anush mkrtchyan

Շենիկի Վարդավառը՝ առանց ջրի

Այսօր ամսի 23-ն է՝ Վարդավառ: Ուզո՞ւմ ես հարցնել՝ աղջիկ ջան, բա ի՞նչ ես նստել համակարգչի դիմաց, գնա ջրվելու: Հա, իհարկե, հիմա կվազեմ փողոց, որտեղ ես եմ, դատարկ դույլը ու էլի ես:

Չզարմանաս, եթե ասեմ, որ մեր՝ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում այս օրով ջուր չկա: Խուճապի մի՛ մատնվիր, ես ամեն ինչ կբացատրեմ:

Հարևանի տղան զանգում է գյուղի «ջրի մարդուն»՝ Ահարոն ձաձային:

-Ահարոն, բարև: Էս ինչի՞ ջրերը չկա էս օրով:

-Գապե ջան, արտեզյան ջրերի շլանգները տրաքվել ա, կանալի ջուրն էլ Գրիգորի Մարտինը փակել ա, իրա բոստանն ա ջրում, զանգեք իրան:

Զանգ Գրիգորի Մարտինին.

-Մարտին, բայլուս: Էս ի՞նչ լավ օր ես գտել բոստան ջրելու: Գոնե մի 2 ժամով ջուրը թող, գա մայլեն՝ մի քիչ ջրոցի խաղանք:

-Ջուրը, առավոտ 6-ին նոր բացել եմ …,- մնացածը արդեն չեմ հիշում:

Հիմա ուզում եմ հետադարձ հայացք գցել անցյալին: Մի 5 տարի առաջ, մաման ինձ մի կերպ էր փողոցից տուն բերում, որ մի քիչ չորանամ, էսօր ինքն ա համոզում, որ մի տեղ գնամ ջրվեմ, դե, ասում են՝ Վարդավառ ա, էլի: Մի քանի տարի առաջ մեր փողոցում էրեխեքը «ռեդիի» դույլերով իրար հավեսով ջրում էին, հիմա էրեխեքն էլ չկան, ուր մնաց՝ «ռեդիի» դույլերը:

Ասածս էն ա, որ ամեն ինչ գնալով փոխվում ա, մեր գյուղում, որ՝ հաստատ: Եթե ավել մի դույլ ջուր ունեք, ուղարկեք Շենիկ, ասում են՝ Վարդավառ ա…

Գավառում Վարդավառ է

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Մա՛ր, զարթնի՛ր, արդեն սկսել ենք,- արթնացրեց քույրս ուրախ բացականչությամբ:
-Ժամը ութի՞ն,- փնթփնթալով վեր կացա ես:

Մինչ պատրաստվեցի ու դուրս եկա, պարզվեց, որ բավականին ուշացել եմ ու, ինչն ամենացայտունն էր, միակ չթրջված մարդը դրսում։ Չհասցրեցի ջրով լի դույլս բարձրացնել, երբ հետևից ինչ-որ մեկն իր դույլը գլխիս դատարկեց, իսկ առջևից էլ երեխաները «Մարիամին չենք ջրել» բացականչությամբ դեպի ինձ էին վազում։ Մնում էր միայն փախչել ու հուսալ, որ ջուրը շատ սառը չի լինի։
Ես էլ թրջվեցի։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ջրում էինք առանց թիմերի բաժանվելու՝ ով ում պատահի։ Ոչ ոք չէր մնում չոր հագուստով, եթե նույնիսկ պատշգամբում էր։ Չէ՞ որ շենքի բարձր հարկերից նույնպես ջրի շիթեր էին բաց թողնում։ Որքան վերև՝ այնքան ապահով:
Շուտով մեզ՝ երեխաներիս, միացան նաև մեծահասակները՝ հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները։ Արկածները դեռ նոր էին սկսվում։ Անծանոթ մարդկանց չէր փրկում նույնիսկ «մոտս հեռախոս կա» կամ «կարևոր տեղ եմ գնում» արտահայտությունները:
Երբ նկատեցի, որ շարժն աշխուժացավ, ու կարելի էր հետաքրքիր կադրեր որսալ, տուն գնացի, որպեսզի վերցնեմ տեսախցիկս ու լուսանկարներ անեմ։
Հասկացա, որ դրսում անհնար կլիներ մոտենալ մարդկանց ու չփչացնել տեսախցիկը։ Որոշեցի գործել պատուհանից ու պատշգամբից։ Սկզբում ամեն ինչ լավ էր, ու կարծես ոչ ոք ինձ չէր նկատում։ Մեկ էլ հանկարծ զգացի, որ թրջվում եմ։ Վերևի հարկի հարևանն էր։ Չգիտեր, որ նկարում եմ։ Այժմ թրջվեցի ոչ միայն ես, այլև տեսախցիկս։ Այնուամենայնիվ, հաջողվեց որոշ նկարներ պահպանել։ Դրսում ջրոցին դեռ երկար շարունակվեց։ Մեկը քամում էր թրջված մազերն ու շորերը, մյուսը արևկող պատին հենվում՝ չորանալու, մյուսներն էլ շարունակում էին խաղը:

Nane Eghiazaryan

Թող մի քիչ էլ ջրեն

Բոլորը խոսում են Վարդավառի մասին:Մարդկանց մեծ մասի ամենասիրելի տոնն է, որի ժամանակ պիտի վերջապես դուրս գան փողոց ու ծանոթ-անծանոթի վրա ջուր լցնեն: Դեռ տոնի նախորդ օրը ես պարզեցի, որ պետք է Վարդավառին Եղեգնաձորից գնամ Ջերմուկ: Դե հա, պատկերացնում էի, որ մինչև ավտոբուսին հասնելը պետք է ամբողջովին ջրի մեջ կորած լինեմ, ու հավատացեք, ես դեմ չէի, որովհետև 40 աստիճան շոգի դեպքում ոչ ոք էլ դեմ չէր լինի:

Հասել է պահը. տնից դուրս եմ գալիս և ուղևորվում եմ դեպի ավտոբուսը: Ամբողջ ճանապարհին ես հանդիպեցի դույլերով զինված մարդկանց, (ի դեպ, մոռացա նշել, որ ես քայլել եմ 20 րոպե, այսինքն, ճանապարհը այնքան էլ կարճ չէր): Ես նստել եմ ավտոբուս, ու ինձ վրա ջրի մի կաթիլ էլ չկար: Ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչի համար էին դույլով ջրերը: Ու հավատացեք, եթե չամաչեի, միգուցե անցորդներին ուղղակի խնդրեի, որ ջրեին, ախր, շատ շոգ էր, է:

Հետո հասա տուն: Մեր բակում արդեն ջրոցին ավարտվել էր, այսինքն, երեխաները գնացել էին ուրիշ բակ խաղալու: Հասա տուն ու ապշած դեմքով նստել եմ բազմոցին: Այդ պահին մայրս հարցրեց, թե ինչ է պատահել, ես էլ սկսեցի պատմել, որ այսօր դեռ չեմ ջրվել, իսկ դեռ պատմությունս չավարտած, մայրս հանկարծ չգիտեմ որտեղից, հանեց դույլով ջուրը ու լցրեց գլխիս: Ջուրը շատ սառն էր, բայց իսկապես հաճելի էր…

Շատ հաճախ է պատահում, երբ Վարդավառին պատահական անցորդներին վախենում ես ջրել, մտածում ես, թե կսկսեն բողոքել, ու չես էլ ջրում, իսկ ես մտածում եմ՝ թող մի քիչ էլ բողոքեն, ի՞նչ կա որ…

ruslan aleqsanyan

Բաղանիսի Վարդավառը

Վարդավառը մեր մոտ նշում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը: Գյուղում սովորաբար այդ օրը մարդ չես գտնի: Գյուղացիների մեծ մասը հիմնականում գնում է սար: Սովորաբար շաբաթ երեկոյան մարդիկ խարույկ են անում և հավաքվում են նրա շուրջը, մանուկ թե ծեր, և սկսում են ուտել ու խմել, և իհարկե զրուցել ու կատակել միմյանց հետ: Գյուղացիների մյուս մասը գնում է աղբյուր: Աղբյուրում էլ է ուրախ անցնում ժամանակը, բայց ոչ այնքան, որքան որ սարում: Շատ քիչ մարդիկ են մնում իրենց տներում:

Այս տարի մենք Վարդավառը նշեցինք տանը սովորականի պես: Եղբայրս ճամբար էր գնացել, այդ պատճառով ել չգնացինք որևէ տեղ: Բայց կարող եմ ասել, որ տանն անցկացրած Վարդավառը չես համեմատի մնացած վարդավառների հետ:

Կաքավասարի Վարդավառը

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Պատկերացրեք, որ ամռան շոգին քայլում եք մի ժամանակակից քաղաքի փողոցով, և հանկարծ ձեզ են մոտենում խմբով երեխաներ և դույլերով ջուր լցնում ձեր վրա։ Իհարկե, դուք այդ ժամանակ կշփոթվեք կամ կվախենաք, և կամ էլ ոստիկանություն կկանչեք։ Այսպիսի դեպք կարող է լինել այն ժամանակ, երբ դուք Ֆրանսիայում, Անգլիայում և կամ էլ Ճապոնիայում եք գտնվում։ Բայց եթե դուք Հայաստանում եք, ուրեմն գիտեք, որ այդ օրը նշում են Վարդավառի տոնը, կամ ինչպես շատերին է հայտնի`ջրոցին։ Եվ դուք այդ ժամանակ մի փոքր տագնապով կստուգեք ձեր գրպանները, հեռախոսը, իսկ հետո ջերմ կժպտաք և, քամելով ձեր շորերը, կհեռանաք։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Վարդավառի տոնը Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր կերպ է նշվում։

Մեր` Շիրակի մարզի Կաքավասար գյուղում միջնադարում Վարդավառը տոնել են մեծ շուքով և տոնակատարություններով։ Շիրակի դաշտավայրերից և տարբեր շրջաններից մեր գյուղում գտնվող Թուխ Մանուկ մատուռ էին այցելում ուխտավորներ և մեծ խանդավառությամբ նշում Վարդավառի տոնը։ Իսկ հիմա գյուղից մի քանի ընտանիքներ են, որ Վարդավառը նշում են հենց գյուղում։ Մնացած ընտանիքները իրենց բարեկամների, իսկ երիտասարդները իրենց ընկերների հետ Վարդավառը նշում են մեր գյուղից 9 կմ հեռավորության վրա գտնվող Թռչկանի` մեր բարբառով՝ Չռանի ջրվեժում։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Ամեն ամառ այնտեղ են այցելում զբոսաշրջիկներ տարբեր վայրերից։ Իսկ արդեն Վարդավառի տոնին, ինչպես ասում են մեր մեծերը, ասեղ գցելու տեղ չի լինում։ Բայց և այնպես բոլորն էլ` անկախ տարիքից, առօրյա գործերից կտրվելով, այցելում են Թռչկան և բնության գրկում վայելում երկար սպասված հանգիստը։
Եթե ցանկանում եք վայելել անմոռանալի հանգիստ, ուրեմն համեցեք Թռչկան։

Հուլիսի տոներից մեծագույնը

Լուսանկարը` Թամարա Գալստյանի

Լուսանկարը` Թամարա Գալստյանի

Հարցազրույց Մխչյան համայնքի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի հետ: 

-Որո՞նք են այս ամսվա եկեղեցական կարևորագույն տոները: 

-Եկեղեցական տոները բոլորն էլ կարևոր են, այդ ուրիշ հարց է, թե ժողովուրդը գիտի՞ դրա մասին, թե ոչ: Հուլիսի 1-ին Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն էր: Սա մեծ տոն էր, հուլիսի 6-ին մեր թարգմանիչ վարդապետների տոնն էր, հուլիսի 8 –ին՝ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտի տոնն էր: Հուլիսի 9–ի կիրակի օրը Աստվածածնի տուփի գյուտի օրն էր, այսինքն, այն տուփը, «զարդատուփը», որը օգտագործել էր Աստվածածինը: Այնուհետև Եղիշե, Զաքարիա մարգարեների տոներն են, տասներկու առաքյալների և Պողոս առաքյալի տոնն է, հետո պահք էր մինչև երեկ: Երեկ Տապանակի տոնն էր, այսօր՝ Պայծառակերպության տոնն է, վաղը Մեռելոց է, իսկ հուլիսի 29–ին Թադևոս առաքյալի և Սանդուխտ կույսի տոնն է:

Լուսանկարը` Թամարա Գալստյանի

Լուսանկարը` Թամարա Գալստյանի

-Ի՞նչ խորհուրդ ունի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: 

-Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս, Հովհաննես առաքյալերի հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է:

-Արդյո՞ք շատ է տարբերվում մերօրյա Վարդավառը այն ժամանակներում նշվող Վարդավառից:

-Եկեղեցում ոչ մի փոփոխություն չի կրել, իսկ ժողովուրդը որոշակի փոփոխություններ կատարել է, բայց իհարկե, խորհուրդը միշտ նույնն է եղել:

- Ի՞նչ կմաղթեք երիտասարդներին:

-Երիտասարդներին կմաղթեմ միասնություն, իմաստություն, ամենակարևորը: Եվ թող օտարամոլությունից հեռու մնան, որովհետև մենք ունենք մերը, մեր ազգայինը, ավանդականը, մենք քրիստոնյա ենք… Կմաղթեմ, որ հետ դառնան դեպի իրենց արմատները, իսկ արմատները ամենաթանկն ու ամենակարևորն են:

Վարդավառը Մարտունիում

Մարտունի քաղաքում տեղի ունեցավ Վարդավառին նվիրված մեծ փառատոն: Փառատոնին մասնակցում էր Մարտունին և նրան հարակից գյուղերի մի մասը:Կազմակերպել էին ավանդական ուտեստների ցուցադրություն,սպորտային խաղեր տարբեր գյուղերի երեխաների միջև, պարային համույթներ Մարտունուց և գյուղերից և իհարկե, անակնկալ հյուրերի համար. սիրված երգիչներ՝ Ներսիկ և Արաբո Իսպիրյանները, Սևակ Ամրոյանը, Սոնա Շահգելդյանը: Այդպիսի փառատոն տեղի էր ունենում առաջին անգամ, բայց կազմակերպիչների հետ զրույցից հասկանալի դարձավ, որ մտադիր են այդպիսի փառատոները սարքել շարունակական:

Փառատոնի անմիջական կազմակերպիչներն էին Գեղարքունիքի մարզպետը, Մարտունու քաղաքապետը և մասնակից գյուղերի գյուղապետերը:

Վաղաշեն գյուղը առանձնացավ նրանով, որ տեղում իջեցրել էր թոնիրներ, և ուտեստների մեծ մասը տեղում էր պատրաստում ՝ թոնրի լավաշ, գաթա, խորոված և այլն: Վաղաշենի գյուղապետարանի աշխատող Լազր Հովհաննիսյանի զրույցից պարզ դարձավ, որ գյուղը Մարտունու քաղաքապետի կողմից ստացել էր երկու պատվոգիր՝ «Լավագույն սեղան» և «Ակտիվ մասնակից»: Իսկ վերջում գյուղապետը ավելացրեց. «Փորձել ենք պահպանել հայկական ավանդութները, գյուղին բնորոշ ավանդական ուտեստները պատրաստված մեր գյուղի կանանց տանջված ձեռքերով»:

Իսկ վերջում մի զավեշտ: Երբ մի կնոջ խնդրեցին հարցազրույց տալ մեդիային, նա պատասխանեց . «Ջրու վրեն կռվել էղներ՝ կռվի, բայց հարցազրույց՝ չէ»:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի, Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Վարդավառ

milena khachikyan

Երկրորդ կո՞ւրս

Մտնում եմ ֆեյսբուք: Առաջինը, որ պատիս հայտնվում է, ծանուցումն է այն մասին, որ Նորայրը փոխել է կուրսի խմբի անունը. ժուռնալիստիկայի ֆակուլտետ. երկրորդ կուրս: Երկրորդ կո՞ւրս: Բայց հաստա՞տ երկրորդ:

Դե հա, քննական շրջանում ժամանակը անվերջ էր թվում: Դա այն շրջանն էր, երբ մենք պարզապես դադարել էինք նկատել մարդկանց ու իրերը, որ պտտվում էին մեր շուրջը, և բաց էինք թողնում այն, ինչ կատարվում էր մեզնից դուրս, որովհետև այդ նույն անվերջ ժամանակը արի ու տես՝ չէր հերիքում մեզ: Իսկ այսօր արդեն՝ երկրորդ կուրս: Երկրո՞րդ:

Դրա պատճառով է, որ այսօր Մոնիկան ինձ գրում է ՝ առաջին կուրսում միասին նկարվել չհասցրինք, ու ես հանկարծ տխրում եմ. ախր, ո՞նց կարող էինք չհասցնել:

Ու հանկարծ հասկանում եմ, թե այդ առաջին կուրսը, չնայած իր բոլոր թերություններին, ինչքան ճիշտ դասավորվեց իմ կյանքում ու ինչքան ճիշտ դասավորեց մարդկանց այնտեղ:

Որովհետև, եթե մի տարի առաջ ես Հայարփիին միայն անունով գիտեի (դե հա, նա այդպես էլ չիմացավ, որ սեպտեմբերի մեկին իրեն գտնելու հույսով ես մոտեցա առաջինն ինձ պատահած ակնոցով կուրսեցուս ու վրիպեցի), ապա այսօր նրանից ձեռագիր նամակ եմ ստանում, ուր նա գրում է՝ ուզում եմ՝ քեզ չկորցնես երբեք էս անհասկանալի աշխարհում:

Եվ եթե մի տարի առաջ Լուսինը հավատում էր, որ մենք միասին կանցնենք այդ աշխարհում մեզ սպասվող բոլոր փոսերի միջով, ապա այսօր մնացել է միայն չգրելուն հաղթենք, ու սա երկուսիս էլ վերաբերում է:

Բայց կարևոր է նաև կարոտներին հաղթելը, որոնք դեռ ամիսներ պիտի տանջեն, համենայն դեպս, գոնե ինձ, որովհետև, ես, ախր, իսկապես կարոտել եմ:

Աստղի, Նորայրի, Մարիամի, Ռուբենի ու Մհերի հետ բանավեճի խաղերին պատրաստվելն եմ կարոտել, ու թե ինչպես էինք անուն որոշում մեր թիմի համար:

Եզրափակիչ խաղն եմ կարոտել, ու այն, ինչ կատարվեց դրանից առաջ ու հետո:

Ու այն, ինչ դեռ պիտի կատարվի:

Կարոտել եմ իմ ու Աստղի նստարանը, որտեղ մենք սովորեցինք մեկս մյուսիս նախ մխիթարել, ապա հուսադրել, հետո նաև ոգևորել, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կորած էր, ու աշխարհում ամեն ինչից առավել ինչ-որ պահի հենց մեզ էլ հավատացինք:

Կարոտել եմ Նորայրի լուսավոր մտքերը մեզ սպասվող նույնքան լուսավոր ապագայի մասին, որոնք ամենամեծ մոտիվացիան են այն ճանապարհի, որ պիտի անցնենք բոլորով միասին:

Կարոտել եմ Մարիամի խրատները այն մասին, որ քննություններից ավելի կարևոր է ապրելը այնպես, որ հետո հիշելու շատ բան ունենանք:

Ռուբենի լավատեսությունն եմ կարոտել, ով ճիշտ պահին ճիշտ տեղում հիշեցնում է ինձ միշտ, որ կյանքը խայտառակ սիրուն է:

Շահգալդյանին եմ կարոտել, ում խոսելով է միայն անգլերենը սիրուն ինձ համար, թեպետ ինքը այդ մասին ոչինչ չգիտի:

Հասմիկին եմ կարոտել, ում մոտ անգլերենի ժամերին գրականության գիրք տեսնելիս միշտ ուրախանում էի:

Սոֆիի ժպիտն ու Նանեի ծիծաղն եմ կարոտել:

Մարիի երգելը, Մարիամի կիթառն ու Կարենի նվագելը:

Ասպրամի բարբառն եմ կարոտել, թեպետ դրանից հաճախ գլուխ չեմ հանում:

Կենտրոնականի էն սիրուն ծառը, գրադարանի վերջին սեղանը:

Ընկեր Մենեմշյանի, ընկեր Պետրոսյանի դասերն եմ կարոտել:

Երկրագրության դասախոսին, Մարինա Պավլովնային:

Չարենցի դահլիճն եմ կարոտել, դաշնամուրը, 409 լսարանը:

Բուֆետը… Չէ, բուֆետը չեմ կարոտել:

anush davtyan

Երբ ժպիտը դիպչում է շուրթերիդ

Վերջերս անընդհատ մտքումս «губы тронула улыбка» արտահայտությունն է պտտվում։ Ինչ հետաքրքիր բառախաղ է ստացվում։ Ժպիտը դիպավ շուրթերին։ Դե, բոլորն էլ հասկանում են, որ ժպիտը դիպչելու համար ոչ մի հարմար վերջույթ չունի, բայց երևի բոլորին էլ ծանոթ զգացում է։ Գիտե՞ք՝ ոնց է լինում։ Էն որ մեքենայի մեջ գիշերով գնում ես, պատուհանից դուրս ես նայում, ու քեզ թվում է, որ գովազդի միջի «Coca-Cola»-ի մեքենաներն ես տեսնում։ Էն որ ձմռանը միշտ ցույց են տալիս, Ձմեռ պապի նկարով երկար մեքենաներ են, է՞։ Հետո մոտենում եք կամաց-կամաց, ու պարզվում է, որ բենզին տեղափոխող բեռնատարներ են, ուղղակի կարմիր լույս էին կպցրել հետևից։ Էդ պահին աչքիդ առաջ են գալիս կոլայի մեքենաներն ու սկսում ես երգել. «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում…»։ Հետո էլ շատ զգույշ, որ հանկարծ կողքիդ նստածը չզգա, ինքդ քեզ համար ժպտում ես, ու ոնց որ դու էլ զգաս, թե ոնց ինչ-որ մեկը նուրբ ձգեց բերանդ մի կողմից, երկու վայրկյան պահեց, հետո էլ միանգամից թողեց։ Այ, էդպես է ժպիտը դիպչում շուրթերիդ։

Կամ էլ պատկերացրու, որ քո քեռու տղայի քեռու տղան, այսինքն՝ բավականին հեռու մեկը, մոտ տասը տարեկան երեխա է, ու ինքը քեզ տեսնելիս ամեն անգամ էն չափով է ուրախանում, ինչքան իր հարազատին տեսնելիս։ Հետո դու նստում ես ծառերի տակ՝ մի առանձին տեղում, ու հիշում, թե ոնց էր սեղանի մոտ հաց ուտելիս նա փաթաթվում քո ձեռքին։ Ու կապ չունի, որ դու աջլիկ ես, իսկ նա հենց էդ ձեռքդ էր բռնել։ Ու կապ չունի, որ էնպես էր գրկել, որ անգամ ձախով էլ չէիր կարողանում բան վերցնել։ Հիշում ես էդ պահը, ու շուրթերիդ ժպիտ է դիպչում։

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես պարբերաբար ուզում եմ էդ անկնթարթային ժպիտը հետ բերեմ։ Մի օր կարող է դու էլ ձեռքդ տանես շուրթերիդ, կամաց կպչես ու զգաս էն տեղերը, որտեղ ժպիտն էր եղել։ Հետո փորձես ժպտալ դիպածդ տեղում, բայց զգաս, որ մի քիչ կեղծ է ստացվում։ Ուղղակի դու ես քեզ դիպչում։ Դու, ոչ թե ժպիտը։ Էսքանը կարդալուց հետո երևի դու էլ մի օր մի տեղ նստած լինես, հիշես կամ տեսնես մի բան, ու ժպիտը գա, դիպչի շուրթերիդ։ Ու էդ պահին միգուցե հիշես կարդացածդ տողերը։ Հետո դանդաղ ձեռքդ տանես շուրթերիդ, որ հետ բերես էդ պահը: