Մենք վերապրողներ ենք

Ապրիլի 24-ին շատանում են Ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա, ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա  ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։

«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությամբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլորն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն  չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վերքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։

Ահա և իմ ընտանիքի պատմությունը, Ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց  իր տոհմի գոյությունը։

Հրապարակվել է  2015/04/23

astghik ghazaryan

Կաթիլ-կաթիլ մանկությունից

Ամենագեղեցիկ երաժշտությունը, որ լսել եմ կյանքում, անձրևի կաթկթոցն է տանիքի վրա և հատկապես այն ժամանակ, երբ նստած ես սարի օդայի (տնակ) լռության մեջ ու ամբողջ էությամբ սուզվում ես դրա մեջ:

Մանուկ ժամանակ հաճախ էի լինում սարում ու մինչև հիմա էլ սիրում եմ այնտեղի կյանքը: Սիրում եմ սարի հանգստությունը, անդորրը, լռությունն ու աղմուկը: Հիշում եմ` գրեթե ամեն գիշեր սարի տղաները դուրս էին գալիս օդաներից ու սկսում հարայհրոցը: Երբ առաջին անգամ ականատես և ունկնդիր եղա դրան, մի տեսակ սարսափ զգացի, բայց ինձ բացատրեցին, որ այդպես գայլերին են քշում: Դրանից հետո այդ «ծեսը» նույնիսկ զվարճալի թվաց ինձ:

Սարերում եմ տեսել ամենագեղեցիկ մայրամուտը. այդ ժամանակ եմ ես տեսել կյանքումս տեսած ամենամեծ արևը, չգիտեմ` պատճառը բարձրությունն էր, թե այն, որ ես էի շատ փոքր:

Սարում են ապրում տատիկս ու պապիկս, և թերևս սա է գլխավոր պատճառը, որ սիրում եմ սարում լինելը: Տատիկս ու պապիկս այնտեղ անասուն են պահում, պապս նաև մեղվաբուծությամբ է զբաղվում: Երբ փոքր էի, մորս հետ գնում էի նրանց մոտ ու շաբաթներով մնում, իսկ միջնեկ եղբայրս` Դավիթը, մեզնից մի շաբաթ շուտ էր գնում:

Հինգ տարեկան էի այն ժամանակ, երբ պատահեց այն դեպքը, որի մասին ուզում եմ պատմել:

Առաջին տարին էր, որ գնացել էի սար: Դավիթը ինձ ու մյուս եղբորս` Սարգսին, տարավ սարի «տեսարժան վայրերը» ցույց տալու: Զառիվերը բարձրանալով` հասանք մի տեղ, որը սարեցիները կոչում են Առյուծի քար: Վերադարձին Դավիթը մեզ խորհուրդ տվեց վազելով իջնել, որպեսզի շուտ տեղ հասնենք: Ինքը շատ հեշտությամբ վազելով մի րոպեում հասավ տեղ, մենք էլ հետևեցինք նրան: Բայց մի քանի քայլից հետո սկսեցինք գլորվել: Սարգսի բախտը բերեց. նրան բաժին էր ընկել հարթ ճանապարհ, իսկ ինձ` քարքարոտ: Երեսս ամբողջությամբ արյուն էր, և ամբողջ գիշեր չկարողացա քնել: Այդ օրը իր հետքը թողել է երեսիս վրա. հոնքիս վերևում նշմարվում է մի փոքրիկ սպի: Չնայած ցավոտ էր, բայց հիմա, երբ հիշում եմ, մտածում եմ, որ այդ ցավը փոքրիկ կաթիլներով ավելացնում է մանկությանս քաղցրությունը:

Հրապարակվել է  17/10/2015

Իմ ընտանիքը` Երեմանք

Չզարմանաք, խնդրում եմ, բայց իմ ընտանիքը մի փոքրիկ պետություն է պետության ներսում:  Չեմ ստի, եթե ասեմ, որ նման ընտանիքներ Հայաստանում շատ քիչ են, իսկ եթե կան, ապա միայն գյուղերում: Քաղաքի մարդիկ շատ են հեռացել մեր արմատներից, ինչու չէ, նրանք նույնիսկ ամաչում են ավանդական սովորույթներից, և հակված են դեպի Եվրոպա: Թե ինչ են ուզում դրանով ապացուցել իրենց, ինձ համար անհասկանալի է: Այս դժվար և բարդ աշխարհում մենք ապրում ենք մեկ հարկի տակ տասնհինգ հոգով:

Մեր պետության նախագահը տատիկս է, ում կոչում ենք Ամայ  բարբառային բառով, որը նշանակում է մայր: Ինձ թվում է, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ կօգտագործենք  նման  բարբառային բառերը: Բայց  շատ ցավալի է.  կամաց-կամաց  դրանց  հետ մեկտեղ կվերանան հին  բարի  սովորույթները: Չէ՞ որ հենց այդ լեզվով է գրել մեծն Թումանյանը: Շեղվեցի մի քիչ, բայց ես այդպես եմ կարծում:

Վերադառնանք մեր ընտանիքին:

Տատիկս նաև ֆինանսների նախարարն է: Ինչպես սիրում ենք մենք կատակով ասել,  տան փողերը գտնվում են Ամայի շվեյցարական բանկում: Ցավոք, պետք է նշեմ, որ մեր պետությունն ապրում է տնտեսական ճգնաժամ, ինչպես Հայաստանը կամ ամբողջ աշխարհը: Մեր բյուջեն նույնպես ճեղքվածք է տվել: Հուսամ, որ այս տարի կհաղթահարենք այդ դժվարությունները, այսինքն, պետք է ավելի շատ աշխատենք:

Մի քանի օր առաջ տատիկս գումարեց արտահերթ ժողով: Օրակարգում դրված էր  ամբողջ հողերը մշակելու հարցը: Միաձայն ընդունվեց այդ առաջարկը: Չէ՞  որ եթե բերքը շատ լինի,  դա ահագին օգնություն կլինի մեր ընտանիքին:

Մենք մեր ստացած բերքը չենք վաճառում, մեզ  հազիվ է հերիքում:

Հիմա կմտածեք, թե ես ինչու եմ այսպիսի թեմաներից խոսում: Սակայն ինչու  չանհանգստանամ, չէ որ կյանքը հիմա շատ դժվար է: Ես կցանկանամ մենք այնպիսի պետություն լինենք, որ իմ հասակակիցներն իրենց անձնական հոգսերով ապրեն, այլ ոչ թե մտածեն այսպիսի բաների մասին: Օրինակ, իմ ընտանիքում վեց մարդ չի աշխատում, իսկ եթե աշխատատեղ լիներ և աշխատեին, ապա կյանքը հիանալի կլիներ: Մեր պետական այրերը պետք է մտածեն այդ մասին:

Հարգելի ընթերցող, ես ձեզ շատ ձանձրացրի իմ ընտանիքի հոգսերի մասին պատմելով: Հիմա կփորձեմ խոսել  ուրախ բաների մասին: Կներեք, մոռացա ներկայացնեմ իմ ընտանիքի  անդամներին: Ինչպես նշեցի, տանն ապրում ենք  15 հոգով: Ես ունեմ տատիկ, պապիկ, 3 հայր, 3 մայր, և 3 եղբայր ու 3 քույր: Չզարմանաք հայրեր,  մայրեր բառերից, բայց ինձ համար տարբերություն  չկա` հայրս է, թե հորեղբայրս, մայրս,  թե հորեղբորս կինը: Փոքր ժամանակ ես գիտեի, թե մայրիկներս  երեք քույրեր են, դե, հայրիկներս եղբայրներ են, դա գիտեի: Երբ առաջին անգամ իմացա, որ նրանք հարազատ քույրեր  չեն, շատ զարմացա: Եվ նրանք երեխաների միջև տարբերություն չեն դնում:

Ինչպես նշեցի, նախարարական բոլոր աթոռները պատկանում են տատիկիս: Պապիկս ընդդիմադիր դաշտում է, հաճախ ձգտում  է նախարարական  որևէ  աթոռի, այդ ժամանակ նրա հետ  կոալիցիա են կազմում  հարսները, բայց այդ խռովությունները շատ կարճ ժամանակում  ճնշվում են:  Սա,  իհարկե, կատակի ձևով, բայց մենք բոլորս շատ  հարցերում սիրում ենք  և տատիկիս, և պապիկիս:

Մեր ընտանիքը նման է  մեղվափեթակի, որտեղ ամեն մեկը գիտի իր գործը: Յուրաքանչյուր օր մեր տանն անցնում է տոնի նման: Ապրում ենք շատ համերաշխ և սիրում ենք  միմյանց: Եվ կարծում եմ, որ դա է մեր երջանկության բանալին: Չեմ կարող խոսքերով նկարագրել մեր ընտանիքում տիրող հիանալի մթնոլորտը, պետք է մի քանի ժամ գտնվել մեր  տանը, որպեսզի  հասկանաք ինձ: Այսքանով ավարտում եմ իմ շարադրությունը, խնդրում եմ ինձ հիշեք` Գետահովիտ գյուղ (Երեմանց ընտանիք):

Հրապարակվել է  04/27/2014

Ես ու հայրս

Հայրս ու իր մասին բոլոր հիշողություններն ինձնից անբաժան են: Հիշում եմ, երբ փոքր էի, հայրս, ինձ ու եղբորս մանկապարտեզից վերցնելով, տարավ մեր քաղաքի ամենամեծ խանութը և մեզ համար գնեց մեր սրտի ուզած խաղալիքները: Իսկապես շատ էի ուրախացել… Չգիտեմ, հորս հետ կապված ամեն մի հուշ ինձ տանում է իմ մանկություն: Չափից շատ եմ հարգել հորս՝ վախենալու չափ: Հիշում եմ, որ մեր խանութի դիմացով վախով էի քայլում ու երկար նայում իր ուղղությամբ, որ բարևեի: Մի անգամ կողքի խանութի աշխատակցուհին ինձ կանչեց և հարցրեց, թե ինչու ուրիշ երեխաների պես հորս չեմ գրկում, իսկ ես ամոթից գետինը մտա, որովհետև հորս անունը լսելիս ես կարծես վախենում էի: Հիմա եմ խոստովանում, որ նրանից վախեցել եմ, և մեր հարաբերությունները չեն եղել այնպիսին, ինչպիսին բոլոր հայրերի ու դուստրերի միջև են:

Ինձ համար մեր հարաբերությունները նման են արհեստական սառույցի կույտի, որը մի վայրկյանում ջարդվեց… Այդ օրը գնացել էինք հիվանդանոց՝ հորս տեսնելու: Վիրահատությունից հետո առաջին անգամն էր, որ հայրս մեզ տեսնելու էր: Չեմ կարող  նկարագրել այն զգացումը, որ ունեցա այդ պահին: Հայրս ինձ ամուր գրկեց և համբուրեց: Կարծես այդ մի քանի րոպեում նա լրացրեց այն բացը, որն առաջացել էր մինչ այդ: Կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն էր՝ չնայած հայրս այդ վիճակում էր:

Ես սկսեցի հորս ավելի շատ սիրել և սիրում եմ այժմ: Ճիշտ է, անունս Արփինե է, բայց նա միակն էր, ով ինձ «չամիչ» էր ասում… Ես նրա չամիչն էի…

Հպարտանում եմ նրանով, որովհետև նա շատ լավ հայր էր…

Հրապարակվել է 2014/04/26

Lusine Karapetyan

Իմ ընտանիքը

Ընտանիքը մեծ հասկացություն է: Տարիքի հետ այդ հասկացության իմաստը էլ ավելի է մեծանում: Իմ ընտանիքն էլ է նման բոլորի ընտանիքներին, և միևնույն ժամանակ, տարբերվում է բոլորինից: Իմ ընտանիքը միշտ լի է, ու այդտեղ հնարավոր չէ մրսել: Լի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Երբ փոքր էի, ինձ թվում էր, թե դա սովորական ընտանիքի մոդել է, բայց իմ մանկական պատկերացումները լիովին փոխվեցին, երբ սկսեցի այցելել իմ այն ընկերուհիների տները, որոնց ընտանիքի անդամների թիվը չէր անցնում երեքից: Զարմանալի է, նույն մեծության տները ինձ թվում էին ավելի մեծ ու ճնշող, որտեղ միշտ մրսում ես, չնայած լավ ջեռուցմանը: Ընտանիքի իմ պատկերացումներից միայն մի երկու դեպք եմ հիշում իմ մանկությունից (դե, մանկությունը այն ժամանակահատվածն է, երբ ամեն ինչ դրոշմվում է քո ենթագիտակցության և վարքի վրա):

Առաջինը, երբ երկրորդ դասարանում իմ ուսուցչուհին մեզ հանձնարարեց նկարել մեր ընտանիքները: Իսկ իմ նկարած նկարը ոչ միայն ուղղակի նկար էր, այլ, կոպիտ ասած, դասակարգում, ըստ տարիքի ու վայելած հարգանքի: Բազմոցին նստած էին տատիկն ու պապիկը, բազկաթոռներին՝ մայրիկն ու հայրիկը, իսկ մենք՝ ես, քույրս ու եղբայրս` աթոռներին ու գետնին: Դա է իմ երազած ընտանիքի իդեալը: Հարգանք, սեր, մեկը մյուսին զիջելու ունակություն… Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքներին, հայկական ընտանիքներին: Իսկ մյուսը երևի ավելի լավ է տպավորվել իմ մեջ:

Մի վիրավոր ճնճղուկ ձեռքս փողոցից եկա տուն: Մայրս զայրացավ՝արգելելով տանը պահել թռչունին, իսկ ես լացակումած ու ի հակադրություն մորս, վերցրի թռչունին և փակվեցի սենյակումս: Ընտանիքիս մնացած անդամները հավաքվել էին կողպված դռան մյուս կողմում և խնդրում էին, ինչու չէ, նաև պարտադրում, որ դուռը բացեմ և ազատեմ թռչունին: Բայց ասեմ, որ փոքր ժամանակ էլ էի համառ ու չէի բացի, եթե չլսեի տատիկիս ասածը:

-Տոտոն (այդպես էին ինձ դիմում), տե՛ս, հիմա դու նեղսրտած ես, և մենք բոլորս անհանգստանում ենք քեզ համար, իսկ այդ ճնճղուկի ընտանի՞քը, չէ՞ որ նրանցն էլ է ընտանիք, նրանք էլ են անհանգստանում, երևի իրենց վիրավոր երեխայի համար կեր պիտի հայթայթեն, իսկ դու նրան վերցրել ու բերել ես տուն:

Ես լցված աչքերով նայեցի ճնճղուկին, հետո կողպեքին, բացեցի դուռը, դուրս հանեցի միայն ձեռքս, ճնճղուկը ափիս մեջ դրած, տվեցի տատիկին, հետո շարունակեցի լաց լինել: Բայց ոչինչ, փոքրիկ ընկերս ինձնից չէր նեղանա, ես կարող էի լաց լինել նաև ցածր գնահատական ստանալու պատճառով: Բայց այդ պատմությունը վառ օրինակ էր ընտանիքի միասնականության:

Այո՛, սա իմ ընտանիքն է, և միևնույն ժամանակ, երջանիկ ընտանիքի իդեալը:

Հրապարակվել է 2014/04/27