Ազատ տարածք խորագրի արխիվներ

Mariam Harutyunyan new

Կյանքի խզբզոցներ

Էջանիշն ինքը որոշեց, թե որ էջի վրա պիտի կանգ առնի, մտքերիս և հիշողությանս հետ առանց բանակցելու համառորեն, բայց հստակ անցավ տարիների միջով և կանգնեց այնտեղ, որտեղից սայթաքել և ընկել էի։

Գիրքը գրվում էր, երբեմն ծանրությունից թեքվում, ճոճվում և զարմանում էր սեփական հաստափորության վրա։

Այնքան շատ բան կար գրքում գրված, միայն գրում էի, արդեն 14 տարի շարունակ գրում էի, բայց վախենում էի բացել և ընթերցել։

Հաստափոր գիրքը գրելիս վստահ էի, որ զուգահեռ իրականությունը զուգահեռ չէ ինձանից, իրականությունը մեկն է, իսկ ես արագ-արագ դա շարադրում եմ։

Եվ շարադրեցի 14 տարի։

Թանաքը մուգ էր, ամեն անգամ թանաքամանը խցկելիս համոզվում էի, որ սպիտակ էջի վրա գրածս տառակույտը մի օր կկարդամ։ Սպիտակ էջի վրա գրվածքները հենց այնպես չեն թողնում։

Ծանր, հաստ, դժվարամարս գիրքը շարունակվում էր գրվել, բայց արդեն առանց ինձ. որոշեցի կարդալ։

Դժվարությամբ վերցրի գիրքը, բացեցի առաջին էջը. իմ անուն-ազգանունն էր՝ որպես հեղինակ, ներածություն էլ կար.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Չմտածես, թե երկնագույնի այլ երանգներ չկան, ակնոցդ թափանցիկ դարձրու կարդալուց առաջ. այստեղ վարդագույն ակնոցները կոտրվում են։ Մտածի՛ր, բայց ոչ շատ, երազի՛ր, բայց ոչ քո համար, սիրի՛ր, բայց առաջին հերթին՝ քեզ։

Այցելի՛ր Հեսսեի Մոգական թատրոն, այնտեղ, եթե գիտես, մուտքը միայն խելագարների համար է։ Խելագարվիր, որ հետո սթափվես, հեռացիր, որ հետո վերադառնաս, կորցրու, որ գտնես, մեռիր, որ ծնվես….»

 Վատ չէր գրված, բայց ես նման բան չէի գրել, իմ գիրքը ուրիշի՞ ձեռքում էր հայտնվել։

Ես հատ առ հատ հիշում էի գրքի բովանդակությունը, իսկ ներածություն այնտեղ չկար, ես միանգամից անցել էի եղածը շարադրելուն…

Բացեցի հաջորդ էջը, վերնագիրն անծանոթ էր.

ԴՈՒ ՀԻՄԱՐ ԵՍ

«Բարև, հիմար, չե՞ս հոգնել երազելուց։ Հերիք է հորինես ու քեզ խցկես հորինվածքների մեջ։

Երրորդ անձը միշտ ճիշտ է, նա իրավիճակը ճիշտ է վերլուծում՝ նախքան դու կհասցնես սեփական անձդ աջ ու ձախ զարնել։

«Սառնասրտություն» անունով դեղամիջոցը ներարկիչի մեջ է, քեզնից մնում է միայն վերցնել այն, մտցնել երակներիդ մեջ, և այդքանով կավարտվի ամեն ինչ. դա է ճիշտը և միակողմանի ճանապարհը։ Խաչմերուկներ չփնտրես, դրանք քեզ համար չեն։

Գրիչդ կպահես, դու լավ չես գրում…»

Դադարեցի կարդալ, չէի հասկանում՝ ինչ է կատարվում. այն գիրքը, որը գրել եմ տարիներ  շարունակ, կարդալու պահին փոխում է բովանդակությունը։

Բացեցի 5-րդ էջը, վերնագիրը կրկին այլ էր.

ԱՆՊԵՏՔ ՕՐԳԱՆՆԵՐ

«Կլոր սեղանի շուրջ նստելը մեկնարկեց բանավեճը. ամեն ինչ պատրաստ էր, երկու կողմերն էլ մարտական էին տրամադրված, նրանցից ոչ մեկը պարտվելու մտադրություն չուներ. կլոր սեղանների ժամանակներն են…

Սիրտը գիտեր իր մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և լավ էր պատրաստվել, հաշվի էր առել այն թեզերը, որը իր առաջ էր դրվելու։

Սիրտը չուներ էմոցիոնալ բարձր ինտելեկտ և հաճախ էր հուզական մեծ արտահոսք ուղարկում իր մրցակցին, իսկ մրցակիցը հավասարակշված էր և հուզական դաշտի կայունության խնդիր չուներ. նա առհասարակ որևէ տեսակի հույզ կամ զգացմունք չուներ, բայց շատ իրատես էր, շատ վերլուծող էր և հաճախ էր սրտին մեղադրում իրականությունը կորցնելու մեջ։

Ուղեղ անունով մրցակիցը խիստ, քննադատող և խեթ հայացքով նայում էր Սրտին, որը արագ-արագ հիշողությանն էր հրամցնում մեկի պատկերը, որի հոգու պարունակությունը հենց ինքն էր հորինել։ Ուղեղը իրավացի էր, երևի իրավացի էր։

Ուղեղը բացեց հաշիվը, նա առաջատարն էր։

Սիրտը, զգալով իր հնարավոր պարտությունը, շախ և մատ արեց՝ տապալելով Ուղեղին։

Ուղեղը կծկվեց՝ գլուխը ծածկելով ափերի մեջ, որովհետև գիտեր, թե ինչ է տեսնելու։

Նրա պատկերը հայտնվեց՝ բարձրաձայն ասելով. «Դու ինձ մոռանալու իրավունք չունես…»։

Այդ պատկերը հաճախ էր հայտնվում, հետապնդում և պարտության մատնում Ուղեղին։

Հերթական բանավեճն ավարտվեց, Սիրտը կրկին հաղթեն Ուղեղին….»

Ես հիմա ու՞մ գիրքն եմ կարդում, այս ամենը ինձ դուր չէր գալիս, անգամ վախեցնում էր. գրքիս բովանդակությունն ամբողջությամբ փոխված էր։ Շարունակեցի կարդալ։

(շարունակելի)

Sabina Davtyan new

Երկիր, որից չես կարող փախչել

Կան օրեր, երբ հոգիդ ծանր է,

Երբ աչքերդ փակ ես անում ու միայն մի բան ես ուզում.

չեզոքություն։ Լռություն։ Հեռավորություն։

Երբեմն ուզում ես ամեն ինչ թողնել ու հեռանալ։ Հեռանալ մի վայրից, որտեղ քեզ խեղդում են հիշողություններն ու ցավերը, որտեղ գուցե քեզ չեն հասկանում, չեն ընդունում, որտեղ կոտրված երազներն ու հին կապերը կծկում են հոգիդ։ Ու երբեմն թվում է, թե կարող ես փախչել՝ թողնելով այն անցյալը, հողը, մարդկանց ու հույսերը, որ արդեն փշրված են։ Բայց կա անխախտ մի բան, որը չես կարող թողնել, չես կարող մոռանալ, չես կարող փախչել՝ քո երկիրը։

Երկիր, որտեղ արել ես առաջին քայլերդ, ու հնչել են առաջին բառերդ, որտեղ քո արմատները խորացել են գետնի մեջ՝ աննկատ, բայց անխախտ։

Երկիր, որտեղ նույնիսկ հեռու լինելով՝ լսում ես քամու շունչը, ծառերի խոսքն ու պապերի պատմությունները։ Երկիր, որին չես կարող վաճառել, չէ որ դա քո հոգու մի մաս է դարձել՝ անխառն ու անկեղծ։

Քո երկիրն է, որ քեզ հետ է, երբ լուռ ես ու մենակ, երբ քո սիրտը փշրված է ու ծանրացած, երբ ամեն ինչ խառնվում է ներսում։ Այն լույսն է, որ լուսավորում է մութ ուղիներդ, այն հողն է, որ քո ոտքերի տակ է, ինչ էլ որ լինի։

Երբ հեռանում ես քո երկրի բարակ ճեղքվածքներով անցած իրողություններից, երբ թռնում ես անծայրածիր կապույտ երկնքի վրայով, թվում է՝ օդի մեջ կարող ես թողնել քեզ, մոռանալ հողի տաք շունչը, ջրի մեղմ հոսքը, հին քարերի շշնջոցը։

Բայց ամեն մի քայլ, որ դնում ես մեկ այլ տեղ, քեզ հետ քաշում է մի անտեսանելի թել, կապում սրտիդ ու հողին։ Այդ թելը հողի մորմոքն է, որ լսում է քո հոգու խորքում, մանավանդ, երբ մի պահ կանգ ես առնում ու լուռ ես։

Հիշում ես մանկությանդ բուրավետ այգին, որտեղ ծաղիկները թառամել էին, բայց պահում էին քո առաջին խաղերի հիշողությունը։

Այդ ամենը քո մեջ է՝ գուցե հեռու, գուցե փշրված, բայց դեռ կենդանի։ Ու որքան էլ փախչես՝ դրանք վերադառնում են քեզ մոտ, թևեր են տալիս ու քեզ գրկում այնպես, ինչպես ոչ ոք չի կարող։ Եվ երբ հեռու ես՝ քո սիրտը տաքանում է մի կտոր հողից, մի բույրից, մի ձայնից, որ տասներորդ անգամ էլ ուզում է քեզ վերադարձնել։ Քո ներսում ապրում է մի երկիր, որից չես կարող փախչել՝ անկախ նրանից, թե որտեղ ես, կամ ինչքան նոր աշխարհներ ես տեսել։

Նա քեզ սպասում է։ Նա քեզ գրկում է։ Նա քո ամբողջությունն է։

Երկիր, որից չես կարող փախչել, սերը չի նվազում, չի մարում։ Նա քեզ ներառում է իր մեծ պատին, որտեղ անցյալը և ներկան սերտաճել են, և ապագան միայն մի ցանկություն է՝ երբեք չկորցնել այն, ինչը կերտել է քո արմատները։

Ու եթե մի օր ճամփաները քեզ հեռու տանեն, հիշի՛ր՝

երբևէ չես կարող փախչել մի երկրից,

որ կրել ես քո աչքերի փայլում,

քո սրտի մեջ,

քո հոգու խորքերում։

Քո երկիրը՝ հող ու քար, հուշ ու հպարտություն,

միշտ գտնելու է քեզ աշխարհի որ անկյունում էլ լինես։

Նրա շունչը քո շնչի մեջ է,

նրա լույսը քո աչքերի մեջ,

նրա ցավն ու սերը՝ քո երակներում։

 

Եվ ամեն փախուստ վերջում դառնում է վերադարձ,

վերադարձ մի հողի,

որ ապրում է քո ներսում՝

լուռ, հավատարիմ, սիրող։

Եվ գիտես՝

քո երկիրը երկիր չէ միայն.

նա քեզնից է կառուցված։

Եվ հենց դրա համար էլ

չես կարող երբեք փախչել նրանից։

Lilit Ulunts

Գրքերից կառուցված տունը

Նվիրվում է մորս, տատիկիս և իմ բոլոր ուսուցիչներին

Այն տունը, որտեղ ես մեծացել եմ, կարծես հյուսված լիներ գրքերից։ Գրադարակների վրա շարքով դասավորված էին հաստափոր դասագրքեր` թերթերն արդեն մաշված, բայց բույրը՝ թարմ ու հին գեղարվեստական կտավներ։ Այդ գրքերի կողքին ապրում էին մորս ձայնը, տատիկիս հայացքը ու իմ ներսում անշշուկ աճող սերը՝ սովորելու, սովորեցնելու և երբեմն լուռ երազելու հանդեպ։

Ես մեծացել եմ ուսուցիչների տան մեջ։

Տատիկս ուսուցչուհի էր՝ ոչ միայն մասնագիտությամբ, այլ ամբողջ էությամբ։ Նրա աչքերում կար մի հանգիստ, բայց հաստատուն լույս, որը սովորեցնում էր առանց խոսքի։ Նա չէր սիրում խիստ հսկողություն, բայց իր ներկայությունը բավարար էր, որ ինքնակազմակերպվես։ Հիշում եմ, երբ տեխնոլոգիայի ժամին դպրոցում համեղ ուտեստներ էինք պատրաստում, տատիկս տանը կապեց նարնջագույն նախշերով գոգնոցս, հետո զգուշությամբ ամրացրեց գլխիս սպիտակ շեփորաձև գլխարկս և ասաց.

«Խոհանոցը նույնպես դասարան է, այստեղ պետք է լինել ուշադիր, պահպանել մաքրություն և աշխատել սրտանց»։

Նա լուռ հետևում էր իմ շարժումներին՝ գնահատելով ոչ միայն ճաշի համը, այլև իմ հոգատարությունն ու մանրուքների հանդեպ ուշադիր վերաբերմունքը, այն, ինչից իրական ուսուցումն սկսվում է։

Իսկ մայրս դասարանում կանգնում էր ոչ միայն որպես ուսուցչուհի, այլև որպես կենդանի կերպար, ով պատմությանը կյանք ու հոգի էր հաղորդում։ Հիշում եմ, թե ինչպես մեկս պատկերում էինք Սև ծովը, մյուսը՝ Արարատ լեռը, երրորդը՝ Հայկական պարը, և այդպես աստիճանաբար մենք մեր դասարանը վերածում էինք կենդանի քարտեզի։

Դպրոցից դուրս էլ մայրս շարունակում էր դասավանդել։ Հիշում եմ մի անգամ, երբ քույրս դեռ դպրոցական էր, նրա դասարանի աղջիկները հավաքվել էին մեր տանը՝ «սունկ» թխվածքաբլիթներ պատրաստելու։ Այդ հանդիպումը վերածվեց մի յուրահատուկ դասի, որտեղ սովորում էին ոչ միայն խոհարարական հմտություններ, այլև համերաշխության ու համագործակցության արվեստը։

Ինքնուրույն սովորելը ինձ միշտ առանձնահատուկ հրճվանք էր պարգևում։ Երբ զգում էի, որ սովորել եմ դասերս, կանչում էի տատիկիս՝ իմ առաջին և խստապահանջ քննադատին։ Նստեցնում էի նրան կողքիս ու հերթով գրքերը փոխանցում էի նրան։ Ըստ դասացուցակի գնում էինք առաջ։ Պարտադիր նայում էր նաև տետրերս, որպեսզի թվերից յուրաքանչյուրը լինեին առանձին վանդակներում, իսկ տառերը մեծ ու ընթեռնելի։ Տատիկիս աչքերը լեցուն էին ուշադրությամբ և սիրով, նա չէր հանձնվում նույնիսկ ֆիզկուլտուրայի վարժություններին՝ մի փոքր խստությամբ ստուգում էր դրանք, որ ես երբեք չմոռանայի ուժի, համբերության ու հաստատակամության կարևորությունը։ Տատիկս ինձ հետ հավասար ավարտեց դպրոցս։  Այսպիսին է իմ տատիկը՝ ուսուցչուհի և հոգատար ուղեկից, ով յուրաքանչյուր պահի զգուշորեն առաջնորդում էր իմ քայլերը՝ դառնալով կյանքիս իմաստը կրող մարդ։

Տասներկու տարի շարունակ ես սովորել եմ ամեն առարկա հավասար։ Յուրաքանչյուրը` նույն լրջությամբ, նույն ուշադրությամբ։ Եվ այդ հավասարության մեջ ես մոլորվել էի։ Չէի կարողանում հասկանալ՝ որն եմ սիրում, որն է իմը։ Այսօր էլ… Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե որն եմ ամենաշատը սիրել։

…Մեզ մոտ գրականության վերջին դասն էր։ Շարադրություն էինք գրում։ Վերջին շարադրությունը։ Լռություն էր… Դասն ավարտվում էր։ Երբ հանձնեցինք թղթերը, ուսուցչուհիս լուռ  կարդաց իմ շարադրությունը, ոչինչ չասաց. պարզապես մեղմ ժպտաց։ Հետո նայեց ինձ ու կամացուկ ասաց.

-Սխալ մասնագիտական ուղղություն ես ընտրել։ (Մինչդեռ ես էլ չգիտեի, թե ինչ եմ ընտրել)։ Քեզ մոտ ստեղծագործելը իսկապես լավ է ստացվում։ Ընտրիր այն ուղին, որն իրոք քոնն է։

Ես միայն ժպտացի։

Ու երբ նա դուրս էր գալիս դասարանից, կանգ առավ դռան մոտ ու հավելեց.

- Մի քանի  տարի հետո կհիշես այս խոսքերը… Կհասկանաս։

Չեմ էլ մոռացել։ Ամեն անգամ, երբ գրիչս ձեռքս եմ վերցնում, այդ խոսքերն են մտքիս գալիս։ Նա հավատաց մի բանի, ինչը ես ինքս իմ մեջ դեռ չէի տեսնում։

Բայց իմ աշխարհը մի քիչ ուրիշ է՝ տարօրինակ, յուրահատուկ։ Ես ապրում եմ մաթեմատիկական մտածողությամբ, զգում եմ ֆիզիկայի օրենքները և գրականության շունչը։ Ու երբ այդ ամենը միաձուլվում է, ստացվում է մի աշխարհ, որը միայն ինձ համար է հասկանալի։ Ես դեռ չեմ որոշել, թե որն եմ ամենաշատը սիրում, բայց գուցե հենց այդ խառնարանի մեջ է իմ ճանապարհը։

Ուսուցիչն իմ կյանքում երբեք միայն դասավանդողը չի եղել։

Նա եղել է լռության մեջ խոսող օրինակ, ճշտի կողմը տանող ձայն, հպարտության ու խոնարհության համաձուլվածք։
Նա եղել է լույս այն պահին, երբ իմ ճանապարհը մութ է եղել։
Նա եղել է հավատ այն ժամանակ, երբ ես ինձ վրա վստահ չեմ եղել։

Այսօր ուզում եմ գլուխ խոնարհել իմ բոլոր ուսուցիչների առջև՝ երախտագիտությամբ լի սրտով։

Ու առանձնահատուկ հիշել մորս, տատիկիս՝ նրանց, ովքեր մանկությանս լույսն էին,
ովքեր մինչ օրս իմ մեջ պահպանում են մի բան,
որ բառերով ասել չի լինում։

Ուսուցիչը լուռ լույս է։
Լույս, որից սերունդներ են ջերմանում։
Եվ երբեմն հենց նրա սերմանած արժեքների շնորհիվ աշխարհը դառնում է մի փոքր ավելի լուսավոր, մի փոքր ավելի արժանապատիվ։

Sabina Davtyan

Կյանքը միայն հաղթելը չէ…

Կյանքը միայն հաղթելը չէ։ Կյանքը տասը անգամ պարտվելն է, բայց տասնմեկերորդ անգամ վեր կանգնելը, չնահանջելը, չհանձնվելը։ Դա վերքոտ ծնկներն են, գիշերները, երբ համոզված ես, որ վերջը եկել է, բայց մի առավոտ նորից աչքերդ բացում ես ու հասկանում՝ դեռ պետք է շարունակել։ Կյանքը այն պահերն են, երբ կորցնում ես հավատդ ինքդ քեզնից, երբ թվում է՝ ոչինչ չի ստացվի, բայց մի օր քո ներսում ինչ-որ ձայն ասում է. «Մի՛ կանգնիր»։ Եվ դու շարունակում ես։

Կյանքը միայն սիրելը չէ։ Կյանքը ատելն է, հիասթափվելն է, գիշերներն անվերջ շուռումուռ գալ անկողնում ու փորձել մոռանալ անուններ, որոնք սրտիդ մեջ թափանցել են ու չեն հեռանում։ Կյանքը անթիվ «եթե»-ներն են. «Եթե ուրիշ ժամանակ լիներ», «Եթե ուրիշ մարդիկ լինեինք», «Եթե ավելի շուտ հանդիպած լինեինք»… Բայց այն նաև նորից հավատալն է, նորից բացվելն է, նորից սիրելն է, անգամ երբ կարծում ես, թե այլևս չես կարող։

Կյանքը միայն հաջողությունը չէ։ Դա տապալումներն են, սխալները, անհաջող փորձերը, այն դռները, որոնք փակվում են ուղիղ քթիդ դիմաց, ու դու արյունոտ ձեռքերով փորձում ես դրանք բացել՝ չհասկանալով, որ իրականում այդ դռները երբեք քեզ համար նախատեսված չեն եղել։ Կյանքը այն բոլոր «ոչ»-երն են, որոնք լսել ես, որոնք ստիպել են քեզ կասկածել ինքդ քեզ վրա, բայց նաև այն միակ «այո»-ն, որը գալիս է ճիշտ պահին ու փոխում ամեն ինչ։ Եվ դու հասկանում ես՝ գուցե արժեր անցնել այդ ամբողջ ճանապարհը միայն այդ մեկ խոսքի համար։

Կյանքը միայն հավատալը չէ։ Կյանքը կասկածելն է, պայքարելն է ինքդ քեզ հետ, հարցեր տալը, պատասխաններ չգտնելը: Կյանքը հավատալն ու հիասթափվելն է, հետո նորից հավատալը, նորից կասկածելը։ Դա այն պահն է, երբ վստահ ես՝ չես կարող, բայց փորձում ես, անում ես ու հասկանում, որ միշտ էլ կարող ես, միայն թե երբեմն պետք է ընկնես, փշրվես, որպեսզի սովորես նորից կանգնել։
Կյանքը միայն երազելը չէ։ Կյանքը երազանքներից զրկվելն է, դրանք կորցնելն է, հետո նորերը գտնելը, հետո դարձյալ կորցնելն ու դարձյալ ստեղծելը։ Կյանքը այն է, երբ հուսահատվում ես, հավատում ես, որ ամեն ինչ ավարտված է, բայց հետո ներսումդ ինչ-որ բան ստիպում է վեր կենալ, մաքրել փոշին ու շարունակել առաջ գնալ։ Կյանքը չհասած նպատակներն են, կիսատ մնացած գրքերը, չուղարկված հաղորդագրությունները, սպասված պատասխանները, որոնք երբեք չեն գա։

Կյանքը միայն լույսը չէ։ Դա մութ գիշերներն են, երբ չես հասկանում՝ ինչ կլինի վաղը։ Դա անորոշությունն է, տանջող մտքերը, որոնք քեզ չեն թողնում քնել, երբ թվում է՝ դուրս գալու ոչ մի տարբերակ չկա։ Բայց դա նաև արևածագերն են, որոնք գալիս են ամեն անգամ, երբ թվում է՝ մութը հավերժ է։

Կյանքը միայն «լավ»-ը չէ։ Դա նաև «վատ»-ն է, որը սովորեցնում է գնահատել լավը, դժվարությունները, որոնք ստիպում են ուժեղանալ, կորուստները, որոնք հասկացնում են՝ ինչն էր իսկապես կարևոր։ Դա հարվածներն են, որոնք կոփում են հոգիդ, դա վախերն են, որոնք ստիպում են ավելի համարձակ քայլել։

Եվ վերջապես, կյանքը միայն ապրելը չէ։ Կյանքը նաև ընկնելն է, ցավ ապրելը, սովորելը, փոխվելը, ձևափոխվելը, կորցնելն ու գտնելը, ու այդ ամենից հետո՝ նորից վերադառնալը։ Կյանքը վերքերը  բուժելու ուժ ունենալն է, հիշողությունները պահելու համարձակությունն է, ցավի միջից ժպտալը, կորցրածի համար չկործանվելը։ Կյանքը շարունակվելու ընտրությունն է, ամեն անգամ, նույնիսկ, երբ թվում է՝ այլևս ոչինչ չունես շարունակելու համար։

 

Nare ohanyan

Հունվար

Հունվար.

և օրերն ավելի են ցրտում։
Արևը նահանջում է,
Համառորեն չենք մրսում։

Հուշերով ու հույսերով լցնում ենք օրերը,
Որ օրերը չդատարկեն մեզ։

Հունվար.
և նորից ծիծաղում ենք՝
Ձյուների, մառախուղի, կիսացրտի,
կիսալույսի ու կիսակարոտի մեջ։

Շուրջբոլորն սպիտակ է՝
Անթափանցիկ շարունակությամբ։
Բառերի գոլորշու փոխարեն
Պատուհանին հետք է թողնում վառարանի անգույն ծուխը,
Որովհետև բառերն իրենց բոլոր իմաստներով
Մնացել են աշնան դեղին գրկում։

Հունվար.
Մատները սառն են,
Հոգիները՝ տաք,
Օրերը չափազանց ցուրտ են։

Uluntc

Աստղերի լույսի տակ

Աղջիկը նստած էր քաղաքի տանիքներից մեկի վրա։ Գիշերն արդեն խորացել էր, և փողոցի լույսերը, ինչպես նաև հեռավոր շենքերի պատուհանները, աղոտ շող էին տալիս, բայց նրա հայացքը սևեռված էր վեր՝ դեպի աստղերով զարդարված երկինքը։ Սառն օդը ծակծկում էր նրա դեմքը, իսկ թեթև քամին խաղում էր մազերի հետ։ Բայց նա ոչինչ չէր զգում. ոչ սառնությունը, ոչ քամու հպումը։ Երկինքը հեռու էր թվում, իսկ աստղերը՝ անհասանելի, բայց աղջիկը նայում էր նրանց՝ անհույս ու միաժամանակ ինչ-որ աննկատ հույսով։ «Գուցե նրանք էլ են խաբկանք»,- մտածեց նա,- Գուցե նրանք վաղուց մարել են, իսկ մենք միայն նրանց անցյալի լույսն ենք տեսնում»:

Կարծես կյանքում ամեն բան այդպես լինի. անցյալը միշտ ներկայի տեղ է բռնում՝ ստի պես հույս տալով, մինչ ապագան մնում է մշուշում։

Աղջիկը հիշեց, թե ինչպես էր փոքր տարիքում հաճախ  տարվում երազանքներով։ Նրա երազանքները վառ էին, ինչպես հեքիաթի գույները. ամեն բան իրական էր թվում, ամեն բան հնարավոր։ Բայց հիմա, տասնամյակների պտույտներից հետո, երազանքները դարձել էին նույնքան մոխրագույն, որքան քաղաքի մշուշոտ երկինքը։ Նա մտածում էր, թե երբ էր վերջին անգամ իր սիրտն իսկապես լցվել հավատի շնչով։ Հանկարծ ինչ-որ շարժում  գրավեց նրա ուշադրությունը։ Մի կատու՝ նրբագեղ ու մենակ, անցնում էր լքված փողոցով։ Նրա քայլերը մեղմ էին, իսկ հայացքը՝ անտարբեր, բայց միևնույն ժամանակ, խորը մտածկոտ, ասես նա գիտեր իր ճանապարհը, բայց չէր շտապում։ Աղջիկը զգաց, թե որքան նման էր այդ կատվին. միայնակ, առանց ուղղության, բայց ինչ-որ ներքին հանգստությամբ առաջ շարժվող՝ կարծես ոչինչ չփնտրելով, բայց ոչ էլ ամբողջությամբ հրաժարվելով։ Նրա հայացքը կրկին բարձրացավ երկինք։ Տիեզերքն իր լռությամբ, իր սառնությամբ ու իր անսահմանությամբ նրան գրկում էր, բայց այն հսկայական դատարկությունը, որ  մի ժամանակ միայն ցավ էր պատճառում, հիմա այլ զգացողություն էր առաջացնում։ «Ինչքան մեծ է այս ամենը, ինչքան ավելին կա այն ամենից, ինչ մենք տեսնում կամ հասկանում ենք»,- մտածեց նա։ Նրա ներսում մի փոքրիկ բան շարժվեց՝ մի բան, որ հույսի նման էր, բայց դեռ չձևավորված։ Այդ պահին աղջիկը հասկացավ մի բան. գուցե ամբողջ լույսն իր շուրջը չկարողանար փարատել մթությունը, բայց մի փոքրիկ լույս իր ներսում կարող էր։ Ու եթե այն կարող էր նորից բոցավառվել, գուցե նա կարողանար գտնել իր տեղն այս մեծ պտույտի մեջ։

Ժամանակն անցնում էր, բայց գուցե դրա հետ չէր անցնում ամեն ինչ։ Գուցե ինչ-որ բան մնում էր, աճում ու ձևավորվում։

Հավատը շարունակում էր ապրել խորքում, այնտեղ, որտեղ դեռ փայլում էր մի փոքրիկ լույս։

Sabina Davtyan

Ժամանակի հեռու համընթացները

Հիմա դժվար է, ու դժվար է ասել՝ ավելի դժվար է եղել, թե՞ չէ։ Կիսատ մնացին շատ բաներ, անավարտ մնացին որոշները, իսկ շատերը՝ անսկիզբ։ Ժամանակը ինչ-որ անարդար է, երբ կանգնեցնում է մեզ, ու մենք չէինք հասցրել ասել այն, ինչ պետք էր՝ թե սիրեցինք ու չհասկացանք, թե հանձնվեցինք, բայց չհասկացանք էլ՝ ինչի համար։ Կիսատ մնաց ամեն ինչ՝ բառերը, գործողությունները, մարդիկ։ Դու փորձում ես վերակազմել այն, ինչ արդեն կործանվել է, բայց ամեն նոր խոսք ավելի խճճված ու ցավոտ է դարձնում ամեն ինչ։ Յուրաքանչյուր նոր տող մի ամբողջ գիրք է դառնում՝ մի գիրք, որը դեռ չսկսված մնաց անավարտ, քանի որ գլխավոր հերոսին դու հորինեցիր, իսկ իրականում նրան նույնիսկ հերոս անվանելն արդեն ծիծաղելի կլիներ։ Իսկ մյուս հերոսները ուղղակի գեղեցիկ էին դարձնում գիրքդ։ Գլխավոր հերոսի դրվագներն ու բառերը, որոնք առաջին պահին այնքան անկեղծ ու տպավորիչ էին, այսօր արդեն խամրել են՝ ինչպես անհետացած երազներ։ Այդ կեղծ հերոսը կործանեց քո գրքի առաջին էջը, ու հիմա մնում են միայն դատարկ տողեր՝ առանց բացահայտված սյուժեների ու առանց գրված ճակատագրերի։ Պատմությունը, որ մի ժամանակ թվում էր անմահ, այժմ դարձել է անտեր ու անավարտ, ինչպես ուրվական, որն էլ չէր կարող գտնել իր տեղը այդ էջերում։ Կեղծ հերոսը, ով մի ժամանակ քեզ համար ամբողջ աշխարհ էր, պարզվեց՝ ոչինչ ու ոչ ոք էր։ Դու չէիր մտածում, որ այդ կեղծ հերոսը մի օր կծածկի իրական հերոսիդ հետքերը, կկառուցի պատնեշներ ու փակուղիներ, որտեղ դու այլևս չես կարողանա գտնել այն ճանապարհը, որը նախկինում կարծես քեզ համար բաց էր։ Եվ հիմա, երբ կարդում ես այն տողերը, որոնք վաղուց մոռացել էիր, հասկանում ես, որ ամեն ինչ, ինչ դու սիրել ես, պարզապես մնաց անցյալում՝ ինչպես մոռացված պատմություն։ Նրա տեղում դու գտար միայն մենակություն, իսկ գիրքն այդպես էլ մնաց անավարտ, պատմությունն էլ՝ չստացված։ Դժվար է, երբ անցյալն ու ապագան միմյանց հետ խառնվում են, ու դու չգիտես՝ որտեղից սկսել, որպեսզի գտնես վերջը։ Բայց հանկարծ, մի պահ, դու քո ներսում գտնում ես խաղաղություն՝ առանց այն բաների, որոնք չհասցրեցիր ասել, առանց այն մարդկանց, ովքեր հեռացան։ Ու դու հանկարծ հասկանում ես, որ… Երբ կմնա ընդամենը հինգ րոպե, ու վայրկյանները գնալով կդառնան ծանր, դու կհասկանաս, որ այլևս չես սպասում ու չես հավատում։ Միամիտ կլիներ հավատալ, որ դեռ ինչ-որ բան կփոխվի, իսկ սպասել նշանակում է` հավատալ, բայց դու արդեն բավականին մեծ ես, որ հրաշքներին չհավատաս։ Ու երբ ժամացույցը կհարվածի 00։00, կհասկանաս, որ մահը խլեց հարազատներիդ, պատերազմը՝ հայրենիքդ, ժամանակը՝ ընկերներիդ, իսկ սերդ չգիտեմ՝ ինչը խլեց, կամ միգուցե՝ ով։ Հասկանում ես, որ կան հարցեր, որոնց պատասխանը ավելի լավ է չիմանաս, բայց մի բան հաստատ գիտես՝ ամեն ինչ պետք է թողնես անցյալում։ Րոպեները դանդաղ կսողան դեպի կեսգիշեր, և դու կզգաս, թե ինչպես է ներսումդ ամեն բան կոտրվում՝ հասկանալով, որ այդ վերջն անխուսափելի է։ Բայց դու արդեն որոշել ես՝ ամեն ինչ ու բոլորին թողնել այնտեղ, որտեղ նրանց տեղն է՝ հիշողությունների, երազանքների ու չապրած զգացմունքների մեջ։ Նրանց քեզ հետ տանելը կնշանակի շարունակել վազել մի կյանքի հետևից, որն արդեն կորցրել ես։ Բայց երբեմն, որպեսզի ազատվես, պետք է ինքնակամ փակես այն դուռը, որը միշտ բաց ես թողել՝ հույսով, որ ինչ-որ մեկը ներս կմտնի։ Եվ այդ դուռը մարդիկ են, ովքեր գնում են ու այլևս հետ չեն գալիս, մարդիկ, ովքեր պետք է մնային։ Երբ ժամացույցը հարվածի 00։00, դու ամեն ինչ կհանձնես ժամանակին։ Ժամանակը կսպառի ամեն բան՝ հիշողություններ, բառեր, հայացքներ, բայց ոչ զգացմունքներ։ Բայց կհանձնես մարդկանց ժամանակին, ու թողնես, որ մնան այն ամենի մեջ, ինչին դու այլևս մոտիկ չես գալու ու չես դիպչելու։ Ու այդ պահին, գուցե առաջին անգամ՝ դու կշնչես ազատության իրական օդը։ Դու կհասկանաս, որ ազատությունը չի գալիս այն պահին, երբ դու լուռ փախչում ես անցյալի ծանրությունից։ Այն գալիս է այն պահին, երբ վերջապես հասկանում ես, որ դու չես կարող պահել այն, ինչ արդեն հեռացել է, և երբ… Եվ երբ ժամացույցը հարվածի 00։00, քեզ կհարցնեն, թե ինչ երազանք պահեցիր։ Դու կնյարդայնանաս ու կպատասխանես՝ «Հերիք է հիմարություններ հարցնեք, ես չափազանց մեծ եմ երազանքներ պահելու համար», բայց իրականում բոլորից թաքուն մի երազանք կպահես՝ այն, որ երբեք ոչինչ ու ոչ ոքին չկորցնես։ Եվ երբ գիշերները մենակ մնաս, կնայես աստղերին ու կպատկերացնես, որ այդ աստղերը ոչ միայն լուսավորում են մթությունը, այլ նաև քո սրտի բոլոր անկյունները՝ հիշեցնելով, որ կա մի տեղ, որտեղ բոլորը անվտանգ են, որտեղ անշուշտ կրկին հանդիպելու եք առանց ցավի, առանց բաժանումների…