի ամբողջ ցուցակ ներկայացնել, թե ինչ էի ուզում դառնալ, բայց թերևս միայն մեկ մասնագիտություն եմ այնքան հավանել, որ նույնիսկ «փորձել» եմ ինձ այդ ոլորտում: Դա բժշկուհու մասնագիտությունն էր:

Մի անգամ տատիկիս մատը սկսեց ցավել, ու ես իմ մանկական միամտությամբ գործի դրեցի իմ «բժշկուհու հմտությունները»:

-Տատի, պիտի մատիտ աղ կապենք, խոնավ աղ, որ ցավը քաշի հանի,-բացատրում էի ես ու շորի մի կտորի վրա լցված աղի վրա ջուր ցանում:

-Ահ, Հասո ջան, տու էս բժիշկը, տու կիմանաս,- չէր հակաճառում տատիկս ու ինձ էր պարզում իր կնճռոտված ձեռքը:

Ես մատի վրա էի դնում աղը, հետո կապում էի այն թաշկինակով: Ես դա անում էի օրը մի քանի անգամ՝ պարբերաբար փոխելով «վիրակապը»: Շուտով տատիկիս մատը լավացավ, և ինձ այնպե՜ս էր թվում, թե ես եմ բուժել նրան:

-Բահ, ապրես, Հասո ջան, մատս բուժիր,-ասում էր տատս, ու ես ինձ գոհ ու երջանիկ էի զգում: Հետո՝ տարիներ անց, երբ հիշում եմ այդ դեպքը, ծիծաղում եմ իմ մանկական միամտության վրա, քանի որ տատիկս երևի մատը ինչ-որ տեղ պարզապես խփել էր: Բայց ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ ձեռքերս ծալած չեմ նստել, գոնե ինչ-որ բան արել եմ նրա առողջության համար՝ թեկուզ անօգուտ (բայց ի՞նչ իմանաս):

Հ.Գ. Ես տատիկիս քաջ առողջություն եմ ցանկանում, քանի որ այժմ նրա առողջական խնդիրները ավելի լուրջ ու բարդ են, և ցավոք սրտի, խոնավ աղն այստեղ օգնել այլևս չի կարող, այստեղ ես անզոր եմ:

Մանկության դասերից

 

Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի

Դառը պաղպաղակ

Շատ վաղ մանկությունից մի դրվագ է տպավորվել, որն այնքան վառ է, որ երբեմն թվում է, թե դա ինձ հետ չի պատահել:

Հիշում եմ՝ ամեն ամառային արձակուրդների գնում էինք գյուղ՝ Գորհայք՝ հանգստանալու: Ամեն անգամ թաղի երեխաներով պայմանավորվում էինք, որ ամեն մեկս մեր տատիկներից գաղտնի մտնենք հավաբուն և վերցնենք հավկիթները: Վերցնում էինք ու տանում խանութ, փոխանակում պաղպաղակի հետ:

Մի օր էլ վերցնելով հավկիթները հանգիստ քայլում էի խանութի կողմը: Չպատկերացնելով, որ կհանդիպեմ տատիկիս, անակնկալի եկա. նա կանգնած էր իմ դիմաց: Վախից հավկիթները ձեռքիցս վայր ընկան: Տատս ինձ պատժեց. եղբորս և քույրիկիս համար պաղպաղակ գնեց, իսկ ինձ համար`ոչ:

Այդ օրը երբեք չեմ մոռանա, քանի որ հասկացա. եթե մի բան ես ուզում, անկեղծորեն ասա, այլ ոչ թե գաղտնի ու թաքուն բաների դիմիր:

Աղավնի Բաբայան

***

Սխալների ուղղում

Ես մանկուց եղել եմ ընդունակ, բայց թեև գերազանցիկ էի՝ եղել եմ ծույլ։ Չլսելով ծնողներիս հորդորները, շարունակել եմ մանկական չարաճճիությունները, հույսս դնելով ընդունակություններիս վրա, իմիջիայլոց եմ սովորել:

Ես այժմ սովորում եմ 11-րդ դասարանում, բայց դեռ չեմ ընտրել իմ ապագա մասնագիտությունը։ Կան առարկաներ, որոնցից համարյա բան չեմ հիշում, իսկ նախասիրած մասնագիտությունների համար դրանք պետք են: Եթե հնարավորություն ունենայի ետ բերել իմ մանկությունը, կլսեի իմ ծնողներին, և այժմ չէի կանգնի փաստի առաջ։

Ասում են` դեռ այնքան էլ ուշ չէ, պետք է շատ-շատ աշխատել, լրացնել բացթողումները: Եթե հնարավորություն ունենայի, ետ կբերեի անցած օրերը, որպեսզի սխալներս ուղղեմ:

Նոնա Բարսեղյան

Քիչ լուրջ, քիչ կատակ

Մտածեցի, մտածեցի ու որոշեցի սպասել դասերն սկսելուն, հաստատ մի հետաքրքիր բան կլինի գրելու համար: Ու առաջինը, որ հանդիպեց, ընկեր Արտաշյանն էր՝ ռազմագիտության ուսուցիչը: Մեկ ամիս արձակուրդից հետո նոր ոգով էինք մտնում դպրոց ու սկսում նոր կիսամյակ: Ճի՛շտ է, ռազմագիտությունը յոթերորդ դասաժամին էր, բայց մենք այդքան էլ հոգնած չէինք, և գիտեինք, որ դասաժամը ինչպես միշտ թեթև ու հետաքրքիր կանցնի: Նախորդ դասին անցել էինք ավտոմատի բաղկացուցիչ մասերը, իսկ այժմ մեզ անակնկալ էր սպասվում: Մենք պետք է սովորեինք 33 վայրկյանում այն քանդել ու հավաքել: Բաժանվել էինք երեք խմբերի ու փորձում էինք երեք ավտոմատով հերթով սովորել ու «յոլա գնալ»:Ժամանակը թռչում էր արագ և շատ հետաքրքիր էր անցնում մի պարզ պատճառով՝ մենք ուսումնասիրում էինք մեզ բացարձակ անծանոթ իր: Երբ առաջին անգամ տեսա ավտոմատը և դիպչեցի դրան՝ պատկերացրեցի սահմանին կանգնած զինվորին, ով անքուն հսկում է մեր խաղաղությունը: Հիշեցի զինվոր եղբայրներիս, պատկերացրեցի ինձ իրենց տեղը ու ինձ պարտավորված զգացի հայրենիքիս հանդեպ: Առաջին անգամ էի այդպիսի զգացողություն ունենում:

Երբ դու ուղղակի կողքից նայում էիր առաջադրանքը կատարողին, քեզ շատ պարզ ու հեշտ էր թվում: Բայց երբ հասնում էր քո հերթը, դու ժամանակին հետևելով, խուճապահար շարժում էիր մասերը՝ փորձելով որևէ մեկը տեղից հանել: Իսկ ընկեր Արտաշյանը սովորեցնելու հետ միասին անընդհատ կրկնում էր.-Արա՛, հազար եմ ասել հեռու գնա, էդ ավտոմատը շատ վտանգավոր ա:

-Աղջի՛, հեռու՛, հեռու՛, էդ շամփուրը որ մտավ աչքդ, մարդու չեն տանի:

-Մի-քիչ արագ արա, էլի, դրա մեջ ի՞նչ դժվար բան կա:

- Բութ մատդ չմտցնես դրա արանքը՝ մեջը կմնա:

Ու այսպես շարունակ: Հուսով եմ, հաջորդ դասին կսվորենք և կհասցնենք տեղավորվել ժամանակի մեջ:

Մայրամուտը սիրել սովորել եմ պապիցս

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Մանկությանս ամենահիշարժան հիշողությունները կապված են Գարեգին պապիս և նրա տան հետ: Պապս ծնունդով Ախաչ կոչվող գյուղից էր, որտեղ անցել է նրա մանկությունը: Ախաչի բնակչությունը բնակավայրի անբարենպաստ պայմանների պատճառով տեղափոխվել և բնակություն էր հաստատել այժմյան Վայոց Ձորի Արտավան գյուղական համայնքում: Արտավանը գտնվում է Վայոց ձորի մարզում ` Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում: Մարզկենտրոնից մոտ 32 կմ հարավ-արևելքում, իսկ մայրուղուց մոտ տասը կիլոմետր հեռու: Մինչև 1950 թ. կոչվել է Ջուլ, իսկ 13-րդ դարում կոչվել Աջողք:
17- րդ դարում գյուղի բնակիչները տարհանվել, բռնագաղթի են ենթարկվել, իսկ այստեղ բնակություն են հաստատել օտար ազգի ներկայացուցիչներ, այդ թվում նաև ադրբեջանցիներ:
1940-ականներին խորհրդային կառավարության որոշմամբ այստեղի բնակիչները տեղահանվում են հարևան երկիր, իսկ գյուղում բնակություն են հաստատում Արտավանից 30-35 կմ հեռու գտնվող Ախաչ գյուղի բնակիչները: Ախաչի բնակիչներն էլ գյուղը վերանվանում են Արտավան: Ամառային արձակուրդներս մեծ մասամբ անց եմ կացրել այդ գյուղում`Արտավանում: Պապիս տունը գտնվում էր Արփայի վտակներից մեկի աջ ափին, որտեղից երևում էր գյուղի անտառային զարմանահրաշ բնապատկերը:
Չնայած իր մեծ տարիքին, պապս հոգով միշտ շարունակում էր երիտասարդ մնալ: Անսահման սիրում էր իր գյուղն ու նրան շրջապատող բարձրաբերձ լեռները, ուր չէիր գտնի մի անկյուն, որ պապս եղած չլիներ: Ամեն օր ժամը հինգին, իր սովորության համաձայն, պապս գնում էր տարածքում իր ամենասիրելի վայրը` բլրի գագաթին գտնվող աղբյուրի մոտ: Ամեն օր նույն հետաքրքրությամբ և մտախոհությամբ զմայլվում ու ջերմանում էր արևի վերջին շողերով, որոնք արդեն ութսունհինգ տարի շարունակ առավոտյան ողջույնով և երեկոյան լուռ թախիծով էին լցնում նրա հոգին:

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը` Լիլիթ Աթանյանի

Նայելով նրա խոսուն հայացքին, զգում էիր այն անսահման սերն ու կապը առ բնություն, հարազատ տուն և հող, որտեղ անցել էին պատանեկության, երիտասարդության և ծերության ամենաերջանիկ օրերը: Շատերի մոտ հարց կառաջանա` ինչու ոչ մանկություն: Այդ հարցի պատասխանը թաքնված էր իր խոսուն հայացքի մեջ, որը միշտ նայում էր դեպի մայրամուտ` դեպի մանկություն ու հայրական տուն: