Ինչ է ինձ համար 17.am-ը խորագրի արխիվներ

hripsime baloyan

Հին 17-ցին

Ողջույն, եթե 17․am-ի նորեկներից ես, դժվար թե ինձ ճանաչես կամ հիշես, բայց վստահ եմ, որ հին անդամներից անկասկած ինձ հիշողներ կլինեն, ինչպես ես չեմ մոռացել նրանց իմ երկար բացակայության ընթացքում:

5 տարի առաջ էր, երբ 17․am-ն իր անձնակազմով այցելեց մեր դպրոց՝ սեմինարներ անցկացնելու։ Ես և ընկերուհիս` Անին, հպարտ-հպարտ, մեզանից գոհ-գոհ գնացինք դահլիճ սեմինարին մասնակցելու համար, մեզ հետ էին համադասարանցիներս նույնպես։

Ես և Անին լուրջ, առանց մի խոսք ասելու լսում էինք 17․am-ի թիմին, մեզ փորձում էինք պահել հասուն 20-25 տարեկանի պես, փորձում էինք թաքցնել մեր բարբառը և խոսել այնպես, ինչպես 17-ի թիմը:

-Աղջի ջան, հանկարծ ըսքանի մոտ մեր Լեննականի բարբառով չխոսաս, խայտառակ էղնինք:

-Հա, սուս, հենց հարց տան, իրանց պես կպասխանենք, Երևանի բարբառով՝ խոսում ա, ասում ա, գալիս ա, գնում ա:

-Պայմանավորվանք: Դե արի հմի իրար հետ պարապինք, որ չխառնվինք: Ես հարց կուդամ, դու էլ պատասխանե իրանց ձևով:

Հիշում եմ ամեն ինչ՝ հատ առ հատ ինչ խոսել և արել ենք այդ երանելի 4 օրերին: Իսկ գիտե՞ք՝ ինչ անհամբերությամբ էինք սպասում հաջորդ օրվան: Պլանավորում էինք՝ ինչ հագնել, ինչպես դահլիճ մտնել, ինչպես ողջունել, որպեսզի ուշադրություն գրավենք և մեզ էլ խմբի հետ ուղարկեն հեռու տեղեր կամ Գյումրու տեսարժան վայրեր ֆոտոներ անելու, որպեսզի մեզ էլ անհատական ֆոտոխցիկներ տան: Այդպես էր, մենք միշտ ապահովված էինք ֆոտոապարատներով: Սկզբում առանց հասկանալու՝ ինչ տեսնում էինք, նկարում էինք՝ քար, խոտ, մարդ, աղբ, պոկված լարեր, լքված շուն, սոխի կամ կարտոֆիլի կեղև, իսկ հետո, երբ հասկացանք, որ օրիգինալ, հետաքրքիր կադրեր է պետք նկարել, սկսեցինք էլ ավելի շատ պոկված լարեր նկարել, պոկված տերևներ, գետնին ընկած թղթեր, ծխախոտի տուփեր և նման մեր պատկերացմամբ շատ օրիգինալ և տարբերվող բաներ: Այո, 4-5 տարի առաջ ես և ընկերուհիս շատ օրիգինալ ֆանտազիա ունեինք, որով լցնում էինք 17․am-ի ֆոտոխցիկների հիշողությունը:

-Ա՜ն, արի հլը տես՝ ինչ եմ գտել նկարելու: Քնած շուն, արի նկարենք:

-Հա լավ կադր է, արի երկուսս էլ նկարենք:

-Արի էն մեծ քարն էլ նկարենք, Երևանում դժվար սպես մեծ քար էղնի:

Հիշում եմ նաև մեր ընդմիջումները, երբ միասին բրդուճներ, քաղցր գաթաներ էինք ուտում։ Ես և ընկերուհիս առաջին օրը ամաչում էինք ուտել, բայց հաջորդ օրվանից մեզ լիովին թիմի անդամ զգացինք:

Չեմ խաբում, հիմա, հենց այս պահին, երբ նյութս եմ շարադրում, կարոտով եմ հիշում այդ օրերը: Հիմա կկրկնվեմ շատերի նման: Չեմ լինի օրիգինալ ու կասեմ անհնարին մի արտահայտություն՝ երանի հետ գային այդ օրերը:

anna vardanyan

17-ից առաջ և հետո

Երկար էի մտածում, թե ինչի մասին գրել, ու հանկարծ կողքիցս ձայն լսեցի.

-Ինձ մոտ ոչինչ չի ստացվում, ես ոչ մի բան չեմ կարողանում անել…

Այս ամենը լսելուց հետո  որոշեցի գրել ինքնագնահատականի մասին: Ինքնագնահատական ասելով ես հասկանում եմ կարծիքը քո մասին: Ես կարծում եմ, որ եթե մարդ իրեն չգնահատի, ոչ ոք իրեն չի գնահատի: Առաջ ես էլ էի իմ մասին այդպիսի կարծիքի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվում:

Օրինակ, ես 17.am-ի մասին գիտեի տարիներ առաջ ու միշտ ուզում էի թղթակցել, բայց մտածում էի, որ իչեմ կարող… Հետո պատահաբար տեսա, որ դասընթաց է սկսվում` «Նոր դասընթաց նոր թղթակիցների համար», որոշեցի մասնակցել, ու ամառվանից հետո իմ կյանքը կարելի է ասել, բաժանվեց երկու փուլի` 17-ից առաջ և հետո: Անկեղծ, ինձ 17-ը շատ օգնեց: Օգնեց նրանով, որ հիմա կարողանում եմ իմ կարծիքը գրել ինձ հետաքրքրող իրադարձությունների, երևույթների և այլնի մասին:

Ուզում եմ ասել, որ մի թերագնահատեք ձեզ: Չեմ ասում ինքնասիրահարված ամբողջ օրը ման գալ,  բայց ամեն դեպքում կարելի է հավատալ սեփական ուժերին, փորձել, կրկին փորձել, ոչ թե բավարարվել եղածով կամ համոզված լինել, որ ամենալավն եք, ամեն ինչ ճիշտ եք անում, սովորելու կարիք չունեք:

Նաև չեմ հասկանում, երբ հրապարակային պաշտում են իրենց եսը: Ինձ թվում է այդ մարդիկ կարծում են, թե կողքինների աչքերը միշտ փակ են, և չեն նկատում լավ կամ վատ արարքը:

Պարզապես հարգենք ինքներս մեզ, դա եսասիրություն չի համարվի:

anushik mkrtchyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անուշիկ Մկրտչյան

Բարև։ Ես Անուշն եմ, ով արդեն երեք տարի թղթակցում է 17.am-ին։ Նույնիսկ օրն եմ հիշում (2016 թվական, մարտի 11-12)։ Կուզենայի ավելի շուտ ճանաչել 17-ին։ Ինչո՞ւ։ Ասեմ։ Ես միշտ ասել եմ, որ 17.am-ի շնորհիվ ես ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց մեծ մասը դարձել են ամենամոտն ու ամենահարազատները։ Ամենակարևորը, այն ինձ օգնել է ավելի լավ գրել, մտքերը ճիշտ շարադրել, չկաշկանդվել, խոսքը լսելի դարձնել։

17.am-ը, իրոք, բոլորիս առջև մեծ դռներ է բացել։ Այն մի ուրիշ աշխարհ է։ Գուցե այդ աշխարհի հրաշալիությունը լիարժեք միայն թղթակիցները հասկանան, բայց դա այդպես է։ Ես սիրում եմ այդ աշխարհը։ Չնայած այն բանին, որ վերջերս ուշ-ուշ եմ գրում, ինչի համար արժանանում եմ ավելի շատ մայրիկի նախատինքին, միևնույնն է, ես հաճույքով ու սիրով եմ պատմելու 17.am-ի, իմ հոդվածների, իմ ուրախ պահերի մասին։ Եղել են, չէ՞, դեպքեր, երբ ինչ-որ հետաքրքիր պատմություններ եք ունեցել, գուցե ուրախ, գուցե տխուր, ու ցանկացել եք կիսվել դրանցով, բայց չեք կարողացել։ Կամ ասենք՝ ցանկացել եք մի քանի մարդիկ այդ պատմությունները իմանան։ Կարծում եմ՝ եղել է։ Ես կիսվեմ իմ «փորձով»։ Ես երբեք ինձ հուզող, տանջող, ուրախացնող նորություններով չէի կիսվում, չէի խոսում, բայց չգիտես՝ ինչու, ուզում էի, որ բոլորը իմանան ու հասկանան։ Ու հենց այդ ժամանակ ես ծանոթանում եմ 17.am-ի անձնակազմի հետ։ Դե, արդեն պատկերացում կազմեցիք, թե ինչ ուրախություն էր դա։ Ես կիսվում էի, մյուսները՝ կարդում ու երբեմն հասկանում էին ինձ։ Ինձ համար «Մանանայից» ամեն անգամ տուն բերած ամսագրերը, ամեն անգամ նվեր ստացած նոթատետրերը մեծ բավականություն ու հաճույք են պատճառում, մանավանդ, որ ամսագրերի մեջ նկատում ես քո նյութերը, մի անբացատրելի պահ է, վստահ եմ՝ մյուս թղթակիցները կփաստեն։ Ամեն անգամ «Մանանայում» մի գավաթ թեյը ու քաղցրավենիքը մեծ ջերմություն են տալիս։ «Մանանայում» թղթակիցների հետ կատակներ անելը, խաղերը, զրուցելը, կինոդիտումը, խնջույքները ուրախալի ու կարևոր ակնթարթներ են։ Սոցկայքերդ ես թերթում ու տեսնում ես, որ քեզ, ենթադրենք՝ ֆեսյբուքը, հիշեցնում է մեկ տարի առաջ հրապարակած նկարը, ու դու նկատում ես, թե ոնց ես փոխվել մեկ տարվա ընթացքում։ Կարծում եք՝ 17.am-ում էդպես չի՞։ Ասեմ ավելին՝ շատ ավելի հետաքրքիր է կարդալ մեկ տարի առաջ գրված մտքերն ու նյութերը, քան նայել նկարները։ Նկարները նայում ես ու երբեմն ծիծաղում, իսկ էստեղ էդպես չի։ Դու կարդալով ես հասկանում, թե ինչքա՜ն ես մեծացել ու փոխվել։ Թե ոնց են քեզ մեծացրել ու փոխել դեպի լավը։ Ինչևէ։ Եթե դու՝ սիրելի՛ ընթերցող, ինձ մի օր հարցնես, թե ի՞նչ է ինձ տվել 17.am-ը, դու կստանաս շա՜տ երկար ու ծավալուն, մանրամասներով ու հետաքրքիր պատմություններով պատասխան ու ակամա կուզենաս գալ մեր ընտանիք, հա, հա, հենց ընտանիք, համոզված եմ։

