Martin Asatryan

Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը Հայաստանում

Վերջերս շատ են շրջանառվում լուրեր, որտեղ ասվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական և առևտրային հարաբերությունների ստեղծման վերաբերյալ: Նախևառաջ հասկանանք, թե ինչ վտանգներ է այդ ամենը պարունակում: Առաջին հայացքից դա կարող է դրական անդրադառնալ Հայաստանի անվտանգության և առևտրի վրա, բայց դա միայն առաջին հայացքից:

Առաջին փուլում թուրք-ադրբեջանական տանդեմը կփորձի սեփական մշակույթով ողողել ամբողջ Հայաստանը, իսկ քանի որ Հայաստանի մշակույթի նախկին նախարարությունը, և ներկայիս ԿԳՄՍ նախարարությունը, ջանքեր չի գործադրում ոչ միայն սեփական երկրի մշակույթի ամրապնդման հարցում, նաև մշակույթը այլ երկրներում տարածելու մարտավարության ուղղությամբ (ինչով ակտիվորեն զբաղվում են թուրք-ադրբեջանական ծառայությունները), հետևաբար այդ ամենը նրանց մոտ հեշտորեն կստացվի:

Երկրորդ փուլում թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունները վերջնականապես կողողեն Հայաստանն իրենց լրտեսական ցանցով: Այս փուլում հայկական կարևորագույն կառույցները կանգնած կլինեն շատ վտանգավոր խնդրի առջև: Այս դեպքում կլինի ինֆորմացիայի ավելի անարգել և անհամեմատ շատ արտահոսք:

Երրորդ փուլում Հայաստանի շատ տարածքներ կթուրքաբնակեցվեն: Այդ բնակեցումից հետո ուժային կառույցներում էլ ավելի կմեծանա լրտեսների առկայության հավանականությունը: Այս ամենը ակնհայտորեն կնպաստի արտագաղթին և այլ հայաթափման ծրագրերին:

Մի՞թե այս ամենը չեն գիտակցում հայկական իշխանությունները:

Թշնամու բանակին չհարստացնելու համար կառավարությունը կատարեց հետևյալ որոշումը, ըստ որի՝ հոկտեմբերի 20-ին կառավարությունը որոշում ընդունեց 6 ամսով արգելել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման (պատրաստի) ապրանքների ներմուծումը։ Արգելքն ուժի մեջ մտավ 2020-ի դեկտեմբերի 31-ից: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ չարգելվեց Թուրքիայից այլ երկրների արտադրության ապրանքների ներմուծումը, չէ՞ որ այդ կերպ էլ ենք հարստացնում թշնամու բանակը (խոսքը գնում է միայն ու միայն առևտրի նպատակով գնված ապրանքներին):

Այսպիսով, պետք է չմոռանանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի մեզ ոչնչացնել, իսկ Ռ. Թ. Էրդողանի հայտարարությունը սահմանների բացման հնարավոր տարբերակի վերաբերյալ, չի կարող դրական ենթատեքստ ունենալ:

Ինչ պետք է անենք այսօր.

1. Հզորացնել հակահետախուզական կառույցները, որոնք էֆեկտիվ կերպով և հնարավորինս կփորձեն ազատել լրտեսներից,

2. ԿԳՄՍ նախարարությունը բաժանել ըստ ճյուղերի, քանի որ մեկ մարդու ղեկավարության տակ չի կարող գտնվել պետականության համար կարևոր դեր ունեցող երեք նախարարություն,

3. Չտրվել թուրք-ադրբեջանական խաբուսիկ հայտարարություններին,

4. Ստեղծել հատուկ ծառայությունների համար նախատեսված կրթական հաստատություն, քանի որ նման կառույցների աշխատակազմը համալրել արտասահմանում կրթություն ստացած մասնագետներով իրենից կարող է լուրջ վտանգ ներկայացնել։