juli abrahamyan

We play together, we fight together

Լուսանկարը` Ջուլիա Աբրահամյանի

Լուսանկարը` Ջուլիա Աբրահամյանի

Օգոստոսն էր, երեկոյան ժամ։ Facebook-ում էի շրջում, որովհետև ուրիշ անելու բան չունեի, շուտով էլ դասերս էին սկսվելու՝ հաստատ ժամանակ չեմ ունենալու մտնել սոցցանցեր ու փոխարենն ամեն օր լեզուներ եմ ուսումնասիրելու։

Տեսնում եմ՝ ինչ-որ գրառումներ, երաժիշտների մասին նկարներ։ Վիդեո` մի ուկրաինացի երաժիշտի ու ոստիկանների տարաձայնության մասին։ Լավ, անցնենք։ Հիմար բան կլինի՝ ինչպես միշտ։
Հետո տեսնում եմ, որ ընկերներիցս մի քանիսը պատրաստվում են գնալ «Համերաշխություն փողոցային երաժիշտներին» միջոցառմանը։ Հետ եմ բարձրանում ու արդեն ուշադիր եմ նայում վիդեոները և հաջորդ օրն արդեն կիթառն ուսերիս` բարձրանում եմ Հյուսիսային պողոտայով։ Կնվագեմ, թե չէ՝ դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց ինքս ինձ մի որոշ չափով երաժիշտ անվանելով` «սրբազան պարտքս» էի համարում գնալ ու միանալ հենց այդ ֆեյսբուքյան միջոցառմանը։
Տարբեր ոճերի երաժշտություն էին նվագում. ռոք ու բլյուզ, հայկական ու դասական, նույնիսկ ռաբիզ երգեր, բայց ձևափոխված։ Եթե սա դրախտը չէ, ապա ի՞նչ է։
Ինքս ինձ հարցեր տալով` բարձրանում եմ վերև՝ ուրիշ երաժիշտների լսելու նպատակով։
Լավ, սա իմ սիրելի ռոք խմբերից է, նվագում է, այսինքն` աջակցում է։ Լավ է անում։
Մյուս խմբին չեմ ճանաչում, երկու հոգի էին, մեկը նվագում էր կիթառ, իսկ մյուսը երգում էր։
Ահա, մի քանի քայլ էլ անեմ։ Կիթառ ու քանոն։ Կիթառ ու քանո՞ն։ Տղան լարում էր կիթառը, իսկ աղջիկը ինչ-որ բան էր փորձում քանոնի վրա։ «Հավանաբար կսկսեն մի քանի վայրկյանից»,- մտածեցի ու կանգնեցի, որ լսեմ։ Քանոնի հետ երբեք չեմ նվագել, երևի հետաքրքիր կլինի։
Մեկ էլ աչքս ընկավ իրենց կողքին դրված պաստառին։ “We play together, we fight together”: նման խոսքերով պաստառների համար խելքս իմը չի։ Անմիջապես հանեցի հեռախոսս ու առանց կենտրոնանալու, ճիշտ լույս ու դիրք ընտրելու` չրխկացրի, կարելի է ասել` անմահացրի, այն հույսով, որ պաստառի գրվածը անպայման պետք է երևա։
Կանգնեցի ու լսեցի հրաշք դուետը, երգի ելևէջները։ Փաստորեն քանոնն ու կիթառը լավ համադրություն են ստեղծում։
Բայց ժամին նայեցի ու հասկացա, որ մայրիկս հենց հիմա զանգելու է… Զանգեց։
Արագ քայլելով բարձրացա կանգառ՝ մտքումս “we play together, we fight together’’: Քանի-քանի երգեր գրեցի մեկ վայրկյանում։ Արդեն մտածում էի, որ հասնելուն պես նկարը կհրապարակեմ ֆեյսբուքումս ու կհպարտանամ, որ նման պահ եմ «բռնացրել»։
Արդեն երթուղայինի մեջ որոշեցի նայել իմ արվեստի գործը, ու տեսնում եմ, որ պաստառը չի երևում։ Էհ, Ջուլի, հազար եմ ասել՝ նկարելուց առաջ նայիր, թե ինչ ես անում։
Դե, իհարկե, հրապարակեցի ֆեյսբուքում, վերևում ավելացրի տողերը։ Ի վերջո՝ կարևորն այն էր, որ “we played together, we fought together”, իսկ փողոցային երաժիշտներին մինչև օրս էլ լսում եմ, երբեմն նկարներ անում և նրանց գտնելու դեպքում՝ անպայման ուղարկում եմ։ Ուրախանում են։