Շնորհավորում եմ բոլորիս։

seda mkhitaryan

Մի քիչ ուշացած

Հենց նոր կարդացի Ինեսայի հոդվածը 17-ի հինգերորդ տարելիցի մասին ու…

Ուզում եմ պատմել մեր մասին, կլսե՞ս:

Մենք` ես ու 17-ը, ծանոթացանք չեմ հիշում` երբ։ Էդպես է, չէ՞, երբ մարդու հետ շատ ես մտերմանում, չես հիշում երբվանից ես ճանաչում նրան։ Մենք ծանոթացանք, ու ես մի քիչ փոխվեցի, մի քիչ ուրիշ աչքեր ձեռք բերեցի, մի քիչ ուրիշ մտքեր, մի քիչ շատ մարդու սկսեցի ճանաչել:

Գիտե՞ք, երբ ինչ-որ տեղ եմ գնում, միշտ մի ծանոթ մարդու հանդիպում եմ, որը 17-ցի է, այո, մենք ամենուր ենք։ Գուցե մի մասի համար սա կայք է, որտեղ մի քանի երիտասարդ պատմում են, թե ինչպես են ծանոթացել իրենց պապիկն ու տատիկը, մի մասի համար ուղղակի այդ երիտասարդների օրագիրն է, մյուսների համար սա կայք է, որտեղ բոլորը գովում են իրենց գյուղերը… Գուցե, բայց չէ…

Նախ` 17-ը միայն կայք չէ, սա մի ամբողջ ընտանիք է, մե՜ծ, շատ մեծ ընտանիք, երևի Հայաստանի ամենամեծ գերդաստանը։

Հետո` այո, 17-ի միջոցով այդ ընտանիքի անդամները պատմում են իրենց խնդիրների, վախերի, հիշողությունների, լսածների ու պատկերացրածի մասին, պատմում են, հիշեք, պատմում են շատերին, հանրությանը։ Դժվար է, գիտե՞ք, ուժ գտնել ու գրածներդ տալ հանրությանը, անել դա մի քիչ պրոֆեսիոնալ մակարդակում, ոչ թե ասենք` ֆեյսբուքյան ստատուս վիճակում։ Այո, 17-ն է այն տեղը, որտեղ երիտասարդները օգտվում են իրենց ազատ խոսքի իրավունքից, որտեղ տպագրվում է մեր մեծ ընտանիքի հիշողությունը, որտեղ մենք կռիվ ենք տալիս մեր խնդիրների բարձրաձայնման ու լուծման համար…

Պատկերացնո՞ւմ եք, չլիներ 17-ը: Պատկերացրի՞ք: Տխուր էր, չէ՞:

Դրա համար այն կա, որ մենք ժպտանք մեր հոդվածը տեսնելիս, տիկին Ռուզաննան ժպտա մեր նոր ուղարկած սիրուն պատմությունից, մաման ժպտա իր աղջկա հերթական նոր նյութը տեսնելիս, ու դուք ժպտաք, որ կարող եք ձեզ ու ձեր երեխայի համար ունենալ մի սիրուն, բարի կայք, որը կօգնի հեռու մնալ այսօրվա ագրեսիվ, գռեհիկ ու անորակ մեդիայից:

Դե ինչ, ժպտանք, չէ՞ որ 17-ը կա:

aniharutyunyanarm

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անի Հարությունյան

Գրադարակումս մի թղթապանակ կա, որ այդքան էլ հաճախ չի բացվում, բայց երբ բացվում է, մի աշխարհ հիշողություն` փոշու հատիկների հետ, տարածվում է օդում: Թղթապանակում 3 տարվա հիշողություններ են, որոնք դեռ շարունակում են համալրվել` ամեն անգամ նոր ամսագրով, նոր նոթատետրով ու ինչ-որ պատվոգրով: 17.am-ի, մեր 17-ի թղթապանակն է, որտեղ ամսագրերն են` ծալված էջերով, ծալված էջերի մեջ խելոք, հերթական անգամ բացվելուն ու կարդացվելուն սպասող իմ նյութերով: DSC_0203

-Երեխեք, մեր կայքը 5 տարեկան է, – գրել էր տիկին Ռուզանը: Նորից առիթ, որ բացեմ թղթապանակը, արդեն անգիր արած կազմերն ու թղթերը նայեմ, բայց ամեն անգամ առաջին անգամվա նման վերապրեմ գրկելու ու բաց չթողնելու զգացողությունները: Դատարկում եմ ամեն ինչ, ու թղթերի արանքից ընկնում է առաջին բեյջս, որ ստացել էի առաջին դասընթացների ժամանակ: Փռում եմ սեղանին ամսագրերը, գունավորում սենյակը ու սկսում կարդալ անգիր արած նյութերս: Առաջին տպագրվածն ու վերջինը հատկապես առանձնակի եմ կարդում, որովհետև դրանց համեմատությունը 17-ի հետ իմ` ավելի լավը դառնալու ամենալավ ապացույցն է: Չեք հավատա, բայց գտնում եմ 2016թ.-ի ամռանը Դիլիջանի մեդիա ճամբարի օրակարգը, սկսում եմ կարդալ ու հերթով հիշել ամեն հատվածի կարևոր իրադարձությունները` զվարճալի ու ջերմ, տեսնվելու ուրախ ու հրաժեշտի տխուր զգացողությունները: Օրակարգից հետո ճամբարի նոթատետրս է, ներսում` Սերոժի նկարած իմ դիմանկարը` գրիչով, արագ, առանց ուղղումների, բայց ամենաիսկական ու բնական: Հետո 17-ի առաջին մրցանակաբաշխության ամսագիրն է, ներսում ևս մեկ դիմանկար, որ նորից Սերոժն էր նվիրել` Դիլիջանից մեկ տարի անց, արդեն ավելի գեղեցիկ, պրոֆեսիոնալ, բայց նորից ամենաիսկական ու հարազատ: 

Երբ առաջին անգամ ծանոթացա 17-ին, իմ վառ երևակայությամբ անգամ չէի կարող մտածել, որ նրանց հետ հասնելու եմ Բեռլին: Այդ ժամանակ ինձ համար դեռ լավագույն արդյունքը գոնե դասընթացին մասնակցելուն ընտրվելն էր: Բայց թղթակցել սկսելուց 2 տարի 6 ամիս անց ես Բեռլինում էի: Թղթակցել սկսելուց 1 տարի 4 ամիս անց ես համալսարանում էի` լրագրության բաժնում, ու հենց առաջին օրվանից, երբ սկսեցին անդադար բոլոր առարկաներից նյութեր գրել հանձնարարել, դասեր բացատրել, ես նոր միայն լիարժեք ընկալեցի 17-ի ազդեցությունը լրագրողական իմ գիտելիքների վրա, որովհետև ես գրում էի ավելի համարձակ, գրում էի արդեն ձևավորված իմ ձեռագրով, գրում էի ինձ նման: 59286037_1676391332492988_7895505325892042752_n

Յուրաքանչյուրը, որ թեկուզ մի կարճ ժամանակ եղել է 17-ում, ինչ-որ մեծ փոփոխություն ունեցել է կյանքում, որովհետև 17-ը քո կյանքում թողնում է հիշողություններ ու գիտելիքներ, որոնք ամբողջ կյանքի համար են, 17-ը քեզ տալիս է ընկերներ, որ քո լավագույններն են դառնում: 17-ը քեզ տալիս է ջերմ միջավայր, որտեղ ամեն անգամ քեզ ժպիտով կընդունեն, կհասկանան, կօգնեն: 17-ը քեզ տալիս է ինքդ քեզ բացահայտելու ու արտահայտվելու հնարավորություն: 17-ը քեզ տալիս է սեր, որովհետև 17-ը տուն է, որտեղ ցուրտ օրերին մեզ ու մեր հետաքրքիր մտքերին միշտ մի բաժակ տաք թեյով սպասում են:

