seryoja baboyan

Էլի մակարոն

Սովորական օր էր, սովորական առավոտ, սովորական առօրյայով։ Արթնանում եմ ինչպես ամեն հանգստյան օրվա պես՝ աքլորի «կլկլացնող» ձայնից։ Ժամը ութն էր: Վեր կացա, լվացվեցի, ընթրեցի ու դուրս եկա փողոց։ Փողոցում կենդանի շունչ չկար, իհարկե ինձանից ու մեր հարևանի կատվից բացի, որը միշտ նստած է լինում հարևանի դարպասի դիմաց։ Մտա տուն, ուզում էի միացնել հեռուստացույցը ու հանկարծ․
-Սերո՜ժ,- ձայն տվեց ընկերս:
-Հը, արի ներս։
-Կգա՞ս` գնանք հոպարենց տուն, բան կա բերելու։
-Հա, գալիս եմ։
Իրականում հավես չունեի տնից դուրս գալու։ Արդեն հասնում էինք, մեկ էլ մի երեխայի լացի ձայն լսեցի․
-Էլի՞ մակարոն, լավ էլի, մամ։
-Տղաս, փող չկա ձեռքս, պապադ ե՞րբ ա փող ուղարկում, որ մենք էլ լավ բաներ ուտենք։
Երեխայի այդ խոսքերը և մոր պատասխանը ինձ մտածելու տեղիք տվեց։ Մի պահ ես մեղադրում էի երեխային, որ առանց հասկանալու իրավիճակի լրջությունը, պահանջներ էր ներկայացնում և տրտնջում։ Բայց չէ՞ որ երեխա է, չի հասկանում։ Մի կողմից մեղադրում եմ հորը, որ փող չի ուղարկում, բայց նրան էլ չես կարող մեղադրել, որովհետև արտագնա աշխատանքի մեկնողներին ժամանակին չեն վարձատրում։ Չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ այդ պահին, չեմ կարող նկարագրել. բարկություն, խիղճ, թե․․․։ Ընկերոջս հարցրեցի.
-Դու ճանաչո՞ւմ ես այդ մարդկանց:
Նա ինձ պատասխանեց․
-Ավելի լավ էր` չճանաչեի։
-Ինչի՞։
-Երկար պատմություն ա, հետո կպատմեմ։
Ես այդպես էլ չիմացա, թե ինչու նա ինձ չպատմեց նրանց մասին։ Խոստացավ, որ կպատմի, բայց դեռ հարմար պահ չի եղել, որպեսզի հարցնեմ։
Մոտ օրերս ես նորից անցնում էի այդ փողոցով։ Երեխայի ծիծաղի ձայնն էր լսվում, այդ նույն երեխայի, որը մի քանի օր առաջ լաց էր լինում։ Ըստ երևույթին նրա հայրն էր վերադարձել արտերկրից։ Այդ պահին սրտիցս կարծես մի մեծ քար ընկներ։ Ես մի պահ կանգնեցի և հանգիստ շունչ քաշեցի։ Ես նկատեցի նաև, որ տանը, որտեղ ապրում էր այդ ընտանիքը, շինարարություն էր ընթանում։ Ես ի սրտե ուրախացա և տուն հասնելուն պես այդ մասին պատմեցի մայրիկիս։ Ես ուրախ էի, որովհետև էլ չէի լսելու այդ երեխայի լացը, մոր պատասխանը և ամենակարևորը, նրանց կիսաքանդ տունը։

Ինչպիսին են լրագրողները

Տխուր և անտրամադիր, ահա թե ինչպիսին եմ ես կիրակի երեկոյան: Հարցը նրանում չէ, որ վաղը դասի ենք, այլ ան, որ վաղը արդեն չեմ գնալու Վայք՝ «Մանանայի» դասընթացներին: Իսկապես՝ դրանք ինձ շատ դուր են եկել, և ես շատ բան եմ սովորել այդ դասընթացի ընթացքում: Սովորել եմ, թե ինչպես հարցազրույց վերցնել, կամ ինչպես ճիշտ լուսանկարել, և հասկանալ, թե ինչ է կինոն: Ինձ սկզբում թվում էր, թե լրագրողները ուղղակի լուրջ, անհետաքրքիր, պաշտոնական կամ աղետների, վթարների ու վարկաբեկող հոդվածներ գրողներ են: Բայց հիմա շնորհիվ «Մանանայի» հասկացա, որ լրագրողների մասին ճիշտ կարծիք չունեի, և դրա համար ներողություն եմ խնդրում:
Հիմա ես կարծում եմ, որ լրագրողները կատակասեր, հետաքրքրասեր, արկածախնդիր մարդիկ են, ովքեր ի դեպ, ինձ վրա շատ լավ տպավորություն են թողել: Ես այդ դասընթացների ընթացքում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, և նույնիսկ մեր տաքսու վարորդի հետ ընդհանուր հարազատ գտա: Ինձ դուր եկավ գտնվել այն մարդկանց շրջապատում, ովքեր շատ լավն էին և ես կուզենայի շուտ-շուտ հայտնվել նման միջավայրում, դրա համար 17.am-ին խոսք եմ տալիս, որ անպայման կգրեմ իմ պատմությունները և կուղարկեմ :

Բաբկեն պապուս հեքիաթը


Հիմա բազմոցին նստած էս նյութը գրելով հիշում եմ մանկությանս կախարդական պահերից մեկը: Մտքով թռչում եմ տասը տարի հետ ու ահա ես եմ վեց տարեկան Վահեն եմ` խուճուճ շեկ մազերով՝ հայելու միջից նայում եմ ինձ: Վիզս երկարեցի ու նայեցի պապիկիս սենյակ: Հա էլի, էնտեղ ա: Գնացի ու զոռով հրելով նրան, պառկեցի կողքին՝ մահճակալի վրա:
Պապիս նվնվաց, որովհետև այգուց հոգնած եկել էր հանգստանալու, իսկ ես, կոպիտ ասած, հարամ էի անում էդ հանգիստը: Ու պապիս` հաշտվելով այն մտքի հետ, որ պետք է իր ծոցում գալարվելով չթողնեմ հանգստանա, աչքերը փակելով ձևացնում էր, թե քնած է: Բայց ես էլ հո՞ գիտեմ, որ ձև ա բռնել:

-Պապի, այ պապի, հեքիաթ պատմի, էլի:

Ու պապիս բացելով սկզբից մեկ, հետո մյուս աչքը ու ծանր հոգոց հանելով ասում էր.

-Ախ, ես ի՞նչ հեքիաթ պատմեմ, չեմնալ ոչ մե հեքիաթ:

-Մեղուների հեքիաթը պատմի,- ասում էի ես ու իմանալով, որ պապս չի մերժի, ավելի հարմար էի տեղավորվում:

Մի երկու «չեմուչում» արտահայտող բառերից հետո պապս հաշտվեց իր պարտության հետ ու սկսեց.

-Իրիկվա ժամը 8-ին զանգիմ Թումայենց Խաչիկին, ասիմ. «Յար մեր տուն` քյոմագ պտի անես» ասաց. «Լավ իկյաս եմ»: Մեղուների ռամկեքին մուխ փչի, որ քնեն, գրուզավիկը էկավ, լավ է, բոլի, էլ չեմ հիշել…,- փորձեց ինձնից պոկվել պապս, բայց հասկանալով, որ փորձն անհաջող էր, շարունակեց,- գրուզավիկն էկավ, ես ու Խաչիկը սկսիյ մեղուները լցել մեջը, լցիյ, հետո նստայ, որ էթայ Կարմրաշեն … 

Լսում եմ պապիս «հեքիաթը», ու կոպերս ծանրանում են, ու արդեն կիսաքուն լսում եմ տատիկիս խոսքերը. «Բաբկեն, ջուր տվին քել բիբարները ջրի»:

Ու հետո, երբ մի քիչ էլ մեծացա, մեղուները Կարմրաշեն տանելու գործընթացին մասնակցելուց հետո միայն հասկացա, որ դա ամենևին էլ հեքիաթ չէր, այլ պապիս հոգսերից մեկը: 

Բայց ես մինչ օրս էլ հիշում եմ էդ «հեքիաթը», բայց կիսատ, որովհետև կեսից միշտ քնում էի…



tigran hovhannisyan?

Իմ առաջին հարցազրույցը

Հարցազրույց մայրիկիս՝ Գայանե Խաչատրյանի հետ

-Բարև Ձեզ:

-Բարև, Տիգրան ջան:

-Խնդրում եմ մի պահ մոռանալ, որ Դուք իմ մայրիկն եք և ինձ հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիք լրագրողի հետ, սա իմ առաջին հարցազրույցն է: 

-Լավ:

-Խնդրում եմ ներկայացեք: Ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Ես Խաչատրյան Գայանեն եմ, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, քիմիկոս-ուսուցիչ եմ:

-Ի՞նչ աշխատանք ունեք:

-Աշխատում եմ Վայքի Հիմնական դպրոցում որպես ուսուցիչ:

-Քանի՞ տարվա մանկավարժական փորձ ունեք:

-1997 թվականին համալսարանն ավարտելուց անմիջապես հետո անցել եմ աշխատանքի և աշխատում եմ մինչ օրս:

-Ես տեղեկություններ ունեմ, որ Դուք դասավանդում եք նաև այլ առարկաներ: Դա ճի՞շտ է:

-Այո՛, ճիշտ է:

-Իսկ ի՞նչ առարկաներ եք դասավանդում:

-Դասավանդում եմ կերպարվեստ, տեխնոլոգիա և բնագիտություն առարկաները:

-Իսկ քիմիա՞:

-Քիմիա, առայժմ, ոչ, քանի որ քիմիա անցնում են 7-րդ դասարանից և այս պահի դրությամբ այդ տարիքային խմբի աշակերտների դասարանները քիչ են:

-Ի՞նչ եք կարծում. ճի՞շտ է արդյոք այն դիրքորոշումը, որ մանկավարժությունը թերագնահատված աշխատանք է:

-Այո, շատ ճիշտ է, քանի որ ուսուցչի աշխատանքը շատ բարդ աշխատանք է և միևնույն ժամանակ ուսուցիչները բավականին քիչ են վարձատրվում:

-Այսինքն, ուզում եք ասել, որ ուսուցչի կատարած աշխատանքի դիմաց վարձատրումը բավականին ցա՞ծր է:

-Այո: Ներկայումս կարծես ուսումը մղվել է երկրորդ պլան:

-Ի՞նչ կասեք այն կարծիքի մասին, որ ներկայիս սերունդը ավելի վատ է սովորում, քան նախորդը:

-Անձամբ իմ կարծիքով դա ճիշտ է, քանի որ երբ չկար համացանցը, գրքերն ավելի շատ էին ընթերցվում: Գրքով կարդացածը ավելի լավ է տպավորվում և մնայուն գիտելիք է:

-Իսկ ներկայումս չկա՞ն լավ սովորող աշակերտներ: Նկատի ունեմ այնքան լավ, ինչքան, օրինակ, նախորդ սերնդի լավ սովորող աշակերտը:

-Իհարկե կան: Երեխաներ կան, որոնք համացանցից և գրքից օգտվում են միաժամանակ և կարողանում են երկուսից էլ քաղել օգտակար տեղեկություն:

-Քանի որ շուտով Նոր Տարին է, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին և, առհասարակ, Հայաստանին գալիք տոնի կապակկցությամբ:

-Նոր տարվա կապակցությամբ առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն և՛ սահմանին, և՛ երկրի ներսում: Հայ ժողովրդին մաղթում եմ ավելի շատ ուրախ պահեր, թող ոչ մի ծնող կարոտով չսպասի սահմանին կանգնած իր զավակին, ընտանիքներում տիրի համերաշխություն և փոխըմբռնում:
-Լավ: Այսքանը: Շնորհակալ եմ պատասխանների համար:

-Խնդրեմ:

Իմ անմոռանալի շաբաթը





Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Սովորական չորեքշաբթիներից էր, դասերով լեցուն: Հեռախոսս սեղանին էի թողել, մեկ էլ տեսնեմ մի անծանոթ համարից զանգ եկավ: Արագ վերցրի հեռախոսն ու սրտատրոփ մտա սենյակ: «Մանանա» կենտրոնից էին զանգել, ասացին, որ սպասված դասընթացի համար ես ընտրվել եմ, կուզե՞մ մասնակցել:
-Իհարկե, շատ եմ ուզում մասնակցել,- ասացի ես:
Եվս մի քանի բան խոսեցինք, ու անջատեցի հեռախոսը: Թռչկոտում էի սենյակով մեկ: Մերոնք մտածեցին, թե գժվել եմ, բայց երբ ասացի, թե ինչն ինչոց է, ամեն բան հասկացան: Այդ դասընթացի օրերը իմ կյանքի ամենաակտիվ և ուրախ օրերն էին: Ես այնքան բան սովորեցի այդ օրերի ընթացքում, որ մի կերպ էր գլխիս մեջ տեղավորվում: Հետո հասկացա, որ ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է, պարզապես պետք է ընկալել:
Վերջին օրն էր, գնացինք Զառիթափ գյուղ՝ ֆոտոներ անելու: Բաժանվեցինք երկու խմբի ու գնացինք հակառակ ուղղություններով: Շա՜տ ցուրտ էր Զառիթափում, ճանապարհների սառույցը դեռ չէր հալվել: Հետաքրքիր ժամանակ անցկացրինք՝ փորձելով կիրառել մեր նոր գիտելիքները լավ ֆոտոներ ստանալու համար: Երբ վերադարձանք այնտեղ, որտեղից բաժանվել էինք, տեսանք մյուս խմբին, որը նույնպես վերադառնում էր: Ես համառորեն (իհարկե, իմ բնավորության համաձայն) փորձեցի մոտենալ նրանց՝ սառույցների վրայով: Բախտս չբերեց, ոտքս սահեց, ու ընկա, բայց դա էլ քիչ էր, շարունակում էի ցած սահել: Չկարողանալով բարձրանալ, որոշեցի հույսս բախտի վրա թողնել: Բայց քանի որ մեր շատ բարի Մուշեղն այնտեղ էր, հաշվեք, թե հարցը լուծված է: Նա վազելով մոտեցավ ինձ, ու ի զարմանս ինձ, սահելով ավելի ցած իջավ, քան ես էի: Ես էլ իբր կատակեցի.
-Հը՞ն, Մուշ, հիմա ե՞ս եմ քեզ փրկում, թե՞ դու ինձ:
-Չէ, սահելով արի հետևիցս,- ասաց Մուշը:
Հետևեցի նրա հրահանգներին: Նա բռնեց ձեռքիցս ու օգնեց բարձրանալ: Ու ինչպես ասում են. «Մե՜ խինդ, մե՜ ծիծաղ…»: Չէ իրոք, Մուշի գովքը չի, բայց առաջին. շատ ուրախ էի, որ վերջապես մեկն ինձ օգնեց, երկրորդ. ո՞նց կարող էի չգրել այս մասին, եթե ուրիշ ոչ մի կերպ շնորհակալությունս հայտնել չեմ կարող: Հիմա ասածս ինչ է. մա՜րդ եղեք, մարդիկ: Լավություն արեք ու ջուրը գցեք, հետ կգա:

Հ.Գ. Ապրես Մուշ ջան, ես էս դեպքը հաստատ չեմ մոռանա: Ափսոս ոչ մեկը չանմահացրեց էդ պահերը, հետո կնայեինք նկարները, կծիծաղեինք: Մեկ էլ ապրի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը, որ մեր առօրյան դարձրեց այսքան հագեցած:

Հարազատ միջավայր

Ինձ միշտ հետաքրքրել է կենդանական աշխարհը: Յուրաքանչյուր կենդանի ունի իր առանձնահատկությունները և զբաղմունքը:
Հիշում եմ, միշտ առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել փողոցում մնացող կատուներին, խղճացել, կանգնել, մի քիչ մտածել ու հետո, գրկելով կենդանուն, վազել եմ տուն: Ճի՛շտ է, դժվար է այդքան կենդանիներ տանը պահելը, բայց ինձ միշտ հաջողվում էր համոզել տնեցիներին: Ամեն ձմեռ մի կատու դառնում էր մեր ընտանիքի անդամ: Տատս, տեսնելով նորեկ կատուներին, ամեն անգամ ասում է.
-Է՜, Սոֆյա՜, էլի՞ կատու: Լավ, բե՛ր, բե՛ր, տեսնենք էս մեկին որտեղ ենք տեղավորում:
Տատս արդեն հարմարվել էր իմ այդ բնավորությանը: Ձմռանը փոքրերին փորձում էի տուն բերել և տեղավորել վառարանի մոտ: Ա՛յ, դա համոզելը մի քիչ դժվար էր ստացվում:
Դպրոցից տուն կամ տնից դպրոց ճանապարհին, երբ մի կատու էինք տեսնում, և ես սկսում էի կանգնել ու մտածել, ընկերներս ասում էին.
-Էլի գնաց իրա կենդանական աշխարհը: Արի՛, ուշանում ենք, դրա ժամանակը չի:

Մանկությանս երազանքն էր՝ դառնալ մեծահարուստ և վարձել աշխատողներ, որոնց գործը կլիներ փողոցից գտնել անօգնական կենդանիներին և պահել: Բայց քանի մեծացա, այնքան հասկացա, որ երազանքս իրագործելը բարդ է:
Շանս երկու տարի է, ինչ պահում եմ. հայրս է գնել: Շանս անունը Հերման Է: Սիրում եմ պատուհանից հետևել շանս և կատուներիս խաղերին, հաճախ էլ` կռիվներին: Շունս միշտ փորձում է ընկերական հարաբերություններ ստեղծել կատուների հետ: Նրանք վախենում են և թաթով հարվածում շան պոչին, իսկ նա ավելի է ոգևորվում:

Ամռանը շանս հետ ֆուտբոլ եմ խաղում, իսկ կատուներս սիրում են, երբ իրենց հետ թելի կծիկով եմ խաղում:
Կատուներիցս մեկը շատ է կապված շանս հետ: Կարելի է ասել, որ նրանք անբաժան ընկերներ են: Ձմեռը նրանք միասին են քնում` չսառչելու համար: Հիմնականում չեմ սիրում կատուներիս անվանակոչել, բայց այս մեկի անունը Չիտա է, որի անունն էլ կապված է մեկ այլ պատմության հետ:

Ունեի մի շատ յուրահատուկ կատու, ում ամբողջ կյանքիս ընթացքում կհիշեմ: Նա միշտ ուղեկցում էր ինձ դեպի դպրոց: Շատ հավատարիմ էր, իսկ ես էլ շատ կապված էի նրա հետ: Մի օր էլ տուն վերադարձա, բայց նա չկար: Հետաքրքրվեցի և օրեր անց իմացա, որ մեքենայի տակ է ընկել: Դա ինձ վրա շատ ազդեց:
Ինձ համար դժվար է լինում նրանցից բաժանվել, բայց, երբ տեսնում եմ, որ կենդանիները շատացել են, և դժվար է նրանց պահելը, ես հետաքրքրվում եմ և գտնում եմ մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն պահել նրանց:
Վերջապես գալիս է ձմեռը, և միակ հոգսը, որ ես ունենում եմ, դա կենդանիներին տեղավորելն է: Հերմանը և Չիտանն մնում են ավտոտնակում, իսկ փոքրերը տան կողքի սենյակում, գիշերն էլ՝ վառարանի մոտ:
Հաճախ կենդանիների մեջ նկատում եմ այնպիսի հատկություններ, որոնք մարդկանց մեջ երբեք չեմ տեսնում: Երբ մենակ եմ լինում, սկսում եմ կիսվել կենդանիներիս հետ կամ պատմել անցկացրածս օրվա մասին: Իսկ նրանք էլ այնպիսի դեմքի արտահայտություն են ընդունում, իբր թե հասկանում են: Հուսամ, հասկանում են:

Հայաստանի գյուղերը. Ազատեկ, Վայոց Ձոր

նարեկ բաբայան

Ես ուզում եմ իմանալ

Բարեվ ձեզ: Իմ անունը Նարեկ է: Սովորում եմ Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Հետաքրքված եմ էլեկտրոնիկայով: Սպորտաձևերից սիրում եմ լող և վոլեյբոլ: Ճիշտն ասած՝ կարդալու հետ այնքան էլ սեր չունեմ: Չեմ սիրում նաև շարադրություններ գրել, բայց դե, ինչ արած, ես էլ այդպիսին եմ: Չափից շատ սիրում եմ ռեժիսորի գործը, սակայն ուսումս չեմ ուզում շարունակել այդ ուղղությամբ,քանզի կարծում եմ, որ ֆիլմ նկարահանելու համար պետք է ուղղակի տաղանդ և ցանկություն ունենալ: Ուսման առումով նախընտրում եմ գնալ ճարտարապետության ուղղությամբ:

Չափից ավելի երազող եմ,ինչն ինձ վրա ազդում է և՛ դրական, և՛ բացասական: Լինում է այնպես, որ ինձ խրախուսում են, որոշ դեպքերում էլ բոլորն ուղղակի ծիծաղում են ինձ վրա։ Լավ եմ հիշում՝ 5րդ դասարանում բնագիտության դասին ուսուցուհիս ատոմների մասին ինչ-որ բան էր բացատրում։ Նա դասից դուրս մի հարց տվեց և ասաց, որ պատասխանողին 10 կնշանակի։ Բոլորը սկսեցինք իրենց ենթադրություններն անել, մինչդեռ ես, միացնելով երևակայությունս, սկսեցի մտածել և ինչ-որ բան մոգոնեցի։ Սկզբում ամաչեցի բարձրաձայնել՝ մտածելով, որ այդպիսի բան լինել չի կարող։ Տեսնելով, որ ոչ ոք ճիշտ չի պատասխանում՝ փորձեցի ռիսկի դիմել, և ոչ իզուր։ Խոսքս չավարտած՝ ուսուցչուհիս ընդհատեց ինձ հետևյալ խոսքերով․
-Հիանալի՜ է, կեցցե՛ս։
Եվ այդպես ես վաստակեցի առաջին 10 գնահատականս բնագիտություն առարկայից:
Հիշում եմ նաև, թե ինչպես էինք ընկերներով բարձրացել սարի գլուխը։ Ես նայեցի սարից ներքև և սիրահարվեցի այդ տեսարանին։ Սկսեցի մտովի կառուցել մի սարք, որի օգնությամբ կարելի է նետվել սարի գագաթից ցած՝ և հանգիստ վայրեջք կատարելով հիանալ տեսարանի գեղեցկությամբ, բայց այնպես, որ ցանկացած պահի կարելի լինի մնալ օդում։ Երբ ես կիսվեցի այդ մտքով ընկերներիս հետ, ստացա ինձ այնքան էլ դուր չեկած պատասխան․
-Դա խո՞ տու խիվանդ չես, ես յան յար չինես դեն։
Այս խոսքերից հետո նրանք սկսեցին աստիճանաբար իջնել սարից։ Երբ ես վերադարձա իրականություն, նրանք արդեն սարի ստորոտին էին, և ես ստիպված եղա արագ-արագ հասնել նրանց, որ մենակ չմնամ․․․

Մի անգամ էլ մայրիկիս հարցրի, թե ինչ չափման միավորով են հաշվում գրելու ժամանակ գրչի թողած թանաքի հաստությունը, և ոչ մի պատասխան չստացա: Նույն հարցը ուսուցչուհուս ուղղելուց հետո ստացա հետևյալ պատասխանը. «Երբեք չէի կարող մտածել, որ նման հարց կարելի է տալ»: Ես մինչև հիմա էլ չեմ ստացել այդ հարցի պատասխանը․․․
Դե լավ, էլ չշարունակեմ, թե չԷ, վախենամ, դուք էլ կսկսեք ծիծաղել:

Վարպետ Մելիքը

Հիշում եմ, երբ փոքր էի, մի օր առավոտյան ինչ-որ ձայն էր լսվում: Դռնից դուրս նայելով, ես փորձեցի պարզել, թե ինչ ձայն է դա, և տեսա սպիտակ մազերով մի ծերունու, ով դանդաղ տաշում էր կարմիր տուֆ քարը: Նա այնքան էր աշխատել քարերի հետ, որ ձեռքերն արդեն կոշտացել էին: Միայն ձեռքերին նայելով երևում էր, թե որքան աշխատասեր մարդ է:
Քեզ է՞լ հետաքրքրեց, թե ով էր նա:
Ազատեկ գյուղի վարպետի ընտանիքում ծնվեց չորրորդ որդին՝ Մելիքը: Որդիներից միայն Մելիքը բռնեց հոր ուղին և դարձավ քարտաշ, իսկ մյուս երեք եղբայրները՝ Մելսիկը, Սուրիկը և Հուսիկը, մեկը` ինժեներ, մյուսը` հաշվապահ, իսկ երրորդը դարձավ տնօրեն: Նրանք ունեին ևս երկու քույր: Նախնիները եկել էին Խոյից դեպի Ազատեկ, որը նշանակում է ազատ տարածք:
Քրոջ հետ Ազատեկից տեղափոխվելով Երևան, Մելիքը կառուցել է իր և իր քրոջ տները, այնուհետև իր տունը վաճառելով, տեղափոխվել քաղաք Վայք (նախկինում Ազիզբեկով): Եվ արդեն Վայքում կառուցել է իր սեփական տունը:
Որոշ վարպետներ այդ թվում նաև ինքը, կառուցել են Վայքի մշակույթի կենտրոնի շենքը և այլ բնակելի շենքեր: Նրա կառույցների մասին կարելի է խոսել ժամերով: Մարդ, ով աշխատեց նույնիսկ իր կյանքի վերջին տարիներին, կառուցելով Մարտիրոս գյուղի եկեղեցին:
Այդ մարդը պապս էր՝ վարպետ Մելիքը:
Նա արդեն վեց տարի է` մահացել է: Մահացել են նաև նրա երկու եղբայրները և քույրերը: Այսօր էլ նրա կառուցած շինությունները կանգուն են, և նրան հիշում են որպես աշխատասեր մարդու, որպես վարպետ Մելիք:

lusine hovhannisyan

Մանկությունս

Մանկությունս անցել է Վայքում, որտեղ ես ծնվել եմ: Մեր տան, ինչպես նաև մեր բակի միակ երեխան էի: Բոլորը սիրում էին ինձ:

Մենք խանութ ունենք, և այնտեղ երաժշտական գործիքներ կան: Հայրիկս, երբ միացնում էր երաժշտությունը, ես տնից լսում էի դա և իջնում էի բակ ու կարծես մենահամերգ էի տալիս: Շենքի բնակիչները իջնում էին ու մեծ ուրախությամբ հետևում էին իմ շարժումներին:
Ես մեր տան դուռը չէի կարողանում բացել, ձեռքս չէր հասնում բռնակին: Հորեղբորս կինը տեսնելով, որ ես ամեն անգամ «կախվում» էի դռնից ու չէի կարողանում բացել, որոշեց օգնել ինձ և սովորեցրեց բացելու ձևը: Ու ամեն անգամ ես դուռը բացում էի ու փախչում դուրս:

Դե, ես փոքր ժամանակ շատ էի սիրում «դիմահարդարվել», բայց ինչպես նկատեցիք, դիմահարդարվելը չակերտներում, որովհետև դա դիմահարդարվել չէր:

Մի անգամ էլի հորեղբորս կինը նոր շրթներկ էր գնել, ու ես, կարելի է ասել, գաղտնի վերցրել էի դա և փչացրել: Հետո, դե, բնականաբար բոլորը ինձ վրա բարկանում էին: Ճիշտ է, հարսիկս էլ էր ջղայնացած, բայց զարմանալիորեն ինձ էր պաշտպանում: 
Տան առաջնեկը լինելը դա մի ուրիշ բան է: Երբ դու ես տան միակ երեխան, ու հարազատներդ քո բոլոր ասածները կատարում են: Եթե մեքենան շարժվում էր, Լուսինեն մեքենայի մեջ էր, եթե մեկը տեղ էր գնում, Լուսինեն էլի իրենց հետ էր: Մի խոսքով, Լուսինեն ամեն տեղ կար: 
Ու այսպես ես մինչև այժմ էլ ամեն տեղ կամ. թե՛ միջոցառումներին, թե՛ մրցույթներին և թե՛ տարբեր հավաքույթներին: