Ծիծեռնակները վերադարձել են

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Ահա նորից գարուն է: Ինչպես գիտենք, գարնան ավետաբեր թռչուններից են նաև ծիծեռնակները, որոնք իրենց բույնը հյուսում են մարդկանց տան վրա: Մեր տան վրա նույնպես ծիծեռնակները բույն են հյուսում: 

Ծիծեռնակները իմ ընկերներն են: Արդեն քանի տարի է, ինչ ծիծեռնակները իրենց բույնը հյուսում են այդտեղ: Նրանք ամեն գարուն պարտաճանաչ գալիս են մեզ հյուր: Դե, այս տարի մի քիչ ուշացան, բայց ես վստահ էի, որ նրանք կգան: Այսօր էլ արթնացա նրանց ձայնից: Վազեցի դուրս և տեսա նրանց: Նրանք այս կողմ այն կողմ էին թռչում: Իրենց բույնն էին վերանորոգում: Անցած տարի էլ եկան: Փոքրիկ ձագուկներ ունեցան: Ես ամեն օր հետևում էի նրանց: Հայր և մայր ծիծեռնակները դուրս էին գալիս բնից և ձագուկներին թողնում մենակ: Ձագուկները սպասում էին, և երբ հայրը կամ մայրը վերադառնում էին, նրանք սկսում էին «ծվծվալ»: Հետո ծնողը տալիս էր իր կտուցի ուտելիքը ինչ-որ մեկին և կրկին հեռանում սնունդ բերելու: Եվ այդպես ամեն օր… Հետո նրանք թռչել սովորեցին: Այլևս չէին տեղավորվում բնի մեջ: Եվ մի օր էլ ես արթնացա և տեսա, որ նրանք արդեն հեռացել են: Մի փոքր տխրեցի… Բայց հաստատ գիտեի… էլի կվերադառնան….

Եվ հիմա նրանք նորից վերադարձել են…

Ոսկեվան (Ղոշղոթան)

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Դու իմ սրբություն, իմ ոսկե հանգրվան,
Իմ քաղցր ծննդավայր, անգին Ոսկեվան:

Մարդկային կյանքի ամենամեծ հարստությունը գյուղն է: Գյուղի պաշտպանը շինականն է՝ աշխատասեր, հայրենապաշտ, քարից ու հողից հաց քամող, քրտինքը հողին տվող, նրա ջերմ ու անկեղծ սիրահարը, տերն ու ծառան, հողի լեզուն իմացողը:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Մեր նախնիները իրենց հողն ու ջուրը, սահմանները պաշտպանել են կյանքի ու արյան գնով և միշտ վառ հավատ են ունեցել գալիքի հանդեպ, երբեմն իրականացել է նրանց փայփայած հույսն ու հավատը, անհաջողության դեպքում չեն հուսալքվել: Մենք՝ բոլոր ոսկեվանցիներս, մի նվիրական ու սրբազան պարտք ունենք՝ մեր նախնիներից ստացած հող-հայրենին աչքի լույսի պես պահել ու պաշտպանել: Եթե հարկ լինի, տալ ամենաթանկը՝ կյանքը: Շատ-շատերը մոտ են կանգնած հայրենի գյուղի, ծննդավայրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Ոսկեվան համայնքը շատ-շատ հայրենասեր որդիներ ունի, բոլորին թվել հնարավոր չէ:

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, ամենաչնչին  հնարավորության դեպքում բռնել տունդարձի ճանապարհը: Ձեր՝ օտար երկրներում ապրելը, կապված է սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, աշխատանք գտնելու անհնարինության հետ: Ուրեմն, եկեք ջրենք մեր կյանքի ծառը, որ նա փարթամորեն աճի.  չէ՞ որ ամեն մեկս  այդ ճյուղերից մեկն ենք: Ով կարող է, թող գա, որպեսզի փակված դռները բացենք, լույսերը վառենք և ծխենք հայրենի օջախի ծուխը:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

1978թ Նոյենբերյանի շրջսովետի գործկոմի նախաձեռնությամբ ներկայացվեց  ՀԽՍՀ Գերագույն  խորհուրդ՝ շրջանի երեք  բնակավայրերի անվանափոխության վերաբերյալ: Առաջարկվեց Դոստլուն անվանել Բարեկամավան, Ղալաչան՝ Բերդավան , Ղոշղոթանը՝ Ոսկեվան :

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Ինչո՞ւ Ղոշղոթան, բացատրեմ: Ըստ մեզ հասած տեղեկությունների, դարեր առաջ մի անգամ գյուղացիները, որոնք հարկ էին վճարում նաև թուրք բեկերին, սկսել էին աշնանացան վարի աշխատանքները, երբ բեկերն իրենց հարկահանների հետ գյուղ են մտնում տվյալ տարվա չվճարած հարկը հավաքելու: Նրանք պահանջում են դադարեցնել վարի աշխատանքները և հավաքել տրվելիք հարկերը: Հարկը հավաքելուց հետո թուրք բեկը թույլ է տալիս շարունակել վարի աշխատանքները, ասելով՝ «գոշքոթանլարը»,  այսինքն՝ լծեք գութանները, այստեղից էլ Գոշքոթան՝ Ղոշղոթան անվան ծագումը: Ինչպես էլ մեկնաբանենք այդ անունը, մեր նախնիների դառն ու տառապալից կյանքի, ծանր ապրելակերպի խտացված արտահայտությունն է:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Քառ Բաբին ընտանիքով եկել է Վրաստանի Կումիս լճի մոտ գտնվող Վաշլեվան (Խնձորկուտ) գյուղից: Երկու տարի ապրել է հարևան Բաղանիս գյուղում, որը տենդոտ տեղ է եղել: Նա ձորով բարձրացել է և հիմնվել Ղոշղոթանում: Բաղանիս գյուղում թողել է իր կաղ աղջկան, որին ամուսնացրել է Ղարաբաղից եկած Չալաբի Բաղրամյանի հետ: Հետագայում խանը առաջարկել է Քառ-Բաբնին աղա դառնալ, սա չի համաձայնվել՝ խնդրել է աղայությունը տալ իր փեսա Բաղրամյանին, իսկ ինքը դարձել է քյոխվա: Աղայությունից հրաժարվելու համար սրանց ասում են «շաշ բաբեցիք»: Քառ Բաբին լսում է, որ խանը գալիս է, աղուհացով գնում է ընդառաջ՝ արձակելով գութանը, որով հողը վարելիս է լինում:Խանը ընդունում է աղուհացը և ասում՝ «գոշքոթան», որից և գյուղի անունը մնում է Ղոշղոթան:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Հիմա շատ տարիներ են անցել և մենք մեր ուժով ու արյան գնով էլ այդ լծի տակ չենք ապրում:Մեր ժողովուրդը աշխատող  ժողովուրդ է, և հիմա էլ որ աղա լինելու առաջարկ լինի, կմերժի:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լսելով  գյուղի ավագ սերնդի պատմությունները, թե այն ժամանակ թշնամու հետ մեկ գյուղում  ապրել են, միասին աշխատել են, միասին գութան են լծել:

Ճիշտ է, հիմա այն ժամանակների պէս միասին չենք, բայց հիմա կրակի առաջ է գյուղի մի մասը, և ցավոք  էլ ոչ ոք չի ասում. «լծեք գութանները»:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

marine ghahramanyan portert

Պատմում է պապիկս

«1982 թվականին աշխատում էի Ներքին Կարմիրաղբյուրի կուլտուրայի տան տնօրեն: Մեկ ամսով ինձ ուղարկեցին Երևան` կուլտուրայի ինստիտուտին կից վերապատրաստման դասընթացների: Մեզ տեղավորեցին սննդի արդյունաբերության տեխնիկումի հանրակացարանում: Ինձ հետ սենյակում էր մնում Իջևանի պիոներ տան տնօրեն Սերյոժա Սուքիասյանը:

Մի օր դուրս եկանք զբոսնելու: Սերյոժան ասաց` կուզե՞ս տեսնել Արամայիս Սահակյանին: Իհարկե` ուրախացած ասացի ես: Սերյոժան մտավ առաջին պատահած հեռախոսախցիկը և զանգահարեց Արամայիս Սահակյանին ու ասաց, որ ուզում է իրեն տեսնել: Սահակյանն ասաց, որ մայրը հիվանդ է, դեղ էր պատվիրել, որ Մոսկվայից բերեն, գնում է դեղը օդանավակայանից վերցնի: Մեկ ժամ հետո կլինի «Ոզնի» ամսագրի խմբագրությունում: Արամայիս Սահակյանը «Ոզնի» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Բավականին ժամանակ ունեինք: Մտանք մոտակա սրճարան, որպեսզի ժամանակը շուտ անցնի: Պայմանավորված ժամին արդեն խմբագրությունում էինք: Առաջինը մեզ հանդիպեց քարտուղարուհին:

Բարևելուց հետո դիմեց ընկերոջս. «Դուք Սերյոժա՞ն եք»: «Այո»,- պատասխանեց ընկերս: «Կարող եք մտնել»,- ասաց քարտուղարուհին: Առանց դուռը ծեծելու ընկերս ներս մտավ: «Կարո՞ղ եմ ես էլ մտնել: Մենք միասին ենք»,- ասացի ես:

Քարտուղարուհին ժպտաց և ասաց` իհարկե:

Ես ներս մտա: Սերյոժան ու Արամայիս Սահակյանը գրկախառնվեցին, կարոտի խոսքեր փոխանակեցին: Իսկ մենք ձեռքով բարևցինք իրար: Առաջարկեց նստել: Ընկերս և Արամայիս Սահակյանը սկսեցին զրուցել: Ես որտեղ նստած էի, սեղանի ձախ կողմում դրված էր այն ժամանակի «Սալյուտ» անունով սիգարետ և լուցկի: Ձեռքով մի փոքր տուփը հրեցի: Արամայիս Սահակյանն ասաց. «Երիտասարդ, ծխո՞ղ եք»: Ասացի` այո: Ասաց. «Մեզ մոտ ծխում են, կարող եք օգտվել», և սեղանին դրեց մոխրամանը: Ես շնորհակալություն հայտնեցի, բայց չծխեցի: Հարցրեց` որտեղի՞ց եք: Ասացի` Շամշադինից եմ: Ասաց, որ ինքը Շամշադինում շատ ընկերներ ունի: Մոտ կես ժամ զրուցելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք «ամենայն հայոց Ոզնուն» և դուրս եկանք: Դուրս գալուց նա ինձ նվիրեց «Ոզնու» վերջին համարը, որը դեռ չէր առաքվել: Երբ վերադարձանք հանրակացարան, ընկերներիս մոտ պարծեցա, որ տեսել եմ Արամայիս Սահակյանին: Անցել են տարիներ, բայց իմ հիշողության մեջ թարմ է մնում Արամայիս Սահակյանի հետ հանդիպումս»,-պատմեց պապիկս’ Ալբերտ Ղահրամանյանը:

Էշի գոլն ու Էլակ սարը

Ջուջևանը սահմանից ուղիղ գծով չորս կմ հեռավորության վրա է գտնվում, և կրակոցի ձայները պարզ լսվում են գյուղում: Սակայն գյուղում կյանքը շատ հետաքրքիր է անցնում, որովհետև ամռանը երեխաներով ծնողներից թաքուն գնում էնք Էշի գոլը լողանալու:

Էշի գոլը իր անվանումը ստացել է,երբ մի անգամ շատ տարիներ առաջ մի ավանակ ընկել է գետի մեջ և խեղդվել ջրում: Հենց այդտեղից գետը ստացել է իր անվանումը` Էշի գոլ:

Գյուղացիները մեկ-մեկ կատակ են անում ու Էշի գոլին անվանում «Ավանակի ջրափոս»:

Մեր գյուղից շատերը լողալ են սովորել հենց Էշի գոլում ինչպես ես: Էշի գոլը շատ մեծ չէ, ունի մեկ-երկու մետր խորություն, լայնությունը երեքից-չորս մետր է:

Գոլը շատ հեռու է, այդ պաճառով ծնողները թույլ չեն տալիս, որ գնանք Էշի գոլը, իսկ երբ իմանում են, որ թաքուն ենք գնացել, «շան տուր» են տալիս: Բայց մենք էլի չենք լսում ու էլի գնում ենք:

Էշի գոլից երևում է Էլակ սարը, որտեղից երևում է ողջ գյուղը, նաև շատ հեռվում երևում է Ադրբեջանը,Վրաստանը և կողքի գյուղերը: Էլակի վրա է գտնվում  Հայաստանի ամեաթունավոր օձը:

Ջուջևանը շատ հետաքրքիր և գեղեցիկ գյուղ է, և ես շատ ուրախ եմ, որ ծնվել եմ հենց Ջուջևանում…

Հայաստանի գյուղերը. Բերդավան, Տավուշի մարզ

«Երկու գծեր, որոնց վրայով սլանում է իմ գնացքը»

Հարցազրույց բանաստեղծ և նկարիչ, ուսուցիչ, լրագրող, պատվավոր ջուջևանցի Զավեն Պետրոսյանի հետ:

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

-Կուզենայի ասեք` ինչո՞վ եք զբաղվում և ինչպե՞ս եք կարողանում համատեղել արվեստը, պոեզիան, դպրոցը, առօրյա հոգսերը… 

-Իհարկե, շատ բարդ է, բարդ է համադրելը, գլուխ հանելը այդ ամեն ինչից, բայց արվեստագետը պարտավոր է գլուխ հանել, ժամանակ գտնել: Ես ասում եմ պարտավոր է, որովհետև Աստված է տվել իրեն այդ շնորհքը, և ինքը չի կարող հրաժարվել այդ հաճելի բեռից, այդ մեծ ծանրությունից, որը, սակայն, անհրաժեշտ է ոչ միայն իրեն, այլ նաև ուրիշներին: Ահա ինչու ես կարողանում եմ ժամանակ գտնել, կարողանում եմ անքուն մնալ, որպեսզի մուսան արթուն լինի: Քանի որ եթե մուսան արթուն է, ես ստիպված եմ արթուն լինել ու կատարել մուսայի կամքը: Իհարկե, չասենք, թե մուսան հին հասկացություն է, որովհետև մշտապես իր էությամբ կա, մեր ներշնչանքն է, Աստծո տված այդ ծանր, գեղեցիկ, հաճելի և անհրաժեշտ բեռի ներկայությունն է:

-Իսկ ձեզ համար ավելի հարազատ եք համարում նկարչությո՞ւնը, թե՞ պոեզիան:

-Ե’վ պոեզիան, և’ նկարչությունը ինձ հարազատ են, որովհետև ես եմ իրենց հարազատ, իսկ հարազատությունը չի կարելի փոխել կամ անտեսել: Երկու մուսաներն էլ ինձ հետ են միշտ, ամբողջ կյանքում ես չեմ ունեցել այնպիսի պահեր, որ միայն մեկի ներկայությունը զգամ: Միասնական են, պատկերավոր ասած, նրանք այն երկու գծերն են, որոնց վրայով սլանում է իմ գնացքը, այսինքն` ես: Կարծում եմ կան գնացքներ նաև միագիծ, բայց ինձ համար այս երկու զուգահեռ գծերն են եղել ու կան, ու ես ընթանում եմ նրանց վրայով մինչև իմ վերջին կայարանը:

-Խոսեցիք մուսաների մասին: Բայց պետք են նաև շարժառիթներ, որ այդ մուսաները գան, և յուրաքանչյուր արվեստագետ ունենում է իր ներշնչանքի աղբյուրները, իսկ ինչպիսի՞ն է կամ ինչպիսի՞ք են դրանք:

-Մուսաները հենց իրենք են շարժառիթներ, բայց երևի թե իրենց ևս ոգեշնչում է պետք: Եթե մուսաները վերացական են, ընդունենք որպես ներշնչանք, այդ ներշնչանքները ևս պետք է ունենան աղբյուրներ: Իհարկե դա մեկը չէ, թերևս չկա արվեստագետ, որ ունենա ներշնչանքի միայն մեկ աղբյուր: Մաքուր, զուլալ ակունքներ են անհրաժեշտ, ու ես, փառք Աստծո, ունեցել եմ, ունեմ և համոզված եմ, որ կունենամ այդպիսի ներշնչանքի աղբյուրներ: Ինձ հանար հիմնականում մեր այս գեղեցիկ հայոց բնությունն  է մի զուլալ ու անսպառ ակունք: Յուրաքանչյուր ակնթարթ բնությունը յուրովի է բացում իրեն, յուրովի է իր գեղեցկությունները մատուցում, կամ գուցե չի մատուցում, արվեստագետն ինքն է դրանք տեսնում, այդ է հենց արվեստագետի տարբերությունը, այսպես ասած, սովորական մարդկանցից:

Երկրորդ ներշնչանքի այդպիսի ակունք ինձ համար եղել ու մնում է կին արարածը, որպես և’ հակառակ սեռի ներկայացուցիչ, որ ինքնին ձգողական ուժ ունի էն գլխից, և’ միևնույն ժամանակ, իսկապես որպես գեղեցկության մարմնավորում:

Ներշնչանքի աղբյուրներ են նաև մեծ արվեստագետների ստեղծագործությունները, նրանց կյանքը, որոնք և’ իրենց խենթություններն ունեն, և’ իրենց գիտակցական ու զգացական հսկայական այն պաշարը: Էլի կարելի է շարունակել, բայց հիմնական ներշնչանքի աղբյուրները, կարծում եմ, այս երեքն են` բնություն, կին, արվեստ:

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

-Իսկ արվեստի բնագավառում ունեցե՞լ եք այնպիսի մի կուռք, որին ինչ-որ ժամանակ ուզեցել եք նմանվել, կամ որը ձեզ համար գերադասելի է բոլորից:

-Կուռք չասեմ, չեմ սիրում այդպես անվանել, պարզապես ասեմ, թե որ արվեստագետին եմ առավել շատ սիրել: Շատ եմ սիրել դպրոցական հասակից Մարտիրոս Սարյանի արվեստը, ոգեշնչվել նրանով: Ֆրանսիական իմպրեսիոնիստներին եմ շատ սիրել ու շատ մեծամեծ արվեստագետների, որ հնարավոր չի նաև թվարկել: Վարդգես Սուրենյանցին էլ կուզենայի նշել, որովհետև մոտ է իմ սրտին նրա արվեստը: Վարդան Մախոխյանին եմ շատ սիրել, ծովանկարիչ Այվազովսկուն: Մեր մանրանկարիչները ևս ինձ համար եղել են մեծ ներշնչանքի աղբյուր:

-Ո՞ր տարիքից եք զգացել, որ հենց արվեստն է ձերը, և ե՞րբ եք սկսել լրջորեն զբաղվել նկարչությամբ:

-Հենց դպրոցական տարիներից, վաղ մանկությունից, կարող եմ ասել, արվեստագետը արթնացել է իմ մեջ: Հիշում եմ երրորդ դասարանից արդեն, այսինքն տասը տարեկան, սկսել եմ ստեղծագործել ինքնուրույն և’ պոեզիայի, և’ նկարչության բնագավառում: Համոզված եմ, որ ամենամեծ դրդապատճառը հենց սերն է, սերը, առանց որի չի լինի:

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

-Երբ ինչ-որ բանաստեղծություն եք գրում, չե՞ք փորձում ձեր հույզերը արտահայտել նաև գույների միջոցով, կամ հակառակը:

-Առանձնապես չեմ զգացել նույն թեման, նույն պատկերը պոեզիայում և նկարչության մեջ: Փորձել եմ այն, ինչ որ պետք է արտահայտել գույներով ու գծերով, արտահայտել այդպես, ինչը որ բառերով, պոեզիայի լեզվով` արտահայտել այդպես:

-Դուք աշխատում եք նաև որպես ուսուցիչ ու ամեն օր շփվում եք երեխաների հետ: Ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը արվեստին, գրականությանը, արդյո՞ք հետաքրքրվածություն կա: 

-Իհարկե, հետաքրքրվածություն կա, և առաջին ապացույցը հենց դու ես, բայց ցավոք, քիչ են հետաքրքրված աշակերտները, քանի որ մեր օրերում տեխնիկական զարգացվածությունը խլել է այդ ժամանակը և ցանկությունը հետաքրքրվելու:

-Ե՞րբ եք ձեր առաջին գիրքը տպագրել, հիմա քանի՞ գիրք ունեք տպագրած:

-Թերթերում շատ տպագրվելուց հետո միայն 1999 թվականին տպագրվեց իմ առաջին ժողովածուն, ինչ-որ տեղ կարելի է ասել, ուշացած, բայց և ոչ շատ ուշացած: Ինչպես որ առաջաբանում գրել էր ճանաչված արձակագիր և բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանը, զարմացել էր, թե ինչպես է, որ մինչ այժմ այս հեղինակը գրքեր չունի: Այնուհետև երկրորդ ժողովածուս տպագրվեց նույն թվականին, հաջորդը` 2001 թվականին, չորրորդ ժողովածուս արդեն մի քիչ ուշ` 2008 թվականին: Դրանից հետո տպագրվեցին երկու ալմանախներ, որոնցում ներկայացված էին իմ բանաստեղծական շարքերը, իսկ հաջորդ ժաղովածուն համոզված եմ, որ այս տարի` 2016 թվականին պետք է լույս տեսնի:

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

-Ի՞նչ եք կարծում, այսօր բանաստեղծը կամ նկարիչը, զբաղվելով միայն ստեղծագործական աշխատանքով, կարո՞ղ է իր ընտանիքին ապահովել:

-Իհարկե, շատ դժվար է այս մեր օրերում բանաստեղծը կարողանա իր ստեղծագործությամբ ընտանիք պահել, նոր գրքեր տպագրել: Իմ դեպքում չեմ կարծում, որ հնարավոր լինի: Ես չունեմ այդ հնարավորությունները, մանավանդ որ ապրում ենք այստեղ` գյուղում, և բավականին դժվարություններ կան մայրաքաղաքի հետ շփվելու, գրական աշխարհի հետ ուղղակի շփումների: Իհարկե, հեռվից հեռու կան այդ ստեղծագործական շփումները, բայց հեռվից բավական դժվար է: Այնուամենայնիվ, դրա փոխարեն ես ահա աշխատում եմ դպրոցում, երբեմն-երբեմն նկարներ եմ վաճառում և իհարկե զբաղվում եմ նաև գյուղատնտեսությամբ:

-Իսկ ցուցահանդեսներ ունեցե՞լ եք:

-Իհարկե, ցուցադրվել են, և’ անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել, սկսած դեռևս ուսանողական հասակից, այն ժամանակ դեռ մանկավարժական համալսարանի երրորդ կուրսի ուսանող էի, երբ իմ անհատական ցուցահանդեսը բացվեց, որին ներկայացված էին իմ բանաստեղծությունները ևս: Հետագայում ունեցել եմ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ մեզ մոտ, Նոյեմբերյանում, Իջևանում, Երևանում, մասնակցել եմ նաև զանազան ցուցահանդեսների: Նաև բազմաթիվ գրքեր եմ նկարազարդել, ձևավորել, որը նույնպես շատ հետաքրքիր բնագավառ է:

Սիրում եմ իմ վրձինները, որոնք երբեմն թվում է ինձնից խռովել են, իրենք գործազուրկ են լինում ժամանակ առ ժամանակ, ու այդ ներքին «գանգատները» ես զգում եմ: Ահա թե ինչու ինձ մեղավոր եմ զգում իմ վրձինների, իմ ներկերի առաջ:

-Բացի դպրոցում աշխատելուց ու ստեղծագործելուց, է՞լ ինչով եք զբաղվում:

-Իհարկե, տարիներ շարունակ ու հիմա էլ լրագրողական գործունեությամբ զբաղվում եմ, ոչ նախկին ակտիվությամբ, բայց սիրել եմ դեռևս դպրոցական տարիներից ու հիմա էլ ներկայացնում եմ հոդվածներ, նաև բանաստեղծություններ, որոնք երբեմն հոդվածային, հրապարակախոսական բանաստեղծություններ  են:

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

-Ո՞ր թերթում եք աշխատել:

-Դեռևս դպրոցական տարիներին կապված էի «Պիոներ կանչ»  թերթի հետ, որտեղ էլ հենց առաջին անգամ և’ նկարչական աշխատանքը, և’ բանաստեղծությունն է տպագրվել: Զանազան թերթերի եմ թղթակցել, բայց հիմնականում մեր շրջանային «Ծիածան» թերթում եմ աշխատել, եղել եմ լրագրող, հետո նաև գրական բաժնի վարիչ: Կատարել եմ նաև թերթի ձևավորումներ ու գրել գուցե հարյուրավոր հոդվածներ:

-Իսկ ձեր երեխաները ունե՞ն այդ ստեղծագործական ձիրքը և լրջորեն զբաղվո՞ւմ են դրանով:

-Չեմ կարծում, որ լուրջ զբաղվեն, ինչպես որ ցույց է տալիս իրենց մինչև այսօր ունեցած վերաբերմունքը, իրենց մոտեցումը: Բայց ընդունակություններ ունեն իմ տղաները, սակայն նրանք կյանքում ընտրեցին այլ ուղղություն, այլ բնագավառ: Ժամանակը ցույց կտա, միգուցե  մի օր էլ մուսաները դրդեն նրանց ստեղծագործել:

Հարցազրույցը վարեց Անահիտ Իսրայելյանը

astghik ghazaryan

Իմ երեք մայրերը

Բարի օր, ինչպե՞ս ես: Արի՛ ինձ հետ, դե՛, ու՞մ ես սպասում, բռնիր ձեռքս ու արի՛. ես ուզում եմ քեզ ծանոթացնել իմ երեք մայրերի հետ: Մի՛ զարմացիր, շուտով ամեն ինչ կհասկանաս: Մի քիչ արագ փոխիր քայլերդ: Ըհը՛, տեղ հասանք, ահա և մեր տունը, մի՛ ամաչիր, նե՛րս արի: Սպասի՛ր, մինչև ներս մտնելը ուզում եմ քեզ մի բան զգուշացնել. մենք այս տանն ապրում ենք տասնհինգ հոգով, ու չվախենաս, երբ ամեն անկյունից մեկը դուրս գա: Ու մի բան էլ. առաջինը կմոտենաս ու կբարևես թախտի վրա նստած տատիկին. կարգն այդպես է: Պատրա՞ստ ես: Ուրեմն գնացինք:

-Սա տատիկս է, մենք նրան Ամայ ենք ասում:

-Բարև, չա՛րդ տանեմ, առաջ արի… Աստղի՛կ ջան, էս էկել եք, որ էն իրեք շների հետ ծանոթացնե՞ս…

-Հա՛, Ամայ ջան…

Մի՛ զարմացիր, Ամայը իր հարսներին կատակով շներ է ասում, մեկ-մեկ էլ՝ հրաշքներ՝ էլի կատակով: Լավ, հիմա արի գնանք խոհանոց: Տեսնո՞ւմ ես այն խոպոպներով կնոջը, որ ալյուրոտ ձեռքերով խմոր է հունցում. նա մեծ մայրս է՝ Անո մաման, իսկ քեզ հասկանալի լեզվով ասած՝ մեծ հորեղբորս կինը: Բայց արի մի բան պայմանավորվենք. թող ես իմ լեզվով խոսեմ, իսկ դու փորձիր հասկանալ. չեմ սիրում ձեր լեզուն: Ի՞նչ էի ասում… Հա, Անո մաման մեծ մայրս է, նա հաց թխելու աշխարհի չեմպիոն է. պատկերացնո՞ւմ ես, նա երկու օրը մեկ այնքան հաց է թխում, որ բավարարում է տասնհինգ հոգու: Նաև, ինչպես ինքն է ասում, «կատաղած» ճաշեր է եփում: Լավ, առաջ շարժվենք: Այն տղան, որ նոր քեզ բարևեց, եղբայրս է, բայց արի այսօր քեզ չծանրաբեռնենք, ես այսօր քեզ միայն մայրերիս հետ կծանոթացնեմ: Ահա, լվացարանի մոտ կանգնածը միջնեկ մայրս է՝ Սաթիկ մաման, փոքր ժամանակ ես նրան Զատիկ մամա էի ասում: Նա էլ աման լվանալու չեմպիոն է. պատկերացրու՝ ամեն օր ինչքան աման է լվանում: Նա նաև մեր տան բուժքույրն է, երբ ինչ-որ գանգատ ենք ունենում, նրան ենք դիմում:

Իսկ որտե՞ղ է մյուս մայրս: Հա՜, երևի բաղնիքում է, արի: Ահա և նա: Ծանոթացիր, սա փոքր մայրս է, ուղղակի մաման: Տան մյուս երեխաները նրան Արմինե քույրիկ են ասում: Փոքր ժամանակ նեղանում էր այդ «քույրիկի» համար, ուզում էի, որ նրան էլ մամա ասեն, բայց նա համեմատաբար ջահել է, դրա համար հիմա «քույրիկի» հետ համակերպվել եմ: Իմիջիայլոց, նա էլ լվացքի աշխարհի չեմպիոն է, մեկ էլ ինձ վրա բարկանալու ռեկորդակիր… Բայց իմ երեք մայրերի ամենաբարձր կոչումը մայր լինելն է:

Իսկ հիմա… Ի՞նչ, արդեն գնու՞մ ես, մի քիչ էլ մնա… Ա՜խ, գործեր ունես… Լավ, հիմա գնա, բայց խոստացիր, որ էլի կգաս, ու երևի այդ ժամանակ բոլորը տանը կլինեն, ես էլ քեզ բոլորի հետ կծանոթացնեմ: Իսկ հիմա կարող ես գնալ:

Է՜յ, սպասի՜ր, մյուս անգամ որ գաս, քեզ Անո մամայի պատրաստած «կատաղած» ճաշերից եմ հյուրասիրելու…

Լա՜վ, բարի ճանապա՜րհ… Սպասելու՜ ենք…

lia avagyan portret

Մարտական տրամադրություն

Ապրիլի 2-ին սովորական օրերի նման պատրաստվեցի, որ դպրոց գնամ: Արդեն դուրս էի գալիս, երբ լսեցի կրակոցներ, ուշադրություն չդարձրի` մտածելով, որ ամեն օրվա նման էլի՝ հակառակորդը հարբած անկանոն կրակ է բացել խաղաղ բնակավայրերի վրա: Եթե հիշում եք, ես ապրում եմ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Դպրոց մտնելուն պես ընկերներս ասացին, որ Արցախը տանկերով ու գրադներով ռմբակոծվում է, անհանգստացա, քանի որ լավ գիտեի տանկի ցասումը: 

Դրանից հետո անընդհատ թարմացվող լուրեր` վիրավոր ու մահացած մարդկանց ու նաև խաղաղ բնակավայրերի արկակոծման մասին: Որպես սահմանում ապրող մարդիկ մեր մոտ լարվածություն (բայց ոչ խուճապ) առաջացավ թե մեր եղբայրների անվտանգության, թե սահմանում կանգնած զինվորի և նաև նրա համար, որ կարող է ամեն վայրկյան նաև մեզ մոտ վերսկսվել ռմբակոծումը:

Դասերը վերջացնելուն պես արագ եկա տուն` ավելի շատ տեղեկություններ իմանալու համար: Կիրակին նույնպես անցավ լարված: Երկուշաբթի օրը, չնայած մայրիկիս հորդորներին, որպեսզի դպրոց չգնամ (վախենում էր, որ մեզ մոտ էլ կարող էր ամեն վայրկյան սկսել կրակոցներ), ես գնացի դպրոց: Ճանապարհին էլի ДШК-ով մի քանի անգամ կրակեցին: Դպրոց հասա այն ժամանակ, երբ արդեն զանգը տվել էր: Մտա դասարան, դասընկերս միանգամից հարցրեց. «Հը՞, Լիա, սաղ ե՞ս»: Համոզվելով, որ լավ եմ, ուսուցիչս հարցրեց, թե էդ ինչ ձայներ են: Պատասխանեցի, որ ДШК-ով գյուղի վրա կրակում են: Ուսուցիչները ամբողջ օրը աշխատում էին մեր բարոյահոգեբանական վիճակը և հայրենասիրական ոգին բարձր պահել: Սա էլ ասեմ, որ իմանաք. մեր ուսուցիչները, ի տարբերություն ոչ սահմանամերձ գոտիների ուսուցիչների, մեզ ոչ միայն գիտելիք են հաղորդում, այլ շատ հաճախ նաև հոգեբանական աշխատանք են տանում: Այդ օրը դպրոց քիչ երեխաներ էին եկել: Չէ, ոչ թե չէին եկել, այլ լսելով կրակոցները, հետ էին դարձել տներով:

Գյուղում մարտական ենք տրամադրված, միշտ պատրաստ` ամեն տեսակ խոչընդոտ հաղթահարելու: Հիմա կապոցներ հենք պատրաստում, որպեսզի սահմանից սահման մի փոքր աջակցություն ուղարկենք մեր հայրենակիցներին ու մեր սահմանը պահող քաջ հերոսներին:

Հ.Գ.Աստված պահապան սահմանները հսկող մեր քաջ զինվորներին: Խոնարհումս Ձեզ՝ ՏՂԵՐՔ…

erik alexsanyan tavush

Այստեղ ուրիշ է ամեն ինչ

Բաղանիսում ուսուցիչների պակասը լուրջ է: Դա պայմանավորված է նրանով, որ գյուղը գտնվում է սահմանամերձ գոտում: Բաղանիսի դպրոցում սովորում է 99 աշակերտ, և դա այնքան էլ շատ չէ, սակայն ուսուցիչների պակասը ավելի շատ է: Դուք երբևիցե լսե՞լ եք, որ ֆիզիկայի ուսուցիչը դասավանդի հանրահաշիվ և  երկրաչափություն, կամ աշխարհագրության ուսուցիչը դասավանդի հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն և աշխատանքի ուսուցում:

Թեև նրանք լավ են դասավանդում, սակայն երբեմն որոշ չափով դժվարանում են: Դասացուցակում առաջանում են խնդիրներ: Օրինակ՝ երկու դասարան հայտնվում են նույն դասարանում նույն ուսուցչի մոտ: Արդյունքում տուժում են աշակերտները: Ուսուցիչներն էլ այս լարվածությունից հոգնում են:

Մի խոսքով, Բաղանիսը ամեն ինչով ուրիշ է:

andranik manesyan portret

Սահմանից Սահմանին

Մենք, ինչպես միշտ, գնացել էինք դպրոց: Մեզ ոչինչ չի կարող խանգարել դպրոց գնալ, նույնիսկ սահմանին հնչող կրակոցները:  Ճիշտ է, այդ օրը բացակաները շատ էին:

Մենք նստած էինք դասի, երբ ներս մտավ տնօրենը և հայտնեց մի  ծրագրի մասին, որով մենք` կոթեցիներս, կարող էինք օգնել Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերին` «Սահմանից Սահմանին»: Մենք սկսեցինք մտածել, թե ինչպես կարող ենք  օգնել նրանց ու որոշեցինք նրանց  համար ուղարկել առաջին բուժօգնության պարագաներ, քաղցրավենիք, չրեղեն և մուրաբաներ, ծխախոտ, տաք հագուստ, գուլպաներ:

Մենք շտապեցինք զանգահարել մեր մյուս ընկերներին, որ  մասնակցեն այս միջոցառմանը: Եվ բոլորս սկսեցինք հավաքել անհրաժեշտ  պարագաներ, որպեսզի ուղարկենք սահման: Ամեն մի երեխա օգնում էր իր կարողության  սահմաներում: Այս ծրագրին մասնակցում էին նաև ուսուցիչները:

Մենք արկղերում դասավորեցինք հավաքվածը: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ստացանք մեր օգնությունն էլ բերել:

Մենք պատրաստ ենք  օգնել  սահմանին կանգնած  մեր  զինվորներին և բնակիչներին: Մենք նույնպես գտնվում ենք  սահմանամերձ  գյուղում ու չենք պատրաստվում լքել մեր գյուղերը: Համոզված ենք, մեր հաստատ որոշումը կարող է ոգեշնչել մեր  զինվորներին և կամավորներին, որպեսզի ամրապնդեն մեր դիրքերը:

Երբ  գրում էի այս նյութը, այդ պահին  լսվեցին ձայներ ու էլի  կրակոցներ, որոնք ուղղված էին դիրքերին:

ԱՍՏՎԱԾ  ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ  ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ,  ՈՎՔԵՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ: