Syuzanna Navasardyan

Մայրերի ու ձագերի մասին

Անհնար է, որ մոլորակը պտտվի առանց իմ մամայի. ինքն ամեն րոպե պտտվում է իմ սրտի առանցքի շուրջ ու օգնում ինձ շնչել։

Պարզ ու առօրյա այդ գործընթացը, որի ընթացքում թոքերը թթվածին պիտի ստանան ու արտաշնչեն մեկ ուրիշ գազ, անհնար է առանց իմ մոր։ Թթվածինն ինքն է, որ կա։

Չգիտեմ՝ իմ երեխեքի համար կկարողանա՞մ այդքան Մամա լինել, ինչքան ինքն ինձ համար է։ Չգիտեմ՝ հնարավո՞ր է որևէ մեկի կյանքում այդքան աննկատ ու նուրբ ներկա լինել, ինչքան մաման իմ կյանքում է։ Չգիտեմ…

Անհնար է, որ լույսը բացվի, արև լինի առանց իմ մամայի աչքերի փայլի։ Հաստատ եմ ասում, անհնար բան է, չի լինում այդպես։ Առանց արևի չի լինում լույս։ Լույսն էլ, արևն էլ իմ Մոր սրտից են տարածվում՝ մեր սառը մոլորակը ջերմացնելու։

Անհնար է մի սիրտ ունենալ  ու չորս հավասար, համաչափ մասի բաժանել։ Անհնար է, այո, բայց բացառություններ կան։ Իմ մայրն այն ուժեղ կինն է, ով անհնարը հնարավոր է դարձնում իր ձագերի համար։

Չորսը ձագ ունի Մայրս։ Մի սրտով չորսին չորսը տարբեր սեր է տալիս ու  չորսից տարբեր սերեր առնում։ Գժվում են երբեմն, դեռ փոքր են Մորս ձագերը։ Մայրս ինքն էլ մի ուրիշ Մոր ձագ է ,չէ՞… Ո՞նց է ինքը դեռ ձագ լինելով իր փոքրերի փոքրությունը տանում, ներում ու սիրում։

Աստված իմ Մորը սիրում է, այնքան է սիրում, որ իրենից կյանք առածներն իր համար պատրաստ ու գիտակից են կյանք տալ։ Աստված իմ Մորը սիրում է, այնքան է սիրում, որ Մորս ձեռքերով թխված հացից չորսը մանկան սով կշտանում, իսկ սրտերը… Իսկ սրտերը մամայի համից չեն կշտանում երբեք։ Խմորի մեջ մորս ձեռքերը մտնելուն պես չորս զույգ աչքեր տեսնում են, թե ոնց հասարակ հացի խմորը սրբացավ։

Աստված սիրում է Մորս, որովհետև ինքն էլ նույնպիսին ու նույնքան անեզրն ունի։ Ո՜նց եմ հասկանում Աստծուն. իմ Մորն անհնար է չսիրել։ Ճիշտ եմ, չէ՞, Տե՛ր Աստված։

Մորս մասին պատմվածքներ պիտի գրեմ։ Մորս մասին պոեմներում էլ գուցե կարողանամ սիրո ինչ-որ քանակ ցույց տալ։ Գրքեր կգրեմ Մորս մասին, որ մարդիկ իմանան՝ ինչքան բարի, սրտաբաց ու կամեցող են լինում Աստծո կողմից սիրված մայրերը։

Տեր Աստված… Իսկ ես տեսել եմ՝ ինչպես են ձագ ունեցած կանայք, որոնց ես «մայր» չեմ կոչի, դարձել նյութապաշտ ու շահամոլ՝ անունն էլ դրել են, թե ձագին կերակրել է պետք: Ներիր նրանց, տեր Աստված, որ իմ Մոր չափ Մայր չդարձան իրենց ձագերին։

Տեր Աստված, թույլ տուր քո սիրելի զավակին, միաժամանակ իմ պաշտելի Մորը, օվկիանները ցույց տամ իմ աշխարհի ու աշխարհները ողջ, որ ինքդ ես ստեղծել։

Իմ Մոր սրտում եղածի չափ սեր տուր քո ստեղծած աշխարհին, Տեր Աստված,  որ ոչ մի անկյունում սառնություն չմնա…

Եվ… Ներիր իմ Մոր այսչափ կատարելությունը, Տեր Աստված։ Ես մինչ քեզ մոտ գալս քո պակասն իրենով լիացնում եմ, Նա Դու ես Երկրի վրա։

Anahit Arshakyan

Կյանք` խամրած գույներով

Մենք սկսեցինք իրար լսել, երբ էլ չէինք խոսում: Մենք չէինք խոսում բառերով: Մենք չունեինք ոչ էլ նշաններ, ազդանշաններ:

Երբ մենք դադարեցինք խոսել, մենք գտանք իրար:

Հիմա՝ մթության մեջ ու լռության՝ մենք կանք, բայց ոչինչ չկա: Ոչ մեկը չկա:

Ես չգիտեի, որ իրական եմ լինելու: Չգիտեի, որ իրականություն եմ տեսնելու: Ես չգիտեի, որ իմանալու եմ: Ես ոչինչ չգիտեի: Ես չգիտեի, որ զգալու եմ՝ առանց ազդանշան ու առանց լույսի կտոր, առանց բառ ու առանց նամակ, առանց վիճակ, առանց հանդիպում ու ժամաքանակ: Որ հարցեր չեմ տալու, դրանք այլևս պետք չեն լինելու: Որ աշխարհը մի կծիկ է դառնալու՝ կոկորդին կանգնած հիստերիկ գնդի պես, երբ լացել չես կարողանում, որովհետև փակ է:

Չհամակերպվել չի կարելի: Համակերպվելն անտանելի է: Ստեղծում ես. գլխում, ներսում, դրսում, ժամի մեջ:

Անտանելի է ինքդ քեզ խաբել ու ապրել, երբ իրականությունով ես քեզ խաբում, որն իրականությունում ուղղակի տեղավորել չես կարողանալու:

Ընտրությունը՝ ծայրահեղ ու երկկողմանի, գալիս է միայն, երբ իրական զգացմունքդ չես կարող շնչել. երբ ի վիճակի չես, որովհետև ամայի խառնաշփոթ է, որովհետև ամեն բան ավազի է վերածվել ու խեղդելու է՝ թե շնչես դրանով:

Ընտրությունը գալիս է փրկելու, ուղղակի, որպես որոշում, որ նորից ես ծնվելու, սկզբում ոչ մեկին նման չես լինելու: Դժվար է մեռնել, երբ անձև ու անգույն ես ծնվելու: Ընտրություն, որ ուղղակի անընդհատ ինչ-որ բան ես անելու. ինչ-որ նպատակներ դնես, որոշումներ կայացնես անընդհատ, որ վերջում դատարկ բռով չմնաս, որ սոսկ գոյատևես՝ նյութական իրականության մեջ: Ընտրություն, որպես էդպիսին, չկա, դա՝ քո իրականությամբ ապրել չկարողնալու, արգասիք է: Որովհետև քոնը լինելով կդառնա խաբկանք: Կդառնա նզովք ու թույն: Կփչանա:

Ամենամաքուրը կկեղտոտվի դրսից, եթե մեջդ մնա:

Անտանելի է խամրած գույնով ապրել:

Երբ տեսնում ես գույներն էնպիսին, ինչպիսին կան, կամ պետք է ամեն բան շատ լավ կամ շատ վատ լինի, իսկ միջինը սպանում է: Միջինը կա չկայի մեջ: Միջինի մեջ անիրականը խլում է քեզ: Բայց ի՞նչ անել, ի՞նչ անել, ի՞նչ անել…

Մոռանում ես: Թողնում ես: Հեռանում:

Ընտրությունն իրականում միակողմանի է, հենց դա է ցավեցնում:

Նոր իմաստը նախորդի հետ չհամեմատելու համար պետք է մարսել նախորդը: Իսկ թե ինչպես մարսել՝ ոչ ոք երբեք չի ասել:

Ավելի լավ է ուղղակի քնել, քան շարունակել օրը՝ խաբելով քեզ, նրան, կուրանալով: Նոր իմաստը միշտ ուղղակի ուրիշ է ու անիմաստ խաբկանք է, որպես կուրացնող լույս, քանի դեռ ստվերից՝ մի ժամանակ, քո լույսի, դուրս չես եկել:

Որովհետև եթե լինել, ապա միայն վերանալով:

Լռել, գոյատևել, շնչել:

Չմտածել առհասարակ:

Շնչի ռիթմը փշրվում է ի անձրև: Այն կաթում է դեմքիդ, իսկ դեմքդ չկա:

meri araqelyan

Անհայտ է աշխարհը, անհայտ է ուղին

Աշխարհ, որը խելագարվել է: Անտանելիորեն կիսատ են մնացել երազանքները, իսկ եթե համարձակությունս ների, կասեմ` անտանելիորեն կիսատ են մնացել կյանքերը: Խավարը պատել է հոգիները,  ու մարդը հեռացել է «բանական» լինելուց: Համընդհանուր կռիվ է, գոյության պայքար, իսկ բռնակալը «անմեղ» է, որովհետև հզոր է: Համատարած լաց է, կորուստ, ցավ, վախ, վախ, վա՛խ…

Ճանապարհը, որը տուն է տանում, մահախուճապ է, որովհետև գայլերն ու գառներն են կիսում այն:  Հորիզոնից այն կողմ օդը խեղդող է ու մահահոտ:

Դարերի արանքում կանգնած է ցավը, ու կորուստը ծանրացել է վրան: Ու մի նոր ճանապարհ է բացվել դեպի երկինք, անհերթ մի ճանապարհ, ու տխուր է…

Երեկն արցունքոտ էր, իսկ այսօր դժվար է ժպտալ, որովհետև վաղն անհայտ է: Ապրելը երազանք է դարձել բոլորի համար:

Սահման, որը հայրենիքն է: Տուն, որը ընտանիքն է, և սեր, որի անունը Հայաստան է:

Gohar Petrosyan

Զարմացրու ինձ քո ՄԱՐԴ տեսակով

Դու երբեք չես զարմացնի ծնողներիդ գնած թանկարժեք հագուստով ու խաղալիքներիդ բազմազանությամբ։ Չես զարմացնի դպրոցում ծանոթ-բարեկամի կարգով բարձր գնահատականներ ստանալու ու չսովորելով ամբողջ տարին գերազանց ավարտելու համար։ Չես զարմացնի համալսարանում դասի չգալով ու գումար տալով կարմիր դիպլոմ ստանալու ու լավ սովորողի փոխարեն ծանոթի կարգով անվճար սովորելու համար։

Չես զարմացնի «կռուտոյ» ձևանալով, վերջին թվի մեքենան քշելով, դատարկաբանելով Tik Tok-ում` մազերիցդ շատ հետևորդներ հավաքելով ու վերջին այֆոնը ունենալու համար։ Չես զարմացնի շուրթերդ ու կրծքերդ մեկ տոննա սիլիկոն լցնելով ու ապրածդ ամեն վայրկյանը սոցցանցերում հրապարակելով։ Չես զարմացնի հարսանիքիդ վրա ծախսած միլիոններով, մեղրամսի, կարմիր խնձորի, խնձորի հետ եկած շնորհավորական նվերների ու ամբողջ կյանքդ կույս մնալու կամ ձևանալու համար։ Չես էլ զարմացնի փողկապ ու կոստյում հագնելով, իբրեւ թե խելացի ձևանալով ու քաղաքական հարցերի մասին դատարկաբանելով։ Չես զարմացնի մեկ-երկու տարեկան ամեն երեխայիդ ձեռքը մի թանկանոց հեռախոս տալով, բրենդային հագուստ հագցնելով ու առանց դաստիարակության թողնելով։ Ընդհանրապես չես էլ զարմացնի այդ նույն երեխաներիդ բերանը տասը մետր լեզու դնելով ու իրենց տեղը աշխատելով, գրպանները գումար դնելով, մեքենա ու տուն գնելով։ Չես հավատա, բայց երեխաներդ էլ չեն զարմացնի նման ձրիակերի պես ապրելով, թոռներդ էլ, ծոռներդ էլ։ Դե ու հարազատներդ էլ չեն զարմացնի թաղումդ ամենաթանկանոց հոգեհանգստի սրահում կազմակերպելու, ծաղկեպսակներդ Հոլանդիայից «զակազ» տալու, սև բրաբուսներով փողոցները փակելու, քեզ էլ ոսկե դագաղում դնելու համար։

Բայց այ, կզարմանաս դու, որ ամբողջ կյանքդ ուրիշներին զարմացնել փորձելուց ու ձախողվելուց հետո գնում ես աշխարհից ու հետդ ոչ մի այֆոն ու բրաբուս էլ չես տանում։ Աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն, բայց դու երևի թե գնալուց էլ մի հատ ճոխ ոսկեդագաղախառը սելֆի անես, դնես Ֆեյսբուքիդ ու ինստագրամիդ պատին, նոր գնաս։

Զարմացրու ինձ ինքդ քեզանով ամեն բանի հասնելով ու կողքիններիդ օգնելով, դիմացինիդ կյանքը չխորտակելով, ընտանիքներ չքանդելով, սրանից-նրանից չբամբասելով, կենդանիներին մի կտոր հաց տալով ու գոնե չվնասելով, շահամոլ ու քծնող չլինելով, երեխաներիդ ճիշտ դաստիարակելով, քեզանից թույլերին օգնելով ու չծաղրելով․․․

Կարճ ասած, զարմացրու ինձ քո ՄԱՐԴ ծնված ու մնացած տեսակով։

Jenya Arzumanyan

Պարզապես գարուն

Երբ այլևս արտաքին աշխարհը դուրս է իր ճերմակափայլ և սառնաշունչ սավանից, երբ գունազարդված է ավելի պայծառ, ավելի վառ երանգներով,  երբ թեթև ու թավշյա օդը արագորեն ներս է թափանցում ամեն մի բաց փեղկից և ջերմացնում ու նոր շունչ հաղորդում ամենքին, հասկանում ես, որ այլևս աշխարհը մի նոր շրջափուլում է, կյանքը՝ մի նոր ճանապարհի եզրին։

Գարուն է։ Պարզ, բայց ամենից լուսեղը, հասարակ, բայց ամենից շքեղը։

Գունագե՜ղ, պայծա՜ռ, ջե՜րմ…

Կյանքն ընթանում է այնքա՜ն արագ և սփռում շուրջբոլորը իր խենթությամբ, կրակով, ծաղիկների ամենաիրական բույրով,  երանգների ամենաիսկական տոնով, սիրտդ ցանկանում է դուրս թռչել, նետվել այդ անիրական վարդագույնի մեջ և ագահորեն շնչել ողջ օդը, անդադար նայել շուրջբոլորը, երազե՜լ, հիանա՜լ և վերջապես միաձուլվել բնության այդ հրաշքին։

Կյանքը վերածնվում է, նոր թափ առնում, ոգեշնչվում և ոգեշնչում։

Գեղեցիկ է, պարզապես գեղեցիկ, գեղեցիկ՝ իր բոլոր բացահայտ և թաքուն կողմերով։

Մաքուր է, ինչպես առվակները վարար, որոնք հոսում են մեր սրտից։ Լուսավոր է ու ջերմ, ինչպես արեգակն այն, որ հեռվից համեստորեն ժպտում է և կարծես մեր միտքն է արտացոլում երկնքի լազուրում։

Իրական է, ինչպես մենք՝ մեր սրտի խորքում։

Այն մենք ենք, մեր իսկ երազներում։

Գարուն է, պարզապես գարուն։