Եվրոպայի օրը Երևանում

Մայիսի 27-ին Երևանը տոնում էր Եվրոպայի օրը: Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Հյուսիսայն պողոտայում անցկացվում էր տեղեկատվական ցուցահանդես, որին մասնակցում էին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ավելի քան 50 ծրագիր:

Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրերի կողքին իր տեղն էր գտել նաև մեր՝ «Մանանա» կենտրոնի տաղավարը, քանի որ մենք էլ իրագործում ենք «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակը՝ Հայաստանում երիտասարդական քաղաքացիական լրագրության զարգացումն է, և լրագրության, լուսանկարչության, կինոնկարահանման գործնական դասընթացներ, սեմինարներ և մեդիա ճամբարներ են կազմակերպվել բոլոր մարզերի 14-ից 24 տարեկան պատանիների ու երիտասարդների համար:

Ու քանի որ մենք պատանի թղթակիցներ ենք, ուրեմն հանդես եկանք իբրև թղթակիցներ. փորձեցինք այդ օրը շրջել տաղավարներում, հարցազրույցներ անել, լուսանկարել և տեսանկարահանել Եվրոպայի օրը: Բոլոր ծրագրերին չենք անդրադառնա, քանի որ մեր գործընկերները Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Կապանում և Եղեգնաձորում արդեն գրել են շատ ծրագրերի մասին:

***

«Դասարան» կրթական ծրագիր

Դասարան կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյան:

-Դասարան կրթական ծրագիրը դա դպրոցների էլեկտրոնային կառավարման համակարգ է, որը կրճատում է Երևան և հանրապետության տասը մարզեր հեռավորությունը աշակերտների միջև և բոլորին տալիս հավասար կրթվելու հնարավորություն:
Dasaran.am-ի հիմնական ծրագրերից է նաև կոտրել սովետական կարծրատիպը գիտելիք ձեռք բերելու վերաբերյալ: Մենք իրականացնում ենք կրթության խաղայնացում, այսինքն, խաղերի միջոցով կրթելու տարբերակ, այդ իսկ պատճառով հենց հիմա այստեղ իրականացնում ենք խաղ, որով ցանկանում ենք հասարակությանը ցույց տալ, որ խաղերի միջոցով կրթություն ստանալը ավելի հետաքրքիր է:

Իսկ մեր գլխավոր ծրագրերից մեկը՝ էլեկտրոնային մատյանը, թույլ է տալիս ծնողներին ամենօրյա ռեժիմով տեսնել իրենց երեխայի դպրոցական առաջադիմությունը:

***

Erasmus+

IMG_3887-62Հայաստանում « Erasmus+» ծրագրի ազգային գրասենյակ, ծրագրի պատասխանատու Անի Թորոսյան:

-«Erasmus+» ծրագիրը եվրամիության նոր ծրագիր է: Կրթության վերապատրաստման, սպորտի և երիտասարդության հարցերով է զբաղվում: Մեր գրասենյակի մանդատը ներառում է միայն ծրագրի բարձրագույն կրթության ուղղությունը: Երեք գործողությունների շրջանակներում մի շարք հնարավորություններ է ընձեռում՝ կրթաթոշակների տրամադրում անհատներին և ուսանողներին փոխանակվելու հնարավորություն երեքից տասներկու ամսով և անհատներին, ովքեր արդեն իսկ ունեն բակալավրի դիպլոմ, կրթաթոշակի տրամադրում, որպեսզի ստանան մագիստրոսական կրթություն: erazmusplusՀամագործակցությունը ծրագրային երկրների և գործընկեր երկրների միջև է: Հայաստանը հանդիսանում է գործընկեր երկիր: Կա երեսուներեք ծրագրային երկիր: Դրանք եվրամիության անդամ քսանութ երկրներն են, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան, Մակեդոնիան և Թուրքիան:
Հայ ուսանողն ունի հնարավորություն սովորելու վերոնշյալ երեսուներեք երկրների բուհերում, եթե իր համալսարանն ունի փոխանակման ծրագիր, եթե ոչ, ապա կարող է մասնակցել մագիստրոսական կրթություն ստանալու ծրագրերին:
Մեր դերը իրազեկելն է հայ երիտասարդներին, իրազեկել նրանց այս հնարավորության մասին, իսկ եթե ուսանողը ընտրվում է, մենք կատարում ենք մոնիթորինգ:IMG_3890-65

***

Հայաստանում Ֆրանսիական Համալսարան (UFAR)

IMG_3930-105Հայաստանում Ֆրանսիկան համալսարանի ռեկտոր պրն. Ժան-Մարկ Լավեստ:

IMG_3933-108-Արդեն տասնհինգ տարի է, ինչ հիմնադրվել է Ֆրանսիական համալսարանը: Համալսարանը այժմ ունի չորս ֆակուլտետ՝ կառավարում, մարկետինգ, ֆինանսներ և իրավաբանություն, իսկ եկող տարի ֆակուլտետներին է ավելանում նաև ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Այսօր ներկայացնում ենք այն, ինչ կարևոր է համալսարանի պարագայում: Այսինքն՝ ինչ դիպլոմավորում են ստանում և հետագայում ինչ աշխատանք կունենան մեր շրջանավարտները: Կարևոր չէ միայն դիպլոմ ունենալը, հարկավոր է իմանալ, թե հետագայում որտեղ կարող ես աշխատել: Այսօր ներկայացնում ենք, թե մեր շրջանավարտները այսօր ի՞նչ աշխատանք են իրականացնում և որտե՞ղ են աշխատում, ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում, ինչքա՞ն աշխատավարձ են ստանում:
Ֆրանսիական Համալսարանը սիրով սպասում է իր բոլոր դիմորդներին:

***

«Ուրբան» հիմնադրամ

-Ես Արմինե Թուխիկյանն եմ, ներկայացնում եմ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը։

-Ի՞նչ ծրագրերով է հանդես գալիս «Ուրբան» հիմնադրամը։

-Եվրոպայի օրը մենք ներկայացնում ենք մեր մի քանի ծրագրերը, որոնք բոլորն էլ առնչվում են կենցաղային աղբի տարանջատմանը, վերամշակմանն ու վերաօգտագործմանը։ Մենք 3 ծրագիր ենք ներկայացրել, որոնք իրականացվում և իրականացվելու են հանրապետության տարբեր մասերում, մեկը՝ Իջևանում, մեկը՝ Գորիսում, մյուսը՝ Կապանում։ Մենք ձգտում ենք այնպես անել, որ թափոններն իրարից տարանջատվեն և վերաօգտագործվեն։

Ծրագրերից մեկը վերաբերվում է շինարարական ոլորտին․պլաստիկ թափոններն օգտագործում ենք ցեմենտի փոխարեն։ Այսինքն, մենք արտադրելու ենք սալիկներ, որոնք նախատեսված են հանրային տարածքների բարեկարգման համար։ Սկզբնական շրջանում մենք համագործակցելու ենք մի շարք քաղաքների հետ, այսինքն՝ այն քաղաքները, որոնք մեզ պլաստիկ թափոն կտրամադրեն, մենք նրանց անվճար կտրամադրենք այսպիսի սալիկներ, որոնք կարելի է ներկել և տարբեր ձևեր տալ, սա ուղղակի նմուշ է։

-Իսկ ինչպե՞ս համայնքապետարանները կարող են ստանալ այսպիսի սալիկներ։

-Առաջին հերթին այդ համայնքի բնակչության հետ պետք է շատ մանրակրկիտ աշխատանք տարվի, որպեսզի գիտակցեն, որ աղբը պետք է տարանջատել․պլաստիկը պետք չի խառնել կենցաղային աղբի հետ։ Նույնիսկ ավելի վատ դեպքեր էլ են լինում, որ մարդիկ այրում են պլաստիկը վառարաններում, կամ այրում են, որպեսզի հաց թխեն և այլն, որն ընդհանրապես չի կարելի, որովհետև դա շատ-շատ մեծ թույն է արտադրում։ Կարճ ասած, մարդկանց որոշակի բնապահպանական գիտելիքներ է պետք հաղորդել։ Դրանից հետո պիտի մեխանիզմներ ստեղծվեն, որպեսզի տարանջատվի աղբը։ Օրինակ, ես Երևանում եմ ապրում, գիտակցում եմ, բայց ես պլաստիկը թափում եմ ընդհանուր աղբի հետ, որովհետև չկա հնարավորություն տարանջատելու։

Հանդիպում ենք համայնքապետարանի աշխատակիցներին, զրուցում, եթե թիմը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել, մենք պատրաստ ենք համագործակցել։

-Իսկ այսպիսի սալիկներ արդեն արտադրվո՞ւմ են։

-Այս սալիկները դեռ նմուշի կարգավիճակում են, բայց շուտով սպասվում է մասսայական արտադրություն։ Արտադրվելու են Կապանում, այժմ այնտեղ արտադրամաս է հիմնվում։

-Իսկ ի՞նչ արժե այսպիսի սալիկը։

-Բավականին էժան արժե՝ շուկայական գնից մոտավորապես 40%-ով էժան, որովհետև սրա 25%-ը աղբ է, այն աղբը, որը մենք թափում ենք։ Բայց սկզբնական շրջանում մենք պատրաստ ենք այսպիսի սալիկներ տրամադրել բոլոր այն համայնքներին, որոնք մեզ կմատակարարեն պլաստիկ աղբ, բայց հետո հնարավոր է նաև վաճառք լինի, որպեսզի բնապահպանական այս միտքը տարածվի։

-Սկզբնական շրջանում ո՞ր համայնքների հետ եք աշխատելու։

-Մենք արդեն իսկ աշխատում ենք Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի շուրջ 16 համայնքների հետ, պլանավորում ենք աշխատել ևս 10 համայնքի հետ։

***

Եվրոպական երիտասարդական պառլամենտ

-Ես Արմինե Այվազյանն եմ: Ներկայացնում եմ Եվրոպական երիտասարդական պառլամենտը, մասնավորապես Understanding Europe արագ դասնընթացները: Եվրոպական երիտասարդական պառլամենտը կրթական ծրագիր է, որը գործում է 40-ից ավելի երկրներում ու հիմնականում հնարավորություն է՝ երեխաների և երիտասարդների համար արտահայտելու իրենց մտքերը, քննարկումներ կազմակերպել տարբեր թեմաներով: Մեր կողմից տարեկան մոտավորապես 600 իրադարձություն է կազմակերպվում: Այս պահին մենք ներկայացնում ենք Understanding Europe արագ դասընթացները, որոնք նախնական պատրաստական ծրագիր են հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք հետագայում մասնակցեն տարատեսակ քննարկումների ու ֆորումների:

-Երբվանի՞ց է ձեր ծրագիրը գործում Հայաստանում:

-Ծրագիրը Հայաստանում գործում է 2012 թվականից:

-Ի՞նչ գործեր եք հասցրել անել այս ընթացքում:

-Իրականում այդ շղթան բավականին երկար է: Առանձին չեմ կարող ներկայացնել, բայց թերևս ամենակարևորներից մեկը միջազգային ֆորումն է՝ IEFA-ն , որը տարին մեկ անգամ անցկացվում է Հայաստանում: Աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներ են գալիս, որը նախ նպաստում է Հայաստանը դարձնել ճանաչելի և երիտասարդներին օգնում է ինքնահաստատվել:
-Իսկ ի՞նչ է կատարվում Ֆորումի ժամանակ, ինչե՞ր եք քննարկում:
-Ֆորումը իրենից ներկայացնում է պառլամենտի իմիտացիա: Յուրաքանչյուր անձ, որը իրեն հարազատ է գտնում որոշակի ոլորտ, դա կլինի՝ տուրիզմ, մարդու իրավունքներ, միջազգային հարաբերություններ և այսպես շարունակ, կարող է հանդես գալ որպես դելեգատ և քննարկում ծավալել ինչ-որ մի խնդրի մասին, որը տվյալ պահին «թեժ» է: Բնականաբար այնտեղ կա կարծիքների բախում ,քննարկումներ, և երիտասարդները բավականին շատ գիտելիքներ են ստանում այդ ամենից:

***

«Քաղաքացի դիտորդ»

-Ես Արման Ղարիբյանն եմ՝ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության հանրային կապեր թիմի անդամ:

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

-Մենք իրականացնում ենք դիտորդական առաքելություն՝ բոլոր ընտրությունների ժամանակ: Այս տարի խորհրդարանական ընտրություններին 3200-ից ավելի դիտորդներ իրականացրել են դիտորդական առաքելություն 1600 ընտրատեղամասերում, որը կազմում է Հայաստանի ընտրողների 90%-ը: Ունեցել ենք նաև Սփյուռքից դիտորդներ, ինչպիսիք են՝ Սերժ Թանկյանը, Արփինե Խանջյանը և այլք:

Երևանի ավագանու ընտրություններին նույնպես իրականացրել ենք դիտորդական առաքելություն: Նշեմ, որ մեր իրավաբանների թիմը նաև բողոքներ է ներկայացնում դատարանին: Օրինակ 2015թ. Ընտրությունները դիտարկելուց հետո 56 անձ դատապարտվեց ընտրախախտումների պատճառով, որը Հայաստանի համար մեծ թիվ էր կազմում: Այս տարվա ընտրություններից հետո նույնպես բողոքներ ներկայացնելու ենք:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Ասեմ, որ մեր պլանները միշտ նույնն են՝ դիտարկել ընտրությունները: Աշնանը կլինեն ՏԻՄ ընտրություններ, որի ժամանակ նույնպես կիրականացնենք մեր առաքելությունը:

Բացի տեղեկատվական հանդիպումներից մինչ ուշ երեկո Հյուսիսային պողոտայում տիրում էր ուրախ մթնոլորտ, հանդես էին գալիս տարբեր երաժշտական խմբեր, անց էին կացվում վիկտորինաներ, խաղեր, մրցույթներ, փոքրիկները նկարում էին:

***

«Ճանաչել, պաշտպանել, իրագործել»

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

-Ես այս ծրագրի կոորդինատրն եմ ՝ Նունե Գրիգորյանը: ԵՄ-ի ֆինանսավորման ծրագիր է, իրականացնում են Լիբանանի և Հայաստանի «Կարիտաս» կազմակերպությունները համատեղ: Ծրագրի թիրախ խումբը համարվում են սիրիահայերը: Սա սոցիալական աջակցության ծրագիր չէ, այլ ավելի շատ իրավական և շահերի պաշտպանության ծրագիր է: Սիրիահայերի համար մենք ունենք տարբեր տեսակի մասնագիտական դասընթացներ: Օրինակ, վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում և այլն: Ունենք նաև բիզնես դասընթացներ: Եթե սիրիահայերը ուզում են ստեղծել բիզնես, նախ պետք է մասնակցեն մեր թրեյնինգներին, այնուհետև բիզնես պլան կմշակվի, և այն կֆինանսավորվի: Իսկ Լիբանանում ավելի շատ իրավական հարցերով ենք զբաղվում, քանի որ Լիբանանում կա այդ խնդիրը:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

