Ութ տարի առաջ էր այս հանդիպումը: Նրանք, ովքեր գալիս էին «Մանանա», հենց մուտքի մոտ իր փոքրիկ պարտեզում տեսնում էին պարոն Վարուժանին, որը բարեհամբույր ժպտալով, պարսկահայի իր առոգանությամբ ողջունում էր նրանց.
–Բարև ձեզի, բարև ձեզի… Ինչպե՞ս եք, լա՞վ եք…
Արդեն բարի ու լավ ընկերներ էինք դարձել, և մի օր էլ որոշեցինք հենց պարոն Վարուժանի հետ հանդիպում անցկացնել և հարցազրույց վարել: Հիմա պարոն Վարուժանը չկա, իր փոքրիկ պարտեզն էլ ամայացել ու այլևս չի ծաղկում: Ցավոք, չկա նաև այս հանդիպումը գրի առնող «Մանանայի» մեր լուսավոր սաներից մեկը՝ Սեդա Խուբլարյանը: Կյանքն անարդար է: Տարիներն անցնում են, ու այսօր հիշեցինք այս հանդիպումը:
Ճարտարապետ Վարուժան Ծառուկյան
Վարուժան Ծառուկյանը ծնվել է Թեհրանում, կյանքի մեծ մասն ապրել է Միացյալ Նահանգներում, իսկ վերջին տասը տարին ապրում է Հայաստանում: Ինչպես ինքն է ասում, արմատները կանչեցին: Նա ունի միաժամանակ երեք մասնագիտություն` ճարտարապետ, շինարար և նկարիչ: «Ճարտարապետները ստեղծագործող անհատներ են»,- ասում է պարոն Ծառուկյանը: Եվ իսկապես այդպես է: Նա ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում իր յուրաքանչյուր նախագծին: Եվ ընդհանրապես, ամեն ինչում էլ ստեղծագործում է, նույնիսկ իր և հարազատների համար ուտելիք պատրաստելիս, ինչը, ի դեպ, նա շատ է սիրում: Սիրում է նաև իր տան բակում ծաղիկներ աճեցնել:
–Ինչո՞ւ տեղափոխվեցիք ԱՄՆ:
-Ես ծնվել եմ Թեհրանում: Այնտեղ ֆրանսիական դպրոց եմ հաճախել: 18 տարեկանում որոշեցի մեկնել ԱՄՆ` ուսում ստանալու: ԱՄՆ-ում պետք է աշխատեի, որովհետև հայրս հնարավորություն չուներ ուսման համար վճարելու: Առաջին տարիներին աշխատեցի մատուցող և քանի որ գիտեի ֆրանսերեն, աշխատանքի անցա բարձր մակարդակի ռեստորանում: Դժվար է եղել, իհարկե, բայց հիմա, երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ կյանքիս ամենալավ ժամանակն էր: Կեսօրից մինչև ուշ գիշեր աշխատել եմ, հետո եկել եմ տուն, դաս եմ արել և առավոտյան նորից գնացել համալսարան: Երբ ավարտեցի համալսարանը, սկսեցի աշխատել ուրիշի համար, քանի որ դեռ կառավարական քննություն չէի հանձնել: Երկու տարի էլ դա տևեց, որից հետո ինքս իմ ձեռնարկությունը բացեցի, որը գտնվում էր Լոս Անջելեսում: Փաստորեն, 27 տարեկանից սկսեցի ինքնուրույն մասնագիտությամբս աշխատել: Հետո երկու տարի անց ամուսնացա: Չորս երեխա ունեմ: Աշխատանքում բախտս բերեց, որ մի ճանաչված դերասան իր տան համար նախագիծ պատվիրեց ինձ: Երբ նրա պատվերը կատարեցի, թերթերում գրեցին այդ մասին, որովհետև նա այդ տարի «Օսկարի» արժանացավ: Դրանից հետո աշխատանքս լավացավ:
–Իսկ ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Հայաստան:
-Տասը տարի առաջ հայրենիքս կանչեց, արմատներս կանչեցին: Ես, հավատացե՛ք, իմ կյանքում ամեն ինչ արել եմ՝ թե՛ ուսման առումով, թե՛ աշխատանքի առումով: Ես նյութապաշտ չեմ: Ինձ այլևս պետք չէր այն ամենը, որ մնալով ԱՄՆ-ում` կարող էի ստանալ: Ինձ համար կյանքն այստեղ ավելի հաճելի է, քան ԱՄՆ-ում: Այն ջերմությունը, որ կա այստեղ, չկա այնտեղ: Բոլոր ընկերներս, երբ ամռանը գալիս են Հայաստան, չեն ուզում հետ գնալ: 1992-97 թվականներին Ռուսաստանում գործարարությամբ զբաղվեցի: Երբ ԱՄՆ-ից գնում էի Ռուսաստան, հետո անպայման գալիս էի Հայաստան: Վատ ժամանակ էր, իհարկե, 1992 թվականն էր: Չկար էլեկտրականություն, ոչինչ չկար, բայց այդ ժամանակ ես սիրահարվեցի Հայաստանին: Ես ճանաչեցի և սիրեցի իմ հայրենիքը: 1997 թվականին ես որոշեցի դուրս գալ ԱՄՆ-ից: Իմ երկիրը դա չէր, հո կարմրամո՞րթ չեմ: Այդ ժամանակ արդեն երեխաներս մեծ էին: Եկա այստեղ: Հիմա երեխաներս երկու-երեք տարին մեկ ամռանը գալիս են ինձ այցելության: Աղջիկս ամեն տարի է գալիս: Այստեղ, իհարկե, աշխատում եմ, տներ եմ նորոգում: Բավականին շատ աշխատանքներ ունեմ: Ղարաբաղում` Շուշի քաղաքում, չորս-հինգ տարի առաջ հյուրանոց նախագծեցի:
–Այդ շենքը համապատասխանո՞ւմ է քաղաքի ոճին: Դուք դա հաշվի առե՞լ եք:
-Շենքը սկզբից կառուցվում էր որպես ՁԻԱՀ-ի բուժման կենտրոն` «Արմենիկումի» պատվերով: Սակայն շուտով պարզվեց, որ «Արմենիկումը» ամենևին էլ չի բուժում ՁԻԱՀ-ը, և նրանց շենքն այլևս հարկավոր չէր: Եվ ես այն կառուցեցի որպես հյուրանոց: Ինձ թվում է, շենքը քաղաքին ամենևին էլ խորթ չէ, լավ է ստացվել:
–Ձեր նախագծերում հայկական տարրեր մտցնո՞ւմ եք:
-Շատ չէ, բայց երբեմն անում եմ: Օրինակ` Շուշիի հյուրանոցը նախագծելիս օգտագործել եմ Ղարաբաղի խորհրդանիշ հանդիսացող տատիկ-պապիկին:
–Շենքը կառուցելիս միայն նախագիծը բավակա՞ն է, թե՞ Ձեր ներկայությունը պարտադիր է:
-Շենքի կառուցմանը վերաբերվող ամբողջ տեղեկությունը նախագծում արտացոլվում է` սեյսմակայունությունը, ճարտարապետական լուծումները, սանտեխնիկական հատվածը, էլեկտրականությունը, լույսը և, ընդհանրապես, այն ամենը, ինչ պետք է, կա: Եվ երբ շինարարները գալիս են, գծագրերը կարդալով` շենքը ծնվում է: Ես բացի ճարտարապետ լինելուց նաև շինարար եմ: Ունեմ նաև շինարարության դիպլոմ: Ես միշտ շատ եմ սիրել շինարարությունը: Այնպես որ, որպես կանոն, իմ գծագրած շինություններն ինքս էլ կառուցում եմ:
–Հայաստանը սեյսմիկ գոտի է. ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է այստեղ բարձրահարկեր կառուցելը:
-Եթե ճարտարապետը ցանկանում է բարձրահարկ շենք նախագծել, անկախ տեղից, ուրեմն պետք է սեյսմոլոգի օգնությանը դիմի: Այստեղ սխալներ շատ են անում: Այ, դա է վտանգավոր: Եթե ճիշտ նախագծես, բարձրահարկն էլ շատ դիմացկուն կարող է լինել:
–Ձեր նախագծերից ամենաշատը ո՞րն եք հավանում:
-Բնակարաններ են եղել, որոնք մեծագույն հաճույքով եմ նախագծել, որովհետև բնակարանի գծագիրը պատրաստելիս մտերմանում ես տիրոջ, նրա ընտանիքի հետ, ծանոթանում ես նրանց նախասիրություններին և յուրաքանչյուր բնակարանին շատ անհատական մոտեցում ես ցուցաբերում, աշխատում ես տանտերերին հոգեհարազատ բան անել: Դա շատ հետաքրքիր աշխատանք է:
–Ո՞ր ճարտարապետական կառույցն է, որ այնքան է Ձեզ դուր եկել, որ կուզեիք Դուք կառուցած լինել:
-Իմ աստվածը ճարտարապետության ոլորտում, այն մասնագետը, որի գործերը շատ եմ սիրում, Ֆրենկ Լլոյդ Ռայթն է: Նրա հայտնի աշխատանքներից մեկն է Ճապոնիայում «Իմպերիալ» հյուրանոցը: Դա մի շատ գեղեցիկ և յուրահատուկ կառույց է, որն ինձ շատ է դուր գալիս: Ռայթը համարում էր, որ ճարտարապետությունը փիլիսոփայություն է: Եվ իսկապես, այդպես է: Նրա մոտ գնում էին անվճար աշխատելու, որովհետև դա մեծ պատիվ էր և գիտելիք: Այդ մեծագույն ճարտարապետին հիմա էլ շատերն են նմանակում:
–Եթե Ձեր և հաճախորդի ճաշակը չհամընկնի, կաշխատե՞ք նրա համար:
-Այո՛, քանի որ վճարողը նա է, բայց ես կառաջարկեմ իմ հատակագիծը: Հետո կհարմարեցնեմ իր նախասիրություններին: Ես մի հաճախորդ եմ ունեցել, որի կինը ցանկացավ, որ տան արտաքին տեսքը ֆրանսիական ոճով լինի: Ես արեցի այնպես, ինչպես տանտիրուհին ցանկացավ: Եվ տարիներ անց այդ տանը նկարահանեցին մի հոլիվուդյան ֆիլմ, որի հետևանքով բավականին հայտնի դարձավ այդ տունը: Այն հաճախորդի պատվեր էր:
–Որտե՞ղ եք սովորել հայերենը:
-Պարսկաստանում միշտ հայերեն եմ խոսել տանը: Երբ ես գնում էի դպրոց, այնտեղ մեր ֆրանսերենի ուսուցչուհին, որը հայ էր, առաջարկեց դասերից հետո մնալ և հայերեն պարապել: Շաբաթը երկու անգամ դասերից հետո մնում էինք և սովորում հայերեն կարդալ-գրել: Դժբախտաբար, չնայած նրան, որ ԱՄՆ-ում երեխաներս 12 տարի հայկական դպրոց են գնացել, բայց, միևնույն է, ցանկանում են անգլերեն խոսել:
–Դժվար չէ՞ Հայաստանում մենակ ապրելը` առանց ընտանիքի:
-Ես իհարկե շատ եմ կարոտում երեխաներիս: Շաբաթական ամենաքիչը երկու անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ: Այսօր խոսել եմ տղայիս հետ: Երբ ամռանը գալիս են, կարոտս առնում եմ: Բայց հիմա ավելի շատ եմ կարոտում: Արդեն երեք տարի ԱՄՆ չեմ գնացել:
–Ձեր կարծիքով, կգա՞ մի ժամանակ, որ Ձեր երեխաներին էլ ձգի Հայաստանը:
-Շատ եմ ուզում, որ դա լինի: ԱՄՆ-ում ապրելը հիմա շատ դժվար է, և եթե աշխատանք գտնես, պետք է այն ձեռքիցդ բաց չթողնես: Իսկ աշխատանք գտնելը ֆինանսական ճգնաժամի պատճառով ուղղակի անհնարին է դարձել: Աղջիկս չափից շատ է ցանկանում այստեղ ապրել և եթե աշխատանք գտնի, անմիջապես կգա: Նա 1995 թվականին եկավ և անվճար աշխատեց մի ծրագրի համար, որի անունն էր «Հող և մշակույթ»: Սպիտակի մոտակայքում` Գոգարան գյուղում, մի եկեղեցու շինարարություն էին իրականացնում: Այնտեղ շատ դժվար աշխատանք էր տանում աղջիկս, քարեր էր կրում: Եվ այդ եկեղեցին կառուցվեց: Այդ տարի եկա, որ տեսնեի աղջկաս, որին բամբակի մեջ եմ մեծացրել ԱՄՆ-ում: Ընկել էր հողի վրա, լաց էր լինում, չէր ուզում Հայաստանից գնալ: Որդիս էլ մասնագիտությամբ ճարտարապետ է: Նա էլ է ցանկություն հայտնել Հայաստանում աշխատելու:
–Դո՞ւք եք Ձեր որդուն խորհուրդ տվել դառնալ ճարտարապետ:
-Ո՛չ, ես ասել եմ` մի՛ դարձիր ճարտարապետ: Ինձ շատ դժվար է եղել սովորելը: Ես օրերով տուն չեմ գնացել: Դպրոցում եմ քնել: Չէի ուզում, որ որդիս էլ այդքան դժվարություններ կրի: Ճարտարապետությունը նրա ընտրությունն էր:
–Ասացիք, որ ունեք երեք մասնագիտություն` ճարտարապետ, շինարար, նկարիչ: Արդյո՞ք ստացել եք նկարչական կրթություն:
-Ես 14 տարեկանում սկսեցի մատիտով նկարել: Մեր ճարտարապետության համալսարանի շենքին կից դասավանդում էին դիզայներություն և նկարչություն: Ես ընդունվեցի և սովորեցի: Այն ժամանակվա լավագույն նկարներիցս մեկը ցուցադրվեց թանգարանում: Ես զգացի, որ կար պահանջարկ, և սկսեցի վաճառել նկարներս: Հիմա նկարչությամբ հիմնականում ձմռանն եմ զբաղվում: Ձմեռ չեմ սիրում, տանից դուրս չեմ գալիս և, տանը նստած, զբաղվում եմ նկարչությամբ:
–Մարտիրոս Սարյանն ասել է. «Մարդու ստեղծագործությունը նրա հոգու արտացոլանքն է»: Երբ նայենք Ձեր նկարներին, կարո՞ղ ենք Ձեզ ճանաչել:
-Ես ուրախ մարդ եմ և գույն եմ սիրում… Այո՛, դա իսկապես այդպես է:

Հարցազրույցը գրի առավ Սեդա Խուբլարյանը, 13 տարեկան