Ինչպես ասել են մեր մեծերը՝ չկա չարիք, առանց բարիք, բայց այս օրը այն գործում է հակառակ ուղղությամբ՝ չկա բարիք, առանց չարիք: Եվ ես իմ ասածը կապացուցեմ` օրինակ բերելով հենց իմ ընտանիքի վրա:
Հենց գալիս է թոշակ ստանալու օրը, մեր տանը սկսում է արդեն ավանդական դարձած բանավեճը, որը մերոնք անվանում են ուղղակի բարձրաձայն խոսակցություն:
Բանավեճը վարում են տան մեծերը: Քանի որ պապիկս աշխատում է Երևանում, նա չի մասնակցում, այսպես ասված, ուղղակի բարձր խոսակցությանը: Դրան մասնակցում են տատիկս և մայրիկիս հորաքույրը: Հորաքույրը, որպես կանոն, գյուղում առաջինն է իմանում թոշակի օրվա մասին: Տատիկս և գյուղի բնակիչները այս մասին իմանում են հորաքրոջիցս` հեռախոսազանգերի միջոցով:
Տատիկս ու մայրիկիս հորաքույրը ցերեկը ժամանակ չեն ունենում իրար հետ կռվելու, հենց այդ պատճառով կռիվը սկսվում է երեկոյան: Նստում են սեղանի շուրջ և սկսում են զրուցել:
Խոսակցությունը սկսում են միաժամանակ, բայց, ցավոք, չեմ հիշում, թե ինչից է սկսվում: Հետո անցնում են, իրենց ասած, բարձր խոսակցությունը, որն սկսում է տատիկս:
-Տենաս` դու ի՞նչ ես անում էդքան փող: Ո՞ւմն ես տալում:
-Ու՜ֆ, ընենց ես ասում, իբր չգիդես` ումն եմ տալում: Լուսն եմ փագում, ջուրն եմ փագում, գազն եմ փագում ու 42000-ը պրծնում ա: Խանութների պարքն էլ հլը չեմ տվե:
-Ու՜ֆ, ամեն ամիս էս նույն խոսակցությունն ա,- սրտնեղում է տատս:
Հորաքույրս ձեռքը խփում է սեղանին և տոնը բարձրացնում.
-Բա ի՞նչ ես ուզում ասեմ: Էդ եմ անում` էդ եմ ասում:
-Ու՜ֆ, լավ է՜…
Ու տատիկս փորձելով փախչել խոսակցությունից, վեր է կենում տեղից և ուզում է հեռանալ: Բայց հորաքույրս բարձր ձայնով և գլուխը շարժելով ասում է:
-Էտ տենում ես` ինձի չես կարա հաղթես, փախնում ես:
Տատիկս փորձելով իրավիճակից դուրս գալ, ասում է:
-Չէ, ուղղակի գործերս մնացին: Ոնց որ ժամանակ ուտող ապարատ հլնես: Հավեսդ չունեմ:
Ու այս խոսակցությունը շարունակվում է այնքան, մինչև ընտանիքից ինչ-որ մեկը ընդհատում է նրանց: Ընդհատումը կատարում է հարսիկս` տատիկիս խոհանոց կանչելով:
Դե, թոշակի օրը տատս ու մայրիկիս հորաքույրը պարզապես ուզում են պարտքերը փակել, բայց դրանք ավելի շատ են,, քան խղճուկ 42 000-ը: Առաջին հայացքից թվում է, թե կռվում են փողի և պարտքերի համար։ Կարծես ամբողջ մի ամիս սպասում են թոշակի օրվան, որ հիշեն ամբողջ կյանքի նեղսրտությունները: Մի ամիս լուռ, իսկ թոշակի օրը` մի ամսվա պարզաբանումներ ու բանակցություններ: