anush davtyan

Հինգ զգայարաններս

Հենց պարապ եք մնում, սկսեք ձեզ ուսումնասիրել։ Էնքան հետաքրքիր բաներ են ի հայտ գալիս, որ չեք էլ պատկերացնի։

Ես ենթադրում եմ, որ ամեն զգայարան իր առանձնահատկությունն ունի։ Ամեն զգայարան ունի իր նախասիրությունները։

Լսողությանս համար, օրինակ, թմբկաթաղանթի չափ անհրաժեշտ են երգերը։ Ինքնագլուխ կազմակերպած երաժշտական «քուիզերի» շնորհիվ զգացել եմ, որ ամբողջ օրը երգում եմ՝ մտքում կամ քթիս տակ։ Մի անգամ էլ, երբ էլի մտքում երգում էի ու դրան զուգահեռ հաց ուտում, հայրիկս ասաց. «Էդ երգո՞ւմ ես»։ Ես էլ ինձ չհասկացողի տեղ դրեցի ու ասացի՝ չէ։ Հետո պարզվեց, որ գլուխս շարժում էի տակտով։ Արդյունքում եկել եմ էն եզրակացությանը, որ ամեն մեկն էլ իր կյանքի «սաունդթրեքն» ունի։ Էն ֆոնի երգը, որ միշտ հետդ է, ոնց որ կինոներում է լինում։ Ու ամեն պահի, ամեն տրամադրության համար առանձին երգ կա։

Երգ կա, որ տրանսպորտում լսես, երգ կա, որ երեկոյան տուն գնալիս լսես փողոցում, երգ էլ կա, որ դրա տակ ատամներդ լվաս ու մի պահ դադար տաս, որ ողողում անես, հետո էլի շարունակես։ Երգեր կան, որ միայն բաղնիքում ես երգում, որովհետև այլ հավասար պայմաններում դրանք ազդում են նյարդերիդ։ Դե, եսիմ, քանի տարի առաջ ավելացրածներն են, որ ձեռքդ չի բռնում ջնջել։

Ամեն անգամ, որ պիտի մի բան գրեմ, երգ եմ միացնում, մի երկու րոպե երգում եմ հետը, հասկանում եմ, որ չէ, էդպես չեմ կարողանում կենտրոնանալ։ Անջատում եմ ու հետո անցնում գործի։ Ամեն անգամ։

Մի պահ էլ զգացի, որ իրականում ուղղակի բզիկներով մարդ եմ, ով ցանկացած սարքի ձայնը մենակ կլոր թվերի վրա է դնում, կամ եթե թիվ չի, այլ պատկեր (շրջանաձև կամ հեռախոսակապի անտենայի պես), պատկերի ուղիղ մեջտեղում։ Դե, սիմետրիա կա, հազար ու մի ուրիշ բան, որ պարտադիր են թվում լսողությանը։

Եթե հոտառությանն անդրադառնանք, ասեմ, որ մի անգամ փակ սենյակում էնքան նստեցի, օդը տաքացրի իմ արտաշունչով, որ արդեն բոված պիստակի հոտ էր գալիս։ Շատ հաճելի էր, իհարկե, բայց տարօրինակ։ Երևի ամեն մեկը տարբեր ձևով է ընկալում իր արտաշնչածը։

Երբ սենյակում եղբայրս օծանելիք է ցանում, ռեֆլեքսորեն կռանում եմ, աշխատում եմ մի բանով ծածկել գլուխս, որ եթե հանկարծ էլի որոշի իմ վրա ցանել, ինչպես տարիներ առաջ էր անում, պատրաստ լինեմ հարվածին։ Չեմ դիմանում էդ հոտին։ Չէ, էլի սիրում եմ, բայց ուրիշի վրա, ու էն աղջիկների չափ չէ, որ իրենց պապաների օծանելիքը տանում են, ու իրենք սկսում օգտագործել։ Չափի մեջ, էլի։

Համից բերեք չխոսենք, դեռ չեմ հասել դրան։

Ինչ վերաբերում է տեսողությանը, էդ իմ թույլ տեղն է։ Ոչ թե վատ եմ տեսնում, այլ վախենում եմ սկսել վատ տեսնել։ Ու դրանից ամեն անգամ ավելի շատ եմ լարում աչքերս, հենց վախը սրվում է։ Երևի հոգեբանական բան կա էս ամեն ինչի մեջ։ Օրինակ՝ երբ կարոտում ես մեկին կամ ուղղակի շատ ես մտածում մեկի մասին, ում վաղուց չես տեսել կամ սպասում ես, աչքերիդ առաջ հա ինքն է գալիս։ Մանավանդ օրվա մութ ժամերին, որ էլ նորմալ չես էլ տարբերում դեմքերը, ամեն հաջորդը քո սպասած մարդն է դառնում։ Կամ եթե չսպասես էլ, ուղղակի մտածես, մեկ է, աչքերիդ առաջ կգա, իր դեմքը մեկին կհագցնի ու քեզ կհամոզի, որ ինքն է, մինչև չթարթես ու նորից չնայես։ Ինքդ քեզ համոզում ես, որ ուզածդ մարդն է, որ հետո հետ համոզես, թե սխալ ես տեսել։

Մնաց շոշափելիքը, չէ՞։ Պարզ օրինակ. ձեռնոցներս էնպես եմ դնում, որ օդ չմնա մաշկիս ու ձեռնոցի արանքում։ Այսինքն՝ որ շատ-շատ կիպ նստի, հնարավորինս քիչ շարժվի ձեռքի վրա։ Կամ էլ պայուսակը դասավորելիս էնպես պիտի շարեմ ամեն ինչ, որ որևէ բան չցցվի, դրսից «բլուր» չառաջացնի պայուսակիս մակերեսին։ Ակնոցն էնպես եմ դնում, որ թարթիչներիս չկպչի, ականջօղերս էնպես եմ հագնում, որ ականջներիս վրա հավասար ճնշում գործադրեն։ Ու որ մի քիչ էլ պատմեմ, հաստատ ավելի տարօրինակ բաներ կասեմ։ Ձեզ պե՞տք է։

Հենց վեցերորդ զգայարանս հայտնաբերեմ, կամ կայծակը խփի ինձ, ու էդ ժամանակ ի հայտ գա, լրացում կգրեմ նյութիս։