Ճամբար «Երիտասարդ» Ոսկեհատում

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Այս ամռան շոգերը ցրելու ու ոմանց ձանձրալի-ձանձրացնող տրամադրությունները փոխելու համար Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին բակային ճամբար։ Երիտասարդների խումբը, որ ձևավորվել է նույն գյուղի բնակչուհի Մարինե Մխիթարյանի ջանքերով, կրում է «Երիտասարդ Ոսկեհատ» անունը։ Հենց նրանք էին ճամբարի ջոկատավարները, համակարգողներն ու անվտանգությունը ապահովողները։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ճամբարը մեկ շաբաթում միավորեց գյուղի 6-17 տարեկան մոտ 90 երեխաների։ Փոքրիկները սովորեցին երգ ու պար, նկարեցին ու խաղացին։ Եվ, որ ամենակարևորն է՝ ավելի լավ ճանաչեցին սեփական գյուղն ու իրար, գուցե գտան ավելին, քան գիտելիքն է։
Իրականում ծրագրի այսպիսի տարածումը անսպասելի էր բոլորի համար, թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների ու թե՛ կազմակերպիչների համար։
Գաղափարի մասին ավելի մանրամասն պատմում է Մարինեն։
- Ոսկեհատում ճամբար կազմակերպելու գաղափարը երևի չորս-հինգ տարվա պատմություն ունի։ Սկսվեց հենց այն ժամանակ, երբ ինքս սկսեցի մասնակցել տարբեր ծրագրերի ու ճամբարների։ Մտածում էի՝ ինչո՞ւ Ոսկեհատի երեխաները չպիտի ունենան նույն հնարավորությունը։ Իսկ ծրագիրն ավելի իրատեսական դարձավ երևի երկու տարի առաջ։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ծրագրի իրատեսական լինելուն սկզբում խանգարում էր անհրաժեշտ նյութերի, ռեսուրսների պակասը․ մարզական գույք, տեխնոլոգիական աշխատանքի պարագաներ և այլն։ Փորձում էի գտնել այլընտրանքներ։ Այս տարի հանգեցի այն մտքին, որ ամենաճիշտը համայնքապետարանին դիմելն է։ Ի սկզբանե ծրագրի գաղափարին ոչ ոք չէր հավատում։ Առաջին մարդը, ով կանգնեց կողքիս, իմ համայնքից չէր, այլ համայնքի դպրոցի ուսուցչուհի Կիմա Ստեփանյանը։ Հետո համաձայնություն, աջակցություն ստացա նաև դպրոցից, տնօրենից։ Դպրոցի տարածքում էլ անցկացրեցինք ճամբարը։ Համայնքապետարանի միջոցներով ձեռք բերվեցին անհրաժեշտ նյութերն, ու սկսեցինք աշխատել։

Իհարկե, ի սկզբանե ծրագիրը նախատեսել էինք 25-30 հոգու համար։ Սակայն այնքան մեծ եղավ ոգևորությունը, որ մասնակիցների թիվը հասավ 90-ի։

Ուզում եմ անպայման նշել գյուղի այն երիտասարդներին, ովքեր համախմբվեցին՝ միասին կազմակերպելու, իրականություն դարձնելու ծրագիրը։ Առանց նրանց այն հաստատ չէր իրականանա։

Ճամբարականները բաժանվել էին չորս տարիքային խմբի։ Նրանց հետ աշխատում էին «Երիտասարդ Ոսկեհատի» կամավորները։ Ամենափոքրիկները ճամբարական մեկ շաբաթում հասցրին սովորել գունեղ մանկական երգեր, նկարել ու պատրաստել ազգային մոտիվներով տիկնիկներ։ Նրանցից շատերի համար ճամբարը փոքրիկ փորձառություն էր դպրոցական առաջին սեպտեմբերից առաջ։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Մյուս տարիքային խմբերն էլ զբաղված էին ուսումնական խաղերով, երգ ու պարով։ Իսկ արդեն ավագները, որոնց ջոկատավարը Մարինեի նշած ուսուցչուհին էր, զբաղված էր գյուղի ու դպրոցի բարեկարգման նախագծերի վրա աշխատելով ու այն իրականացնելով։  Կիմայի խմբի հետ աշխատելը ամենաբարդերից էր։ Նրանց տարիքային առանձնահատկություններին էլ ուսուցչուհուց ավելի ոչ ոք ծանոթ չէր․

-Իրենց դեպքում միշտ ամեն ինչ սկսվում է  «մենք ոչինչ չենք կարող»-ից, բայց արդյունքը լինում է ավելի լավը, քան հնարավոր էր։

Ի դեպ, հենց նրանց ջանքերով դպրոցի մուտքն ու բակը ստացել են առավել գունեղ ու լուսավոր տեսք։

Ըստ Կիմայի, ճամբարը փոքրիկներին առաջին հերթին կտա համախմբված, միասնական լինելու ունակություն։

-Այն, որ բակում նրանք իրար էին բաժանում իրենց սիրելի կոնֆետները, արդեն ինչ-որ բան ասում է։