arxiv

Դպրոցական առօրյայից

Ա՜խ, այդ երկրաչափության խնդիրը

 

-Երեխաներ, լուծեք լրացուցիչ խնդիրը, մի քիչ բարդ է, բայց փորձեք,- ասաց մեր երկրաչափության ուսուցչուհին` գրատախտակին գրելով խնդիրը:

«Ես սա պիտի գրեմ»,- ասացի ինքս ինձ:

Զանգը հնչեց:

-Երեխեք, եկեք երկար դասամիջոցին գնանք բուֆետ: Լուսո, դե լավ էլի, դու էլ, քո խնդիրն էլ:

-Դե, կգամ, դուք գնացեք:

Ես մտածում, մտածում, մտածում էի, բայց ոչ մի արդյունք: Մեկ Էրիկն էր իր ջրիկությամբ խանգարում, մեկ ընկեր Բաղդասարյանն էր գիրք-տետր ուզում:

-Լավ, կգնամ, տանը կմտածեմ,- ասացի ինքս ինձ ու միացա ընկերներիս:

Դասերն ավարտվեցին, ընկերներիս հետ գնում էի տուն:

-Երեխեք, մենակ իմանաք էսօր ինչ է եղել, ուրեմն…,- պատմում էր ընկերուհիս:

Իսկ ես այդ ժամանակ մտածում էի` ինչպես ապացուցեմ, որ հարթությանը զուգահեռ ուղիղի մի կետով մեկ այլ ուղիղ անցնելիս հատում է այդ հարթությունը…

-Լուս, դու ներկա՞ էիր:

Եվ ոչ մի պատասխան:

-Լուսո,- նորից կանչեց ընկերուհիս,- դե, լավ, էլի, գրազ եմ գալիս, որ էն խնդիրն ես լուծում:

-Ի՞նչ, ի՞նձ էիր ասում,- հարցրի ես:

-Ասում եմ` ի՞նչ ես մտածում:

-Դե, էն խնդիրը:

-Տենց էլ գիտեի:

Տանն էլ շարունակում էի մտածել: Վերջը լուծեցի: Երբ պատասխանն ստացա, ուրախությունից այնպես էի թռչկոտում, որ բազմոցին քնած հայրս արթնացավ: Բայց ամենաահավորն այն էր, որ ես այդքան տանջվել էի խնդիրը լուծելու համար, իսկ դասարանցիներս ուղղակի արտագրեցին` առանց տանջվելու: Բայց դա էլ վերջը չէր: Երբ ուսուցիչը հաջորդ դասին հանձնարարություններն ստուգեց, ոչ էլ անդրադարձավ այդ խնդրին:

Լուսինե Սարիբեկյան, 14 տարեկան

 

Հիասթափություն

Երբ սեպտեմբերի 1-ին գնացինք դպրոց, ինչպես միշտ, մեծ էր հետաքրքրությունը` նորեկ եկե՞լ է, մեծացե՞լ են երեխաները, ի՞նչ է եղել ամառային արձակուրդներին…

-Բարև, ո՞նց ես,- ասում էինք իրար, գրկախառնվում:

Հետո մեր տնօրենը կարդաց իր ավանդական ճառը, որն այս տարի երկարել, դարձել էր մեկ ժամ. մեր տարիքի հետ երկարում են նաև նրա ճառերը: Բարձրացանք մեր դասարան: Ամեն ինչ լավ էր, մեկ էլ.

-Դե, բոլորիդ բարև: Երևի արդեն լսել եք նոր օրենքի մասին:

Այսպես դիմավորեց դասարանին մեր դասղեկը:

-Հա, լսել ենք,- միաբերան ասացինք մենք:

-Դե, ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:

-Ճիշտ է, մեզ համար շատ դժվար կլինի համակերպվելը, որովհետև առաջին դասարանից հին ձևով ենք սովորել, բայց ոչինչ, ինչ է, բալեր են, կսովորենք: Նորմալ է, հա, նորմալ,- ասաց ընկերուհիս:

Մենք էլ կողքից նույնը կրկնեցինք: Սակայն դասղեկս դեմքի մտահոգ արտահայտությամբ ասաց.

-Ես հասկացա, որ դուք չեք լսել: Չէի ուզենա փչացնել այս օրը, բայց… Շատ հնարավոր է, որ հաջորդ սեպտեմբերի 1-ն անցկացնեք ուրիշ դպրոցում…

-Ինչո՞ւ, դպրոցը վերանորոգո՞ւմ են,- լսվեց դասարանից:

-Մի խանգարիր… Բոլորիդ պետք է տեղափոխեն ավագ դպրոց:

-Այս ի՞նչ է նշանակում:

-Նշանակում է, որ ձեզ կցրեն Էրեբունի համայնքի դպրոցներում, և ձեր դասղեկը ես չեմ լինի: Շատ հնարավոր է, որ դասարանցիներով իրար հետ վերջին տարին եք անցկացնում…

Նա դեռ խոսում էր, բայց ես այլևս ոչինչ չէի լսում: Արցունքները գնում էին աչքերիցս. «Մի՞թե սա վերջին տարին է»:

Այս օրը ոչ ոք էլ ուրախ չէր: Բոլորս մտախոհ նայում էինք իրար ու պատկերացնում, թե առանց իրար ոնց ենք մնալու, ուրիշ երեխաների հետ ոնց ենք մերվելու, և մեր դասարան ովքեր են գալու: Բայց ինչո՞ւ…

Քրիստինե Սարգսյան, 14 տարեկան

 

Համարյա

-Երեխեք, ֆիզիկան սովորե՞լ եք:

-Չէ, մարդ կա՞, որ սովորել է:

-Վայ, շատ դժվար դաս էր, ինչքան կարդացի, գլուխս բան չմտավ:

-Շուշ, թե դասը, թե անցած բոլոր բանաձևերը գրատախտակին գրել ա տալու:

-Բա ի՞նչ անենք:

-Մի լավ գաղափար ունեմ: Եկեք գրազ գամ ընկեր Կարախանյանի հետ,- ասաց Խաչիկը:

-Գրա՞զ, դո՞ւ, ընկեր Կարախանյանի հե՞տ,- հարցրի ես,- ինչի՞ վրա:

-Որ ես բոլոր բանաձևերն ինքնուրույն, առանց տետրի, առանց հուշելու գրեմ, ինքն ինձ «տասը» դնի:

-Խաչ, նախ դու ոչ մի բանաձև էլ չգիտես, երկրորդն էլ` ինքը ոչ մեկիս «ինը» չի դնում, ուր մնաց քեզ «տասը» դնի:

-Արփ, դրանում էլ դու ինձ կօգնես:

-Խաչ, ո՞նց…

-Հեսա ես կմիացնեմ հեռախոսիս ձայնագրիչը, ու ինչքան բանաձև այս տարի անցել ենք, դու դանդաղ կասես, հետո ես ականջակալներս կդնեմ, գլխարկս կքաշեմ գլխիս ու… «տասը» կստանամ:

-Վայ, Խաչ, վայ, հեռախոսդ բեր: Շուտ:

Զանգը հնչեց, և մենք գնացինք ֆիզիկայի կաբինետ:

Ընկեր Կարախանյանն սկսեց մատյանը լրացնել, Խաչիկը կանգնեց ու ասաց.

-Ընկեր Կարախանյան, եկեք գրազ գանք: Ես` Խաչատրյան Խաչիկս, կգամ գրատախտակի մոտ, կգրեմ բոլոր բանաձևերը` իրենց բացատրությամբ: Ոչ տետր կվերցնեմ, ոչ դասարանն ինձ կհուշի, ու դուք ինձ «տասը» կնշանակեք: Համաձա՞յն եք:

-Համաձայն եմ:

Խաչիկը գնաց գրատախտակի մոտ: Գրեց, գրեց, գրեց ու երբ արդեն հասել էր վերջին բանաձևին, ձեռքը ձգեց վերև… Եվ ի՞նչ: Ականջակալի ծայրը դուրս եկավ հեռախոսի միջից, ու քար լռության մեջ լսվեց իմ ձայնը.

-X-ը հավասար է… Վեկտորները չմոռանաս, Խաչ:

Ընկեր Կարախանյանը մեկ նայեց ինձ, հետո` Խաչիկին ու ամբողջ դասարանին, ապա մոտեցավ մատյանին ու ասաց.

-Առաքելյան Լիլիթ` «մեկ», Գասպարյան Անդրանիկ` «մեկ»…

Ու այսպես մինչև մատյանի վերջին աշակերտը: Հետո քայլերն ուղղեց դեպի դուռը` ավելացնելով.

-Կվերցնեք հաջորդ դասը` պարագրաֆ 19:

Արփեն Չիչակյան, 15 տարեկան

 

«Մանանա», 2008թ.