Մանկանց երկիրը խորագրի արխիվներ

meri araqelyan

Հաշվեցեք, հապա

Մանկությունը նման է անակնկալներով լի արկղի, չգիտես՝ որ պահին ի՞նչ կարող է պատահել: Մեծանալուն հետ մարդիկ մոռանում են իրենց անհոգ ու երջանիկ կյանքը, որն ունեին նախկինում: Ոչ ոք չի հիշում, թե ե՞րբ առաջին անգամ սայթաքեց ու վնասեց ծունկը, քանի որ այն անընդհատ կրկնվում է, քանի դեռ երեխա ես: Չեմ հիշում, թե երբ վերացան ոտքիս սպիները, որոնք անբաժանելի մասն են կազմում իմ մանկության, բայց վստահ կարող եմ ասել, թե երբ սովորեցի հաշվել: Չէ որ կյանքում, չնայած շատ բաներ կան սովորելու, բայց ամեն բան  մի անգամ ենք սովորում:

Եվ այսպես, վերադառնանք սրանից տասնվեց տարի առաջ: Ես չորս տարեկան էի և, ինչպես բոլոր երեխաները, դժկամորեն էի գնում մանկապարտեզ: Մանավանդ երբ իմանում էի, որ հայրիկն աշխատանքի պետք է գնա, այդ օրը վերածում էի իսկական թատրոնի, և ինչպես միշտ, գլխավոր հերոսը ես էի:

Եվ ո՞վ կարող էր տանն ինձնից շատ հնարավորություններ ունենալ: Չէ որ ես չորս տարեկան էի և տան ամենափոքրը: Հայրս պայմանագրային զինծառայող էր: Նա տասնհինգ օր պարտավոր էր մնալ դիրքերում և միայն տասնհինգ օր տանը, և ես, սպասելով հայրիկի գալստյանը, օրերն էի փորձում հաշվել իմ փոքրիկ մատիկներով: Մեկ, երկու, երկ…., երեք… և այսպես մինչև տասնհինգ: Այժմ սովորում եմ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, և քանի որ իմ աշխատանքր միայն գիր-գրականությանն է վերաբերում, թվերը երկրորդական պլան են մղվում: Գնալով թվերը օգտագործում եմ այնպես, ինչպես չորս տարեկան հասակում. օրերն եմ հաշվում ինձ ընտանիքիցս բաժանող: