Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Բացի կոճակը սեղմելու կարողությունից (451 աստիճան ըստ Ֆարենհայթի)

Վերջերս կարդում էի «451 աստիճան ըստ ֆարենհայթի» գիրքը և ընթացքում զուգահեռներ անցկացնում այն` հեռավոր 1949 թվականին նկարագրված և մեր` ժամանակակից, զարգացող, արագ, «հուսալի», «անվտանգ» ու «հանդուրժողական» աշխարհների միջև: Եվ եթե կարդացած լինեք այն, երևի կհամաձայնեք, որ դրանք շատ քիչ են տարբերվում:

Եվ հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կյանքն առանց նորագույն տեխնոլոգիաների պատկերացնելը կարելի է ասել անհնար է, և այս միտքը հաստատում է Սիլիկոնյան հովտի հսկայի` Apple-ի գովազդային հոլովակը, երբ աշխատակիցը անզգուշաբար անջատում է Apple-ի սերվերները և կարճ ժամանակում մենք ականատես ենք լինում պոստապոկալիպսիստական աշխարհի առաջացմանը: Առաջխաղացումը գիտության ոլորտում պարտադիր կանոն է, սակայն դրա հետ մեկտեղ մենք դանդաղ կորցնում ենք մարդկային դեմքը: Ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնում համացանցում, ժամերով նայում «ծիծաղաշարժ» տեսանյութեր, ուղարկում ծիծաղող գիֆ անիմացիա, բայց իրականում մեր դեմքի սառը արտահայտությունը չի էլ փոխվել:

Այլ խնդիր է ինֆորմացիայի` հատկապես անձնականի, արտահոսքը: ՏՏ ոլորտի հսկաները գրեթե ամեն ինչ գիտեն մեր մասին` որտեղ ենք հաճախ լինում, ում հետ ենք առավել հաճախ շփվում, ինչ նախասիրություններ ունենք, երբ ենք քնում, երբ զարթնում: Չեմ զարմանա, եթե մոտ ապագայում մարդու հետ շփվելիս անընդհատ հարցեր տալու անհրաժեշտություն չի լինի, պարզապես կուսումնասիրենք նրա էջը և վերջ (իրականում ես արդեն որոշ դեպքերում օտագործում եմ այս «հրաշալի տակտիկան»):

Մի օրինակ ևս. ընկերս Սիրիի օգնությամբ որոնել էր իրավաբանական ծառայությունները, և մեկ օր անց նրա ֆեյսբուքյան էջում ակտիվորեն սկսեցին վերը նշված ծառայության գովազդներ հայտնվել: Զուգադիպությո՞ւն: Փորձեցինք հեռախոսի օգտագործման կանոները այս անգամ մանրակրկիտ ուսումնասիրել, և պարզվեց որ ամեն ինչ նորմալ է. նա համաձայնություն էր տվել նաև նրան, որ Սիրին օգտագործելիս հեռախոսը կարող է հրահանգները ձայնագրել և ուղարկել Apple-ի բազա:

Իսկ զավեշտալին այն է, որ, երբ մենք նոր սարքից կամ ծրագրից ենք օգտվում, մեզ միանգամից խնդրում են ծանոթանալ օգտագործման կանոններին: Սակայն մենք ժամանակ չունենք, քլիք, և վերջ` մենք ծանոթ ենք, առանց կարդալու համաձայն ենք…

Հաջորդ քսանմեկերորդդարյան խնդիրը մտածելն է: Այո, մի’ զարմացեք, մտածելը: Մարդիկ հասարակ խնդիրների պատասխանները փնտրում են համացանցում` առանց մեկ վայրկյան իսկ լուրջ մտածելու: Մի դեպք եմ հիշում, երբ չորս տարեկան երեխան կոտրել էր թևը, նրա մայրը երեք ժամ համացանցում փնտրել էր, թե ինչ պետք է անել կոտրվածքի ժամանակ, իսկ այդ ընթացքում երեխան տառապել է ցավից…

Հրաշալի հայտնագործություն էր վիրտուալ իրականությունը (VR): Այն մարդկանց հնարավորություն է տալիս տեսնել անհասանելին, ստեղծել սեփական աշխարհը, անել այն, ինչ իրականում պարզապես ի վիճակի չես: Վիրտուալ իրականությունը ամեն օր կատարելագործվում է և ավելի ու ավելի շատ մարդկանց «հրավիրում» իր աշխարհ: Հիմա վիրտուալի և իրականի բաժանարար սահմանները, կարելի է ասել, որ տարբերակված են: Սակայն մոտ ապագայում…

Նորարարությունները հեշտացնում են մեր կյանքը, ավելի հարմարավետ ու հաճելի դարձնում այն, սակայն այս առիթով Կառլ Մարքսը հրաշալի է ասել. «Ավելի շատ օգտակար իրերի արտադրությունը հանգեցնում է ավելի շատ անպիտան մարդկանց առաջացմանը»…