hayarpi baghdasaryan

Rursus ad Alfa
՝ նորից դեպի Ալֆա

Երբ Մեծ պայթյունը եղավ, մենք ծնվեցինք, միացանք՝ իրար լղոզվելով:
Ես քեզ հիշում եմ: Երբ ոչ մի տեղ, ոչնչից սկսեց էներգիա առաջանալ, մենք ոչինչն էինք, հետո՝ էներգիան: Ես քեզ հիշում եմ:

Մենք իրար մոտ նոր-նոր ծնվող գալակտիկաներ էինք, հետո՝ աստվածներ։ Ու արարում էինք տիեզերքներ, ես՝ քեզ, դու՝ ինձ: Ես հիշում եմ:

Օվկիանոսներ էինք, ապարներ, երկինք, մագմա, լեռ: Մենք եղել ենք անգամ մամոնտ: Մի՛ ծիծաղիր, դինոզավր էլ: Մեզ սպանել են, վերածնվել ենք, փյունիկ կամ արծիվ ենք դարձել: Մենք նույն ջրերում ձուկ ենք եղել, ափ ենք ելել, օձ, առնետ, սարդ ենք եղել: Ես հիշում եմ քեզ՝ ինձ հյուսվելիս, ոստայնիդ մեջ:

Գիշատիչ ենք եղել, գայլ, կատու, շիմպանզե, նեանդերթալացի, հոմո սափիենս: Զարգացում: Դու՝ իմ մտքինը, ես՝ քո: Դու՝ իմ էվոլյուցիան, ես՝ քո: Եղել ենք գիտություն, կրոն, աթեիստ ու հավատացյալ: Քրիստոս, Բուդդա, Զրադաշտ, Հուդա, եղել ենք հրեշտակ, մարդ, սատանա: Դրախտ, դժոխք: Մենք հեթանոս ենք եղել մի օր:

Ես քեզ հիշում եմ Աստվածաշունչ գրելիս, հետո՝ պատռելիս, ինձ՝ քեզ համար մագաղաթ եմ հիշում: Պատերազմներ են եղել աշխարհում, մենք՝ հաշտությունը դրանց: Հաճախ՝ պարտությունը: Ազատագրում ենք եղել: Հեղափոխություն: Ասում են՝ ինկվիզիցիա է եղել: Մենք գիլիոտինն ենք եղել: Հենց նույնը: Գալիլեյի համար նախատեսված կրակն էլ: Պիզայի աշտարակը թեքող ուժը: Էյֆելի էսքիզը, Սենայի ձայնը: Հիտլերի գոռոցն ենք եղել: Դա Վինչիի «Մոնա Լիզայի» աջ աչքը՝ ես, ձախը՝ դու, կամ հակառակը, ներիր, որ լավ չեմ հիշում: Ինչ-որ գրքի նույն էջն ենք մենք, ես հիշում եմ քո գրվելը:

Մենք ժամանակն ենք: Սերը, կիրքն ու ատելությունը: Մենք ծերացումն ենք: Ծերանում ենք: Մի օր կմեռնենք: Մահն էլ ենք մենք: Մեր դիակները կկիզվեն նույն արևի տակ, մենք արևի մեջ ենք, մեզ այրող հուրը, թափորը: Նույն մոխրի մեջ ենք: Մեր փոշուց կաղնի կտնկեն: Հողն էլ ենք մենք: Մեզ կկտրեն, կվառեն, մենք ջերմությունն ենք: Մեզ շաղ կտան Խաղաղ օվկիանոսում: Խաղաղ ենք: Մենք Ին-Յանն ենք: Երբեքը: Հավերժն ենք: Միշտն ենք: Մենք «սկզբնավարտասկիզբն» ենք: