TEDxkidsYerevan 2016-ը իմ կյանքում

Օրեր առաջ տեղի ունեցավ TEDxkidsYerevan ամենամյա միջոցառումը: Շատերդ երևի լսել եք TEDx-ի մասին, իսկ ովքեր չեն լսել, կցանկանայի մի փոքրիկ տեղեկություն հաղորդել դրա մասին: TEDx-ը մի հարթակ է, որի միջոցով երիտասարդները կարողանում են կիսվել իրենց հուզող և հետաքրքրող գաղափարներով, պատմել իրենց պատմությունների և ուսումնասիրությունների մասին: Կարծում եմ, որ TEDx-ը հնարավորություն է տալիս ինքնահաստատվելու, մեծ փորձ ձեռք բերելու և դժվարությունները հաղթահարելու:

Իմ հետաքրքրությունը TEDx-ի հանդեպ սկսվեց դեռ երկու տարի առաջ: Որոշեցի մասնակցել: Մեծ ոգևորությամբ պատրաստեցի թեմաս և մասնակցեցի, բայց ցավոք չկարողացա անցնել և հանդես գալ որպես խոսնակ: Ճիշտ է, մի քիչ տխրեցի, բայց չհուսահատվեցի, որոշեցի, որ հաջորդ անգամ անպայման պետք է մասնակցեմ: Մեծ ջանքերի գնով այս անգամ կարողացա հանդես գալ, որպես խոսնակ: Շատ դժվար ընտրություն էր կազմակերպիչների համար, քանի որ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից մասնակցել էին 500 երիտասարդ, որից ընտրվել էին ընդամենը 26-ը: Չեք պատկերացնի, թե ինչ մեծ ձեռքբերում էր ինձ համար լինել այդ 26-ի մեջ: Սկսվեցին նախապատրաստական աշխատանքները: Մենք պետք է հաճախ գնայինք Երևան և պատրաստվեինք միջոցառմանը: Դե, Սյունիքից Երևան հասնելն էլ այդքան հեշտ չէր, բավականին երկար ճանապարհ էինք կտրում Երևան հասնելու համար: Ամեն անգամ տնից դուրս գալիս տատիկս ասում էր. «Բալաս, էտ երգան ճնհապան, էտքան հո՞ւնց ես քինում, բա տյու մե՞խկ չես»:

Դե, ես էլ փորձում էի տատիկիս բացատրել, թե ինչքան կարևոր է ինձ համար TEDx-ը, և ինչ էլ լինի, անպայման գնալու եմ…

Հունիսի 21-ն էր: Եկավ այդքան սպասված ելույթիս օրը: Մի տեսակ անհանգիստ էի, բայց փորձում էի չլարվել: Ահա և առաջին խոսնակը, երկրորդը, երրոդը… Տասներորդը ես եմ… Հնչում է հաղորդավարի ձայնը. «Եվ այսպես, բեմ եմ հրավիրում Սոնա Զաքարյանին»:

Իսկ ի՞նչ էր անում Սոնա Զաքարյանը այդ պահին: Ընկերներս բոլոր կողմերից գոչում են. «Սոն, դուխով», իսկ Սոնան մտքում անընդհատ կրկնում է. «Չլարվես, հանկարծ չլարվես»:

Բարձրանում եմ բեմ, և մի քանի բառ ասելուց հետո լարվածությունս ամբողջովին անցնում է: Նայում եմ մարդկանց դեմքին և մեծ ուրախություն զգում, որ կարողացա նրանց ժպիտ պարգևել: Ելույթս ավարտվեց, այո, ես կարողացա անել դա, կարողացա հաղթահարել իմ բեմական վախը և բոլոր դժվարությունները: Իսկ ուրախությունս էլ կրկնապատկվում էր, երբ անընդհատ մոտենում էին ինձ, շնորհավորում, գովեստի խոսքեր ասում, որ ծնողներս հպարտանում էին ինձնով: Հավատացեք ամենամեծ ուրախությունն այն է, երբ ծնողներդ հպարտանում են քեզնով: Հունիսի 21-ը իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր…                                                                                          TEDx-ը իմ կյանքում մեծ հեղափոխություն մտցրեց, այո’, հեղափոխություն: Ես շատ ուրախ եմ, որ պատիվ ունեցա լինելու TEDx-ի խոսնակներից մեկը: Շատ շուտ ավարտվեց ամեն ինչ, բայց ինչպես ասում են` ամեն մի ավարտ, նոր բանի սկիզբ է…