Հարգելի՛ պարոն վարչապետ,
Գուցե խախտում եմ ընդունված քաղաքավարության նորմերը՝ չդիմելով Ձեզ ազգանունով, բայց վերջին օրերի իրադարձություններն ինձ մի բան են հստակ հասկացրել. երբեք չգիտես, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին՝ հատկապես Հայաստանի քաղաքական կյանքում ու հատկապես այն դեպքում, երբ որևէ վստահ կանխատեսում ես արել: Ու, առհասարակ, այս պահին դա հաստատ ամենաառաջնայինը չէ:
Ով էլ ուզում է բազմի վարչապետի այդ բաղձալի աթոռին՝ Դուք, թե մեկ ուրիշը, լինեք կոստյումավոր, թե զինվորական շապիկով, սափրված թե անփութորեն երկարած մորուքով, լավ խնամված մազերով թե հասարակ գլխարկով, խնդրում եմ, երազում եմ, հույս ունեմ, որ կհիշեք նաև էն երեխաների մասին, ովքեր մաշված գուլպաներով և ուրիշների օգտագործած-դեն նետած զգեստներով մի ամբողջ մանկություն են ապրել կամ ապրում:
Ապրեք Դուք չտեսնված դղյակում թե բազմաբնակարան շենքի վերջին հարկի բնակարաններից մեկում, կմտածեք նաև այն մարդկանց մասին, ովքեր երազում են մի կտոր ապահով տանիքի մասին, մինչդեռ արդեն 30 տարի է՝ ապրում են վագոն-տնակներում:
Ու եթե մի ձմեռային օր հոգնեք այդ պատասխանատու պաշտոնին տքնաջան աշխատելուց ու մի ճամփորդության մեկնեք աշխարհի լավագույն հանգստյան գոտիներ (ասենք՝ Մալդիվներ կամ Հավանա)՝ ջրի ափին վայելելու արևի կենսատու շողերի ջերմությունը, չեք մոռանա նրանց, ովքեր հազիվ են փայտ հայթայթում իրենց հին վառարանները գործի գցելու համար, որ իրենց լույսի կտոր երեխաները ցրտից չկապտեն:
Ու եթե մի օր Ձեր լավ ընկերներից, հին ու բարի ծանոթներից մեկը խնդրի իրեն այս կամ այն պաշտոնին տեղավորել՝ առանց իրապես համապատասխանելու դրան, Դուք քաջություն կունենաք մերժելու նրան, որովհետև կհիշեք ինձ նման պատանիներին, որ համալսարան ընդունվելու առաջին իսկ պահից ներքին համոզմունք ունեն, որ ինչ էլ լինի, ինչքան էլ լավ սովորեն, մեկ է, այս երկրում առաջ չեն գնալու, որովհետև այստեղ դրա համար ոչ այնքան գիտելիք է պետք, ինչքան «լավ» ծանոթ: Ու գիտե՞ք՝ դրա համար էլ ուսանելիս շատ հաճախ օտար լեզուն են ավելի լավ սերտում, քան մասնագիտականը. դե՜, մարդ ես, որ այստեղ աշխատանք չգտնեն, հո՞ սոված չեն մնալու, կմեկնեն երկրից: Իսկ քանի՜ քանիսը կան, որ արդեն մեկնել են օտար ափեր իրենց մի կտոր հացը վաստակելու, մեկնել են՝ չուզենալով, օդանավակայանում արտասվելով իրենց հարազատներին գրկելիս, մեկնել են, որովհետև այլ տարբերակ ուղղակի չունեին, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնան, եթե հույսի գեթ մեկ հատիկ շող արթնանա իրենց մեջ, որ երկիրը երկիր է, ու որ ամեն բան լավ է լինելու:
Գիտեմ, որ երևի չեք կարդա այս նամակը, իսկ կարդալու դեպքում էլ գուցե արդարանաք (ի դեպ, հիմքն ունեք), որ նշված խնդիրները Ձեր կառավարման օրոք չեն ծագել, ու Դուք մեղք չունեք դրանցում, բայց գիտե՞ք՝ մեր ժողովուրդն արդեն հոգնել է արդարացումներից, նրան շատ են դրանցով զզվեցրել: Չնայած՝ ի՞նչ եմ ասում, հավանաբար գիտեք, որովհետև ժողովրդի թեկնածուն եք: Համենայնդեպս, ես էդպես եմ ամենուր լսել ու տեսել: Եվ ուրեմն, հուսամ, որ գոնե այս անգամ նույն ժողովուրդը չի հուսախաբվի՝ ի հեճուկս մեր երկրի քաղաքական փորձում առկա ցավոտ օրինաչափության՝ վատերին փոխարինելու ավելի վատերով, որովհետև կառավարչի այդ ամենակարող աթոռը մի տարօրինակ հմտություն ունի՝ բոլորին փչացնելու…
Հարգանքով և հուսալով, որ ամեն ինչ եղածից ավելի վատ չի լինի, ու որ անարխիան չի գա փոխարինելու ժողովրդավարությանը՝
Էլլա Մնացականյան
ՀՀ հասարակ քաղաքացի