Ընկնողն ասում է.
-Բարձրացրու՛ ինձ։
Ես մեղավոր չէի, որ ծաղրի առարկա էի դարձել։ Մեկ ծաղրում էր այն պատճառով, որ գեր եմ մյուսներից, մեկ ծաղրում էր ոչ գեղեցիկ համադրած հագուստիս համար, մեկ ուղղակի իր հետ լինելուս համար։
Ես մեղավոր չէի, որ իր համար բավականաչափ գեղեցիկ չէի, ու մեղավոր չէի, որ իր թիրախը հենց ես էի դարձել։ Ինքը փորձում էր թերարժևորել գոյությունս, կարևորությունս։
Իր աչքերում ես թերություն էի, ճիշտ որ, ոչ թե ունեի որոշ թերություններ, այլ ես քայլող թերություն էի։ Ցավ պատճառող խոսքերի պատճառով էր, որ գիշերներն անքուն էի անցկացնում՝ պարզելու համար, թե ինչով եմ պակաս մյուս աղջիկներից։ Գիտեմ, որ ոչ ոք ոչ մեկից բարձր կամ ցածր չի, ոչնչով ավել կամ պակաս չի, բայց այդ օրերին, չնայած ինչու՞ միայն այդ օրերին, հիմա նույնպես, երբ մի բան հաջող ընթացք չի ունենում, իր ցինիկ դեմքը, ցինիկ ծիծաղը, ցինիկ հայացքն եմ տեսնում ու մեղադրում ինձ՝ կարծելով, թե իրավացի էր, որ ես ոչնչի հասնել չեմ կարող։
Համարե՞լ ինձ թույլ միայն նրա համար, որ իր քայլերն ինձ ճնշել են, միանշանակ սխալ կլինի։ Համարե՞լ, որ իր արարքները եղել են այն պատճառով, որ ես անձամբ թույլ եմ տվել, կրկին սխալ կլինի։ Առհասարակ գաղափար չունեմ, թե ինչպիսինն եմ եղել իր համար. մեկն, ում վրա կարելի էր անվերջ ծիծաղե՞լ։
Որոշ հարցեր դեռ պտտվում են գլխումս։ Ինչո՞վ էր խանգարում իմ գոյությունը քո գոյությանը, մի՞թե իրարից անկախ՝ զուգահեռ ուղիղների պես շարժվել չէինք կարող։ Մի՞թե վերքեր մնացել են միայն իմ սրտում…
Ես մեղավոր չէի, երբ առաջին անգամ ձեռք բարձրացրեց վրաս, խնդիրը՝ ոչ պատշաճ հագուստս էր, հիշում եմ մարմնիս դողը, վախը, դողն ու վախը միասին։ Ես մեղավոր չէի, որ իմ խոսքերն իր համար տեղին չէին, ու նրան ստիպում էին ձայնը բարձրացնել ու թունոտ աչքերով խեղճացնել ինձ։
Ու՞մ է պետք, որ գոռում եմ, թե ուժեղ եմ, թույլ եմ փաստացի։ Թույլ ու փոքր։ Խոսել այս ամենի մասին, ու միևնույն ժամանակ լռել։ Տեսնել վատը, բայց այդպես էլ չընդունել։
Ինքը մնաց իմ մեջ, վատ երազի պես, երազի…