Martin Asatryan

Ինչ ասել է անվտանգության դաշինք

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, բազմիցս համեմատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության կամ այլ կերպ ասած, ՆԱՏՕ-ի հետ։ Իհարկե, տարբերությունները շատ են թե՛ ֆինանսական առումով, թե՛ գործելաոճի և թե՛ սպառազինության, բայց այսօր առանձնացրել եմ շատ կարևոր մի փաստ, որն արտացոլում է ՀԱՊԿ-ի՝ «թղթի վրա կառույց» լինելու ողջ ճշմարտությունը։

Եկեք մի պահ ուշադրություն դարձնենք ՆԱՏՕ-ի ներսում տիրող կանոններին: Ամենակարևորներից մեկը, որը կցանկանայի ընդգծել, դա այն է, որ եթե ՆԱՏՕ անդամ 30 պետություններից որևէ մեկը պատերազմում է մեկ այլ պետության դեմ, ապա այդ երկրներից ոչ մեկն իրավունք չունի զենքի առք և վաճառք իրականացնել իրենց դաշնակից պետության թշնամի հանդիսացող պետության հետ։ Սա բավականին կարևոր հարց է, որն ընդգծում է ռազմաքաղաքական կառույցի լրջությունը և ներքին համախմբվածությունը։

Իսկ ի՞նչ է կատարվում ՀԱՊԿ-ում։

ՀԱՊԿ-ում, լինելով 6 պետություն, չկան նմանատիպ արգելքներ, որոնք կստիպեն կառույցի անդամներին` գործել ավելի համախմբված, իսկ արգելքի չլինելը խոսում է կառույցի ներքին համախմբվածության բացակայության մասին։ Որպես օրինակ, Ռուսաստանը զենք է վաճառել և վաճառում Ադրբեջանին՝ հաշվի չառնելով իր դաշնակցի՝ Հայաստանի, լարված հարաբերություններն այդ պետության հետ։ Անդամներից Ղազախստանը նույնպես նախկինում զենքի առևտրով է զբաղվել Ադրբեջանի հետ, իսկ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին՝ գրեթե ամեն շաբաթ։ Այս ամենը խոսում է կառույցում տիրող անկայուն վիճակի մասին, իսկ եթե չկա համախմբվածություն, ապա այդ կառույցի էֆեկտիվությունն ավտոմատ կերպով զրոյանում է։

Այս փոքր թվացող հարցը իրականում արտացոլում է կառույցի ներսում տիրող իրավիճակը։ Այս ամենից հետո ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ՀԱՊԿ-ն աշխատում է  մեկ կամ մի քանի պետությունների համար։