astghik hunanyan

Սա Չապլինի նամակը չի

Աստղը՝ պարոն Փաշինյանին, Աստղը՝ պարոն Փաշինյանին, լսվո՞ւմ է:

Հուսամ նամակս Ձեզ կհասնի և ավելի հուսամ՝ այն անտեսված թղթի (կամ էլ հղման) կտոր չի մնա: Ձեզ է գրում եղեգնաձորցի մի աղջիկ, ով, ինչպես և Դուք, մի քիչ շատ ընդդիմադիր է (լավ, մի քիչ շատ-շատ), ազատ է իր ասածի ու արածի մեջ ու ամեն իրեն հուզող հարց սիրում է բարձրաձայնել: Բայց ինքներդ էլ գիտեք՝ ռեժիմը ազատ խոսողներին ինչ անակնկալներ է մատուցում, ու Ձեզ գրող աղջիկը «խոսել սովորելուց» ու գիտակից դառնալուց հետո երազել է օր առաջ լքել Հայաստանը, գնալ ու ապրել մի վայրում, որտեղ օրենքները միայն ձևի համար գրված չեն լինի, որովհետև համոզված է եղել, որ իր նմանների տեղը կարծրատիպերի երկիր Հայաստանը չէ: Համոզված ԷՐ, որովհետև հիմա չի մտածում, որ Հայաստանը վերջնական կործանված երկիր է: Ցանկություններով ու խնդրանքներով Ձմեռ պապին են, չէ՞, գրում, բայց Հայաստանում Դուք բոլոր սերունդների պապն եք դարձել (չնայած, երիտասարդ հայրիկ եք):

Քանի որ Ձեզ հաջողվել է Ռուսաստանին ստիպել, որ գոռա «Хотим как в Армении», երբ դրանից միայն մի քանի օր առաջ մտածում էր, որ Հայաստանում մարդիկ մենակ ասֆալտ փռել գիտեն, ուրեմն, ամեն ինչ էլ կհաջողվի: Հուսամ Ձեր հարցում չեմ սխալվում, Դուք էլ հո՞ գիտեք, թե էդ 7% հանգած հրաբուխը ինչերի է պատրաստ: Լա՜վ, անցնեմ բուն թեմային:

Ամենաառաջին բանը, որ ես ուզում եմ, դա ճահճացած կրթական համակարգի արմատախիլ անելն է: Դրանից են գալիս մյուս բոլոր խնդիրները, լուրջ եմ ասում: Բայց մի րոպե, որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասեմ՝ խոսքը իմ դպրոցի մասին չի, խոսքը ողջ կրթական համակարգի մասին է: Եվ ուրեմն՝

Ես էնպիսի կրթական համակարգ եմ ուզում, որ ուսուցիչը աշակերտին ստիպի իր իրավունքների ու ապագայի համար պայքարել, ոչ թե իր կամքից անկախ փակի դպրոցում (ինչպես վերջերս արեցին հազարավոր դպրոցներում):

Ես էնպիսի կրթական համակարգ եմ ուզում, որտեղ ոչ թե երեխաների մտածելակերպը կսահմանափակեն, այլ կզարգացնեն ստեղծագործ միտքը, որտեղ 5-6-րդ դասարանցին ուսուցչին չհարցնի՝ մի տո՞ղ բաց թողնի, թե՞ երկու, այսինքն, ունակ լինի սեփական, թեկուզ և հասարակ որոշումներ կայացնելու, որտեղ ջնջումները ու լուսանցքից դուրս գալը սխալ չհամարվեն:

Կրթական համակարգ, որտեղ կմոտիվացնեն, ոչ թե կկոտրեն, որտեղ ամեն երեխայի առանձնահատուկ մոտեցում կցուցաբերվի, ոչ թե ձկանը հիմար կհամարեն իր թռչել չկարողանալու, իսկ թռչունին իր լողալ չկարողանալու համար:

Ու ընդհանրապես, Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում սովորել հումանիտար հոսքում, երբ բոլոր դասագրքերը «ճչում են» հումանիտար լինելուդ մասին: Ասենք՝ ահավոր բարդ տերմիններով բացատրվում է դասը (էն էլ թռուցիկ), իսկ դու բան չես հասկանում ու ավտոմատ սկսում ես վատ սովորել էդ գրողի տարած առարկաները: Ներեցեք, իհարկե, բայց գրքերի հեղինակները ոնց որ ամբողջ ուժով ուզենան ցույց տալ, որ դու հումանիտար ես ու հեչ էլ բան չես հասկանում քո հոսքին չպատկանող առարկաներից: Բնագիտական առարկաներից եմ խոսում, մինչդեռ մեր հոսքի դասագրքերն էլ են անտանելի վատը: Ես հիմա հիմնվում եմ իմ նախորդ տարիների, օրինակ, գրականության, գիտելիքների վրա, որովհետև անցյալ տարիներին մեզ մատուցվում էր և՛ ավելի շատ, և՛ ավելի մատչելի նյութ, քան հիմա: Կարծես՝ եթե հումանիտար ենք, ուրեմն պիտի լիքը բարդ ու ապուշ բառեր իմանանք:

Հետո, ես էնպիսի կրթական համակարգ եմ ուզում, որ աշակետին մատուցվի էնպիսի նյութ, ինչպիսին հետո միասնական քննություններին է պահանջվում, կամ հակառակը, թե չէ՝ մեղք են մեր ծնողները, միլիոններ են ծախսում, մի քանի պարապմունքների ենք գնում, որ նորմալ քննություն տանք: Եվ ինչի՞ համար է դպրոցը…

Ինչ վերաբերվում է քննություն տալուն, գիտեի՞ք, որ շատ դպրոցներում 9-րդ դասարանի քննություններին երեխաներից շատ խոշոր գումարներ են պահանջում կարմիր դիպլոմներ տալու համար, ու եթե չտաս, ինչքան էլ լավ հանձնած լինես քննություններդ, մի առարկան ցածր են գնահատում ու «գցում» քեզ կարմիր վկայկանից: Փառք Աստծո, իմ դպրոցում նման ահավոր բաներ չկան, բայց մարզերից ու Երևանից ընկերներիցս շատերը դրա զոհն են դարձել, բա՜:

Ես ուզում եմ, որ դպրոցում Նալբանդյաններ դաստիարակեն, ոչ թե ուղղակի ստիպեն իր գրած բանաստեղծությունները ժամերով անգիր անել, ես չեմ ուզում պաթոսախեղդ լինել վերջիվերջո:

Ես ուզում եմ ապրել սովորեցնի, կյանքի դժվարություններին նախապատրաստի դպրոցը, ոչ թե՝ փողոցը: Ես էնպիսի կրթական համակարգ եմ ուզում, որ ուսուցիչը աշակերտին չասի՝ ուղիղ նստի, թե՝ թեք, սև ու սպիտակ հագնի, թե կանաչ ու մանուշակագույն, պատռված շալվար, թե՝ ինչ, մազերը փռի, թե կապի, վերջիվերջո, դպրոցը մեր տունը չէ՞ր…

Մեզ ուսուցման նոր մոթոդներ են պետք, պարոն Փաշինյան: Եկեք ինչ-որ քննադատական մտածողության առարկա մտցնենք էդ համակարգի մեջ: Աստծու սիրուն, միայն չասեք՝ հասարակագիտությունը տենց մի բան է: Ըստ իս՝ հասարակագիտությունը իմ երազած առարկայի լրիվ հակառակ առարկան է: Էս ամենից կբխի սերունդ, որ չի լռում ու սերունդ, որ չի լռեցնում: Փորձեք կոտրել էդ կարծրատիպերը, դրանք էնքա՜ն են խանգարում ինձ ու իմ նման շատերին: Իսկ ինչից են սկսում կարծրատիպերը մնալ կարծրատիպե՞ր, իհարկե դպրոցից:

Մի բան էլ առաջարկե՞մ: Պատմություն երեխաներին ավելի հեշտ սովորեցնելու համար կարող եք ինչ-որ հաղորդում ստեղծել, բայց ոչ պաթոսից ու ստից կազմված: Ասենք՝ Նժդեհի մասին ֆիլմը տեսել ե՞ք, էդ ֆիլմից, օրինակ, ես Նժդեհի մասին ավելի շատ բան եմ սովորել ու ավելի հոգեհարազատ կերպար դարձրել ինձ, քան ուղղակի էդ պատմությունն ուսումնասիրելով: Նույն կերպ «Հին արքաները» հեռուստասերիալը, որտեղ չեն գոռում, որ հայերը սրբություն են, ու ամեն-ինչ շատ սիրուն ներկայացվում է:

«Եկեղեցու պատմության» մասին երևի ուղղակի լռեմ: Էնտեղ ասում են՝ անբարոյական է չխոնարհ մարդը, ու հետո թե բա՝ խոնարհ մարդը պետք է հասարակության կարծիքի «ծառան» լինի: Բայց իսկապես, երևի լռեմ:

Էլ չեմ հիշում՝ ինչ կարկառուն խնդիրներ ունի մեր կրթական համակարգը, բայց մի բան էլ ուզում եմ խնդրել: Ուղղակի ամոթալի քիչ աշխատավարձ են ստանում բոլոր ուսուցիչները, մի քիչ անարդար է, չէ՞: Օրինակ, իմ դպրոցում էնքան ուսուցիչներ կան, որ ուղղակի հսկայական գիտելիքի շտեմարաններ են, ու ոնց որ կառավարությունը իր մի քանի կոպեկով ձեռք առնի էդ մարդկանց: Մնացածը Դուք մտածեք, եսիմ…

Ես գիտեմ, որ Դուք կախարդական փայտիկ չունեք, բայց հասկանո՞ւմ եք, բոլոր մյուս նախարարությունների արդյունավետությունը կապված է դրանք ղեկավարողների հետ, որոնք էլի մարդիկ են ու էլի դպրոց են հաճախել: Ավելի լավ կրթություն ստացածները էլ ավելի լավ կանեն իրենց գործը, ամեն ինչ հենց կրթական համակարգից էլ կախված է:

Շնորհակալություն: Կապի վերջ, կապի վերջ…