Գրկում եմ բոլորիդ:

valentina chilingaryn

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Վալենտինա Չիլինգարյան

17-ը փայտե տնակ է, որտեղ՝ մի վառարանի շուրջ հավաքված են ամենասիրառատ ու ամենաջերմ մարդիկ։ Էն օրը, երբ նյութս կայքում է դրվում, էդ օրը միշտ տոն ա։ Ամեն անգամ նույն երեխայական խանդավառությամբ ու թաքուն ցնծությամբ եմ դիմավորում նոր բալիկիս՝ նյութիս որպես բազմազավակ մայր։ Շատ տարօրինակ սիրով եմ կապված բոլոր նյութերիս հետ, ու երբ ինչ որ մեկը հարցնում է, թե ո՞րն է իմ ամենասիրելի նյութը, վարանում եմ պատասխանել, որովհետև դա նույնն է, երբ ասում են` երեխաներիցդ ու՞մ ես ամենաշատը սիրում։ Դե, իհարկե՝ բոլորին։ 17-ը էն միակ հարթակն է, որ զբաղված թե չզբաղված լինելիս, միշտ կապը չի կտրվում։ 17-ը միշտ օգնում է արտահայտել զգացմունքներս ու մտքերս, բողոքել ամեն ինչից, երևակայորեն ստեղծել ինչ որ մեկի, ֆիքսել ամենատարօինակ խոսակցություններն ու պահերը, գրել, աճել, զարգանալ։ Գրելը միշտ օգնում է հանգստանալ, կտրվել առօրյայից, լուծումներ փնտրել, մտովի մոռանալ բոլորի մասին կամ բոլորին գրողի ծոցը ուղարկել։

Թեկուզ անցնի 17 տարի, մեկ է՝ էլի թռվռալով գալու եմ, ու հերթով էդ բոլորից (որոնց նախորդ պարբերությունում գրողի ծոցն էի ուղարկել) հարցնեմ. «Իսկ նոր նյութս կարդացե՞լ եք»։

2 տարի առաջ էր, երբ փայլուն աչքերով տրանսպորտի մեջ տեսա առաջին նյութս։ Վեհաբար կարդում էի բոլորի մոտ, լսում շնորհավորանքներ, խրախուսական խոսքեր, խորհուրդներ։ Ա՜յ մարդ, էդ ոնց էի վեհացել, հասնել չէր լինում: 17-ը ամրապնդեց էն ձգտումս, որ պետք է կրթությունս շարունակեմ մեդիա ոլորտում։ Ես իմ նյութերի օրը 2 անգամ ավելի շատ եմ սիրում ընկերներիս, որովհետև էդ օրերին միշտ բարի են լինում ու մեծ ոգևորությամբ սպասում են նոր քննարկումների։ Ա՜յ, օրինակ Ռաֆոն։ Ինձ թվում է, եթե ես տանջվեմ, գիշեր ու զօր քրտնաջան աշխատեմ, աշխարհի ամենաթույն նյութերը գրեմ, մեկ է՝ ինքը միշտ կասի․ «Լավն էր նյութդ, բայց դե էն լուսնին չի հասնի, արա էն ի՜նչ լավն էր քո լուսինը»։ Մկոն ամեն նյութի ժամանակ ասում ա․ «Էնպես կուզեմ քեզ տեսնեմ որպես մեր Հանրային լրատվականի հաղորդավար, տեսնես էդ ժամանակ էլ լուրջ չես կարո՞ղ լինել»։ Դե Արթուրին գիտեք, անհավես սատկում է։ Էն ու՞ր, կարդալն ու՞ր։ Ի դեպ, բացահայտել եմ, որ սկսել է տառապել ցունդոկուով (հիվանդություն, ըստ որի մարդիկ գնում են գրքեր, շարում են դրանք իրար վրա և չեն կարդում ոչ մեկը): Իսկ Լիանան միշտ ինձնից առաջ կիսվում է նյութովս ֆեյսբուքի իր էջում։ Ես միշտ ուրախանում եմ, որ ծանոթներս, ընկերներս, բարեկամներս հիշում են նյութերս, ու երբեմն խոսքի մեջ կիրառում են ինձ` հիշեցնելով երեխաներիս մասին։ Ու ի վերջո, 17-ի միջոցով ես առաջին անգամ ստեղծեցի իմ սիրուն՝ Ջորջին, ում հետ մինչև կյանքի վերջը կապրեմ երջանիկ։ Ես հպարտանում եմ, որ 17-ի տաքուկ տան փոքրիկ բնակիչներից եմ, ու եթե 17-ը ուտելիք լիներ, այն կլիներ մեծ խոզի շաուրմա՝ ամեն ինչով ու կծուն շատ, իսկ եթե լիներ ըմպելիք, կլիներ թարմ բույրով տաք առավոտյան սուրճ։ Դժվարանում եմ հատուկ համեմատություններ փնտրել, որ արտահայտեմ սերս 17-ի նկատմամբ, ուղղակի պետք է ասել, ես ապրում ու մեծանում եմ 17-ում։ Ու էստեղ Ձախ Հարութի ՝ «Էլ չենք լինի 5 տարեկան, ա՜խ դեռ երեկ, տարիներն ուր անցան, փնտրում եմ քեզ հիմա իմ առաջին նյութի քնքշանք, լա՜, լա՜, լա՜…» երգը։

nelli khachatryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Նելլի Խաչատրյան

Հեչ եղե՞լ է, որ մտածեք` ի՞նչ կլիներ, եթե օրինակ մի 5 տարի առաջվա դուք թերթեիք օրինակ, այժմյան ձեր ֆեյսբուքյան էջը։ Եթե հասկանում եք, որ հաճելիորեն կզարմանար ձեր հին ես-ը , էդ պիտի որ լավ նշան լինի։

Կներեք, բայց պաթոսն է մեջս արթնանում։ Իմ 5 տարի առաջվա ես-ը էջս թերթելուց քիչ չի որ կզարմանար, մի հատ էլ երազանքների իրականացմանը կհավատար։ 5 տարի առաջվա ես 17.am-ից ավագ սերնդի`  «Խաբարբզիկի» էջերն էի թերթում, թաքուն ուզում հայտնվել դասընթացների ժամանակ արված լուսանկարներում, միջոցառումների մասնակցել, ուզում էի նյութս  հայտնվեր ամսագրում, նկարածս լուսանկարներն էլ` շապիկին։ Չեմ ասում էն մարդկանց մասին, որոնց չէի տեսել, բայց նյութերն անգիր էի արել, իրենց արդեն «լավ» ճանաչում էի ու նույնիսկ սոցկայքերում էի գտել։

Հիմա էդ մարդկանց մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մի քանի հոգու էդպես էլ չհանդիպեցի, բայց որ պատահաբար տեսնում եմ, ժպիտս չեմ կարողանում զսպել: Իհարկե, շատերին լավ էլ չեմ հիշում, բայց էդպես էլ չհանդիպած մարդկանցից Լորիկին ու Նորայրին եմ հիշում ու պատահաբար տեսնելուց մտածում. «Հա, հա, ես ձեզ գիտեմ։ Եթե չեմ սխալվում ու նյութերից ճիշտ եմ հիշում, Լաուրայի տատիկն էր իրեն Լորիկ ասում ու հետո էդպես էլ մնացել է»:

Ու ամեն ինչ էնպես դասավորվեց, որ դասընթացների մասնակցեցի, տպագրվեցի, նույնիսկ երկրից դուրս գնացի` Գերմանիա (էդ արդեն նախկին ինձ համար ֆանտաստիկայի ժանրից էր), մենակ նկարածս լուսանկարը չհայտնվեց շապիկին, բայց չեմ դժգոհում, իմ լուսանկարը հայտնվեց։

5 տարի առաջվա ես գնում էի կայքի շնորհանդեսին ու արդեն մտածում «Խաբարբզիկից» բացի էստեղ էլ եմ ուզում տպագրվել։

Պաթոսը միջիցս չի գնում, պիտի ասեմ, որ կյանքիս լավագույն հիշողությունները 17֊ի, «Խաբարբզիկի» ու «Մանանայի» հետ է կապված։ Ուզում եմ էս ամենը մենակ ինձ հետ չլինի։ Ուզում եմ 17.am֊ը էնքան ապրի, ինչքան նախկին ինձ նման երազող պատանիները։ Իսկ էդ պատանիները էնքան էն լինելու, ինչքան ապրի 17.am֊ը։ Զգո՞ւմ եք… Շրջան ստացվեց: Բարեբախտաբար շրջանը սկիզբ ու վերջ չունի:

mariam tonoyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Մարիամ Տոնոյան

Հաջողակ թիվ է 17-ը։ Այն հաջողակ է իմ և 17.am-ի մնացած թղթակիցների համար։ Հիմա, երբ կարծես հասկանում եմ, թե ինչ կարևոր դեր ունի իմ կյանքում 17.am-ը (որն իհարկե պարզապես կայք չէ, որտեղ հրապարակվում են երիտասարդների ակնարկներն ու հոդվածները), մի պահ ափսոսում եմ, որ իմ ապրած 17 տարիներից դեռ միայն երկուսն եմ նվիրել այս կայքին թղթակցելուն։ Ինչո՞ւ։

Մի պահ պատկերացրեք: Դուք հետաքրքրված եք, անտարբեր չեք ձեր շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ, ունեք քննադատական, վերլուծական մտածողություն, սիրում եք ստեղծագործել, զգում եք, որ ձեր առաքելությունը ոչ միայն կյանքը ապրելը, տեսնելն ու հասկանալն է, այլ նաև այն բարելավելը, ինչ-որ բան դեպի լավը շարժելը, այդ գործում շատերին ներգրավելն է՝ արածի, տեսածի մասին բարձրաձայնելով։ Ու հանկարծ ձեր կյանքում կախարդանքի պես մի բան է կատարվում: Ձեր մտքով անցած բոլոր պլանների համար պարարտ հող է առաջարկվում, որ ծաղկեցնեք, բազմացնեք, իրագործեք ու տարածեք ձեր մտահղացումները։ Դուք ամեն քայլափոխի սովորում եք մի նոր բան, ամեն սովորածը կիրառում եք գործնականում: Դուք ուզեք, թե չուզեք, դառնում եք ակտիվ քաղաքացիական հասարակության անդամ, աստիճանաբար ձեր կարծիքի հետ մարդիկ հաշվի են նստում, և ի վերջո դուք հասնում եք ձեր ուզած փոփոխությանը։ 

Մեկ այլ անբացատրելի զգացում է, երբ ձեր գրած հոդվածներին, ակնարկներին, առհասարակ ձեր մտքերին արձագանքում են ընթերցողները։ Ոմանք օգտակար քննադատությամբ են հանդես գալիս, ոմանք համաձայնում են ձեր կարծիքի հետ, ոմանք էլ ձեր իսկ տողերը բացատրում են ավելի խորությամբ, ավելի հետաքրքիր ենթատեքստով, քան դուք էիք գրելիս փորձել փոխանցել։ Գրելով դուք հասկանում եք ձեզ, գիտակցում, թե ինչ է ձեր ուզածը, ձեր մտածելակերպի եզրերն ընդլայնվում են, իսկ արտահայտվելու կոմպլեքսները՝ աստիճանաբար վերանում։

Դուք ունեք հնարավորություն կարդալու ձեր հասակակիցների նյութերը, մեդիա ճամբարների ժամանակ հանդիպել Հայաստանի բոլոր մարզերից շա՜տ խելացի մարդկանց հետ։ Գուցե անհավատալի թվա, բայց իրո՜ք, 17.am-ի թղթակիցները Հայաստանի ամենախելացի, ամենանպատակասլաց, ամենաբազմակողմանի զարգացած երիտասարդներն են, որոնցից միշտ կարելի է մի նոր բան սովորել, միշտ հպարտանալ նրանց ցանկացած ձեռքբերմամբ, և ինչն ամենահաճախ ուրախացնում է ինձ՝ հանդիպել 17-ի այն թղթակիցներին, որոնց միայն լուսանկարով եք տեսել, բայց լավ ծանոթ եք նրանց հոդվածներին ու արդեն մի ներքին կապվածություն եք զգում դեպի նրանք։ Փորձը ցույց է տվել, որ դա ամուր ընկերության սկիզբն է։

Բացելով 17.am կայքը, դուք տեսնում եք ֆոտոշարքեր, հոդվածներ, ֆիլմեր, թվում է, թե սովորական կայք է, ոչնչով այլ կայքերից չտարբերվող, բայց այդ ամենից անդին, կայքի վարագույրից այն կողմ 17.am-ը, «Մանանա» կենտրոնը իր անձնակազմով, իր թղթակիցներով մի մե՜ծ ընտանիք է։

Պատկերացրեցի՞ք։ Հաճելի է, չէ՞։ Իսկ այսօր մեր 17.am-ը 5 տարեկան է։ Շնորհավորանքներս բոլորիս։

anush davtyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անուշ Դավթյան

Մեր համալսարանում էինք, Հենրի Կյունիի անվան դահլիճում նստած՝ ուշադիր նայում էի Լիլիթի կես սպիտակ, կես սև մազերին, շատ էր դուրս գալիս։ Մեկ-մեկ հայացքս թեքում էի տիկին Ռուզանի վրա, որ ուշադրությունս տեղում պահեմ, լավ լսեմ՝ ինչ է ասում։ Ուզում էի բոլոր ասածները հիշեմ, որ մի օր էլ ես դիմեմ։

Տիկին Ռուզանն ասում էր, որ չսպասեմ նոր workshop-ի, ուղղակի դիմեմ, նյութ ուղարկեմ, ու եթե ստացվի, միանամ 17-ին։ Մենակ ինչ-որ բան անելու մտքից սարսափում էի։ Դրա համար մի քանի ամիս սպասեցի workshop-ին։

Վերջապես եկավ էդ օրը։ 2017 թիվն էր, որ միացա 17-ին, ու հենց նոր էս տողը գրելուց հասկացա 17-17 պահը։ Բայց որ հետ եմ նայում, միշտ ինքս ինձ ասում եմ՝ անցած ամառ եմ միացել։ Էդ անցած ամառը 2 տարի առաջ էր, բայց երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի մտածում, որ չեմ մերվում ընդհանուր մասսայի հետ, որովհետև բոլորը մի լավ բան անում էին (հետաքրքիր նյութեր գրում, սիրուն ֆոտոներ անում, ֆիլմերի մտքեր հղացնում), իսկ ես ուղղակի եկել նստել էի։ Ինչ հաճելի էր սխալվելը, ու ինչ հաճելի էր 17-ին միանալը։

Իմ 17-ը էն տեղն է, ուր ես պատմում եմ այն ամենը, ինչի մասին մտածում եմ, ինչն ինձ հուզում է, ինչից ուղղակի ուզում եմ խոսել, բայց զրուցակից չունեմ։

Իմ 17-ն էն տեղն է, որը ինձ սովորեցրել է հետևել մտքերիս, որովհետև ոնց պարզվեց, մաման կարդում է նյութերս՝ անկախ էն հանգամանքից՝ տարածել եմ դրանք իմ էջում, թե՝ չէ։

Իմ 17-ը էն տեղն է, որի մասին հպարտորեն նշում եմ ինքնակենսագրականիս մեջ, որովհետև սրանից ավելի լավ փորձ չէր կարող լինել էս տարիքում հարցազրույց վարելու, միտք ձևավորելու համար։

Իմ 17-ը էն տեղն է, որն ինձ տվել է անթիվ ծանոթներ ու ընկերներ ամբողջ Հայաստանով, ում «սթորիներից» իմանում եմ եղանակը բոլոր մարզերում և ում հետ ազատ ճանապարհորդում եմ դեպի նոր երկրներ։

Ես սիրում եմ իմ 17-ը, հուսամ, որ ինքն էլ՝ ինձ։

anahit baghshetsyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անահիտ Բաղշեցյան

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, հիմա գտնվում եմ տասնվեցերորդ ժամային գոտում`  17-ից մի հազար ժամային գոտի, մի 7000 մղոն ու մի ամբողջ օվկիանոս այն կողմ: Բայց ինչպես ասում են` անկեղծ սերը հեռավորությանը կարող է դիմակայել: Ու իրոք… Ես էս սերը զգացել եմ 17-ում առաջին նյութս հրապարակվելու ու 17 ոտք դնելու պահից սկսած, զգում եմ արդեն մեկ տարի ու 8 օր առանց մեկ վայրկյան ընդհատման: 

Եթե մտածում եք, թե 17-ը պատանի թղթակիցների հարթակ է, կշտապեմ հիասթափեցնել:  17-ը առաջին հերթին ընտանիք է ու ամուր տանիքով տուն: Ընտանիք, որտեղ հավաքվել են տարբեր հետաքրքրություններ, նախասիրություններ ու տարբեր ճակատագրեր ունեցող մարդիկ: Բայց այդ բոլոր տարբերություններով հանդերձ, նրանք բոլորն ունեն մի ընդհանուր գիծ` hենց ինքը` 17-ը: Էստեղ դու տարվա ցանկացած եղանակի ու օրվա ցանկացած ժամի կարող ես քեզ զգալ տանը, նույնիսկ եթե նստած ես Սայաթ-Նովա փողոցի կեղտոտ նստարանին: Կարող ես քեզ զգալ Հայաստանի գյուղերից մեկում, երբ ավտոբուսի մեջ նստած անթարթ հեռախոսի էկրանին նայելիս լինես: 17-ը մի մեծ աշխարհ է, որ տեղավորվել է Երևանի հին փողոցներից մեկում ու իրար կապել Հայաստանի բոլոր հավես պատանիներին:

17-ը իմ կյանքում առաջին հերթին հեղաշրջում է, որ ստիպել է ինձ դառնալ ավելի համարձակ, ավելի անկաշկանդ, ու ինչու չէ, ավելի ստեղծարար: Հեղաշրջում, որ ամուր թելերով ինձ կապել է տարբեր մարդկանց ու ու երևի թե չի էլ պատրաստվում կտրել դրանք երբևէ:

17-ը սիրո ու նորարարության հարթակ է, պատրաստ քեզ հուզելու, գրավելու ու զարմացնելու նույնիսկ մի 7000 մղոն ու մի ամբողջ օվկիանոս այն կողմ…