Եթե ունեք նպատակներ

-Լսի, բա չտեսա՞ր, որ վրեն խոսաց հագածի համար:

-Խի՞, էդ ինչքա՞ն կարճ էր յուբկան:

-Նայի, այ սենց էր:

-Հա բա,կարճ ա, էլի:-Մի քանի վայրկյան լռություն։-Լսի, ես որ իմ շորիկը հագնեմ, կխոսա՞ վրես։

-Ո՞ր մեկը, հա հիշեցի։ Էդ որտեղի՞ցդ ա։

-Այ, էսքան էլի մոտավոր։

-Չէ հա, խոսելուց էլ` ոչինչ, թող մի անգամ էլ խոսա։

Անկախ իմ կամքից այս խոսակցության ականատեսը եղա երթուղայիններից մեկում, որտեղ հազիվ խցկվելով տեղավորված մարդկանց մեջ, այս երկու ընկերուհիները նույնիսկ հաջողացրին (անկեղծ ասած, մինչև հիմա զարմանում եմ, թե ինչպես կարողացան, ախր, շատ նեղվածք էր) միմյանց ցույց տալ ինչ-որ երրորդ անձի հագած կիսաշրջազգեստի կարճությունը, հետո էլ իրենց «շորիկ»-ինը։ Հետաքրքիր փաստ: Երկու դեպքում էլ ցույց տվեցին գրեթե նույն երկարությունը, եթե ոչ նույնը, բայց այն երրորդ անձը արժանացավ մեծ քննադատության, իսկ իրենցից մեկը ընկերուհու թույլտվությանը` «շորիկ»-ը հագնելու համար:

Միշտ մտածել եմ ու ականատես եմ եղել, կարելի է ասել, նույնիսկ մի քիչ հասկացել եմ մարդկանց, ովքեր քննադատում են ուրիշին իրենցից տարբեր լինելու համար. հագուստը, մազերի ձևն ու գույնը, պահվածքը։ Բայց մինչև հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչպես են քննադատում ուրիշին այն նույն բանի համար, որ իրենք էլ են անում։Չգիտեմ, միգուցե որոշ դեպքերում վախի զգացումն է, որ մյուսը այն նույն բանը ավելի լավ է անում, կամ նրան ավելի շատ է սազում, քան քննադատողին։Ինձ թվում է, դեռ երկար կմտածեմ սրա մասին։

Լավ, մեկ այլ թեմա, կարելի է ասել որոշ չափով մոտիկ վերը նշվածին։

Ըստ ինձ, այս կյանքում շատ կարևոր է գտնել քո ոճը, այսինքն քեզ հարմար ու դուր եկող հագուստը, մազերի ձևն ու գույնը, և այլն: Իմ կարծիքով սրանք մարդկանց ներաշխարհն են ցույց տալիս, ու մարդ իրեն ավելի ինքնավստահ է զգում իր ոճի մեջ։ Կան մարդիկ, որոնք շատ են տարբերվում իրենց մտածելակերպով և ներաշխարհով, բայց նրանք ապրում են ճնշող միջավայրում։ Այսպիսի շատ մարդիկ այդպես էլ իրենց շրջապատող հասարակության կողմից ճնշված են մնում, և կախված լինելով հասարակությունից, դառնում են, կամ ավելի շուտ փորձում են դառնալ այնպիսին, ինչպիսին իրենց ուզում է տեսնել հասարակությունը։ Բայց կա այսպիսի մարդկանց մի ուրիշ զանգված, որ ես համոզված եմ, փորձությունների, քննադատությունների ու դժվարությունների միջով անցնելուց հետո կարողանում է դառնալ այնպիսին, ինչպիսին ինքն է իրեն ճանաչում, և այսպիսով ավելի ճիշտ ներկայանալ հասարակությանը։

Որո՞նք են այս երկու տիպի մարդկանց տարբերությունները։

Երկրորդ տիպի մարդիկ, երբեմն թեև երկար ժամանակ սպասելուց հետո գտնում են իրենց «համահունչ» ընկերներ, գտնում են այն շրջապատը, որտեղ իրենք ազատ են և կարողանում են ավելի շուտ գտնել իրենց տեղն այս կյանքում։ Առաջին տիպի մարդիկ մնում են գրեթե միշտ կախված հասարակության կարծիքից, անում և ասում են այն, ինչ իրենք միգուցե ճիշտ չեն համարում, և այսպես, վերջնական արդյունքում կարելի է ասել, վատնում են իրենց կյանքը` գոհացնելով հասարակությանը։

Շատ հաճախ մարդիկ ոչ թե վախենում են նրանից, թե իրենք ով են, այլ վախենում են այն փորձություններից և ճանապարհից, որտեղով պիտի անցնեն, որպեսզի դառնան այնպիսին, ինչպիսին ուզում են։

Եթե ունեք նպատակներ, երազանքներ կամ պլաններ, որոնք ցանկանում եք իրականացնել, նախ պետք է ինքներդ ձեր տեղը գտնեք այս աշխարհում։ Մի վախեցեք փորձություններից ու դժվարություններից։ Հաճախ ամբողջ հոգով հավատալով, որ ճիշտ ուղղությամբ եք գնում, անելով ամեն հնարավոր բան ձեր նպատակին հասնելու համար, վերջում ձախողվում եք։ Դրանից հետո էլ բոլորը մտածում են, որ վերջ։ Բայց մտածելուց հետո նորից պետք է սկսել, շարժվել առաջ, ու ես համոզված եմ, թեկուզ միլիոններորդ անգամ ձախողվելուց հետո, հաստատ բոլորի մոտ էլ կգա այն միլիոնմեկերորդ անգամը, երբ ամեն ինչ կստացվի։