Seroj araqelyan

Մեկ է` չեմ մոռացել

Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել բոլորի Նոր տարին՝ 2017 թվականը, մաղթելով ամենալավն ու բարին, նաև նյութս կարդացողին: Այս նյութս 2017-ի առաջին նյութն է: Հուսով եմ, այս տարի ավելի լավ կգրեմ և ավելի հաճելի կլինի ընթերցողին: Բայց մինչ նյութս գրելը, ես պետք է վերցնեմ համակարգիչը քեռուցս: Այո, այո, մի զարմացեք, քեռուցս: Ես համակարգիչ չունեմ: Մինչ իրենք Ռուսաստանում էին, համակարգիչը իմ տրամադրության տակ էր, և գիշերները ես մեծ հաճույքով տրամադրում էի նյութ հավաքելուն և ուղարկում 17.am-ին և հետևում տեղադրված նյութերին: Բայց հիմա մի բան պակասել է, չեմ ասում ընդհանրապես թողել եմ, բայց ես էլ եմ զգում, որ ուշ-ուշ եմ նյութ գրում: Չմտածեք ալարում եմ, ոչ: Ուղղակի ոչ միշտ է հարմարվում վերցնել ուրիշի համակարգիչը, քանի որ ինձնից բացի նույնպես օգտագործող կա: Բայց ես հեռախոսով կամ պլանշետով չեմ դադարում հետևել 17.am-ի զարգացումներին ու նորանոր ավելի կատարելագործված նյութերին ու ֆոտոշարքերին:

Համաձայն եմ ուշ-ուշ եք կարդում նյութս, բայց դա չի նշանակում, որ մոռացել եմ ձեզ: Մեկ է, չեմ մոռացել մեր համատեղ կատարած աշխատանքները: Այդ իսկ պատճառով թղթի վրա գրի եմ առնում և սպասում հարմար պահի, որ համակարգչը վերցնեմ: Հաճախակի չեմ ուղարկում, բայց ուղարկելիս մի քանի հատ եմ ուղարկում: Էստեղ են ասել. «Լավ է ուշ, քան երբեք»: Դե ինչ ասեմ, մնում է սպասեմ, որ էլի գնան Ռուսաստան, որպեսզի համակարգիչը վերցնեմ և անցնեմ իմ հին ռեժիմին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորի 2017 թվականը և մաղթում նորանոր հաջողություններ:

tereza davtyan portret

Դիլիջանի միջազգային դպրոցում

Այցելել էինք Դիլիջանի միջազգային դպրոց: Տպավորություններս շատ մեծ են: Հրաշալի դպրոց, անսովոր և հետաքրքիր միջավայր: Այնտեղ սովորում են շուրջ 68 երկրից 200 աշակերտներ, որոնցից 20-ը հայեր են: Մի փոքր զբոսնելուց հետո հանդիպեցինք մի հայ աշակերտի հետ, և ես իմ սովորության համաձայն սկսեցի «հարցաքննել» նրան:

Հարցազրույց Գագիկ Ամարյանի հետ, ով մեկ տարի է, սովորում է Դիլիջանի միջազգային դպրոցում:

-Որտե՞ղ եք սովորել նախքան այս դպրոցը:

-Ես սովորել եմ Երևանի Շիրակացու անվան ճեմարանում:

-Ի՞նչ տարբերություն կա ձեր նախկին և ներկայիս դպրոցների միջև:

-Դե, իհարկե, ամենամեծ տարբերությունը մարդիկ են, որովհետև միայն Հայաստանի դպրոցներից չեն այստեղ սովորում: Գլխավոր տարբերություններից մեկն այն է, որ մենք չենք կենտրոնանում միայն փաստեր սովորելու վրա, այլ սովորում ենք, թե ինչպես կիրառել դրանք առօրյայում:

-Պատմեք ձեր առաջին տպավորությունների մասին:

-Դպրոցի տեսքը շատ մեծ տպավորություն է թողնում աշակերտի վրա: Երբ առաջին անգամ մտանք շենք, բոլորն սկսեցին ներկայացնել իրենց: Շատ դժվար էր բոլորի առաջ ներկայանալ: Հետո չես հասկանում` ինչ է կատարվում շուրջդ:

-Ինչպե՞ս ընդունվեցիք դպրոց:

-Ես ոչ մի առարկայի քննություն չեմ հանձնել: Հայաստանից ընդունվելու համար 3 փուլ է: Առաջին փուլում ուղարկում ենք որոշակի տեղեկություն մեր մասին, այսինքն, նախորդ դպրոցի գնահատականները, ինչի ենք հասել այս տարիների ընթացքում, և նաև շարադրություն ենք գրում անգլերենով, տարբեր հարցերի ենք պատասխանում:

Երկրորդ փուլը օնլայն է: Սքայփով հարցազրույց ենք տալիս, որտեղ նրանք ավելին են իմանում մեր մասին: Եթե խնդիրներ լինեն լեզվի հետ կապված, ապա հարցազրույցը հնարավոր է նաև հայերենով վերցնել:

Երրորդ փուլում բոլորին կանչում են Երևան և նորից են հարցազրույց վերցնում, շարադրություն և խմբային խաղեր են անցկացնում, և դրանից հետո կազմում են վերջնական կարծիք:

-Անգլերեն իմացությունը պարտադի՞ր է:

-Իրականում անգլերեն իմացությունն ընդունվելու համար պարտադիր չէ, շատերը այստեղ են ստացել այդ գիտելիքները:

-Իսկ նոր ընկերներ ձեռք բերե՞լ եք:

-Իհարկե, չնայած միջավայրը տարբեր է, ես ձեռք բերեցի ընկերներ աշխարհի տարբեր վայրերից:

-Այստեղ ինչ-որ բաժիններ կա՞ն:

-Բաժիններ չկան: Մեք պետք է վեց առարկա ընտրենք: Առաջինը այն լեզուն է, որը խորացված պետք է սովորել, երկրորդ լեզուն, որը կրկին ուզում եք խորացված սովորել: Օրինակ, ես ընտրել եմ անգլերեն` խորացված ուսումնասիրման և ֆրանսերեն` զրոյից սովորելու համար:

Երրորդը մաթեմատիկան է, որը պարտադիր է բոլորի համար: Երեք մակարդակ կարող ենք սովորել: Առաջին ՝ամենապարզ մաթեմատիկան, հետո բարձրագույն մաթեմատիկան: Պետք է ունենաք մի հումանիտար և մի բնագիտական առարկա, դա պարտադիր է: Եվ վերջապես վերջին խումբը՝ արվեստ: Կարող ենք ընտրել երգ, պար, թատրոն, նկարչություն: Սրանցից երեք առարկան խորացված ենք ուսումնասիրում, երեքը` երկրորդային:

Ես շատ մեծ տպավորություններ ստացա դպրոցից և շատ հպարտացա, որ Հայաստանում այսպիսի դպրոց է գործում:

inesa soghoyan

Անցյալ տարվա հիշողություններից

Նոյեմբերի 25-ին մենք «Շահերի պաշտպանություն» դասընթացին էինք, երբ ընկեր Դաշտոյանը հայտարարեց, որ Գյումրիում պետք է լինի TEDx-ը:

TEDx-ը միջոցառում է, որի ժամանակ հավաքվում են տարբեր մարդիկ՝ տարածաշրջանների խոսնակներ, որոնք կիսվում են իրենց ձեռքբերումներով, խորհուրդներ են տալիս, պատմում են պատմություններ:
Ինչպես շատերը գիտեն՝ 2016 թվականին Գյումրին երիտասարդական մայրաքաղաքն էր:
Նոյեմբերի 26-ին 13 հոգով ճանապարհ ընկանք դեպի Գյումրի: Ճանապարհի վրա ծախսեցինք մոտ 3 ժամ, սակայն այդ ժամանակը անցավ ակնթարթի պես, հետաքրքիր խաղերի շնորհիվ: Սկզբում բոլորս ամաչում էինք խոսել իրար հետ, մոտ մեկ ժամ անցնելուց հետո սկսեցինք խոսել:
Հասանք Գյումրի, հանդիպեցինք Գավառ տարածաշրջանի խոսնակին և ծանոթացանք մյուս խոսնակների հետ, որոնք կիսվեցին իրենց փորձով: Պատմեցին շատ պատմություններ դպրոցի, մրցույթների ժամանակ տեղի ունեցած միջադեպերի, ընթերցանություն, ռիսկի դիմելու, գյուղի, զգացմունքների մասին:
Գյումրիից վերադառնալիս բոլորս արդեն ծանոթ էինք, ժամանակն անցավ շատ ուրախ, նույնիսկ այնքան, որ չէինք ուզում տուն հասնել:
TEDx-ը իմ կյանքում շատ բան փոխեց. սկսեցի ազատ արտահայտվել, լինել համարձակ, բացի այդ՝ ձեռք բերեցի հիանալի ընկերներ:

Ani avetisyan

Հրաժեշտի երգերը

Հոգնած աչքերս փակում եմ՝ ամեն գիշերվա պես հավատալով, որ 10 րոպեից կքնեմ… Բայց ախր, հենց գիշերներն եմ հիշում այն ամենը, ինչի մասին ցերեկը երևի չեմ էլ մտածում: Գիշերներն են գալիս և ուղեղս մխրճվում անծանոթ երգի բառերը, ավելի ճիշտ՝ երգից երկու բառ: Սկսած Սթինգից, վերջացրած՝ Նիրվանայով: Երբեմն էլ՝ հայկական երգերն են հիշում, որ պիտի քունս խանգարեն, մինչև չգտնեմ ու լսեմ իրենց: Փնտրում, գտնում եմ ու կորում երգի նոտաների մեջ, մինչև բառերը բռնում ու դուրս են հանում ինձ:

Հիշում եմ մի երգից երկու տող, որը բերանումս էր ոտանավորի պես, բայց նոտաները չգիտեի: Այսպես էր.

-Տղե՛րք, կհիշե՞ք երազները մեր…

Շարունակությունը չէի հիշում, բայց հորինում էի, ուզում էի, որ լսեմ երգն, ու այդ երազներն իրականացած լինեն: Բայց, գտա երգն ու… Ու չզարմացա, որ տղերքի մասին երգի մեջ Ամալյանի ծանոթ ու մի քիչ խռպոտ ձայնն էր: Զարմացա, թե ինչո՞ւ չի ստացվում Ամալյան երգչից անջատել ազատամարտիկին ու մի քիչ էլ իր երգելը լսել:

Միայն երրորդ անգամից երգի բառերին ուշադիր եղա.

-Տղե՛րք, ծիլերը մնացին անտեր…

Ասես մի բան պոկվեց ինձանից: Կրկին նույն անտեր մնացած ծիլերն են: Աչքերիս առաջով անցան հայ պոեզիան, երգարանն ու արձակը, բայց ինչքան էլ փորձեցի՝ չգտա պատերազմից տուն դարձողին դիմավորող, ուրախ երգ: Կամ եթե կային էլ՝ քիչ էին, շատ քիչ: Ինչո՞ւ են մեզ մոտ միայն անտեր ծիլեր, տուն չդարձող սերմնացաններ ու կռվի ճանապարհող երգեր: Ու չեմ ուզում հասկանալ, թե ինչու չեն հնանում այդ երգերը: Կրկին երգի տողերն էին.

-Իսկ մենք այս կյանքում դարձել ենք ստվերներ…

…Իսկ ինչո՞ւ ենք միշտ ճանապարհում, բայց չենք դիմավորում: Ինչո՞ւ…

Երանի չիմանայի իմ իսկ հարցի պատասխանը: Կամ գար մի օր, երբ իմացածս էլ պետք չգար: Մի օր էլ՝ «Տղերքի երգը» լսեի ու հիշեի, որ վերջին անտեր ծիլերը տղերքն ապրիլին են թողել…

Ani Ghulinyan

Չգիտեմ, նկատե՞լ եք, թե ոչ

Չգիտեմ, նկատե՞լ եք, թե ոչ (հաստատ նկատած կլինեք), որ հայկական հեռուստաալիքները ամեն Նոր տարի դեպի առաջ քայլ կատարելու փոխարեն, դեռ մի բան էլ հետ են գնում: Ամեն տարի, իրենց խոսքով ասած` աննախադեպ, երբեք ոչ ոքի կողմից չկրկնված ամանորյա նախագիծ են պատրաստում: Մի քանի հայտնի երգիչ գալիս, երգում են ,դա համեմում են որոշ հումորային դրվագներով, հետո թողնում են հնանա, ու եթե բախտները բերում է, ու այն որոշ հաջողություն է ունենում լսարանի կողմից, հաջորդ տարիներին էլ չեն չարչարվում` հումորային տարրերով նախագիծը լցնելու վրա, մի համերգ են ցույց տալիս, հետո կրկնում անցյալ տարիներինը: Մի հեռուստաալիքով 2011 թվականի Ամանորը Armenia TV-ում է, մյուսով` 2010-ինը, ու այդպես շարունակ: Չեն մոռանում նաև նախորդ տարիների թարգմանած ֆիլմերն ու մուլտֆիլմերը ցուցադրել, որ «տոնական» տրամադրություն ապահովեն: Այդ օրերին ո՞վ ժամանակ ունի նոր ֆիլմ թարգմանելու:

Ամեն տարի, պարտադիր այս օրերին «Մեր բակն» են հիշում: Մի ուրիշն էլ շաբաթներ առաջ տեղի ունեցած միջոցառումը «թթու է դնում», թարգմանում, որ հունվարի սկզբին գիշերային եթերը լցնի: Նախօրոք համացանցով իմանում ենք, թե ով է Միսս Տիեզերքը դարձել կամ տարվա լավագույն մարզիկ, հետո նստում սպասում ենք, երբ է պահը գալու, որ մեր իմացած մարդուն մրցանակ տան, վերջացնենք:

Հա, մեկ էլ հայկական հումորային ֆիլմերը չեն մոռանում: Էնքան են ցույց տալիս տարբեր հեռուստաալիքներով, որ մարդ երբեմնի իր սիրելի ֆիլմից սկսում է զզվել: Հիմա մեկն էլ կասի` դուրդ չի գալիս, անջատիր: Ախր, ո՞ր մեկը անջատեմ, հնարվոր չէ անընդհատ ռուսական ու եվրոպական ալիքներ դիտել: Մեր սխալները պիտի  ցույց տանք, որ մի օր էլ դրանք շտկվեն:

arxiv

Սեղանի հեքիաթներ

Բրնձի ճանապարհորդությունը

Բրնձի հատիկները սովորականի պես պառկած էին տոպրակի մեջ: Նրանց մտքով չէր էլ անցնում, որ մայրիկս որոշելու է տոլմա եփել: Նա բրինձը դատարկեց սկուտեղի մեջ:

-Ախր, ի՞նչ մեղք ենք գործել: Այս ի՞նչ անեծք է,- փնթփնթաց մի ծերուկ՝ թրմփալով սկուտեղի հատակին:

Մայրիկիս պետքն էլ չէր: Նա մի կճեպ գտավ և փորձեց հանել բրնձի կույտի միջից:

-Իսկ ինձ ո՞ւր եք տանում,- բղավեց կճեպը, սակայն արդեն աղբի դույլի մեջ էր:

-Բարև ձեզ,- կիրթ ասաց նա կողքին բազմած պահածոյի դատարկ տուփին:

Երբ բրինձն արդեն մաքուր էր, մայրիկն այն լցրեց կաթսայի մեջ:

-Տիկի՛ն, վե՛րջ տվեք ձեր անմիտ արարքներին,- վրայի փոշին թափ տալով` դարձյալ բղավեց նույն ծերունին: Սակայն այդ պահին էլ բոլորի գլխին սառը ջուր լցրեցին:

-Հասե՛ք, փրկե՛ք, խեղդվում ենք:

Բայց սա դեռ բոլորը չէ: Փորձությունները գալիս էին մեկը մյուսի հետևից: Հիմա էլ մայրիկը բրնձի վրա միս էր լցնում:

-Այս անտաշ կինը կողերս ջարդեց,- տնքում էր բրնձի հատիկը:

Իսկ երբ մայրիկը նրանց սկսեց լցնել կանաչ պարկերի մեջ, բրնձի հատիկը մի քիչ աշխուժացավ:

-Սա ինձ արդեն ծանոթ է,- ասաց նա,- երիտասարդ տարիներիս արշավների շատ եմ գնացել, սա քնապարկ է:

Լավ է` չհարցնեք, թե ինչպես տոլման եփեցին: Բրնձի հատիկն այնպես էր ուռել, սիրտը բարկությունից պայթում էր:

Տոլման հանդիսավորությանբ տանում էին հյուրասենյակ:

Փնթփնթան բրինձն ինձ բաժին հասավ:

Գոռ Բաղդասարյան

***

Աղը

Նրան հանկարծ «աղ» չասեք, թե չէ՝ էլի կվիրավորվի: Ինքը պարոն Աղն է և հիմա բազմում է սպասքապահարանի ամենաբարձրադիր տեղում: Պարոն Աղն իր հարևանների հետ խոսել չի սիրում: «Շատ դատարկ ու զնգուն են հարևաններս: Եվ օգտակար էլ չեն,- մտածում էր ինքն իրեն,- այս ափսեներին նայեք: Ո՞ւմ են պետք, եթե ապուր չուտեն, նրանց ոչ ոք չի հիշի: Հետո շատ փնթի են, ամեն օր պիտի սրանց լողացնես: Իսկ ինձ այնքան խնամքով են պահում, որ ջրի կաթիլ անգամ չի կպնում»:

Եվ իր կարողություններից ուռած-փքված` մտավ պահարանի ամենամութ անկյունը: «Լավ է այստեղ մեն-մենակ նստեմ, քան սրանց հետ լեզու թրջեմ, մանավանդ, ջուրն էլ իմ թշնամին է»,- որոշեց նա: Երբ բոլորը սեղան նստեցին, պարոն Աղի մասին մոռացան: Ախր, փոքրիկ աղջիկը հո չէ՞ր կարող պահարանի մութ անկյուններն ստուգել:

Իսկ Պարոն Աղն արդեն զայրույթից քիչ էր մնում պայթեր:

-Այսօր ճաշն այնքան էլ համեղ չէ,- շատ զգույշ, որ մայրիկը չվիրավորվի, ասաց հայրիկը:

-Իսկապես, աղցանն էլ է անհամ,- նկատեց մայրիկը:

-Որտե՞ղ է աղը,- հարցրեց պապիկը,- դուք ոչ մի կերակուրի մեջ աղ չեք լցրել:

«Վերջապես»,- խորը շունչ քաշեց պարոն Աղը:

-Մյուս անգամ ինձ առաջինը կդնեք սեղանին,- մրթմրթաց նա ու գործի անցավ:

Փոքրիկ աղջիկն էլ ինքն իրեն մտածեց. «Ինչ կարևոր է աղը, առանց նրա ամեն ինչ անհամ է: Երևի, համը հենց ինքն է»:

Լավ է պարոն Աղը մտքեր կարդալ չգիտեր, թե չէ հետը խոսել չէր լինի:

Գևորգ Մանթաշյան

***

Շագանակը

Կար-չկար մի շագանակագույն շան ձագուկ կար: Նա շատ տխուր էր, որովհետև իրեն շագանակ էր զգում: Բոլոր շներն իրեն «շագանակ» էին ասում: Խեղճ շնիկը որոշել էր բարձրանալ շագանակի ծառը: Եթե ինքը շագանակ է, թող շագանակները իր ընկերները լինեն: Ոչ մեկն այլևս իրեն չի ծաղրի: Երբ շնիկը բարձրացավ ծառը, շագանակները հարցրեցին.

-Այս շունն ինչո՞ւ է եկել մեր ծառի վրա նստել:

Շունը զարմացած մտածեց. «Այս շագանակները շների ցեղն ավելի լավ են ճանաչում, քան իմ ընտանիքը»:

Եվ սուսուփուս ծառից իջավ:

Մուշեղ Բաղդասարյան

***

Փնթփնթան սփռոցը

Կար-չկար մի գեղեցիկ ու տարօրինակ մի սփռոց: Դե դուք ասեք, բա տարօրինակ չէ՞ր: Չէր թողնում իր վրա ուտելիքներ շարեն:

-Այս ի՞նչ խայտառակություն է, ո՞վ է այս լպրծուն հավը դրել իմ գեղեցիկ ծաղիկների վրա,- ճչում էր նա,-հազար անգամ եմ ասել. ես զզվում եմ հավի հոտից. հիմա յուղից լաքաներ կմնան ինձ վրա:

Ոչ ոք սփռոցի ձայնն իսկի չէր լսում, և շարունակում էին ուտելիքով լի ափսեները դասավորել սփռոցի վրա:

-Հիմա էլ ապուր են դնելու: Ապուրի ամաններից իմ դեմքը կնճռոտվում է,-բղավեց սփռոցն ու այնպես ձգեց երեսը, որ ափսեները շուռ եկան:

-Մայրիկ, սփռոցը կեղտոտ է, ուրիշ սփռոց փռի սեղանին,- ասացին երեխաները:

-Իսկապես, ինչ լաքաներ կան վրան, իսկ ես չէի նկատել,- զարմացավ մայրիկն ու անմիջապես հավաքեց գոռոզ սփռոցին:

Շուտով բոլոր հյուրերը հավաքվեցին, և ուրախ խնջույքն սկսվեց:

Միայն գոռոզ սփռոցն էր տխուր, չէ՞ որ կեղտոտ սպիտակեղենի զամբյուղի միջից ոչինչ չէր երևում:

Նարե Աղաբաբյան

***

Համբուրգերը

Հացը պառկել էր հացամանի մեջ ու մտածում էր: Նա երազում էր եգիպտական բուրգ դառնալ: Եվ քանի որ լսել էր, թե ինչպես են մայրիկներն իրենց բալիկներին հորդորում. «Կեր, որ մեծանաս»,-ինքն էլ սկսեց ուտել: Ուտում էր ինչ պատահի. Համ պանիր, համ մի երշիկ, համ կանաչի, հաճույքով լպստեց մանանեխի գդալը… Համ կերավ սեղանին դրված խորովածը, համ էլ՝ թթուն…

Համ, համ, համ… Ուռեց-տռզեց, բայց եգիպտական բուրգ չդառավ: Կերածը բկին կանգնեց, ու համբուրգեր դարձավ:

Լիլիթ Հովհաննիսյան

***

Նուռը

-Լռեք, ես ինչ-որ ձայն լսեցի,- ասաց նռան հատիկներից մեկը:

-Այդ հարևան սենյակում են բարձրաձայն զրուցում,- հանգստացրեց մեկ ուրիշ հատիկ:

-Ի՞նչ եք կարծում, մեզ ի՞նչն է այսպես տաքացնում, շոգից խեղդվում եմ:

-Երևի, մեզ գրկել են ինչ-որ տաք արարածներ:

-Այդ դուք եք շոգից խեղդվում, իսկ այստեղ շատ ցուրտ է,- դժգոհեց մի հատիկ, որը նռան խորքում էր նստել:

-Ինձ թվում է, մենք տաք ջրի մեջ ենք լողում, դրա համար էլ շոգում ենք,- ասես ընկերոջ փնթփնթոցը չլսեց կեղևին կառչած մի ուրիշ հատիկ:

-Բավական է ձեր չիմացած բաների համար վիճեք,- չդիմացավ նռան կեղևը,- մեզ արևն է այդպես ջերմացնում: Դժգոհելու կարիք էլ չկա, եթե արևը ձեզ չտաքացնի, դուք չեք մեծանա:

-Իսկ արևն ի՞նչ է,- զարմացան հատիկները,- համեղ ու տաք գոլորշի՞:

-Ինչ էլ ասեմ՝ չեք պատկերացնի: Արևը տաք գունդ է:

-Նա՞ էլ է մեր ծառից կախված,- բոլորի անունից հարցրեց ամենաիմաստուն հատիկը, որը լսել էր ծառի մասին:

-Ըհը, ասում էի, չէ՞, որ չեք պատկերացնի,- հիմա, եթե ասեմ արևը երկնքում է, պիտի հարցնեք, թե ինչ է երկինքը:

-Իսկ դու արևին տեսնո՞ւմ ես,- նախանձով հարցրեցին հատիկները,- եթե տեսնում ես, այնպես արա, որ մենք էլ տեսնենք:

-Դե, լավ, հիմա կտեսնեք,- ասաց կեղևը, հավաքեց իր ուժերն ու պատռվեց:

Հենց այդ պահին պարտեզ մտավ Ծովինարը, տեսավ ճաքած նուռը և ուրախ բացականչեց.

-Վայ, նուռը ճաքել է, ես հիմա այն կդնեմ մեր տոնական սեղանին:

Աշխեն Գրիգորյան

***

Մանուշակը

Մանուշակն այնքան փոքրիկ ու քնքուշ էր, որ ձեռքը սեղանին էլ չեր հասնում: Հայրիկն աթոռի վրա մի բարձ դրեց և Մանուշակին նստեցրեց վրան: Աղջիկն այնքան երջանիկ էր, չէ՞ որ իրեն թույլ են տվել մեծերի հետ սեղան նստել: Հուզմունքից նույնիսկ ուտել չէր կարողանում: Երբ քրոջ ընկերները տեսան փոքրիկին, ժպտացին, Մանուշակն այնպես կարմրեց, որ մոռացավ, թե ինչ է իր անունը:

-Լեզու չունե՞ս,- ծիծաղեցին աղջիկները,-ի՞նչ է քո անունը:

Լավ է՝ իրեն ոչ ոք չնկատի, ինքն այնպես սուսիկ-փուսիկ կնայի բոլորին, կլսի, թե ինչ են խոսում: Իսկ համեստ մարդիկ, պետք է ձեզ ասեմ, ավելի շատ բան են լսում և իմանում: Այդ պատճառով էլ ոչ ոք չլսեց, թե ինչ են իրենց մասին մտածում ծաղկամանի մեջ դրած ծաղիկները:

-Այս տղան շատ անշնորհք է,-դժգոհեց զանգակը,- տոլման թափեց ծաղկաթերթերիս:

-Իսկ այս աղջիկն իր վրա է շաղ տվել մայրիկի օծանելիքը,- բարկացավ մեխակը,- հիմա իմ բույրը ոչ ոք չի զգա:

-Փրկեք ինձ այս անգութ տղայից,-ճչաց երիցուկը,- նա պոկում է իմ գեղեցիկ թերթիկները:

Մանուշակը հուզմունքից կարմրել էր.

-Բաց թող երիցուկը,- խնդրեց նա տղային:

Եվ, այ, քեզ զարմանք, տղան փոքրիկ Մանուշակին լսեց:

-Ինչ բարի ու լավ աղջիկ ես դու,- երախտագիտությամբ նրան նայեցին ծաղիկները և այնքան անուշ բուրեցին, որ նույնիսկ օծանելիքը գլխին լցրած աղջիկը բացականչեց.

-Ինչ լավ են բուրում ձեր ծաղիկները:

Մանուշակը ոչինչ չասաց: Չէ որ համեստ մարդիկ իրենց կատարած բարի գործերի համար երբեք գլուխ չեն գովում:

Մարիամ Միքայելյան

***

Արքայանարնջի գդալները

-Քանի անգամ եմ ասել՝ պատառաքաղով կեր,- բարկացավ մայրիկը, երբ Տիգրանիկը նրբերշիկը տարավ բերանը:

-Ես վայրի մարդ եմ, մայրիկ,- բացատրեց տղան,- տես, նոր եմ եկել անտառից, առաջին անգամ եմ պատառաքաղ տեսնում:

-Տիգրանիկ, տորթը գդալով կեր: Մի քեզ նայիր, վերնաշապիկիդ ու քիթմռութիդ նայողը կարող է իմանալ, թե ինչ կար տոնական սեղանին:

Իսկ Տիգրանիկն արդեն հովազ է, մռնչում ու թռչում է աթոռից աթոռ:

-Այս հովազը հիմա քեզ կուտի,- վախեցան ափսեները:

-Իսկ գդալներն ու դանակներն այնպես վիրավորվեցին, որ սուսուփուս մտան արքայանարնջի կորիզների մեջ:

-Չե՞ք հավատում, հապա կիսեք արքայանարնջի կորիզները և ուշադիր նայեք:

Անի Աղաբաբյան

***

Հացի կտորը

-Եկեք, գնանք ձնագնդի խաղալու,- առաջարկեց Նարեկը, և բոլորը դուրս վազեցին: Անին, որ դեռ ուտելը չէր վերջացրել, հացն առավ ձեռքն ու գնաց նրանց հետևից: Ձնագնդի խաղալով ուտել չի լինում, և Անին հացը դեն նետեց: Հացի կտորը շատ էր վիրավորվել:

-Ուրեմն, ես բոլորովին էլ սուրբ չեմ, ինչպես ասում են բոլորը: Չէ որ երեխաների համար խաղալն ավելի կարևոր է, քան ես: Այդ ժամանակ մի ծիտիկ տեսավ գետնին ընկած հացի կտորը և մոտ թռավ:

-Այսօր ճոխ սեղան կբացեմ և կհրավիրեմ բոլոր քույրիկներիս և եղբայրներիս:

Նա վերցրեց և տարավ-դրեց կերակրասեղանի վրա: Քիչ հետո բակն ուրախ ճռվողյունով լցվեց:

-Ուրեմն, ես այդքան էլ վատը չեմ,- խորը շունչ քաշեց հացի կտորը:

Սոնա Մադաթյան

***

Խոսող կոնֆետը

Մայրս կոնֆետը լցրել էր ափսեի մեջ և դրել սեղանին: Ես վազելով սենյակ մտա, մեկը վերցրեցի և նորից բակ իջա: Հենց ուզում էի ուտել, մեկ էլ մի ձայն լսեցի.

-Ինձ մի կեր, խնդրում եմ,- ասաց կոնֆետը:

-Բայց ես կոնֆետ այնքան եմ սիրում, որ ուզում եմ քեզ ուտել:

-Եթե դու ինձ ուտես, լավ չի լինի: Ավելի լավ է` ինձ ջրավազանը գցիր: Հետո կտեսնես, թե ինչ կլինի:

Ես մի քիչ տխրեցի, բայց արեցի կոնֆետի ասածը: Քիչ հետո, ջրի գոլորշիների հետ կոնֆետս էլ վեր բարձրացավ: Ես տխուր տուն վերադարձա և սկսեցի դասերս պատրաստել: Քիչ հետո անձրև եկավ, և երկնքից կոնֆետներ թափվեցին: Բոլոր ծառերի ճյուղերից գույնզգույն կոնֆետներ էին կախվել: Ի~նչ լավ է, որ ես խոսող կոնֆետին չկերա:

Ծովինար Տալյան

***

Խոզուկը

Նախատոնական օր է: Կենդանիները վիճում են, թե նրանցից ով կլինի ամենացանկալին ու կզարդարի տոնական սեղանը: Զանգուլակով հորթուկն ամենահպարտն է:

-Ես սնվել եմ ալպյան մարգագետինների կանաչով և կլինեմ սեղանի զարդը: Ինձնով բազում խորտիկներ կպատրաստեն:

Իսկ կչկչան հավը` ձայնը գլուխը գցած գովում էր իր` առանց դիօքսինի միսն ու ձուն:

Պակաս պարծենկոտ չէին նաև նապաստակն ու հնդկահավը: Միայն խոզուկն էր խռխռացնում ու խոճկորների հետ թավալ տալիս ցեխաջրում: Տոնն սկսվեց: Սեղանի ամենապատվավոր տեղում բազմել էր խոզուկը: Երեխաներն ուրախանում էին և ցույց տալիս նրա զարդարված գլուխը: Իսկ խոզուկը լայն բացել էր նռով ու կանաչիներով զարդարված բերանն ու ասում էր.

-Չէ, պարծենկոտի ճանապարհը շատ կարճ է: Խորտիկներից` ուղիղ ստամոքս, էն էլ առանց հիացմունքի: Իսկ ինձնով դեռ երկար կհիանան ու կափսոսան ձեռք տալ:

Նարե Գալստյան

2000թ.

Քրտնաջան աշխատանքի պտուղները

Լուսանկարը՝ Անգելինա Կարապետյանի

Լուսանկարը՝ Անգելինա Կարապետյանի

Ամռանը հասնող բերքը ծառայում է ինչ-որ նպատակի: Մի մասը առևտրի միջոցով փոխանցվում է այն մարդկանց, ովքեր իրենց բակում ծառեր չունեն, իսկ մյուս մասը օգտագործվում է պահածոների, կոմպոտների և շատ սիրելի չրերի պատրաստման համար, որոնց տեսքը կարող է գրավել նույնիսկ «ամենաչքաղցրակեր» մարդուն:

Ամառը բուռն գործունեություն է ծավալում նաև մայրս: Նա չրեր է պատրաստում նույնիսկ նարնջի, ձմերուկի և կիտրոնի կեղևներից:

Լուսանկարը՝ Անգելինա Կարապետյանի

Լուսանկարը՝ Անգելինա Կարապետյանի

Նարնջի չիր պատրաստելու համար անհրաժեշտ են նարնջի կեղևներ, որոնք պետք է կտրատել տարբեր չափերով (ըստ ցանկության), լցնել կեռասի եփած հյութի մեջ, ինչը չրին տալիս է համ ու հոտ, և եռացնել: Երբ կեղևը փոխում է գույնը, դնում են չորանալու: Շատ հեշտ գործընթաց է:

Թզի չիր պատրաստելը նույնպես հետաքրքիր է: Ընտրել թզի առողջ պտուղներ, լվանալ, դնել ջրքամվելու: Հատ-հատ թաթախել ալկոհոլային խմիչքի մեջ (օղի, գինի, կոնյակ): Հանել, ծակծկել և շաքարապատել: Եռացնել և մեկ օր պահել արևի տակ, իսկ հետո՝ միջանցիկ քամու տակ:

Դդմիկի չիր պատրաստելու համար անհրաժեշտ է դդմիկը լվանալ, կլոր կտրատել, կորիզները մաքրել, լցնել օշարակի մեջ: Եռացնել այնքան, որ ստանա փայլուն տեսք: Շարել կաղապարի մեջ և օշարակը լցնել վրան:

Ինչպես ասում են, եկել են ձմռան նեղ օրերը, իսկ ամռան մասին հիշողությունները կթեթևացնեն սպասվող օրերի ծանրությունը:

 

mariam tonoyan

Ժպտա…

Ժպտա՛, ժպտա անկեղծ, ազատ ու սրտաբուխ: Ժպտա՛, և շուտով կնկատես, որ ի պատասխան՝ բոլորն են քեզ ժպտում: Մոռացիր այն ամենը, ինչի պատճառով կարելի է տխրել, քանի որ մեր երջանկությունը կախված է միայն մեզանից: Այդ կապակցությամբ Լինկոլն ասում էր, որ մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքան, որքան ինքը որոշել է երջանիկ լինել: Իսկ դարերի ընթացքում իմաստացած չինացիները պնդում էին, որ չժպտացող մարդը խանութ չպիտի բաց անի:

Ժպտալ ու երջանիկ լինել հենց այնպես, առանց որևէ շահի կամ նպատակի, ախր, դա այնքան հեշտ է: Չէ՞ որ փողոցում հանդիպող ցանկացած մարդու ժպիտով դիմավորելով՝ մենք հարստացնում ենք նրան: Հարստացնում` անսահման գոհունակություն ու հաճելի տրամադրություն պարգևելով: Ժպիտի այդ ակնթարթները երկար ժամանակ չեն մոռացվում, քանի որ բոլորն ունեն ժպիտի կարիք` աղքատ թե հարուստ, ծեր թե երեխա… Միայն ժպիտի շնորհիվ է բարի մթնոլորտ առաջանում մեր շրջապատում: Անախորժությունների դեմ ժպիտը բնության ստեղծած լավագույն հակաթույնն է համարվում: Ի՞նչ եք կարծում, չարժե՞ մի աննշան ժպիտով օծել այն մարդկանց, ովքեր օրեր շարունակ այնքան զբաղված են լինում, որ նույնիսկ ժպտալու համար ժամանակ չեն գտնում: Կամ մռայլ մարդկանց, ովքեր վատ են վերաբերվում շրջապատում կատարվող ամեն իրադարձության` մանրուքները ողբերգությունների վերածելով: Բայց, այնուամենայնիվ, ժպիտը չի կարելի գնել կամ խնդրել, ո՛չ պարտքով վերցնել, ո՛չ էլ գողանալ, այլ պետք է սրտանց նվիրել ու ստանալ:

Եթե ամանորյա եռուզեռից հոգնած մարդիկ գտվեն, ովքեր նույնիսկ ի վիճակի չլինեն ձեզ ժպտալ, թույլ չե՞ք տա, արդյոք, խնդրել, որ ձեր ժպիտներից մեկը նրանց նվիրեք…

«Շատ էգոիստ եմ՝ ինձ գրելուց զրկելու համար»

Զրուցակիցս գրող, բլոգեր,  լրագրող Սյունե Սևադան է: 

-Վաղո՞ւց եք ստեղծագործում: 

-Պաշտոնապես՝ վեց տարի: Փորձեր վաղուց եմ արել՝ յոթ-ութ տարեկանից սկսած:

-Ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը:

-Եթե էլի պաշտոնապես, բլոգիս առաջին գրառումը եղել է «Ավել» վերնագրով, որտեղ ես տունը սրբող ավելի մտքերն էի գրել, փոքրիկ գրառում էր: Բայց իմ մեջ շատ տպավորվել է փոքր տարիքում գրած իմ հեքիաթը մի նապաստակի մասին, որի անունը Ձյունիկ էր:

-Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ ստեղծագործելիս: 

-Ես չունեմ ոգեշնչում: Որևէ պահի ինչ-որ բան կարող է մեծ ազդեցություն թողնել վրաս, բայց դա ոգեշնչում չէ: Մեկի ձեռքը, մյուսի բառախաղը, երրորդի թարթիչները, հաջորդի թարթիչները, մեկ ուրիշի կոշիկները: Դետալներ, որոնք ուղղակի ինձ դուր կգան: Սրանք ուղղակի վառ կետեր են դառնում պատմվածքներիս մեջ, բայց ես կարիք չունեմ գլոբալ ոգեշնչումների, որովհետև գրելը ևս աշխատանք է՝ տեխնիկական առումով: Իսկ ասելիքը սպառվել չի կարող: Կարծում եմ՝ ինձ մոտ նման խնդիր չի լինում, ես միշտ գրելու բան գտնում եմ: Գուցե չլինի լավագույն գրածը, թույլ ստացվի, հետո ջնջեմ, բայց հնարավոր չէ նստել բլոկնոտի կամ համակարգչի առաջ ու ոչինչ չգրել: Առհասարակ կարծում եմ, որ քո սիրելի գործերը պիտի հասցնես այն մակարդակի, որ ոգեշնչումներից կախված չլինեն: Պիտի կառավարես նրանց, որքանով հնարավոր է:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց լրագրողի մասնագիտությունը: 

-Ժառանգական է: Մայրս, մորաքույրս լրագրողներ են եղել, հայրս՝ օպերատոր, երեք տարեկանից խմբագրությունների պատերի տակ եմ մեծացել, յոթից՝ հաղորդումներ եմ վարել: Հինգ տարեկանից վարել եմ նաև այն համերգները, որտեղ ինքս երգել եմ, բայց երգչուհի դառնալու ճանապարհով չգնացի՝ չնայած ուղիղ տասը տարի բավականին պրոֆեսիոնալ երգել եմ: Ձայնիս լայն դիապազոնը կորցրի, «զոռը» տվեցի գրելուն: Ժուռնալիստիկան ինձ հարազատ մասնագիտություն է, ինձ լավ եմ զգում աշխատանքիս մեջ: Հենց դրա համար էլ ընտրել եմ:

-Իսկ ի՞նչ է գրելը Ձեզ համար: 

-Երևի պաթետիկ մի բան պիտի ասեմ, ինչպես, օրինակ, գրելն իմ կյանքն է, գրում եմ, որովհետև չեմ կարողանում չգրել: Չէ, գրելն ուղղակի մտքերիս մարմնացումն է՝ թղթերի վրա կամ համակարգչում: Ինձ համար շատ կարևոր ու ինձ իսկապես երջանկացնող գործողություն:

-Հաճա՞խ եք վերընթերցում Ձեր գրածները: 

-Շատ քիչ եմ կարդում սեփական գրածներս, դրանք մեծամասամբ չեմ հավանում: Ուղղակի, երբ դրանք հրապարակվում են, այլևս իրավունք չունեմ որևէ բան փոխելու, քանի որ գրվածքներս դադարում են ինձ պատկանել, ընթերցողը դրանց մեջ իր պատկերացումներն է դնում: Դրա համար սեղմում եմ ատամներս ու ձեռքով ճակատիս խփում՝ «էս ինչ էշություն եմ գրել» վանկարկելով: Ասում եմ, բայց շարունակում եմ գրել, որովհետև շատ սիրելի «էշություն» են պատմվածքներս, չափազանց շատ: «Էշությունները» ևս սիրվելու կարիք ունեն, այդ ծանր գործն ինձ վրա եմ վերցրել:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը, որ հաճախ եք ընթերցում: 

-Հիմա ինչ-որ փոփոխական վիճակում եմ: Մեկ ամիս առաջ կասեի, որ ամենասիրելի գրողս Չաք Փոլանիքն է: Հիմա չեմ ասի: Ոչ թե որովհետև էլ չեմ սիրում, այլ որովհետև այդ փուլն էլ անցավ: Բրոդսկի եմ հաճախ թերթում, դեռ իր փուլը չի անցել: Հիմա «իմոնքական» նոր գրողներ եմ փնտրում, հուսամ ինձ երկար մենակ չեն թողնի ու կհայտնվեն կյանքումս: Լավ գրքերն ինձ գտնելու սովորություն ունեն՝ ընկերներիս օգնությամբ, ուրիշների գրառումների շնորհիվ, գրախանութների դարակներից աչք ծակելու տարբերակով: Նշանների եմ սպասում:

-Ձեր մասնագիտություններից ո՞րն եք համարում ավելի դժվար: 

-Ոչ մեկը: Ե՛վ պատմվածքներս, և՛ հոդվածներս երգելով եմ գրում: Ավելի դժվար չեն, որովհետև երկուսն էլ իրենց դժվարություններն ունեն, բայց դա ինձ դուր է գալիս: Հեշտ լինեին՝ չէի ընտրի:

-Եթե կանգնած լինեիք ընտրության առաջ, կընտրեք լրագրությո՞ւնը, թե՞ գրելը: 

-Իհարկե գրելը, դա չի քննարկվում: Լրագրությունը իմ շատ-շատ սիրելի մասնագիտությունն է, բայց եթե անկեղծ, առանց դրա էլ կապրեմ: Սկզբում մի քիչ տարօրինակ կլինի, դատարկ կլինի, բայց ամենաուշը մեկ տարուց փոխարինող մի բան կգտնեմ: Ավելին ասեմ, հիմա հանրային կապերն եմ ուսումնասիրում, հանրային կապերի մասնագետ եմ ուզում դառնալ: Լրագրությունը թողնելը հեշտ չէ, բայց հնարավոր է: Շատ էգոիստ եմ՝ ինձ գրելուց զրկելու համար, չի ստացվի, իսկապես ծանր կտանեմ՝ պաթետիզմի ու դրամատիզմի բոլոր մուգ երանգների կիրառությամբ: Բայց նման բան չի լինի, չեմ տեսնում պատճառ, որի համար առհասարակ դադարեցնեմ գրելը:

-Արվեստի ո՞ր ճյուղն եք համարում Ձեզ հոգեհարազատ և ինչո՞ւ: 

-Նոր-նոր սկսել եմ արվեստի պատմություն ուսումնասիրել: Դեռ շատ խակ եմ՝ այս հարցին պատասխանելու համար: Ամեն ոլորտում էլ ունեմ սիրելի գործեր, ճյուղեր, բայց դա քիչ է: Գուցե որևէ մեկը ժամանակի ընթացքում ինձ համար առանձնահատուկ կդառնա, տեսնենք:

-Ինչպիսի՞ բնավորությամբ մարդիկ են Ձեզ դուր գալիս: 

-Ինքնաստեղծ մարդկանց եմ սիրում: Որոնք հատիկ-հատիկ կառուցում են իրենց: Ճաշակից բռնած մինչև սիրելի երաժշտություն, բնավորությունից մինչև արտաքին տեսք: Ուժեղ, ձգտող, քայլեր անող մարդկանց եմ սիրում: Քիչ հանդիպող տեսակ է, բայց ինձ համար՝ անսահման սիրելի:

-Կա՞ ինչ-որ մեկը, ում կցանկանայիք նմանվել: 

-Նմանվել՝ չէ, բայց շատերից եմ սովորում:

-Ո՞րն է Ձեր կարգախոսը: 

-Per aspera ad astra (փշերի միջով դեպի աստղեր):

Հարցազրույցը վարեց` Մարի Բաղդասարյանը