marine ghahramanyan

Ներքին Կարմիրաղբյուրի խնդիրները

Հարցազրույց սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ 

-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ գյուղապետ:
-Ցանկացել եմ դառնալ գյուղապետ, որովհետև դա 1999թվականն էր: Մեր գյուղը Հայաստանի Հանրապետության ամենաշատ հրետանակոծված գյուղն է
եղել: Ուզում էի օգտակար լինել գյուղիս: Մեր գյուղը նախկինում խմելու ջուր չի ունեցել: Ինչպես շատերը, ես էլ եմ երազել, որ մեր գյուղը ջուր ունենա, ու ես իմ 17 տարվա աշխատանքային տարիների ամենակարևոր գործն եմ համարում գյուղին խմելու ջրով ապահովելը: Ճիշտ է, շատ աշխատանքներ են կատարվել նաև գազաֆիկացման հարցում ևս, բայց իմ կարևոր նպատակը խմելու ջուրն է եղել:

-Դժվար չէ՞ արդյոք երկար տարիներ աշխատել սահանապահ գյուղի ղեկավար:
-Եթե մարդիկ այդ գյուղում ապրում են` սահմանին, ու իրենց համար դժվար չէ, նման մարդկանց հետ համայնքի ղեկավար աշխատելը հեշտ է:

-Քանի՞ տնտեսություն ունի գյուղը, հիմնականում ինչո՞վ են զբաղվում մարդիկ:
-Փաստացի գյուղն ունի 300 տնտեսություն: Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, պայմանագրային զինծառայողներ ունենք, զինվորականներ, ներքին գործերի աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների կողմից ստեղծվել է «Արագ արձագանքման կենտրոն», որտեղ ևս 25 երիտասարդ աշխատում են:

-Ներքին Կարմիրաղբյուրի հողերի մեծ մասը գտնվում է հակառակորդի նշանառության տակ: Ինչպե՞ս է անդրադառնում գյուղատնտեսության զարգացման վրա:
-Իհարկե վատ, որովհետև հենց այդ պատերազմական իրավիճակն է պատճառը, որ մեր մոտ մարդիկ չեն կարողանում հողերը մշակել, այդ պատճառով գյուղատնտեսությունը տուժում է: Օրինակ` խաղողի այգին հնարավոր չէ մի քանի տարի թողնել, հետո լավ մշակել ու արդյունք ստանալ:
Չնայած, անկախ այդ բոլոր հանգամանքներից, մարդիկ էլի նույն հողերը որոշակի չափով մշակում են: Լավատես են, գիտեն, որ մի օր պիտի պատերազմը վերջանա, իրենք էլ իրենց հողերը մշակեն:

-Ինչպե՞ս է ազդում արտագաղթը գյուղի վրա:
-Գյուղում արտագաղթ չունենք: Գործում է գյուղի մանկապարտեզը, դպրոցը: Անգամ ամենավատ ժամանակներում գյուղի մանկապարտեզը և դպրոցը չեն փակվել:

-Ի՞նչ պլաններ ունեք հետագայում:
-Իմ պլանները նույնն են` ամեն տարի մի բան ավելացնել գյուղի համար, որպեսզի մարդիկ իրենց ապագան տեսնեն, ու ոչ մեկը գյուղից չգնա, թեև գյուղից գնացող չկա: Ապրում եմ ժողովրդի հետ, աշխատում եմ ժողովրդի հետ:

-Եթե հնարավորություն լինի, ի՞նչը կփոխեիք` գյուղը բարելավելու համար:
-Ամենակարևորը, որ լինի աշխատանք երիտասարդության համար, որպեսզի գյուղի բնակչությունը շատանա: Արդեն ունենք ամեն ինչ, բայց պետք է աշխատանքով ապահովենք մարդկանց:

Ամենաաշխատասերների մասին…

Ամենաաշխատասերների ու նրանց աշխատանքի մասին կարելի է պատմել անվերջ ու ամենատարբեր ձևերով: Այսօր մեր աշխատասերների ամբողջ տարվա աշխատանքը հավաքելու և քամելու օրն է: Դե, երևի հասկացաք, խոսքը մեղուների մասին է:

Մեղուների աշխատանքն ինձ համար շարունակում է ամենաառեղծվածայինն ու ամենաանհասկանալին մնալ: Հետաքրքիր է, չէ՞: Ինչ-որ փոքրիկ մեղուներ կարողանում են այդքան համեղ մեղր ստեղծել: Դա համախմբված աշխատանքի արդյունք է:

Բոլորս էլ գիտենք, որ ամենալավ բաների հիմքը համախմբվածությունն է:  Այ, օրինակ մարդկանց դեպքում էլ, լավագույն արդյունքի հիմքը որոշակի մարդկանց խմբի համախմբված աշխատանքն է:

Վա՜յ, ես էլի սովորությանս համաձայն գլխավոր թեմայից շեղվեցի: Ինչի՞ց էինք խոսում: Հա՜, մեղուներից ու իրենց համախմբված աշխատանքից: Ախր, շա՜տ համախմբված են: Նույնիսկ խայթելուց համախմբված են խայթում, որ հանկարծ մեկին սկսեցիր դուր չգալ, թող ու փախի:
Փեթակի մեջ ամեն մեկն իր աշխատանքն ունի: Մի փեթակում 4 տեսակի մեղու կա՝ մայր մեղուն, հայր մեղուն, աշխատող մեղուները ու… վայ, չորրորդի անունը մոռացա: Է, ախր ինչի՞ չեմ հիշում: Մինչև չիմանամ` չեմ հանգստանա, լավ, մի քիչ շունչ քաշեք, գնամ իմանամ, գամ: Այ-այ… Պարզվեց ոչ մի չորրորդ էլ չկա, թե՞ կա: Է, մեկ է, բան չեմ հասկանում: Ոնց երևում է էս մեղուները նույնիսկ հատուկ ջուր բերող մեղու ունեն: Լավ, էդ հետո կճշտեմ, ու անպայման ձեզ էլ կասեմ: Երևի մեղուները խելոքացել են, կանչում են, որ գնամ նկարեմ: Սպասեք, հիմա կգամ…

***
Վա՜յ, շատ ուշացա՞: Կներեք, չէի ուզում շատ սպասեցնել, ուղղակի ես՝ «համարձակս», որոշել էի առանց որևէ պաշտպանական միջոցի մտնել մեղուների տարածք, մերժելով՝ գոնե դեմքս փակելու առաջարկը: Մի քանի կադր անելուց հետո մեղուներից մեկը որոշեց մտնել իմ կիսախուճուճ մազերի մեջ և մոլորվել այնտեղ:  Լավ էլ տեղավորվել էր, հա՜: Մազերիս մեջից դուրս գալու միտք անգամ չուներ: Լավ պրծա, գոնե չհասցրեցին համախմբվել: Էդ մեկից էլ ազատվեցի ու փախա փեթակների մոտից: Բայց, ոնց որ արդեն սկսում են մեղրը քամել, գնամ նայեմ: Համ էլ, էլի բաներ կիմանամ մեղուների մասին ու կգամ ձեզ էլ կասեմ…

***
Ըհը, էլի եկա: Հա՜, համ էլ մեր մեղվապահներից որոշ տեղեկություններ իմացա ամենաաշխատասերների մասին:
Հիշում ե՞ք, որ ասում էի փեթակում 4 տեսակ մեղու կա, հետո ասացի, որ կիմանամ ու ձեզ էլ կասեմ: Օրինակ, մեղվապահ Լևոնը պատմեց, որ փեթակի մեջ բացի մայր մեղուն, հայր մեղուն ու աշխատող մեղուները, գոյություն ունեն նաև ջուր բերող մեղուն, հավաքարարը, մայր մեղվին խնամող մեղուն  ու էլի մի քանի մեղուներ, ընդհանուր՝ միլիոնավոր մեղուներ, որոնց մոտավոր թիվը հաշվվում է քաշի միջոցով: Իմացա նաև, որ չաշխատող մեղուներին փեթակից հեռացնում են, առանց բերքի փեթակ վերադարձող մեղուներին մնացած մեղուները փեթակ չեն թողնում: Այլ փեթակի մեղուն, բերքով վերադառնալու դեպքում, կարող է մնալ մի այլ փեթակի ընտանիքում, բայց դա բոլոր դեպքերում չէ, որ հնարավոր է, դա տեղի է ունենում միայն 90% դեպքերում: Մեղվապահ Լևոնը նշեց, որ տարիներ շարունակ նույն գործով զբաղվելով, էլ ավելի է հմտանում մեղվապահության մեջ:
Մայրս ու իր ընկերուհին՝  Սոնան, որ նույնպես զբաղվում են մեղվապահությամբ, ասացին, որ մեղվի ձվարկը սկսվում է փետրվար-մարտ ամիսներին, կախված տարվա եղանակից: Այդ ժամանակահատվածում քիչ-քիչ սկսում են մեղվին կեր տալ` 50 գրամից սկսած, աստիճանաբար ավելացնելով մինչև 200-300 գրամ: Մեղվին կեր են տալիս մինչև մայիս ամսվա վերջ, այն աստիճանաբար ավելի է շատացնում ձվարկը, արդեն հունիս ամսին  ձագ է տալիս: Բնական ձագը, որպես փեթակի մեղու, ավելի հաջող է համարվում, քան արհեստականը («նուկլոզ», որն արդեն մեղվապահն է ընտրում): Արհեստական նուկլոզ առաջացնելու դեպքում ընտրում են այնպիսի շրջանակ, որի վրա լինի մեղու, ծաղկափոշի, 1 օրական ձու: Մեղուն նոր փեթակ տեղափոխելուց և արհեստական նուկլոզ առաջացնելուց հետո այն ձվի վրա մայրապտուկ է առաջացնում:

Մեղրը քամում են օգոստոսին: Քամելուց հետո քամած շրջանակները նորից տալիս են մեղուներին, ապա մեղուների բուժում են կատարում և կեր տալիս աշնանային ձվարկի համար: Ավելորդ շրջանակները հանելուց և տաքոցներ դնելուց հետո, ուղարկում են ձմեռանոց:

Հա՜, ու մեկ էլ մի հետաքրքիր բան իմացա՝ ձմեռվա ընթացքում փեթակի մեղուները մի կծիկ են դառնում:
Դե, մի խոսքով, ամենաաշխատասերների մասին կարելի է անվերջ խոսել, խոսել ու էլի խոսել:

Հ.Գ. Ու կապ չունի, թե քանի տարեկան կլինեմ, միևնույն է, ես շարունակելու եմ մտածել փեթակի բոլոր մեղուները հատ-հատ հաշվելու մասին:

erik aleksanyan

Ինչու ես թողեցի մարզումները

Իմ սիրած սպորտաձևերից մեկը եղել է թեքվանդոն: Ճիշտ է, ես դա այնքան էլ շատ չեմ սիրում, ինչքան ֆուտբոլը:

Քանի որ գյուղում չկար ֆուտբոլի ակումբ, ես որոշեցի զբաղվել թեքվանդոյով: 2 տարի հաճախելու հետո այդպես էլ ոչ մի լուրջ հաջողության չհասա, բայց բարելավեցի իմ ֆիզիկական տվյալները: Ես մասնակցեցի քննություններին և ստացա դեղին գոտի:

Սակայն ես դրա համար չէ, որ գրում եմ: Մի պարապմունքի ժամանակ, երբ իմ տրամադրությունը բարձր էր, ես սկսեցի երգել իմ ընկերոջ՝ Արմանի հետ: Մենք գտնվում էինք վերջին շարքում: Արմանը շատ ցածր էր երգում, իսկ ես գնալով ձայնս բարձրացնում էի: Ես երգում էի «Քամի զանա» երգը: Եվ սկսեցին բոլոր մարզիկները ինձ նայել, այդ թվում նաև մարզիչս: Արմանը լռեց, բայց ես դեռ երգում էի: Մարզիչս մոտեցավ ինձ թեթև հրեց և ասաց, որ հեռանամ ակումբից:

Մի քանի ամիս հետո ես նորից եկա պարապմունքի: Սակայն ինձ հետ երգող Արմանը և մի քանի երեխաներ արդեն էլ չէին հաճախում: Դրա պատճառը անհարմար սենյակն էր, որը նախկինում լինելով մանկապարտեզի շենք, հարմարեցված չէ մարզումների համար:

Եվ ես էլ դուրս եկա ակումբից, սակայն այս անգամ իմ կամքով: Իմ դուրս գալուց հետո ակումբը տեղափոխվեց հարևան գյուղ, որտեղ ավելի հարմար պայմաններ կան: Բայց Բաղանիսից հասնել հարևան գյուղ, այնքան էլ հարմար չէ:

Դե այսպես, հիմա ոչ ֆոտբոլային ակումբ կա, ոչ թեքվանդոյի:

narek davtyan getahovit

Քույրս

Փոքր ժամանակ, երբ ես լացում էի, մայրս քրոջս ասում էր.

-Էլըչկա, մի հանգստացրու Նարոշին,- մայրս միշտ ինձ այդպես էր դիմում:

Քույրս ինձ հանգստացնելու հետաքրքիր մեթոդ էր մշակել: Ես ունեի  խաղալիք` Բարև ձեզ անունով:  Հիմա մտածում եք, թե ինչո՞ւ Բարև ձեզ: Բացատրեմ: Երբ ես լացում էի, քույրս վերցնելով այդ խաղալիքը, տինիկային թատրոն էր ցույց տվել, և այդ տիկնիկային թատրոնի պիեսը միշտ սկսվում էր «Բարև ձեզ» նախադասությամբ:

Հիմա հիշելով այդ պահերը, ծիծաղում եմ, բայց միևնույն ժամանակ, տխրում, քանի որ այդ պահերը երբեք հետ չես բերի:

Իսկ հիմա ծանոթացեք` մարդ, ում շատ եմ սիրում, քույրս`  Էլլա Դավթյանը, իմ ամենա-ամենան: Մանկուց շատ եմ սիրել քույրիկիս և հիմա կարոտում եմ, որովհետև նա հիմա բնակվում է Ռուսաստանում: Շատ եմ  ափսոսում, որ չեմ գնահատել նրա հետ անցկացրած պահերը, իսկ հիմա, հնարավոր է,  նրան տեսնեմ տարին մեկ-երկու անգամ:

Քույրս պատանեկության տարիներին զբաղվել է ֆուտբոլով, անգամ ընդգրկվել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականում: Հետո հիասթափվել է ֆուտբոլից` պատճառաբանելով, որ Հայաստանում ֆուտբոլը ապագա չունի, քանի որ թիմերը համախմբված չեն խաղում: Քույրս մանկավարժ է, համալսարանը ավարտելուց հետո աշխատանքի պատճառով  մեկնել է Ռուսաստան: Նա շատ է կարոտում  Հայաստանը և փորձում է շուտ վերադառնալ: Նա կարծում է, որ հայրենիքը լինի հզոր թե թույլ, մնում է հայրենիք և չի կորցնում իր քաղցրությունը:

Կարոտով սպասում եմ, որ մի օր առավոտյան իմ տիկնիկը քրոջս ձայնով առավոտ վաղ կարթնացնի ինձ.

Բարև ձեզ…

Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր
Ֆոտո՝ Սոֆյա Աբրահամյանի

Սեպտեմբերի մեկը Հայաստանում

Սեպտեմբերի մեկին Հայաստանի  դպրոցներում եւ բուհերում նշվեց ուսումնական տարվա սկիզբը։ Տարբեր քաղաքներում եւ գյուղերում գտնվող մեր թղթակիցները լուսանկարել են այդ օրվա իրադարձությունները իրենց տեսանկյունից։

Seroj araqelyan

Ծննդյանս ու գիտելիքի օրը

Սեպտեմբերի մեկ, շնորհավորանքներ, պայուսակ, գրիչ, տետր ու ամենակարևորը՝ մեկ դասարան ևս բարձրացանք, ու վերջին սեպտեմբերի մեկը, որը նշելու եմ մեր դպրոցում: Դարձա ավարտական դասարան, և կունենանք երեք հոգանոց անմոռանալի վերջին զանգ:

Սեպտեմբերի 1-ը ինձ համար միայն գիտելիքի օրը չէ, այլ նաև ամենակարևոր օրերից մեկը իմ կյանքում՝ ծննդյանս օրը: Մեկ-մեկ կատակով ասում եմ «Այ մարդ, սենց էլ բան կլինի՞, դեռ չծնված դպրոց են ուղարկում»:

Ծննդյանս օրվա հետ կապված նույնպես նյութ ունեմ տպագրված 17.am-ում: Եթե կարդացած լինեք, հաստատ տեղյակ կլինեք, որ կրակոցների պատճառով ոչ մեկը վախից չեկավ մեր գյուղ` Բաղանիս, ու ոչ մի ծնունդ էլ չեղավ: Բայց արդեն եկար ժամանակ է կրակոց չկա, իրավիճակը հանգիստ է, ու ամեն ինչ իմ պլանավորածով է գնում:

Ուզում եմ սեպտեմբերի մեկի կապակցությամբ շնորհավորել բոլորին՝ ուսուցիչներին, աշակերտներին և ուսանողներին, այդ թվում նաև նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում թե դպրոցում, թե բուհում:

Շնորհավորում եմ բոլորի սեպտեմբերի մեկը` մաղթելով բոլորին նորանոր հաջողություններ:

vanuhi harutyunyan

Երկար սպասված ամառը

Երեկ ամռան վերջին օրն էր: Այս ամառը մյուս ամառներից շատ էր տարբերվում: Վերջին երկու տարիներին, երբ պարապում էի քննությունների համար, անհամբեր սպասում էի հենց այս ամռանը, որովհետև ավարտել եմ դպրոցը, հանձնել եմ քննություններս ու վերջապես ժամանակս անց եմ կացնում ցանկացածս ձևով. կարդում եմ իմ ցանկացած գրքերը, դիտում եմ հետաքրքիր ֆիլմեր, շփվում եմ ընկերներիս ու հարազատներիս հետ, նաև թխվածքաբլիթների նոր տեսակներ եմ փորձում պատրաստել (ասեմ, որ փորձերս կարող եմ հաջողված համարել):

Դպրոցն ավարտելու առաջին օրերին մի տեսակ տխրությամբ, դատարկությամբ էի համակվել. կարծում էի, որ այլևս հետաքրքիր, ուրախ ու հագեցած օրեր չեմ ունենա, բայց հետո հասկացա, որ ես ինքս պետք է օրս հետաքրքիր դարձնեմ: Սկսեցի հերթով իրականացնել նախատեսած բոլոր ծրագրերս:

Այս օրերին բոլորը սեպտեմբերյան եռուզեռի մեջ են, մենք՝ ես և իմ հասակակիցները, առավել ևս: Մենք մտնում ենք կյանքի նոր փուլ՝ նոր միջավայր, նոր ընկերներ, նոր կյանք… Գուցե դժվար լինի, գուցե սպասվածից շատ ավելի լավ՝ չգիտեմ: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ նոր կյանքս այնքան հաճելի ու դրական կլինի, որ ինչ-որ չափով կլրացնի դպրոցիս, դասընկերներիս բացը:

Emma Kosakyan

Իսկ դուք լսե՞լ եք աստղերի ձայնը

Վերջերս ճամբարում էի, ամեն ինչ շատ տպավորիչ էր, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ համար ամենահետաքրքրական մի օրով:

Ամեն օր` վաղ առավոտյան, վազում էինք անտառի միջով անցնող ճանապարհով: Հենց խորանում էինք անտառի մեջ, մեր առաջնորդն ամեն անգամ ասում էր. «Փակում ենք աչքերը, լսում անտառի ձայնը»: Կարծում եմ` պատկերացնում եք` ինչ հանգստություն ու բավականություն էինք զգում այդ երկու րոպեների ընթացքում. մաքուր օդ, թռչունների երգ, քամու խաղ…

Ճամբարի վերջին օրը խարույկի շուրջ հավաքված կիթառ էինք նվագում, երգում ու հանկարծ մեր առաջնորդն ասաց. «Փակում ենք աչքերը, լսում գիշերվա ձայնը»:

Դե… ասաց, արեցինք: Փակել ենք մեր աչքերը, բայց միայն կատարյալ լռություն էր, զարմանքի ու շփոթմունքի հետ մեկտեղ: Մեր առաջնորդը, երևի հասկանալով մեր շփոթմունքը, ասաց. «Ո՞նց, չե՞ք լսում աստղերի ձայնը»: Ու այդ պահին ես հասկացա, որ մարդ ինչպես չի քնում միայն աչքերը փակելով, այդպես էլ չի լսում միայն ականջներով: Իսկ ո՞ւր են հոգու, սրտի ականջները: Ու ես ու երևի ինձ նման շատերն էլ լսեցինք գիշերվա ու հատապես աստղերի ձայնը: Հետո այդ ձայնին միացավ նաև լռության ձայնը, ու այդպես շարունակ բազում ձայներ շարվեշարան եկան հասան մեզ:

Ու այդ օրվանից ես հասկացա ու սկսեցի լսել դիմացինիս սրտի զարկերը, մտքի թռիչքի, հայացքի փախուստի ձայները: Կարծում եմ, այդ ձայները, թերևս մեր ներաշխարհի, մեր երազների, մեր մեջ ապրող աստղերի ու տիեզերքի ձայներն են, որոնք արտացոլվում են մեզնից դուրս` հենց դիմացինի կամ էլ աստղերի մեջ:

serine harutyunyan

Վերջին անգամ

Վերջին անգամ… Ինչքա՜ն բաներ ենք մենք վերջին անգամ անում: Երբեմն ցավով, կարոտով, երբեմն էլ՝ ուրախությամբ: Բոլոր տասներկուերորդցիների համար այս տարի այդ վերջինները շա՜տ են լինելու: Վերջին դպրոցական արձակուրդիս վերջին օրն է: Վերջին անգամն եմ որպես աշակերտ անհամբերությամբ սպասում սեպտեմբերի 1-ին: Վերջին անգամ եմ այդ օրը որպես աշակերտ ոտք դնելու երկրորդ տունս՝ հարազատ դարձած դպրոցս: Հետո, գուցե դպրոցն էլի սպասի ինձ՝ իր ակտիվ աշակերտուհիներից մեկին, բայց արդեն ոչ որպես աշակերտուհի: Գուցե ուսուցիչներս էլ սպասեն ինձ՝ իրենց հարցասեր աշակերտուհուն, կարոտեն ինձ ու իմ մեկը մյուսից տարօրինակ ու անվերջանալի հարցերը:  Այ, իսկ ուսուցիչներիս համար ես միշտ նույն հետաքրքրասեր, հարցեր տվող աշակերտուհին եմ մնալու: Վերջին անգամ մեզ կհարցնեն, թե ինչպես անցան ամառային արձակուրդները, ով, ուր գնաց երեք ամիսների ընթացքում: Դե, դա պարտադիր հարց է, չէ՞: Վերջին անգամ եմ սեպտեմբերի 1-ին նյարդայնացած իմ աթոռն ու սեղանը փնտրելու, որոնց վրա միշտ ինչ-որ նշան եմ անում: Վերջին անգամ, էլի չեմ գտնելու: Վերջին անգամ, էլի մեկ ուրիշն եմ վերցնելու: Ու կապ չունի, որ մյուս տարի դրանք էլ ինձ պետք չեն գան, միևնույն է, վերջին անգամ, վերջիններիս վրա, էլի ինչ-որ նշան եմ անելու:
Ախր, ո՞նց անցան,  է՞…  Հիշում եմ, մորս ձեռքից բռնած, առաջին անգամ ամաչկոտ հայացքով մանկապարտեզ մտնելս: Հետո` առաջին դասարան: Հիշում եմ առաջին զանգս: Հիշում եմ առաջին ուսուցչուհուս՝ երիտասարդ, գեղեցիկ, իսկ հիմա՝ արդեն մի քիչ մեծացած: Ինչքա՜ն շատ բան ունեմ հիշելու… Հիշում եմ, թե ինչպես էինք ճաշարանից բերած հացը տաքացնում վառարանի վրա: Միշտ մի փոքրիկ կտոր պահում էի դպրոցի ճանապարհին հանդիպող մի շան համար: Տաքացնելիս երբեմն վառում էինք, երբեմն էլ՝ վառարանի դուռը բաց թողնում՝ դե, դաս չանելու առիթ էր:

Հիշում եմ առաջին քննությունս, վախից դողում էի: Հետո, հաջորդ սեպտեմբերի 1-ը: Հիշում եմ դասղեկիս, առաջին անգամ մեր դասարանում, մեզ հետ ծանոթանալիս: 7 տարի առաջ էր: 7 տարին 7 օրվա պես անցավ, իսկ հիմա այդ տարիներս լուռ, կարոտով հիշում եմ: Տարիներ առաջ ուզում էի, որ այս վերջինը շուտ գա: Իսկ հիմա, հիմա այդ տարիներ առաջն եմ ուզում: Հիշում եմ 12.12.2012-ին ամբողջ դպրոցով դասից փախչելը, պատուհանով պայուսակները շպրտելը: Հիշում եմ ու կարոտում:
Վերջին անգամ գրավորների տետրեր կհավաքենք: Վերջին անգամ  օրագրիս մեջ բոլոր ուսուցիչներիս անուն ազգանունները կգրեմ: Վերջին անգամ դասագրքեր կստանամ ու ծանրությունից դժգոհելով տուն կգնամ: Վերջին անգամ ուսուցչանոցից դասամատյան ու կավիճ կբերեմ: Վերջին անգամ, էլի ինչ-որ հարցով կթակեմ տնօրենի սենյակի դուռը, որն այնքա՜ն հարազատ է դարձել: Վերջին անգամ, էլի կբողոքենք ցրտից:

Ինչքա՜ն բան ունեմ հիշելու, կարոտելու ու վերջին անգամ անելու համար:
Իսկ հետո՝ ամենավերջում, երբ ավարտված կլինեն բոլոր վերջիններս, կհնչի դպրոցական վերջին զանգս:

Ա՜յ շան լակոտ…

astghik ghazaryan-Ա՜յ շան լակոտ, արի տենամ…

-Պապի՜կ,- հորանջելով մի կերպ բացում եմ աչքերս, պսպղուն աչքերով նայում պապիկին՝ մի փունջ մորի ձեռքին, ու զարմանում, թե ինչպես է պապս հասցրել արթնանալ, կովերին կթել, նախիրը իջեցրել ներքևի սար, մեղվի փեթակները ստուգել, չգիտեմ՝ էլ ինչեր արել, հետո նույն ճանապարհով բարձրացել վերևի սարը: Իսկ ես դեռ նոր եմ արթնանում, բայց պապս արդեն մի փունջ մորին ձեռքին կանգնած է օդայում ու ասում է.

-Ա՜յ շան լակոտ…

Չէ, բարկացած չէ. դա լավ հասկանում եմ, որովհետև ճանաչում եմ պապիկին ու գիտեմ, որ շան լակոտը մինչև արտասանվելը մտքում բացարձակ ուրիշ բառ է եղել, գիտեմ նաև, որ մարդը նման է իր բնությանը, իսկ Ռոմիկ պապը արդեն քանի՜ տարի է՝ ապրում է սարերում, կոպիտ սարերում: Լուռ մարդ է, դրա համար էլ շատ բան չգիտեմ պապիս մասին, իսկ ինչ էլ գիտեմ, մայրիկից եմ լսել:

Ասում են՝ պատերազմի ժամանակ պապիկիս հոր կյանքը Ռոմիկ անունով ֆրանսիացի հրամանատար է փրկել, ով իր մատանին տվել է նրան ու պատվիրել, որ եթե արու զավակ ունենա, այդ մատանին տա նրան ու իր անունով Ռոմիկ կոչի: Այդպես էլ արել է, բայց տասնամյակներ հետո պապիկիս ձեռքին մատանին երկու մասի է բաժանվել:

Ռոմիկ պապը երիտասարդ ժամանակ աշխատել է իբրև ոստիկան, բայց շատ շուտով հիասթափվել է, թողել աշխատանքը, որովհետև չի կարողացել հանդուրժել տիրող անարդարությունները: Հետո թողել է գյուղը, բարձրացել սարերը, կարծես աշխարհաթող եղել: Հեշտ չէ սարի կյանքը, բայց եթե մի օր ապրեք սարում, կհասկանաք՝ ինչու պապիկը նախընտրեց ապրել սարում. սարի խաղաղությունը, մաքրությունը մի տեսակ մարդու հոգուն են փոխանցվում, իսկ պապիկն էլ երևի բնության մեջ գտավ այն մարդկայնությունը, որը սկզբում փնտրում էր մարդկանց մեջ:

Պապիկիս պատմությունը գեղեցիկ է, բայց բոլոր թոռների նման ես էլ եմ ուզում, որ պապիկս մոտս լինի, ու ամեն առավոտ զարթնեմ ու նրա ձայնը լսեմ.

-Ա՜յ շան լակոտ…