Saro Adamyan

Նախշուն աղջիկը

Կար-չկար, մի տխուր գյուղ կար: Կար այդ գյուղում մի կին: Օրերից մի օր էլ այդ կինը մի աղջիկ ունեցավ: Անցավ քառասուն օր, և մայրը կանչեց գյուղի քահանային, որ օրհնի դստերը: Տերտերը աղոթք կարդաց, օրհնեց մանկանը, իսկ վերջում ավելացրեց.

-Ձեր աղջիկը շատ գեղեցիկ է: Եթե ես ձեր փոխարեն լինեի, անունը Նախշուն կդնեի:

-Դե, եթե ասում եք, անունը Նախշուն կդնեմ: Երևի Աստծո կամքն էլ հենց դա է, – պատասխանեց մայրը:

Տերտերն օրհնեց օջախն ու քայլեց դեպի դուռը, բայց հանկարծ ինչ-որ կարևոր գյուտ արածի նման կանգնեց, խորհրդավոր նայեց կնոջն ու ասաց.

-Լսե՛ք, ձեր աղջիկը այս գյուղը նախշունացնելու է:

Անցան տարիներ, աղջիկը մեծացավ ու դարձավ իսկական նախշուն:

Մի օր մայրը կանչեց աղջկան և ասաց.

-Նախշո՛ւնս, դու արդեն մեծ աղջիկ ես. մի կարևոր բան կա, որ պետք է իմանաս: Երբ դու ընդամենը քառասուն օրական էիր, մեր գյուղի տերտերը քեզ օրհնեց, բայց նաև ասաց, որ քո անունը պետք է Նախշուն դնեմ, և որ դու ես այս գյուղը նախշունացնելու:

Աղջիկը այսպես պատասխանեց.

-Մա՛յր, իսկ ինչո՞ւ շուտ չասացիր. գիտե՞ս՝ ոնց եմ հոգնել այս գորշ ու տխուր գյուղից:

-Գիտե՞ս ինչու, – ասաց մայրը,- ես պարզապես վախենում էի, վախենում էի, որ կգնաս ու ինձ մենակ կթողնես:

-Իմ անո՜ւշ մայրիկ, մի՛ վախեցիր և մի՛ տխրիր, ես վաղը պետք է ճամփա ընկնեմ. ճանապարհն ինձ ցույց կտա լուծումը:

-Դե լավ, Նախշո՛ւնս, եթե այդպես ես որոշել, ես էլ գնամ, մի բան պատրաստեմ, որ հետդ վերցնես. երկա՜ր ճանապարհ ունես գնալու, հանկարծ քաղցած չմնաս:

Առավոտը, երբ աքաղաղը կանչեց, Նախշունը վեր կացավ, վերցրեց մոր պատրաստած պարկը, վերջին համբույրը տվեց ու վերցրեց մորից և ճամփա ընկավ: Անցավ գյուղերով, դաշտերով, անտառներով: Շատ գնաց, թե քիչ, մեկ էլ հանկարծ անտառի լռության մեջ զգաց, որ մեկը տանջվում է մտքերի բեռից:

-Է՜յ,- կանչեց աղջիկը,- ո՞վ կա այդտեղ:

Ծառերի հետևից դուրս եկավ մի տղա:

-Բարև,- ասաց Նախշունը, – ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այս մութ անտառում:

Տղան պատասխանեց.

-Ես թագավորի տղան եմ, անունս Արա է: Կյանքի գույներն եմ կորցրել, գույներ եմ որոնում: Իսկ դու ի՞նչ ես կորցրել այս անտառներում,- հարցրեց տղան:

-Իմ գյուղի գույներն եմ կորցրել, ուզում եմ գտնել:

-Արի՛ միասին փնտրենք,- առաջարկեց տղան:

Նրանք շատ քայլեցին, երկար էր ճանապարհը, բայց երկուսով կարճ էր թվում: Երբ հոգնում էին, դադար էին առնում, նստում, Նախշունը բացում էր մոր տված պարկը, որ սովը լռեցնեն:

Շատ անցավ, թե քիչ, մեկ էլ հանկարծ լեռան գագաթին տեսան երկու սպիտակ բան, որ լույս էր արձակում: Մեծ դժվարությամբ Արան և Նախշունը բարձրացան լեռան կատարը, և ի՞նչ տեսնեն՝ երկու հրեշտակ: Հրեշտակներից մեկն ասաց.

-Ի՞նչ եք անում այս մութ անտառներում. չէ՞ որ վտանգավոր է:

Նախշունը պատասխանեց.

- Մեր գյուղին գույներ ենք փնտրում, որպեսզի այն նախշունացնենք:

-Այո՛,- վրա բերեց Արան, – ճիշտ այդպես:

-Այսինքն՝ Աստված նրանց է ընտրել,- ասաց ավագ հրեշտակը կրտսերին:

-Ո՛չ,- ասաց Նախշունը,- տեր հայրն է ընտրել:

-Տեր հոր շուրթերով հենց Աստված է խոսել,- բացատրեց հրեշտակը:- Հիմա ասեմ, թե ինչ պետք է անեք: Այնքան պիտի քայլեք, մինչև հասնեք մի քարքարոտ տեղ: Այդ քարերի մեջ աճած կգտնեք մեն մի ծաղիկ: Դա հրեշի սիրելի ծաղիկն է: Հենց պոկեք ծաղիկը, կհայտնվի հրեշը: Իսկական վտանգը կգա այդ ժամանակ: Դուք պետք է սպանեք հրեշին: Համոզված ենք, որ դուք կարող եք դա անել, որովհետև ձեզ Աստված է ընտրել:

Շատ են գնում, թե քիչ, հասնում են քարքարոտ մի դաշտ: Նախշունը տեսնում է այդ սև քարերի մեջ մի նախշուն ծաղիկ, որի թերթիկների վրա կային աշխարհի բոլոր գույները: Երբ աղջիկը զմայլված քաղում է ծաղիկը, դուրս է գալիս հրեշը: Արայի ուժը ինչ-որ հրաշքով յոթ անգամ ավելանում է, և նա մի հարվածով սպանում է հրեշին: Այդ պահին մի լույս է վառվում: Նախշունի գյուղը նույն վայրկյանին գույներ է հագնում, իսկ Արան հասկանում է, որ գտել է իր կյանքի նախշերը՝ Նախշունին: Նրանք ամուսնանում են, ունենում են յոթ զավակ՝ յոթ գույն, ապրում են երկար ու երջանիկ:

 

Տավուշի մարզ, գյուղ Գետհովիտ 

9 տարեկան