Manana davtyan

Չէ՞ որ մայրիկը սպասում էր

Եթե մայրիկը «հրամայում է» շուտ հասնել իր աշխատանքի վայր, ապա չշտապելը անհնար է: Շատ արագ քայլերով, համարյա վազքով սլանում էի մայրիկիս մոտ: Սակայն մի ակնթարթ աչքերս տեսան այն, ինչը ստիպեց ոտքերիս դանդաղ շարժվել։ Իմ առջև բացվեց հետևյալ տեսարանը. մի մարդ, մոտ 50-60 տարեկան, օրորվելով անցավ փողոցը և շատ ծանր ընկավ մայթեզրին: Դանդաղ քայլում էի, և ուղեղումս խառնաշփոթ էր: Մի «ես»-ս պահանջում էր գնալ և օգնել այդ մարդուն, իսկ մյուսը, չգիտես՝ ինչու, հիշել էր ամաչկոտությանս մասին:

Ահա՛, այդ մարդուն երկու կին են մոտենում: Կօգնեն նրան, և՛ ես կհանգստանամ, և՛ խիղճս: Թեթևացած խոր շունչ քաշեցի: «Փրկիչ» կանայք եկան ու անտարբեր անցան այդ մարդու կողքով: Միայն ականջիս հասան նրանց փսփսոցները.

-Էս էլի խմած ա, տե՛ղն ա իրան, սենց էլ պիտի լիներ, էլի:

-Արի, արի: Գործ չունես հետը, գնացինք:

Ապշած կանգնեցի:

Շրջակայքում կային բազում հասուն կանայք ու տղամարդիկ, աղջիկներ ու երիտասարդներ, պատանիներ ու դեռահասներ, բայց նրանցից և ոչ ոք, տեսնելով այդ ընկած մարդուն, անգամ փոքր-ինչ խղճահարություն չէր զգում։

Ուղեղումս կրկին խառնաշփոթ էր, բայց մի պահ դադարեցի մտածել: Վազքով նետվեցի դեպի փողոցի մյուս հատվածը՝ դեպի ընկած մարդը: Բռնեցի ձեռքը, փորձեցի օգնել, բայց չէր ստացվում, քանի որ նա չէր կարողանում հավասարակշռությունը պահել, դե իսկ ես էլ այդքան ուժեղ չէի:

Ամոթալի է, բայց փաստ, որ շուրջբոլորը հաղթանդամ տղամարդիկ են, իսկ ընկած մարդուն փորձում է ոտքի կանգնեցնել 14 տարեկան մի աղջիկ։

Բայց, այո՛, նրանք վերջապես ամաչեցին իրենց կեցվածքից: Տեսնելով իմ վարմունքը՝ երկու տղամարդ մոտեցան մեզ, և ինձ շնորհակալություն հայտնելով՝ ընկածին նստեցրին մեքենայի մեջ։

Մեքենան շարժվեց։ Վերջապես ուշքի եկա, բայց այդ պահը միշտ կհիշեմ։ Իսկ հիմա ժամանակն էր հեռանալու, չէ՞ որ մայրիկը սպասում էր։