-Իսկ ի՞նչ հետագա պլաններ ունեք:
-
Ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Լիբանանում, Բեյրութում՝ մայիսի 4-ին: Ծրագրի բացումը Հայաստանում տեղի կունենա հունիսի 30-ին: Սա երեք տարվա ծրագիր է, սկսվել է 2017 հունվարի 1-ին, ավարտվելու է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին : Եվ քանի որ ծրագրի պաշտոնական բացումը ըստ էության Հայստանում դեռ չի եղել, մենք սկսել ենք մեր քայլերը թրեյնինգներ անելով, բայց իրավական և շահերի պաշտպանության հետ կապված աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ապա կարելի է ասել, հիմա հետագա պլանների մասին ենք խոսում:

***

«Աջակցություն Եվրամիության մասին դասավանդմանը Հայաստանի դպրոցներում և բուհերում»

-Իմ անունն է՝ Արտաշես Թորոսյան: Ես Երևանի 198 ավագ դպրոցի տնօրենն եմ: Ծրագիրը, որը մենք ներկայացնում ենք, նախաձեռնված է Կրթության և գիտության նախարության և ԵՄ-ի կողմից: Նպատակն է՝ ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել Եվրոպական միության պատմությանը, կառուցվածքին, ավանդույթներին, արժեքային համակարգին և բոլոր այն հնարավորություններին, որոնք աշակերտները կունենան, եթե այցելեն Եվրոպա. սովորել այնտեղ կամ աշխատել, օգտվել ԵՄ-ի տված հնարավորություններից: Դասընթացը տևում է մեկ տարի, մասնակցում են 11-12-րդ դասարանների աշակերտները: Դասընթացը, իհարկե, շարունակվում է նաև բուհ-ում. այն ունի նաև բուհական բաղադրիչ: Աշակերտները մասնակցում են տարբեր միջոցառումների, ստեղծում են տարբեր ներկայացումներ, հիմնականում ներկայացվում է ուսումնական նախագծում և, հետևաբար, աշխատանքներն էլ որոշակի արդյունք են ունենում՝ որևէ պաստառի տեսքով և էլեկտրոնային տարբերակով: Ծրագրի արդյունքում այս տարվա վերջում, ԵՄ-ի դեսպանատների հետ համատեղ որոշում կայացվեց, որ ծրագրին մասնակցող դպրոցներից յուրաքանչյուրը կկցվի որևէ երկրի դեսպանատանը, և այդ դեսպանատունը կօժանդակի դպրոցին՝ կապեր հաստատել իր երկրի դպրոցների հետ, կիրականացնեն աշակերտների և մանկավարժների փոխանակում, ճանաչողական, մասնագիտական կողմնորոշման և զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր:

***

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում»

-Habitat for Humanity Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանն եմ: Հիմնադրամն այսօր ներկայանում է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրով: Ծրագիրը 4 տարվա է, նախատեսված է երկու քաղաքների 45 բազմաբնակարան շենքերում կատարել էներգաարդյունավետության միջոցառումներ, ինչպես նաև 2 հասարակական շենքերում, Վայքում՝ մանկապարտեզ, Սպիտակում՝ Մշակույթի տունը։

-Իսկ ծրագրի շրջանակներում ի՞նչ քայլեր եք իրականացնում։

- 4 շենքում կատարվելու է լրիվ ջերմամեկուսացում՝ արտաքին պատերի, դռների լուսամուտների փոխում, տանիքի վերանորոգում, իսկ 41 շենքում՝ մասնակի։ Մենք նաև պլանավորում ենք արևային ֆոտովոլտային համակարգեր տեղադրել մի շարք շենքերում: Ֆինանսավորման 80%-ը կատարում է ԵՄ-ն, իսկ 20%-ը՝ համայնքապետարանը։

***

Իսկապես եվրոպական օր Հյուսիսային պողոտայում:

Հարցազրույցները վարեցին՝
Արման Արշակ-Շահբազյանը, Սարգիս Մելքոնյանը, Վահե Ստեփանյանը, Հովիկ Վանյանը, Կարինե Նահապետյանը
Վիդեոն՝ Նարեկ Բաբայանի