anahit baghshetsyan new

Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքը Գլենդելում

Հուլիսի 11-ին Գլենդելում տեղի ունեցավ հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկերքի արարողությունը: 2013 թվականից ի վեր հայ-ամերիկյան թանգարանի ծրագիրը մշակվում էր, որպեսզի հանձնվի հանրությանը, և օրեր առաջ Գլենդելի սրտում սկիզբ դրվեց թանգարանի շինարարությանը: Արարողության ժամանակ հնարավորություն ունեցա զրուցելու ծրագրի ոգեկոչմանը մասնակից դարձած ականավոր անդամների հետ, հայ-ամերիկյան թանգարանի ապագա պլաններին ավելի լավ ծանոթանալու համար: Զրուցեցի նաև Կալիֆոռնիայի կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի հետ` Կոնգրեսում հայկական համայնքի պաշտպանության գործընթացում հայ-ամերիկյան թանգարանի դերը պարզելու համար:

Առաջին հերթին խոսեցի հայ-ամերիկյան թանգարանի վարիչ-ատենապետի` Պերճ Կարապետյանի հետ:

Ինչպե՞ս է ծնվել թանգարանի գաղափարը:

Թանգարանի միտքը ծնվեց 2013 թվականին, երբ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ոգեկոչման ծրագիրն սկսվել էր: Կազմվել էր հանձնախումբ, որպեսզի փորձեինք 100-ամյակի առթիվ հնարավորինս նշանակալից և մնայուն ինֆորմացիա փոխանցել հաջորդ սերնդին: Որոշվեց կառուցել թանգարան, որտեղ երիտասարդությունը կարող է այցելել, սովորել իր պատմության մասին, և ինչու ոչ, իր հետ բերել արվեստի ու մշակույթի նորությունները:

Որո՞նք են թանգարանի հիմնական նպատակները: 

Այս թանգարանը 95 ամյա կյանք է ունենալու, որի ընթացքում ոգեկոչվելու են երեք հիմնական նպատակներ: Առաջին հերթին, թանգարանի օգնությամբ հայ երիտասարդությունը, որ պետք է ծնվի ու մեծանա Միացյալ Նահանգներում, կկարողանա ավելի մոտիկից հասկանալ և սիրել իր պատմությունն ու ազգությունը: Սա կնպաստի, որ այցելեն Հայաստան ու օգտակար լինեն Հայաստանին: Սփյուռքում շատ խոսում ենք հայապահպանման մասին, բայց հայապահպանումն առանց նորություններ ստեղծելու չի կարող լինել: Այս ծրագիրը մեծ դեր ունի այդ գործում: Հաջորդը` Միացյալ Նահանգներում բնակվող հայերը կարող են գալ այստեղ և միասին ստեղծել արվեստի նոր գործեր, առաջ տանելով հայ մշակույթը: Եվ վերջինը` ԱՄՆ-ի բնակիչները թե’ հայ, թե’ ճապոնացի, թե’ չինացի, կկարողանան համագործակցել, միասին աշխատել, որպեսզի չկրկնենք այն պատմությունը, որը ունեցանք Լիբանանում, Իրաքում և այլուր:

Ինչպե՞ս է այս նախագիծը լինելու կարևոր ու նշանակալից հայաստանաբնակ հայերի համար: 

Մենք հավատում ենք, որ նախագիծը Հայաստանում ապրող հայերի համար լինելու է կարևորագույններից մեկը, քանի որ մեր օրինակով մենք ցույց ենք տվել ինչպես են 10 հասարակական կազմակերպություններ միացել  ու միասին կարողացել ենք մեր շուրջը հավաքել հարյուրավոր ավելիներին, որպեսզի այսօրվա օրը ու միջոցառումը լինի հնարավոր: Մենք ունեցել ենք վատթարագույն 2020, ունեցել ենք համաճարակը, Լիբանանի պայթյունը, և իհարկե, պատերազմն ու հայկական տարածքների հանդեպ ագրեսիան Արցախի և Հայաստանի սահմանագծերին: Մենք ցույց ենք տալիս, որ մենք ևս մեկ անգամ ապրելու ենք, և շարունակելու ենք վերակառուցել ոչ միայն Հայաստանը, այլև կառուցելու ենք Հայաստանից հեռու` այստեղ` ԱՄՆ-ում:

Գլենդելի նախկին քաղաքպետ և ներկայումս Գլենդելի քաղապետարանի խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանի հետ զրույցում քննարկեցինք Գլենդելի քաղաքապետարանի դերը ծրագրի իրագործման մեջ:

Ինչպիսի՞ փոփոխություններ են ակնկալվում այս միջոցառումից հետո և հայ-ամերիկյան թանգարանի հիմնադրման արդյունքում:

Գլենդելի քաղաքապետարանի խորհուրդը հատկացրել է այս տարածքը, որպեսզի հիմնադրվի թանգարանը, և ես ուրախ եմ, որ այդ անձանցից մեկը ես եմ եղել: Քաղաքապետարանն ու քաղաքապետարանի անդամներն առիթ ընծայեցին, որ այս աշխատանքը տեղի ունենա, որպեսզի մեր երիտասարդները կարողանան այցելել թանգարան, ծանոթանալ իրենց անցյալին, հայոց ցեղասպանության և մեր սովորությունների ու մշակույթի մասին ավելի լավատեղյակ լինել: Ուրախ եմ, որ այսօր բացման արարողությունն ենք կատարում:

Որո՞նք են Գլենդելի քաղաքապետարանի հետագա պլանները կապված այս ծրագրի հետ, և ինչքա՞ն կոնկրետ ու շոշափելի են դրանք: 

Գլենդելի քաղաքապետարանը հատկացրել է միլիոնավոր դոլարներ հիմնադրման, ինչպես նաև թանգարանի տարածքի համար: Հիմա կյանքի է կոչվել հանձնախումբ, որը պետք է հետագա աշխատանքները կատարի: Ծրագրի զարգացման հետ մեկտեղ սպասում ենք ուրիշ առիթների, որպեսզի կարողանանք օգտակար լինել Հայ-Ամերիկյան թանգարանին:

Հայ-Ամերիկյան թանգարանի ճարտարապետ Արամ Ալաջաջյանի հետ խոսեցինք կառույցի ճարտարապետական լուծումների մասին:

Ի՞նչն է հանդիսացել ոգեշնչման աղբյուր թանգարանի ճարտարապետական լուծումների համար: 

Գլխավոր ոգեշնչումը հայկական լեռնաշխարհն է: Սարերը հիշեցնող ճարտարապետական լուծումները բխում են Գառնիից, Արևմտյան Հայաստանից և առհասարակ, հայկական բնաշխարհից: Նման լուծումները կազմում են փոքր ֆրագմենտներ, բայց թանգարանի ամբողջական տեսքը այդ բոլոր ֆրագմենտների համակցումն է: Բոլոր փոքր էլեմենտները միասին կազմում են մի մեծ քար, որը խորհրդանշում է միասնականությունը:

Ի՞նչ ուղերձ եք ցանկացել փոխանցել թանգարանի այցելուներին ճարտարապետության միջոցով: 

Սա սիմվոլիզմով լցված ուղերձ է: Չեմ կարող շատ դետալներ ներկայացնել հիմա, բայց էլեմենտները, որոնք արտացոլում են հայկական ճարտարապետությունը ու պատմությունը, շատ են: Լինելու են Մասիս սարը հիշեցնող տարրեր, սփյուռքին նվիրված շատրվան, լինելու է նաև պատ, որը ամբողջովին զարդարված է առաջին մշակութային գյուտով` հայոց այբուբենով: Եվ կառույցն ինքնին հիշեցնում է կենտրոնագմբեթ եկեղեցիների նախատիպը, որտեղ լույսը միշտ ներթափանցում է վերևից: Դրանց վերլուծությունն ու բացահայտումը լիովին թողել եմ այցելուներին:

Վերջում զրուցեցի Կալիֆոռնիայի կոնգրեսմեն Ադամ Շիֆի հետ` հայ-ամերիկյան թանգարանի հիմնադրման կարևորությունը միջազգային թատերաբեմում վերլուծելու համար:

Ինչպե՞ս է հայ-ամերիկյան թանգարանը ձեզ աջակցելու հայ համայնքի համար պայքարելու գործում: 

Սա լինելու է նպատակակետ ամբողջ աշխարհի համար: Երբ ես հերթական անգամ քաջալերեմ իմ ընտրազանգվածին և երկրի բնակիչներին` ուսումնասիրել հայոց պատմություն, սա այն վայրն է, որը ես մատնացույց եմ անելու: Անհամբեր սպասում եմ, երբ եմ այստեղ  հրավիրելու ինձ այցելող պաշտոնյաներին, ինչպես նաև Կոնգրեսի իմ գործընկերներին:

Հայոց պատմության նման ֆիզիկական ապացույցը  հանդիսանալու՞ է գործիք, որպեսզի կարողանաք հայ համայնքի դիրքորոշումը ավելի ամուր ու բացահայտ ներկայացնել Կոնգրեսում:  

Հայոց պատմությունը հանրությանը ներկայացնելը օգնում է ինձ կատարել իմ գործառույթը Կոնգրեսում` հիշեցնել ցեղասպանությունը, վերջ դնել ադրբեջանական ու թուրքական ոտնձգություններին:

Այո, Հայ-Ամերիկյան թանգարանը անպայմանորեն օգտակար է լինելու իմ հետագա աշխատանքներում:

Պատերազմի ու իմ հերոսների մասին

Թվում էր, թե սովորական  կիրակի օր էր սեպտեմբերի 27֊ը: Տան գործեր, դասեր, ինտերնետ, հարազատներ։ Թվում էր… Սովորության համաձայն, արթնանալուց հետո հեռախոսս եմ ձեռքս վերցնում, facebook֊ի նորությունները թերթում: Այս  առավոտը ուրիշ առավոտ էր, տարօրինակ զգացողություններով։ Ընկերուհիս բանակում ծառայող ընկեր ուներ, նկատեցի, որ մի քանի անգամ զանգել է: Մտածեցի երևի մեր ամենօրյա հեռախոսազանգերից է, որոշեցի` հետո կզանգեմ։ Մտա իմ էջ  ու երանի այդ նյութերը չկարդայի…

Մեզ մանկուց ասել  են, որ ամեն ինչից թանկ Հայրենիքն է, եթե չլինի մեր երկիրը` չենք լինի նաև մենք, ու հա, ես շատ եմ սիրում մեր երկիրը:

Հանգամանքների բերումով, մենք ապրում ենք Ռուսաստանի Դաշնությունում, բայց ապրում հայի ոգով ու ավանդույթներով: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ շատ մեծ դժվարությամբ եմ  համակերպվել այս կյանքին` ընկերներից, հարազատներից ու հայրենիքից հեռու։ Կարդալուց միանգամից հետո գոռացի. «Պա՜պ, կարդացե՞լ ես, որ Արցախում պատերազմ ա, Նարեկը, պապ …»

Նարեկը ավագ եղբայրս է, ով մի քանի ամիս էր, ինչ ծառայում էր Հայոց բանակում։ Նարեկը փոքր հասակից սիրում էր ռազմական կյանքը, դպրոցական տարիքում հաճախել է «Պատանի  Երկրապահ» ակումբ, ուներ կրտսեր սերժանտի կոչում, 8-րդ դասարանից հաճախել է Տիգրան Մեծ-ի անվան ռազմամարտական հատուկ վարժարան։

Զգացի, որ լռություն է: Արագ հագնվեցի, դուրս եկա սենյակից ու տեսա, որ հայրս տխուր ու լարված լուրերն է լսում։

Հարցրեցի.

-Պապ, Նարե՞կը, բա: Իրենց մոտ էլ ա՞ կռիվ,- անհամբեր սպասում էի, որ մի բան կասի:

-Արևիկ, քիչ հարցեր տուր,-մի քիչ ջղայնացած պատասխանեց նա,- ես էլ քո պես տանն եմ։

Շատ նեղացած հետ գնացի իմ սենյակ։ Անկեղծ ասած, լարված իրավիճակ էր տանը, ոչ մի բանի հավես չկար։ Հեռախոսը ձեռքիս էր ամբողջ օրը, ու նորից ինձ զանգ եկավ: Ընկերուհիս էր։ Մեղավոր զգալով վերցրեցի հեռախոսը, ու սկսեց լացելով պատմել, որ զանգ չի գնում, տուն չի զանգել, ոչ մի նորություն չկա ընկերոջից։ Ես իմ վախերով ու լարված լինելով փորձում էի հանգստացնել իրեն, որ կռիվ է, երևի կապ չկա, երևի հեռախոս չունեն ու լիքը նման  պատճառներ: Հետաքրքիր է, չէ՞, իմ ներսում մեծ վախ ու տագնապ կա, բայց ես հանգստացնում եմ իրեն։ Խոսեցինք, մի քիչ թեթևացավ: Նորից գնացի պապայի մոտ, ամեն նոր բան կարդալուց պապային էի ցույց տալիս, կամ պապան էր ամեն 20 րոպեն մեկ հարցնում՝ ի՞նչ նոր բաներ եմ կարդացել։ Մենք Նարեկի մասին լուրեր էինք իմանում տատիկիս ու քույրիկիս միջոցով, ովքեր նույնպես ապրում էին Հայաստանում։ Ամեն խոսելուց պապան ասում էր.

- Քիչ մնաց, մամ, գործս ավարտեմ` մի քանի օրից անպայման գալու եմ։

Տատին էլ մեծ հույսով, բայց վախեցած ձայնով, պատասխանում Էր.

- Աստված մեծ ա: Վաղը հուսանք` լավ օր կլինի, կարիք չի լինի գաս: Երեխեք, ընտանիք ունես, իրանց ո՞ւմ հույսին ես թողնելու։

Չեմ կարող նկարագրել, թե ինչ քաոս էր մեր տանը: Ամեն հեռախոսազանգից մենակ լսում էի, որ պապաս գնում ա, ու հաստատ պետք ա տեսնի իր միակ որդուն, որ եթե իր հետ մի բան պատահի…

Անցավ մեկ շաբաթ: Ամեն օր նույն վատ լուրերը, լաց, քաոս, անորոշ իրավիճակ։ Դասի էի, մտա տուն, փոքր քույրս վազեց դռան մոտ ու կամաց ականջիս փսփսաց.

-Պապան վաղը գնում ա պատերազմ: Ես չեմ ուզում, վախենում եմ։

Պապաս առաջին անգամ չէր գնում պատերազմ, ու շատ ենք լսել պատերազմի մասին։ Երևի թե չհիշեմ մի օր, որ մեր տանը չհնչի Հայաստան անունը։

Նեղված, համարյա լացելով, ասացի.

- Հանգստացի, լավ կլինի: Պապան միշտ իր խոսքը կատարում ա,-ու մտա սենյակ: Նստած էին բոլորը։

Պապան խոսում էր հեռախոսով, քույրերս վախեցած ու լացելով նստած էին սենյակում… Ե՞ս, ես էլ ի՞նչ: Միշտ փորձում էի պապայի մոտ հանկարծ չլացել, որ իրեն վատ չզգա: Առանց էն էլ շատ տխուր էր: Ես էլ սկսեցի լացելով պապային մոտենալ…

-Պապ, բա մե՞նք։

- Արևիկ, մի սկսի, էլի: Լավ կլինի, իմ աղջիկ: Դուք բոլորդ իմ երեխեքն եք, բայց իմ միակ տղեն հիմա մահ ու կյանքի կռիվ ա տալիս, հասկանո՞ւմ ես: Պատերազմը ձեր համակարգիչների ու հեռախոսների միջի կռիվ խաղերից չի: Մի բախտ ա,  մի   շանս: Ես չեմ կարա մնամ, տղուս պետք ա հասնեմ։

-Հասկանում եմ, պապ, ես քեզ շատ եմ սիրում,- լացելով ասացի ու գրկեցի պինդ։

Հումորը չէր կորել պապայի.

-Դե լավ, էլ մի կեղծավորություն արա: Հեսա գնամ, ջղայնացնող չի լինի էլ։

-է, պապ,- նեղացած գնացի սենյակ։

Էդպես ամբողջ օրը նույն քաոսն էր: Տեսած կլինեք, որ կոնֆետներ, ուտելիք էին ինչ֊որ գրվածքներով ուղարկում մեր զինվոր տղերքին։

Հիշեցի, որ ժամանակ կա մինչև վաղը: Մենք էլ կարող ենք պատրաստել: Քրոջս հետ արագ հագնվեցինք ու գնացինք խանութ։

Արդեն տանն էինք, մաղթանքներ էի պապայից հարցնում, որ գրենք, ասում եմ.

-Պապ, գրե՞մ` Մանուկյան Նարեկին քույրերից, կամ` չէ, չէ, Մանուկյաններից` Նարեկին։

Պապան մի տեսակ թարս նայեց  ու ասաց.

-էդ զիզի-բիզի, թիթիզ բաները վերջացրեք ու անուն առանձին չգրեք: Ինձ համար սահմանում բոլորը  հավասար են: Սաղ էլ իմ տղերքն են, սիրուն չի, Արև: Մի ուրիշ լավ բան գրի։ Մտածեցի, որ իրոք, ճիշտ էր, իմ ու քո չկար, մեր ու ձեր չկար. բոլորը մերն են։

Արդեն երեկո էր: Պապայի ընկերներն էին գալիս-գնում: Երբ բոլորին ճանապարհել էինք, պապայի պայուսակն էինք դասավորում ու, ամենակարևորը ինձ համար կոնֆետներն էին: Րոպե մեկ ասում էի՝ չմոռանանք։

Նստած խոսում էինք, պապան.

-Խելոք կմնաք, դասերին ուշադիր եղեք, մամային կլսեք, որ նեղացնողներ լինեն` հոպարին կզանգեք ու ամեն հարցով հոպարին կդիմեք։

Լռություն էր: Տխուր ու լարված իրավիճակ: Չգիտեի՝ ինչ ասել, սիրտս լիքն էր.

- Պապ, բայց կգաս չէ՞, հաստատ:

- Բա ոնց, բալես, գալու եմ անպայման, չվախենաք, ցավդ տանեմ։

Լացելով գրկեցի պապային: Այդ մի քանի օրը շատ էի պապային գրկում ու ասում, որ շատ եմ սիրում: Պապան էլ գրկում էր երկար ու հետո մի կատակ անում անպայման։

Արդեն ուշ ժամ էր: Պապան հերթով ուղարկեց քնելու: Գիշերը պետք  է գնար, քույրերս «բարի գիշեր» ասացին ու գնացին քնելու: Մաման էլ ասաց, որ ձայն կտա պապայի գնալուց: Ինձ էլ ուղարկեցին, բայց քունս չէր տանում: Լաց էի լինում  միայն, բայց թաքուն, որ պապան չնկատի։

Գնալու ժամն էր մոտենում, պապան պատրաստ էր, զինվորական գրքույկն էր կարևորը ու անձնագիրը, ձեռքից ցած չէր դնում։ Մենք լուռ հետևում էինք մամայի հետ, գրկել էինք իրար: Պապան նստեց, ասաց, որ ուրախ լինենք` տղու մոտ ա գնում, իր երկիրը պահելու ա գնում, ու բացի էդ, ճանապարհ գնացողի հետևից չեն լացում։ Ամեն օր ուզում էի ասել, որ ես էլ եմ ուզում գալ, բայց հասկանում էի, որ կջղայնանա, ու չէի ասում։

-Պապ, գոնե կարա՞մ  գամ, քեզ ճանապարհեմ հոպարի հետ,- գիտեի՝ ինչ էր պատասխանելու, բայց հույսով սպասեցի պապայի խոսքին։

-Չէ, Արև, դասի եք վաղը: Մնա տանը` տնեցիքի մոտ, կռիվներ չանեք, խելոք մնացեք, մինչև գամ հասնեմ, բալես։

Լուռ էի, որովհետև պապայի որոշումները չէր քննարկվում։

Հոպարս հասավ, դուրս էին գալիս արդեն, պապայիս ընկերներն էլ էին եկել, մեր ավանդույթի համաձայն, չէի մոռացել ջուրը, դողացող ձեռքերով ջուրն էի պահել։

Քույրերս հրաժեշտ տվեցին լացելով: Ես արդեն հուզվել էի, մամայի հերթն էր, ու վերջապես եկավ իմ հերթը…

-Պապ, մի գնա, էլի, խնդրում եմ։

-Չեմ կարա, մի սկսի, Արև, մի լացի, ասել եմ, չէ՞` գալու եմ։

-Հա, պապ, դու միշտ ասում ու անում ես, չմոռանաս։

Գրկեց, ինքն էլ, ես էլ լացում էինք: Հազիվ բաց թողեցի պապային, ու շարժվեց մեքենան։

Անցան օրերը, ժամերը: Մեր տանն ուղղակի քաոսից ավելի վատ էր իրավիճակը։ Հաց չէր ստացվում ուտել առանց պապայի ու առանց իր հումորների, չէինք կարողանում քնել, կարոտ էր տիրում տանը։

Մի քանի օր էր, ինչ Հայաստանում էր, բայց կամավորագրվել էր ու շատ զարմանալի կերպով հենց Նարեկենց մոտ գնացել։

Ամեն նոր ցուցակում Մանուկյան ազգանունն էի ման գալիս, վախենալով ու սրտի դողով։

Երբ շանս էի ունենում պապայի հետ խոսելու, սիրտս ուրախություն էր զգում։

Միշտ իմ` բարև պապա, ո՞նց ես, պապ ջան-ը ժպիտ էր տալիս պապային։ Հոպարը խոստացել էր, որ պապային զանգելուց ինձ կկանչի, որ խոսեմ, եկել էր էդ օրը։

-Բարև, պապ ջան, ո՞նց ես:

Ծիծաղում էր, մեկ էլ.

-Բարև, Արև, բա ո՞ւր ա մուննաթդ,-շարունակում էր ծիծաղել։

Ես միշտ բարևելուց կոպիտ հնչող ձայնով եմ բարևում բոլորին ու երկարացնում վերջավորությունները։

-Աաա… Լավ էլի, պապ, էլի ձեռ ես առնում,-մուննաթով պատասխանեցի ես։

-Լավ եմ, իմ աղջիկ, դուք ո՞նց եք: Պատմի կարճ նորությունները։

Նարեկը կողքին էր.

-Բարև, քուրս, ո՞նց ես, նեղացնող չկա՞։

Չեմ կարա ասեմ՝ ինչ էի զգում իրենց հեռու լինելուց, բայց իրենց հոգատարությունից` երևի երջանկություն։

Ամեն խոսակցության վերջում Նարեկս ավելացնում էր.

-Շատ եմ կարոտում ու շատ-շատ սիրում եմ բոլորիդ։

Պապան էլ, սովորության համաձայն, մի կատակ պետք է ավելացներ.

-Լավ, լավ, հերիք ա ձևեր թափեք, անջատեք։

Նարեկս ու պապաս չդարձան այդ անիծյալ փամփուշտների զոհը, ամեն ինչ լավ է։

Ասեմ, որ պատերազմը փոխեց ինձ, չեմ ասի, թե առաջ չէի լսում պապայիս, բայց հիմա ամեն ինչ իր սրտով պետք է լինի, ու ամեն ինչ պետք է անեմ, որ իրեն երջանիկ ու գնահատված զգա, միշտ ժպտա։

Պատմությանս համար շատ ավելի երկար ժամանակ է պետք, բայց փորձեցի համառոտ ներկայացնել, շատ բաներ էլ չպատմեցի։

Ուզում եմ  ասել,  որ կյանքում երբեք չենք իմանա, թե վաղն ինչ կերպ կդասավորվի, ինչ կլինի, ինչ դժվարություններ կծագեն, ուզում եմ մենք գնահատենք մեր ծնողներին, մեր հարազատներին, մեր ընկերներին: Պատերազմը վառ ապացույց էր, որ միշտ չի մեր ուզածը կատարվում, բայց համոզված եմ, կորցնելու վախը փոխում է մարդկանց, սկսում ենք գնահատել  այն ամենը, ինչն առաջ թվում էր, թե էական չի:

Խոնարհվում եմ մեր Հերոս տղաների մայրերի ու հարազատների առջև, խոնարհվում եմ այն տղաների առջև, ովքեր հիմա սահմանում են ու շարունակում են ծառայել։

Խոնարհվում եմ իրենց ընտանիքները թողած  ու պատերազմ կամավորագրված հայրերի ու իրենց հարազատների առջև։

Թեև հույսը կորցրել ենք բոլորս, բայց ինչպես ասում են` թունելի վերջում միշտ լույս է լինում…

Գնահատե՛նք ու սիրե՛նք իրար, կարևորե՛նք մեր ապրած ամեն օրը:

anahit baghshetsyan new

Չժամանակ

Նման բառ չկա հայերեն լեզվում` բնական է: Ես եմ հորինել: Նման բառերը պիտի հորինվեն, որովհետև չժամանակը զգացմունք է, պահ, երևույթ, իրավիճակ, ոնց ուզում ես սահմանիր, բայց բոլորս անցել ենք դրա միջով, բոլորս մեր սեփական մաշկի վրա ենք զգացել այն:

Սկսենք վերջից:

Նա ինձ ճանապարհել է դեպի իրեն անծանոթ ու օտար ափեր: Այսինքն, այդ պահին ձեռքս չի բռնել ու ասել, որ ինձ կկարոտի: Աչքերը չեն թրջվել, հայացքը անօգնական չի պտտվել շուրջբոլորը: Չէ’: Սենտիմենտալ ոչ մի դրվագ չեղավ նրա` ինձ ճանապարհելու մեջ: Նա ուղղակի ինձ չկանգնեցրեց, երբ ես գնում էի: Ոչ մի բառ անգամ չհնչեց նրա ձայնով: Իմ կողմ նրա սիրուն աչքերի հայացքը չնետվեց, ու ես չկանգնեցի, որ անհագուրդ նայեմ ու ուղեղիս մեջ դրոշմեմ այդ հայացքը: Նա այդտեղ չէր, իմ կողքին չէր հենց այդ պահին: Ողբերգությունը հենց այդտեղ սկսվեց, ու ինձ հետ կես աշխարհ կտրեց ու եկավ հասավ դեպի նրան անծանոթ ափերը:

Իմ հիշողությունը այլևս չի ողողվում բոլոր գունավոր զգացմունքներով, որ նա էր հորինել իմ համար: Ես այլևս չեմ խորտակվում իմ ու նրա երազանքների գիրկը, որովհետև նա ինձ թողնեց, որ ես գամ ու հասնեմ օտար ափեր, որովհետև նա քաջություն չունեցավ ինձ կանգնեցնելու: Բայց այս մտքերը էլ չեն պտտվում գլխումս: Ուղղակի վռնդել եմ գլխիցս: Ներս չեմ թողնելու, որովհետև հենց թողեմ ինձ կրկին տանելու են նրա ափեր, որտեղ նա ինձ չի սպասում:

Նա էլ երևի իր ափերում ամեն ինչ դասավորել է: Երևի մեր երազանքները ծալել ու դրել է մի անկյունում ու մեկ ուրիշի հետ նոր երազանքներ է գծագրել, կառուցել, քանդել… Կամ էլ գուցե մեր երազանքները չի պահել, դրել է մի փոքր տուփիկի մեջ ու ծովի ալիքներով իմ ափ ուղարկել: Հա, հաստատ էդպես է արել: Որ ինձանից ոչ մի բան չմնա իրեն:

Վերջացնենք: Սկիզբը կպատմեմ:

Մենք հանդիպել ենք պատահական: Այսինքն, ոչ հստակ ժամ, ոչ տեղ, ու ոչ էլ օր չկար պլանավորված: Ուղղակի կյանքի ինչ-որ անհասկանալի հեգնանքով մենք բախվել ենք իրար ու մի փոքրիկ պատմություն ենք գրել միասին: Երևի ոչ մեկին էլ պետք չէր մեր գրած պատմությունը: Պատմություն չեմ կոչի,  անունը նովել կդնեմ, որովհետև ավարտը անսպասելի էր թե ընթերցողների, թե կերպարների համար: Ինձ թվում էր, որ մենք իրար համար ենք ստեղծված, նրա հասակը իմ հասակին համապատասխան էր, իմ կարծիքները` նրա կարծիքներին լրացնող: Բայց նա կյանքը սկսել էր բացահայտել, իսկ ես դեռ շարունակում էի նույն ուղով: Հետո էլ, երբ նա վերջացրեց իր փնտրտուքները, ես իմը սկսեցի: Իմ բացահայտումները նույն ափին չէին: Ու նա ինձ թողեց մենակ: Ասաց, որ մենք իրոք իրար համար էինք, բայց հանդիպել էինք կյանքում անհարմար պահի: Ու ես անունը դրեցի չժամանակ: Չժամանակ, որովհետև, բացի այն, որ հանդիպել էինք սխալ պահի, երկուսս էլ գիտեինք, որ ճիշտ պահը չի գալու երբեք: Ես լինելու եմ շատ զբաղված, ինքը լինելու է շատ ազատ, հետո ես լինելու եմ հասանելի բաժանորդը, իսկ ինքը` հակառակը:

Ու մենք հրաժեշտ տվեցինք իրար անհրաժեշտաբար: Ես լաց եղա ու ատեցի Սևակին մեր բախտը մեզնից շուտ կանխագուշակելու համար: Իսկ ինքը… Իսկ ինքը ինձ չկանգնեցրեց ճանապարհի կեսին: Ինքը չժամանակի զոհը դարձրեց համ ինձ, համ ինքն իրեն…

anahit baghshetsyan

Շրջանավարտ 2020

24.05.2019

-Չեմ հավատում: Ավարտեցի՜ք: Մյուս տարի էլ ի՞մ հերթն ա:

-Հա՛: 2020-ը ինչ հավես տարի կլինի ավարտելու համար: Կլինես Class of 2020:

09.07.2020

Ես ավարտել եմ դպրոցը ոչ թե բեմի վրա ճառս ասելով ու ավարտական գլխարկս անվերադարձ դեպի վեր նետելով, այլ ուղղակի մեքենայով դպրոցի կողքով եմ անցել, վերցրել եմ ատեստատս, մեդալներս ու տխուր հայացք եմ նետել դպրոցի կառույցի վրա: Վա՜յ, մոռացել էի, մեկ էլ 8 վայրկյան տևողությամբ վիդեո եմ նկարել, որտեղ ասել եմ․ «Շնորհավո՛ր վերջին զանգ»: Վիդեոն միացրել են մնացած 673 աշակերտների վիդեոներին ու այդ երկու ժամանոց յութուբյան վիդեոն անվանել ենք վերջին զանգ: Ես ընդունվել եմ համալսարան Zoom-ով, ու հանդիպել եմ իմ ապագա դասախոսներին միայն մի պարզ յութուբյան հղման վրա սեղմելով: Ավելին` ես գնալու եմ համալսարան սեպտեմբերին: Համալսարանը հավանաբար գրասեղանիս է լինելու, սպասելու է, որ ես լոգինս ու գաղտնաբառս գրեմ համապատասխան դաշտերում, որ դասացուցակս տեսնեմ, դասախոսությունները ներբեռնեմ ու տնայիններս ճիշտ ժամանակին հանձնեմ: Հա, համ էլ, համալսարանի համար մեկ է լինելու, թե ես աշխարհի որ ծայրից եմ դասերին միանալու, որովհետև կարևորը լինելու է այն փաստը, որ վիդեոն Zoom-ում չի կտրտվելու ու մեյլերս ճիշտ ժամանակին են հասնելու պրոֆեսորներին: Կարծում եմ՝ արդեն դուք էլ էկրանի մյուս կողմից լսում եք, թե բախտը ինչքան բարձր ու հեգնանքով է ծիծաղում իմ վրա: Բախտի հետ կորոնովիրուսն էլ է քրքջում:

Եթե հանգամանքներն ուրիշ լինեին, ես սիրով իմ ու կորոնովիրուսի հարաբերությունները կտեղափոխեի իրավական դաշտ: Այսինքն՝ դատական գործ կհարուցեի կորոնովիրուսի դեմ՝ գողության մեղադրանք առաջադրելով: Երազանքներ կոտրելը պիտի անօրինական լինի բոլոր սահմանադրություններում ու օրենսգրքերում: Իմ ամառը գողանալը արդար չէ ու պիտի պատժվի: Կորոնովիրուսը պիտի պատժվի իմ բոլոր պլանները քանդելու համար: Ինքնաթիռիս տոմսերը անվավեր հայտարարելու ու սիրելիներիս ինձ համար անհասանելի դարձնելու համար: Ընկերներիս հետ բոլոր հանդիպումները անամոթաբար չեղյալ հայտարարելու համար: Ավելի անմարդկային քայլերն ու մեղադրանքները ներառում են ընկերներիս ինձնից անհայտ ժամանակով մի օվկիանոս հեռու տանելն ու իմ երազանքները խլելը (առանց իմ թույլտվության): Վիրուսը նաև մեղավոր է, որ ես տանը նստած Ռեյն Ջոնսոնի վերջին ֆիլմն եմ նայում ութերորդ անգամ ու բոլոր կերպարների խոսքերն անգիր արած: Եթե այս դատը ավարտվեր առանց կորոնովիրուսին ցմահ դատապարտելու, ուրեմն դատավորը կոռումպացված էր, հաստատ: Հա, բախտն էլ դատարանում ավելի բարձր կծիծաղեր ինձ վրա:

Բայց դեռևս ոչ մի դատարան պատրաստ չի վերոհիշյալ սցենարը ու իմ մեղադրանքները ընդունել: Չնայած դրան` ես ավարտել եմ, ոնց որ պլանավորել էինք մի տարի առաջ` ժպիտը դեմքիս, Class of 2020 բացականչելով: Բայց ժպիտը կիսատ էր, բացականչություններն էլ հեռուստացույցի էկրանին էին ուղղված: Իմ երազանքների համալսարանը էլի ինձ սպասում է, բայց ոչ թե դռնաբաց, այլ մեկ մետր հեռավորությամբ ու դիմակով: Ռեյն Ջոնսոնի ֆիլմերն էլ ինչպես միշտ սիրով եմ նայում, բայց ադի-բուդիի ու հարմարավետ նստատեղերի պակասը շատ է զգացվում:

anahit baghshetsyan

Հայկական զգացմունքների համար

Իմ հոգեբանության ուսուցիչը հիանալի հայերեն է խոսում: Այսինքն՝ «հիանալին» հարաբերական հասկացություն է: Եթե կանգնեմ ու նրա հետ հայերեն խոսեմ, կծիծաղի ու ինքն էլ ինձ հետ իսպաներեն կամ ֆրանսերեն կխոսի, որ ես չհասկանամ: Բայց եթե փողոցով քայլելիս տեսնի, որ իր հայ աշակերտներից մեկը ծխախոտը ձեռքին կանգնած է, մեքենան կկանգնեցնի ու բարձր կբղավի.

-Վարդա՛ն, ի՞նչ ես անում: Էն կո՛ղմ գցի,- հայերենին հատուկ մունաթով ու բարկությամբ կհնչեն էս տողերը՝ որպես ականտես վկայում եմ:

Այսօր դասը սկսելուց առաջ ինձ ու ընկերներիս ասաց, որ հայերենը չափազանց բարդ լեզու է, ու չնայած` ինքը 23 տարի աշխատում է հայ աշակերտների միջավայրում, չի կարողացել յուրացնել հայերենը: Մենք էլ ծիծաղեցինք ու հիշեցրինք Վարդանի պատմությունը: Ինքը ծիծաղեց ու սկսեց դասը բացատրել:

Դասի թեման զգացմունքներն են: Կան տարրական զգացմունքներ՝ երջանկություն, վախ, ատելություն… Եթե նայել ես Pixar-ի «Inside out» մուլտֆիլմը, ուրեմն դու գիտես տարրական 5 զգացմունքները: Բայց կան նաև երկրորդական զգացմունքներ, որոնք տարրական զգացմունքների խառնուրդներն են, օրինակ՝ մեղքը վախի ու տխրության խառնուրդ կարելի է համարել: Ու քանի որ թե՛ տարրական, թե՛ երկրորդական զգացմունքները հատուկ են աշխարհի երեսին ապրող բոլոր մարդկանց, զգացմունքները կարելի է համարել համաշխարհային լեզու:

Երբ ուսուցիչս հարցրեց, թե ով կարող է մեկնաբանել այս ենթադրությունը, ես ձեռքս բարձրացրեցի, հպարտ պատասխանեցի ու միավոր ստացա մասնակցության ու ճիշտ մեկնաբանության համար: Հետո դասարանից դուրս գալուց առաջ մոտեցա նրան ու ասացի, որ երևի միավորս ջնջի, որովհետև ես ինքս այդպես չեմ մտածում:

-Միավորդ իհարկե չեմ ջնջի, բայց ինչո՞ւ ես միտքդ փոխել,- երևի թե առաջին անգամ էր գիտակից դպրոցականը խնդրում, որ իր միավորը չեղյալ համարեն:

-Ուղղակի ես ինքս ճանապարհորդել եմ, մեծացել եմ ուրիշ երկրում ու հիմա ապրում եմ այստեղ: Կարող եմ վստահեցնել, որ զգացմունքները բացարձակ տարբեր են ամեն երկրում:

-Էստեղ կյանքը ձանձրալի է, չէ՞,- ու հանկարծ զրույցը դարձավ շատ ավելին, քան մասնակցության միավորը:

-Հա, գիտես (ուսուցչի հետ կարելի է դու-ով խոսել, եթե իմ հոգեբանության ուսուցիչն է) մարդիկ միօրինակ են ապրում: Նույն կերպ են ամեն օրը անցկացնում, ու հենց մի անսպասելի կամ չպլանավորված բան է լինում, չափազանց շատ կարևորություն են տալիս դրան:

-Բայց միգուցե հենց այդ միօրինակությունն էլ հասարակ պահերը կարևոր է դարձնում:

-Բայց հենց այդ միօրինակությունն էլ բոլոր ամերիկյան զգացմունքները փոխում է: Էստեղ լիաթոք չեն ուրախանում, անփարատելի տխրություն չեն զգում, էստեղ նույնիսկ կարգին բաներից չեն վախենում:

-Իսկ դո՞ւ:

-Ես էստեղ եմ ապրում, բայց էստեղի զգացմունքները չունեմ: Նույն լեզվով չենք խոսում:

-Ուրեմն նամակ պիտի գրես զգացմունքային տեսությունը հեղինակած հոգեբաններին, Ամերիկյան հոգեբանների ասոցիացիային: Գրի՛ր, գրի՛ր: Միգուցե լսեն: Ափսոս հայկական տոնով չես կարող գրել: Դե, ոնց որ ձեր հայ տղաներն են մեր հետ խոսում,- ինչպես հասկացաք՝ «մունաթ» բառը գոյություն չունի անգլերեն լեզվում:

Քմծիծաղ տվեցի, թխեցինք, որ գա, ու ես պտտվեցի դեպի դասասենյակի դուռը: Արդեն դրսում կանգնած ընկերոջս էի բարևում, երբ դասասենյակից լսվեց.

-Մի միավոր էլ կավելացնեմ հայկական զգացմունքների համար…

anahit baghshetsyan

Բայց դու ի՛նչ հայաստանցի ես

2020-ը պիտի լիներ իմ կյանքի լավագույն տարին, քանի որ ես հայ եմ ու հավատում եմ «գոլդ» թվերի անժխտելի զորությանը: Բայց տարվա առաջին երկու ամիսները մեծ հարցական նշան դրեցին նախորդ նախադասությանս վրա: Այսինքն, չեմ կասկածում, որ հայ եմ, որովհետև մեր տանը հայելի կա, ու ես իմ քիթը տեսել եմ, բայց «գոլդ» թվերի զորությանը արդեն չեմ հավատում:

Առհասարակ հայերը հավատում են շատ տարօրինակ երևույթների ու իրերի զորությանը: Օրինակ` մի քանի օր առաջ ընկերներիս հետ ընթրում էինք տիպիկ ամերիկյան «բուրգերանոցում»: Երբ միանգամյա օգտագործման պատառաքաղն ընկավ, ասացի, որ շուտով մարդ է գալու: Ընկերներիցս մեկը ասաց․

-Բաբամ, բայց դու ի՛նչ հայաստանցի ես:

Իսկ ես, հավատալով բոլոր հայկական ուժերին, մոգերին ու հեթանոսական աստվածներին, որոշեցի սպասել՝ հավատալով, որ ինչ-որ մեկը ներս կմտնի: Բայց երևի թե մեր պատառաքաղները ավելի զորեղ են, քան ամերիկյան մեկանգամյա օգտագործման ենթակաները: Մեր սպասելը ապարդյուն էր ու անօգուտ:

-Ասացի, չէ՞, լրիվ հայաստանցի ա:

-Բայց ասա, որ էդպես շատ ավելի լավ ա,- Էմիլիի կյանքը մենակ էդպես եմ կարողանում ուտել` հավաստելով, որ հայաստանցիները բոլորից լավն են:

-Ո՛ւֆ, բաբամ, վերջացրու,- ինքը բարկացավ, իսկ մենք ծիծաղեցինք:

Բացի պատառաքաղների ու հյուրերի անուղղակի կապից, մենք` հայերս, վստահ ենք, որ ոչ մի տոն չի կարելի կանխավ շնորհավորել: Ու ես՝ որպես հայկական ավանդույթների պաշտպան ու պահապան Հայաստանի սահմաններից դուրս, հավատարիմ եմ մնացել այս ավանդույթին, որի ծագումն անգամ չգիտեմ: Երբ փետրվարի 14-ին բոլորը շնորհավորում էին Նիկի ծնունդը, որը երկու օր հետո էր լինելու, ես չշնորհավորեցի: Ընկերներս, իհարկե, զարմացած էին, բայց ավանդույթին ծանոթանալուց հետո զարմանքը ավելի շատացավ:

-Այսինքն, ավելի լավ է ուշ շնորհավորեք, քան շո՞ւտ: Բայց էդպես էլ ո՞ւմ է պետք: Համ էլ մի նախադասությունը ի՞նչ պիտի փոխի նրա կյանքում: Հա, բայց ինքը հայ չի, իրե՞ն էլ ես ուշ շնորհավորելու:

-Նիկ, մի նեղացիր, բայց ես երկուշաբթի կշնորհավորեմ, հա՞:

-Հա, բա ոնց: Չեմ նեղանում: Բայց շա՜տ հայաստանցի ես:

Կարճ ասած՝ կյանքը ցույց է տալիս, որ կոտրված հայելին ոչ միշտ է դժբախտություն բերում, բաց աստիճանի տակով անցնելը երբեմն կարող է ոչինչ էլ չնշանակել, աղբը կարելի է երեկոյան թափել Հայաստանի սահմաններից դուրս: Բայց ես՝ որպես կյանքին մարտահրավեր նետող կենսուրախ հայուհի, աշխատում եմ բոլոր ուղղություններով, որպեսզի հայկական ավանդույթներն ու սովորությունները ապրեն նաև հայկական սահմաններից դուրս: Վիճում եմ ընկերներիս հետ, պատմում եմ բոլորին հայկական հինավուրց առասպելներն ու լեգենդները, ու ամենակարևորը՝ ինքս չեմ դադարում հավատալ դրանց զորությանը ու լինել ամենահայաստանցին:

Մենակ էս «գոլդ» համարներն են, որ մտածելու տեղիք են տալիս: «Գոլդ» համարանիշերով մեքենաները միշտ վթարների մեջ են ընկնում: «Գոլդ» հեռախոսահամարները միշտ անհասանելի են: Փաստորեն, «գոլդ» տարիներն էլ կարող են անհաջողակ լինել: «Գոլդ» թվերի համար էլ դեսպան չեմ լինելու:

Maria Araqelyan

Գարուններս Հայաստանից հեռու

Հայաստանը վաղուց ենք լքել․ չնայած, վաղուց ասվածը շատ հարաբերական ենթատեքստ է կրում։ Հայաստանը լքել ենք ուղիղ երեք եղանակ ու երեք օր առաջ, էլի գարունով, մայիսի ամենաերկար ու գորշ գիշերներից մեկին` օդում մեր վերջին հետքը թողնելով անհետացել ենք։ Իսկ այս տարի գարունս ո՛չ մեր բակի խնձորենու վարդագույն ծաղիկները ազդարարեցին, ո՛չ էլ ձնծաղիկներ վաճառող կարճահասակ, գլխարկով պապիկը։ Չէ, ամենևին։ Գարունս եկավ լոկ հեռախոսիս վրա ամսաթվի փոփոխությամբ միայն․ ու ոչ մի թռչուն էլ ետ չվերադարձավ տաք երկրներից, որովհետև նույն «տաք երկրներ» ասվածը հենց այս կողմերում է հիմա։

Տաք երկրներով հիմա միայն թռչուններին չէ, որ կզարմացնես: Էս տաք երկրներ մարդիկ էլ թռչունների պես ցրտերն ընկնելու հետ թռչում-գալիս են, մի սուր ու տխուր բացառությամբ սակայն․ ետ վերադառնալը թռչուններից չեն սովորում ու բներն էլ այնպես հիմնովին են հյուսում, որ վերադառնալու մասին մտածելն անգամ սեփական աչքին ծիծաղելի է թվում։ Կյանքը դարձնում են ծանծաղուտ, ընկնում սեփական կարճատև երազանքների ծուղակն ու ամեն հաջորդ քայլով ավելի ու ավելի են խրվում դրա մեջ, սխալ ու նյութական երազանքների ետևից վազելու պարզ հետևանքով։

Գարունովս հիմա ոչինչ չփոխվեց․ էստեղ տարվա ամեն օրն էլ գարուն է, ու միևնույն է, գարուն լինի, թե ձմեռ, մարդիկ ո՛չ մեքենաներն են լքում, ո՛չ էլ տները: Սիրով չեն լցվում գարնանամուտին ու գարնան ամիսներն անիծող բառակապակցություններ անգամ չունեն հնարած։

Իսկ ես․․․ Իսկ ես դեռևս էստեղից չեմ։ Ես «տաք երկրներում» մրսկան եմ դարձել ու անգամ այն ժամանակ, երբ արևին դեմքիս դիպչել է հաջողվում, ես փշաքաղվում եմ միայն, բայց չեմ տաքանում։ Չէ, այնուամենայնիվ, հոգի տաքացնողը ամենևին էլ այս արևը չի։ Էստեղ մարդիկ ջան, ջիգյար չունեն, ու կպատկերացնե՞ք, անգամ սեփական բախտը վիրավորող արտահայտություններ չունեն։ Էստեղ «քաղաքից դուրս»-ում կենդանիների փոխարեն հոլիվուդյան ֆիլմերի երկնաքերերն են, որոնք իրականում անչափ անշունչ են ու ամայի։

Հիմա կողքից եմ Հայաստանին նայում, 10540 կմ հեռվից, մի օվկիանոս ու կես մայրցամաք հեռվից ու թեև, էդտեղ մենք սովոր ենք կյանքից դժգոհել՝ գոնե երջանիկ եմ, որ կյանքից ենք դժգոհում․․․ Կյանքից, ապրելուց, թեկուզ երբեմն վատ, բայց զգացմունքներից ենք դժգոհում։ Էստեղ ոչ մի զգացմունք չկա, չկա նաև ոչ մի ապրող: Էստեղ նյութից կախված գոյատևում է միայն՝ անզգացմունք, անկյանք ու անշունչ։ Էստեղ գարուններս երբեք չեն էլ բացվելու․․․