Mane Hovhannisyan

ՄԵՆՔ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆՔ

Ինչքան մեծանում եմ, այնքան կյանքը ավելի բարդ է դառնում: Մեծանալ չի նշանակում` «ինչ ուզել` անել», այլ վերցնել սեփական կյանքի պատասխանատվությունը ձեռքդ: Հուլիսին լրացավ 17 տարեկանս, բայց ես էլ չեմ շտապում մեծանալ, ուղղակի ժամանակը կանգնեցնել անզոր եմ: Երեկ էր, որ ընդունվել էի դպրոց, իսկ հիմա մնաց մեկ տարի: Ափսոս, մենք այն օրը չգիտեինք, որ վերջին անգամ ենք թաղի ամեն անկյունից հավաքված՝ մի թիմ կազմել ու խաղում էինք, խաղում էինք ու շատ լրջորեն նախատում նրան, ով խախտել էր խաղի կանոնները, իբր մեր կյանքի ամենակարևոր հարցն ենք քննարկում: Մի վայրկյան, հաստատ կյանքի ու մահվան հարցից ոչ պակաս լրջությամբ էինք վերաբերվում: Ու տուն ցրվեցինք, երբ երկնքում ոչ մի բաց երանգ չէր մնացել: Պայմանավորվել էինք՝ «Վաղը նույն ժամին, նույն տեղում, գնդակն էլ չմոռանաք», հնչեց մեր ընկերներից մեկի շուրթերից ու բոլորս գնացինք տներով:

Ու հաջորդ օրը չշտապեցինք այնտեղ, միայն մնացին հիշողություններ, որոնք հազիվ էլ հիշենք: Դրա համար ես փորձում եմ ապրել ներկայով, վայելել պահը, քանի դեռ դրանք չեն մոխրացել հիշողություններում:

Ես, բացի դրանից, ավելի շատ կանոններ ունեմ իմ կյանքում: Օրինակ՝ ինձ համար կյանքը մի գիրք է, իսկ կյանքի փուլերը՝ այդ գրքի էջերը:

Իրավիճակները շատ անցողիկ են թվում. թե քեզ շատ վատ ես զգում, ու էլ իմաստ չկա ապրելու, բայց թերթելով այդ օրը՝ կարդում ես ավելի լուսավոր օրվա էջը: Եվ այդպես շարունակ կյանքում ոչինչ մնայուն չէ՝ ո՛չ ուրախությունը, ո՛չ տխրությունը: Մարդը, այս ամենը հասկանալուց հետո, տխրության պահին վարվում է խիզախորեն, քանի որ գիտի, որ դրան հաջորդելու է ուրախությունը, և հակառակը՝ ուրախությանը՝ տխրությունը: Ինչպես նշեցի, երևի հիմա ապրում եմ իմ կյանքի տխուր կամ բարդ էջերից մեկը: Կամ էլ դեռ բարդը առջևում է, չգիտեմ: Համենայն դեպս, ուզում եմ խոսել ստեղծված բարդ իրավիճակից: Չեմ սիրում երկերեսանի մարդկանց, քանի որ դա իմ կյանքում հանդիպած ամենատհաճ մարդկային տեսակն է: Հնարավոր է՝ ես նոր եմ նկատում, բայց պետք չէ ոչ ոքի վստահել. ես վստահում եմ միայն ինձ և իմ Աստծուն:

Ես իմ շրջապատի շատ մարդկանցից եմ երես թեքել և խորապես հիասթափվել:

Հիասթափվել՝ շատ ճիշտ բառ է, հատկապես երբ արմատը «սթափվելն» է: Սթափվել սեփական երազանքներից․․․ Ես, որ միշտ շփվել եմ անկեղծ, անմիջական և խոսել եմ միայն ուղիղ ու ճիշտը, սպասել եմ նույնը դիմացինից: Այնինչ դիմացինս, սատիրայի տակ, իր ինքնագնահատականը հասցրել է մինչև երկինք, բայց երկնքում Աստված է, ում չի կարող հավասարվել ոչ մի էակ աշխարհի ոչ մի անկյունից:

Ես սպասում եմ ձեր ողբերգական թռիչքի վայրէջքին, բայց նայելու եմ վերևից՝ ոչ Աստծուն հավասար, և ոչ էլ անդունդից:

Astghik Ghazaryan

Պապը

Բահն ուսին առած՝ Երեմ պապն իջնում էր զառիթափը: Քայլերը շփոթ էին, մի քիչ անփույթ: Չէ՛, ճանապարհից նա երբեք չէր հոգնում: Մտքե՞րն էին ծանրություն անում: Ճակատի ծալքերը օրվա դարդ ու ցավի թարգմա՞նն էին, թե՞ անցնող ութսուն գարունների գծած ակոսները՝ դժվար է ասել: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես հասավ կամրջակին, ու թե ինչպես գլխարկն ընկավ ջրի մեջ: Գլխարկը… Ինչու՞ ձեն չհանեց. դե տղամարդ է, պիտի գոռար, խփեր էլ… Բայց ընդամենը դուռը բարկացած ետնափակ տվեց ու  դռան հետ շրխկացրեց դժգոհությունը բախտի՞ց, թե՞ կնոջից.

-Իմ հըմար կնիկ չի սա, ցավ ա…

-Գլխարկը տի՛,  կլուխդ մրսցնես վեչ,- լսվեց Հրանուշի ձայնը ներսից։

Երեմը երեխու պես հնազանդ տուն մտավ գլխարկի հետևից, բայց այս անգամ դուռը կամացուկ հետ արեց՝ կարծեք ուզելով անտես լինել կնկա աչք ու ականջից։

Գլխարկը լողում էր ջրերի վրա, իսկ պապը, որ արդեն անցել էր կամուրջն ու նստել կանաչի վրա, կապույտ մանրիկ աչքերով նայում էր սև գլխարկի ընթացքին: Հիշեց մորը՝ Աստղիկին՝ սև լաչակով… Մոր սառը, տխուր դեմքին հարմարված կապույտ աչքերը նմանվում էին սև շապիկի վրա կարված մի զույգ կապույտ կոճակների: Նմա՞ն էր իր մորը: Փորձեց հոր դեմքը հիշել, բայց հիշեց միայն էն գիշերը, մոր լացը, իր սենյակի խալիչայի վրա կախված թուրը… Հրանուշը երբեք չի հիշի իր հորը։ Բայց փոքր թոռանը տատն էնպես է պատմում հոր ու աքսորի մասին, ասես ինքը  խանձարուրի մեջ փաթաթված, աշխարհից անխռով ու աշխարհի հետ հաշտ քնած չէր էդ գիշեր։ Բայց մի օր պիտի «զարթներ», չէ՞։ Մի օր պիտի խռովեր բախտից, Երեմից, հարսներից ու… հորից։

Հոր աքսորը Երեմին չչարացրեց։ Նա ուղղակի դարձավ զգուշավոր, քչախոս։ Ու դարձավ ավելի ուշադիր իր մորը բախտակից ու անվանակից հարևանուհու՝ Աստղիկի ընտանիքի նկատմամբ։ Ու մի օր էլ սիրտը թպրտաց նրա աղջիկ Հրանուշի պատկերից. երկար հյուսքը ոտքերն էր թակում, մեջքը՝ բարակ, ոտ ու ձեռը՝ լիքը, գլուխը՝ բարձր ու հպարտ։ Ու մի օր էլ գլուխը կախ մտավ Ղազարանց շեմից ներս։ Երջանկություն բերե՞ց Երեմի համար Հրանուշը՝ Երեմն ինքն էլ էր դժվարանում պատասխանել, բայց երեք տղա բերեց, ծառի երեք ամուր ճյուղ՝ նոր ճյուղեր տվող ու ծաղկող ճյուղ։ Ղազար պապի ծառը փարթամացրեց Հրանուշը ու հնազանդության խոստման տեղ ծառի հարատևության խոստում տվեց։

Նստած տեղից Երեմ պապը վեր կացավ, ծնկները մաշված դռան նման ինչ-որ ձայներ հանեցին: Հիշեց գլխարկը, որ արդեն չէր նշմարվում հորիզոնում… Ականջներում արձագանք տվեց Հրանուշի ձայնը.

-Գլխարկը տի՛, կլուխդ մրսցնես վեչ…

Երեմը մտքի մեջ իրար կողքի դրեց կորած գլխարկն ու Հրանուշին, շալվարին կպած հող ու խոտի հետ թափ տվեց սպասվող մի նոր կռվի միտքը, պարապ մնացած բահն ուսին առավ ու քայլերն անշտապ ուղղեց այգին:

Sabina Davtyan

Տավուշ, դու մենակ չես

Լինելով պատմաբան և առաջին հերթին հայ, պարտքս եմ համարում անդրադառնալ այն վիճակին, ինչ հիմա կատարվում է մեր երկրում: Տավուշը մի վայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ յուրահատուկ բան և զգալ իրեն այդ գեղեցիկ մարզի մի մասը… Տավուշը պատմական մարզ է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, որը սահմանակից է Ադրբեջանին և գտնվում է լեռնաշղթաների և կանաչ հովիտների միջև։ Այս տարածաշրջանը հարուստ է բնական գեղեցկությամբ և մշակութային ժառանգությամբ, ինչը այն դարձնում է եզակի և նշանակալի երկրի համար: Տավուշը հայտնի է իր գեղատեսիլ բնապատկերներով՝ ներառյալ անտառները, գետերը և լճերը։ Պարզ և Գոշ լիճը տեղական տեսարժան վայրերից են, որոնք գրավում են զբոսաշրջիկներին: Կանաչ հովիտներն ու լեռնային լանդշաֆտները ստեղծում են հարմարավետության և հանգստության մթնոլորտ: Տարածաշրջանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, այդ թվում՝ պատմական հուշարձաններ և տաճարներ։ Հաղարծին և Գոշավանք վանքերը նշանավոր տեսարժան վայրեր են, որոնք վկայում են տարածաշրջանի դարավոր պատմության և ճարտարապետության մասին: Տավուշը մարտահրավերների առաջ է կանգնած՝ կապված Ադրբեջանի հետ սահմանային դիրքի հետ: Կատարենք պատմական ակնկարկ կամ համեմատություն, ոնց ճիշտ եք գտնում:

Գարեգին Նժդեհը, նույն ինքը՝ Գարեգին Տեր-Արթունյանը, հայ ռազմական և քաղաքական գործիչ էր, ով նշանակալի դեր է ունեցել Հայաստանի պատմության մեջ, հատկապես Սյունիքի մարզում իր գործունեության հետ կապված։ Նա հայտնի է 20-րդ դարասկզբի Սյունիքում և այլ մարզերում հայկական շահերի պաշտպանությամբ: Նա կարողացավ իր վրա վերցնել ամբողջ Հայաստանի պաշտպանությունը, որի հիմքը Սյունիքն էր: Նա կազմակերպել և ղեկավարել է շրջանի հայ բնակչությանը պաշտպանող ռազմական ջոկատներ, իր ռազմական գործողություններով և կազմակերպչական հմտություններով ամրապնդեց հայկական ներկայությունը Սյունիքում և այլ վիճելի շրջաններում, ինչը օգնեց պահպանել վերահսկողությունը Հայաստանի համար նշանակալի տարածքների վրա: Ու ես հիմա չեմ պատրաստվում ընդունել այն փաստը, որ նույնը Տավուշում անել հնարավոր չէ: Տավուշը Հայաստանի պատմության մեջ կարևոր դեր է խաղում որպես ռազմավարական կարևոր տարածաշրջան։ Այս շրջանի պաշտպանությունն ու հզորացումը նախկինում հայ տիրակալների և զորավարների համար կարևոր խնդիր էր։ Տարածաշրջանի զարգացման հեռանկարները կախված են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավումից, ինչպես նաև պետության և միջազգային կազմակերպությունների կողմից ներդրումներ և աջակցություն ներգրավելուց: Զբոսաշրջության զարգացումը կարող է կարևոր դեր խաղալ, ինչը կարող է նպաստել տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Տավուշը եզակի տարածաշրջան է, որտեղ խաչվում են պատմությունը, մշակույթն ու բնությունը։ Իսկ ի՞նչ է պետք կործանման չգնալու ու Տավուշը չկորցնելու համար: Պետք է լինել հայրենիքի հետ, հայրենիքի կողքին: Տավուշը կարող է և պետք է զարգանա… Եվ ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը՝ «Երբեք մի հանձնվեք, երբեք մի զիջեք, երբեք և ոչ մի բանում, մի զիջեք ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ահռելի, ոչ աննշան հարցերում: Մի զիջեք ոչ մի բանի առաջ՝ բացառությամբ ձեր պատվի և առողջ դատողության»: